The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 8 May 2025

Երկու պատերազմական դրվագ ու մի կորսված ժամանակի կենսագրություն, որ կոչվում է հաղթանակ

Վարդան Ամատունին, Զապարոժե, 12 փետրվարի 1940թ

Նա եղեռնի տարում՝ 1915-ին ծնված Օշականցի Վարդան Ամատունին էր։ Գառնիկ Ամատունու ավագ որդին։ Գառնիկը, որ ժամանակին ռուսական բանակի կազմում ազատագրական մարտերում էր մասնակցել թուրքական բռնապետության դեմ, համառությամբ, բանիմացությամբ ու մարդկային պարզությամբ իր հայրենասիրության ոգին փոխանցել էր որդուն։ Այդ ոգին ուղեկցեց Վարդանին ամբողջ կյանքում՝ դպրոցական դասարանից մինչև պատերազմի թեժ խրամատ։ Պատերազմը ոչ միայն ռազմական գործողությունների հաջորդականություն է, այլև մարդկային ճակատագրերի խճճված ուղիներ, որտեղ ամեն մի քայլ կարող է կյանք կամ մահ նշանակել։ Վարդան Ամատունու պատմությունը եղեռնի արձագանքից, անցնում է Հայրենական մեծ պատերազմի դժոխքով և հասնում մինչև խաղաղության տարիների լռությունը՝ լի կասկածներով ու վախերով։
Վարդանը մանկավարժական ինստիտուտն ավարտած երիտասարդ մասնագետ էր, երբ աշխատանքի անցավ որպես դպրոցի տնօրեն Աշտարակի շրջանի Փարպի գյուղում։ Նա դեռ նոր կյանք էր կերտում, երբ եկավ Խորհրդային բանակում ծառայելու ժամանակը։ 1939 թվականն էր։ Ուսուցչական սեղանը փոխարինվեց զինվորական հանդերձով։ Երբ լրացավ երկամյա ծառայությունը և պատրաստվում էր տուն վերադառնալ 1941-ի հունիսին սկսվեց մեծ պատերազմը: Կուսակցական տոմսով բարձրագույնն ավարտած երիտասարդ մանկավարժին ընդգրկում են սպայական վերապատրաստման դասընթացներում, որի ավարտելուց հետո Վարդանը պետք է անցներ 25 տարվա պարտադիր պայմանագրային ծառայության։ Բայց հենց այդտեղ տեղի ունեցավ մի դրվագ, որը փոխեց նրա ճակատագիրը։
Սպայական որակավորման քննությունների ժամանակ նա գիտակցաբար սխալներ թույլ տվեց քարտեզի վրա։ Երբ հրամանատարը հարցրեց՝ «Ինչու՞ եք խառնում Ամերիկան ԽՍՀՄ-ի հետ», նա պարզաբանեց.
«Ծնողներս տարիքով են, հիվանդ են։ Ուզում եմ պատերազմից հետո նրանց կողքին լինել»:
Այդ ազնիվ խոստովանությունը փրկեց նրան 25-ամյա պարտադիր ծառայությունից, բայց ոչ պատերազմի սարսափներից։
Անմիջապես պատերազմ են զորակոչում Վարդանի եղբորը՝ Զավեն Ամատունուն։ Զավենը ուներ գրելու շնորհք։ Նամակներ էր գրում ճակատից, բայց շատ կարճ ժամանակ անց այդ նամակները դադարեցին։ Զավենն այդպես էլ համարվեց անհետ կորած։ Չվերադարձավ, չգրվեց, չհիշվեց՝ մնաց մորմոքը հարազատների սրտում։
Վարդանն անցավ ամբողջ պատերազմի միջով՝ մինչև 1945-ի մայիսի 9-ը։ Բայց մինչ այդ, պատերազմը դեռ իրեն պիտի ցույց տար իր դաժան դեմքը։
Վարդանի պատմածներից առանձնապես երկու դրվագ են խորը տպավորվել։ Դրանք մարդկային խղճի ու ճակատագրի հարվածներն էին։
Առաջին դրվագը՝ խորհրդային դաժան կարգապահության խորհրդանիշ։ Խորհրդային բանակի խրամատներից մեկում երեք զինվորներ փորում էին պաշտպանական հենարան։ Հակոբ անունով զինվորը, անուշադրությանբ կամ հոգնածությանից, իր հատվածը մի քանի սանտիմետր ավելի խորացրեց։ Սխալն աննշան էր, բայց պատերազմի դաժան տրամաբանությամբ՝ աններելի։ Հրամանատարը, որպեսզի «ուղղի» մյուսներին, Հակոբին գնդակահարեց: Կյանքն արժե մի քանի սանտիմետր։

