The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 31 May 2026

Հօգուտ Հայաստանի լիակատար անկախության և ինքնուրույնության

 

ԸՆՏՐՈւԹՅՈւՆԻՑ 7ՕՐ ԱՌԱՋ

31.05.2026/Նիդ.օրագիր/խմբագրի սյունակ

(Անկախ վերլուծություն)

Հայաստանի քաղաքական կյանքում 2026 թվականի ընտրությունները քննարկվում են ոչ միայն որպես իշխանության ձևավորման գործընթաց, այլև որպես երկրի ռազմավարական ուղղության ընտրություն։ Այս համատեքստում ավելի հաճախ է հնչում այն հարցը, թե արդյոք Հայաստանը կշարունակի խորացնել իր ինքնիշխանությունը և ինքնուրույն որոշումների կայացման կարողությունը, թե՞ կմնա արտաքին ազդեցությունների և աշխարհաքաղաքական մրցակցության մշտական ճնշման ներքո։

Վերջին ամիսներին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը նոր հարցադրումներ է առաջացրել։ Ռուսաստանի կողմից իր դեսպանի հետկանչումը և պաշտոնական մակարդակով հնչող հայտարարությունները բազմաթիվ վերլուծաբանների կողմից դիտարկվում են որպես քաղաքական ազդակներ, որոնք նպատակ ունեն ազդելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական որոշումների վրա։ Այս իրավիճակում ավելի ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու հստակեցնել իր զարգացման ռազմավարությունը և պատասխանել հիմնական հարցին՝ արդյոք պետությունը պատրաստ է իր ապագան կառուցել բացառապես սեփական ազգային շահերի հիման վրա։

Քաղաքական դաշտում առկա են ուժեր, որոնք, ըստ իրենց ընդդիմախոսների, առավել սերտորեն կապված են Ռուսաստանի քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգի հետ։ Այս գնահատականները հաճախ վերաբերում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական ազդեցությանը։ Նրանց քննադատները պնդում են, որ այդ ուժերը Հայաստանը պատկերացնում են որպես Ռուսաստանի ազդեցության գոտու անբաժանելի մաս և արտաքին քաղաքական որոշումների հարցում առաջնահերթ են համարում Մոսկվայի հետ առավել սերտ ինտեգրումը։

Սակայն անկախ քաղաքական համակրանքներից և հակակրանքներից, խնդրի էությունը շատ ավելի լայն է, քան առանձին քաղաքական գործիչների կամ կուսակցությունների գործունեությունը։ Հարցն այն է, թե ինչպիսի պետություն է ցանկանում կառուցել Հայաստանը 21-րդ դարում։

Իրապես անկախ պետությունը չի կարող իր ռազմավարական ընտրությունները կատարել արտաքին ճնշման պայմաններում, որն առկա է այս պահին։ Որևէ երկրի դեսպանի հետկանչը, տնտեսական կամ քաղաքական ազդակները, միջազգային կառույցների շուրջ ստեղծվող ճնշումները չպետք է որոշեն Հայաստանի ապագան։ Այդ որոշումը կարող է և պետք է կայացնի միայն Հայաստանի ժողովուրդը՝ ազատ ընտրությունների և ժողովրդավարական ինստիտուտների միջոցով։

Այսօր աշխարհում հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ունեն ուժեղ պետական ինստիտուտներ, մրցունակ տնտեսություն և ԻՆՔՆՈւՐՈւՅՆ արտաքին քաղաքականություն։ Նրանք համագործակցում են տարբեր երկրների և միավորումների հետ, սակայն երբեք չեն զիջում իրենց որոշումների ընդունման իրավունքը։ Հայաստանի համար ևս հենց այս ճանապարհն է առավել հեռանկարային։ Հայաստանը պետք է համագործակցի ԲՈԼՈՐ երկրների հետ։

Լիակատար անկախությունը չի նշանակում մեկուսացում կամ որևէ երկրի հետ հարաբերությունների խզում։ Ընդհակառակը, այն ենթադրում է հավասարակշռված և փոխշահավետ հարաբերություններ բոլոր գործընկերների հետ՝ առանց ենթակայության պարտադրման կամ քաղաքական կախվածության։ Հայաստանը կարող է և պետք է զարգացնի կապերը Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի և այլ կենտրոնների հետ։ Ի հեճուկս Լուկաշենկոյի` Հայաստանը պետք է բոլորին, բոլորը պետք են Հայաստանին, սակայն այդ հարաբերությունների հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի պետական շահը։

Տնտեսական ոլորտում ևս անկախությունը պահանջում է բազմազանություն։ Երբ երկրի տնտեսությունը չափազանց կախված է մեկ շուկայից կամ մեկ գործընկերից,  ինչպես օրինակ Ռուսաստանն է, արտաքին ճնշման հնարավորությունները մեծանում են։ Հետևաբար, Հայաստանի տնտեսական անվտանգության կարևոր նախապայման է արտահանման շուկաների ընդլայնումը, նոր ներդրումների ներգրավումը և միջազգային տնտեսական կապերի բազմակողմ զարգացումը։

Անվտանգության ոլորտում ևս ինքնիշխանությունը նշանակում է սեփական կարողությունների զարգացում։ Ժամանակակից աշխարհում որևէ պետություն չի կարող ամբողջությամբ իր անվտանգությունը պատվիրակել այլ ուժի։ Հայաստանի անվտանգության ամրապնդման հիմքը պետք է լինի սեփական բանակի, պետական ինստիտուտների և դիվանագիտական կարողությունների զարգացումը։ Ողջունելի է, որ Հայաստանին զենք են մատակարարում ոչ միայն մեկ երկիր։ Այդպես պետք է աշխատի նաև տնտեսությունը։

2026 թվականի ընտրությունների գլխավոր հարցը, հետևաբար, ոչ թե միայն իշխանության փոփոխությունն է, այլ պետական մտածողության ընտրությունը։ Հայաստանի քաղաքացիները որոշելու են՝ արդյոք երկիրը շարունակելու է շարժվել  խաղաղության ու ինքնուրույն պետականության ամրապնդման ճանապարհով, թե՞ կրկին կվերադառնա արտաքին կենտրոններից կախված քաղաքական համակարգի շրջանակներ։

Հայաստանի անկախությունը 1991 թվականին ձեռք բերված պատմական հաղթանակ էր։ Սակայն անկախությունը միայն անցյալի ձեռքբերում չէ։ Այն ամեն օր պաշտպանվող և վերաիմաստավորվող արժեք է։ Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է վերահաստատել իր հավատարմությունը այդ արժեքին՝ ազատ կամարտահայտությամբ, պատասխանատու քաղաքական ընտրությամբ և պետական շահի առաջնահերթությամբ։

Ուստի Հայաստանի առջև կանգնած գլխավոր ընտրությունը ոչ թե Արևելքի և Արևմուտքի, ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի միջև է։ Իրական ընտրությունը կախվածության և ինքնիշխանության, ենթակայության և ինքնուրույնության, անցյալի և ապագայի միջև է։ Եվ եթե Հայաստանի նպատակը ուժեղ, անվտանգ և զարգացող պետություն կառուցելն է, ապա այդ ճանապարհը սկսվում է մեկ հիմնարար սկզբունքից՝ Հայաստանի Հանրապետության լիակատար անկախությունից և ինքնուրույն որոշումներ կայացնելու անսակարկելի իրավունքից։

Ապավինենք մեր ժողովրդի իմաստնությանը։

No comments:

Post a Comment