The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 14 July 2018

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Անհրաժեշտ ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրության մեջ.
Նոր բացահայտումներ

Նիկոդիմոս Եսայու Ամատունի (Ռուս. Аматуни Никодим Исаевич) 

Մեզանում անտեսված ազնվականության դասը

Դարեր ի վեր Հայոց պետականության կորստի, այնուհետև օտար տիրակալների քմահաճ, զավթողական վերաբերմունքի պայմաններում հատկապես մեծ հարված հասցվեց հայ ազնվական դասին, շատ գերդաստաններ պարզապես կանգնեցին վերացման եզրին, նրանց մի մասից խլվեցին ունեցած իրավունքներն ու արտոնությունները, մյուսները չենթարկվելով անարդարությանը պարզապես հանգրվան գտան օտարության մեջ: Շատ քիչ ազնվական տոհմերի ներկայացուցիչներ կարողացան իրենց մենաշնորհն ու դիրքը մինչև վերջ օգտագործել՝ ընդհուպ բոլշևիկների Խորհրդային երկրի ստեղծումը, որով էլ խաչ քաշվեց և վերացվեց անգամ ԱԶՆՎԱԿԱՆ բառի գործածությունը: Ամատունի և մյուս հայտնի տոհմերի շատ անվանի զավակներ, հավատարմորեն ու անձնուրաց մինչև կյանքի վերջ ծառայեցին իրենց ժողովրդին: Թեև բոլշևիկների տիրապետությունը վերջ դրեց ազնվականության դասի գոյությանը՝ թեև նրա որոշ ներկայացուցիչներ, արդեն իրենց տիտղոսը պաշտոնապես՝ իրենց ազգանունից առաջ չեն կրել, բայց և այնպես շարունակել են իրենց նախնիների ավանդույթները, շարունակել են մեծ ներդրում ունենալ գիտական, քաղաքական, գրական և այլ շրջանակներում : Ցավոք, նրանց մասին քչից-շատից ավելի հիշում են Ռուսաստանում և հարևան Վրաստանում, քան մեզ մոտ՝ Հայաստանում: Առաջին անգամ հայ իրականության մեջ, ուզում եմ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել դեռևս նրանց համար անհայտ, բայց իր գործունեությամբ  բավական հայտնի մի անուն`  իշխան Նիկոդիմոս Եսայու Ամատունի:

Նիկոդիմոս Եսայու Ամատունի (Ռուս. Аматуни Никодим Исаевич) Իշխան, Ամատունիների ազնվական տոհմից՝  նրա   ազգակիցների իշխանական տիտղոսը ևս մեկ անգամ  վերահաստատվել է  1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի  հրովարտակով, ապա 1826 թ. Ռուսաստանի Նիկոլայ Առաջին ցարի հրամանով: Պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), ցարական Ռուսաստանի 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ  հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է ցարական Ռուսաստանի կայսերության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության  պատասխանատու պաշտոններ, եղել է  Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո , եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:

1920թ.Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության(1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը(1935) , եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:

Հայկական հանրությանը անհայտ, բայց բավականին հայտնի մարդը



Դժբախտաբար իրականություն է, որ հայ հասարակայնությանը հայտնի էլ չէ նրա անունը, մասամբ էլ՝ կորսված սոցիալիստական կեղծ ժամանակաշրջանի վակումի ու թանձր վարագույրի պատճառով: Նրա մասին, անգամ հայկական հանրագիտարաններում և պատմական աղբյուրներում ոչինչ չկա:  Որպեսզի ընթերցողը կարողանա մոտավոր պատկերացում կազմել՝ թե ո՞վ է Նիկոդիմոս Ամատունին, ասենք, որ  նա՝  հայ եկեղեցական, գրական կյանքում հայտնի, «Հայոց բառ ու բան» բառարանի և այլ աշխատությունների հեղինակ Սահակ Վարդապետ Ամատունու հորեղբոր տղան է, այն ժամանակ բավական հայտնի, Օշականի ավագ քահանա տեր Եսայու որդին`  մի  մարդ, որի   եռանդուն նախաձեռնությամբ հիմքից վերականգնվեց Օշականի եկեղեցու շենքը:


Սահակ Վարդապետ Ամատունին՝ «Հայոց բառ ու բան» բառարանի հեղինակը: Ժամանակին  հեղինակը գիրքը նվիրել է Նիկոդիմոս Ամատունուն:


Հիշյալ հոդվածի հեղինակ՝ Վահան Ամատունին` իր պապի եղբորորդի, Օշական գյուղի  60-ականների ավագ քահանա` Վազգեն Ամատունու հետ:Նիկոդիմոս Ամատունին նրանց պապի հորեղբոր և պապի եղբոր տղան է:


Նիկոդիմոս Ամատունու մասին  իմացել և լսել եմ մանկուց, ուրախ ու հպարտ  եմ, որ նրա ազգականն եմ ու նրա անունը, գործն ու մարդկային հատկանիշները ուժերիս ու աջակիցներիս ջանքերով բացահայտելու եմ՝ ափսոս միայն այսքան ուշացումով, երբ ավելի վաղ շատ վկայություններ   կարելի կլիներ հայթայթել:  Միակ տեղեկություններ հավաքելու աղբյուրը նրա հարազատներն էին: Մտահաղացումը կար,  լրագրող աշխատած տարիներին պետք է հանդիպեի Նիկոդիմոսի եղբոր թոռանը՝ Օշականի միջնակարգ դպրոցի ուսուցիչ՝ Իշխան Ամատունուն: Նա խոստացել էր  հարուստ  տեղեկություններ ու փաստեր տրամադրեր Նիկոդիմոս Ամատունու մասին: Ցավոք վաղաժամ մահը, այնուհետև խորհրդային երկրի փլուզումը տասնամյակներով հետ պահեց նպատակի իրագործումից: Միայն տարիներ անց, երբ ինտերնետում ժլատ կենսագրական տեղեկություններ հայտնվեց Նիկոդիմոս Ամատունու մասին, հնարավորություն ունեցա հանդիպել երջանկահիշատակ Իշխան Ամատունու որդուն՝ Գարեգին Իշխանի Ամատունուն: Նրա տրամադրած Նիկոդիմոս Ամատունու և Տեր Եսայի քահանայի ընտանիքի լուսանկարները անկրկնելի են ու արժեքավոր:   Եթե հայ շրջանակներում չգիտեն թե ով է Նիկոդիմոս Ամատունին, ապա նրա անունը թեև ժլատ, բայց շրջանառվում էր վրացական և ռուսական աղբյուրներով: Հակիրճ շեշտվում է նրա ծննդյան, մահվան վայրերն ու տարեթվերը, զբաղեցրած դիրքը…

Երբ անհրաժեշտ է տեր կանգնել սեփական արմատներին

Գարեգին Իշխանի Ամատունին իր նախնիների լուսանկարների հետ

Արդեն տարիներ առաջ առիթ եղել է Նրա կենսագրական որոշ տվյալներ ճշգրտելու և օտար աղբյուրներում իրենց վերագրվող մեր իշխանի ազգային պատկանելիությունը վերականգնելու հնարավորությունը:

Առաջին անգամ նրա մասին կարդացի վրացական nobility.pro կայքում, որտեղ ի թիվս վրաց այլ իշխանների՝ առանց լուսանկարի, հիշատակվում էր նաև Նիկոդիմոս Ամատունու անունը՝ ծնված 3.05.1865, Թիֆլիս քաղաքում:
Անմիջապես կապվեցի կայքը համակարգողի հետ, որի անունը Լևան էր և հայտնեցի, որ  Նիկոդիմոս Ամատունին ազգությամբ հայ իշխան է և ծնվել է Օշական գյուղում, որպես ապացույց ուղարկեցի՝ ներկայումս իրենց կայք էջում տեղադրված և հետագայում վիքիպեդիա հանրագիտարանում շրջանառվող Նիկոդիմոս Ամատունու լուսանկարը: Լևանը խոստացավ, որ նամակը կփոխանցի կայքի տնօրենին՝ Յուրի Կոստանտինի Չիկովանուն, որը նույնպես ազնվական տոհմից է: Ի պատիվ Չիկովանու՝ նա տեղադրեց լուսանկարը, ճիշտ է ծննդյան տարեթիվն ու վայրը անփոփոխ թողեց, բայց լուսանկարի վերևում ավելացրեց որոշ փոփոխություններ՝մասնավորապես, որ նա ծնվել է Օշական գյուղում:

Հետո Նիկոդիմոս Ամատունու անունը՝ արդեն որպես ռուս իշխան՝ թեև որոշ տեղերում նշվում էր նրա հայազգի լինելը, հանդիպեցի ցարական Ռուսաստանի գրեթե բոլոր հանրագիտարաններում և պաշտոնյաների կատալոգային ցուցակներում, նույնիսկ գիտական աշխատություններում: Հետաքրքիր աշխատության հեղինակ է ազգագրագետ Սերգեյ  Դմիտրիևը իր՝  «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)»  2011թ. հրապարակած ուսումնասիրությամբ: Այստեղ բացահայտվում են Նիկոդիմոս Ամատունու  այդ ժամանակաշրջանի կենսագրական տվյալներ: Ափսոս, որ Սանկտ Պետերբուրգի ռուսական ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջին կարգի գիտաշխատող , պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սերգեյ  Դմիտրիևը անակնկալ կերպով՝  2013 թվականին, պատմական տեղանքի ուսումնասիրման ժամանակ,   անհետանում  է Ղազախստանի տափաստաններում: մինչև օրս նրա մասին տեղեկություն չկա:

Այլապես Նիկոդիմոս Ամատունու մասին ավելին իմանալու  համար՝ մեծ կլիներ նրա հետ անձնական փոխհարաբերություններ հաստատելու և համագործակցելու խնդիրը:

Դմիտրիևը գիտնականներին մատնացույց էր անում՝  լուրջ ուսումնասիրության ենթարկել Նիկոդիմոս Ամատունու գործունեությունը, նա Ամատունուն դասում էր այն արևելագետ-տեսաբանների շարքին, ովքեր թեև այս բնագավառում հատուկ աշխատություններ չեն թողել, բայց բացառիկ պրակտիկ գործունեություն են ծավալել, հսկայական ներդրում են ունեցել  Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը:

Ներկայիս Ռուսաստանի ազգագրական թանգարանը, որտեղ աշխատել է Դիմիտրիևը, նախկինում կոչվել է` իմպերատոր Ալեքսանդր 3-րդի ռուսական թանգարան: Այստեղ են պահվում Նիկոդիմոս Ամատունու Պարսից ծոց կատարած արշավանքի ամենատարբեր ցուցանմուշները՝  այդ թվում Նիկոդիմոս Ամատունու  սեփական 250 նմուշի առարկաներ, որոնք  այսօր էլ ցուցադրվում են :

Մեզ համար ոչ պակաս արժեքավոր է 1996թ. Մոսկվայում հրատարակված «Ռուսական կայսրության ազնվական տոհմերը» («Дворянские Роды Российской Империи» том 4) գիրքը:
«Ռուսական կայսրության ազնվական տոհմերը» («Дворянские Роды Российской Империи» том 4) գրքից:

 Գրքի 4-րդ հատորը  հետագա հիմք հանդիսացավ լրացուցիչ ուսումնասիրությունների համար: ՈՒշագրավն այստեղ ներկայացվող Ամատունիների տոհմածառն է, որը խստիվ համընկնում է Օշականում ամատունիների մոտ գտնվող տոհմածառին՝ տարբերությամբ, որ Նիկոդիմոս Ամատունին ներկայացված է ուղիղ ժառանգական գծով՝ Հայրը Եսային, պապը՝ Ղազարը, վերջինիս հայրը՝ Գասպարը: Գրքի մեջ ճյուղավորումներով ներկայացրած է Գասպարի եղբոր` Սարգիսի տոհմածառը: Վերջինս էլ հիմք է դրել Թիֆլիսում ապրող Ամատունիների ճյուղին, որը պակաս կարևոր չէ հետազոտման առումով:  Ամատունիների արժանի զավակների մասին պատմելիս, անշուշտ հիմք կընդունենք այս գծագիրը:

