09.11.2026/Նիդ.օրագիր
Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին» արժանացած «Շան պատմությունը»՝ ռեժիսորի երեք ֆիլմերի հետահայաց ցուցադրության առանցքում
Նոյեմբերի 9-ին Երևանի «Նաիրի» կինոթատրոնում մեկնարկեց ֆրանսահայ անվանի դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ ռետրոսպեկտիվը։ Միջոցառման բացման արարողությանը ներկա էր նաև ինքը՝ արվեստագետը, որը հանդիպեց հանդիսատեսին և իր գործընկերներին։
Ցուցադրությանը մասնակցել է նաև Աբովյան մշակութային միության անդամ Մաթո Հախվերդյանը՝ տիկնոջ՝ Նիդերլանդների հայ համայնքի ակտիվ անդամ Ինգա Դրոստի հետ։ Նրանք Երևանում էին և մասնակցում էին Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքներին։
Մաթո Հախվերդյանը կինոթատրոնի միջոցառման մասին իր տպավորությունները կիսել է հետևյալ գրառմամբ.
«Այսօր Երևանի Նաիրի կինոթատրոնում սկսվեց մեծանուն դերասան և կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը (ռետրոսպեկտիվ)։ Մեծ երջանկություն էր ներկա գտնվել այդ հրաշալի միջոցառման բացման արարողությանը, լսել մեծանուն արվեստագետին և նրա գործընկերներին, դիտել նրա երեք ֆիլմերը՝ ընդ որում «Շան պատմություն» (Chienne d’histoire) անիմացիոն ֆիլմը, որն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։»
Ռետրոսպեկտիվի բացման ժամանակ ներկայացվել են Ավետիքյանի երեք անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծ» (Life Line), «Մի գեղեցիկ առավոտ» (One Fine Morning) և «Շան պատմություն» (Chienne d’histoire)։
Դրանցից առանձնահատուկ ուշադրության է արժանի «Շան պատմությունը», որը 2010 թվականին Կաննի 63-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է կարճամետրաժ ֆիլմի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։
Ֆիլմի հիմքում 1910 թվականին Կոստանդնուպոլսում տեղի ունեցած պատմական իրադարձությունն է։ Երիտթուրքական իշխանությունների որոշմամբ քաղաքի տասնյակ հազարավոր թափառական շներ հավաքվել և տեղափոխվել են անմարդաբնակ կղզի՝ փաստորեն մատնվելով սովի ու մահվան։ Պատմական այս դրվագը Սերժ Ավետիքյանի մեկնաբանությամբ վերածվում է բռնության, անտարբերության և իշխանության կամայականությունների մասին այլաբանական պատմության։ Կենդանիների ճակատագիրը ֆիլմում դառնում է մարդկային ողբերգությունների արտացոլում։
Երևանում կազմակերպված հետահայաց ցուցադրությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու Սերժ Ավետիքյանի բազմակողմանի ստեղծագործական աշխարհը։ Ծնունդով երևանցի արվեստագետը ֆրանսիական կինոյում և թատրոնում իր ուրույն տեղն է զբաղեցրել՝ հանդես գալով որպես դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Նրա աշխատանքներում հայկական հիշողությունն ու պատմական փորձառությունը հաճախ ներկայացվում են համամարդկային հնչողությամբ՝ հասկանալի տարբեր մշակույթների ու հանդիսատեսների համար։
Մաթո Հախվերդյանը և Ինգա Դրոստը այս մշակութային իրադարձությանը ներկա են գտնվել սփյուռքի համաշխարհային երորրդ համաժողովի ավարտի հաջորդ օրը։ Սա վկայում է Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների՝ Հայաստանի մշակութային կյանքին հետևելու և դրանում անմիջականորեն ներգրավվելու հետաքրքրությանը։
Նկարում` Մաթո Հախվերդյանը և Ինգա Դրոստը Սերժ Ավետիքյանի հետ



No comments:
Post a Comment