Երկրորդ դրվագը՝ Լեհաստանում։ Պատերազմը բեկումնային փուլում էր։ Սովետական մի ստորաբաժանում՝ շրջափակման մեջ։ Ֆաշիստները վերցնում են գերի։ Նրանցից մի խումբ կանչում են առաջ՝ հարցնելով՝ ո՞վ է կուսակցության անդամ։ Երեք քայլ առաջ գան։ Ոմանք առաջանում են՝ գնդակահարվում անմիջապես։ Վարդանը կուսակցության անդամ էր, բայց տեսնելով, թե ինչպես են գնդակահարում առաջ եկածներին, նա աննկատ հանեց տոմսը, գցեց ջրափոսն ու ոտքով խաչաձև խառնեց ցեխին։ Երբ հրամանը կրկնվեց, նա մնաց տեղում։ Այդ վայրկյանական որոշումը նրան փրկեց։ ։
Վարդանին հաջողվում է փախչել գերությունից, փախուստը ևս մեկ հերոսություն էր՝ առանց շքեղության ։ Վարդանը պատսպարվեց լեհ ընտանիքում, մինչև նորից միանար մերոնց՝ այդ նույն բանակին, որի հրամանով խրամատում մարդ էին գնդակահարում մի քանի սանտիմետրի համար։ Իսկ ինքը՝ Վարդանը, հասավ Բեռլին։ Հաղթանակը վաստակեց ոտքով, սրտով, ցավով ու հավատով։ Նպատակն իրականություն է. Բեռլին, հաղթանակի օր, մայիսի 9-ը։
Սակայն պատերազմից հետո հաղթանակն ու խաղաղությունը պարզունակ չէր։ Խորհրդային Միությունում գերությունը համարվում էր «ամոթ», իսկ կուսակցական տոմսի կորուստը՝ կասկածի պատճառ։ Ստալինյան սառը բռնապետությունը չէր ներում անգամ հաղթողին: Դա համարվում էր դավաճանություն։ Շատերը աքսորվեցին։ Այդ պատճառով Վարդանը լռեց։ Գերության փաստը, կուսակցության տոմսի կորստի պատմությունը պահեց իր մեջ՝ անգամ ընտանիքի ներսում քչերն էին տեղյակ, որովհետև նույնիսկ պատերն ականջներ ունեն։ Չպատմեց, չբողոքեց, չդատապարտեց, որովհետև երբեմն մարդը փնտրում է ոչ թե փառք, այլ խաղաղություն:
Վերադարձին իր հետ Հայաստան բերեց գերմանական զինվորի կաշվե գոտի, թրաշի օճառ խառնելու վրձին ու ածելի: Նա այդ ածելին օգտագործեց ամբողջ կյանքում՝ հպարտանալով, որ «թշնամու» գործիքը դարձավ խաղաղ կյանքի մաս: Երբեմն գոտու մի ծայրից բռնում էր երեխաներիցս մեկը, մյուսը ինքը ու տանել-բերելով սրում էր ածելին: Պատերազմով անցած այս լուռ պարագաները հիշեցնում էին ոչ թե մահը, այլ կյանքի հաստատակամությունը, որի խորհուրդը ու հայրական շունչը կրում էինք ընտանիքում բոլորս:
Նա կրկին ծնվեց, նորից սովորեց։ Ընտանիք կազմեց ու նոր կյանք սկսեց: Ավարտեց անասնաբուժական ինստիտուտը։ Մինչդեռ իր հասակակիցները, կուսակցական տոմսերով բարձր պաշտոններ զբաղեցրեցին, նա՝ հողի, գյուղացու հետ, խաղաղ աշխատանքում էր` ֆերմայի վարիչ, սովխոզի տնտեսագետ։ ՈՒնեցավ չորս զավակ։ Նրանցից մեկն էլ՝ այս տողերի հեղինակը։
Նա կյանքի վերջին 30 տարիները աշխատեց, արարեց ու իր մահկանացուն կնքեց հայրենի Օշականում:
Հավերժ փառք քեզ, հայ զինվոր։
Շնորհավոր հաղթանակդ, հայր իմ։
Խաղաղ երկինք՝ բոլոր ապրողներին։