Անհրաժեշտ ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրության մեջ 
Նիկոդիմոս Ամատունու ծնողները՝ Մարգարիտը և Տեր Եսային

Այժմ որոշ էական ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրական տվյալներում: Նախ՝ անվան շուրջ որոշ բացատրություն: Աստվածաչնչում հանդիպող անուն է: Ռուսերեն գրվում է՝ Никодим: Հենց այս ձևով էլ՝ князь Никодим Аматуни, կամ Аматуни Никодим Исаевич ձևն առանց որևէ խնդրի շրջանառվում է  ռուսական տարբեր աղբյուրներում: Ինչպես տեսնում եք՝ հայրանունը ռուսերեն գրությունում ևս փոփոխված է: Հայերեն ոչ թե Исаевич, այլ՝ Եսայու: Տոհմածառի հայկական շատ անուններ այս սկզբունքով փոփոխվել են: Այսպես. Ազարբեկը՝  Ազարյա, Հովհաննեսը՝ Իվան, Սարգիսը՝ Սերգեյ, Ղազարը՝ Լազար և այդպես շարունակ:

Հունարեն ծագմամբ այս անունը՝ Νικόδημος , նշանակում է «հաղթանակած ժողովուրդ»:  Էականը սակայն նա է, որ հայերեն Աստվածաշնչում անվան վերջին` ի տառը գրվում է՝ ե, այսինքն՝  ոչ  թե Նիկոդիմ կամ Նիկոդիմոս, այլ՝  Նիկոդեմոս: Այս վերջին տարբերակով է Վիքիպեդիայում գրվել Նիկոդիմոսի անունը: Փաստն այն է, որ Օշականի ավագ քահանա Եսայի տեր Ամատունին իր որդուն անվանակոչել է,  ոչ թե Նիկոդեմոս, այլ՝ Նիկոդիմոս:
Նախքան ապացույց ներկայացնելը ճշտենք նրա բնակության վայրն ու տարեթիվը ևս, այնուհետև իմ այսքան տարիների ձեռք բերած համեստ տեղեկություններով կպատմեմ Ամատունի ազգանունը կրող ու մեզ անհայտ իսկական մտավորականի կյանքի մյուս դրվագների մասին:

Ռուսական, վրացական ու  նաև ֆրանսիական  գրեթե բոլոր աղբյուրները վկայում են, որ Նիկոդիմոս Ամատունին ծնվել է  1865թ մայիսի 3-ին Թիֆլիսում և մահացել 1946թ. մարտի 4-ին Փարիզում:

 Հետաքրքիր է, որ  նրա  մասին  ուսումնասիրություն կատարած Ռուսաստանի Սանկ Պետերբուրգի ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» աշխատության մեջ գրել է, որ Նիկոդիմոս Իսայևիչ Ամատունին, հայ Առաքելական եկեղեցու հավատքի հետնորդ, ծնվել է 1862 թվականի մայիսի 3-ին: Ինչպես տեսնում եք, տարբերվող տարեթիվ: Հետաքրքրականը նաև այն  է, որ գիտնականը չի նշել ծննդյան վայրը: Այն, որ Նիկոդիմոս Ամատունին Օշականում է ծնվել և այդ  մասին  ժամանակին անհերքելի  կենդանի վկայություններ եմ  լսել  մեր  բարեկամ-ազգակիցներից, կասկած չի հարուցում: Հենց այս փաստն էլ հանգիստ չտվեց երկարատև հետազոտություն կատարել  Հայաստանի  պետական արխիվում՝ մնում էր  պարզել նրա ծննդյան տարեթիվը՝  ճիշտ է, թե՞  սխալ: Հայաստանի ազգային արխիվում բազմաթիվ օրերի պրպտումներից հետո, 1842-1879թվականների Օշականի եկեղեցու չափաբերական մատյանում՝  1859 տարեթվի  ներքո՝ գրված  Օշական գյուղի մյուս քահանա  Յոհակիմ  Մելիքյանի ձեռամբ, հետևյալ  արձանագրությանը հանդիպեցինք.

«Եսայի Ղազարյան Ամատունի, օրինավոր կինը Մարգարիտ Գևորգի՝ ծնեց զավակ արու, ի հայոց դավանության»  նշված է օրը՝ մայիսի 15, մկրտման օրը՝ 25: Գրանցված է մանկան անունը՝ Նիկոդիմոս, կողքի սյունակում գրված է՝ կնքահայրը «Նախիջևանից Գաբրիել տեր Աբրահամյան, վկա՝ տանուտեր Մկրտիչ տեր Մեսրոպյան»:

1842-1879թվականների Օշականի եկեղեցու չափաբերական մատյանի ձեռագրերը(ՀԱԱ,ֆ.47,ց.1,գործ773)
 

Այսպիսով՝  Նիկոդիմոս Ամատունու ճշգրիտ ծննդյան տարեթիվն է, ոչ թե 1865-ը, կամ 1862-ը, այլ՝ 1859 թվականի մայիսի 15-ը, նոր տոմարով՝ ճիշտ մայիսի 3-ը (ՀԱԱ,ֆ.47,ց.1,գործ773): Դժվար է կռահել, ինչու՞ է փոխվել Նիկոդիմոս Ամատունու ծննդյան վայրն ու տարեթիվը, միգուցե՞  ուսումնառության, կամ այլ նկատառումներով այդպես հարմար է եղել:

Մյուս փոքրիկ թյուրիմացությունը, որ պարզել ենք՝ կապված է նրա ծառայողական պաշտոնական դասին: Մասնավորապես հայկական վիքիպեդյայում և հետին թվով մի հուշագրությանը կցված ծանուցագրում՝  Ն.Ամատունուն վերջնականորեն ներկայացրել են Ռուսական կայսրության հինգերորդ կարգի իսկական պետական խորհրդական:  Իհարկե, նա ժամանակին՝ սկսած 1890թ. անցել է ծառայողական տարբեր աստիճաններով, այդ թվում եղել է 5-րդ կարգի պետական խորհրդական՝  1907-1911թվականներին: Պետք է նկատել, որ «պետական խորհրդականից» հետո, նրան շնորհվել է՝ «ԻՍԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ», ուրեմն՝ 5-րդ դասը դարձել է՝ 4-րդ: Ավելացնենք, որ միայն 4-րդ դասի խորհրդականներին էին  հասու պետական այնպիսի պարգևների հանձնում, ինչպիսիք են  Սուրբ Վլադիմիրի և Սուրբ Ստանիսլավի  շքանշանները, որով Ամատունին պարգևատրվել է 1915-16թթ: Ի դեպ, 4-րդ կարգի խորհրդականներին՝ ըստ օրենքի, փոխանցվել է ազնվականության ժառանգական իրավունք: Բացի այդ, համացանցում արդեն  հասանելի են բավական արխիվային նյութեր, որտեղ Նիկոդիմոս Ամատունու անվան դիմաց նշված է «իսկական խորհրդական» պետական աստիճանը, որն էլ դասվում է 4-րդ կարգին:

Նիկոդիմոս Ամատունու  մասին  մենք բավական հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքել՝ հենվելով ճշգրիտ աղբյուրներին:

Այդ մասին մենք այս հոդվածում կանդրադառնանք հակիրճ՝ հետագայում հրապարակելու պայմանով:

Այն ժամանակ, երբ ցարական պետության կենտրոնաձիգ քաղաքականությունը օրենքներ էր մշակում ռուսական ազդեցության գոտին ընդլայնելու և  հակառակը՝  սահմանափակելու այլ ազգերի ինքնագիտակցության դրսևորումները, երբ  այդ նպատակով փակվում էին ազգային դպրոցները, Նիկոդիմոս Ամատունին՝ հայրենի Օշական գյուղում, նոր ու շքեղ չորսդասյա գեղեցիկ դպրոցի կառուցման նախաձեռնողն ու նվիրատուն  էր: Հայ իրականության մեջ սա բացառիկ երևույթ էր:
Օշականի դպրոցի շենքը (կառուցված՝1914թ.)

Նրան հաճախ թույլատրում էին անթույլատրելին, քանզի  նա ցարական պետության համար անում էր անկարելին : Ցարական պետությունը որտեղ նրան գործուղեր, ինչ աշխատանք  հանձնարարեր՝ Ամատունին պատվով էր կատարում:  Նրան գործուղում էին այնտեղ, որտեղ տվյալ ոլորտը կարգի պետք է բերվեր և գերակա էր պետական շահերի համար: Այդ էր պատճառը, որ նա աշխատանքային 20 տարվա ընթացքում պետական 14-րդ դասի ծառայողից՝ հասավ 4-րդին՝ «կոլեգիական ռեգիստրատորից» մինչև «պետական իսկական խորհրդականի»՝ այն ժամանակվա պետական քաղաքականությունը ինքնուրույն մշակող պետական պաշտոնյայի. այն դեպքում, երբ «պետական խորհրդականից»՝ «իսկական պետական խորհրդական» դառնալու  համար  10 տարի է անհրաժեշտ: Ամատունին այդ ճանապարհն անցավ 4 տարում: Ի դեպ այս կարգն ստացողը ընդմիշտ ժառանգում էր ազնվական տիտղոս, որն արդեն վաղուց ուներ Ամատունին: Ամատունու  մեզ հայտնի աշխատանքային  դրվագների ու առանձին դետալների մասին առանձին-առանձին մենք կպատմենք մեր ընթերցողին: Կհամոզվեք թե ինչպիսի կազմակերպվածությամբ ու սրտացավությամբ է կարգի  բերել  իրեն վստահված  ասպարեզը: Միևնույն ժամանակ Նիկոդիմոս Ամատունին անհանդուրժող էր  կարգազանցներին և ուներ ազգային բարձր արժանապատվություն: Այս առնչությամբ, 1913 թ. Հայաստանում եղած ժամանակ,  հետաքրքիր միջադեպ է գրանցվում Նիկոդիմոս Ամատունու և  Երևանի նորանշանակ փոխնահանգապետ, Կոլեգիալ խորհրդական, իշխան Ալեքսեյ Չեգոդաևի միջև: Փոխնահանգապետը չի էլ պատկերացնում Ամատունու ազգային պատկանելիությունը և իր շանը արմյաշկա կանչելով՝ վիրավորում է վերջինիս ազգային ինքնասիրությունը: Արդյունքում ապտակ է ստանում Ամատունուց և գործը քննելուց հետո՝ զրկվում է պաշտոնից:

Նիկոդիմոս Ամատունին հավատում էր, որ ցարական Ռուսաստանը թուրքերից հետ էր վերցնելու  Հայաստանի մնացյալ մասը: Այդ ուղղությամբ, ցարի  ու նրա բարձր շրջապատում, միշտ շոշափվում էր այդ հարցը: 1914 թ-ի նոյեմբերին Թիֆլիս ժամանած Նիկոլայ II-ը Գևորգ Ե կաթողիկոսի հետ քննարկել է պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի 6 նահանգների և Կիլիկիայի տարածքներում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը:
1916 թվականի ռուսական և հայկական ուժերի հաղթանակը Երրորդ թուրքական դաշտային բանակի դեմ կասկած չէր հարուցում: Այդ ժամանակ իշխան Նիկոդիմոս Ամատունին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավարի պաշտոնից՝ 1916 թվականին նշանակվել էր Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, ավելի սերտ հարաբերություն ուներ ցարական ընտանիքի հետ և հետևում էր իրադարձությունների զարգացմանը: Նրա հորեղբոր որդիներից մեկը՝ Գառնիկ Ավագի


Նիկոդիմոս Ամատունու հորեղբոր որդին՝ իմ պապը, Գառնիկ Ավագի Ամատունին (ձախից) 1916թ. ռուսական բանակում:


