The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 19 June 2020

Օրհնանքի և նորամուտի ծիսակատարություն ՀՀ դեսպանության նոր շենքում




Տարիներ շարունակ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը աշխատել է բավական սուղ հնարավորություններով շենքային պայմաններում: Մեր քաղաքացիները զրկված են եղել անգամ սպասասրահից, իսկ հանդիպումներ կազմակերպելու համար դժվարություններ են առաջացել: Եվ ահա ուրախալի լուր, ինչպես հայտնել էինք 2020 թ. հունիսի 1-ից դեսպանությունը գործում է նոր` Johan de Witlaan 5, 2517 JR, The Hague հասցեում, որը փոքրիշատե կբարելավվի դեսպանության աշխատանքային պայմանները: Բացի այդ դեսպանությունը գտնվում է այլ դեսպանատների հարևանությամբ, ինչը չէիր ասի նախկինի մասին, որտեղ չկար կայանատեղի, շենքն էլ գտնվում էր այլ բնակարանների շարքում ու նեղ մայթով կապված էր փողոցին, որում անդադար էր երթևեկությունը, մեքենաների աղմուկը:
Այսօր օրհնության և նորամուտի արարողություն էր Հաագայի Հայաստանի նոր դեսպանության շենքում:
Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը եկել էր օրհնության խոսքով` նորամուտի ծիսակատարություն կատարելու:
Արարողության ընթացքում օրհնված ջրով օծվեց դեսպանության նոր տարածքը: Տեր հայրը իր օրհնանքի ու բարիկամեցողության խոսքն ուղղեց դեսպանության անձնակազմին` արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին, նրանց մաղթելով ի բարին, վստահություն հայտնելով, որ նոր աշխատանքային պայմաններում դեսպանությունը կշարունակի արդյունավետ ներկայացնել Հայաստանը և պաշտպանել հայ ժողովրդի շահերը։








Thursday, 18 June 2020

2020-2021 ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններ սփյուռքահայ դիմորդների ընդունելության մասին տեղեկատվություն




Սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելությունը կատարվելու է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության նախնական
մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի և ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով: Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվ. մայիսի 21-ի N 797-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուս.տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ,
(անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ: Տեղերի բաշխումը կատարելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և քննարկման միջոցով: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական
ծրագրով ուսանելու համար մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական և արվեստի բնագավառի մասնագիտություններով դիմող դիմորդները:
Վերոնշյալ կարգերի համաձայն դիմորդները կարող են ընդունվել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ (բակալավրի,
անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով) վճարովի ուսուցմամբ:

ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներն են՝
1.անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսանելու նպատակով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25 –ը ներառյալ,
2. վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ,
3.վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
4. վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
5.վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,
6.վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ,
7 վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ,
8.վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:
Հետագա ուսուցման լեզվին չտիրապետող սփյուռքահայերը և օտարազգի քաղաքացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում, որն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով:
Նախապատրաստական բաժնում ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները կհրամանագրվեն առաջին կուրս: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվելու են մինչև 2020թ. սեպտեմբերի 10-ը: Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվելու են մինչև 2020թ. հոկտեմբերի 2-ը, իսկ վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար՝ մինչև 2020թ. հոկտեմբերի 16-ը: Միաժամանակ, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, օտարերկրա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:

 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԵՂԵՐԻ, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԱՅՍ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ կարող եք դիմել ՀՀ ԿԳՍՄ նախարարություն, կամ  Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն:

Դավիթ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Դեսպանության երկրորդ քարտուղար, հյուպատոս 

Tuesday, 16 June 2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱԱԳԱՅՈՒՄ ԿՅՈՒՐԱՍԱՈՅԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ



Հունիսի 15-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդներում Կյուրասաոյի լիազոր նախարար Անթոնի Բեգինայի հետ։ Այդ մասին մեզ փոխանցում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Հանդիպմանն արծարծվեց հայ-նիդերլանդական բազմաշերտ համագործակցության ներկայիս օրակարգը և վերջինիս տեղեկացվեց թագավորության մաս կազմող Կարիբյան տարածքների հետ նույպես համագործակցությունը խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցությունն ընդլայնելու կարևորությանը, հատկապես՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու առումով։
Զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանի և Կյուրասայոյի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը։

Ambassador Tigran Balayan met with the Minister Plenipotentiary of Curacao in The Hague Anthony Begina.
Ambassador Balayan briefed the Minister Plenipotentiary on the current stage of multifaceted cooperation between Armenia and The Netherlands and informed the latter about Armenia's willingness to enhanceing its ties not only with European Netherlands but also those fallen for Kingdom affairs.


Սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը կատարել է Կոմիտասի «Հոյ Նազան»-ը

 Նիդերլանդների ազգային օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է մեր հայրենակից, սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանի Կոմիտասի «Հոյ Նազան» երգը  Լոկլան Բրաունի դաշնամուրային նվագակցությամբ:

Հոյ Նազան իմ

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
 Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
 Ջան, Նազան իմ, Նազան իմ,
 Նազան, դու բարով եկար,
 Կանաչ սարերով եկար,
 Խոր-խոր ձորերով եկար։

Գարնան սիրուն ծաղիկ ես,
 Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունակ ես,
 Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև-թիթեռնիկ ես,
 Ջան, Նազան իմ, Նազան իմ։

Յար ջան, դուն բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար։



«Անցյալ թատերաշրջանում հոլանդական National Opera Studio-ի հայ սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը ( Julietta Aleksanyan ) կատարել է Քլորինդայի դերը Ռոսինիի «La Cenerentola» - ում, իսկ այսօր նա սիրում է ձեզ հետ կիսվել «Երգ տնից»: Ջուլիետան ձեզ համար կատարում է իր «Հոյ Նազան» -ը, որը գրված է հայ կոմպոզիտոր, վարդապետ Կոմիտասի կողմից ՝ դաշնամուրի մոտ է` Լոկլան Բրաունը: «Դա սիրո մասին է: Հուսով եմ, որ դա ձեզ շատ սեր և դրական էներգիա կտա »: Գրված է էջում:
Մեզ մնում է ասել` կեցցես Ջուլիետտա, այդպես շարունակիր...



