Schilder Kostia oգտատերը լոգոյի իր տարբերակն է առաջարկել։ Գնահատեք, որը՞
Վերջապես լույս է տեսել «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի բացառիկ համարը՝ նվիրված Շվեդիայի հայ համայնքին
116 էջ՝ Շվեդահայության անցյալի, ներկայի ու ապագայի մասին։
Պրահայում հրատարակվող «ՕՐԵՐ»-ի այս հատուկ համարը շվեդահայության մասին հավաքված ու պահպանված մի ամբողջ պատմություն է, որը պետք է լինի յուրաքանչյուրի տանը, ընտանիքում և համայնքային կենտրոնում։
Սա Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆԻ ( Hakob Asatryan) եվրոպական 29-րդ երկրի հայության մասին պատմությունն է, հիշում եք, նախորդը նիդերլանդահայերի մասին էր: Ի դեպ այդ, ինչպես նաև Եվրոպական մյուս երկրներում բնակվող հայության մասին նվիրված համարները կարող եք դեռ ձեռք բերել: Սակայն գանք նոր լույս տեսած համարին:
📖 70 շվեդահայեր պատմում են իրենց մասին՝ համայնքային կյանքից, մասնագիտական հաջողություններից, ստեղծագործական աշխատանքից և օտար երկրում հայ ինքնությունը պահպանելու ու զարգացնելու իրենց ճանապարհից։
Դուք կիմանաք նաև այն պատմությունները, որոնք գուցե մինչ այսօր շատերին հայտնի չեն․
🔹 ովքեր են եղել շվեդական օպերայի և բալետի բեմերի հայազգի գլխավոր արտիստները,
🔹 ինչպես են հայերը իրենց հետքը թողել շվեդական մշակույթի ու մասնագիտական տարբեր ոլորտներում,
🔹 ովքեր են այսօր շարունակում ստեղծել, աշխատել, պայքարել ու զարգացնել շվեդահայ համայնքը։
Սա անցյալի մասին միայն պատմություն չէ։ Սա այն մարդկանց մասին է, ովքեր այսօր շարունակում են այդ պատմությունը։
Եվ գուցե ամենակարևորն այն է, որ այս 116 էջերի միջոցով շվեդահայությունը կարող է տեսնել ինքն իրեն՝ իր ամբողջ բազմազանությամբ, ձեռքբերումներով, խնդիրներով և ապագայի հնարավորություններով։
Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ հայերն աներևակայելի հզոր ու ստեղծարար ժողովուրդ են, երբ մեզ չեն խանգարում։ Իսկ երբ ինքներս էլ չենք խանգարում մեզ, տաղանդը, աշխատասիրությունը, ճշմարտությունն ու արդարությունը իրենց ճանապարհն են գտնում։
Այս համարը հենց այդ ուժի մասին է։
Շվեդահայեր, ձեռք բերեք այս համարը։
Պահեք ձեր տանը։ Նվիրեք ծնողներին, երեխաներին, ընկերներին։ Տվեք ձեր համայնքային կենտրոններին, գրադարաններին ու կազմակերպություններին։
Որովհետև այն, ինչ այսօր գրվում ու հավաքվում է մեր մասին, վաղը դառնում է մեր պատմությունը։
📚 Ձեր պատմությունը պետք է ձեզ հետ լինի։
«ՕՐԵՐ» ամսագրի այս հատուկ համարը կարող եք պատվիրել՝ գրելով
hakob@orer.cz
Մեկ համարի արժեքը՝ 10 եվրո
Փոստային ծախսով՝ 16 եվրո
Համայնքային կառույցները կարող են պատվիրել 10-ից ավելի համարներ․ այդ դեպքում մեկ համարի արժեքը՝ 13 եվրո։
Կարելի է նաև բաժանորդագրվել «ՕՐԵՐ»-ին․ տարեկան բաժանորդագրությամբ ստացվում է չորս միացյալ համար՝ 60 եվրոյով։
Նախագիծն իրականացվել է Գալուստ Կիւլպէնկեան հաստատության աջակցությամբ։
Շվեդահայության պատմությունը արդեն գրքի պես մեկ ամբողջական համարում է։
Մի թողեք, որ ձեր պատմությունը մնա ուրիշների գրադարակներում։ Այն պետք է լինի ձեր տանը։
Ձեր փոխանցումները կարող եք կատարել հետեւյալ բանկային հասցեով՝
ICKVE , Account number 1002511474 / 2700
IBAN- CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP
Uni Credit Bank Czech Republic a.s.
