The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 7 January 2026

Մուտք դեպի 2026 թվական

Տարեմուտի և Նոր տարվա ջերմ շնորհավորանք

31.12.2025

Տարեմուտի այս լուսավոր օրերին «Նիդերլանդական օրագիրը» սիրով ու երախտագիտությամբ շնորհավորում է ձեզ գալիք Նոր տարվա առթիվ։

Թող ավարտվող տարին իր հետ տանի բոլոր հոգսերն ու ծանր պահերը, իսկ Նոր տարին ձեր տները լցնի ջերմությամբ, հավատով և նոր երազանքներով։ Թող յուրաքանչյուր օրը սկսվի ժպիտով, իսկ յուրաքանչյուր քայլը՝ վստահությամբ ու բարությամբ։

Շնորհակալ ենք, որ մեր ընթերցողն եք, որ մեզ հետ կիսում եք ձեր ժամանակը, մտքերը և վստահությունը։ Ձեր ներկայությունն է մեր ամենամեծ ուժը։

Թող գալիք տարին լինի խաղաղ, առողջ և բարի՝ լի լուսավոր հանդիպումներով ու հաջողություններով։

Բարի Նոր տարի և երջանիկ տարեմուտ։

Ձեզ հետ՝ սիրով

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Նիդերլանդներ

Լուսանկար Anahit Aghabekyan-ի

Սուրբ Ծննդյան / Ամանորյա տրակտորների լուսավոր շքերթն է

Նիդերլանդներում (հատկապես գյուղական շրջաններում) ֆերմերները Նոր տարվա կամ Սուրբ Ծննդյան օրերին զարդարում են տրակտորները լույսերով ու դեկորներով և կազմակերպում երթեր։ Դրանք հայտնի են որպես

Kersttrekkertocht, trekkerlichtjestocht կամ պարզապես տրակտորների լուսավոր շքերթ։



«ՎԻԼՍՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հայության միասնության և արդար զարգացման հասարակական կազմակերպությունը, գրանցված լինելով Հայաստանի Հանրապետությունում, իր գործունեությունն սկսում է 2026 թվականից։
«Նիդերլանդական օրագրին» հասցեագրված իր ուղերձում կազմակերպությունը հայտարարում է․
Հարգարժա՛ն հայրենակիցներ՝ աշխարհի բոլոր ծագերում,
Նոր՝ 2026 թվականի շեմին մեր սրտերում նորից վերածնվում է հավատը համազգային միասնության, հայրենիքի վերաշինության և արդար ու արժանապատիվ ապագայի հանդեպ։
Թող գալիք տարին դառնա Սփյուռքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման, համահայկական ներուժի համախմբման, խաղաղության, առողջության և ստեղծարար աշխատանքի տարի՝ ի նպաստ մեր ժողովրդի հարատևության և պետականության զորացման։
Թող Նոր տարում իրականանան մեր համազգային իղձերը, մեր արդար սպասումներն ու սերունդներին փոխանցվող նվիրական երազանքները՝ միահյուսելով հայրենի հողն ու աշխարհասփյուռ հայությանը մեկ միասնական տեսլականի շուրջ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Խոնարհմամբ և սիրով՝
«ՎԻԼՍՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»
Հայության միասնության և արդար զարգացման
հասարակական կազմակերպություն

Թող որ բանտերը փակվեն

30.12.2025/Էդվին Մարտիրոսյան/նիդ.օրագիր

Հոլանդիան եվրոպական այն հազվագյուտ երկրներից է, որտեղ բանտային համակարգը տառապում է... դատարկ խցերից:

 Վերջին տասնամյակներում երկիրը փակել է տասնյակ բանտեր՝ հանցագործությունների կտրուկ նվազման, ավելի կարճ պատիժների և վերականգնողական ծրագրերի շնորհիվ:

2009 թվականից ի վեր Հոլանդիայում փակվել է շուրջ 27 բանտ, իսկ որոշ դեպքերում նախկին բանտերը վերածվել են հյուրանոցների, փախստականների կենտրոնների կամ կրթական հաստատությունների:

Հանցագործությունների մակարդակը վերջին տարիներում զգալիորեն ընկել է. օրինակ՝ բնակարանային գողությունները նվազել են 82%-ով, կողոպուտները՝ 83%-ով, իսկ ընդհանուր գրանցված հանցագործությունները՝ 46%-ով:


Ամստերդամում ամբողջությամբ այրվել է 150-ամյա Վոնդելկերք եկեղեցին
01.01.2026/Նիդ.օրագիր
Ամստերդամում Ամանորի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ամբողջությամբ այրվել է քաղաքի պատմական հուշարձաններից մեկը՝ մոտ 150-ամյա Վոնդելկերք (Vondelkerk) եկեղեցին։ Հրդեհը բռնկվել է կեսգիշերից կարճ ժամանակ անց և արագ տարածվել շենքի ողջ տարածքով։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են հրշեջ ծառայության բազմաթիվ ստորաբաժանումներ, սակայն կրակի ուժգնության և շենքի կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով եկեղեցին փրկել չի հաջողվել։ Արդյունքում փլուզվել են եկեղեցու տանիքն ու աշտարակը, իսկ շինությունը համարվում է ամբողջությամբ ոչնչացված։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ տուժածներ չկան։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրդեհի ընթացքում շրջակա բնակիչներին հորդորվել է փակել պատուհաններն ու դռները՝ խիտ ծխի և մոխրի տարածման պատճառով։
Վոնդելկերք եկեղեցին կառուցվել էր 1872 թվականին և երկար տարիներ ծառայել որպես կաթոլիկ եկեղեցի, իսկ վերջին տասնամյակներին օգտագործվում էր նաև մշակութային միջոցառումների և հանրային նախաձեռնությունների համար։ Այն համարվում էր Ամստերդամի ճարտարապետական և մշակութային արժեքավոր կառույցներից մեկը։
Հրդեհի պատճառները դեռևս պարզվում են։ Նախնական վարկածների համաձայն՝ դեպքը կարող է կապված լինել Ամանորի տոնակատարությունների ընթացքում օգտագործված հրավառությունների հետ, սակայն պաշտոնական եզրակացություն առայժմ չի հրապարակվել։
Դեպքը մեծ արձագանք է գտել Նիդերլանդների և միջազգային մամուլում՝ դիտարկվելով որպես Ամստերդամի մշակութային ժառանգության զգալի կորուստ։


