The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 23 January 2022

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տալիս

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը



1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը:

Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը:

Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը:

Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար:

Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները...

Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը:

Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:

Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն:

Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:
Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:

Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:

Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:

Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ:

Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:

Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:

Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա:

Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:

Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:

Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:

Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք:

Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:

Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

https://www.president.am/hy/press-release/item/2022/01/23/President-Armen-Sarkissians-message/

ՄԱՐԻԱՄ ԱԼՈՅԱՆ. Նոր ձայն, կատարողական նոր ոճ, նոր անուն՝ եվրոպական բեմում

Ընդամենը մի քանի տարի առաջ էր: Մարիամի ելույթը օպերային դահլիճում հիացրեց օտարերկրյա կատարողներին ու հենց այդ պահին նրանք որոշեցին՝ Մարիամ Ալոյանը անպայման պետք է ձայնը մշակի Եվրոպայում՝ ճանաչված մասնագետների մոտ։ Մարիամը աշխատում էր եռանդով՝ մասնագիտական հմտություններից բացի նաև լեզուներ էր սովորում, կատարելագործում էր հմտությունները՝ նախապատրաստվելով իր երազանքի իրականացմանը։ Ով մեկ անգամ լսում էր Մարիամի կախարդական ձայնը, հուզառատ կատարումը, այլևս չէր կարողանում անտարբեր անցնել նրա տաղանդի կողքով։ 

Մարիամը Անուշի դերում
Մարիամը Անուշի դերում

Այսօր արդեն Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ տաղանդաշատ հայուհուն մեծ հուզմունքով և ոգևորությամբ են դիմավորում եվրոպական բեմերում։ Մարիամ Ալոյանը կատարելով արիաներ հայտնի եվրոպացի ստեղծագործողների գործերից, շարունակում է նրանց ներկայացնել նաև հայտնի հայերի գործեր, որոնք Մարիամի մեկնաբանմամբ գրավում  և հիացմունք են պատճառում նրբաճաշակ եվրոպական հասարակությանը։

Աստծո կամքով և օգնությամբ Մարիամը մեկնում է Շտուտգարտ՝ մշակելու ձայնը, կատարելագործելու ունակությունները, հղկելու կատարողական արվեստը։ Մարիամը հասցնում է նաև հաճախել թանգարաններ, պատկերասրահներ, դիտել իր սիրած նկարիչների գործերը։ Եվրոպական բեմերը մեկը մյուսի ետևից հավանության են արժանացնում երիտասարդ հայուհու կատարումները, որը Մարիամին համար դառնում է պարտավորեցնող։  Նրա ընկերուհին՝ Աննա Ավդալյան, նույնպես երգչուհի է և Գերմանիայում մշակում է ձայնը:

Հաջողությունը ոգևորում Մարիամին, աշխատասեր լինելուց բացի նա  պատվախնդրորեն է մոտենում գործին։ Հայի ոգին ուժեղ է մեջը, անկորտրում կամքը տրամադրում է  էլ ավելի եռանդով ու նվիրումով աշխատել։ Ամեն կարճատև արձակուրդի հայրենիք ու ընտանիքի մոտ վերադառնալիս երիտասարդ երգչուհին ավելի մեծ պատասխանատվությամբ ու պահանջկոտությամբ է վերաբերվում իրեն ու  օպերային արվեստի հայ ունկնդիրներին, ովքեր Մարիամի յուրաքանչյուր ելույթի մեծ անհամբերությամբ են սպասում։ Այդպիսի ելույթներից էր սեպտեմբերի 9-ին Կամերային երաժշտության տանը Մարիամի կատարումը ՀՀ պետական կամերային  նվագախմբի հետ՝  հանրաճանաչ դիրիժոր Մլքեյանի ղեկավարությամբ։ 

Մարիամը կատարումներ էր ծրագրել նաև Նիդերլանդներում: Ցավոք՝ պայմանավորվածությունները քովիդի ճգնաժամի պատճառով,  հետաձգվեց մի այլ պատեհ առիթի:

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Նիդ.օրագիր

Երևան


Thursday, 20 January 2022

Դիալոգը փորձում է զարգացնել հայ ռուսական կապերը

Յուրի Նավոյանը

Ռուսաստանի ամենատարբեր հայ համայնքներ ու կազմակերպություններ իրենց գործունեության հիմքում խնդիր են դրել ուժերին ներածին չափով սատարել, օգտակար լինել Հայաստանին: Դրանցից մեկը  ДИАЛОГ (Երկխոսություն) կազմակերպությունն է, որը ղեկավարում է հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանը:

 ԴԻԱԼՈԳ  կազմակերպությունը հատկապես կարևորում է ռուս-հայկական միջխորհրդարանական երկխոսությունը՝ համագործակցելով Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի և Հայաստանի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների հետ։ Խորհրդարանական տարբեր լսումներին և համատեղ նիստերին մասնակցելուց բացի, ԴԻԱԼՈԳԸ նաև համատեղ թեմատիկ միջոցառումներ է անցկացրել և շարունակում անցկացնել Մոսկվայի և Երևանի խորհրդարանական կառույցների հետ։ Բավական է հիշել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին էր 2019 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդում Հայաստանի Անկախության օրվան նվիրված «Հայաստանի գույները» ցուցահանդեսը։ «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշում է, որ Ռուսաստանի հայկական սփյուռքը նշանակալի գործոն է, որը կարող է նպաստել միջպետական ​​հարաբերությունների և տնտեսական գործընկերության զարգացմանը.