Աշխարհի չեմպիոն՝ Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին
27.10.2026/Նիդ.օրագիր
Հայ ըմբիշի փայլուն հաղթանակը․ աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ Հայաստանին
Հայկական սպորտի համար հպարտության ու ցնծության հերթական առիթը։
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը դարձել է աշխարհի չեմպիոն՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակչում հաղթելով Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամեդլիին։
63 կգ քաշային կարգում կայացած վճռորոշ գոտեմարտում հայ մարզիկը հաղթել է 8։4 հաշվով՝ արժանանալով աշխարհի առաջնության ոսկե մեդալին։
Այս հաղթանակը պարզապես մեդալ չէ։ Այն տարիների աշխատանքի, համառության, մարզական կամքի և վճռականության արդյունք է։ Գորգի վրա Կարենը ցույց տվեց իր պատրաստվածությունն ու պայքարելու կարողությունը՝ հայկական սպորտի պատմության մեջ գրանցելով ևս մեկ նշանակալի հաջողություն։
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նոր փայլ է հաղորդում Հայաստանի ըմբշամարտի ավանդույթներին և ուրախություն պարգևում հայ մարզասերներին՝ Հայաստանում և Սփյուռքում։
Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն։ Հայաստանի օրհներգը, եռագույնը և հայ ժողովրդի հպարտությունը՝ հաղթանակի կողքին։
Շնորհավորում ենք Կարեն Ասլանյանին, նրա մարզիչներին, հավաքականին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հաջողության մեջ։
Կեցցե՛ս, Կարե՛ն։ Քո հաղթանակը մեր բոլորի ուրախությունն է։
Լուսանկարը՝ Կարեն Ասլանյան / Հայաստանի ըմբշամարտի հավաքական։
Սուրբ Միքայել Հրեշտակապետն է (Archangel Michael)՝ Հռոմի հայտնի Կաստել Սանտ'Անջելոյի (Castel Sant'Angelo) գագաթին տեղադրված բրոնզե արձանը։
Ըստ ավանդության՝ 590 թվականին Հռոմում ժանտախտի համաճարակի ժամանակ Հռոմի պապ Գրիգոր Մեծը տեսիլք է ունեցել, որ հրեշտակապետ Միքայելը հայտնվել է ամրոցի վերևում՝ պատյանը դնելով սրին։ Դա մեկնաբանվել է որպես ժանտախտի ավարտի նշան։
Այսօր տեսանելի բրոնզե արձանը ստեղծել է ֆլամանդացի քանդակագործ Պետեր Անտոն ֆոն Վերշաֆելտը՝ 18-րդ դարում։ 
Այն խորհրդանշում է Հռոմի պաշտպանությունն ու հույսը։
4 /11/2026 Նիդ.օրագիր
Ալմելոյից՝ Բրյուսել․ հայ համայնքի ներկայացուցիչը՝ Եվրոպայի ընդլայնման գագաթնաժողովում
Ռուբին Հայկ Գելիչին մասնակցել է Euronews-ի EU Enlargement Summit 2026 միջազգային հանդիպմանը, որտեղ առիթ է ունեցել հանդիպելու և ողջունելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նիդերլանդների Ալմելո քաղաքի հայ համայնքի ակտիվ անդամ Ռուբին Հայկ Գելիչին մասնակցել է Բրյուսելում կայացած Euronews-ի՝ Եվրամիության ընդլայնման հարցերին նվիրված 2026 թվականի գագաթնաժողովին (EU Enlargement Summit 2026)։
Միջոցառմանը մեկտեղվել էին եվրոպական և միջազգային տարբեր ներկայացուցիչներ՝ քննարկելու Եվրոպայի ապագան, եվրոպական համագործակցությունը և Եվրամիության ընդլայնման գործընթացը։
Ինչպես իր տպավորություններում նշում է Հայկ Գելիչին, գագաթնաժողովը հնարավորություն է տվել ավելի խորությամբ ծանոթանալու աշխարհաքաղաքական զարգացումներին, եվրոպական երկրների և նրանց գործընկերների միջև համագործակցության դերին ու նշանակությանը։
Նրա համար այս միջոցառումն ուներ նաև անձնական նշանակություն։ Հայկական ծագում ունենալով՝ Հայկը առանձնահատուկ հետաքրքրությամբ է հետևում Հայաստանի զարգացմանն ու Եվրոպայի հետ հարաբերություններին։