Ամատունին, որն այդ տարիներին ցարական ռուսաստանի բանակի կազմում էր, շատ առիթներով է բարեկամներին ու իր ընկերներին պատմել, որ թուրքերը մեծամասամբ չեն էլ դիմադրել  իրենց, իսկ 1917թվականին ռուս-հայկական զորամիավորումները պարզապես հրաման տվող չեն ունեցել և զինվորներից շատերը ինքնակամ լքել են ծառայությունը: Ցավոք, ժամանակները բարենպաստ չդասավորվեցին: 1917 թ. ձմռանը Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկների հեղափոխությունը կանգնեցրեց Ռուսական բանակի առաջխաղացումը՝ Արևմտյան Հայաստանում, ապա և քայքայեց Ռուսաստանի կովկասյան բանակը։
Օսմանյան III դաշտային բանակը օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորությունից 1917-1918 թթ. ընթացքում հետ բերեց բոլոր այն տարածքները, որոնք կորցրել էր ռուսական և հայկական զորքերի հետ 1916 թ. մարտերում։ Ավելին՝   արդեն անխուսափելի պարտության եզրին կանգնած օսմանյան կայսրության զորքերը գրավեցին Կարսը, որը ռուսները ազատագրել էին դեռ 1877 թվականին:

Բոլշևիկներին այդպես էլ  Նիկոդիմոս Ամատունին  չկարողացավ  ներել,  նա կանգնեց սպիտակների  կողքին:

1917թ բոլշևիկների իշխանության գալուց հետո՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Ն.Ի. Ամատունին Ռուսաստանի հարավում Վրանգելի հետ մասնակցում է սպիտակգվարդիականների շարժմանը:
Մինչև վերջ ձգտում է պայքարել ու երկիրը զերծ պահել բոլշևիկյան հեղափոխության անկասելի տիրապետությունից:
1920թ. Կարճ ժամանակ ընդգրկվում Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում, մասնակցում ֆինանսական և տնտեսական համագումարին:


Նիկոդիմոս Ամատունու հուշաքարը (Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատուն)


Կյանքի վերջին ժամանակահատվածում ապրել է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի ռուսական տանը: Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին և թաղվել Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝  բոլշևիկյան կարգերին չհարմարված բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին: Եղբոր թոռան՝ իշխան Ամատունու և նրա որդի Գարեգինի հավաստմամբ, նա իր  ունեցվածքը նվիրաբերել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը : Ցավոք նրա շիրմաքարը բարվոք վիճակում չէ և սպասում է իր  բարերարին:




Նիկոդիմոս Եսայու Ամատունի (ճշգրտված կենսագրությունը)


Նիկոդիմոս Եսայու Ամատունին

Նիկոդիմոս Եսայու Ամատունի

Նիկոդիմոս Եսայու Ամատունին ծնվել է 1859 թվականի մայիսի 3-ին (15-ին) ռուսական կայսերության Երևանի նահանգի Օշական գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, Օշական գյուղում՝ հոր ավագ քահանա Տեր Եսայու մոտ։ Չբավարարվելով նախնական կրթությամբ, հակառակ ծնողների կամքին, անակնկալ հեռանում է գյուղից և մեկնում Թիֆլիս՝ միանում դեռ 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի, ապա և ռուսաց Նիկոլայ Առաջին ցարի հրովարտակներով ազնվականի տիտղոսը վերաշնորհված, Թիֆլիսում ծանրակշիռ հեղինակություն վայելող իր ազգականներին: Ապացուցելով Օշականի և Թիֆլիսի ամատունիների գենետիկ ազգակցական տոհմային կապը վերականգնում է իր իշխանաց տիտղոսը:
Նիկոդիմոս Ամատունին սովորում և ավարտում է Ներսիսյան դպրոցը: Այստեղ նա ծանոթանում է թիֆլիսահայ կյանքին, մտերմանում է այն ժամանակվա հայ գրողների հետ, ընկերություն է անում գրող,թատերագետ, դերասան Պետրոս Ադամյանի հետ: Նիկոդիմոս Ամատունին ուսումը կրկին շարունակելու ձգտումով, այս անգամ մեկնում է Պետերբուրգ:
Այստեղ` սովորելուն և աշխատելուն զուգնթաց ակտիվ շփվում և մտերմանում է այն ժամանակների ակնառու գրեթե բոլոր մտավորականների, պետական ու քաղաքական դեմքերի հետ՝ բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի, իրավաբան, ակադեմիկոս Անատոլի Կոնիի, գրողներ Մաքսիմ Գորկու, Լև Տոլստոյի, Ի.Ս. Տուրգենևի, Ֆ.Մ. Դոստոևսկու, Ն.Ա. Նեկրասովի, Վ.Գ. Կորոլենկոյի, Վլադիմիր Սոլովյովի,պատմաբան, ճանապարհորդ, ազգագրագետ Պավել Ռովինսկու և շատ, շատերի հետ:

ՈՒսանողական տարիներին Ն.Ամատունին (1886 թ ) ընդգրկվում է ռուսական քաղաքական, հասարակական գործիչ Դմիտրի Իվանովիչ Շախովսկոյի «Եղբայրություն» («Братства») միավորման մեջ, «Братства»-ն համալրում էր Պետերբուրգի համալսարանում սովորող և ավարտած երիտասարդ մտավորականներին , որոնց թվում էին այնպիսի ակնառու դեմքեր ինչպիսիք էին գրող, աշխարհագրագետ Վ.Կ.Ագաֆոնովը, գրող, հրատարակիչ Բ.Բ.Գլինսկին, պատմաբան ակադեմիկոս Մ.Ա.Դյակոնովը, ակադեմիկոս Վ.Վ. Վերնադսկի և շատ ու շատ ուրիշներ:

1889թվականին ավարտել է Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավունքի գիտական աստիճան:

1890 թ. Հունվարի 30-ին աշխատել է դատական մարմիններում (уголовно кассационный департамент) նշանակվել է կառավարության սենատի քրեական վարչությունում և ունեցել է կոլեգիալ քարտուղարի պետական աստիճան՝ 10-րդ դասի պաշտոնեայի կարգավիճակով:

1893 թ. Փետրվարի 16-ից եղել է Եկատերինբուրգի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ):

1895 թվականին Ամատունին 9-րդ դասի պետական տիտուլյար խորհրդական է:

1896 թ. ապրիլի 30-ից ` Վիտեբսկի , 1898 թվականի մայիսի 26-ի հրամանով աշխատել է Սարատովի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ):
1901 թ. ամուսնացել է իր ազգականուհու` թատերական հայտնի գործիչ Նապոլեոն Ամատունու դստեր՝ Եվգենյայի հետ:
1903 թ. ապրիլի 17-ի հրամանով, սեփական հարցմամբ նշանակվել է Կամենեց-Պոդոլսկի մարզային դատարանի դատական քննիչը:

1903 թ.օգոստոսի 11-ի առևտրային նավագնացության գլխավոր կառավարիչի` մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչի հրամանով նշանակվել է Ռուսաստանի նորաստեղծ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության որպես VI կարգի հատուկ հանձնարարությունների գծով պետ :

1904 թվականին շնորհվել է պետական կոլեգիական խորհրդականի կարգավիճակ և նշանակվել է դեպի Պարսից ծոց և շրջակա շրջաններ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության կողմից հանդերձավորվող նավի արշավախմբի ղեկավար:

1905 թ. Օգոստոսից մինչև 1906 թ. Ապրիլը, Ամատունին, որպես Առեւտրի նախարարի հատուկ հանձնակատար գլխավորել է նույն ուղղությամբ իր երկրորդ գաղտնի արշավը դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ եւ հարեւան գավառներ` հույժ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող այս ռեգիոնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելու նպատակով:
1906 թվականին իշխան Ն. Ամատունին նշանակվել է առևտրի և արդյունաբերության նախարարության Ռուս-Դանուբյան Շոգենավագնացության (ՌԴՇ) վարչության ղեկավար կազմում (կենտրոնը` Պետերբուրգ):

1907թ իշխան Նիկոդիմոս Ամատունուն շնորհվել է պետական խորհրդականի(статский советник) աստիճան:

1908-1909 թթ. Ամատունին հետևել է Ռուսաստանի գետային նավատորմի աշխատանքների բնականոն գործունեությանը, մասնավորապես դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցների ապահովման աշխատանքներին, կարգավորել է ռուսական շոգենավային ընկերության առևտրային նավերի աշխատանքն ու ուղևորությունների ճշգրիտ ժամկետը: Նավատորմը համալրել է նոր նավերով: Բացահայտել է այս նավերի առևտրային նշանակությունը’ Ռուսաստանի համար:

1909 թ. վստահվել է «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ » շոգենավում կազմակերպված ռուսական արտադրության ապրանքների լողացող ցուցահանդեսի ղեկավարումը՝ Մերձավոր Արևելքի երկրների նավահանգիստներ այցելության համար:

1910 թվականին Ամատունուն այս անգամ վստահվել է 1911թ Թուրինի (Իտալիա) միջազգային ցուցահանդեսի ռուսական բաժնի կոմիսարի պատասխանատու պարտավորությունը:


1911 թվականին Ամատունին ստացել է պետական իսկական խորհրդականի աստիճան:

1913թ. թվականին եղել է Հայաստանում: Նրա միջնորդությամբ ու նախաձերնությամբ հիմնադրվել է ծննդավայր Օշական գյուղի դպրոցը, այդ տարիների համար եզակի մի երևույթ, երբ ցարական կառավարությունն ամեն ջանք ներդնում էր ռուսական ազդեցության ամրապնդման և հայկական դպրոցների վերացման համար: Նախորդող տարիներին և ոչ մի անգամ չի դադարել գործել եկեղեցում գործող ծխական դպրոցը, որի ավագ քահանան էր իր հայրը՝ Եսայի Ամատունին, իսկ եղբայրը՝ Գարեգին Եսայի Ամատունին եղել մի քանի գյուղերի ղեկավար (գլավնի) և դպրոցի հոգեբարձուների խորհրդի նախագահը: Նիկոդիմոսի հորեղբոր տղան, բառարանագետ ՝ Սահակ վարդապետ Ամատունին ևս, իր ուժերին ներածի չափով, նպաստել է Օշականի նորակառույց դպրոցի կառուցմանը, իսկ Նիկոդիմոս Ամատունին դպրոցի շենքի կառուցման ոչ միայն գլխավոր նախաձեռնողն էր, այլև ամենախոշոր բարերարը:

1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հրամանով նշանակվել է հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավար:

Կարմիր Խաչի դաշտային պահեստների ղեկավարների համագումարում: Լուսանկարում Կարմիր խաչի պահեստների խորհրդի եւ համագումարի նախագահ Գոֆմեյստեր (միապետական պալատի 3-րդ դասի աստիճան) իսկական պետական խորհրդական Բ.Կ.Օրդինը(1): Անմիջապես նրա կողքին է նստած Կարմիր Խաչի Հյուսիս-Արևմտյան շրջանի պահեստի ղեկավար, Իսկական պետական Խորհրդական, իշխան Ն.Ի.Ամատունին(4), Խորհրդի նախագահի ուղեկից-օգնական, իսկական պետական խորհրդական, պրոֆեսոր Կոմս Օ.Վ. Պետերսենը(2):Կ.Խ-ի Դաշտային պահեստների հյուսիսային շրջանի ղեկավար, գեներալ Վ.Ս.Լվովը(5), Հարավ-Արևմտյան շրջանի ղեկավար, եգերմեյստեր (3-րդ դասի աստիճան), պետական իսկական խորհրդական Վ.Դ. Եվրեինովը(3), Հարավային շրջանի ղեկավար, պետական խորհրդական Ի.Յ.Էզաուն(7), Կովկասի շրջանի ղեկավար Ա.Յ. Միլլերը(6) Պետրոգրագյան պահեստի ղեկավար Ա.Ա.Սմիրնովը ( , Մոսկվայի պահեստի ղեկավար, պետական խորհրդական Ա.Դ.Վինոգրադովը(9), Կովկասի շրջանի պահեստի Տրապեզոնի բաժանմունքի վարիչ Վ.Վ.Զախարովը (10)


1916 թվականին նշանակվել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ:
1917թ բոլշևիկների իշխանության գալուց հետո՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Ն.Ի. Ամատունին Ռուսաստանի հարավում Վրանգելի հետ մասնակցում է սպիտակգվարդիականների շարժմանը:
Մինչև վերջ ձգտում է պայքարել ու երկիրը զերծ պահել բոլշևիկյան հեղափոխության անկասելի տիրապետությունից:
1920թ. Կարճ ժամանակ ընդգրկվում Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում, մասնակցում ֆինանսական և տնտեսական համագումարին:

1920թ.Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության(1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը(1935) , եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:
Կյանքի վերջին ժամանակահատվածում ապրել է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի ռուսական տանը, որին կից գործել է ռուսական եկեղեցին: Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին և թաղվել Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝ բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին:

Պարգևներ

1914 թվականից կրել է 1899թ.հունիսի 24-ի բարձրագույն մարմնի սահմանած Կարմիր Խաչի կրծքանշան:


Նիկոդիմոս Եսայու Ամատունի

1915 թ Ամատունին պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի երրորդ աստիճանի շքանշանով:

1916 թ հունիսի 22-ին արժանացել է Սուրբ Ստանիսլավի առաջին կարգի շքանշանի՝ պատերազմական իրավիճակում Ռուսական Կարմիր Խաչի միավորումում կատարած աշխատանքի համար :

Պարգևատրվել է Ալեքսանդր Երրորդ կայսեր հիշատակի արծաթե մեդալով:

Պարգևատրվել է Ռոմանովների Տան 300 ամյակի բրոնզե մեդալով :
Տիրոջ Սուրբ Գերեզմանի Ճշմարիտ Խաչ միաբանության անդամ է :

Քաղաքացիական արժանիքների համար պարգևատրվել է Բուլղարական երրորդ կարգի շքանշանով:
За заслуги перед обществом награждён Болгарским орденом III степени.