Հեքիաթային ձմեռ



ՊԱՏԳԱՄ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Խաժակ Արք. Պարսամյանի ---------------- Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ ձեզ եւ մեզ մեծ ԱՒետիս։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր ի Քրիստոս, սիրելի հավատացյալներ Հայ Եկեղեցու, Այսօր Սուրբ Ծնունդի և Աստվածահայտնության մեծ տոնին մենք իրար ողջունում ենք այս ճշմարտությամբ, որ կարծես ընդամենը մի քանի բառ են, սակայն իրականում՝ ամբողջ Ավետարանը՝ մեկ նախադասության մեջ։ Սա է Ավետիսը՝ Բարի Լուրը։ Ինչո՞ւ է սա Բարի Լուր, ըստ Սուրբ Գրքի և մեր Եկեղեցու աղոթքների։ Ինչպէ՞ս է այս Բարի Լուրը պահել ու պահպանել մեր ժողովրդին դարերով։ Ինչպէ՞ս կարող է այն Բարի Լուր լինել մեզ համար՝ այսօր։ Տիրոջ Ծննդյան սրբազան գիշերը հրեշտակը այսպես ասաց հովիվներին․ «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը» (Ղուկ. 2․10–11)։ Հրեշտակի խոսքը սկսվում է հստակ կոչով՝ «Մի՛ վախեցեք»։ Աստված մարդկությանը չի հայտնվում ահեղ զորությամբ կամ դատաստանի սարսափով, այլ՝ խոնարհությամբ ու սիրով՝ որպես Մանուկ։ Նա Էմմանուելն է, այսինքն՝ Աստված մեզ հետ։
Եսայի մարգարեն ավետել էր․ «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ» (Ես. 7․14, Մատթ. 1․23)։
Մեծ Ավետիսն այն է, որ Աստված հեռավոր և սառնասիրտ դատավոր չէ։ Նա մոտենում է մեզ, մարդանում է, ծնվում է մսուրում, որպեսզի ոչ ոք չվախենա մոտենալ Նրան։ Հայ Եկեղեցին Սուրբ ծննդյան կանոնում երգում է․ «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»։ Բեթղեհեմի Մանկան միջոցով Աստված կիսում է մեր խոցելիությունը, մեզ պարգևելով ուրախություն, խաղաղություն և հավիտենական կյանք։ Հովհաննեսի Ավետարանը փառավորում է․«Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց» (Հովհ. 1․5), և հետո․«Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհ. 8․12)։ Մեզ բոլորիս ծանոթ է խավարը՝ մեղքը, վախը, խառնաշփոթը, ցավը, բաժանումը։ Քրիստոս ծնվեց հենց այդ խավարը ցրելու՝ լույս բերելու համար։ Չկա այնպիսի խավար, որ զորեղ լինի Նրա լույսից։ Այսօր Ջրօրհնեքի արարողությամբ, Հայ Եկեղեցին հիշատակում է Տիրոջ Մկրտությունը Հորդանան գետում և քարոզում է, որ ամբողջ արարչությունը սրբագործվում է, և մարդկությունը լուսավորվում։ Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունն արդեն իսկ ազդարարում են Խաչն ու Հարությունը․ Նա ծնվում է մեզ մաքրագործելու, մեզ նոր սկիզբ պարգևելու համար։ Սա է Մեծ Ավետիսը․ մեր կյանքը անցյալի գերին չէ։ Քրիստոսով հնարավոր են ներումը, վերանորոգումը և նորոգված սիրտը։ Ավելի քան 1700 տարի շարունակ և մինչ օրս, այս Ավետիսը ոյժ է տվել հայ ժողովրդին։ Երբ Ս․Գրիգոր Լուսավորիչը Ավետարանը քարոզել է Տրդատ Գ թագավորին և մեր ժողովրդին, նա ավետել է նույն ճշմարտությունը․ Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։ Այդ օրվանից Ս․Ծնունդն ու Աստվածահայտնությունը հանդիսացել են լույսի աղբյուր տարբեր արհավիրքների խավար ժամանականերում։ Արշավանքների, հալածանքների, նահատակության, 1915 թվականի Ցեղասպանության և աշխարհով մեկ մեր ժողովրդի ցրման ընթացքում մեր Եկեղեցին շարունակել է ներբողել․«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»։ Սիրելի՜ հավատավոր ժողովուրդ, թագավորություններ կարող են կործանվել, կարող է կորսվել հայրենիքը, բայց Քրիստոս հավերժ է, Նրա լույսը չի մարում, և Նրա սերը չի լքում Իր ժողովրդին։ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որպեսզի Աստծո Խոսքը ապրի մեր լեզվով։ Մեր Սուրբ Պատարագը, խաչքարերը, ողջ արվեստն ու մշակույթը տոգորված են այդ նույն ավետիսով․«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ Այսօր մենք՝ Հայ Եկեղեցու զավակներս, շարունակում ենք նույն կենդանի շղթան․ երբ ասում ենք՝ «Ձեզ և մեզ մեծ Ավետիս», միանում ենք մեր բոլոր նախնիներին՝ Երևանից մինչև Գուգարք, Մուսա Լեռից մինչև Սիբիր, մինչև Լոս Անջելես։ Այսօր ո՞րն է այն Բարի Լուրը մեզ համար։ Մեզանից շատերը ապրում են հայրենիքից հեռու՝ մտահոգված Հայաստանում կամ այլ վայրերում ապրող իրենց հարազատների համար։ Սրտերում կա կարոտ, անորոշություն, իսկ երբեմն նաև օտարության և միայնության զգացում։ Հրեշտակի պատգամն այսօր էլ ուղղված է մեզ բոլորիս․ «Մի՛ վախեցեք»։ Քրիստոս ծնվում է նաև այստեղ, որտեղ մենք ապրում ենք։ Նա Էմմանուելն է՝ Աստված մեզ հետ է՝ մեր տներում, մեր աշխատանքում, մեր ուսման մեջ, մեր լուռ արցունքների մեջ։ Այսօր Եկեղեցին մեզ հրավիրում է ոչ միայն տոնելու, այլ անձնապես ընդունելու այս Ավետիսը և այն վկայելու։ Թո՜ղ Սուրբ Ծննդյան Լույսը լուսավորի ձեզ, ձեր ընտանիքները, մեր սիրելի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և ամբողջ հայ ժողովրդին։ Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ Ավետիս։

Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ, եւ թող Աստված առաջնորդի մեզ։