Գագաթնաժողովի հիշարժան պահերից մեկը նրա շփումն էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայկ Գելիչին հանդիպել և ողջունել է վարչապետին՝ այդ դրվագը գնահատելով որպես իր մասնակցության առանձնահատուկ պահ։
«Հայկական ծագումս հաշվի առնելով՝ Հայաստանի զարգացումն ու Եվրոպայի հետ հարաբերություններն ինձ համար նաև անձնական նշանակություն ունեն»,– իր գրառման մեջ ընդգծել է նա։
Ռուբին Հայկ Գելիչիի կարծիքով՝ կարևոր է պահպանել կապերը, փոխանակվել տեսակետներով և նպաստել երկրների ու մշակույթների միջև կառուցողական երկխոսությանը։
Նիդերլանդների հայ համայնքի ակտիվ անդամի այս մասնակցությունը ևս մեկ առիթ է ընդգծելու, որ հայրենիքով հետաքրքրվածությունը, Հայաստանի եվրոպական կապերի զարգացումը և միջազգային գործընթացներին հետևելը չեն սահմանափակվում աշխարհագրական սահմաններով։
Գելիչին շնորհակալություն է հայտնել Euronews-ին՝ այս կարևոր հանդիպումը կազմակերպելու համար։
«Նիդերլանդական Օրագիր»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին, ովքեր Երևանում են գտնվում Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել. «Մենք իրար հետ, ըստ էության, վերջին տարիներին նոր ինստիտուտ և նոր համակարգ ենք ներդնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներգրավվածության համար: Մենք պետք է մեր համագործակցության առանցքում դնենք Հայաստանի Հանրապետության զարգացումը, Հայաստանի պետական ինստիտուտների, ընդհանուր առմամբ՝ պետականության, տնտեսության զարգացումը, և Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայության կյանքի էպիկենտրոնը: Պիտի արձանագրեմ, որ ըստ էության, զուգահեռ այդ պրոցեսը տեղի է ունենում, որովհետև տեսնում ենք, որ Սփյուռքի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ ավելի ակտիվ ներգրավվածություն են ունենում Հայաստանում տնտեսության, կրթության զարգացման գործում, և այդ ոլորտում մենք ունենք հանրահայտ, նույնիսկ՝ աշխարհահռչակ նախագծեր: Բայց կարևոր է նաև, որ մենք մեր ուղերձը հասցնենք հայության բոլոր շերտերին, բոլոր քաղաքացիներին»: Վարչապետն ընդգծել է, որ այս գործում չափազանց կարևոր է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի դերակատարումը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ղեկավարության ներքո:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև նոր Սահմանադրության նախագծի մասին և ընդգծել, որ այնտեղ անդրադարձ կա Հայաստան-սփյուռք հարաբերություններին. «Ես ուզում եմ ևս մի նրբության վրա հրավիրել ձեր ուշադրությունը, որովհետև, գիտեք, ըստ ամենայնի, որ մենք նոր Սահմանադրության տեքստի վրա ենք աշխատում և նախագիծը, որը հետագա մշակումների կենթարկվի, նոյեմբեր ամսվա ընթացքում կհրապարակվի: Այնտեղ շատ կարևոր անդրադարձ ունենք Հայաստան-սփյուռք հարաբերություններին և այդ հարաբերությունների նպատակին: Իհարկե, այդ հարաբերությունները միաշերտ չեն, բայց մենք կարևոր համարեցինք, որպեսզի այդ թվում՝ նոր Սահմանադրության նախագծում հստակ ձևակերպվեն, թե որն է ի վերջո Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը, որովհետև կարող են լինել ընթացիկ նպատակներ, բայց պետք է լինի նաև վերջնանպատակ: Եվ մենք եկել ենք այն եզրակացության, որ վերջնանպատակն, ի