The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 15 May 2026

Պատմություն կարոտի և հիշողության մասին. Հովհաննեսի Մամիկոնի Մինասյան (Հանս Քոստեր)

Օրերս կյանքին հրաժեշտ տվեց  ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՄԻԿՈՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԸ (Հանս Կոստեր), ով էր նա

 Հովհաննես Մինասյանը՝ Հանս Կոստերը, հայ ռազմագերու որդի էր, որը ողջ կյանքում ապրեց իր հոր հիշողությամբ, հայկական արմատների որոնումով և ինքնության պահպանման պայքարով։ Նա ծնվել էր Նիդերլանդներում՝ հայ գերի Մամիկոն Սաֆարի Մինասյանի և հոլանդուհի Կատերինայի սիրուց, բայց մեծացել էր առանց հոր, որը պատերազմից հետո վերադարձվել էր Սովետական Միություն և աքսորվել Սիբիր։

Տասնամյակներ շարունակ Հովհաննեսը որոնում էր հորը՝ հոդվածներ հրապարակելով տարբեր լեզուներով, կապ հաստատելով պատերազմի մասնակիցների և հայերի հետ, մինչև վերջապես գտավ իր հայրական տունը Հայաստանում։ Ցավոք, այդ պահին նրա հայրը՝ Մամիկոն Սաֆարի Մինասյանը, արդեն կենդանի չէր, սակայն նա գտավ այն, ինչ ամբողջ կյանքում փնտրում էր՝ ընտանեկան ջերմությունն ու հայրենի արմատները։ Հայաստանում նա ծանոթացավ հորեղբոր՝ Աղասի Սաֆարի Մինասյանի ընտանիքի անդամներին և մինչև կյանքի վերջ նրանց հետ պահպանեց ջերմ ու հարազատ հարաբերություններ։

Հովհաննես Մինասյանը դարձավ կամուրջ երկու հայրենիքների միջև՝ հոլանդացի ծնունդով, բայց հոգով ու սրտով հայ մարդ, ով մինչև կյանքի վերջ հավատարիմ մնաց իր արմատներին, հիշողությանը և պատմությանը։

Հայ ռազմագերու որդին՝ Հովհաննես Մինասյանը (Հանս Կոստերը), իր մահկանացուն կնքեց 2026 թվականի ապրիլի 26-ի երեկոյան։ Նրա հուղարկավորությանը մասնակցած հորեղբոր աղջիկը՝ Մարինե Մինասյանը, ինքնաթիռում գրում է իր ընտանիքի և Հովհաննես Մինասյանի կյանքի այս հուզիչ պատմությունը, որը ներկայացվում է ընթերցողներին։

------------


Մարինե Մինասյանը (Հովհաննեսի հորեղբոր աղջիկն է)։ Ծնվել է Երևանում 1967-ին, հաճախել Երեւանի 119 ֆրանսիական թեքումով դպրոցը, ավարտել Երեվանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1989-1996 աշխատել Երեվանի Էլեկտրոապարատների գործարանում։ Տեղափոխվել ԱՄՆ 1996-ին։ Ներկայումս աշխատում եմ Լոս Անջելեսի շրջանի առողջապահության դեպարտամենտում՝ որպես հաշվապահ։

Մարինե Մինասյանի պատմությունը

Այսօր ուզում եմ պատմել մի կյանքի, մի մարդու մասին, որը ծնվել էր հեռավոր մի գյուղում՝ Հյուսիսային ծովի ափերին։ Սակայն այդ մասին կիմանաք վերջում։

Հիմա ներկայացնեմ հորեղբորս՝ Մամիկոն Սաֆարի Մինասյանին, ծնված 1915 թվականին՝ ցեղասպանությունից փրկված ընտանիքում։ Մեծացել է Երևանում, ավարտել Թումանյանի անվան դպրոցը և աշխատել ՀայԷլեկտրո գործարանում։ 1941-ին զորակոչվել է և մեկնել ռազմաճակատ, ծառայել 406-րդ դիվիզիայում։ 1942-ին գերի է ընկել Կերչում և տեղափոխվել Հոլանդիա։ Հազարավոր այլ գերիների հետ տեղավորվել է հոլանդական մի գյուղում, որտեղ աշխատել և ապրել է։

Այստեղ Կատերինա անունով մի հոլանդուհի գերեց Մամիկոնի սիրտը։ Ժամանակի ընթացքում երիտասարդ տղան վայելում էր համագյուղացիների հարգանքը։ Բայց 1944-ի օգոստոսին դիվիզիան տեղափոխվում է Անգլիա՝ հենց այն ժամանակ, երբ Մամիկոնն ու Կատերինան ապրում էին միասին և սպասում էին իրենց առաջնեկին։