Գոռ Կարախանյանը, Նորատ-Տեր Գրիգորյանցը և Յուրի Նավոյանը Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը (Երևան, 11 հունիսի, 2017թ.)

 (ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության շրջանակներում), կլոր սեղան «ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը և ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման խնդիրները» թեմայով։ 2020 թվականի փետրվար (Հայաստանի Ազգային ժողովի Տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ): Պատերազմից առաջ, ընթացքում և հետո, կազմակերպությունը շարունակել է իր ազգանպաստ գործունեությունը ներառյալ միջպետական ​​հարաբերությունների և տնտեսական գործընկերության բնագավառներում։ 

Երբ ցանկացանք  կազմակերպության աշխատանքների մասին ավելի մանրամասն հարց ուղղել կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանին, նա համեստաբար ասաց, որ իրենք չեն գովազդում այն ինչ անում են, քանի որ իրենց ողջ գործունեությունն ուղղված է հայրենիքի խնդիրներին։ "Բացի դրանից մենք ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք Արցախի անվտանգային, ենթակառույցների զարգացման, ականազերծման ազգային կենտրոնի զարգացման, բնակաշինության և այլ հարցերով: Բայց արդյո՞ք տեղին է այդ մասին բարձրաձայնելը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի Արցախի հիմնախնդրի ներկա փուլին անդրադառնալը, այլ ոչ թե թվարկել, թե մենք ինչ ենք անում," - ասաց պ․ Նավոյանը և հավաստիացրեց, որ Նիդերլանդական Օրագրի առաջադրած հարցերի առնչությամբ առաջիկայում հնարավոր կլինի անմիջական, կենդանի հարցազրույց ունենալ, երբ Երևանում լինի: 

Այսօր ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ և Օմսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի հրավերով Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ (2022 թ. հունվարի 20-21-ը) կայցելի Ռուսաստանի Օմսկի մարզ: Բավականին լավ  նախադրյալներ  կան Հայաստանի Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև առևտրա-տնտեսական ու այլ ոլորտներում  ամուր կապեր ստեղծել: Օմսկի մարզը գտնվում է Սիբիրի հարավ-արևմտյան մասում և մոտ երկու միլիոն բնակչությամբ զբաղեցնում է 141, 1 կմ² տարածք: Այստեղ ավելի քան քառասուն հազար հայեր են ապրում: Օմսկի մարզը առավելապես հայտնի է ռազմական, աէրոտիեզերական և գյուղատնտեսական մեքենաշինությամբ, նավթաքիմիական, թեթև և սննդի արդյունաբերությամբ: 2017 թ. հոկտեմբերից մարզի ղեկավարը Ալեքսանդր Բուրկովն է:

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Նիդ.օրագիր

Քաղ.Երևան



Wednesday, 19 January 2022

Հայկական դպրոցը որպես հայեցի դաստիարակության կարևորագույն օղակ

Այսօր, այս դժվարին ժամանակաշրջանում, երբ ազգիդ ու պետությանդ առջև օրօրի դրվում են նոր մարտահրավերներ, առավել քան երբևէ, կարևորվում է ազգապահպանության, հայապահպանության ու հայեցի դաստիարակության դերը ինչպես սփյուռքում, այնպես էլ Մայր Հայրենիքում ու Արցախում։ Այս առումով անգնահատելի է դպրոցների և ուսուցիչների առաքելությունը, վերջիններս անհատապես պետք է կրեն յուրօրինակ, անհատական պատասխանատվություն սեփական ժողովրդի ու նրա պատմության առջև։ Հայի ինքնության հարատևությունը, հայ մնալու երաշխիքը պայմանավորված են հենց դպրոցի ու ուսուցչի գոյությամբ ու զորությամբ։ Այդպիսի դպրոցներից է      ք. Հրազդանի Հ. Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցը, որի ողջ ուսուցչական կազմի գերխնդիրն է Հայ մարդու, արժանապատիվ քաղաքացու դաստիարակությունը։ Այս դպրոցի նման միջոցառումներից մեկին արդեն անդրադարձել ենք:  Դպրոցը միշտ աչքի է ընկել ռազմահայրենասիրական միջոցառումներով, հայրենիքը ճանաչելու համադպրոցական արշավներով, ինչպես նաև ամեն տարի հաղթանակած օլիմպիական աշակերտների ու անվճար հիմունքներով ընդունված դիմորդների մեծ թվով։