վերջո, հայրենադարձությունն է, որպեսզի մարդիկ իրենց կյանքի և կենսագործունեության կենտրոնը համարեն Հայաստանի Հանրապետությունը: Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես իրենց ինքնության շատ կարևոր և անբաժանելի մաս, որն իհարկե, կարտահայտվի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ և Հայաստանի Հանրապետությունում որոշակի գործունեություն ծավալելով»:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հանձնակատարների արդյունավետ փոխգործակցության խթանմանը, Հայաստան-սփյուռք համակարգային և արդյունավետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայք
Միասին ՀԿ/Miasin NGO համահայկական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացավ «Երաժշտական երկխոսություն․ Հայաստան-Իտալիա» խորագրով համերգը՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։
Միջոցառմանը ելույթ ունեցավ Իտալիայի Մարտելլագո քաղաքում գործող «G. Sinopoli» վոկալ անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Զոյա Թուխմանովա-Կարապետյանի ղեկավարությամբ։
Ծրագրում ներկայացվեցին հայ-իտալական հոգևոր և դասական և Մխիթար Մխիթար Սեբաստացու ստեղծագործություններից։
Համերգի ընթացքում ելույթ ունեցան նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներից Աշոտ Ղանթարջյանն ու Արծվիկ Դեմիրճյանը՝ դաշնակահար Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ, ինչպես նաև Ազատ Հովհաննիսյանը՝ Շահանե Աղաքարյանի նվագակցությամբ։
Համերգին ներկա էին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղբյանը, հյուրեր Հայաստանից և Սփյուռքից։
Ալեսանդրո Ֆերանտին իր խոսքում նշեց, որ Հայաստանի և Իտալիայի պատմամշակութային առնչությունները խոր արմատներ ունեն՝ ընդգծելով, որ երաժշտությունն ամուր կամուրջ է երկու հարուստ մշակույթների միջև։
Անդրադառնալով նաև Մխիթար Սեբաստացու թողած հսկայածավալ ժառանգությանը՝ դեսպանը նշեց նրա առանձնահատուկ դերը հայ-իտալական կապերի ամրապնդման գործում՝ նրան բնորոշելով որպես երկու ժողովուրդների բարեկամության և մշակութային երկխոսության խորհրդանիշ։
Գևորգ Չիչյանն իր խոսքում անդրադարձավ Մխիթար Սեբաստացու գիտակրթական վաստակին և բացառիկ դերակատարությանը՝ հայ ժողովրդի ազգային ինքնության, լեզվի, պատմական հիշողության, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործում՝ ընդգծելով, որ նրա թողած ժառանգությունն, իսկապես, անգնահատելի է։
Միաժամանակ նա խորին երախտագիտություն հայտնեց «Ջուզեպպե Սինոպոլի» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Զոյա Թուխմանովա-Կարապետյանին, երաժշտական դպրոցի տնօրեն Մոնիկա Զակկելոյին և անսամբլի բոլոր անդամներին՝ հայկական երաժշտության, ազգային ու հոգևոր մշակույթի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ հարգանքի, հետաքրքրության և նվիրվածության համար։
Գևորգ Չիչյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև ծրագրի բոլոր աջակիցներին և համագործակցող կառույցներին, որոնց անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ հնարավոր դարձավ նախաձեռնության իրականացումը։
Իրենց հերթին «Ջուզեպպե Սինոպոլի» անսամբլի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զոյա Թուխմանովա-Կարապետյանն ու համանուն երաժշտական դպրոցի տնօրեն Մոնիկա Զակկելոն շնորհակալություն հայտնեցին «Միասին» ՀԿ-ին հրավերի և ջերմ հյուրընկալության համար:
Միջոցառման ավարտին «Միասին» համահայկական ՀԿ-ն շնորհակալագրեր հանձնեց ծրագրի մասնակիցներին, աջակիցներին և գործընկերներին։
Scuola Di Musica Sinopoli
Ensemble Giuseppe Sinopoli
Հրդեհ՝ Երևանի «Կինոմոսկվա» կինոթատրոնի մուտքի մոտ
Նիդ.օրագիր / Նոյեմբերի 5, Երևան — Վերջին րոպեի տեղեկություն
Այսօր երեկոյան Երևանի կենտրոնում՝ «Կինոմոսկվա» կինոթատրոնի մուտքի մոտ, հրդեհ է բռնկվել։
Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ կրակը բռնկվել է կինոթատրոնի մուտքի հատվածում և արագ տարածվել դեկորացիաների վրա։ Ներկաները փորձել են ինքնուրույն մարել կրակը։ Նախնական տեղեկություններով՝ այրվել է մուտքի մոտ տեղադրված ամանորյա դեկորացիան։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, սակայն մինչ նրանց ժամանումը կրակը արդեն հաջողվել էր մարել։
Ըստ 5TV-ի՝ միջադեպը տեղի է ունեցել տարածքում ամանորյա միջոցառման և հրավառությունից հետո։
Այս պահին հրապարակված տեղեկություններում չկա հաստատում, որ հրդեհը տարածվել է «Կինոմոսկվա» շենքի ներսում կամ պատճառել է շենքի լուրջ վնասներ։
«Նիդերլանդական Օրագիրը» հետևում է դեպքի զարգացումներին և նոր տեղեկությունների առկայության դեպքում կտեղեկացնի ընթերցողներին։
Հաագան նոյեմբերին
Հաագան՝ Նիդերլանդերեն Den Haag, կամ պաշտոնական հին անվամբ՝ 's-Gravenhage։
Նոյեմբերին քաղաքը կարծես փոխում է իր տրամադրությունը։ Աշնան վերջին տերևները, թաց ասֆալտը, ծովից եկող քամին ու վաղ մթնող երկինքը Հաագային տալիս են մի առանձնահատուկ գույն։
Հաագան, Ռոտտերդամի նման, բազմամշակութային քաղաք է։ Այստեղ աշխարհի տարբեր անկյուններից եկած մարդիկ ապրում են կողք կողքի՝ տարբեր լեզուներով, տարբեր սովորություններով, տարբեր կենսակերպերով։
Եվ կան փողոցներ, որոնցով անցնելիս երբեմն ուզում ես պարզապես որքան հնարավոր է արագ դուրս պրծնել այդ խելահեղ, գլխապտույտ առաջացնող անցուդարձից։
Մարդկանց հոսք, մեքենաների ու հեծանիվների անվերջ շարժ, խանութների ցուցափեղկեր, տարբեր լեզուներով խոսակցություններ, փողոցային աղմուկ… Հաագան երբեմն ոչ թե քաղաք է թվում, այլ մի հսկայական բեմ, որտեղ յուրաքանչյուր անցորդ իր փոքրիկ դերն ունի։
Բայց բավական է մի պահ կանգնել այդ ամբողջ շարժումից հեռու։
Եվ հանկարծ նկատում ես նոյեմբերյան Հաագայի մյուս դեմքը՝ թափվող տերևները, լուռ ծառուղիները, հին շենքերի պատերը, անձրևից փայլող փողոցները և այն խաղաղությունը, որը երբեմն թաքնված է ընդամենը մեկ փողոցի այն կողմում։
Անահիտ Աղաբեկյան ( Anahit Aghabekyan )
Սոֆիա–Երևան նոր ուղիղ ավիաչվերթ․ GullivAir-ը մեկնարկեց թռիչքները
Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության Սոֆիա–Երևան մեկնարկային չվերթը։
Նոր ավիահաղորդակցությունը Հայաստանի և Բուլղարիայի միջև օդային կապի ընդլայնման հերթական քայլն է՝ նոր հնարավորություններ ստեղծելով երկու երկրների քաղաքացիների, զբոսաշրջիկների, գործարարների և հայկական ու բուլղարական համայնքների համար։
Մեկնարկային չվերթի դիմավորման խորհրդանշական արարողությանը ներկա էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևան։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը, «GullivAir» ավիաընկերության տնօրենի տեղակալ Իվայլո Իգնատովը և այլ պաշտոնատար անձինք։
Շաբաթական երկու չվերթ