1945-1947 թվականներին 1,5 միլիոն գերիներ վերադարձվեցին Սովետական Միություն, որտեղ դատապարտվեցին և աքսորվեցին։ Աքսորի դաժան ու ծանր տարիներին Մամիկոնը չկոտրվեց և չկորցրեց հայրենիք վերադառնալու հույսը։ 1955-ին գերիները վերջապես ազատ արձակվեցին։ Թեկուզ վատառողջ ու ցրտահարված ձեռքերով՝ նա վերադարձավ Հայաստան, հայրական տուն, միացավ ծնողներին, քույրերին ու կրտսեր եղբորը։

Նա յուրահատուկ մարդ էր՝ սիրված հարազատների, ընկերների ու հարևանների կողմից։ Հարգանք էր վայելում ամենուր։ Հետաքրքիր զրուցակից էր, խոսում էր հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն ու ֆրանսերեն լեզուներով։ Ապրում էր հրապարակին մոտ գտնվող իր փոքրիկ բնակարանում և հաճախ էր մեզ այցելում։ Պատահում էր, որ դպրոցից տուն գնալիս հանդիպում էինք նրան և զրուցելով՝ միասին էինք հասնում տուն։ Հիշում եմ նրան՝ հանդարտ ու հպարտ քայլերով, երկար վերարկուով, ցրտահարված ձեռքը միշտ գրպանում։ Պատմում էր հիասքանչ պատմություններ և սիրում էր հարցնել մեր դասերի մասին։ Մենք դեռ դպրոցական էինք, բայց աղոտ հիշում եմ մեծերի խոսակցությունները՝ որ նա շարունակում էր փնտրել իր կնոջն ու երեխային։ Հաճախ հանդիպում էր արտասահմանից եկած մարդկանց հետ, այցելում պատերազմի մասնակիցներին, որոնք հավաքվում էին որոշակի այգում։

1978 թվականին Մամիկոն Սաֆարի Մինասյանը մահացավ սրտի կաթվածից՝ հեռանալով այս աշխարհից առանց կողքին ունենալու սիրելի կնոջն ու զավակներին, իր հետ տանելով մի չբացահայտված, մութ սիրո պատմություն։

Բայց այսօր իմ պատմությունը հորեղբորս մասին չէ։

Հիմա խոսքս հորս՝ Աղասի Սաֆարի Մինասյանի մասին է, ծնված 1934 թվականին։ Նա ևս մեծացել էր Երևանում, ավարտել Թումանյանի դպրոցը, ստացել բարձրագույն կրթություն և միշտ աշխատել։ Շատ էր սիրում կարդալ։ Ուներ մեծ գրադարան, բաժանորդագրվում էր թերթերի ու ամսագրերի, հաճախ լրացնում էր պակասը կրպակներից գնելով։ Գործից տուն էր վերադառնում թերթ կարդալով, փողոցով անցնում էր թերթը ձեռքին, հաց էր ուտում՝ գիրքը կողքին։

Բայց պատմությունս հորս մասին էլ չէ, այլ մի դիպվածի, որ ամեն բան կապում է իրար։

1990 թվականին «Հայրենիքի Ձայն» թերթում հայտնվեց հոդված՝ «Օգնեցեք խնդրում եմ գտնել հորս» վերնագրով, Հովհաննես Մամիկոնի Քոսթերի կողմից։ Անհավատալի էր…

Հաջորդ առավոտ հայրս շտապեց թերթի խմբագրություն՝ հոդվածի աղբյուրներն ու տվյալները պարզելու։ Այդտեղ ծանոթացանք Սաթիկ անունով լրագրողուհու և նրա հոլանդացի ամուսնու հետ, ով քորֆբոլի մարզիչ էր և Հայաստան բերեց այդ սպորտաձևը։ Հենց նրանց միջոցով կապ հաստատեցինք հոդվածի հեղինակի հետ։

Հովհաննես Մամիկոնի Քոսթեր… Ահա նա, ում մասին ուզում եմ պատմել այսօր։ Նա, ում մասին գրել էի պատմության առաջին տողում։ Նա՝ ով ծնվել էր 1944 թվականի նոյեմբերի 2-ին հոլանդական փոքրիկ գյուղում՝ Հյուսիսային ծովի ափերին։ Նա՝ ով ծնվել էր հորեղբորս՝ Մամիկոնի և Կատերինայի մեծ սիրուց, բայց մեծացել էր առանց նրա։ Հորեղբայրս, որ այդպես էլ չտեսավ իր զավակին, ով այդ ժամանակ արդեն 46 տարեկան էր։