Աշակերտների հայեցի դաստիարակության գործում մեծ ավանդ ունի դպրոցի պատմության, ՀԵՊ-ի վաստակաշատ, ՀՀ լավագույն ուսուցչի կոչմանն արժանացած ուսուցչուհի Լիանա Փիրումյանը, ով համալսարանական կրթությունն ստանալուց հետո արդեն 26 տարի մեծ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ կրթում, դաստիարակում է մատաղ սերնդին։ Լինելով պատմության, ՀԵՊ-ի մասնագետ, Փիրումյանը կարևորում է աշակերտների մեջ ազգային, քրիստոնեական ու բարոյական արժեքների դաստիարակումն (հայրենասիրություն, ազատատենչություն, մարտունակություն, քաջություն) ու մշակութային ժառանգականության դերը` էթնիկ ինքնության պահպանման գործում։ Վերջին 10 տարիների ընթացքում նրա աշակերտները, մասնակցելով հայոց պատմություն և ՀԵՊ առարկաների առարկայական օլիմպիադաներին, մշտապես զբաղեցրել են մրցանակային տեղեր` բերելով I,II,III կարգի դիպլոմներ ու գովասանագրեր։ ՀՀ ԿԳՄՍ-ի,ՀՀ ՊՆ-ի, Մայր Աթոռ Ս.Էջմիածնի ու Կոտայքի թեմի առաջնորդի կողմից Լիանա Փիրումյանն արժանացել է պարգևների, շնորհակալագրերի ու «Գիր օրհնության և գնահատանքի» պատվոգրերի իր բարեխիղճ աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ շոշափելի ձեռքբերումների համար։

Նաիրա Գասպարյան

 «ՆԻԴ.օրագրի համար»






Monday, 17 January 2022

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԿՈՄԻՏԱՍԸ


Հայաստանում ու նրա սահմաններից դուրս քչերը գիտեն Նիդերլանդացի կոմպոզիտոր Ալեքսանդր Կոմիտասին՝ մինչդեռ նա բավական հայտնի է հենց Նիդերլանդներում

Իրականում նա Էդուարդ դե Բուրն է՝  հոլանդացի կոմպոզիտոր ծնվ. 1957թ.  հուլիսի 24-ին,  երաժշտության մանկավարժ, դիրիժոր և դաշնակահար։  1990թվականին նա ընդունեց Ալեքսանդր Կոմիտաս կեղծանունը և վարեց comitas.org անունով կայքը։

Դե Բուրը դաշնամուր է սովորել Թոմ Բոլենի մոտ Ուտրեխտի կոնսերվատորիայում, կոմպոզիցիա՝ Հանս Քոքսի մոտ, իսկ նվագախմբային դիրիժորություն Անտոն Կերշեսի մոտ՝ Մաստրիխտի կոնսերվատորիայում։ 1981-1990 թվականներին աշխատել է որպես անկախ դաշնակահար՝ հոլանդական ռադիոյի նվագախմբերում և երգչախմբերում, որից հետո նաև սկսեց ստեղծագործել։

Դե Բուրը կոմպոզիցիա է դասավանդել Ուտրեխտի կոնսերվատորիայում 1994 թվականից։ Նա նաև դասավանդում է փողային նվագախմբի ստեղծագործություն Աուգսբուրգի համալսարանի Լեոպոլդ Մոցարտի կենտրոնում։

2000 թվականի հուլիսին Սանկտ Պետերբուրգի Շերեմետևո պալատում իր ստեղծագործությամբ կայացավ  ռեժիսորական դեբյուտը։


1981 թվականից ի վեր Դե Բուրը գրում է իր երաժշտությունը գրեթե բացառապես պատվերով: Նա նվագախմբային նախերգանք է ստեղծել Enschede երաժշտական ​​կենտրոնի բացման կապակցությամբ (որը հետագայում վերամշակել է փողային նվագախմբի համար); Eindhoven Frits Philips երաժշտական ​​կենտրոնի բացման սեզոնի համար նա գրել է «Լուսնի և արևի հարսանիքը» կանտատը, իր առաջին ջութակի կոնցերտը Թիլբուրգի համերգասրահի բացման համար։  1991 թվականին Ռոտերդամում կայացած «Eureka» եվրոպական նախարարական համաժողովի կապակցությամբ հնչեց նրա Fantasy Overture Eureka! ստեղծագործությունը:

Դե Բուրը հետևյալն է գրել. «...Սկսեցի ուսումնասիրել ժողովրդական երաժշտության բոլոր տեսակները՝ ամբողջ աշխարհից: Այստեղ ես հանդիպեցի հայկական ժողովրդական երաժշտությանը և անմիջապես խանդավառվեցի դրանով: Այսպես իմացա հայ էթնոմերաժիշտ, կոմպոզիտոր Կոմիտասի մասին։ Հետագա տարիների ընթացքում ես մի շարք ստեղծագործություններ եմ ստեղծել, որտեղ ակնհայտ է հայկական, ընդ որում՝ կովկասյան երաժշտության ազդեցությունը...» 