Վարդան Ամատունու պատմությունը պատերազմի մասին չէ։ Այն խաղաղության մասին է, որին նա արժանացավ:
Նա երբեք իր գործն ու ծառայությունը որպես հերոսություն չհամարեց, սրբորեն կրեց իր լռությունը, իր չպատմված հաղթանակները, ու խաղաղ կյանքի սրբազան բաղձանքը։ Իր կյանքի բովանդակությամբ, նա ոչ միայն հաղթեց պատերազմը, այլ կերտեց հաղթանակ՝ խաղաղության մեջ։
ՎԱՀԱՆ ԱՄԱՏՈՒՆԻ

Լրագրողի ծանոթագրություն.
Վարդան Ամատունու պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա՝ փոխանցված նրա զավակի կողմից։ Այն խորհրդանշում է հազարավոր մեզ անհայտ այն հերոսներին, որոնց սխրանքը, կորսված ժամանակն ու անձնազոհությունը այդպես էլ հավուր պատշաճի չբարձրաձայնվեց: Այսօր, երբ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը հնչում է որպես հիշեցում, կարևոր է հարգել նրանց, ովքեր կռվեցին ոչ միայն զենքով, այլև՝ հոգու անխորտակելիությամբ։

------
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող նախագիծ

Վարդանի հայրը` Գառնիկ Ավագի Ամատունին, ցարական Ռուսաստանի զինվոր, ձախից առաջինը
Վարդանի հայրը` Գառնիկ Ավագի Ամատունին, ցարական Ռուսաստանի զինվոր, ձախից առաջինը
Ռազմաճակատում, ձախից առաջինը Վարդան Ամատունին
Ռազմաճակատում, ձախից առաջինը Վարդան Ամատունին
Վ.Ամատունին մինչ պատերազմը` Փարպիում դպրոցի դիրեկտոր աշխատած տարիներին: Նկարի մակագրություն.«3-րդ դասարան. Բոլոր աշակերտները չեն նկարվել: Դասատուներ ընկ.ընկ. Արշավիր Նիկողոսյան, Վարդան Ամատունի, Ծերուն Գալստյան: Նկարված (վայրն`անընթեռնելի, ծանոթ. հեղինակի) 1938 նոյեմբերի»
Վ.Ամատունին մինչ պատերազմը` Փարպիում դպրոցի դիրեկտոր աշխատած տարիներին: Նկարի մակագրություն.«3-րդ դասարան. Բոլոր աշակերտները չեն նկարվել: Դասատուներ ընկ.ընկ. Արշավիր Նիկողոսյան, Վարդան Ամատունի, Ծերուն Գալստյան: Նկարված (վայրն`անընթեռնելի, ծանոթ. հեղինակի) 1938 նոյեմբերի»
Վ.Ամատունին մինչ պատերազմը` Փարպիում դպրոցի դիրեկտոր աշխատած տարիներին:  Վ.Ամատունին կենտրոնումՆկարի մակագրություն.«Նկարվեցինք Դալլաքլու Հադիս լեռան հեղեղատներից մեկում, պատմական հիշատակ 31.10.37թ.(Վ.Ամատունու ստորագրությունը` ծանոթ. հեղինակի)Չոբանի և շան ներկայությունը իմ ցանկությամբ իրականացվեց»
Վ.Ամատունին մինչ պատերազմը` Փարպիում դպրոցի դիրեկտոր աշխատած տարիներին: Վ.Ամատունին կենտրոնումՆկարի մակագրություն.«Նկարվեցինք Դալլաքլու Հադիս լեռան հեղեղատներից մեկում, պատմական հիշատակ 31.10.37թ.(Վ.Ամատունու ստորագրությունը` ծանոթ. հեղինակի)Չոբանի և շան ներկայությունը իմ ցանկությամբ իրականացվեց»
«Վարդան Ամատունին, Զապարոժե, 12 փետրվարի 1940թ» լուսանկարի մակագրություն
«Վարդան Ամատունին, Զապարոժե, 12 փետրվարի 1940թ» լուսանկարի մակագրություն