Վահան Ամատունի
Hay Azian
«Նիդերլանդական օրագիր»




Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝  «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 
https://www.nidoragir.com/2024/08/blog-post.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին

Ամատունու նախաձեռնած «լողացող ցուցահանդեսը» «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա

Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

Օշականի դպրատուն-թանգարանին Նիդ. օրագիրը կնվիրի այն հիմնադրած Ամատունիների լուսանկարներից


ԺԱՄ (ռուս.)









Saturday, 7 July 2018

Դեսպան Մելքոնյանը Հաագայում հանդիպել է Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ

Դրվագ ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանի և Եվրոպոլի գործադիր տնօրեն Քաթրին դը Բոլլինի հանդիպումից:

Հուլիսի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը Հաագայում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում հանդիպում ունեցավ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քաթրին դը Բոլլին՝ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքը:

Դեսպան Մելքոնյանը շնորհավորեց տիկին դը Բոլլին այս տարվա մայիսին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։  Մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ՀՀ դեսպանը հույս հայտնեց, որ տիկին դը Բոլլի կողմից Եվրոպոլի ղեկավարման շրջանում հնարավոր կլինի ապահովել Հայաստանի և Եվրոպոլի միջև արդյունավետ համագործակցություն։

Նա նշեց, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել իրավապահ ոլորտում ՀՀ-ի և Եվրոպոլի միջև համագործակցությանը: Այս համատեքստում ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության օրակարգին և ներկա իրավապայմանագրային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերին, ընդգծելով, որ կան անհրաժեշտ նախադրյալներ ԵՄ տարբեր հաստատությունների, այդ թվում Եվրոպոլի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցի համար ևս արտաքին գործընկերների հետ կապերի հաստատումն ու խորացումը կարևոր նշանակություն ունի: Նա ներկայացրեց իրավապահ ոլորտում ԵՄ արտաքին հարաբերություններին և Եվրոպոլին առնչվող որոշ գործընթացներ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան նաև Եվրոպոլի հետ առնչվող այլ հարցերի։ Պայմանավորվեցին հետագայում նույնպես շարունակել քննարկումները Եվրոպոլի հետ համագործակցության զարգացման նպատակով։

Friday, 6 July 2018

Հիմնադրամային դրամա, կամ՝ «Բաբամ, էդ ի՞նչ տեսակ հիասթափված եմ...»



«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ:
Մենք ապացուցում ենք եւ ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որեւէ դրսեւորում:
Նիկոլ Փաշինյան 
ՀՀ վարչապետ 
ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ
Նկարիչ,արվեստագետ
(Նիդերլանդներ)
Այս իրական պատմությունը՝ Նիդերլանդներում ապրող հայերից շատերը կհիշեն, և կարող են վկայել գրածիս ճշմարտացիությունը: Այն կապված է«Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործունեության հետ:
Արդեն երկար տարիներ առաջ էր, հավանաբար 90-ականների կեսերը:Մի օր  թակեցին տանս դուռը, բացեցի, ընկերս էր՝  Ալեքսանդրը, Ամերսֆորտ քաղաքից: Ալեքսանդրը ծնվել է Պարսկաստանում, ապրում է  Հոլանդիայում, մի ֆանատիկ ազգասեր ու հայրենասեր հայ, որ  երբևէ դեռ Հայաստանում չէր եղել:  Ապրում էր  իր  երազ Հայաստանի կյանքով,  նրա հրաշք, աներևույթ հեքիաթներով: Բավականին ակտիվ   գործունեություն էր ծավալել Հոլանդահայ համայնքային կյանքում,  կարճ ասած՝ ամեն բան Հայաստանի համար:
Ալեքսանդրը ներս մտավ շատ ոգևորված, ձեռքին մի տոպրակ կար, որի մեջից հանեց մի 4 մետրանոց սպիտակ կտոր: Ասաց.
- Ալիկ ջան մի խնդրանք: Այս կտորի վրա պետք է մեծ և գեղեցիկ տառերով գրես՝  ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ:
Այնուհետև ավելացրեց, որ  խնդրում է այս գործն արագ անել , քանի որ Հայաստանից՝ Համահայկական հիմնադրամից պատվիրակություն է եկել  Ամստերդամ:  Հավաստիացրեց, որ արդեն դահլիճ է վարձվել  և Հոլանդիայում ապրող բոլոր հայերին նամակներով տեղյակ է պահվել , դրամահավաք է կազմակերպվելու, որպեսզի օգնեն  «Հայաստան» Համահայկական հիմնադրամին, մեր Հայաստան երկրին, բավական մարդ է լինելու և այդպես ոգևորող էլի բառեր ու բառեր:
Ալեքսանդրը զարմացավ, երբ տեսավ , որ  իր խոսքերն ինձ չվոգևորեցին ու ես էլ  ուրախությունից իր պես չթռչկոտացի : Տարակուսած հայացքով ինձ նայեց: Ասացի.
 - Ալեքսանդր,  բերածդ կտորի վրա այդ նախադասությունը կգրեմ և  դա կանեմ քո  համար, և ոչ թե «Հայաստան»  Համահայկական հիմնադրամի պարզ է՞:
Ալեքսանդրը շատ զարմացավ, ասաց,
-Ալիկ էս ինչե՞ր ես խոսում՝ բաբամ ...
Ասացի.
-Ալեք ջան, ես այդ երկրից եմ եկել ու սեփական աչքերով եմ տեսել ամեն բան, այդ հիմնադրամներին չեմ հավատում, դու Հայաստանում երբեք չես եղել, ու չգիտես ինչն ինչոց է:
Մի պահ տիրեց լռություն: Ալեքսանդրը երևի մտքերի մեջ ընկավ ՝ թե ու՞մ հավատա. ի՞նձ, թե՞ իր սիրած և երազած երկրից եկած պատվիրակությանը:
Դե ես անտրտունջ իմ գործն արեցի , այդ կտորի վրա գրեցի՝ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ.
Այս գրությամբ պաստառը կախվելու էր Ամստերդամում՝ հոլանդահայերի կողմից վարձված դահլիճում , որպեսզի շուքով ու ըստ պատշաճի դիմավորեն Հայաստանից եկած հիմնադրամի պատվիրակությանը: 2 ժամում գործը վերջացրեցի, սպասեցինք տառերը չորացավ , հանձնեցի Ալեքսանդրին : Նա գոհ և ուրախ էր, ինձ էլ առաջարկեց, որ վաղն իր հետ լինեմ հիմնադրամի հիշյալ հավաքին: Ես քաղաքավարությամբ հրաժարվեցի և այդպես էլ չգնացի:
Անցավ մեկ շաբաթ, զանգեցի Ալեքսանդրին, որպեսզի իմանամ թե հիմնադրամի պատվիրակության հետ ինչպե՞ս անցավ հանդիպումը :
Ալեքսանդրը պատասխանեց զանգիս: Բարևից ու «ոնց ես՝ ոնց չեսից» հետո հետաքրքրվում եմ.
-Ալեքսանդր , ինչպե՞ս անցավ հանդիպում-հավաքը:
Ալեքսանդրը թե.
-Բաբամ, ես ամաչում եմ.. Գետինն եմ մտնում... Էդ ինչ մարդիկ են... Ես շատ զայրացած եմ...
-Ալեքսանդր,- ասում եմ, պատմիր ի՞նչ է եղել...
(Ահա թե ինչ պատմեց Ալեքսանդրը)
Ամստերդամի Հայկական համայքում հանդիպում են Հայաստանից եկած հիմնադրամի պատվիրակությանը՝ երեկոյան հանդիպման մանրամասները ճշտելու համար, ասում-խոսում են, սուրճ են խմում և պայմնանավորվում են արդեն նախօրոք վարձած դահլիճում ժամը 17:00-ի հանդիպման համար: Հիմնադրամի մի քանի հոգանոց պատվիրակները՝ մինչ կգար հանդիպման ժամը, ինքնուրույն որոշում են շրջել՝ տեսնել Ամստերդամ քաղաքը:
Մոտենում է արդեն հանդիպման ժամը, ակտիվիստները դահլիճը նախապատրաստել են , բեմում աթոռ ու սեղան են դրել, ելույթների, խոսելու համար միկրոֆոն տեղադրել , հայկական դրոշ կախել, ջուր ու ծաղիկ, նաև չեն մոռացել իմ մեծատառերով գրված՝ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏԻ պլակատը կախել, մի խոսքով տեղը տեղին պատրաստվել են հավաքին: Հոլանդահայերը եկել են տարբեր քաղաքներից, գնացքով, մեքենայով, ավտոբուսով՝ ով ինչպես կարողացել է, հավաքվել են դահլիճում ավելի քան 200 հոգի սպասում են, որ հիմնադրամի պատվիրակությունը կավարտի զբոսանքը և ուր որէ դահլիճ կմտնի ու կկայանա երկար սպասված հանդիպումը:
Ահա և ժամը 17:00 է՝ պայմանաորված ճիշտ ժամը, հիմնադրամի պատվիրակները չկան:
Դե մտածում են, ոչինչ, հայերը միշտ էլ մի քիչ ուշանում են, ուր որէ կգան...
Ժամը դառնում է 17:30, պատվիրակությունը չկա, դահլիճում հավաքվածները սկսում են անհանգստանալ.
- Էս ի՞նչ եղան էս մարդիկ...Միթե՞ Հասցեն են շփոթել... Հո մի բան չի՞ պատահել...
Ոչ կապ, ոչ խաբար, ոչ էլ հեռախոսազանգ: Չկան ու չկան: 
Ահա ժամը 18:00 էլ եկավ, արդեն 1 ժամ է անցել պայմանավորված ժամից , հիմնադրամի պատվիրակությունը չկա ու չկա:
Բայց հարյուրավոր մարդիկ սպասում են ու սպասում: Մի մասը անհանգստացած է, մի մասը զայրացած, մի մասն էլ դուրս ու ներս է անում դահլիճ : Ոմանք դրսում ծխում են, մյուսները՝ փողոցում են սպասում, իսկ հյուրերը չկան ու չկան: 
Դառնում է ժամը 18:30 , սրանք չկան,դահլիճում սպասող ժողովուրդը գնալով ավելի է զայրանում, վարձած դահլիճի ամեն մի ժամն էլ փող արժի: 
Դառնում է ժամը 19:00-ը, սրանք չկան ու չկան, արդեն 2 ժամ է անցել, դահլիճում իրարանցում է, ժողովուրդը չգիտի ինչ անի, սպասե՞ն, գնա՞ն կգա՞ն, չեն գա ՝ ոչ ոք չգիտի, հավաքվածների մեծ մասն էլ տարբեր քաղաքներից են եկել մեքենայով, ոմանք 2, 3 ժամ ճանապարհ են կտրել անցել, վերջը դեռ այդքան էլ հետ պետք է գնան, որ տուն հասնեն: 
Դառնում է ժամը 19:30, հիմնադրամի պատվիրակությունը՝ չկա ու չկա, դահլիճում հավաքված ժողովուրդը զայրացել է և մի քանի հոգի թողնում գնում են: 
Դառնում է ժամը 20:00, անցել է 3 ժամ, Համահայկական հիմնադրամի պատվիրակությունը, արդեն ի զարմանս բոլորի հանկարծ դահլիճ է մտնում, վերջապես վերադարձան զբոսանքից: Բարձրանում են բեմի վրա, նստում իրենց հատկացրած տեղերը, դե ժողովուրդը սպասում է, որ հիմա պատվիրակության անդամներից մեկը կպատմի իրենց 3 ժամ ուշանալու պատճառը, և կսկսեն ժողովի քնարկումները, խոսք ու ելույթը, հարց ու պատասխաները, ինչպես նախորոք նախատեսված էր հանդիպման ծրագրում: 
Հիմա դահլիճը սպասում է, սրանք եկել նստել ու ծպտուն չեն հանում, միայն նայում են միմյանց ու ժպտում են: Պատվիրակության անդամներից ոչ մեկի բերանը չի բացվում, որ վերջապես մարդկանց հետ հաղորդակցվեն: Քթների տակ քչփչում են, ուզում են. փորձում են մի բան ասել, բայց չի ստացվում ՝ ծիծաղում ու ծիծաղում են:
Խոսել այդպես էլ չի ստացվում, միայն ծիծաղում են ու ծիծաղում: Դե դահլիճում հավաքվածները գլխի են ընկնում ու հասկանում, որ Համահայկական հիմնադրամի պատվիրակության անխտիր բոլոր անդամները քաղաքը տեսնելուն զուգընթաց հատուկ սրճարան են մտել մարիխուանա, կամ պլան քաշել, և լավ քաշած եկել են, կայֆի տակ , ժամ ու պատարագ մոռացած, նաև թե ինչի համար են Հոլանդիա եկել , ինչու՞ են այս դահլիճում, ու ծիծաղում են, հա ծիծաղում...
Այդպես էլ արդեն միջոցառման համար սահմանված ժամն ավարտված և ուշացումով դահլիճ մտած «Հայաստան» Համահայկական հիմնադրամի անդամների ու հայ համայնքի անդամների միջև ոչ մի կարգի զրույց տեղի չի ունենում , իսկ դահլիճում հավաքված ժողովուրդը իհարկե զայրանում է, մի քանիսը արտահայտում են իրենց զայրույթը, և բարկացած հեռանում:
Ահա հեռախոսով այսպիսի պատմություն իմացա իմ ընկեր Ալեքսանդրից՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի անդամների ու Ամստերդամի հայ համայնքի անդամների ՝՝բացառիկ՝՝ հանդիպման մասին: 
Հիմա, բավական տարիներ անց,
երբ բացահայտվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրենի առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելը և զվարճալի խաղերի նկատմամբ նրա թուլությունն ու անպատասխանատու վերաբերմունքը, հիշեցի այս պատմությունը: ամեն վայրկյան ականջիս արձագանքում է իմ ընկեր Ալեքսանդրի մեխող հետևյալ խոսքերը.
-Բաբամ, էդ ի՞նչ տեսակ հիասթափված եմ... 
Սա խորքային ու համակարգային արատի ձևավորված արդյունքն էր, որտեղ արագորեն կորում էր մարդկանց լավատեսությունն ու վստահությունը՝ վերածվելով հիասթափության:Հիմա, երբ անզիջում պայքար է մղվում այս անպատասխանատվության դեմ և չի հանդուրժվելու չարաշահման որևէ դրսևորում, ակնհայտ է դառնում, որ ավելանալու են մարդկանց վստահությունը՝ առ մեր երկիր և իշխանություններ: 
Ոնց որ հավատքի վերականգման և հիասթափության վերացման նախադրյալներ են ստեղծվում : 
Տեսնե՛նք, կյանքը շարունակվում է...