Փողային նվագախմբի համար Կոմիտասը մինչ այժմ գրել է երեք հայկական ռապսոդիա (թիվ 1-ը՝ փողային նվագախմբի համար, թիվ 2 և 3-ը՝ ֆանֆար նվագախմբի համար), 1995թ.-ին Հայկական ռապսոդիա թիվ 1-ը պարտադիր թեսթային ստեղծագործություն համարվեց փողային նվագախմբերի  առաջին բաց առաջնության ժամանակ: 

Ընդհանրապես նրա մի շարք ստեղծագործություններ, որոնք են A Night on Culbin Sands-ը , Հայկական ռապսոդիա թիվ 3-ը և ուրիշներ, տարբեր տարիների երաժշտական փառատոնների և մրցույթների համար դարձան պարտադիր թեսթային կատարման աշխատանք: 

Դե Բուրը բացատրում է թե ինչ կա Ալեքսանդր Կոմիտաս կեղծանվան ետևում թաքնված. «Comitas-ը  լատիներեն բառացի նշանակում է քաղաքավարություն, բարություն և այլն, Ինձ համար այն խորհրդանշում է ​​երաժշտությունն ու այն կրող անձը: Միևնույն ժամանակ, և՛ Ալեքսանդրը, և՛ Կոմիտասը հարգանքի տուրք են երկու տղամարդկանց, որոնցով ես հիանում եմ՝ հոլանդացի դաշնակահար և կոմպոզիտոր Սաս (Էռնստ Ալեքսանդր) Բունգեի և հայ էթնոմերաժշտագետ և կոմպոզիտոր Կոմիտասի անուններով»:


Դե Բուրը գրում է նաև թե ինչու  այլևս չի օգտագործում կեղծանունը.«Այն բանից հետո, երբ գրեցի երրորդ սիմֆոնիան՝ «Հարգանքի տուրք Կոմիտասին» վերնագրով, և երբ այն կատարվեց, աստիճանաբար հասկացա, որ իմ կեղծանունը ծառայել է իր նպատակին: Ի վերջո, ես դադարեցի օգտագործել այն՝ վերադառնալով այն անվանը, որով ծնվել եմ:»

Դե Բուրը մինչ օրս գրել է երեք օպերա, երեք սիմֆոնիա, երկու բալետ, երկու լարային քառյակ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ, որոնցից բազմաթիվ ստեղծագործություններ երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի և փողային նվագախմբի համար։ Այնուհանդերձ նրա ստեղծագործություններից շատերը գրվել են Ալեքսանդր Կոմիտաս կեղծանվամբ։ 

Կոմպոզիտորը 2017 թ. նոյեմբերին հյուրընկալվել է Հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության կենտրոնում։ Հանդիպման ժամանակ նա պատմել է թե ինչպես է ծանոթացել հայկական երաժշտությանը ու թե ինչպես է նրան ոգեշնչել հայ կոմպոզիտոր Կոմիտասը, խոսել է իր Ալեքսանդր Կոմիտաս ծածկանունի մասին, հնչել են հատվածներ նրա երաժշտությունից։

Կազմեց՝ Hay Azian-ը (Նիդ.օրագիր)






Sunday, 16 January 2022

Կարիք ունի՞ Հայաստանը Թուրքիայի հետ խաղաղ պայմանագրի և ի՞նչ կստանա դրանից

 

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը վերլուծել է գերմանա-Իսրայելական հարաբերությունները և համեմատական եզրեր փնտրել ներկայիս հայ-թուրքական մերձեցումների հետ։

Ներկայացնում ենք հայերեն թաարգմանությունը

Puerrtto

Այսօր, երբ Հայաստանում բուռն քննարկվում է Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր մերձեցումն ու կարգավորումը, տեղին է այս իրավիճակը համեմատել 1953 թվականին Իսրայելի և Գերմանիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հետ։ Ինչպես գիտեք, Գերմանիան ողբերգական դեր է խաղացել հրեա ժողովրդի ճակատագրում, և բոլորին է հայտնի համակենտրոնացման ճամբարների և Հոլոքոստի պատմությունը: Այնուամենայնիվ, 1949 թվականին՝ Իսրայելի ստեղծումից մեկ տարի անց, սկզբում կուլիսային, ապա բաց բանակցություններ սկսվեցին դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու և Իսրայելին Գերմանիայի կողմից  փոխհատուցումների վճարման շուրջ։

Իսրայելի վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը (որի անունով է կոչվել երկրի գլխավոր օդանավակայանը) մեծ քննադատության է արժանացել և հազիվ է մնացել պաշտոնին։ Իսրայելցիները, լինեին նրանք ընդդիմադիր քաղաքական գործիչներ, թե հասարակ քաղաքացիներ, կտրականապես դեմ էին գերմանացիների հետ ցանկացած հարաբերությունների հաստատման։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից չորս տարի անց, երբ Իսրայելի բնակչության կեսը կազմված էր համակենտրոնացման ճամբարների նախկին գերիներից ու չկար ընտանիք, որը տուժած չլիներ նացիզմի հանցագործություններից, դժվար էր մարդկանց համոզել, որ նրանք պետք է սովորեն  հաշտվել: ԳԴՀ-ի հետ բանակցությունների հակառակորդների փաստարկները բավականին համոզիչ էին. Նրանք պնդում էին, որ 6 միլիոն հրեաների մահը չի կարող ներվել գերմանացիների կողմից, որ միլիոնավոր կյանքեր չեն կարող փոխանակվել փողի հետ հենց դահիճներից, որ չի կարելի նվաստացնել իրենց նախկին նացիստների առաջ: Իսրայելում ոչ ոք չէր կասկածում, որ գերմանացիները չեն փոխվել, նրանք պարզապես պարտվել են պատերազմում և ցանկանում են իրենց զոհերի հաշվին լվանալ նացիզմի ամոթից։