Ինչո՞ւ է Քրիստոսը «ծնվում» երեք անգամ

Այս մասին այսօր շատ է խոսվում։ «Նիդերլանդական օրագիրը» էքսկուրս արեց պարզելով ձեզ համար հետաքրքիր իրողություններ։ Եվ այսպես` Հունվարի 6։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը։ Իսկ աշխարհը՝ մեծամասամբ, դա արդեն արել է դեկտեմբերի 25֊ին, կամ դեռ պատրաստվում է անել հիմա` հունվարի 6֊ին ու հունվարի 7-ին։ Առաջին հայացքից սա կարող է թվալ եկեղեցական մանրուք։ Իրականում՝ սա պատմություն է հիշողության, իշխանության և այն մասին, թե ինչպես է հավատքը ապրում ժամանակի ճնշման ներքո։ Սուրբ Ծնունդը քրիստոնեության կենտրոնական իրադարձություններից մեկն է։ Բայց դրա միասնական օրը երբեք չի դիմացել ժամանակի փորձությանը։ Այն միշտ եղել է ինքնության հարց։ Մինչ դեկտեմբերի 25-ը, կամ հունվարի 6-ը Քրիստոնեության առաջին դարերում Քրիստոսի ծնունդը «չուներ օր»՝ ժամանակի իմաստով։ Եկեղեցին հունվարի 6-ին նշում էր Հայտնությունը՝ մի տոն, որը միավորում էր Ծնունդը, Մկրտությունը և Քրիստոսի հայտնվելը աշխարհին` երեքը մեկում։ Խոսքը ոչ թե ամսաթվի մասին էր, այլ՝ իրադարձության։ Այսօր այդ հին օրն այլևս մոռացված է շատերի համար։ Բայց ոչ բոլորի։ Միակը Հայ Առաքելական Եկեղեցին է այն պահել ոչ որպես էկզոտիկ առանձնահատկություն, այլ որպես սկզբնական քրիստոնեական ընկալման շարունակություն։ Երբ հավատքը հանդիպեց կայսրությանը Դեկտեմբերի 25-ը Սուրբ Ծննդյան օր դարձավ այն պահին, երբ քրիստոնեությունը դուրս եկավ կատակոմբներից և մտավ կայսրության դահլիճներ։ Այդ օրը Հռոմում նշվում էր «Անպարտ Արևի ծնունդը»։ Եկեղեցին հին խորհրդանիշը փոխարինեց նորով։ Արևը դարձավ Քրիստոս։ Լույսը՝ փրկություն։ Սա պատմականորեն հասկանալի քայլ էր։ Բայց նաև շրջադարձային։ Սուրբ Ծնունդը բաժանվեց Հայտնությունից։ Տոնը ստացավ նոր օր, նոր շեշտադրումներ և նոր քաղաքական ենթատեքստ։ Հայ եկեղեցին ոչ թե ընդիմացել է, այլ պահպանել է նախկին կարգը Հայ Առաքելական Եկեղեցին այս փոփոխությանը չմիացավ։ Ոչ թե բողոքի ու առանձնանալու համար, այլ պարզապես չտեսավ դրա անհրաժեշտությունը։ Հունվարի 6-ը նրա համար մնաց այն օրը, երբ Աստված հայտնվեց աշխարհին՝ ամբողջությամբ, առանց բաժանման։ Այս որոշումը, որը այսօր շատերին կարող է թվալ «հնացած», իրականում մի բան է ասում ժամանակակից աշխարհի մասին․ երբեմն ամենահեղափոխական քայլը` փոփոխությանը չհետևելն է։ Հունվարի 7-ը՝ երբ թվերն են փոխվում, ոչ իմաստը Ռուս ուղղափառ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 7-ին։ Բայց այստեղ հարցը հավատքի մեջ չէ։ Պարզապես հուլյան օրացույցը 13 օրով հետ է մնում գրիգորյանից։ Տոնը նույնն է, ամսաթիվը՝ այլ կերպ հաշվարկված։ Մի տոն, երեք օր, մեկ իմաստ Այսպես Քրիստոսը «ծնվում» է երեք տարբեր օրերին։ Բայց իրականում՝ մեկ անգամ։ Տարբեր օրացույցները չեն փոխում բովանդակությունը։ Փոխվում են պատմական ուղիները, ոչ թե հավատքի հիմքը։ Սուրբ Ծնունդը շարունակում է մնալ ոչ թե օրացուցային վեճ, այլ հիշեցում այն մասին, որ հավատքը միշտ էլ ապրում է ժամանակի ու իշխանության հետ երկխոսության մեջ։ Եվ այդ երկխոսության մեջ ամեն եկեղեցի իր ընտրությունն է արել։

Հունվարի 7․ Մեռելոց - հիշատակի ավանդույթը հայ հոգևոր և մշակութային կյանքում

07.01.2026/Նիդ.օրագիր Հայ ժողովրդի պատմամշակութային և հոգևոր ժառանգության մեջ Մեռելոցը առանձնահատուկ տեղ ունի։ Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում այն նշվում է հունվարի 7-ին, անմիջապես հաջորդելով Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, և նվիրված է մահածացների հիշատակին։ Մեռելոցը ձևավորվել է վաղ քրիստոնեական շրջանում՝ որպես հիշատակի օր, որը միավորում է հավատը, ծեսը և ժողովրդական սովորույթները։ Քրիստոնեության ընդունումից հետո հայ ժողովուրդը մահվան հետ կապված իր հին պատկերացումները համադրել է նոր հավատքի հետ՝ ձևավորելով հիշատակի յուրահատուկ մշակույթ, որտեղ գերակշռում են աղոթքը, խոնարհումը և հարության հույսը։ Պատմական աղբյուրները վկայում են, որ դեռ միջնադարում Մեռելոցը նշվում էր եկեղեցական հատուկ կարգերով։ Այդ օրը եկեղեցիներում մատուցվում էր հոգեհանգստյան պատարագ, իսկ հավատացյալները հիշատակում էին իրենց նախնիներին՝ որպես ընտանիքի և ազգի շարունակականության խորհրդանիշ։ Հիշատակի այս ձևը նպաստել է սերնդեսերունդ հիշողության պահպանմանը, հատկապես այն ժամանակներում, երբ պատերազմներն ու բռնագաղթերը հաճախ ընդհատել են ընտանեկան կապերը։ Ժողովրդական մշակույթում Մեռելոցը կապված է նաև գերեզման այցելելու, խնկարկման, մոմավառության և հոգեհացի սովորության հետ։ Տարբեր շրջաններում ձևավորվել են տեղական ավանդույթներ, սակայն դրանց հիմքում միշտ եղել է բարեգործության գաղափարը․ սնունդը կամ նվիրատվությունը բաժանվում էր ի հիշատակ հանգուցյալի՝ հավատալով, որ բարին վերադառնում է աղոթքի տեսքով։ Մեռելոցի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն սգո օր չէ։ Հայ եկեղեցական և մշակութային ընկալմամբ մահը դիտվում է ոչ թե վերջ, այլ անցում։ Այդ պատճառով Մեռելոցը կրում է խաղաղ, զուսպ և խորհրդածական բնույթ՝ հիշեցնելով կյանքի անցողիկության և հիշողության արժեքի մասին։ Այսօր էլ Մեռելոցը շարունակում է մնալ ազգային ինքնության և հավաքական հիշողության մաս։ Այն մի օր է, երբ հայ ժողովուրդը ոչ միայն հիշում է իր ննջեցյալներին, այլ նաև վերաիմաստավորում է իր պատմական ուղին, արմատները և հոգևոր կապը անցյալի հետ։ Ողորմի տանք մեր հանգուցյալներին։