Thursday, 28 June 2018

Օրենք մի քանի հարյուր գլխաշոր կրողների համար

Օրենք մի քանի հարյուր գլխաշոր կրողների համար
Gisteren werd bekend dat de Eerste Kamer heeft ingestemd met een beperkt verbod op gezichtsbedekkende kleding: het boerkaverbod. En dat is niet aan buitenlandse media voorbij gegaan.Op straat mogen de eerder genoemde gezichtsbedekkingen nog wel gedragen worden, maar de politie kan dan wel verzoeken deze af te doen in verband met identificatie. Landen als Denemarken, België, Frankrijk en Bulgarije gingen ons al voor met deze maatregel.




Նիդերլանդներում հավանության է արժանացել օրենքի նախագծը, որով հասարակական վայրերում արգելվում է կրել իսլամական գլխաշորերը,մասնավորապես ` նիկաբն ու բուրկան:

Երկրի վարչապետը հստակեցրել է, որ նիկաբներն ու բուրկաները արգելվելու են հասարակական վայրերում անվտանգության նկատառումներից ելնելով:
Հասարակական վայրերի թվում ներառված են դպրոցները, հիվանդանոցները, կառավարական հաստատությունները, հանրային տրանսպորտը:

Բորկա արգելքի առաջարկը առաջին անգամ առաջ է քաշվել 13 տարի առաջ քաղաքական գործիչ Գերտ Ուիլդերսի կողմից

Այս օրենքը խախտողները տուգանվելու են 450 եվրոյի չափով:
Ինչպե՞ս պետք է արգելումը կիրառվի, եւ ո՞վ կկատարի դա՝ շատ պարզ չէ: Բարձրացված հարցերից մեկը այն է, թե արդյոք ավտոբուսի վարորդները պետք է մերժեն ուղեւորներին, որոնք նիկաբով կամ բուրկայով տրանսպորտ են բարձրանում:

Իրավաբանները քննադատում են արգելքը, իսկ ընդդիմությունը դա սիմվոլիզմ է անվանում, քանի որ Նիդերլանդներում հազիվ 400, կամ գուցե քիչ ավելի կանայք են այն կրում:

Հայկական շուկա՝ ուսանողական քաղաքում





Անցյալ շաբաթ «ԳԼԱՁՈՐ» հայ ուսանողական կազմակերպության նախաձեռնությամբ ՈՒտրեխտ քաղաքում կազմակերպվել էր հայկական շուկա:

Հայկական շուկայում՝ Գլաձորը, հայկական այլ կազմակերպությունների ու ընկերությունների հետ միասին ներկայացրեցին հայկական մշակույթը: Ուտրեխտի քաղաքի բնակիչների համար այն լավագույն անակնկալ էր:

Հայկական համեղ կերակուր, լավ երգ ու պար: Ահա այն մթնոլորտը, որ տիրում էր նիդերլանդական ուսանողական այս քաղաքում:

ASV Gladzor

Afgelopen zaterdag was onze eerste echte Armeense markt!

Bij de Armeense markt vertegenwoordigde Gladzor samen met andere Armeense bedrijven en Organisaties de Armeense cultuur, om deze onder te aandacht te brengen bij de inwoners van Utrecht!

Het was een zeer geslaagde en gezellige dag met Armeens eten, dans en cultuur.

We zijn erg dankbaar voor onze vrijwilligers en aan de organisaties en bedrijven die ons bij hebben gestaan.
Met dank aan; Abovian, Armenian Art, Arman Aslanyan, Atalanta Bloementuinen, HayFood en 1001drank, Karot en Yan Travel.












Աքսելի կիրակին՝ Միասում




«Միասը» Աքսելում կամ կիրակնօրյա գեղեցիկ երաժշտական կատարում
Այսօր՝ Նիդերլանդներում հունիս ամսվա վերջին կիրակին է, կամ այստեղի չափորոշիչներով ամռան առաջին կիրակին: Քանի օր է Նիդերլանդների համար անսովոր չոր եղանակներ են, իսկ դա նշանակում է, որ անձրև չկա ու չկա: «Նիդերլանդական օրագիրն» Աքսել քաղաքում է, Աքսել...Հուշում է՞ այս անունը ձեզ մի բան, ծանոթ է չէ՞, եթե ոչ ուրեմն պետք չէ ծանոթ համադրություն փնտրել...
Ամենակարևորը կանգնած ենք «Միաս» ռեստորանի դիմաց: Թեև «Միասն» էլ է ծանոթ անուն, բայց այստեղ ևս հայկականի հետ համադրություն պետք չէ փնտրել: Պարզապես Իտալիայից եկած երաժիշտ Մարկ Անտոնիո Ֆավորիտոն հրաշալի համագործակցել է Տերնեուզեն քաղաքի դպրոցի երաժշտության ուսուցիչ Հերմանի հետ և Լատինոամերիկյան երկրների երաժշտության մոտիվներով հետաքրքիր իմպրովիզներ են անում: ՈՒ հանգստյան այս օրը որոշեցինք լինել նրանց հետ՝ ձեզ էլ մասնակից դարձնելով: Հայկականի հետ միակ համադրությունը «Միասի» տնօրենի ջերմ ընդունելությունն ու հյուրասիրությունն էր, նաև երաժիշտների պատրաստակամությունը Հայաստան այցելելու:
Մնացածը՝ ծովի մաքրությամբ ու ներվեր հանգստացնող երաժշտությունը դիտեք տեսաերիզում: Եթե գնահատում եք երաժիշտների կատարումները մի վարանեք հավանել : Նրանք անշուշտ սպասում են ձեր գնահատականներին:


Saturday, 23 June 2018

Մաստրիխտի հայ համայնքին էր այցելել քաղաքապետը



ՄԱՍՏՐԻԽՏ, 23-ը հունիսի: Այսօր, սեփական նախաձեռնությամբ Մաստրիխտի «Անի» Հայ Համայնք և Սուրբ Կարապետ եկեղեցի այցելեց Մաստրիխտի Քաղաքապետ Աննամարիա Պենտե Ստրակեն ( (Annemarie Penn-te Strake ) : Քաղաքապետը ծանոթացավ տեղի հայ համայնքի գործունեությանը, հանդիպեց և ելույթ ունեցավ նրանց առջև՝ բարձր գնահատելով հայ համայնքի դերը Մաստրիխտ քաղաքում: Անի հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը հայկական հուշանվերներ, այդ թվում հայկական խաչքարի մակետ հանձնեց բարձրաստիճան հյուրին: Ջերմ ու անկեղծ զրույցից հետո հանդիպման մասնակիցները լուսանկարվեցին: Վերջում՝ բոլոր հյուրերը համտեսեցին հայկական խոհանոցի ուտեսներ:Մաստրիխտի Քաղաքապետ Աննամարիա Պենտե Ստրակեին անչափ դուր եկան հայկական քաղցրավենիքները:






Friday, 22 June 2018

Մաստրիխտի հայաստանցի Սուրբը

Անահիտ Հովսեփյանը  Գերմանիայում  «Ազգ» թերթի  թղթակիցն է: Նա  թերթին  աշխատակցում է  հիմնադրման առաջին տարիներից: «Ազգը» Հայաստանի Հանրապետության առաջին անկախ օրաթերթերից է, որի  առաջին համարը լույս է տեսել 1991 թվականից:
 Անահիտը պրոֆեսիոնալ լրագրող է ու անչափ սիրում է իր մասնագիտությունը, միառժամանակ կիսում է այն պատասխանատվությունը, որ վերապահված է լրագրողին:
«Մեր մասնագիտությունը,-իմ հետ զրույցում կիսվում է նա,  հրաշալի հնարավորություն է տալիս ճանաչել եւ ճանաչեցնել տարբեր հետաքրքիր մարդկանց, լուսաբանել իրադարձություններ, լինել դրանց մեջ»:
 Սա Անահիտ Հովսեփյան լրագրողի հավատամքն է: Նրա հոդվածներն իրոք հնարավորություն են տալիս ճանաչել մարդկանց,  աչքի են ընկնում իրադարձությունների մանրազնին՝ մանրադիտակային լուսաբանմամբ ու թեմայի մանրազնին մատուցմամբ ու վերլուծությամբ:
Վերջերս Նիդերլանդներում եզրափակվեց  հայազգի Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումների շարքը, նրա պատվին՝  հունիսի 2-ին, պատարագ մատուցեց  Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը: Գերմանիայից եկած ուղտավորների հետ էր նաև լրագրող Անահիտ Հովսեփյանը:
 Հենց այս միջոցառման մասին, սիրով   ենք ներկայացնում «Ազգ» թերթի մի քանի համարներում հրապարակված  Անահիտ Հովսեփյանի հոդվածաշարը:
Hay Azian
(Այդ մասին ավելի վաղ ինֆորմացիա էր զետեղել նաև «Նիդերլանդական օրագիրը»):


