Մայիսի 26-ին, ամենամյա ուսումնական այցի շրջանակներում, Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա ունկնդիրներին։
Այցի կարևոր կանգառներից էր Բելգիայի Ներկայացուցիչների պալատը, որտեղ ապագա դիվանագետներին ընդունել է պալատի նախագահ Պետեր դը Ռուվերը։ Ողջունելով հյուրերին՝ նա անդրադարձել է հայ-բելգիական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ընթացքին և երկու երկրների համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին։ Պետեր դը Ռուվերը նաև կիսվել է վերջերս Հայաստան կատարած իր այցի տպավորություններով՝ ընդգծելով երկրի զարգացման դինամիկան և դրա կարևորությունը տարածաշրջանային գործընթացների համատեքստում։ Հանդիպման ընթացքում նա պատասխանել է ունկնդիրների հարցերին՝ ներկայացնելով նաև Բելգիայի օրենսդիր մարմնի գործունեության առանձնահատկությունները։
Ուսումնական այցի շրջանակներում դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն առանձնազրույց են ունեցել Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանի հետ։ Դեսպանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթ ուղղությունները, համագործակցության զարգացման հեռանկարներն ու նոր հնարավորությունները՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի նշանակությունը։ Նա նաև անդրադարձել է Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին՝ շեշտադրելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման կարևորությունը։
Այցն ավարտվել է դեսպանությունում կազմակերպված հյուրասիրությամբ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը, ինչպես նաև կիսվելու այցից ստացած տպավորություններով։
Ուսումնական այցը նպաստել է ապագա դիվանագետների մասնագիտական գիտելիքների հարստացմանը և նրանց անմիջական ծանոթությանը Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության առաջնահերթություններին։
Հիշեցնենք, որ այցի մասին տեղեկությունը հրապարակվել է Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջում։



No comments:
Post a Comment