Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելություն է անցկացվել Եվրախորհրդարանում՝ ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության և Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ։
Նոյեմբերի 10-ին կայացած միջոցառումն առանձնահատուկ էր նրանով, որ նման ընդունելություն Եվրախորհրդարանում Հայաստանի անկախության տարեդարձի առիթով անցկացվել է առաջին անգամ։
Միջոցառումը բացեց Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը՝ ընդգծելով Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող գործընկերության նշանակությունը և Եվրախորհրդարանի կողմից Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի աջակցությունը դարձել է Եվրախորհրդարանի օրակարգի առաջնահերթություններից մեկը։
ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն իր հերթին շնորհակալություն հայտնեց եվրոպացի պատգամավորներին՝ Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության և Հայաստանի առջև ծառացած բարդ խնդիրներին անդրադառնալու համար։
Դեսպանը կարևորեց Հայաստան–ԵՄ հարաբերությունների հագեցած օրակարգը, բարձրաստիճան փոխայցելությունները և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ համագործակցությունը։
Անդրադառնալով վերջին շրջանի արդյունքներին՝ Տիգրան Բալայանը առանձնացրեց Եվրախորհրդարանի պատգամավորների գրասենյակների աշխատանքը, որի արդյունքում, նրա գնահատմամբ, ընդունվում են Հայաստանի համար գործնական նշանակություն ունեցող որոշումներ։ Որպես օրինակ նա նշեց Եվրամիության կողմից Հայաստանի համար վերջերս ընդունված՝ ինքնավար առևտրային արտոնությունների տրամադրման որոշումը։
Ելույթի ընթացքում դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Եվրամիության դերակատարությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների, ոլորտային համագործակցության խորացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացներում։
Ընդունելությանը մասնակցել են Եվրախորհրդարանի տարբեր քաղաքական խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ։ Ըստ ՀՀ ներկայացուցչության՝ նրանց մասնակցությունը միջոցառմանը ստեղծել է անմիջական և ջերմ մթնոլորտ՝ ընդգծելով Հայաստանի նկատմամբ եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական ուժերի հետաքրքրվածությունը։
Նյութը՝ ՀՀ դեսպանության/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության հաղորդագրության հիման վրա։
Լուսանկարները՝ Հայկ Հովհաննիսյան։




.jpg)


No comments:
Post a Comment