ՎԱՆԻՑ ՀՈԼԱՆԴԻԱ ՀԱՍԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԻՙ ՍՈՒՐԲ ՍԵՐՎԱՏԻՈՒՍԻ ՏՈՆԻ ՄԱՍԻՆ

Ով հունիսի 2-ին Մաստրիխտի սուրբ Սերվատիուսի տաճարում ներկա գտնվեց պատարագին, մեզ համակարծիք կլինի, այնքան բան կա պատմելու, որ այսօրվա շաբաթաթերթի սուղ տարածքում բավականին կուչ կգա, գույն ու ավիշ կկորցնի: Չորրորդ դարում քրիստոնեության լույսը Հոլանդիա հասցրած հայ հոգեւորական Սրբատիոս-Սերովբեի կամ, ինչպես հոլանդացիներն են նրան անվանում, Սինտ Սերվասի հիշատակության օրը, որ մայիսին է, նշվում է ամեն տարի, իսկ 7 տարին մեկՙ այն վերածվում է մեծ տոնի, ուխտագնացության: 1496 թվականին, օրինակ, հայտնի է, թե 100 000 ուխտավոր է մասնակցել դրան: 384 թվականի մայիսի 13-ին մահկանացուն կնքած սուրբի գերեզմանի վրա Մաստրիխտում կառուցվել է Նիդեռլանդների թագավորության ամենահին եկեղեցին, որի կամարների տակ հունիսի 2-ին պատարագ մատուցելու պատիվը տրվեց Գերմանահայոց առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանինՙ հայ եւ հոլանդացի հոգեւոր եղբայրների ուղեկցությամբ, իսկ երգեհոնի հնչյունները հարստացրեց Քյոլնի «Կոմիտաս» երգչախումբը: Մաստրիխտից օրվա մեր տպավորությունըՙ «Ազգի» առաջիկա համարում:
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018

ՄԱՍՏՐԻԽՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՍՈՒՐԲԸ

Երբ առցանց «Հայերն այսօր»-ում կարդացի, թե «2018-ի մայիսի 24-ից հունիսի 3-ը Մաստրիխտում մեծ շուքով պիտի նշվի ամենամյա «Սուրբ տաճարը բանալու փոխադրման երթի» 55-րդ արարողությունը, որին ըստ նախնական տեղեկությունների պիտի մասնակցեին ավելի քան հարյուր հազար ուխտավորներ», մտքովս էլ չանցավ, թե դրաՙ առավել տպավորիչ մասի ականատեսը կլինեմ: Ես ուխտավոր չեղա, տեղյակ էլ չէիՙ ուր եմ գնում: Անկեղծ ասածՙ հիմա էլ չեմ հասկանում, թե այսքան գունեղ, Եվրոպայի մի մեծ հատվածի, մի քաղաքի կյանքում այսպես դրոշմ ու կնիք դարձած հայրենակցիսՙ Սերովբե-Սերվաս-Սերվատիուսի հավիտենական ներկայության մասին ինչպե՞ս մինչեւ հիմա չեմ իմացել: Ինչո՞ւ մամուլն ու հեռուստատեսությունը այնպես չեն պատմել հայկական այս հետքի մասին, որ մեր ճանաչած հոլանդական Մաստրիխտը հայերիս համար էլ հիշողություն է դարձել իր համալսարանով եւ, որն առավել հայտնի է, Մաստրիխտյան պայմանագրով, որ 1992-ի փետրվարի 7-ին դարձավ ԵՄ հիմնաքարըՙ սկիզբ դնելով եվրոպական ինտեգրման: Այնինչ Նիդեռլանդների Լիմբուրգի նահանգի մայրաքաղաքը, որի Հին քաղաք անվանյալ թաղամասում հաստատվում է պատմական այն տեղեկությունը, թե Եվրոպայի հին քաղաքներից է, նույնքան հաստատուն, դարեր ի վեր դեպի իր կենտրոն է ձգում հազարավոր մարդկանց, որ հավատում են, թե Հայաստանից, ոմանց համոզմամբՙ Վանից, 4-րդ դարում Եվրոպայի այս ափեր հասած, Քրիստոսի ուսմունքն ու հավատը քարոզելու առաքելությունը ստանձնած հայ հոգեւորական Սերվատիուսն այնքան զորավոր սուրբ է, որ իրենց ցավերին այսօր էլ բալասան կլինի, եթե գերեզմանին հպվեն:

Հունիսի 2-ին Քյոլնից Մաստրիխտ ավտոբուսով մոտ մեկ ժամ տեւող ճանապարհին թվում էր մռայլ ամպերի կարը ուր որ է կքանդվի, ու անձրեւը չի խնայի նույնիսկ նրանց, որ մայիսյան արեւառատ օրերին էլ անձրեւանոցը չեն մոռանում, բայց ոչ ճանապարհին, ոչ էլ առավել եւս Մաստրիխտում ողջ օրն անձրեւ չեկավ: Երկինքը լույսի չափաբաժինն այնպես էր բաշխել, որ նշածս քաղաքի փողոցներում սուրբ Սերվատիուսի պատկերով դրոշակների առատությունն աննկատ չմնա: Մոխրագույն ու սպիտակ շենքերի, դրանց բակ-պարտեզներում նարդոսի բաց թանաքագույնի առատությամբ գծագրվող Մաստրիխտը մեկ շաբաթ շարունակՙ մայիսի 27-ից հունիսի 3-ը տոնում է սուրբ Սերվատիուսի հիշատակությունըՙ տարբեր երկրներից ուխտի եկած հավատացյալ քրիստոնյաներին հյուրընկալելով: Չորրորդ դարումՙ 354-ին, քրիստոնեության լույսը Հոլանդիա, որոշ տպագիր աղբյուրների պնդմամբՙ 384-ին նաեւ Բելգիա հասցրած հայ հոգեւորական Սրբատիոս-Սերովբեի կամ, ինչպես հոլանդացիներն են նրան անվանում, սինտ Սերվասի հիշատակության օրը մայիսին է, նշվում է ամեն տարի, իսկ 7 տարին մեկՙ այն վերածվում է մեծ տոնի, ուխտագնացության: Ըստ գրավոր աղբյուրների, 1496 թվականին, օրինակ, հայտնի է, թե 100 000 ուխտավոր է մասնակցել իր կենդանությունից ի վեր սիրելի դարձած 384 թվականի մայիսի 13-ին մահկանացուն կնքած սուրբի հիշատակության տոնին:

Մաստրիխտի զբոսաշրջային ուղեցույցներում երկու տեսարժան վայր հենց այս սրբի անունով են կոչվումՙ տաճարը եւ կամուրջը: Թեպետ Մաաս գետի երկու ափերն իրար կապող, հռոմեացիների կառուցած, Մաստրիխտի ամենագեղեցիկ քարե կամուրջը 13-րդ դարի թվագրումն ունի, սակայն սինտ Սերվասբրուգՙ սուրբ Սերվատիուսի կամուրջ անվանումը ստացել է 1930-ին: Քաղաքի խորհրդանիշ այցեքարտն է, զբոսաշրջային ուղեցույցներում այն համեմատվում է Փարիզում Էյֆելյան աշտարակի հետ: Քաղաքի բնակիչները համոզված են, որ այն Հոլանդիայի ամենահին կամուրջն է:

Սերվատիուսի գերեզմանի վրա Մաստրիխտում կառուցվել է Նիդեռլանդների թագավորության ամենահին եկեղեցին: Ավանդության համաձայնՙ Սերվատիուսն Մաստրիխտի առաջին եպիսկոպոսն է եղել, դեռ նրա կենդանության օրոք, 4-րդ դարում, քաղաքում քարե փոքր եկեղեցիներ են կառուցել, հավատացյալներ են խմբվել նրա շուրջ, իսկ սրբի մահվանից հետո նրա թաղման վայրում սկզբում մատուռ են կառուցել, այնուհետ աստիճանաբարՙ քար քարի վրա դնելով բարձրացրել են այսօրվա շքեղ ճարտարապետական կոթողը: Սուրբ Սերվատիուսի բազիլիկը բառերս է ճշտումՙ ռոմանական, գոթական, այլ ոճերի համադրությամբ այս հսկան բազմել է Մաստրիխտի կենտրոնում ու... ձգում է: Հենց աչքդ նկատեց այդ գեղեցկությունը, քարերի տաք գույնն էլ հանգիստ չի տալիս, փարվում է ներսիդ հետաքրքրասեր բջիջներին ու խոստանում խորհրդավոր մի բացահայտում: Մինչ տաճար մտնելը մի կանգառ այդուհանդերձ անում ես. 2016-ի մայիսին մեծ հանդիսավորությամբ եկեղեցու պատին հարող տարածքում բացվեց Սերվատիուսի հիշատակին նվիրված հայ-նիդեռլանդական բարեկամությունը խորհրդանշող խաչքարը: Զբոսաշրջիկ, թե ուխտավոր, տարբերություն չկաՙ բոլորը մի պահ կանգնում, կարդում են խաչքարի մակագրությունը, այնուհետ նկատելի երկյուղածությամբ մոտենում են տաճարի դռանը:

Մինչ այնտեղ հասնելը պատահական մի անցորդի ցույց եմ տալիս Սերվատիուսի բրոնզեՙ չափերով ոչ այնքան տպավորիչ արձանն ու հարցնումՙ «Ո՞վ է, ի՞նչ կասեք»: «Հայաստանից Հոլանդիա եկած հոգեւորական է, մեր սուրբն է, քրիստոնյա ենք դարձել նրա շնորհիվ», բացատրում է 50-ին մոտ մի տղամարդ ու հայացքն ուղղում դեպի տաճարըՙ «ներս մտեք, այսօր բացառիկ պատարագ է այնտեղ տրվելու»: Հրապարակում եկեղեցին շատ տպավորիչ է, իսկ մուտքը նույն բառով չես նկարագրի, ավելի ստույգՙ հրապարակից կտրող մի ծածկարան է, որի ներսում այնպիսի լռություն է, որ թվում էՙ կողքիդ խոսեն թե երգեն, միեւնույն է, լռության քղանցքը չի պատռվի: Յուրաքանչյուր քայլիդ հետ խորանում է այն միտքը, թե 21-րդ դարի հետ կապդ կտրվում է: Շատ խնամված տարածք է, հատակի սալերն էլ, նստարաններն էլ մաքուր բառից անդին են սահում, երբ փոշեհատիկներից սրբված կամՙ սուրբ բառի սահմանին մերձ ներդաշնակում են այն միջավայրին, որտեղ սուրբի մասունքներն են ի պահ դրված ոսկետուփ պահոցի մեջ: Այն անշարժ հսկում են 4 հոգեւորականներՙ մուգ կարմիր եկեղեցական շապիկի վրայից սեւ գոգնոցանման վերնահագուստն այնպես է թաքցրել յուրաքանչյուրիՙ թեւերն իրար ագուցած կանգնելաձեւը, որ թվում էՙ արմունկն 90 աստիճան ծալված ծնվել են: Պատարագը դեռ չի սկսվել:


Աստիճանները դեպի ներքեւ են ուղղորդում շատերին: Երկաթյա փակվող դռան փեղկը բաց է, մի կին հսկում է մուտքը: Աչքս քարե գետինն է գրավում ՙ երկու ոտնաչափ տարածք խոր փոս է ընկել, մաշվել է ուխտավորների ծնրադրումից: Երբ հսկիչը հաստատեց միտքս, համարձակություն ունեցա մի եզրահանգում էլ անելՙ պատին փակցված միակ իրըՙ երկնագույն-սպիտակ նախշազարդ գավազանը, որ իրականում ցուպ է ու Սերվատիուսի քայլը չափելուց ավելին նրա ձեռքի, մատների հպումն է սոսնձել վրան, սուրբից սովորական մահկանացուներիս տեսանելի միակ «առարկան», մասունքն է: Մյուս մասունքները, որ անթեղված են դրվագված ոսկե պահարանի մեջ, եւ հիշատակության օրերին, ինչպես հունիսի 2-ին տեսանք, առանձնակի արարողակարգ սահմանելով հայտնվում են տաճարի կենտրոնում, փակ են պահվում: Սովորական մեր տեսողությամբ անմեկնելի է ծանր ու հաստատուն գերեզմանաքարի տակ ննջող հոգեւորականի աճյունը տեսանելը: Հոգու աչքերով դիտելու կարող մարդկանց շարանն անմիջապես տարբերակվում էՙ հեռու են մոլեռանդությունիցՙ նրանց ծնրադրելու, հպվելու, գոհունակ ժպտալու բնական ընթացքը մոգական տպավորություն է թողնում: Նրանք 21-րդ դարում էլ դեռ հավատում են, որ Հայաստանից այս եզերքը եկած սուրբն իրականում լսում է իրենց աղոթքի լուռ ձայնը, իրենց շշունջը, նրա զորավոր բժշկելու հրաշքին սպասում են:
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018



«ՍԵՐՎԱՏԻՈՒՍԻ ԲԱՆԱԼԻՆ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻԴ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ»

Ժամը 11- ը մոտենում է: Մաստրիխտի սուրբ Սերվատիուսի եկեղեցում, սրբի աճյունատուփը հսկող 4 հոգեւորականները, որ անշարժ էին այնքան, ասես մադամ Տյուսոյի մոմե արձաններ լինեին, շունչ առան, անձայն հեռացան: Եկեղեցին սկսեց լցվել: Սուրբ Սերվատիուսի տասնօրյակի նախավերջին օրն էՙ պատարագ մատուցելու պատիվը հայ հոգեւորականներին է տրված: Իմ առջեւիՙ « նախօրոք պատվիրված է» գրությամբ երեք կարգերի նստատեղերը, ակնհայտ էրՙ հոլանդացի պաշտոնյաները լրացրեցին: Բելգիային, Գերմանիային սահմանակից Լիմբուրգի նահանգը, նրա մայրաքաղաք Մաստրիխտը, նրա բնակիչները, որոնք լեզվամշակութային առումով գերմանական դրոշմ էլ ունեն, ընդգծված տարբերվում ենՙ գոնե իմ ճանաչած գերմանացիներից: Մաստրիխտցիները խոնարհ են: Հյուսիս-արեւմտյան Գերմանիայում երբեւէ չեմ նկատել, որ տեղացիները եկեղեցում նստելուց առաջ կիսածնրադրեն: Դիմացս կանգնած 60- ամյա գեղեցիկ զույգը, խնամված տեսքից զատ, առաջինը դրանով ուշադրությունս գրավեց, հետո նկատելի դարձավ, որ նստելուց առաջ նույն շարժումն անում են նաեւ երիտասարդները: Սուրբ Սերվատիուս եկեղեցու ուղղանկյուն, երկար սրահի աջ կողմի նստարանին իրենց տեղն են զբաղեցնում Ամստերդամում ՀՀ պատվո հյուպատոս Ռոբերտ Հանս Զիկը, Նիդեռլանդների Թագավորության Լիմբուրգի նահանգապետ, թագավորի հանձնակատար Թեո Բովենսը, ՆԹ-ում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը, Մաստրիխտի սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամ, «Անի» համայնքի ատենապետ Լեւոն Սարգիսը, ՆԹ-ում ՀՀ հյուպատոս Անդրանիկ Գրիգորյանը, ՌԴ պատվո հյուպատոսը: Երկրորդ, երրորդ շարքերում տեղ են գրավում հոլանդացի պաշտոնյաներ, հոլանդահայ համայնքային գործիչներ:

Քյոլնի սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու «Կոմիտաս» երգչախումբըՙ Արտակ Ոսկանյանի խմբավարությամբ, Իրինա Տաբակերի նվագակցությամբ, առաջինը ձայնավորեց լռությունը: Հայկական հնչյուններն օծեցեցին հսկա եկեղեցին, ու դրանց խիստ ներդաշնակ, հոլանդահայ ու հոլանդացի հոգեւորականների ուղեկցությամբ, Գերմանահայոց առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, Քյոլնի հայ համայնքի հոգեւոր հովիվ Վահրիճ քահանա Բաղդասարյանը բարձրացան խորանՙ մատուցելու սպասված պատարագը:

«Մեծ պատիվ է, որ դուք այստեղ եք», հայ հոգեւորականներին, երգչախմբին, Ռուրմոնդի կաթողիկե առաջնորդարանի ճեմարանի ռեկտոր Լամբերթ Հենդրիքսին, եկեղեցում ներկա տարբեր երկրների պաշտոնյաներին, ուխտավորներին ողջույնի խոսք հղելով ասաց սուրբ Սերվատիուսի տաճարի տեսուչ, Մաստրիխտի կաթոլիկ փոխառաջնորդ Ջոն Դաութցենբերգը (John Dautzenberg ): Սերվատիուսը, ինչպես դուքՙ շատերդ, եկել էր այստեղ Հայաստանից, մեզ կամրջում է նրա քարոզած քրիստոնեական հավատը: Ավանդության համաձայնՙ Սերվատիուսը Պետրոսից էր ստացել բանալին, ինձ մոտ էլ մի բանալի կա, որ փոքր է, բայց այս շենքում 120 դուռ է բացում, այդ թվումՙ Սերվատիուսի դամբարանի դուռը: Այս բանալին նաեւ ձեզ է պատկանում», ասաց հոլանդացի հոգեւորականըՙ խոսքն ուղղելով Մաստրիխտի հայ համայնքին, հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներին, հայերին ընդհանրապես:

Երկնափեշՙ սեւ-սպիտակ հանդերձի վրայից սեւՙ նեղ կարմիր երիզներով վերնազգեստ հագած կաթոլիկ հոգեւորականը, հայր Սերովբեի հետ ողջագուրվելուց հետո, նրան շնորհեց պատարագելու պատիվը: «Կոմիտաս» երգչախումբն անշուշտ իր հանդերձանքի սեւ ու սպիտակը չէր համապատասխանեցրել հոլանդացի հոգեւորականների հանդերձների նույնագույն պահանջին, այդպես է երեւի «հանդարտեցնում» հայ հոգեւոր դասի հանդերձների շքեղ գույների հրավառությունը, իսկ իր համեստ երկգույնին հակադրում էր ձայների բազմերանգությամբ: Այդ գույները, օդում ճախրելով, բեմ էին հասնում ոչ միայն պատարագիչի աղոթքն երանգավորելու, այլեւ, ասես բուրվառի վերուվարումներում հսկում էին խնկաբույրի չափաբաժինը: Հայ եկեղեցականների հանդերձի մանուշակագույնն ու ծիրանագույն - կարմիրն այդ օրն առավել ընդգծված շքեղ էրՙ հար նման մագաղաթյա մատյաններում հայտնի ու անհայտ գրիչներիՙ հավերժությանը պահ տված գույներին: «Պատահականությու՞ն է սա, թե՞ խորհրդանշական, որ սուրբՙ հայերեն տարբերակով Սերովբե- Սերվատիուսին նվիրված պատարագը մատուցելու պատիվն ինձՙ Սերովբեիս է տրված, ասաց Գերմանահայոց առաջնորդըՙ շեշտադրելով, թե խորախորհուրդ այդ եկեղեցում պատարագ մատուցելով, ինչո՞ւ չէ, որպես կարթողիկե սրբի, հայցում ենք սուրբ Սերվատիուսի բարեխոսությունը նաեւ: Գերմանահայոց առաջնորդն իր երկլեզուՙ հայերեն եւ գերմաներեն քարոզում հիշատակեց այնուհետ սուրբ Թադեոսին ու Բարդուղիմեոսին, որ Քրիստոսի լույսը բերեցին Հայաստանՙ առաքելական անուն տալով մեր եկեղեցուն, որ առաջին հերթին սուրբ Էջմիածինն է, որ ներշնչել, ոգեւորել, հուզել է շատերին, համախմբել աշխարհասփյուռ հայերին, իսկ Վահան Թեքեյանին շնորհ տվել ձեւակերպելու դրա խորհուրդն իր հայտնի բանաստեղծության մեջ: «Երբ մենք ասում ենք սուրբ Էջմիածին, հասկանում ենք ոչ միայն մեր հոգեւոր կենտրոնը, այլ յուրաքանչյուր հայ եկեղեցի, որտեղ պատարագի ընթացքում Հիսուս իջնում է երկնքից, եւ մենք վերապրում ենք Էջմիածնի խորհուրդը», գերմաներեն ձեւակերպեց Սերովբե վարդապետը:

Քրիստոնեական ողջույնը միմյանց փոխանցելու պահին, երբ 3- րդ շարքում նստած հոլանդացիները հերթով շրջվեցին մեզՙ 4- րդ կարգում կողք կողքի նստած հայերիսՙ գրկախառնությամբ «Քրիստոս մեր մեջ» արտասանելու, զգացի, որ սիրո հետ ուրիշ վեհ բան էլ կար նրանց աչքերում: Երախտագիտություն, որ մեր հայրենակիցն հենց իրե՛նց երկրում Քրիստոսի լույսն ու սերը ճանաչեցնելու առաքելություն ստանձնելով, մեզՙ աշխարհագրությամբ հեռավորներիս մերձավոր է դարձրել այսքան: Պատարագն ավարտվել էր արդեն, իսկ ես զգում էի հոլանդացիների տաք հայացքը, հարգանքը, մեծարանքը այդ օրն հայերիս հանդեպ:Պատարագի ավարտին Հայաստանի դեսպանին հարցրեցի, թե արդյոք նկատե՞լ էՙ սուրբ Սերվատիուսի հայ լինելու հանգամանքը որեւէ ազդեցություն ունի՞ երկու երկրների, ժողովուրդների հարաբերությունների վրա:

«Առաջնային տպավորությամբ ՙ թե՛ մեր հայրենակիցների, թե՛ տեղացիների շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի առումով, կարելի է ավելին անել: Պատմական այն դերակատարումը, որ հոգեւոր, արժեքային առումով սուրբն ունեցել է, կարծում եմ, կարեւոր է, որի շուրջ միգուցե կարելի է հետագայում նաեւ ավելի խոսել:

Այն կարծիքի չեմ, թե Հայաստանում կամ հայության շրջանում որեւէ մեկը տեղյակ չէ: Այն տեղացիները, որոնք առավել լավ են ծանոթ պատմությանը, առավել լավ են ծանոթ ժողովուրդներին, նրանց ստեղծած մշակութային արժեքներին, թե՛ իրենց մայր երկրում, եւ թե՛ երկրից դուրս, առավել իրատես եւ ճշմարիտ են գնահատում նմանատիպ հանգամանքները, եւ մարդիկ, որոնք հնարավորինս տեղյակ են մեր ժողովրդի պատմությանը, անցած ուղուն, վստահ եմ, որ անհամեմատ ավելի խոր հարգանքով են վերաբերվում ոչ միայն ժողովրդին, այլեւՙ նրա յուրաքանչյուր մասնիկին:

Բոլորիս օրակարգում կարեւոր տեղ պիտի զբաղեցնի նաեւ այսպիսի երեւույթների մասին խոսելը, օտարներին ճանաչել տալը, ներկայացնելը: Այն կարծիքին չեմ, որ այս մասով աշխատանք արված չէ, բայց կարծում եմ, որ հետագայում ավելին անելը միայն նպաստավոր կլինի», կարծիք հայտնեց ՆԹ- ում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը : (Զարմանալի է սակայն, որ հիշյալ դեսպանության կայքէջում չգտանք այդ իրադարձությունը լուսաբանող որեւէ տեղեկատվություն, որեւէ լուսանկար):