Հայաստանի մեդիա դաշտը կանգնած է ծայրահեղությունների սահմանագծին

 Լրագրության ճգնաժամ Հայաստանում. մասնագիտություն, թե քաղաքական գործիք

Ժամանակն է վերարժևորել լրագրության որակն ու նպատակը։ Մեր հասարակությունը մշտապես տեղակատվական մրրիկի կենտրոնում է՝ սնուցված քարոզչությամբ, մանիպուլյացիաներով և միակողմանի մատուցմամբ։ Տեղեկատվական աղբի ահռելի ծավալների պայմաններում մեդիան այլևս լիարժեք չի կատարում իր առաքելությունը՝  որպես հանրությանն ուղղված իրականության ընկալման վստահելի միջոց։ Անկախ ու պրոֆեսիոնալ լրագրությունը՝ որպես ժողովրդավարության անկյունաքար, այսօր ավելի քան երբևէ կարիք ունի վերաիմաստավորման։

Թեև մամուլի ազատությունը, խոսքի իրավունքը և տեղեկատվության մատչելիությունը ձևականորեն երաշխավորված են՝ իրականում լրագրողական միջավայրը շարունակում է տառապել քաղաքական ազդեցություններից, մասնագիտական անկումից և հասարակական վստահության խոր ճգնաժամից։

Ժամանակն է բարձրաձայնելու և արձանագրելու անխուսափելի ճշմարտությունը՝ լրագրության մատուցման որակը Հայաստանում խիստ տարբեր մակարդակներում է, իսկ ինստիտուցիոնալ պրոֆեսիոնալիզմը՝ ցավալիորեն անկում է ապրում։ Բազմաթիվ լրատվամիջոցներ վերածվել են գաղափարական ամբիոնների՝ հաճախ լքելով փաստերի դաշտը տեղի տալով անօգուտ մեկնաբանությունների ու անձնական վերաբերմունքի։ Այս երեւույթը առավել սուր է դրսեւորվում այն պարագայում, երբ լրագրողները մոռանում են իրենց մասնագիտական առաքելությունը՝ հանդես գալով քաղաքական գործիչների կամ ակտիվիստների դերում։ Հայաստանում շատ լրատվամիջոցներ, ըստ էության, գործում են կուսակցական շահերի և ֆինանսավորման ազդեցության ներքո։ Քաղաքական ուժերի ուղղակի կամ անուղղակի վերահսկողությունը բերում է մեդիայի այնպիսի բևեռացման, որ տեղեկատվական դաշտը վերածվում է քարոզչական մարտադաշտի։ Լրատվամիջոցները կորցնում են հանրային վերահսկողության գործառույթը՝ դառնալով շահի սպասարկու գործիք։

