Ցավալի լուր ստացանք․ կյանքին հրաժեշտ է տվել Հովհաննես Մինասյանը՝ Հանս Կոստերը, հայ ռազմագերու զավակը, ով ամբողջ կյանքում ապրեց իր հոր հիշողությամբ, իր արմատների որոնումով ու հայկական ինքնության պահպանմամբ։
Հովհաննես Մինասյանը ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 2-ին Նիդերլանդներում՝ Զելանդիա նահանգի Կամպերլանդ գյուղում։ Նրա հայրը՝ Մամիկոն Սաֆարի Մինասյանը, հայ ռազմագերի էր։ Պատերազմից հետո նրան արտաքսեցին Սովետական Միություն, այնուհետև՝ Սիբիր։ Երկար տարիներ Հովհաննեսի մայրը լռել էր նրա հոր ճակատագրի մասին, և մինչև 15 տարեկանը նա գրեթե ոչինչ չէր լսել հոր մասին։
Հասուն տարիքում Հովհաննեսը սկսեց որոնել հորը։ Նա տարբեր լեզուներով հոդվածներ էր հրապարակում, որոնում պատերազմի մասնակիցների, կապ հաստատում այն մարդկանց հետ, ովքեր ևս ազգությամբ հայ հայրեր ունեին։ Տարիների որոնումներից հետո «Հայրենիքի ձայն» թերթում հրապարակված տեղեկությունների միջոցով նրան հաջողվեց գտնել հոր ընտանիքին Հայաստանում։ Ցավով իմացավ, որ հայրն արդեն մահացել է, սակայն Հայաստանում նրան ընդունեցին որպես հարազատի։ Նրան փոխանցեցին աքսորավայրից ուղարկված հոր նամակները, որոնք դարձան տարիներով բաժանված հոր և որդու միջև ամենաթանկ կապը։
«Ազատությունը պարտավորեցնում է» ֆիլմում Հովհաննես Մինասյանն ասում էր․ «Ես հայի զավակ եմ»։ Այդ խոսքերը նրա կյանքի ու ինքնության ամենաբնորոշ արտահայտությունն էին։
Նա խոսում էր հոլանդերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով։ Սիրում էր սպորտը, խաղում էր ֆուտբոլ և զբաղվում չմշկասահքով։ 42 տարի գերմաներեն լեզվի դասախոս է եղել Միդելբուրգի «Դելտա» քոլեջում։ Թոշակի է անցել 2006 թվականին։ 1980-1990 թվականներին կամավոր աշխատել է Խուս քաղաքի էմիգրացիոն կենտրոնում՝ հոլանդերեն սովորեցնելով ներգաղթյալներին։
Հովհաննես Մինասյանը հաճախ էր այցելում Դեն Հագում գտնվող Աբովյան մշակութային միության ակումբ, մտերիմ հարաբերությունների մեջ էր միության նախագահ Մաթո Հախվերդյանի հետ։ 1991 թվականից հետո նա երկու անգամ այցելել էր Հայաստան՝ հայրական տուն և հոր գերեզման։ Ինքնուրույն սովորում էր ռուսերեն և հայերեն։ Հայաստանյան այցերից հետո իր հետ Նիդերլանդներ էր տանում հայերեն գրքեր և այբենարաններ։
Նա սիրում էր կարդալ և ինքնակրթվել։ Վերջին տարիներին ընկերոջ հետ կազմել և հրատարակել էին հոլանդերեն-հայերեն խոսակցական բառարան։
Հովհաննեսը պարտաճանաչ մասնակցում էր դիմադրության շարժման և ազատության մարտիկներին նվիրված միջոցառումներին՝ Միդելհարնիսում, ինչպես նաև Լյոսդենի Sovjet Ereveld զինվորական գերեզմանոցում՝ հարգանքի տուրք մատուցելով 1944 թվականի դեկտեմբերին նացիստների կողմից գնդակահարված յոթ հայ ռազմագերիների հիշատակին։
Նա կյանքից հեռացավ ապրիլի 26-ի երեկոյան՝ հիվանդանոցում, սրտի անևրիզմից։
Հովհաննես Մինասյանը լավ ամուսին էր և հոգատար հայր՝ իր երկու որդիների համար։
«Մեր վերջին հանդիպումը եղավ 2024 թվականին՝ իր ծննդյան 80-ամյակին։ Իսկ այսօր այստեղ եմ եկել նրան հրաժեշտ տալու»,- ասում է Մարինե Մինասյանը, ով հուղարկավորությանը մասնակցելու համար ժամանել էր Միացյալ Նահանգներից։ «Ցավում եմ և ափսոսում, բայց նաև պատիվ ունեմ լինելու եղբորս ընտանիքի կողքին այս դժվար պահին։ Քեզ միշտ կարոտելու ենք, Հովհաննես։ Դու հավերժ կմնաս մեր հիշողություններում և սրտերում։ Հանգչիր խաղաղությամբ»։
Այսօր նրա հիշատակի առաջ խոնարհվում են բոլորը, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։ Դեռ թարմ է հիշողությունը, երբ Միդելհարնիսում FAON-ի՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի միջոցառման ժամանակ նա հարցազրույց էր տվել «Նիդերլանդական օրագրին» և ծաղիկներ խոնարհել զոհված հայ ռազմագերիների հիշատակին։
Այսօր արդեն մենք ենք խնկարկում և ծաղիկներ խոնարհում ճակատագրով հայ Հովհաննես Մինասյանի հիշատակին։
Հանգչիր խաղաղությամբ։

No comments:
Post a Comment