Friday, 12 June 2020

Նիդերլանդներում համաճարակի սկզբում առողջապահության նախարարին փոխարինել է արհեստավարժ ընդդիմադիր գործիչը. դեսպան Տիգրան Բալայան

Նիդերլանդներում  Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը պատասխանում է  ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին


Դեռեւս մարտ ամսին Հայաստան է ուղարկվել 2000 թեստ

ՕՐԵՐ- Ի՞նչպես սկսվեց Նիդերլանդներում  Քովիդ 19 համավարակի դեմ պայքարը։ Հայտնի է, որ  երկիրը գտնվում է վարակի տարածման միջին մակարդակում։  Որքանո՞վ  հաջողվեց կասեցնել համավարակի տարածումը եւ ի՞նչ արդյունքներ կան սահմանափակումների մտցնելուց մոտ 3 ամիս անց։
ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ- Համավարակը Նիդերլանդներում մեծ արագությամբ սկսեց տարածվել փետրվարի վերջերից՝ հիմնականում ներթափանցելով Իտալիա այցելած քաղաքացիների միջոցով։ Փետրվարի վերջերին երկրի մի շարք քաղաքներում ավանդաբար տեղի են ունենում բազմահազարանոց փառատոներ։ Համավարակի տարածման նախնական փուլում նահանգների մի մասում դրանք չեղարկվեցին, սակայն հարավային նահանգներում զանգվածային միջոցառումները, այնուամենայնիվ կայացան, ինչի արդյունքում էլ նշյալ նահանգները դարձան համավարակի տարածման էպիկենտրոններ։ Կորոնավիրուսի դեմ պայքարում պետությունը մոբիլիզիացրեց իր ողջ ներուժը՝ շեշտադրում կատարելով հիվանդանոցներում՝ հատկապես վերակենդանացման բաժամունքներում, անհրաժեշտ քանակությամբ տեղերի ապահովման վրա։ Այս հարցում երկրին օգնության ձեռք մեկնեց Գերմանիան, որը սկսեց ընդունել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նիդերլանդացի հիվանդներին։
 Այս համատեքստում էլ ավելի գնահատելի եմ համարում այն, որ Նիդերլանդները մարտ ամսին աջակցություն է ցուցաբերել Հայաստանին՝ տրամադրելով 2000 թեստ։ Ըստ իս՝ հատկանշական է, երբ համավարակի դեմ պայքարող երկիրը պատրաստակամություն է հայտնում օգնության ձեռք մեկնել գործընկերներին։
   Այս պահի դրությամբ համավարակի տարածումը հիմնովին կասեցվել է, եթե մարտ-ապրիլին օրական կտրվածքով նոր վարակվածների թիվը ավելանում էր մոտ հազարով, իսկ զոհերի թիվը հասնում էր մի քանի տասնյակի, ապա այժմ թվերը զգալիորեն կրճատվել են և կառավարությունը գնում է զգալի մեղմացումների։
  
ՕՐԵՐ- Ո՞ր հաստատությունն էր կոորդինացնում այդ աշխատանքները, եւ որքանո՞վ էր Նիդերլանդների ազգաբնակչությունը ենթարկվում հրահանգներին։
 ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ- -Ընդհանուր աշխատանքները համակարգում է կառավարական հանձնաժողովը՝ վարչապետի գլխավորությամբ, հետազոտություններն ու խորհուրդները մշակվում էին Շրջակա միջավայրի և հանրային առողջութան կենտրոնի և առողջապահության նախարարության կողմից։ Հատկանշական է, որ համաճարակի տարածման հենց սկզբում հրաժարական ներկայացրեց առողջապահության նախարարը, որին փոխարինեց ընդդիմադիր կուսակցության անդամ հանդիսացող արհեստավարժ գործիչը, ով կարողացավ համախմբել ուժերը և համակարգել առողջապահական համակարգի աշխատանքները։
 Համավարակի մեջքը հնարավոր եղավ կոտրել ժողովրդի օրինակելի կարգապահության, խանութներում և այլ հանրային վայրերում մեկ ու կես մետր սոցիալական հեռավորություն պահպանելու և տանը մնալու իշխանությունների հորդորներին ականջալուր լինելու և դրանց հետևելու շնորհիվ, ընդ որում՝ առանց պարտադիր դիմակներ կրելու և մի շարք այլ դրսևորումների։ 

ՕՐԵՐ-  Դուք նաեւ մասնակցել եք այլ երկրների դեսպանների հետ քննարկումներին։ Ձեր կարծիքով, որ քայլերն են եղել ամենաարդյունավետը Քովիդ 19-ի համավարակի դեմ պայքարում։
 ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ- -Որպես Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դեսպանների խմբի ղեկավար, իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ դեսպանների առցանց հանդիպումը Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Սիխրիդ Կաախի հետ, ով ի պաշտոնե համակարգում է Նիդերլանդների օժանդակությունը այլ երկրներին, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Տեղի ունեցավ կարևոր մտքերի փոխանակություն համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության շուրջ։
 <<Diplomat Magazine>>-ի կողմից կազմակերպած Հայաստանի, ԱՄՆ, Չինաստանի և Իտալիայի դեսպանների համատեղ ասուլիսը լավ հնարավորություն էր ներկայացնելու նիդերլանդական, ինչպես նաև վերոհիշյալ երկրների առաջատար լրատվամիջոցներին Հայաստանի փորձը, նաև ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից համաճարակի պայմաններում իրավիճակի լարմանն ուղված քայլերը։ Ասուլիսը լայնորեն լուսաբանվեց տեղական և այլ երկրների լրատվամիջոցներում։
 Քայլերի արդյունավետության մասով, համոզված եմ, որ սկզբնական շրջանում սահամանփակումներ մտցնելը ամենաարդարացված միջոցն է։ Հետագա զարգացումների և համավարակի կառավարելիությունը կախված է բնակչության կողմից իրավիճակի լրջության գիտակցումից և սահմանված կանոնների պահպանումից։  


ՕՐԵՐ- Հայտնի է, որ հոլանդահայությունը նույնպես ակտիվորեն աջակցում էր համավարակի հետ կապված խնդիրների լուսաբանությանը։ <<Նիդերլանդական օրագրի>> միջոցով հայ բժիշկները խորհուրդներ էին տալիս հայությանը։ Հայտնի է արդյո՞ք, թե որքան վարակված հայեր կան եւ  ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։ Ի՞նչ ռեժիմով է աշխատում նրանց հետ դեսպանությունը, տեղական համայնքային կառույցները աջակցում են։
 ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ- -Համավարակի հենց սկզբից դեսպանությունն անցավ աշխատանքի արտակարգ ռեժիմի, ձեռնամուխ եղավ Հայրենիք վերադարձող Հայաստանի քաղաքացիներին աջակցելուն, հաշվի առնելով նաև Ամստերդամի օդանավակայանի տարանցիկ դերակատարությունը՝ տարբեր երկրներից և մայրցամաքներից մեր հայրենակիցները նախընտրում էին Ամստերդամից՝ Մինսկով վերդառնալ Երևան, մենք բանակցում էինք օդանավակայանի ծառայությունների և ավիաուղիների հետ՝ լուծելով տարանցիկ երթուղու հետ առաջացած դժվարությունները։ Մինչ այսօր տարբեր երկրներից մեր քաղաքացիները օգտվում են վերոհիշյալ երթուղուց և մեր հյուպատոսը կիրակի առավոտյան օդանավակայանում զբաղվում է մեր վերադարձող հայրենակիցների հարցերով։
  Մարտին՝ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավոր եղավ ձեռք բերել հիդրոքլորոկին դեղամիջոցի մեծ խմբաքանակ, որոնք դեսպանության աշխատակիցները բառացիորեն հավաքում էին երկրի տարբեր ծայրերում գտնվող դեղատներից և մարտի վերջին դեսպանի օգնականը՝ Ամստերդամից <<Աերֆլոտ>> ավիաընկերության վերջին չվերթով  անհրաժեշտ դեղորայքը հասցրեց Հայաստան։ 
 Մեր տեղեկություններով նիդերլանդահայության շրջանում վարակված են եղել տասից ավել մեր հայրենակիցներ, որոնք ապաքինվել են։
 ՕՐԵՐ-  Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Նիդերլանդներում բնակվող ՀՀ քաղաքացիներին։ Եղե՞լ են Հայաստան մեկնող  համաքաղաքացիներ։
 ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ- Մեր աջակցությունը հայրենակիցներին եղել է տարաբնույթ, ներառյալ հոգեբանական աջակցության տրամադրում, թեստավորման կարիք ունեցող վատառողջ հայրենակիցների մասին տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացում, ժամկետը լրացած մուտքի արտոնագրերի երկարաձգմանն աջակցություն, անգամ օդանավի տոմսի համար գումարի հայթահայթում և քաղաքացիներին դեսպանության մեքենաներով  տեղափոխում օդանավակայան։ Ընդհանուր առմամբ համաճարակի մեկնարկից ի վեր դրա հետ կապված տարատեսակ հարցերով դեսպանությունը սպասարկել է 600-ից ավել քաղաքացու՝ Նիդերլանդներից և հարակից երկրներից։  

