29.10.2026/Նիդ.օրագիր
Նիդերլանդների գյուղատնտեսության, ձկնորսության (ձկնաբուծության), պարենային անվտանգության և բնության հարցերով նախարար Ջեյմի վան Էսսենը հոկտեմբերի 28-ին կարճատև աշխատանքային այցով ժամանել է Երևան: Նախարարի մասնակցությունը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովին ուշագրավ է նրանով, որ սա նրա առաջին պաշտոնական ուղևորությունն է Եվրամիության սահմաններից դուրս՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Չնայած կառավարության նախնական ծրագրով այցը նախատեսված էր հոկտեմբերի 27-28-ին, վան Էսսենը Հայաստանի մայրաքաղաքում անցկացրել է ընդամենը մեկ օր: Ըստ Greenpeace Nederland-ի և Embassy of the Netherlands in Armenia պաշտոնական աղբյուրների հաղորդման՝ նախարարն ակտիվորեն մասնակցել է համաժողովի բարձր մակարդակի նախարարական հատվածին, հանդիպել նիդերլանդական երիտասարդական պատվիրակության հետ, ինչից հետո նույն օրը մեկնել է հայրենիք:
Համաշխարհային բնապահպանական Երևանյան հարթակում, որտեղ շուրջ 200 երկիր քննարկում է մինչև 2030 թվականը էկոհամակարգերի վերականգնման նպատակները, Նիդերլանդների նախարարը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) քարտուղարության, COP17-ի նախագահության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համատեղ քննարկմանը։ Հանդիպման առանցքում եղել են կենսաբազմազանության ազգային հանձնառությունները, մշտադիտարկումը, փոշոտիչների պաշտպանությունը և գենետիկական ռեսուրսների պահպանումը։
Իր ելույթում նախարար վան Էսսենը կարևորել է պարենային անվտանգության և կենսաբազմազանության պահպանման փոխկապվածությունը՝ ընդգծելով, որ կայուն ագրոպարենային համակարգերը կարող են դառնալ բնության պաշտպանության կարևոր գործիք։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական Ամստերդամը շեշտը դնում է տնտեսական ու գյուղատնտեսական քաղաքականության մեջ կենսաբազմազանության ինտեգրման, բնությանը վնասող ֆինանսական հոսքերի սահմանափակման և համապատասխան ազգային ծրագրի մշակման վրա:
Այնուամենայնիվ, նախարարի հայաստանյան այցը միանշանակ չի ընդունվել հայրենիքում և տեղական մամուլում քննադատության ալիք է բարձրացրել: Պատճառն այն է, որ վան Էսսենի բացակայությունը համընկել է Նիդերլանդներում ընթացող ներքին սուր բանակցությունների հետ, որոնք վերաբերում են ազոտային արտանետումների սահմանափակմանը և տեղական գյուղատնտեսության ոլորտի ճգնաժամային ապագային: Հնչող դժգոհություններին ի պատասխան՝ նախարարի գրասենյակը շեշտել է, որ բնության պահպանությունն անմիջականորեն կապված է գյուղատնտեսության, սննդի անվտանգության, ջրային ռեսուրսների կառավարման և տնտեսության երկարաժամկետ կայունության հետ:
COP17 գագաթնաժողովը Հայաստանի համար կարևորագույն հնարավորություն է՝ ամրապնդելու իր դիրքերը բնապահպանական բազմակողմ դիվանագիտության մեջ, իսկ Նիդերլանդների նախարարի այս կարճատև, բայց բովանդակային այցը դարձավ այդ միջազգային գործընթացի առանցքային դրվագներից մեկը:

No comments:
Post a Comment