Հունվարի 7-ին Նիդերլանդներում ձյան առատ տեղումների և սառցակալման վտանգի պատճառով երկրի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է «նարնջագույն» մակարդակի եղանակային զգուշացում։ Ձյան շերտը որոշ շրջաններում հասել է 5–10 սանտիմետրի, ինչի հետևանքով ճանապարհներն ու ավտոմայրուղիները դարձել են սայթաքուն և վտանգավոր երթևեկության համար։ Լուրջ խափանումներ են գրանցվել տրանսպորտի ոլորտում․ Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանում չեղարկվել են հարյուրավոր չվերթներ, իսկ երկաթուղային հաղորդակցությունը գործում է կրճատված գրաֆիկով։ Մի շարք քաղաքներում բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել ոչ անհրաժեշտ ուղևորություններից և, հնարավորության դեպքում, աշխատել տանից։ Որոշ կրթական հաստատություններ ժամանակավորապես դադարեցրել են առկա դասապրոցեսը։ Պաշտոնական կառույցները շարունակում են հետևել իրավիճակին՝ կոչ անելով քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

Չնայած եղանակային դժվարությանը աշխատանքի է դուրս եկել մեր հայ վարորդը, ով այս պահին օգնում է հիվանդ ու ծեր մարդկանց ու դպրոցականներին: Շատ դպրոցներում բացակայությունները համարում են հարգելի:

Saturday, 3 January 2026

Մտորումներ Վենեսուելայի ճգնաժամի ֆոնին

 

(Նիդերլանդական օրագրի մեկնաբանություն)

Վենեսուելայում վերջին օրերի իրադարձությունները՝ Միացյալ Նահանգների կողմից իրականացված ռազմական հարվածներն ու նախագահ Նիկոլաս Մադուրոյի ճակատագրի շուրջ հակասական տեղեկությունները, միջազգային քաղաքական օրակարգում բացել են  նոր ու մտահոգիչ էջ։ Այն, ինչ առաջին հայացքից կարող էր դիտվել որպես Լատինական Ամերիկայի հերթական ճգնաժամ, այժմ ընկալվում է որպես միջազգային իրավունքի փորձաքար՝  մեծ տերության ուժի կիրառման սահմանների և պատասխանատվության համար։ Եվրոպայում, և մասնավորապես Նիդերլանդներում, արձագանքը զուսպ է, բայց խորապես մտահոգ։

Նիդերլանդական մամուլն ու քաղաքական շրջանակները խուսափում են հապճեպ դատողություններից։ Այստեղ գերակշռում է այն ընկալումը, որ խնդիրը չի կարելի սահմանափակել «բարու և չարի» պարզ հակադրությամբ։ Մի կողմից՝ Վենեսուելայի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունը նորություն չէ․ տարիներ շարունակ եվրոպական կառույցներն ու մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները մատնանշել են ժողովրդավարական գործընթացների խաթարումը, ընտրական մեխանիզմների արժեզրկումը և քաղաքացիական ազատությունների սահմանափակումը։ Մյուս կողմից՝ ռազմական միջամտության հարցի լուծման միակողմանի ճանապարհն էլ Նիդերլանդներում ընկալվում է որպես ուժի կիրառման վտանգավոր նախադեպ։

Հաագայի քաղաքական դիսկուրսում հաճախ շեշտվում է մի հիմնարար սկզբունք․ միջազգային իրավունքը չի կարող գործել ընտրովի։ Անկախ նրանից, թե որքան խնդրահարույց է տվյալ վարչակարգը, ինքնիշխան պետության տարածքում ռազմական գործողությունները, եթե չունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հստակ մանդատ, խարխլում են հենց այն իրավական հիմքերը, որոնց վրա կառուցված է հետպատերազմյան միջազգային կարգը։ Նիդերլանդների համար, որպես միջազգային իրավունքի կենտրոններից մեկի հյուրընկալող երկիր, այս հարցը ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական նշանակություն ունի։

Վերլուծաբանների շրջանում հաճախ է հնչում «Պանդորայի արկղ» փոխաբերությունը։ Մտահոգությունն այն է, որ Վենեսուելայում կիրառված ուժային սցենարը կարող է դառնալ հիմք այլ ճգնաժամերի համար՝ արդարացնելով միջամտությունները «անհրաժեշտության» կամ «անվտանգության» անվան տակ։ Նիդերլանդական մեկնաբանություններում սա ներկայացվում է ոչ թե որպես տեսական վտանգ, այլ որպես շատ իրական սպառնալիք՝ միջազգային հարաբերությունների արդեն իսկ փխրուն հավասարակշռության համար։

Միևնույն ժամանակ, քաղաքական շրջանակներում նկատելի է նաև գործնական զգուշավորություն։ Քանի որ Նիդերլանդների Կարիբյան տարածքները՝ Արուբան և Կյուրասաոն, աշխարհագրորեն մոտ են Վենեսուելային, անվտանգության հարցերը չեն ընկալվում զուտ հեռավոր։ Այդուհանդերձ, պաշտոնական դիրքորոշումը հստակ է․ Նիդերլանդները չեն ցանկանում որևէ կերպ ներգրավվել ռազմական էսկալացիայի մեջ և շեշտում են, որ իրենց տարածաշրջանային ներկայությունը պետք է ծառայի միայն վերահսկման, կայունության և միջազգային իրավական պարտավորությունների շրջանակում։

Նիդերլանդական օրագրի կարծիքը երկակի է, այո կա քննադատություն Վենեսուելայի իշխանությունների հասցեին,  սակայն և՛ կա խոր մտահոգություն գերտերությունների ընտրած ճանապարհի վերաբերյալ (ԱՄՆ֊ը Վենեսուելայի, Ռուսաստանը` Ուկրաինայի նկատմամբ)։ Եզրակացությունը հաճախ նույնն է․ ուժը կարող է փոխել իրավիճակը կարճաժամկետ հեռանկարում, բայց այն հազվադեպ է ստեղծում կայունություն, եթե չի ուղեկցվում իրավական լեգիտիմությամբ և քաղաքական լուծումների որոնմամբ։