ՕՐԵՐ- Սահմանների բացման եւ համավարակի երկրորդ փուլի հետ կապված ինչպիսի՞ կանխատեսումներ են բերվում  Նիդերլանդներում։
 ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ- -Ըստ փորձագիտական կանխատեսումների համավարակի երկրորդ ալիքը Նիդերլանդներում սպասում են ամառվա ամիսներին։ Հաշվի առնելով արդեն կուտակած փորձառությունը երկրի իշխանությունները նշում են, որ լավ պատրաստված են հնարավոր նոր ալիքին։

Հակոբ Ասատրյան
ՕՐԵՐ ամսագիր


Wednesday, 10 June 2020

Ամատունու նախաձեռնած «լողացող ցուցահանդեսը» «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա

Իշխան Նիկոդիմոս Ամատունին լինելով առևտրի և արդյունաբերության նախարարության Ռուս-Դանուբյան Շոգենավագնացության (ՌԴՇ) վարչության երեք ղեկավարներից մեկը (կենտրոնը` Պետերբուրգ)
անմիջականորեն 1908-1909 թթ.  հետևել է Ռուսաստանի գետային նավատորմի աշխատանքների բնականոն գործունեությանը, հատկապես արդիականացրել է դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցները, կարգավորել է ռուսական շոգենավային ընկերության առևտրային նավերի աշխատանքային հնարավորությունները: 1909 թ. Նիկոդիմոս Ամատունին հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա կազմակերպում է ռուսական արտադրության ապրանքների «լողացող» ցուցահանդես: Իր անմիջական ղեկավարությամբ այն պետք է լողար Մերձավոր Արևելքի երկրներ` այցելելով Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի 19 խոշոր նավահանգիստներ: 


Ամատունու նախաձեռնած «լողացող ցուցահանդեսը» «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա


1909-1910թթ. «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա «լողացող ցուցահանդես» կազմակերպելը` մտահաղացումից վեր է ածվում
իրականության: Այս տարիների եղելության մասին հարուստ ինֆորմացիա էտալիս այդ ժամանակ հրատարակվող «Յալթայի լրաբեր» թերթը:
Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավը հիմնականում զբաղված է եղել Օդեսա-Վլադիվոստոկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներով: 1908 թվականից ռուսական շոգենավային և առևտրային ընկերության կոմերցիոն բաժնի որոշմամբ Միջին Արևելքի հետ առևտրի զարգացման նպատակով առաջարկեց «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա կազմակերպել հայրենական արտադրության ապրանքների լողացող ցուցահանդես, որը մեկնելու էր Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի ավելի քան 19 քաղաքներ: Այս ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցեց իշխան Նիկոդիմոս Ամատունին: Շոգենավային և Առևտրային ընկերության այս նախաձեռնությունն արժանացավ արդյունաբերողների միահամուռ հավանությանը: Ցուցահանդեսի ֆինանսավորումն իր վրա վերցրեց ընկերությունն ու ցուցանմուշներ ներկայացնողները: Երկաթուղայինները 50 տոկոս զեղչ արեցին ցուցանմուշները մինչև Օդեսայի նավահանգիստ բերելու և հետ տանելու ծախսերը: Ռուսական ընկերությունը ճանաչված արդյունաբերական հեղինակավոր ֆիրմաների գործակալներին առաջարկեց անվճար իրենց ապրանքների հետ ուղեկցել նավ-ցուցահանդեսը : Ցուցահանդեսի անմիջական ղեկավարը Նիկոդիմոս Ամատունին էր: 




1909 թվականի նոյեմբեր ամսվա վերջում ցուցանմուշների հիմնական քանակությունը Օդեսայում ավարտվել էր և շոգենավը մեկնելու էր Յալթա լրացուցիչ նմուշներ վերաբեռնելու համար: Այդ ժամանակ Լիվադիում է գտնվել Նիկոլայ 2-րդ ցարը: Նա եղել է բացվող ցուցահանդեսի առաջին հաճախորդը: «Երեկ լողացող ցուցահանդեսը,-գրել է «Յալթայի լրաբերը» 1909թ. դեկտեմբերի 2-ի համարում,- Բախտավորեցված էր Յալթայում ընդունել կայսեր և կայսերուհուն, Öգոստափառ (պաշտոն մինչ հեղափոխությունը,-ծանոթ. հեղ.) Օլգա Նիկոլաևնային և Տատյանա Նիկոլաևնային: «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավում նորին գերազանցությանը դիմավորեցին Շոգենավային և Առևտրային ընկերության վարչության նախագահ Մոլչանովը, վարչության անդամներ Պոմերը, Կոնկևիչը, ընկերության ռեկտոր Տիմպրոտը և ցուցահանդեսի ղեկավար Ամատունին: Միապետին մատուցվել է աղ ու հաց: Միապետուհուն և մեծ իշխանուհիներին թարմ ծաղիկներ»:
 Մեզ հաջողվել է գտնել և կրկնօրինակել երկու եզակի բնագիր լուսանկար, երբ  Յալթայում 1909թ. դեկտեմբերի 1-ին «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավ է այցելում անձամբ` Նիկոլայ 2-րդ ցարն իր ընտանիքով:  Հաջողվեց  նույնականացնել լուսանկարում պարզ երևացող, ցարական ընտանիքին դիմավորող` ցուցահանդեսի կազմակերպիչ ,  պետական խորհրդական Նիկոդիմոս Ամատունուն (աջից 3-րդը, անմիջապես մեքենայի մոտ) և նախաձեռնող Ա.Ե. Մոլչանովին(աջից երկրորդը):
 Մյուս լուսանկարում` Նիկոլայ 2-րդը դիտում է ցուցահանդեսը: Հիշյալ լուսանկարների հեղինակն է "К. Е. фон Ган и К°" լուսանկարչատան համասեփականատեր, Նիկոլայ 2-րդի անձնական լուսանկարիչ, օպերատոր  Յագելսկին (Ягельский Александр Карлович (1866 - 1916)): Հիշյալ լուսանկարները վաճառվել են Русская эмаль  աճուրդային տան կողմից 30.9.2017թ.` համապատասխանաբար` 30 հազ. և 16 հազ.ռուբլով:




Ցուցահանդեսի առաջին իսկ քայլերն իր վրա ուշադրություն սևեռեց իր զարդարանքով: Գեղանկարչական աշխատանքները կատարել են մոսկվացի Պաշկով եղբայրների կողմից: Համեմատական ոչ մեծ տարածքում տեղադրվել են 135 ֆիրմաների արտադրանքի տեսակները, ընդորում ցուցանմուշներն աչքի էին ընկնում մեծ բազմազանությամբ: Ցուցահանդեսի այցելուները կարող էին տեսնել տնայնագործական եղանակով պատրաստված խաղալիքներից մինչև Կոլմենսկի գործարանի արտադրած լոկոմոբիլներ (շոգեշարժ): Մի խոսքով այն ամենը , ինչ արդյունաբերական Ռուսաստանը կարող էր ներկայացնել Մերձավոր Արևելքի երկրներին:Ցուցահանդեսում եղել են նաև վաճառքի համար նախատեսված ապրանքատեսակներ: Նավակողի զարդարված հատվածը գեղեցկացնում է ազգային գույներով ձևավորված «Exposition Russe» գրությունը, որը լուսավորվում է էլեկտրականությամբ, իսկ Կայմերի միջնամասում երկու մարդահասակ բարձրությամբ դրոշմված էր հսկայական երկգլխանի արծիվը: Շրջադիտելով ցուցահանդեսը Նիկոլայ 2-րդը դիմեց Շոգենավային և Առևտրային ընկերության ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնեց հյուրասիրության համար ՝ արտահայտելով այն հաստատակամ դիրքորոշումը, որ ընկերության նախաձեռնությունը կբերի հաջող արդյունքներ: Նա լողացող ցուցահանդեսին ցանկացավ հաջողություն , իսկ նավին բարեհաջող նավարկություն:




Արխիվային թերթից արված լուսանկար: «Լողացող ցուցահանդեսի» անձնակազմը` ռուսական տարբեր արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներով: Կենտրոնում Նիկոդիմոս Ամատունին է (նշագրված` առաջին համար):


1910-ի դեկտեմբերի 9-ին, ցուցահանդեսային շոգենավը նավարկվեց դեպի Մերձավոր Արևելք: Երկու ամիս նա այցելեց Վառնա, Բուրգաս, Կոստանդնուպոլիս, Թեսաղոնիկե, Պիրեոս, Ալեքսանդրիա, Պորտ Սաիդ, Յաֆա, Կաիֆա, Բեյրութ, Տրիպոլի, Մեսինա, Զմյուռնիա, Դարդանելի, Տրապիզոն - և ամենուրեք նրան դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Կազմակերպիչների զեկույցում ասվում է, որ «ցուցահանդեսի հաջողությունը մեծապես նպաստել են զինվորական և բալալայկաների նվագախմբերի, հին-ռուսական հեքիաթների մոտիվներով դեկորատիվ հանդերձանքներով իրականացված թատերական բեմականացումները:


Լողացող ցուցահանդես»   է հաճախում Բուլղարիայի արքա Ֆերդինանդ 1-ը: 

Բուրգաս այցելության ժամանակ «լողացող ցուցահանդես» է հաճախում Բուլղարիայի արքա Ֆերդինանդ 1-ը: 57 մոդլինյան գնդի նվագախումբը, որն ուղեկցում էր ցուցահանդեսը ի պատիվ ցարի համերգ է տալիս: Ֆերդինանդ 1-ը Բուլղարիայի բարձրագույն պարգևներից մեկով` 1908թ. իր իսկ կողմից հիմնադրած «Քաղաքացիական արժանիքների համար շքանշանով» պարգևատրում է ցուցահանդեսի պատասխանատուին` իշխան Նիկոդիմոս Ամատունուն:
Ցուցահանդեսի հաջողությունը գերազանցեց կազմակերպիչների սպասելիքները: Ռուսական առևտրային արդյունաբերության ապրանքատեսակները ոչ միայն ընդհանուր ուշադրության արժանացան, այլև մերձավորարևելյան շուկայում բացահայտեցին իրենց առավելությունը արտասահմանյան ապրանքատեսակների նկատմամբ: Բազմաթիվ գործարքներ կնքվեցին առ այն, որ ապագայում ռուսական ածուխը, անտառափայտն ու մանուֆակտուրան Թուրքիայում, Հունաստանում, Եգիպտոսում, արևելասլավոնական երկրներում ապահովված են: 
1910թ փետրվարի 14-ին «լողացող ցուցահանդեսը» վերադարձավ Օդեսա: Նախատեսված էր հաջորդ օրը ցուցահանդեսը բացել քաղաքի այցելուների համար, սակայն հաջորդ օրը հանկարծամահ է լինում նավի կապիտան Վլադիմիր Կարլովիչ Բուրկովը, այդ պատճառով այն հետաձգվում է փետրվարի 17-ը: Երեք օր շարունակ «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավն ընդունում է բազմաթիվ այցելուների, քաղաքն աշխուժանում է ինչպես 15 տարի առաջ էր, երբ Անգլիայից Օդեսա բերվեց ժամանակակից այս շոգենավը: Մարդիկ ոչ միայն  խոսում ու պատմում  էին գեղեցիկ շոգենավի մասին, այլ  հիանում սրահներում տեղակայված ցուցահանդեսի նմուշներով:
Նույն թվականին` քիչ ավելի ուշ,  ռուսական շոգենավային ընկերության և առևտրի վարչությունը (РОПиТ) առաջարկություն է ստանում իր տաղավարն  ունենալ Օդեսայում բացվող արդյունաբերության ու գյուղատնտեսության գեղարվեստական ցուցահանդեսում, իսկ շոգենավը վերադառնում է իր նախկին գործունեությանը` ավելի  մեծ ճանաչում ու հեղինակություն ձեռք բերած:



------------------------------


«Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի պատմությունը, որի վրա կազմակերպվել էր «լողացող ցուցահանդեսը»

կամ ինչպես «Николая II» շոգենավը դարձավ«Вече», ապա` «Ильича» ու խորտակվեց:


Գտնում ենք, որ ընթերցողին հետաքրքիր կլինի «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի մասին տեղեկությունները: ՈՒստի անհրաժեշտ համարեցինք այս մասին ևս տեղեկություններ հավաքել: Միանշանակ «Николая II» շոգենավը մեծ հեղինակություն ու ժողովրդականություն վայելեց «լողացող ցուցահանդեսը» իր վրա կրելուց հետո:

Երբ 1894 թ.-ի հոկտեմբերի 20-ին Նիկոլաս 2-րդը  բարձրացավ Ռուսաստանի գահ` 1895-ի հոկտեմբերին, ռուսական շոգենավային ընկերության և առևտրի վարչության պատվերով (РОПиТ)  Դումբարտոնում (Անգլիա)«Wm. Denny & Brothers» ընկերության կողմից կառուցվող նավին  հիմնավոր  ամրագրվեց « Իմպերատոտ Նիկոլայ II» անունը: Այն իր ժամանակի շքեղ շոգենավերից էր` առագաստային հանդերձանքով, պողպատե պտուտակով, նախատեսված 345 ուղևորի համար: Երկկայմ «ИМПЕРАТОР НИКОЛАЙ II»  փոստային  ուղևորատար  նավը (կառուցման գործարանային համարը` 510): Ջրատարողությունը` 7785տ, երկարությունը` 118.87 մ, լայնությունը` 13.71 մ:  ՈՒղևորների տեղերը` 1-ին կարգի 61 տեղ, 2-րդ կարգի 39 տեղ և 3-րդ կարգի 245 նստատեղ: Մեկ ուղղահայաց եռակի ընդլայնման գոլորշու շարժիչ 3400 ձիաուժ հզորությամբ նավի համար ապահովել է 12,5 հանգույց արագություն:  նավահանգիստը` Օդեսա (թիվ 49): 1895 թ. Նոյեմբերի 18-ին նավը  առաջին ուղևորությունը կատարեց` Օդեսայից Ալեքսանդրիա երթուղով:

1897-1898 թվականներին նավն օգտագործվեց Օդեսայից Վլադիվոստոկ ներգաղթյալներին տեղափոխելու համար: 1909-1910 թվականներին նավը վերակազմավորվեց ռուսական ապրանքների լողացող ցուցահանդեսի: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՝ 1915-ի փետրվարի 25-ին, նավը մոբիլիզացվել է, և մարտի 10-ին, որպես թիվ 29 ռազմական տրանսպորտ, ընդգրկվել է Սևծովյան նավատորմի մեջ: Մարտական գործողությունների ժամանակ զորք է տեղափոխել: 
Շոգենավ «Վեչեն(Вече)» օդեսայում, 1920թ.

Մինչև 1920թ. նավը ձեռքից ձեռք է անցնում: Բոլշևիկների ակտիվացումից և ցարին ձերբակալելուց հետո 1917-ի ապրիլին նավին տրվեց նոր անուն ՝ «ВЕЧЕ»: 1917-ի դեկտեմբերի 16-ին նավի անձնակազմն անցավ սովետական ​​իշխանության կողմը: 1918-ի մայիսին տրանսպորտը գրավվեց գերմանացիների կողմից, 1918-ի նոյեմբերին նավն անցավ սպիտակգվարդիականներին, իսկ նույն թվականի դեկտեմբերին ՝ անգլո-ֆրանսիական ուժերին: 1919-ի ապրիլից նավը վերադարձվեց նախկին տերերին, նորից ընդգրկվեց Սպիտակ գվարդիայի նավատորմի մեջ : Այն դրվեց վերանորոգման:
Սակայն կարմիր բանակի կողմից Օդեսայի ազատագրումից 10 օր առաջ նավը վերանորոգող մի խումբ  աշխատողներ դիվերսիա կազմակերպեցին` նենգորեն նավի ստորջրյա հատվածում բացեցին Քինգստոնը: 15 րոպե անց «ՎԵՉԵ»-ն լցվում է ջրով և հպվում ջրավազին: Բոլշևիկների կարծիքով թույլ չտվեցին, որ սպիտակգվարդիականներն իրենց հետ արտասահման տեղեփոխեին նավը: 1920-ի փետրվարի 7-ին Օդեսայում ստեղծվեց խորհրդային իշխանություն: Շոգենավը բարձրացվեց և մանրակրկիտ վերանորոգվեց միայն 1922թ.՝ ստանալով նոր անուն ՝ «Իլիչ»: 
1923թ. պարզվում է «Իլիչը» այնքան էլ լավ չի վերանորոգվել: Յալթայի մերձակայքում հայտնվում է ուժեղ ձմեռային փոթորիկի մեջ և 3000 ուղևորի հետ անձնակազմի գործողությունների շնորհիվ հրաշքով է փրկվում: 1924թ.ից սկսած նավն սկսել է լիարժեք ծառայել` դրվել է նույն` Ալեքսանդրիայի գծի վրա: 
1925թ. նավը վերանորոգման է մեկնում Լոնդոն: Արդեն կայացած Խորհրդային բյուրոկրատականան քաշքշուկի շնորհիվ Երեք ամիս նավը կանգնած է մնում նավահանգստում ՝ սպասելով ֆինանսավորման հարցի լուծմանը: Նորոգումից հետո վճարվում է ավելին, քան համաձայնեցված գումարն էր: նավը նորոգվեց և 1926-ին թարմացվեց, վերադարձավ Օդեսա:

1935-ին «ИЛЬИЧ»-ը տեղափոխվեց Հեռավոր Արևելք բեռնափոխադրող ընկերություն: 1936-ին նավն ուներ 1-ին կարգի խցիկներ` 54 ուղևորի համար, 2-րդ կարգի` 30 , և 3-րդ կարգի խցիկներ 172 ուղևորի համար: Նավը գործարկվել է Վլադիվոստոկ - Սովետսկայա Գավան - Պետրոպավլովսկ (Կամչատսկի) արագընթաց ուղևորաբեռնափոխադրման  համար: 1937 թվականի մայիսի 23-ին «Իլյիչը» Պետրոպավլովսկ հասցրեց աղջիկների առաջին խմբին, ովքեր արձագանքել էին Վ.Խետագուրովայի` Հեռավոր Արևելք գնալու կոչին:  Խասան լճի մոտ տեղի ունեցած ռազմական բախման ժամանակ նավը մոբիլիզացվել է և վերածվել է սանիտարական փոխադրամիջոցի և վիրավորներ տեղափոխել: Ռազմական գործողությունների ավարտից հետո «ИЛЬИЧ»-ը վերադարձվել է բեռնափոխադրող ընկերությանը և նորից սկսել է ուղևորներ և բեռներ տեղափոխել:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նավը ուղևորություններ է կատարել Վլադիվոստոկի և ԱՄՆ նավահանգիստների միջև: 1944-ի ապրիլի 17-ին նավը հասավ Պորտլենդ և կանգնեց նորոգման` կաթսաները փոխարինելու համար: Երկու ամիս անց, վերանորոգման թեժ պահին, նավը կորցրել է հավասարակշռությունը և հունիսի 23-ին սուզվել նավաշինարանի ջրերում` մինչդեռ այնտեղ նորոգվող ոչ մի  նավի  հետ մինչև օրս նման  բան տեղի չի ունեցել: Զոհվել է նավի անձնակազմի անդամներից մեկը: Ենթադրվում է «ИЛЬИЧ»-ին ծրագրավորված են վերացրել: Որպես անհատույց փոխհատուցում Խորհրդային Միությանն է փոխանցվել  «OTSEGO» и «GENERAL W.C. GORGAS»  2 ապրանքաուղևորատար շոգենավեր , որոնք համապատասխանաբար անվանափոխվեցին` «ՈՒրալ» և «Միխայիլ Լոմոնոսով»:

HAY AZIAN
Nid.oragir

«Ильич»-ը հայրենական պատերազմի  տարիներին



«Николая II» շոգենավում տեղի ունեցած միջոցառումներից`արխիվային թերթերի լուսանկարներ
Hay AZIAN
Nid.Oragir
---------
Աղբյուրներ`
1. http://kruiznik.ru/forum/viewtopic.php?f=13&p=4495&t=786
2. http://izhig.ru/badges/znak-uchastnika-spaseniya-parokhoda-ilich-1932-god.php
http://www.odin.tc/books/steam/VIII.asp
 https://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590 "Крымская газета"
 В.В.Басевича «Сказание о пароходах России» [1], с.127-144, («Как «Император Николай II» стал «Ильичем») 
https://rgia.su/old/start.do
https://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590
http://www.italyworldsfairs.org/exist/worldsfairs/basic/ES/Exposition_PublicFigures
https://ru.bidspirit.com/ui/lotPage/source/catalog/auction
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
https://www.nidoragir.com/2020/03/blog-post.html
Президентская библиотека, 2020
«Пловучая выставка». журнала «Искры» №50, 1910 г., с.394-395
РГИА, ф. 40, оп. 1, ед.хр. 60б, л. 27–27об.
РГИА, ф. 565, оп. 4, ед.хр. 14565, л. 50–50об
«Յալթայի լրաբեր» 1909թ. դեկտեմբերի 2-ի համարում
-----------
Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին

Ամատունու նախաձեռնած «լողացող ցուցահանդեսը» «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա

Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)




Friday, 5 June 2020

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումի մեկնարկին մնացել են հաշված ժամեր




Հունիսի 6-ին՝ հայաստանյան ժամանակով 11:00-ին, կմեկնարկի «Վերադարձ Հայաստան» hիմնադրամի (RepatArmenia) «Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը: Սա 20-րդ «Imagine Armenia» ֆորումն է, սակայն առաջին անգամ է անցկացվում նման ձևաչափով և նպատակաուղղված է Լիբանանի հայ համայնքին: Աշխարհի ամենատարբեր կողմերից եկած  հայրենադարձները կհամախմբվեն մեկ հարթակում և երկու օր շարունակ հայրենադարձությունը  կդարձնեն ամենաքննարկվող թեման:
Ֆորումն անցկացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հավաքի մեկնարկին հանդես կգա բացման խոսքով և կներկայացնի ինչպես հայրենադարձության, այնպես էլ Հայաստան-սփյուռք գործակցության մի քանի արդիական դրույթներ:
Գլխավոր հանձնակատարի բացման ելույթից հետո հավաքը կընթանա թեմատիկ քննարկումների ձևաչափով՝ 30 հրավիրյալների մասնակցությամբներկայացնելով հայրենադարձության գործընթացն ու մարտահրավերները, հնարավորություններն ու արդեն հայրենադարձվածների անձնական և մասնագիտական փորձառությունը:
Առաջին օրվա ընթացքում՝ մինչ 16:00-ն, ֆորումին գրանցվածները հնարավորություն կունենան հետևել «Հայրենադարձության մարտահրավերները և հնարավորությունները», «Հայրենադարձության
համար անհրաժեշտ բյուջետավորումը», «Անձնական գույքի տեղափոխումը և կարգավիճակի ձեռքբերումը Հայաստանում» պանելային քննարկումներին:
2-րդ օրվա ընթացքում՝ հայաստանյան ժամանակով 11:00-18:00-ն, կընթանան «Անշարժ գույքը Հայաստանում», «Կրթությունը Հայաստանում», «Առողջապահությունը Հայաստանում», «Կարելին և «չի կարելին» Հայաստանում» թեմատիկ նիստերը:
Միացյալ Էմիրություններից հայրենադարձվածներից լսել պրակտիկ ու իսկ Հայաստանի պետական ոլորտային կառույցների ներկայացուցիչներից՝ տեղեկանալ հայրենադարձության վերաբերյալ պետական մոտեցումների և առկա արտոնությունների մասին:
Մասնակցության համար խնդրում ենք այցելել հղմամբ՝ https://bit.ly/2XavJDs:
Ֆորումի մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Repat Armenia հիմնադրամի ֆեյսբուքյան էջ կամ պարզապես հետևելով Imagine Armenia Lebanon Online Forum-ի թարմացումներին:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան- սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր
գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ diaspora@gov.am էլ.
 հասցեով:
Սարգիս Ալեքսանյան
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office

Աշկինի թուրք-ադրբեջանական մշակութային ընկերությունը թաթախված է ընտրակեղծիքների ու դրամաշնորհների շորթման մեջ

Նիդերլանդական թերթերի բացահայտումները


Դեռ սույն թվականի փետրվարի 26-ի «Նիդերլանդական օրագրի»` «Ադրբեջանական սփյուռքի ու ազգայնամոլ Աշկինի իրական դեմքը» ընդարձակ հոդվածում, պատմել էինք տխրահռչակ Աշկինի  մասին:  Սույն հոդվածի «Կոռուպցիոն կասկածելի կապեր Հաագայի քաղաքապետարանի չինովնիկի հետ»  ենթավերնագրի ներքո, խոսել էինք Նիդերլանդական  մամուլում  հայտնված Աշկինի կասկածելի գործարքների մասին`  որոնցից  մեկը  2018-ի Հաագայի ավագանու ընտրություններում նրա, ու տեղական թուրքամետ կուսակցություներից մեկի ունեցած կոռուպցիոն գործարքների մասին էր : Կեղծիքների արարման փուչիկը պայթեց 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ  Նիդերլանդների քրեական հետախուզության ազգային վարչությունը Ռիչարդ դե Մոսի կուսակցության գրասենյակում իրականացրեց  խուզարկություն՝ կապված գիշերային զվարճավայրերի թույլտվությունների տրամադրման ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննություններին: Դե Մոսը, իր կուսակից անդամ Ռաշիդ Գերնաուի հետ միասին, ժամանակավորապես հեռացավ ավագանու
 անդամությունից: Ի Վերջո այդ հարցը հանգեցրեց նրան, որ քաղաքապետարանում մեկ այլ կուսակցության հետ ունեցած դաշինքը` առ ոչինչ եղավ և 2019-ի հոկտեմբերի 2-ին քաղաքային խորհուրդը նաև անվստահություն քվեարկեց անցած պաշտոնաթող ավագանիներին: Հոկտեմբերի 16-ին, Դե Մոսը պաշտոնապես հրաժարական տվեց` որպես ավագանու անդամ: Այս ուղղությամբ տեղական  մամուլը շարունակում է կոռուպցիոն նորանոր բացահայտումներ անել, որն առնչվում է մեզ արդեն ծանոթ Աշկինին:

Վկայակոչելով  omroepwest.nl/nieuws կայքը, գրել էինք, որ Քաղաքապետարանը` Ռաշիդ Գերնաուի (Rachid Guernaoui, 1972, Հաագայի` արդեն նախկին ավագանի, հոլանդացի-մարոկկացի քաղաքական գործիչ)  ակտիվ միջամտությամբ վերջին անգամ  Աշկինի կազմակերպությանը 9000 Եվրո է սուբսիդավորել` Նովրուզի տոնը  թուրք մենեջեր ունեցող օպերայի շենքում կազմակերպելու համար, պայմանով, որ շենքի վարձակալության, ուտելիքի ու երաժշտության համար վճարվի 6000-ը : Մարոկացի քաղաքական գործիչն արդարանում է, որ ամեն  բան օրենքով է արել, մասնավորապես դատախազությանն է ներկայացրել քաղաքապետարանի հուշագիրը, որտեղ թուրք-ադրբեջանական ընկերությունը դիտվում է որպես «Հաագայում ադրբեջանցիների շրջանում լայն աջակցություն վայելող ակտիվ հասարակական կազմակերպություն»: Ըստ հուշագրի, ընկերությունը պարբերաբար նախագծեր  է իրականացրել լեզվի ուսուցման, հարևանության, ազատականացման, ԼԳԲՏԻ համայնքի, մշակութային ծրագրերի բազմազանության ոլորտներում:  Աշկինի կազմակերպություն նման դրամաշնորհների է արժանանում  սկսած 2012 թվականից: Այս անգամ,  դատախազությունը հեռախոսային խոսակցությունների ապացույցներով հաստատակամ է, որ գործ ունի կոռուպցիայի հետ: Հեռախոսային զրույցների լսումներից Մզկիթի տնօրեն Դորտ Մասումլարը (Dort Masumlar) և օպերայի մենեջեր Էրդինք Աքիոլը  (Erdinç Akyol) Ռաշիդ Գերնաուին համարել են «քաղաքապետարանի իրենց մարդը»:

Գրել էինք, որ` Գորշ ամպեր են կուտակվում գորշ գայլերի  գլխավերևում: Հիրավի այս
կանխատեսումները կարծես արդրանում են:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը` ով Աշկինին հայատյացության համար դատի տված հասարակական գործիչներից մեկն է, տեղեկացնում է, որ հոլանդական մամուլը շարունակում է բացահայտել  2018 թ. Հաագայի ավագանու խայտառակ ընտրություններում տեղի ունեցած սկանդալը: Մասնավորապես նիդերլանդներում 200 հազ տպաքանակ ունեցող NRC.nl (մեծությամբ`4-րդը) լիբերալ  թերթի  կայքը երեկ  այս թեմայով  2  հոդված է հրապարակել,  որոնցից մեկը վերնագրված է` «Հաագայի Դե Մոս  կուսակցությունը առնչվում է քվեարկության խարդախության հետ,»  իսկ մյուսը`  «Դե Մոս» խումբը կապված է քվեարկության խարդախության հետ. «150 եվրո քսան քվեարկության համար» վերնագրերը: Այսպիսով  NRC-ը ավելի հեռուն է գնում: Թերթը ոչ միայն բացահայտում է քաղաքապետարանում կատարած ապօրինությունները, այլ հենց բերված  փաստերով խիստ կասկածի տակ է դնում 2018թ. տեղական ընտրություններում կուսակցության հաղթանակի  բուն փաստը:  Ըստ NRC- ի հետազոտությունների` ակնհայտ է, որ մեծ թվով ձայներ հավաքվել  են լիազորված անձերի միջոցով` հատուկ «իրենց» թեկնածուների օգտին: Ըստ NRC-կազմած գծապատկերի վստահված ձայների ծայրահեղ բարձր տոկոսը տրվել է  De Vaillant թատրոնում, որտեղ աշխատել է Աթիլա Աքիոլը (սննդի կազմակերպիչ, ազգությամբ թուրք,  նույն թատրոնի մենեջեր Էրդինքի եղբայրը):

Հաագայի թուրքական համայնքը խիստ ներկայացված է Հաագայի այնպիսի թաղամասերում, ինչպիսիք են Շիլդերսվիխը և Տրանսվալը: Այս շրջանի սրտում ՝ Հոբբեմաստրաթում, գտնվում է թատրոն Դե Վիլանտը, որտեղ 2018-ին ստեղծվել էր ընտրատեղամաս: Այստեղ Դե Մոս խումբը ստացավ բոլոր քվերակությունների գրեթե մեկ քառորդը (23,8 տոկոս): Հենց Ատիլա Աքիյոլը ավագանու բոլոր 506 թեկնածուներից ամենաշատ ձայներ ստացողն է:

Բոլոր վավեր ձայների մեկ երրորդը (32.9 տոկոս) քվեարկվել է ոչ թե ընտրողի, այլ վստահված անձի կողմից: Համեմատության համար Հոլանդիայի 8,699 ընտրատեղամասերից ոչ մեկում այդքան բարձր տոկոս ու քվեարկողների մեծամասնություն չեն եղել:  Ըստ NRC չհրապարակվող աղբյուրի ՝ Հաագայի թուրքական համայնքի շատ մարդիկ նախօրոք գիտեին այդ մասին: Լուրերն արդեն շրջանառվում էին ընտրություններից մեկ շաբաթ առաջ, գրում է աղբյուրը: Քրեական հետախուզության ազգային վարչությունն արդեն մեկուկես տարի հետաքննում է թուրք-հոլանդական սննդի ձեռնարկատերեր Աթիլայի և Էրդինչ Աքիոլի կողմից այդ ժամանակվա ավագանիներ Ռիչարդ դե Մոսի և Ռաշիդ Գերնաուի հնարավոր կոռուպցիոն կապերը: Օպերային թատրոնի Աշկինին վարձակալության մասին արդեն պատմել ենք:

Աքիոլ եղբայրների հեռախոսները գաղտնալսվել են ամիսներ շարունակ: Խոսակցություններից մեկում ՝ 2018-ի նոյեմբերի 22-ին, Էրդինչ Աքիոլը զրուցում է Հաագայում Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինի հետ: Այդ հեռախոսազրույցում Աքիոլն ասում է, որ 2018-ի ավագանու ընտրություններում «Գրուպ դե Մոս»-ի օգտին ձայների դիմաց «ֆինանսական փոխհատուցում» կվճարվի «կուսակցություններին»:

Աքիոլը նաև ասում է, որ Աշկինը կպարգևատրվի շատ ձայներ հավաքագրելու համար: Աշկինին ասվում է, որ Աքիոլները քաղաքապետարանից կկազմակերպեն  դրամաշնորհների տրամադրում` իր ասոցիացիայի համար, քաղաքային խորհրդի  անդամ Ռաշիդ Գերնաուի միջոցով: Նա դարձել էր ավագանի  Groep de Mos-ի միջոցով  2018-ի մարտին, ինչպես  հենց ինքը` Ռիչարդ դե Մոսը: «Ռաշիդն ու Ռիչարդը մեր ձեռքում են», - ասել է Էրդինչ Աքիոլը Աշկինի հետ ունեցած իր հեռախոսազրույցում:

Էրդինչ  Աքիոլի եղբայր Աթիլան  ավագանու ընտրություններում Դե Մոսի թեկնածուների ցուցակում 35-րդն էր: Չորրորդ տեղում  Էրդինչի կինը ՝ Նինո Դավիթուլիանին էր (վրացուհի): Դավիթուլիանին կոռուպցիայի քննության մեջ որպես կասկածյալ է ներգրաված: Անցյալ տարվա հոկտեմբերին Արդարադատությունը խուզարկություն էր կատարել Աքիոլների, Դե Մոսի և Գերնաուի բնակարաններում, ինչպես նաև երկու ավագանիների քաղաքապետարանի գրասենյակներում:

Առայժմ իրենց հասցեին հնչեցված NRC- ի մեղադրական բոլոր փաստարկները, մասնավորապես, որ 2018 թ.-ին Հաագայում կայացած ավագանու ընտրություններում գնվել են ընտրողների (ազգությամբ` թուրք, ադրբեջանցի, մարոկացի ու այլ ) ձայները`  Ռիչարդ դե Մոսի  կուսակցությունը հերքում է: Դատախազությունը դեռևս չի մեկնաբանում քվեարկության կեղծիքների վերաբերյալ տեղեկությունները: Ուրբաթ օրը (5.06.2020)  «Դե Մոս» կուսակցության խմբից   NRC-ին պատասխանել են. «Երբևէ ոչ մի ձայն չի գնվել կամ հավաքագրվել  Ռիչարդ դե Մոսի կուսակցության կողմից»:
Բայց դա ասելով չէ, կան  փաստեր, ձայնալսումներ: Դատախազության համար թերևս դժվարություններ չկան այս փաստերը ապացուցելու:

 Hay Azian
Nid.oragir,5.06.2020

Monday, 1 June 2020

Լույս է տեսել բժիշկ Գոռ Խաչիկյանի «Կորոնա-ճգնաժամ, իրական դեպքեր առաջնագծից» նոր գիրքը




Սիրելի հայրենակիցնե՛ր, Ուզում ենք տեղեկացնել, որ արդեն լույս է տեսել հոլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանի "De Corinacrisis, stories of the front line" («Կորոնա-ճգնաժամ, իրական դեպքեր առաջնագծից») գիրքը, 160 էջանոց մի ազդեցիկ ու տպավորիչ բառամթերքով գիրք, որտեղ ներկայացված են այս համաճարակի ընթացքում հանդիպած իրական դեպքերն ու պատմությունները: Գրքում հրապարակված որոշ լուսանկարներ վերցված են դեպքի վայրից։

COVID-19, հավանաբար այս տարվա ամենաշատ արտաբերված բառը, մի անկանխատեսելի իրավիճակ, որը բառիս բուն իմաստով ցնցեց, տարածվեց ողջ աշխարհով մեկ և հետաձգեց գրեթե ամենքիս բոլոր ծրագրերն ու մտահաղացումները։

 Նիդերլանդներն անմասն չմնացին այս համաճարակից։ Ողջ երկիրն ընկղմված էր կորոնավիրուսի ճգնաժամի մեջ, պաշտոնապես հայտարարված էր արտակարգ դրություն, խուճապն ու վախը թևածում է ողջ երկրով մեկ։ Գերծանրաբեռնված հիվանդանոցներում բժիշկները ամենօրյա 24 ժամ աշխատանքային ռեժիմով ջանք ու եռանդ չէին խնայում օգնություն ցույց տալու ծանր պացիենտներին։

Որպեսզի հենց առաջին դեմքից իմանանք, թե ինչպես էր այս ամենը համակարգվում հոլանդական բուժկենտրոններում, ինչպես էին արձագանքում այս իրավիճակին բժիշկները, ինչպիսին էր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների ապրումներն ու մտորումները` կարող եք իմանալ «Սուրբ Անտոնիոս» հիվանդանոցի  շտապ օգնության բժիշկ, մեր հայրենակից  Գոռ Խաչիկյանից: Գոռն արդեն ելույթ է ունեցել «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերով և դեռևս ակնկալիք ունենք կրկին հանդիպել նրան, լսել գիրք գրելու դրդապատճառների ու ներկա իրողությունների մասին:

 Լինելով այս ամենի առաջնագծում և կիզակետում, բժիշկը հնարավորինս փորձել է իր գրչին հանձնել «ետնաբեմում» տեղի ունեցածը՝  անմոռանալի լսած, տեսած և վերապրած զգացմունքներն ու պահերը։ Դոկտոր Գոռն իր այս գրքով ընթերցողներին կարծես մտովի տեղափոխում ու ականատես է դարձնում դարի ցավոտ խնդրին, թե ինչպես  մարդիկ իրենցից անկախ հայտնվում են կորոնավիրուսի հարուցած առաջին ու  կենսական օգնության իրավիճակում։   Միշտ պրպտող, ինքնակրթությամբ զբաղվող, պատասխանատու դեպի իր աշխատանքը, ակտիվ ու  հասու երկրի տնտեսական, հասարակական ու քաղաքական կյանքին: Այդպեսին է մեր Գոռը, նա կարծում է, որ հիվանդների պատմությունները պետք է արձանագրվեն, որպեսզի դրանք  դեմք ստանան, ու մարդիկ այս ամենը հաղթահարելուց, կազդուրվելուց հետո տեսնեն կորոնավիրուսի թողած հետքերը։  Բժիշկը հանրությանը մասնակից է դարձնում,  այս ամենին, որպեսզի մարդիկ համաճարակին նայեն ոչ թե  պարտվողի բացասական տեսանկյունից, այլ լինեն դժվարությունները հաղթահարածներ ու քաջ գիտակցեն, որ  որ կորոնայի դրական անալիզի արդյունքները ամենևին էլ  դատավճիռ չեն։

Այս գիրքը Գոռի հեղինակած արդեն 4-րդ գիրքն է։ Նախկինում ընթերցողի դատին էր հանձնված մնացած գրքերը՝ (“Gelukzoeker”, “Gastarbeider”, “Genees De Zieken”)։
Այս և նրա մյուս գրքերը պատվիրելու համար կարող եք այցելել հետևյալ հղումը՝
https://gelukzoeker.eu/?fbclid=IwAR1e5cpnIZqmHJM0NK3q

Էդգար ՎԱՀԱՆՅԱՆ



Հ.Գ- Մի հայ էմիգրանտ, ով կարծես թե չպետք է լիներ հոլանդական հասարակությունում, հիմա գրկաբաց ընդունում է վարակակիր տեղաբնակներին, քաջալերում և հույս տալիս, որ կորոնայից հետո իսկապես կյանք կա․․․

Սա հենց վերաբերվում է մեր հայրենակցին` բժիշկ Գոռին, որ այսօր պայքարի դաշտում է,  ու կռիվ է տալիս կորոնավիրուսին` մեզ ու բոլորիս  համար...