Այնուամենայնիվ, Բեն-Գուրիոնը համառորեն առաջ էր շարժվում։ Նրա փաստարկները պակաս համոզիչ չէին, քան հակառակորդներինը։ Եվ հիմնական փաստարկն այն էր, որ 1949 թվականին Իսրայելը  փոքրիկ ու աղքատ երկիր էր՝ մոտ 800 հազար  բնակչությամբ, որի  կեսն ապրում էր վրանային ճամբարներում, սրանք նացիստական ​​համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալներն էին և արաբական երկրների հրեաները, որոնք փախել էին ջարդերից և փրկվել սպանություններից. Գումարած, երկիրը պատերազմում էր իր բոլոր հարեւանների հետ, և ուժերը ակնհայտորեն հավասար չէին: Արաբական շրջափակումն ու փակ սահմանները խոչընդոտեցին տնտեսության զարգացմանը։ Ոչ մի բանի համար փող չկար, սննդի պակաս կար, բնակիչները սնունդ էին ստանում քարտերով։

Բեն-Գուրիոնի երկրորդ փաստարկն այն էր, որ պատերազմն ավարտվել է, և աշխարհն արագորեն փոխվում է: Արևմտյան Գերմանիան հիսունականներին արդեն մեծապես վերականգնվել էր պատերազմի պատճառած ավերածություններից և սկսեց ակտիվորեն զարգանալ: Ակնհայտ էր, որ շատ շուտով Արևմտյան Գերմանիան կրկին դառնալու է Եվրոպայի ամենաուժեղ տնտեսությունը և առաջատար քաղաքական ուժը։ Իսրայելը, ի տարբերություն Գերմանիայի, ճգնաժամի մեջ էր, դաշնակիցներ չկային (ԱՄՆ-ի հետ դաշինք եղավ միայն քսան տարի անց), թշնամիներն ամենուր էին, իսկ հեռանկարները՝ մշուշոտ։

Արևմտյան Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերը բազմիցս հանդիպել է իսրայելցի դիվանագետների և անձամբ Բեն-Գուրիոնի հետ։ 1951 թվականի սեպտեմբերին Ադենաուերը ելույթ ունեցավ Գերմանիայի խորհրդարանում և ընդունեց կառավարության հավանությունը Իսրայելի հետ կուլիսային բանակցությունների ընթացքում ընդունված որոշումներին։ Նա, ինչպես Բեն-Գուրիոնը, նույնպես հանդիպեց ընդդիմությանը, քանի որ Գերմանիայի ոչ բոլոր քաղաքական ուժերն էին ողջունում Իսրայելի հետ համաձայնագիրը: Ոչ թե գերմանացիներն Իսրայելի դեմ էին (չնայած նախկին նացիստների դիրքերը բավականին ամուր էին), այլ պարզապես նոր, հետպատերազմյան Գերմանիան չպետք է իր վրա վերցնի Հիտլերի և նացիոնալ-սոցիալիստների հանցագործությունների մեղքը։ Արդյունքում Ադենաուերի և նրա կողմնակիցների դիրքորոշումն ընդունվեց խորհրդարանի կողմից և հետպատերազմյան Գերմանիայի և Իսրայելի միջև ստորագրվեց պատմական փաստաթուղթ։

Այս փաստաթղթում ԳԴՀ-ն ստանձնել է ամբողջ պատասխանատվությունը Եվրոպայի հրեաներին հասցված վնասի համար։ Գումարած, Գերմանիան իր վրա է վերցրել Գերմանիայից և Լեհաստանի նախկինում օկուպացված շրջաններից հրեա փախստականների ընդունման և վերաբնակեցման ծախսերը, այդ թվում՝ մոտ 500 հազար մարդ։ Այստեղ կարևոր է նշել, որ Լեհաստանի և Գերմանիայի 3 միլիոն հրեաներից ողջ է մնացել միայն 500 հազարը, և դա քննարկվել է։ Այսօրվա տվյալներով՝ Գերմանիան համաձայնել է Իսրայելին վճարել 15 միլիարդ դոլարին համարժեք գումար՝ նացիստական ​​հալածանքներից փախած 500 հազար հրեա փախստականների ընդունելու և տեղավորելու համար: Գումարած, Գերմանիան պարտավորություններ է ստանձնել փոխհատուցել հրեական առգրավված և թալանված ունեցվածքը 6 միլիարդ դոլարի չափով, որը համարժեք է այսօրվա դոլարի փոխարժեքին։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան պարտավորվել է Իսրայելին վճարել մոտ 21 մլրդ դոլար։ Գերմանիայի խորհրդարանն այս որոշումը ընդունել է 1953 թվականի մարտին՝ 239 կողմ, 35 դեմ ձայներով։