Վենեսուելայի շուրջ զարգացող իրադարձությունները Նիդերլանդներում ևս ընկալվում են որպես հիշեցում, որ միջազգային կարգը մշտապես վերակառուցման կարիք ունի, սակայն այդ վերակառուցումը չի կարող իրականացվել ռմբակոծությունների և գերևարումների լեզվով։




Monday, 29 December 2025

ԵՊՀ-ում կայացավ ամանորյա կորպորատիվ միջոցառում


29.12.2025/Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ/Նիդ.օրագիր

Ամանորի նախաշեմին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ավանդական ամանորյա կորպորատիվ միջոցառումը, որը ամփոփում էր անցնող տարվա ուսումնական և ակադեմիական հաջողությունները։

Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի շնորհավորական խոսքով, որից հետո երեկոն շարունակվեց ֆուրշեթի սեղանների շուրջ։ Մասնակցում էին համալսարանի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և վարչական աշխատակիցները։

ԵՊՀ-ում կազմակերպվող ամանորյա հավաքույթները առանձնանում են իրենց ակադեմիական, միաժամանակ ջերմ ու մտավորական մթնոլորտով։ Այս տարի ևս կենդանի երաժշտությունը ստեղծում էր տոնական տրամադրություն, իսկ ներկաները ակտիվորեն քննարկում էին համալսարանի ձեռքբերումները և տարվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։

Հատկանշական էր, որ տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչները նույնիսկ ոչ պաշտոնական միջավայրում պահպանում էին ակադեմիական էթիկան։ Ազատ ու անկաշկանդ զրույցներն ուղեկցվում էին կարճ, բայց բովանդակալից կենացներով և ամանորյա անկեղծ շնորհավորանքներով։ Առջևում տոնական օրերն են, որոնց կհաջորդի քննաշրջանը։

Աննա Կնյազյան Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր և  Մարինա Յաղուբյան, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի պարտականությունների ժամանակավոր կատարող, բ.գ.թ.։

YSU Hosts New Year’s Corporate Event

On the eve of the New Year, Yerevan State University hosted its traditional New Year’s corporate event, summarizing the academic achievements and milestones of the past year.

The event opened with a congratulatory address by YSU Rector Hovhannes Hovhannisyan, after which the evening continued around the buffet tables. The gathering was attended by representatives of the university’s faculty members and administrative staff.

New Year events at YSU are known for their academic yet warm and intellectually engaging atmosphere. This year, live music once again set a festive tone, while participants actively discussed the university’s accomplishments and key events of the year.

It was noteworthy that representatives of different faculties maintained academic ethics even in an informal setting. Open and relaxed conversations were accompanied by brief but meaningful toasts and sincere New Year wishes. The festive season now gives way to the upcoming examination period.


Sunday, 28 December 2025

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը զրուցել է հանրային ռադիոյի թղթակցի հետ

 Երբ «Կյանք-աշխատանք բալանսը» դառնում է բանաձև․ հայ դեսպանի պատմությունը Հաագայից․ «Դիվանագիտական գործ»


Երբ խոսում ենք միջազգային անվտանգության մասին, հաճախ մտածում ենք սահմանների, բանակների կամ քաղաքական հակասությունների մասին։ Սակայն կան լուռ ու անտեսանելի սպառնալիքներ, որոնք նույնքան վտանգավոր են․ դրանցից մեկն էլ քիմիական զենքն է։

Վիկտոր Բիյագովը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչն է, նաև Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Նրա հետ խոսել ենք մանկության կոմպլեքեներից, թագավորական կառքերից և, իհարկե, անվտանգային մարտահրավերներից։

***

-Դա իմ մանկության կոմպլեքսն է։ Այդ ազգանունը միշտ տարբերվում էր իմ ընկերների ազգանունից, և երբ ինչ-որ տեղ էի գնում, ու հարցնում էին՝ տղա ջան, դու ինչյա՞ն ես, ես շատ երկար բացատրում էի, որ ես ինչ յան չեմ, այլ Բիյագով եմ, ու շատ էին զարմանում, մանավանդ այն տարիներին, երբ ոչ յանազգանունով մարդիկ շատ չկային։

Նիդերլանդերի Թագավարությունում ՀՀ արտակագ և լիզոր դեսպան Վիկտոր Բիյագովը իմ առաջին զրուցակիցն է, ում ազգանունը «յան»-ով չի ավարտվում։

***

-Դա  իմ  պապիկի ազգանունն է, ով Հայաստան է եկել Մարիուպոլից, բայց իմ պապիկը ազգությամբ հույն էր, և հենց Մարիուպոլում շատ մեծ հունական համայնք կար, ընդ որում՝ Մարիուպոլիսը հունական քաղաք էր, որը ստեղծել էին հույները։ Իմ պապիկը 30-ականներին տեղափոխվել էր Հայաստան և մնացել էր այստեղ։

1990-ականներին, ինչպես գիտենք, Հայաստանում, դիվանագետ դառնալը հազվադեպ էր հանդիպում որպես նախապես պլանավորված երազանք։ Անկախության առաջին տարիների անորոշ ու արագ փոփոխվող իրականության մեջ դա հաճախ դառնում էր իրադարձությունների անսպասելի ընթացքի արդյունք։

-Մանկության երազանք հաստատ չէր, որովհետև այն տարիներին նույնիսկ չէինք կարող երազել, որ կունենանք անկախ Հայաստան, որը կունենա իր դիվանագիտական ծառայությունը։ Ու մի քիչ պրագմատիկ լինելով՝ այդ երազանքի մասին ընդհանրապես չէինք էլ մտածում, ու չէինք կարծում, որ այդպսի բան հնարավոր կլինի։ 1994 թվականին գործի անցա ՀՀ արտգործնախարարությունում։ Ուղղակի այդպես ստացվեց, ոչ մի պլանավորած բան չկար։

***

Քիմիական զենքի անվտանգ ոչնչացման և արգելման նպատակով 1997 թվականից գործում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։ Այն միջազգային անվտանգության պահպանման կարևոր կառույցներից մեկն է, ինչի համար էլ 2013 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Կազմակերպությանն անդամակցում են ավելի քան 190 պետություն՝ նաև Հայաստանը՝ Վիկտոր Բիյագով մշտական ներկայացուցչով։

