The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 18 May 2026

Մաստրիխտում ամեն տարի մայիսին մեծ հանդիսավորությամբ նշվում է քաղաքի հովանավոր հայազգի սրբի՝ Saint Servatius-ի հիշատակը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ

Մաստրիխտում (Maastricht) ամեն տարի մայիսին մեծ հանդիսավորությամբ նշվում է քաղաքի հովանավոր հայազգի սրբի՝ Saint Servatius-ի հիշատակը։ Այս օրերին տեղի են ունենում պատարագներ, ուխտագնացություններ և հանդիսավոր քայլերթեր, որոնք դարավոր ավանդույթ ունեն և կարևոր տեղ են զբաղեցնում Նիդերլանդների կաթոլիկ հոգևոր կյանքում։

Այս տարվա՝ 2026 թվականի մայիսի 17-ին, Սուրբ Սերվատիուսի տաճարում՝ Basilica of Saint Servatius, առավոտյան ժամը 10:30-ին սկսվել է հանդիսավոր պատարագը, որն ավարտվել է մոտավորապես 11:30-ին։ Այնուհետև սկսվել է ավանդական քաղաքային քայլերթը (Stadsprocessie), որի ընթացքում սրբի մասունքները՝ պահված միջնադարյան ոսկեզօծ մասունքատուփում («Noodkist»), դուրս են բերվել տաճարից և հանդիսավոր երթով տարվել քաղաքի միջով դեպի Basilica of Our Lady

Քայլերթը տևել է մոտ մեկ ժամ և անցել է Մաստրիխտի պատմական կենտրոնով։ Սրբի մասունքները հավատացյալները կրում են ուսերի վրա՝ ի նշան հարգանքի և նվիրումի։ Ըստ տեղական ավանդության՝ այս մասունքատուփը դարեր շարունակ քաղաքով անցկացվել է պատերազմի, ժանտախտի կամ այլ փորձությունների ժամանակ՝ աղոթելով քաղաքի պաշտպանության համար։

https://youtu.be/SavWlOnA2vw

Մարիամ Աստվածածնի տաճարում կատարվում է կարճ աղոթք և օրհնության արարողություն, որից հետո սրբի մասունքները որոշ ժամանակ մնում են այնտեղ, ապա մի քանի օր անց կրկին վերադարձվում են Սուրբ Սերվատիուսի տաճար։

Հատկանշական է, որ այս արարողակարգին արդեն շուրջ 28 տարի մասնակցում է նաև Մաստրիխտի հայկական համայնքը և Armenian Church of Surp Karapet եկեղեցին։ Տեղի հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսի խոսքով՝ հայ համայնքի անդամները մասնակցում են սրբի մասունքների տեղափոխությանը՝ ուսերի վրա կրելով այն մոտ 2.5 կմ ճանապարհի ընթացքում։ Սա դարձել է հայ համայնքի և Մաստրիխտի կաթոլիկ համայնքի բարեկամության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ։

Սուրբ Սերվատիուսը համարվում է Մաստրիխտի առաջին եպիսկոպոսը։ Ավանդության համաձայն՝ նա ծնվել է Հայաստանում կամ Հայաստանի հետ կապված տարածաշրջանում և 4-րդ դարում քրիստոնեությունը տարածել է ներկայիս Նիդերլանդների ու Բելգիայի տարածքներում։ Նրա գերեզմանը գտնվում է Սուրբ Սերվատիուսի տաճարի ներքնահարկում, որն այսօր էլ կարևոր ուխտատեղի է հազարավոր հավատացյալների համար։ Հիշատակի միջոցառումներին մասնակցում են նաև Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու դպիրները՝ իրենց ներկայությամբ արժևորելով հայ համայնքի հոգևոր կապը Սուրբ Սերվատիուսի ժառանգության հետ:

Այս տարի մի հետաքրքիր բացահայտում էլ արեցինք: Իտալական Անկոնա քաղաքի սուրբը , որի անունը Կիրակոս է, նույնպես եկել է արևելքից և հավանաբար հայ է: Ցավոք Անկոնայում հայեր գրեթե չեն ապրում: Նրա ու Անկոնա քաղաքի մասին ֆեյսբուքյան էջում ռեպորտաժ ենք  պատրաստել



No comments:

Post a Comment