Գերմանիան այսպիսով ազատվեց Հիտլերի հանցագործությունների մեղքի բեռի զգալի մասից, և Իսրայելը ստացավ այն գումարը, որն այն ժամանակ անհրաժեշտ էր որպես պետություն գոյատևելու համար։

Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում էր Գերմանիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորում, դեսպանատների բացում համապատասխանաբար Թել Ավիվում և Բոննում։ Այս ամենն իրականացվել է պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո։ Գերմանիան նույնպես ամեն կերպ լոբբինգ արեց և հասավ այն բանին, որ Իսրայելը միանա եվրոպական ազատ առևտրի բոլոր պայմանագրերին: Մի փոքր ավելի քիչ հայտնի փաստն այն էր, որ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո՝ 1956 թվականին, Գերմանիան միակողմանիորեն վերացրեց վիզաները Իսրայելի քաղաքացիների համար, և այդպիսով Իսրայելը դարձավ առաջին ոչ եվրոպական երկիրը, որի քաղաքացիները կարող էին այցելել Գերմանիա առանց վիզայի։ Իսրայելն ինքը Գերմանիայի քաղաքացիների համար վիզաները վերացրել է միայն 1975 թվականին։

Այդ ժամանակից ի վեր երկու երկրների հարաբերություններն արագորեն ամրապնդվում են բոլոր ոլորտներում, իսկ Գերմանիան դարձել է Իսրայելի գլխավոր դաշնակիցը Եվրամիությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից մոտ 80 տարի անց այսօր Իսրայելում քչերն են համարում գերմանացիներին թշնամի, իսկ Գերմանիան՝ թշնամի պետություն:

Իսրայելի և Գերմանիայի միջև ստեղծված իրավիճակը նման է Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցման փորձերին։

Իմ սուբյեկտիվ կարծիքով, ընդհանուր շատ քիչ բան կա։ Թուրքիան, ի տարբերություն Գերմանիայի, դե ֆակտո չպարտվեց պատերազմում (համենայն դեպս այն մասով, որը վերաբերում էր Արևմտյան Հայաստանին), ծնկի չեկավ և Հայաստանի հետ գործարքի գնալու առանձնահատուկ դրդապատճառ չունի։ Բացի այդ, Հայոց ցեղասպանությունը դեռևս մնում է գայթակղության քար և չի ճանաչվում աշխարհի որոշ երկրների, այդ թվում Թուրքիայի կողմից։ Նույն Գերմանիան Իսրայելի հետ բանակցությունների գնաց ոչ թե վերջինիս հանդեպ սիրուց դրդված, այլ իր քաղաքական ու ֆինանսական շահերից ելնելով։ Եթե ​​Հիտլերը չպարտվեր պատերազմում, ապա Հոլոքոստի ճանաչում չէր լինի, և նույն «ազնվական» Կոնրադ Ադենաուերը, խորհրդարանին Իսրայելի հետ գործարք կնքելու կոչ չեր անի, նրանց  ինտրիգները  մուրացկանություն համարելով։

Այսօր Հայաստանն  ինքը, որը գտնվում է շրջափակման մեջ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կարիք  շատ ավելի ունի՝  քան Թուրքիան: Քանի որ նորմալացումը շատ բան չի տա հենց թուրքերին, իսկ նրանք որպես լավ հաշվարկ անող վաճառականներ չեն վճարի այն ապրանքի համար, որ իրենց այնքան էլ պետք չի։ Գերմանիան ցանկանում էր «լվացվել» Հոլոքոստի մեղքից։ Թուրքիան նման կարիք չունի։

Այդուհանդերձ, Թուրքիան գնում է Հայաստանի հետ իրենց համար ակնհայտորեն անհետաքրքիր բանակցությունների՝ գործելով «անպիտան ոչխարից մի փունջ բուրդ» կորզելու կեղտոտ սկզբունքով՝ ցեղասպանության զոհերի համար առանց  նվազագույն ափսոսանքի ։ 

Հնչում է կոպիտ և ցինիկ, բայց որպեսզի հասկանանք, թե ինչ են տալու բանակցությունները, կարևոր է  գիտակցել, թե ինչ են հստակ ուզում թուրքերը և ինչ են պատրաստ նրանց տալ հայերը: Իհարկե Ցեղասպանության ճանաչման լոբբինգի հայկական կողմի գործողությունները որոշ չափով նյարդայնացնում են Թուրքիային, և այստեղ նրանք պատրաստ են մի փոքր սակարկել, բայց պետք է հասկանալ, որ թուրքերին ինչ-որ մեկի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից մեծ վնաս չի լինում:Ընդամենը տհաճ է, բայց ոչ ավելին։ Ի վերջո, ճանաչումն ընդունելի են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, որոնք  քաղաքական կամ տնտեսական պատժամիջոցներ չեն կիրառել: Ուստի Թուրքիան Հայաստանից ավելի ակնհայտ բան է ուզում, օրինակ՝ Զանգեզուրի միջանցքը, կամ Մեղրիի միջանցքի վերահսկողությունը, որն անխափան կապ կապահովի Թուրքիայի և նրա «թուրանյան» դաշնակիցների միջև։