Սուրբ Սերվատիուսի տաճարում պատարագին մասնակցում էր նաեւ հոլանդիահայ հոգեւորական Պերճ սարկավագ Ասատուրյանը: Անթիլիասում կրթություն ստացած Ասատուրյանը մեր հետաքրքրասիրությանն ի պատասխան ոգեւորությամբ էր պատմում, թե ամեն տարի հոլանդացիները հայերին հրավիրում են Սերվատիուսի տոնին մասնակից դառնալու, թափորի երթին միանալու: Նրա իրազեկմամբ Լիմբուրգի նահանգում 600-700 հայ է բնակվում, իսկ Մաստրիխտի «Անի» համայնքը 50 ակտիվ անդամ ունի:

Քյոլնից Մաստրիխտ ժամանած հայերին հատուկ ջերմությամբ քաղաքի դարպասների մոտ դիմավորելու եկած տեղի հայերը Ս. Կարապետ եկեղեցու սրահում հյուրասիրելու առիթ էին գտել: «Անի» համայնքի կանայք խոհանոցում լավ մրցակցել էին, բայց կարեւորի մասին ոչ ոք չէր մոռացելՙ «Կոմիտաս» երգչախմբի ելույթն ունկնդրեցին, հիմա հերթը Հաագայից ժամանած «Աբովյան» մշակութային միության պատանեկան երգչախմբինն է: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, «Ապրիլ 24 կոմիտեի» քարտուղար Ինգա Դրոստը, «սուրբ Գրիգոր Նարեկացի» դպրոցի տնօրեն Վահան Ավագյանը, Հոլանդիայի տարբեր անկյուններից սուրբ Կարապետ եկեղեցում ներկա հայերը առանձնահատուկ սիրով էին ուղեկցում հայկական երգ հնչեցնող պատանեկան այդ երգչախմբին, որի ծրագիրն այդ օրը մի թեմա ուներ. «Հայրենիքը քեզ կանչում է, դեպի տունՙ Հայաստան», զնգում են երգի բառերը, որ գոնե այդ պահին համոզում են: Սուրբ Սերվատիուսը հայերի ու Հայաստանի տեղը Հոլանդիայում մոռանալ չի տա, մյուսներին արտոնելով երկիր վերադառնալ:
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
 Մաստրիխտ, Հոլանդիա















Tuesday, 5 June 2018

Սփյուռքի նախարարը ժամանակ չի գտել հանդիպելու սփյուռքից եկած լրագրողներին



Դա լավ է, որ ունենք սփյուռքի երիտասարդ նախարար և նա շրջապատված է գիտակից տեղակալներով ու գրագետ խորհրդականներով: Բայց այնուամենայնիվ մեկ էական բացթողում տեղի ունեցավ: Հայտնի է, որ կայացել է սփյուռքի լրագրողների 9-րդ համաժողովը: Սա շատ օգտակար հավաք է հայրենիք-սփյուռք գոյակցության կապերի ամրապնդման համար: Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այս անգամ սակայն սփյուռքի նախարարը վկայաբերելով Վրաստան կատարած այցը և այլ հանգամանքներ ժամանակ չի գտել հանդիպելու լրագրողներին: Հունիսի 5-ին լրագրողների հետ ունեցած մամուլի ասուլիսին ՕՐԵՐ ևրոպական ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը հետևյալ հարցը հնչեցրեց.
-Նախ ես ցավում եմ պարոն նախարար, որ Դուք այդպես էլ ժամանակ չգտաք մեզ հանդիպելու լրագրողների համագումարի ժամանակ և օգտվելու 30 խմբագիրների հետ բացառիկ շփման և նրանց մտահոգություններին ծանոթանալու հնարավորությունից:
Այս հարցին նախարարն անմիջապես չպատասխանեց , այլ միայն յոթ րոպեից հետո (պատճառները տեսանյութում):
Այնուհետև նմանատիպ հարց հնչեցրեց սփյուռքի մեկ այլ լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ Սևան Քէլէշեանը, ով նախարարին հիշեցրեց, որ սփյուռքի մամուլի 80 ներկայացուցիցները Երևան էին բերել իրենց մարտահրավերները, առաջարկություններն ու մտահոգությունները, նաև խնդիրները:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը վերոբերյալ հագեցված գրաֆիկի պատճառաբանություններից զատ, նշեց, որ սփյուռքի նախարարությունը այլևս չպետք է մեկ անձի հետ ասոսացվի և օրակարգ որոշողները նրա տեղակալներն են և գոհ է, որ համաժողովի հանդիպումներն անցել են նրա տեղակալների մասնակցությամբ և որ ամենակարևորն է լրագրողների հավաքի նախագիծը նախարարությունն իրագործել է:

Մեր կարծիքով սա խնդրի նվազագույն կատարում է, որքան էլ ըմբռնումով մոտենանք նախարարի հագեցված գրաֆիկին, այնուհանդերձ համերաշխ ու համամիտ ենք մեր գործընկերներին: Գտնում ենք, որ սփյուռքի նախարարը ողջունելու կամ հրաժեշտ տալու համար գոնե հինգ րոպեով պետք է հանդիպեր իր նախարարության անունը կրող լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Էլ չենք ասում այն մասին, որ հազարավոր կիլոմետր հաղթահարած սփյուռքյան տարբեր երկրներից ժամանած լրագրողների հետ հաղորդակցվելն ավելի արդիական ու կարևոր պետք է լիներ սփյուռքի նախարարի համար, քան տարածաշրջանային մեկ երկիր այցելելը (ի վերջո այստեղ թող տեղակալը մասնակցեր):

Սփյուռքում աշխատող գրեթե բոլոր լրատվամիջոցներն աշխատում են անձնական զոհողությունների ու նվիրվածության հաշվին՝ հայկական կյանքը լուսաբանում են զանազան դժվարություններ հաղթահարելով: չենք ասում, որ ենթարկվում են տեղի երկրի ու այլ համայնքների (օրինակ՝ թուրք-ադրբեջանական) տարբեր ճնշումներին:

Արտասահմանից եկած հայ լրագրողը, երբ համաժողով գալու համար անձամբ է հոգացել իր ճանապարհի ծախսը ու մտահոգ է իր հայրենիքի վաղվա օրով, նաև ուշադրության է արժանի:



Sunday, 3 June 2018

Նիդերլանդներում եզրափակվում է հայազգի Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումները

ՊԱՏԱՐԱԳ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԵՎ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԱԾ ՀԱՅԻ ՊԱՏՎԻՆ

Այսօր՝ Շաբաթ օրը ժամը 11.00-ից Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի Տաճարում (Հասցեն keizer Karelplein-3. 6211 TC Maastricht) մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր  Գերմանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ, հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը, որը Գերմանիայից բավականին ուխտավորների հետ Նիդերլանդներ էր ժամանել: Լեփ լեցուն սրահում եկեղեցական նվագակցությունը կատարում էր  Քյոլն քաղաքի «Կոմիտաս» երգչախումբ` Արտակ Ոսկանյանի գլխավորությամբ։
Լուսանկարում՝ հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը (կենտրոնում)
Լուսանկարում՝ Սերվատիուսի աճյունը




Քյոլն քաղաքի «Կոմիտաս» երգչախումբ` Արտակ Ոսկանյանի գլխավորությամբ
Սա եզակի այն միջոցառումներից էր, ուր «Սուրբ Սերվատիուսի» Տաճարում մատուցվում էր հայկական պատարագ, իսկ ավելի պատվելի էր, երբ  սրահ տեղափոխվեց մեծն հայի՝ Սուրբ  Սերվատիուսի աճյունը:
Ինչպես «Նիդերլանդական օրագրին» հավաստեց «Անի» հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսը, նման բան դեռ տեղի չէր ունեցել և դա արվել էր Սուրբ Սերվատիուսի հայրենակիցների նկատմամբ հատուկ հարգանքի դրսևորումից ելնելով:
Միջոցառմանը մասնակցեցին  տարբեր համայնքների ներկայացուցիչներ, պետական,քաղաքական, համայնքային,եկեղեցական և այլ ոլորտների բարձրաստիճան  այրեր: Մասնավորապես Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Գարեգին Մելքոնյանը, Նիդերլանդների Թագավորության  Լեմբուրգ նահանգի թագավորի հանձնակատար, սոցիալ-տնտեսական խորհրդի մշտական անդամ, Լիմբուրգի մարզպետ Տեո Բովենսը: Վերջինս այդ
մասին նաև իր թվիթերյան  էջում էր  գրառում  կատարել:

Լուսանկարում՝ (ձախից-աջ) Հայաստանի  Պատվո  հյուպատոս  պարոն Զիկը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ  դեսպան Ն.Գ Գարեգին Մելքոնյանը, Նիդերլանդների Թագավորության  Լեմբուրգ նահանգի թագավորի հանձնակատար, սոցիալ-տնտեսական խորհրդի մշտական անդամ, Լիմբուրգի մարզպետ Տեո Բովենսը, Նիդերլանդներում ՀՀ հյուպատոս Անդրանիկ Գրիգորյանը, Մաստրիխտի Հայ Առաքելական «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդի անդամ, «Անի» հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը:


Պատարագից հետո տպավորիչ էր «Աբովյան» մշակութային միության երգչախմբի ելույթը:
Միջոցառմանը պատվելու էին եկել նաև  Նիդերլանդներում Ռուսաստանի ուղափառ եկեղեցու ներկայացուցիչները, Հայաստանի և Ռուսաստանի Պատվո  հյուպատոսներ  պարոնայք Զիկը և    դը  ֆլոտը, գործող հյուպատոս Անդրանիկ Գրիգորյանը, հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը,   «Ապրիլ 24 կոմիտեի» (FAON) քարտուղար Ինգա Դրոստը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի վարչության անդամ, նույնանուն դպրոցի տնօրեն Վահան Ավագյանը:
Հիշեցնենք, որ Սուրբ Սերվատիուսի պատվին տեղի ունեցող միջոցառումները Մաստրիխտում սկսվել են դեռ մայիս ամսից: Արարողակարգերի գլխավոր մասը՝ «Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի» 55-րդ արարողությունն էր, որին ներկա էին հազարավոր ուխտավորներ։ Վաղը՝ հունիսի երեքը   Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումների շարքի վերջին օրն է: Այն ավարտվելու է հազարավոր հավատացյալ ուխտավորների թափորի երթով: Ինչպես անցյալ անգամ Լիմբուրգի մարզային հեռուստատեսությունը կրկին լուսաբանելու է ուխտավորների քայլերթը:






Այս արժանահիշատակ տոնակատարության շրջանակներում Մաստրիխտի Հայ Առաքելական «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը  ևս անմասը չմնաց և կազմակերպչական բավականին ծավալի աշխատանքներ կատարեց՝ նաև վաղվա միջոցառմանն է համայնքը պատրաստվում: Ընդհանրապես լավ կլինի, երբ հատկապես օտարներն են հիշում և երախտապարտ են անվանի հայ զավակներին, հայկական մյուս համայնքների հայեր ևս գան ու մասնակցեն նման միջոցառումներին: Դրանով ոչ միայն ինքներս մեզ ենք հարգում, այլև գնահատում ենք օտարներին, որոնք հարգանքի տուրք են մատուցում մեր զավակներին:
Հիշեցնենք դեռ 2016 թ  «Սուրբ Սերվատիուս» եկեղեցու հարակից մասում հայ համայնքը  խաչքար էր տեղադրել։
Խաչքար-հուշարձանի բացումը խորհրդանշական էր: Մաստրիխտում է  սրբացվել հայազգի Սերվատիուսը, ում անունով կա հնադարյան եկեղեցի ու շատ տեսարժան վայրեր քաղաքում: Լեգենդն ասում է, որ ներկայիս Հոլանդիայի և Բելգիայի տարածքներում Սերվատիուսն է հանդիսացել  քրիստոնեության առաջին տարածողն ու ջահակիրը: Նրա ծննդյան թիվն անհայտ է, մահացել և թաղվել է  Մաստրիխտում 384 թվականին:«Սուրբ Սերվատիոսի կյանքը» 1170 թվականին գրի է առել հոլանդացի առակագիր Հենդրիկ վան Վելդեկեն: Թերևս  Սուրբ Սերվատիոսի կյանքի  շատ էջեր սպասում են իր ուսումնասիրողին: Նրան նվիրված տոների շարքը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ից՝ մեծ շուքով ու հանդիսությամբ:

Hay Azian
«Նիդերլանդական օրագիր»