Սոֆիա–Երևան–Սոֆիա երթուղով կանոնավոր չվերթերը նախատեսվում են շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին։
Թռիչքները կիրականացվեն Airbus A320 օդանավերով՝ «Bulgaria Air» ավիաընկերության հետ համագործակցությամբ։
Նոր երթուղին հատկապես կարևոր կարող է լինել ոչ միայն զբոսաշրջային, այլև գործարար, մշակութային և մարդկային կապերի զարգացման տեսանկյունից՝ ավելի մատչելի դարձնելով Հայաստանի և Բուլղարիայի միջև ճանապարհորդությունը։
Հնարավորություն նաև Նիդերլանդներում բնակվող հայերի համար
Նիդերլանդներում բնակվող հայերի համար Սոֆիայի միջոցով Երևանի հետ նոր ավիակապը ևս կարող է հետաքրքրություն ներկայացնել։ Բուլղարիայի մայրաքաղաքը կարող է դառնալ Հայաստանի հետ ճանապարհորդության լրացուցիչ տարանցիկ ուղղություն՝ հատկապես այն դեպքում, երբ Երևան ուղիղ չվերթների ժամանակացույցը կամ տոմսերի գները հարմար չեն։
Ավիատոմսերի առկայության, չվերթների ժամանակացույցի և ամրագրման պայմանների վերաբերյալ մանրամասները հասանելի են «GullivAir»-ի պաշտոնական կայքում կամ տեղական տուրիստական գործակալությունների միջոցով։
«Նիդերլանդական Օրագիրը» շնորհավորում է նոր ավիաուղու մեկնարկը և մաղթում անվտանգ ու բարեհաջող թռիչքներ։
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահը անվանակոչվել է Եղիշե Չարենցի անունով
Երևան, 9 նոյեմբերի 2026 թ. — Իրանի փոխնախագահ, դոկտոր Փուրմոհամադիի մասնակցությամբ Երևանում տեղի ունեցած Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահը անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։
Միջոցառումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին։ Հայտարարության համաձայն՝ սրահին Չարենցի անունը տալու նախաձեռնությունը իրականացվել է «Շահնամե»-ի հայերեն թարգմանության ներկայացման հանդիսության շրջանակում։
Եղիշե Չարենցը (1897–1937) հայ գրականության 20-րդ դարի նշանավոր ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ-իրանական մշակութային կապերի պատմության մեջ։
Կապույտ մզկիթը՝ Երևանի պատմական կենտրոնում գտնվող 18-րդ դարի պարսկական մշակութային հուշարձանը, շարունակում է մնալ հայ-իրանական պատմամշակութային առնչությունների կարևոր խորհրդանիշներից մեկը։
Միջոցառման ընթացքում ներկայացված Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանությունը ևս ընդգծում է երկու ժողովուրդների գրական և մշակութային ժառանգության փոխադարձ կապերը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 15-ին՝ կիրակի օրը, ժամը 11:30-ին, Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ։
Պատարագիչ՝ Տեր Խաչատուր քահանա Ֆրանգյան։
Սիրով սպասում և ակնկալում ենք բոլորիդ ներկայությունը՝ միասին մասնակցելու Սուրբ Պատարագին և հաղորդակից դառնալու հոգևոր այս արարողությանը։
Սիրով՝ Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցի
Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht
MEDEDELING
Beste landgenoten,
Met genoegen delen wij u mee dat op zondag 15 november om 11.30 uur de Heilige en Goddelijke Liturgie zal worden opgedragen in de Sint-Karapetkerk in Maastricht.
De celebrant is priester Khachatur Frangyan.
Wij hopen u allen van harte te mogen verwelkomen om samen deel te nemen aan deze heilige liturgie.
Met vriendelijke groet,
Sint-Karapetkerk Maastricht













No comments:
Post a Comment