Դե, որպես կարկանդակի վրայի բալ, Թուրքիան ցանկանում է, որ իր բիզնեսը մտնի Հայաստան, որն իսպառ կկործանի հայ արտադրողին ու Հայաստանը կվերածի երկրորդ Աջարիայի։ 

Արդյունքը լինելու է հայկական ինքնիշխանության մնացորդների ոչնչացումը, իսկ ինչի՞ դիմաց այս ամենը։ Հավանաբար, Թուրքիայի հետ սահմանի բացման, որի օգուտը դեռ մեծ հարց է պոտենցիալ վնասի հետ կապված։

Tuesday, 11 January 2022

Նշվեց «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» 15 տարին

 


Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» 15 տարին: Հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև փոխհամագործակցության նոր հուշագիրը ստորագրվել է  դեռևս 2021 հունիսին։ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում՝ իրականացնում է  «Գագարին նախագիծ», որի մանրամասներին քաջ ծանոթ են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ 

Հիմնադրամը, որն ստեղծված է ընտանեկան հիմքի վրա ղեկավարում է հրապարակախոս, բանաստեղծուհի, նկարչուհի, դիզայնի գիտակ ու նրբաճաշակ ձևավորող, մոդայիկ հագուստի մոդելավորման բացառիկ մասնագետ, հմայիչ հայուհի տիկին Սվետլանա Հակոբյանը, ով իր կատարած աշխատանքին մոտենում է ընդգծված արժանապատվությամբ և յուրահատուկ սիրով։ Պատահական չէ, որ ոչ միայն բիզնես աշխարհում այլև ինտելեկտուալ շրջանակի ներկայացուցիչներն ու հայ արվեստագետները մեծ սիրով են արձագանքում տիկին Հակոբյանի յուրաքանչյուր ձեռնարկմանը։ Ասենք, որ նրա գործընկեր-որդիներն իրենց ընտանիքներով նույնպես միշտ օգնում են հիմնադրամին միջոցառումների իրականացման ամենատարբեր աշխատանքներում։ Հմայիչ տիկնոջ ցանկացած միջոցառման մասնակից են դառնում նաև ՀՀ-ում պաշտոնավարող տարբեր արտասահմանցիներ, բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր հմայված են ոչ միայն նրա գործունեությամբ, այլև արվեստի գործերով, նրա նկարներին ծանոթ են արտասահմանյան երկրներում գիտեն, որ տիկին Սվետլանան հայացրել է անգամ ու  հայահունչ  դարձրել իր անունը՝  նկարների վրա ստորագրելով ԼՈՒՍԻՆԵ, LUSINE ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Հայկական խոհանոցի համադամ խորտիկները, հայ բազմադարյան մշակույթը և արվեստը, հայոց ճարտարապետությունն ու պատմությունը Հակոբյան ընտանիքը սիրով է ներկայացնում օտարներին, իսկ Աղաջանյան ընտանիքը օգնում է Հակոբյաններին՝ հյուրերին դեպի Հայաստանի տեսարժան վայրեր ուղեկցելով, նրանց հետ Գեղարքունիքի Ծաղկունք համալիր այցելությամբ։ Հոգածության և եռանդուն աշխատանքի շնորհիվ այդ գողտրիկ անկյունը արագ քայլերով վերածվում է Թումանյանի ասած «ոսկի քաղաքի»։

 Մարդիկ այստեղ ուրախ են, քանզի կարողանում են գեղագիտական հաճույքը զուգակցել հանապազօրյա հաց վաստակելու կարևոր գործին։ 

Եվ այսպես, ԴԱՐ հիմնադրամը տոնում էր իր 15-ամյակը։ Իսկ միջոցառման ընթացքում հայտարարվեց  մի այլ  չքնաղ հայուհու ու արժանի քաղաքացի Հասմիկ Պապյանի անզուգական կատարման մասին` տիկին Սվետլանայի ծննդյան օրվա  շնորհավորանքի կապակցությամբ։ Դահլիճը լեփ-լեցուն էր, բայց բոլոր հրավիրյալները Հակոբյան ընտանիքի գործունեության քաջ ծանոթ մարդիկ էին։ Հոբելյանական երեկոյի բացումը կատարվեց ՀՀ վաստակավոր արտիստ  Նիկոլայ Մադոյանի կողմից, արժանի հայ ջութակահար, որի ձեռքերում ջութակը վերածվում է կախարդական գործիքի և հույզեր քամում ունկնդրի հոգու նուրբ անկյուններից։ Երեկոն մտերմիկ էր ու ավելի գողտրիկ էր դառնում Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի և ՀՀ պետական կամերային նվագախմբի կախարդական մասնակցությամբ ։

