The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 5 May 2026

Հոլանդաբնակ Նիկոլայ Ռումաշուկը ևս պարգևատրվել է Օրանժե-Նասաուի շքանշանի ասպետի կոչմամբ

 


Ասսեն, 24 ապրիլի, 2026 թ. - Նիդերլանդների թագավորական ընտանիքի անունից հոլանդաբնակ հասարակական գործիչ Նիկոլայ Ռումաշուկը (73) արժանացել է «Ridder in de Orde van Oranje-Nassau»՝ Օրանժե-Նասաուի շքանշանի ասպետի պատվավոր կոչմանը։ Պարգևատրումը կայացել է Նիդերլանդներում ավանդական դարձած «lintjesregen» (թագավորական պարգևների) ամենամյա արարողության շրջանակում։

Պարգևատրման օրը Ռումաշուկի համար ունեցել է նաև առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն՝ համընկնելով Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ։ Այս հանգամանքը նրա համար դարձել է ոչ միայն անձնական ձեռքբերում, այլև հայկական հիշողության և արդարության համար տարվող երկարամյա գործունեության խորհրդանիշ։

Տասնամյակների նվիրում հայկական գործին

 Նիդերլանդներում, Նիկոլայ Ռումաշուկը իր գործունեությամբ խորապես կապված է հայկական պատմության, մշակույթի և հիշողության պահպանման հետ։ Տարիների ընթացքում նա նախաձեռնել և իրագործել է մի շարք կարևոր ծրագրեր, որոնք նպաստել են ինչպես հայկական համայնքի համախմբմանը, այնպես էլ հայկական ժառանգության ճանաչմանը Նիդերլանդներում։

Նրա գործունեության կարևոր դրվագներից են՝

  • «Het volk van Ararat. Hoe mijn grootmoeder de Armeense genocide overleefde» գրքի հեղինակությունը, որտեղ ներկայացված է նրա տատիկի՝ ցեղասպանությունը վերապրածի պատմությունը,
  • 2001 թվականին Ասսենի De Boskamp գերեզմանոցում հայկական հուշարձանի բացումը, որն արժանացել է նաև միջազգային ուշադրության,
  • «Armenia» հիմնադրամի միջոցով հոլանդական և հայ համայնքների միջև համագործակցության խթանումը,
  • մասնակցությունը Drents Museum-ում կազմակերպված «In de ban van de Ararat» ցուցահանդեսին, որի շրջանակում կառուցվել է խորհրդանշական Նոյյան տապանը,
  • 2002 թվականից Ասսենում հայկական եկեղեցական արարողությունների կազմակերպումը՝ հյուսիսային Նիդերլանդներում բնակվող հայերի համար,
  • «Hier spreekt Jerevan» ռադիոհաղորդման վարումը Omroep Assen-ում (2014–2020 թթ.)։

Հոլանդական պաշտոնական աղբյուրները, այդ թվում Assen.nl-ը, առանձնահատուկ ընդգծում են Ռումաշուկի անշահախնդիր նվիրումը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակի պահպանմանը, ինչպես նաև հայկական մշակութային ներկայության ամրապնդմանը Նիդերլանդներում։

Հայկական համայնքի համար կարևոր ճանաչում

Հատկանշական է, որ ավելի վաղ նույն բարձր պարգևին արժանացել է նաև Հաագայի «Աբովյան» հայկական մշակութային միության և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Ինգա Դրոստը։

Այս պարգևատրումները վկայում են ոչ միայն անհատական ձեռքբերումների, այլև Նիդերլանդներում հայկական համայնքի ակտիվության, տեսանելիության և հասարակական ազդեցության աճի մասին։

Hay Azian

Խմբագրական նշում.
Շնորհավորում ենք Նիկոլայ Ռումաշուկին բարձր պետական պարգևի արժանանալու առթիվ և մաղթում շարունակական հաջողություններ նրա հասարակական ու մշակութային գործունեության մեջ։






No comments:

Post a Comment