Ի՞նչն է այս կազմակերպությունում Վիկտոր Բիյագովին ամենաշատը զարմացրել։

-Ինձ համար շատ զարմանալի էր, բայց այն քիմիական նյութերը, որոնք  ոստիկանությունը կարող է օգտագործել, օրինակ՝ միտինգների ժամանակ, թույլատրելի չեն պատերազմի ժամանակ։ Ինձ մինչև հիմա դա մի քիչ անհեթեթ է թվում, բայց քանի որ դա սահմանված է  քիմիական զենքի կոնվենցիայով, ուստի ընդունում ենք։

Վիկտոր Բիյագովը և ՔԶԱԿ գլխավոր տնօրեն դեսպան Ֆերնանդո Արիասը

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը միջազգային անվտանգային ճարտարապետության մի կարևոր մասն է կազմում։ Դատելով նրա ունեցած հաջողություններից՝ գուցե մի օր այս կազմակերպությունը մասից դառնա հենասյուն։

-Ընդհանուր առմամբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը բավականին հաջողակ կազմակերպություն է՝ 190-ից ավելի երկրներով, որոնց նպատակն է քիմիական զենքի ոչնչացումը, ու փաստորեն 2023 թ․-ին ԱՄՆ պետքարտուղարը ազդարարեց քիմիական զենքի պաշարների ամբողջական ոչնչացման ավարտի մասին, ինչը նշանակում է, որ հայտարարված քիմիական զենք այլևս այս մոլորակում գոյություն չունի։

***

Թեպետ Վիկտոր Բիյագովի կենսագրությունը հարուստ է աշխարհագրական կանգառներով՝ Ռուսաստան, Գերմանիա, Ռումինիա, Բրյուսել, Նիդերլանդներ, բայց այս պատմության կենտրոնական կանգառը Հաագան է՝ Արդարդատության ու խաղաղության այս փոքրիկ քաղաքը։

1995 թվականին, որպես երիտասարդ դիվանագետ, Վիկտոր Բիյագովը մասնակցեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար նախատեսված դասընթացին Նիդերլանդների Քլինգենդալ միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ Հաագայում։

-Ես որոշեցի ինձ համար, որ պետք է անպայման մասնագիտական ուսում ստանամ, ընդ որում՝ հետաքրքիր է, որ առաջին դիվանագիտական ուսումը, որը Քլինգենդալի՝ երիտասարդ դիվանագետների համար դասընթացն էր, հենց Հաագայում էր՝ 1995-ին։ Դիվանագիտական առաջին կուրսերն էին, որոնք մեզ համար բավականին ինտենսիվ էին, սովորում էինք իրավունք, տնտեսագիտություն, դիվանագիտություն, բանակցային տեխնիկա, և դրանից հետո արդեն դիվանագիտական արվեստի ուսանումը ինձ սկսեց դուր գալ։

Եվ ինչպես ասում են՝ մեկ անգամ Հաագա, ընդմիշտ Հաագա։ 28 տարի անց Վիկտոր Բիյագովը վերադառնում է այստեղ՝ արդեն Նիդեռլանդների թագավորությունում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպանի կարգավիճակով՝ Հաագայում սովորածը Հայաստանի շահերին ծառայեցնելու համար։

-Ես Մոսկվայում էի ու ինձ ասացին, որ մյուս նշանակումը լինելու է Նիդեռլանդներ: Սկզբում դա ինձ անհավատալի կատակ թվաց, բայց շատ ուրախացա։ Եվ քանի որ մեր դասընթացն այն ժամանակ կազմակերպել էր Նիդեռլանդների կառավարությունը, և այն մինչ օրս էլ կա, ես իմ գործընկերներին ասել եմ՝ դա ձեր կառավարության ֆանտաստիկ ներդրումն է, որով դուք ծանոթացնում եք ձեր երկրին, շփում եք ստեղծում և այնպես եք անում, որ սիրեն ձեր երկիրը։

Հետագայում սակայն պարզվեց, որ Հաագան իրեն սիրելու այլ ձևեր ու առիթներ նույնպես կարողանում է ստեղծել։ Այդ առիթներց մեկն էլ դեսպանի հավատարմագրերի հանձման արարողություն էր՝ ֆիլմից դրավագներ հիշեցնող տեսարաններով։

-Նախ գալիս է երկու կառք՝ մեկը քեզ համար, մյուսը՝ անձնակազմի։ Առաջին կառքը մի քիչ ավելի շքեղ էր, երկրոդը թեպետ համեստ էր, բայց՝ թագավորական համեստ։ Առաջին կառքի մեջ նստեցի ես, երկրորդի մեջ՝ իմ գործընկերները, որոնք նույնպես շատ տպավորվել էին, ու գնացինք թագավորի մոտ։

Եվ այստեղ տեղի է ունենում մի բան, որը Նիդեռլանդների թագավորության պատմության մեջ նախկինում երբեք տեղի չէր ունեցել։ Պաշտոնական արարողության նվագախումբն ուշանում է, և հիմնը երգում են ոչ թե սկզբում, այլ՝ վերջում։

-Արարողակարգի տնօրենն ինձ ասում է՝ դու միակ դեսպանն ես, որին մեր նվագախումբը ողջունեց ոչ թե հանձնելուց առաջ, այլ արդեն քեզ որպես դեսպան ողջունեցին։

Հավատարմագրերի հանձնումը Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին տեղի ունեցավ թագավորական պալտում։ Զգացմունքային առումով հեշտ չէ բարձրացնել գլուխդ ու քո դիմաց տեսնել մի մարդու, որը սովորաբար թագով է ու իշխանական խորհրդանիշներ է կրում։

-Շատ լարված էի, դե կյանքում առաջին անգամ էի թագավոր տեսնում, ձեռք մեկնում, խոսում։ Հա, ի դեպ, ինձ ասել էին, որ՝ ձեռք չմեկնես թագավորին, բայց ինքը մեկնեց իր ձեռքը ու այդպես բարևեցինք իրար, տեղի ունեցավ հանձնման արարողությունը, հետո առանձնազրույց, որի ժամանակ նա այնպիսի խորքային հարցեր էր տալիս մեր երկրի ու պետության մասին, որ ես, ճիշտն ասած, զարմացած էի, ու շատ լավ զրույց էր։

Վան Գոգի՝ խիտ ու արևային դեղինով հայտնի Նիդեռլանդներից միայն պոստիմպրեսիոնիզ չէ, որ կարող ենք սովորել։ Այս երկիրը նաև բոլորիս հայտնի՝ կյանք-աշխատանք բալանսի ուղեցույց է։