Համերգից հետո հյուրերին սպասում էին արտասահմանից հրավիրյալ խոհարարների յուրահատուկ  հյուրասիրությունն ու ամենակարևորը՝ տիկին Սվետլանայի ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Lusine մակագրությամբ: Տիկին Հակոբյանը  հուզված էր, անգամ չկարողացավ թաքցնել արցունքները։ Դրանք երջանկության, վաստակի ու բարձր գնահատանքի արժանանալու արցունքներ էին։ Ավելացնեմ, որ նա հրաշալի մայր է, ով դաստիարակել է այնպիսի զավակներ, ովքեր երկրին  ու հանրությանը ծառայում են իրենց աննկուն աշխատանքով։ Շփվելով այս ընտանիքի հետ հասկանում ես, թե որքան կարևոր է, երբ բիզնեսը դառնում է ազգակիցներիդ ծաղկուն ապագա ապահովելու գործոն, երբ աշխատում ես այնպես, որ կարիք չունես զինված պահակախմբի, երբ  շրջապատին փոխանցվում է դրական էներգիա, երբ մարդկանց մոտենում ես հարազատի մղումներով։ Տիկին Հակոբյանն ունի բազմաթիվ ծրագրեր, օրինակ դրանցից են առողջ ապրելակերպին առնչվող հայ մայրեր պատրաստելու դպրոցի ծրագիրը, ի դեպ նա ինքը հրաշալի է պատրաստում, նաև հայկական տարազի զարդանախշերով հագուստի մատուցման միջոցով նա միտում ունի հային տանել դեպի իր ակունքները։ 


Մաղթենք տիկին Հակոբյանին, նրա երեք որդիներին ու նրանց գերդաստանին, մեր հրաշք երաժիշտներին ու ազգին ծառայող մտավորականությանը նոր ձեռքբերումներ հայոց խաղաղ երկնքի ներքո․․․ 

Ի դեպ հրավիրյալների թվում էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը:

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Երևան, 11.01.2022

«Նիդերլանդական օրագիր»






Friday, 31 December 2021

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31.12.2021

Սիրելի հայրենակիցներ
Ահա և կպոկենք օրացույցի վերջին թերթիկը ու պատմություն կդառնա հերթական 2021թվականը:
Այս անգամ չենք ամփոփի անցնող տարում ունեցած ոչ մի ձեռքբերում:
Եկե՛ք այս անգամ առաջ նայենք ու սթափ դատենք:
Ամանորն ապագային միտված տոն է, և այն մեր ժողովրդին թող առողջություն, հաջողություն, բերի: Ապրողներս թող արժանի լինենք փառքով ընկածների հիշատակին: Միասնաբար ծաղկեցնենք ու արարենք, ապրեցնենք մեր երկիրը ստեղծարար մտքերով ու ձեռքբերումներով։ Սա կլինի մեր ընկած հերոսների վառ հիշատակի հավաստումը:

Թո՛ղ իրականան մեր բոլոր սպասումներն ու երազանքները։
Թո՛ղ Նոր տարին միայն բարօրություն և խաղաղություն բերի մեր երկրին ու մեր ընտանիքներին` առ Հայաստանս, Արցախս և Սփյուռքս:

Շնորհավո՛ր Նոր Տարի՝ 2022թ. և Սուրբ Ծնունդ:


Tuesday, 28 December 2021

Շառլ Ազնավուր - Sans Adieu Les Chansons de 1955 - 1962 lp.


Երբ 2018 թվականին Նիդերլանդներում թողարկվեց Շառլ Ազնավուրի 1955 - 1962թթ հիթերի ալբոմը, այն կարելի էր ձեռք բերել  € 165,99 գումարով:

Այժմ այն ավելի քան մատչելի է, հիմա բավական է վճարել  10-20€ 

Ավելին կարող ենք ասել, տարեմուտին այլ ալբոմների հետ վաճառքում, այն հանդիպեց Aldi սուպերմարկետային ցանցում:

Շառլ Ազնավուրը ֆրանսահայ երգիչ, բանաստեղծ, դերասան, հասարակական գործիչ և դիվանագետ էր։ Ազնավուրը հայտնի էր իր առանձնահատուկ տենորային ձայնով: Ավելի քան 70 տարվա կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 1200 երգ՝ մեկնաբանված ութ լեզուներով։

Այս ալբոմում հավաքված են 1955-1962 թվականների նրա բոլոր հիթերը։

Charles Aznavour – Sans Adieu Les Chansons de 1955 – 1962  lp.

Charles Aznavour was a French-Armenian singer, lyricist, actor, public activist and diplomat. Aznavour was known for his distinctive tenor voice: clear and ringing in its upper reaches, with gravelly and profound low notes. In a career spanning over 70 years, he recorded more than 1,200 songs interpreted in eight languages.

 This album collects all his hits from the period 1955 – 1962.

Charles Aznavour - Sans Adieu: Les Chansons de 1955-1962 CD

CD1

Track 1: Les Comediens 

Track 2: Le Feutre Taupe 

Track 3: Voila Que Ca Recommence 

Track 4: Tu T'Laisses Aller 

Track 5: Il Faut Savoir 

Track 6: Je T'aime Comme Ca 

Track 7: Une Enfant 

Track 8: Parce Que 

Track 9: Parti Avec Un Autre Amour 

Track 10: Sur Ma Vie 

Track 11: Merci Mon Dieu 

Track 12: J'ai Bu 

Track 13: Ca! 

Track 14: Quand Tu Viens Chez Moi, Mon Coeur 

Track 15: Si, Je N'Avais Plus 

Track 16: On Ne Sait Jamais 

Track 17: Tu Vis Ta Vie Mon Coeur