Մամիկոն` Հովհաննեսի Մինասյան (Հանս Քոստերի) հայրը

Կատերինա Դը Սմիթ` Հովհաննես Մինասյանի (Հանս Քոստերի) մայրը

Այդ թերթը դարձավ մեծ իրադարձություն մեր ընտանիքի կյանքում։ Ամբողջ բարեկամությունը, ընկերությունը, հարևանությունը ցնցված էր և անհամբեր սպասում էր ամեն մի նորության։ Մեկ տարի շարունակ հեռախոսային խոսակցություններից հետո՝ 1991-ի մի գեղեցիկ ամառային օր, նա իջավ Երևանի Զվարթնոց օդանավակայան։ Դիմավորում էինք բոլորս՝ ազգովի։

Հովհաննես Մինասյանը (Հանս Քոստեր) Հայաստանում հարազատների շրջապատում:

Չեմ մոռանա այդ պահը։ Չգիտեմ ինչպես հայտնվեցի ինքնաթիռի սանդուխքներին, երբ վերևում երևաց Հովհաննեսը… Հետագա օրերը նկարագրել չեմ կարող։ Հեռու-մոտիկ բոլորը գալիս էին նրան տեսնելու, գրկելու, ծանոթանալու և շնորհավորելու։

Հովհաննես Մամիկոնի Քոսթերը ծնվել, մեծացել ու ապրում էր նույն գյուղում, նույն տանը, որտեղ ապրել էին մայրը, հայրը և մոր ծնողները։ Փոքր տարիքից իմացել էր հոր մասին, միշտ սպասել էր նրան։ Պատանի հասակում վերցրել էր խորթ հոր ազգանունը, բայց չկարողանալով հարմարվել՝ հեռացել էր տնից և նավաստի դարձել բեռնատար նավերում։ Տարիներ անց, ծանոթանալով ապագա կնոջը՝ Նելլիկային, որոշել էր շարունակել ուսումը և լավ աշխատանք գտնել։ Ավարտելուց հետո ընդունվել էր Միդելբուրգի Դելտա քոլեջը և 42 տարի դասավանդել գերմաներեն։

Հովհաննեսը կնոջ` Նելիկայի հետ 1971թ

Նա կրթված, զարգացած և խելացի մարդ էր։ Խոսում էր հոլանդերեն, գերմաներեն և ֆրանսերեն։ Սիրում էր սպորտը՝ ֆուտբոլ էր խաղում, չմշկասահքով զբաղվում։ Լավ ամուսին էր և նվիրված հայր երկու որդիների համար։

Հասուն տարիքում սկսեց որոնել հորը՝ հոդվածներ տպագրելով տարբեր լեզուներով, փնտրելով պատերազմի մասնակիցների, հանդիպելով հայ հայրեր ունեցողների հետ։ Հաճախ էր այցելում Դեն Հագի Աբովյան ակումբ։ 1988-ի երկրաշարժից հետո, երբ Հայաստանում հայտնվեցին օտարերկրյա լրագրողներ, նա որոշեց ևս մեկ անգամ փորձել և հոդվածը հրապարակվեց «Հայրենիքի Ձայն»-ում։

1991-ից հետո նա ևս երկու անգամ եկավ Հայաստան՝ հայրական տուն, հոր գերեզման։ Ինքնուրույն սովորեց ռուսերեն և հայերեն։ Առաջին այցից հետո հայերեն գրքեր ու այբենարան էր տանում։ Սիրում էր կարդալ և ինքնակրթվել։ Վերջին տարիներին ընկերոջ հետ հոլանդերեն-հայերեն խոսակցական բառարան կազմեցին և տպագրեցին։

Մարինե Մինասյանը, Հովհաննես Մինասյանի և կնոջ Նելիկայի հետ  80-ամյակին

Մեր վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2024 թվականին՝ նրա 80-ամյակին։

Իսկ այսօր ես այստեղ եմ՝ նրան վերջին հրաժեշտը տալու համար։

Հովհաննես Մամիկոնի Մինասյանը մահացավ ապրիլի 26-ի երեկոյան՝ հիվանդանոցում, աորտայի անևրիզմից։

Ահա և վերջ պատմությանս։

Շատ եմ ցավում և ափսոսում… Բայց միաժամանակ պատիվ եմ համարում կանգնել եղբորս ընտանիքի կողքին այս դժվարին պահին։

Քեզ միշտ կարոտելու ենք, Հովհաննես… Հավերժ կմնաս մեր հիշողություններում և սրտերում։ Հանգչիր խաղաղությամբ։

Մարինե Մինասյան


---------------------------------------------------------------------------------

Մարինեն Հովհաննեսի հետ հերթական հանդիպման ժամանակ

Հովհաննեսը Հարգանքի տուրք է մատուցում Նիդերլանդներում ֆաշիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակին (աջից 2-րդը)

