The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 6 November 2026

Կարինե Քլյան․ իմ ուղերձը Հայաստան–Սփյուռք հարաբերությունների մասին

 «Նիդերլանդական Օրագրի» 5 հարցերը՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի մասնակցին


Զրուցակիցը` Կարինե Քլյան — Նիդերլանդներ

Ես Կարինե Քլյանն եմ՝ կլինիկական նուտրիցիոլոգ (սննդաբան)։ Կրթությունս ստացել եմ Նիդերլանդներում։ Մասնագիտական ուղիս սկսել եմ որպես դատական թարգմանչուհի Նիդերլանդներում, այնուհետև ավարտել եմ սոցիալ-իրավաբանական ծառայությունների բաժինը և աշխատել քաղաքապետարանում։

Միշտ ակտիվ եմ եղել հասարակական և քաղաքական կյանքում։ Ընտրվել եմ Նիդերլանդների Դե Բիլթ քաղաքի ավագանու անդամ՝ VVD լիբերալ կուսակցությունից։ Հինգ տարի զբաղվել եմ միջազգային կապերով և միջոցառումների կազմակերպմամբ։

Կազմակերպել եմ տարբեր մշակութային միջոցառումներ, որոնց մասնակցել են հայ արտիստներ և թատերախմբեր, այդ թվում՝ Նարեկ Դուրյանն իր խմբով։ Ակտիվորեն համագործակցել և աջակցել եմ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությանը։

---------

 1. Ի՞նչ ակնկալիքներով եք մասնակցում այս գագաթնաժողովին, և ի՞նչ կցանկանայիք, որ փոխվեր դրա արդյունքում։

-Գագաթնաժողովին մասնակցելու իմ հիմնական նպատակներից էր ավելի լավ ճանաչել այսօրվա Հայաստանը՝ հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում, ինչ կարիքներ ու առաջնահերթություններ ունի երկիրը, և ինչ կարող է Հայաստանն առաջարկել Սփյուռքին ու Նիդերլանդների Թագավորությանը։

Ինձ հետաքրքրում է նաև, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության համար։

Ինձ համար կարևոր էր հանդիպել նոր մարդկանց, լսել նրանց փորձն ու գաղափարները և գտնել համագործակցության ուղիներ։ Միաժամանակ հույս ունեմ, որ Հայաստանը տարեցտարի կզորանա և կզարգանա՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որ Սփյուռքի ավելի շատ հայեր ցանկանան վերադառնալ և իրենց գիտելիքներով, փորձով ու աշխատանքով մասնակցել երկրի ապագայի կերտմանը։

Կցանկանայի, որ գագաթնաժողովի ընթացքում հաստատված կապերը շարունակվեին նաև հետագայում և վերածվեին գործնական, երկարաժամկետ նախաձեռնությունների։

2. Ձեր կարծիքով՝ այսօր ո՞րն է Հայաստան–Սփյուռք հարաբերությունների ամենակարևոր խնդիրը։

-Կարծում եմ՝ կարևոր խնդիրներից մեկը փոխադարձ վստահության և շարունակական, գործնական համագործակցության պակասն է։

Սփյուռքի ներուժը մեծ է, բայց այն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ են հստակ նպատակներ, բաց երկխոսություն և տեսանելի արդյունք ունեցող ծրագրեր։

 3. Ի՞նչ կարող է անել Սփյուռքն այսօր Հայաստանի համար, և ի՞նչ եք ակնկալում Հայաստանից՝ Սփյուռքի ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու համար։

-Սփյուռքը կարող է Հայաստանին աջակցել իր մասնագիտական գիտելիքներով, միջազգային կապերով, ներդրումներով ու մշակութային գործունեությամբ, ինչպես նաև Հայաստանի մասին տեղեկությունը տարածելով տարբեր երկրներում։

Ակնկալում եմ, որ Հայաստանը հստակ կներկայացնի իր կարիքներն ու առաջնահերթությունները, կստեղծի Սփյուռքի մասնագետների հետ համագործակցելու կայուն ուղիներ և կաջակցի այն նախաձեռնություններին, որոնք կարող են երկարաժամկետ արդյունք տալ։

4. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի արտերկրում ծնված ու մեծացած հայ երիտասարդները պահպանեն իրենց կապը Հայաստանի, հայոց լեզվի և ազգային ինքնության հետ։

-Այդ կապը պետք է պահպանել ընտանիքի, համայնքի և կրթության միջոցով։

Կարևոր են հայերենի մատչելի դասընթացները, մշակութային ու կրթական միջոցառումները, երիտասարդական փոխանակման ծրագրերը և Հայաստան այցելելու հնարավորությունները։

Երիտասարդներին պետք է հնարավորություն տալ անձամբ ճանաչելու Հայաստանը, շփվելու հասակակիցների հետ և մասնակցելու համայնքային կյանքին։ Այդ կապը պետք է լինի բնական, ջերմ և նրանց համար իմաստալից։

5. Եթե Հայաստանի իշխանություններին և Սփյուռքի կառույցներին մեկ ուղերձ փոխանցելու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կասեիք նրանց։

-Իմ ուղերձն է՝ լսել միմյանց, գործել վստահությամբ և համագործակցությունը կառուցել երկարաժամկետ նպատակների շուրջ։

Սփյուռքը պետք է դիտարկել որպես Հայաստանի հետ ընդհանուր ապագա կերտող գործընկեր։

Միասին կարող ենք ստեղծել ավելի ուժեղ Հայաստան և այնպիսի ապագա, որին Սփյուռքի ավելի շատ հայեր կցանկանան վերադառնալ։

--------------------

«Նիդերլանդական Օրագրի» արձագանքը

Նաիրա Գասպարյան, «Նիդերլանդական Օրագրի» թղթակից

Հրաշալի է, սիրելի՛ Կարինե։ Դուք նշեցիք ամենակարևոր պայմաններից մեկը՝ առանց փոխադարձ վստահության հնարավոր չէ իրական համագործակցություն։

Եթե Հայաստանը կարողանա ամուր կանգնել սեփական ոտքերի վրա և ստեղծել զարգացման ու արժանապատիվ կյանքի կայուն պայմաններ, ապա հայության վերադարձի ցանկությունն, անկասկած, ավելի մեծ հնարավորություն կունենա իրականություն դառնալու։

Ինձ հատկապես հիացնում է այն հանգամանքը, որ Սփյուռքի մասնագետներն այսօր ակտիվորեն փնտրում են գիտելիքների, փորձի և հնարավորությունների փոխանակման նոր ուղիներ։

Կարծում եմ՝ Սփյուռքը և Հայաստանը պետք է դիտարկվեն որպես մեկ ընդհանուր ապագա կերտող ամբողջություն, որտեղ յուրաքանչյուր մասն իր գործառույթն ու պատասխանատվությունն ունի։

Շնորհակալություն Ձեզ՝ այս կառուցողական դիրքորոշման և Հայաստան–Սփյուռք համագործակցության նկատմամբ Ձեր վերաբերմունքի համար։

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր արդյունավետ նախաձեռնություններ։

No comments:

Post a Comment