Փիլիսոփայական առումով ինձ միշտ զարմացնում է իրենց՝ կյանք-աշխատանք բալանսը, այսինքն՝ նրանք երբեք իրենց կյանքը չեն զոհաբերում աշխատանքին և կամ հակառակը։ Ու սկզբից մեզ թվում էր՝ ինչպե՞ս կարող են իրենք այդպես աշխատել, բայց արի ու տես, որ աշխատելով այդ բալանսով, իրենք ստացել են այսպիսի երկիր։ Հավանաբար, դա է բանաձևը, որ չխախտելով բալանսը կյանքի և աշխատանքի՝ ստանում ես բավականին լուրջ արդյունք։

***

Ջրանցքների, հեծանիվների, փարթամ այգիների ու փոքր սրճարանների քաղաք լինելուց բացի, Հաագան նաև մի քաղաք է, որտեղ աշխարհն իր վեճերը փորձում է լուծել, ոչ թե ուժով, այլ  խոսքով ու օրենքով: Այդ առաքելությամբ գործում են Արդարադատության միջազգային դատարանը, Միջազգային քրեական դատարանը և Միջնորդ դատարանի մշտական պալատը։

Վերջին երկուսին մենք նոր ենք անդամակացել։ Միջազգային քրեական դատարանին Հայաստանը անդամակցեց 2023 թ․-ին, Միջազգային քրեականին՝ 2024-թ․-ին, իսկ արբիտրաժայինին՝ այս տարի, ընդ որում արբիտրաժայինը ամենահին միջազգային դատարանն է, ու ես շատ հպարտ եմ, որ իմ աշխատանքային գործունեության օրոք եղավ այդ երկու անդամակցությունը։

Վիկտոր Բիյագովն ու ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկին

Այս անդամակացության շնորհիվ Հայաստանը կարող է մասնակցել դիվանագիտական ճանապարհով չհարթված միջազգային վեճերի լուծմանը, առաջին ձեռքից տեղեկանալ միջազգային գործընթացներին և նոր դիվանագիտական կապեր կառուցել։ Պարզ ասած՝ դա մեզ ուժ ու հեղինակություն է տալիս՝ առանց մեծ ռեսուրսների։ Այն նաև հերթական առիթն է՝ հեղինակավոր արդարդատական հարթակից Հայաստանը ներկայացնելու համար։ 

Դա շատ պատասխանատու, նաև էմոցիոնալ առումով շատ լուրջ ազդեցություն է ունեցել ինձ վրա, երբ գրված է Հայաստան՝ «Արմենիա», այսինքն՝ դու քո դիմաց նախ տեսնում ես այդ ցուցանակը ու հետո մնացած ամեն ինչը, այսինքն՝ առաջնահերթ քեզ համար գալիս է քո երկիրը, ու դու զգում ես, որ դու այդ պահին ներկայացնում ես այն՝ ամբողջ համապատասխան պատասխանատվությամբ։ Կոնցենտրացնում ես քո բոլոր ուժերը, գիտելիքները, որպեսզի այդ պահին դու ներկայացնես քո պետությունը քո ուզած լավագույն կերպով։

Անի Պողոսյան
Հանրային ռադիո
24 Դեկտեմբերի, 2025

Հաղորդումը կարող եք լսել՝ https://shorturl.at/iejPx


Friday, 26 December 2025

Միասին ՀԿ/Miasin NGO«Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագրին մասնակցել են նաև Նիդերլանդներից

 

«Միասին» համահայկական հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 20-ին չորրորդ անգամ իրականացրեց իր ավանդական դարձած «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը՝ նպատակ ունենալով տոնական ուրախություն և ջերմություն փոխանցել Հայաստանում ապրող երեխաներին։

2025 թվականի միջոցառումն ուղղված էր սոցիալապես անապահով ընտանիքների, Արցախյան պատերազմում զոհված հայորդիների ընտանիքների և Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների երեխաների համար։ Այս տարի տոնական միջոցառումը կազմակերպվեց Արարատի մարզի Արարատ համայնքում՝ Արարատի համայնքապետարանի և Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոնի հետ արդյունավետ համագործակցությամբ։

Տոնական միջոցառումը, որի հանդիսավարն էր Համեստ Բեգլարյանը, մեկնարկեց երաժշտությամբ և պարերով՝ ստեղծելով ջերմ ու ուրախ մթնոլորտ։ Սկզբում ելույթ ունեցան «Lilit Dance Studio» պարային ստուդիայի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Գևորգյան), ապա հանդիսատեսին իրենց կատարումներով ուրախացրին երգիչ Արմեն Հովսեփյանը և Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի ու «Արևներ» անսամբլի սան Էլեն Մարտիրոսյանը։

Այնուհետև սկսվեց զվարճանքի հատվածը՝ «Գայլուկ»-ի մանկական շոու-ծրագրով, որը երեխաների համար դարձավ լիարժեք ուրախության ու խաղի պահ։ Միջոցառման ամենասպասված պահը Ձմեռ Պապի այցելությունն էր․ նա երեխաներին փոխանցեց տոնական շնորհավորանքներ և բաժանեց նվերներ, որոնք հատուկ պատրաստվել էին Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ երեխաների, կազմակերպությունների և անհատ բարեկամների կողմից։

Միջոցառման ընթացքում «Միասին» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ մաղթելով խաղաղություն, համերաշխություն և բարգավաճ նոր տարի։ Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց բարեգործական ծրագրին աջակցած բոլոր նվիրատուներին և գործընկերներին՝ ընդգծելով, որ նրանց մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ այս տոնական օրը կազմակերպել և երեխաներին պարգևել ժպիտ ու հույս։ Արդյունավետ համագործակցության համար Գևորգ Չիչյանը շնորհակալագրեր հանձնեց Արարատի համայնքապետարանի և Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոնի ներկայացուցիչներին։

2025 թվականի «Խաղաղ Ամանոր» ծրագրի աջակիցները եղել են «Միասին» ՀԿ-ի հայաստանյան և սփյուռքյան բազմաթիվ գործընկերներ՝ համահայկական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, կիրակնօրյա դպրոցներ, մշակութային խմբեր և անհատ բարեկամներ, ովքեր աջակցել են թե՛ նվիրատվություններով, թե՛ անձնական ներգրավվածությամբ։