Նիդերլանդերեն-հայերեն խոսակցական բառարան




ԹԵՄԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ

https://niderlandakan.livejournal.com/123692.html

Այդ տարիների պատմական իրողությունները

Երկրորդ համաշխարհային պատերազմը հայ ժողովրդին դրեց ծանր փորձության առաջ։ Մոտ 500.000 հայեր կռվեցին Խորհրդային բանակի կազմում՝ նացիզմի դեմ, սակայն հազարավոր գերևարված հայեր ստիպված հայտնվեցին գերմանական զորամասերում։ Այդ ողբերգական պատմություններից մեկը կապված է 812-րդ հայկական գումարտակի (Armenische Legion) հետ, որը տեղակայված էր Նիդերլանդների Զելանդ (Zeeland) նահանգում։

Հայկական լեգեոնի ձևավորումը

1942–1943 թվականներին գերմանացիները Խորհրդային բանակից գերեվարված հայերից կազմավորեցին մի քանի գումարտակներ, որոնց ընդհանուր անունը դարձավ Հայկական լեգեոն։ Այս ստորաբաժանումների պաշտոնական ղեկավարն ու ներկայացուցիչը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը (Դրո)։

812-րդ ինժեներաշինարարական գումարտակը ձևավորվել է 1943 թվականի փետրվարին Լեհաստանում և մարտին տեղափոխվել Նիդերլանդներ՝ Ատլանտյան պատի պաշտպանության համար։ Հիտլերի անվստահության պատճառով հայկական գումարտակները չուղարկվեցին Արևելյան ճակատ, այլ պահվեցին Արևմտյան Եվրոպայում։ Գումարտակը հիմնականում տեղակայված էր Զելանդի կղզիներում՝ Միդելհարնիս (Middelhar nis), Բերգեն օպ Զում և հարակից շրջաններում։

Կապերը դիմադրության հետ և տեղացիների հետ հարաբերությունները

Գերմանական համազգեստով հայ զինվորները շուտով կապեր հաստատեցին տեղի դիմադրության շարժման հետ։ Նրանք օգնեցին հոլանդացի դիմադրողներին, թաքցրեցին հրեաներ և խաթարեցին գերմանական գործողությունները։ Տեղացիները, հատկապես երիտասարդ աղջիկները, բարեկամաբար էին վերաբերվում հայերին։

Որոշ հայ զինվորներ սիրահարվեցին հոլանդուհիներին, ամուսնացան կամ երեխաներ ունեցան։ Այսպես Զելանդում ծնվեց «հայ-հոլանդական» սերունդը, որի ողբերգական ճակատագրի մասին պատմում է 2011 թվականի հոլանդական ռադիոդոկումենտավորման շարքը՝ «Zeeland girls in Armenian arms» («Զելանդի աղջիկները հայկական գրկում»)։

Ապստամբությունը և գնդակահարումը

1944 թվականի դեկտեմբերի 8-ին Միդելհարնիսում հայ զինվորները փորձեցին ապստամբություն կազմակերպել և անցնել դաշնակիցների կողմը։ Գերմանացիները բացահայտեցին ծրագիրը և դեկտեմբերի 9-ին գնդակահարեցին յոթ հայ զինվորների։ Այսօր Միդելհարնիսում կա հուշարձան այդ հերոսների հիշատակին։ Նրանց մարմինները հետպատերազմյան տարիներին տեղափոխվել են Լոյսդենի խորհրդային զինվորների գերեզմանոց։

Պատերազմից հետո՝ Սիբիրի ճամբարներ

Պատերազմի ավարտից հետո ողջ մնացած հայ զինվորները ստիպված վերադարձան ԽՍՀՄ։ Ստալինի հրամանով նրանց դատապարտեցին «դավաճանության» համար և ուղարկեցին Սիբիրի ճամբարներ։ Շատերը այնտեղ մահացան։ Զելանդում ծնված երեխաները մեծացան առանց հայրերի՝ միայն մայրերի հուշերից իմանալով իրենց հայկական արմատների մասին։ Տարիներ անց նրանցից ոմանք (օրինակ՝ Հանս Կոստերը) սկսեցին որոնել իրենց հայրերին Հայաստանում։

Պատմության դասը

Այս ողբերգությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատերազմը փոքր ազգերին դնում անմարդկային ընտրության առաջ։ Մի կողմից՝ հայերը զանգվածաբար պայքարեցին ֆաշիզմի դեմ, մյուս կողմից՝ գերևարվածները ստիպված էին գոյատևել գերմանական համազգեստով։ Զելանդում շատ հայեր օգնեցին հոլանդացի դիմադրողներին և փրկեցին մարդկային կյանքեր։

Հոլանդական արխիվները, հուշարձանները և ռադիոդոկումենտավորման նյութերը մինչ օրս պահպանում են այս պատմության հիշողությունը։ Այն ոչ միայն ողբերգություն է, այլև մարդկային կապերի, սիրո և դիմադրության պատմություն ամենամութ ժամանակներում։

Նյութերը հավաքեց ու պատրաստեց` Hay Azian-ը




No comments:

Post a Comment