Ծրագրին աջակցել են՝

🔹Թեհրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը

🔹Էջմիածնի «Վարդգես Համազասպյանի» անվան պետական քոլեջը

🔹ՀՕՄ-ի Նիդեռլանդների «Շուշի» մասնաճյուղը

🔹Մյունխենի «Անուշ» հայ-գերմանական պարի և մշակույթի կենտրոնը

🔹Դոնի-Ռոստովի «Հայաստանի փայլը» պարախումբը

🔹Դոնի-Ռոստովի Երեխաների և պատանիների մշակույթի զարգացման կենտրոնը

🔹Դոնի-Ռոստովի հայկական ազգային պարերի «Նաիրի» պարախումբը

🔹«Շտադա Արմենիա» դեղագործական ընկերության մի շարք աշխատակիցներ

🔹Տեր և Տիկին Սեպուհ և Շողիկ Բաղդոյանները (Ավստրիա)

🔹Դանիելյան ընտանիքը (Նիդերլանդներ)

🔹Հերմինե Ագարճալեանը (ԱՄՆ)

🔹Մանուշ և Մարո Հովհաննիսսյանները (Նիդերլանդներ)

🔹Փոլ Մանուկը (Իռլանդիա)

🔹«Արարատականներ» նախաձեռնությունը

Առանձնահատուկ երախտագիտություն է հայտվում նաև Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոնին՝ ջերմ և արդյունավետ համագործակցության համար։

«Միասին» ՀԿ-ն կարևորում է նման համախմբվածությունն ու վստահությունը՝ ընդգծելով, որ հենց միասնական ջանքերով է հնարավոր իրականացնել մարդասիրական ծրագրեր և ամրապնդել համահայկական համերաշխությունը։









Եկեղեցական լուրեր

Մայր Աթոռում տեղի ունեցած դեկտեմբերի 18-ի իրադարձությունների շուրջ

Մի խումբը բացականչում էր «հեռացիր», մյուսը՝ «վեհափառ»

18.12.2025/Նիդ.օրագիր/

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր  լարվածություն էր՝ կապված Հայաստանի Առաքելական Եկեղեցու ներսում ընթացող տարաձայնությունների և կազմակերպական գործընթացների հետ:

 Հավաքված էր  քաղաքացիների հոծ բազմություն: Նրանց մի մասը աջակցություն ցուցաբերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մյուս մասը՝ պահանջում էր նրա հրաժարականը։ Հավաքի ընթացքում տեղի ունեցավ ժամերգություն, որի ընթացքում կաթողիկոսը կոչ արեց հավատացյալներին և հոգևորականներին պահպանել կանոնական կարգն ու խաղաղությունը։  Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բադալյանի առողջական վիճակը վատացավ. նրան շտապ հոսպիտալացրին ստենտավորման համար։ Նմանատիպ խնդիր նկատվեց նաև լրագրողներից մեկի մոտ, ով տեղափոխվեց հիվանդանոց։

Զուգահեռ Հավաքի ընթացքում կաթողիկոսի դեմ բողոքարկող 10 եպիսկոպոսները ներկայացրեցին Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով նամակ։ Ոստիկանությունը նշեց, որ հավաքի ընթացքում առկա են եղել ոչ համազգեստային անձինք, որոնք փորձել են վերահսկել իրավիճակը, սակայն միջադեպերը կանխվեցին։

Այսօր Մայր Աթոռում նաև քննարկվեցին Գերագույն հոգևոր խորհրդի կազմի փոփոխությունները, որոնք կատարվել էին որոշ անդամների առողջական խնդիրների, բացակայության և ազատազրկված լինելու հանգամանքների պատճառով։ Հրաժարականը պահանջող եպիսկոպոսները դեմ արտահայտվեցին այդ փոփոխություններին՝ համարելով դրանք անօրինական։

Վարչապետի գրառումները և քաղաքական շրջանակների մեկնաբանությունները ևս ընդգծեցին, որ այս իրադարձությունները հետևանք են եկեղեցու ներսում և հասարակությունում ձևավորված խորը տարաձայնությունների՝ հոգևոր, կազմակերպական և քաղաքական շերտերով։

Իրավիճակը կաթողիկոսի շուրջ մնաց էլ ավելի անորոշ:


Անտվերպենում բացվել է նոր հայ համայնքի հոգևոր կենտրոն՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցի


17.12.2025/Nid.oragir Դեկտեմբերի 9-ը պատմական օր դարձավ Անտվերպենի հայ համայնքի կյանքում։ Համայնքը ստացավ նոր հոգևոր կենտրոն՝ նախկին Կաթոլիկ Սուրբ Հովսեփ եկեղեցու շենքը, որը ստացել է նոր անուն՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի», Հղում անելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությանը այդ մասին հայտնում է ORER Armenian European Magazine ամսագիրը: Անտվերպենի ու Մեխելենի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տիրայր վարդապետ Հակոբյանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ, համայնքը համախմբեց իր ջանքերը՝ ձեռք բերելով այս կարևոր հոգևոր և մշակութային կենտրոնը։ Համայնքի հավատացյալների նվիրատվություններն ու ծխական խորհրդի անձնվեր ծառայությունը հնարավորություն տվեցին, որ եկեղեցին դառնա համայնքի սեփականություն և ծառայի որպես հոգևոր, մշակութային և կրթական կենտրոն՝ պահպանելու հայկական ինքնությունը և բարոյահոգևոր արժեքները։ Համայնքի ղեկավարներն ու հոգևոր հայրերը ընդգծում են, որ նոր եկեղեցին կդառնա ոչ միայն աղոթքի և հոգևոր զարգացման վայր, այլև համայնքի միասնության և համագործակցության խորհրդանիշ։ Համայնքը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր նվիրատուներին և աջակիցներին՝ իրենց նվիրվածության և աջակցության համար։ Այս ձեռքբերումը վկայում է հայ ժողովրդի համախմբվածության, ինքնագիտակցության և հավատքի ուժի մասին։



Նռան օրհնության արարողություն Նիդերլանդների հայկական եկեղեցիներում

Անցած կիրակի օրը Նիդերլանդների հայկական եկեղեցիներում, Սուրբ Պատարագից հետո, տեղի ունեցավ նռան օրհնության ավանդական արարողությունը։ Այն կատարվեց աղոթքի, հավատքի և միասնականության մթնոլորտում։
Նռան օրհնությունը խորհրդանշում է կյանքի, պտղաբերության և Աստծո առատ օրհնությունը։ Հավատացյալները օրհնված նռները տարան իրենց տները՝ որպես օրհնություն ընտանիքների և տոնական սեղանների համար։
Արարողությունները ևս մեկ անգամ ընդգծեցին Նիդերլանդների հայ համայնքների համախմբվածությունն ու եկեղեցական ավանդույթների պահպանման կարևորությունը։