Իրավիճակը բարդանում է նաև այն հանգամանքով, որ լրագրողների մի ստվար հատված՝ հատկապես ընդդիմադիր դաշտում գործող լրատվամիջոցներում, շահագրգռված չեն որակյալ ու չեզոք լրագրության տարածմամբ։ Մամուլը վերածվում է գաղափարական պայքարի հարթակի, որտեղ օբյեկտիվությունը ընդունվում է որպես կողմնակալություն, իսկ չեզոքությունը՝ որպես դավաճանություն որևէ ճամբարին։ Մեդիայի նկատմամբ հանրային վստահության ճգնաժամն էլ սրվում է այն պարզ պատճառով, որ ընթերցողը կամ հեռուստադիտողը այլեւս դժվարանում է տարանջատել առկա փաստն ու հնչող կարծիքը, աղբյուրն ու մեկնաբանությունը։ Այս ամենը տանում է դեպի նրան, որ լրագրությունը՝ իբրև հանրային վստահության հիմնասյուն, խարխլվում է ներսից։

Ներկայիս մեդիա դաշտում լրագրողներից շատերը ոչ միայն չեն պահպանում չեզոքություն, այլ հաճախ հանդես են գալիս որպես բացահայտ կողմեր՝ արտահայտելով քաղաքական հռետորաբանություն, սադրում են՝ երբեմն անուղղակի, երբեմն բացահայտ։

Հասարակությունը, հետևաբար, զրկվում է վստահելի տեղեկատվության իրավունքից։ Քաղաքացին այլևս դժվարանում է տարբերել՝ ում խոսքն է հիմնվում փաստի վրա, իսկ ումը՝ մանիպուլյացիայի։

Մեկ այլ մտահոգիչ միտում  է մեդիա դաշտում առկա մասնագիտական անկումը։ Հաճախ լրագրողները չունեն բավարար մասնագիտական պատրաստվածություն, մեդիագրագիտություն, աղբյուրների վերլուծման հմտություններ։ Հոդվածներում բացակայում են խորքային վերլուծություններ, բառապաշարը՝ աղքատ է, վերնագրերը՝ սադրիչ և էմոցիոնալ։ Նման իրավիճակում մեդիան կորցնում է իր ինստիտուցիոնալ արժանահավատությունը։ Քաղաքացին այլևս չի վստահում տեղեկատվությանը ոչ միայն  բովանդակության, այլ նաև  ներկայացման եղանակի պատճառով։

Հատկապես ընդդիմադիր ուժերին մոտ կանգնած լրատվամիջոցները հաճախ ապատեղեկացնում են, միակողմանիորեն ներկայացնում իրավիճակը, սրում հանրային տրամադրությունները՝ վախի, անվստահության և թշնամանքի մթնոլորտ ստեղծելով։

Պաշտոնյաների և լրագրողների շփումներում ու փոխհարաբերություններում հաճախ նկատվում է երկկողմանի անհանդուրժողականություն ու անհարգալից լեզվամշակույթի ձևավորում։  Լրագրողները, իրենց հարցադրումների ժամանակ, հաճախ կիրառում են սադրիչ տոն, հեգնական կամ վիրավորական բառապաշար։ Պաշտոնյաներն էլ, ի պատասխան, արձագանքում են կոպիտ, հաճախ՝ անպատշաճ կերպով։ Արդյունքում՝ հանրային հաղորդակցությունը վերածվում է կոնֆլիկտի։ Այս փոխադարձ վարքագիծը խաթարում է ոչ միայն պետական կառույցների և մեդիայի միջև վստահությունը, այլև ազդում է հանրային մշակույթի վրա՝ խրախուսելով ատելության խոսքը և ժխտողական վերաբերմունքը ցանկացած այլակարծության հանդեպ։

Հասարակական խոսքի մակարդակը նվազել է ոչ միայն սոցիալական մեդիայում, այլև ուղիղ եթերում, մամուլի ասուլիսներում ու հրապարակային բանավեճերում։ Լրագրողները երբեմն կիրառում են կոշտ, ակնհայտ սադրիչ բառամթերք, ինչին ի պատասխան պետական պաշտոնյաները արձագանքում են նույն տոնայնությամբ՝ խախտելով պաշտոնյային վայել չափանիշներն ու մեդիայի հանդեպ հարգանքը։ Այս փոխադարձ անհանդուրժողականությունը խթանում է հանրային մթնոլորտում ագրեսիվության աճին, ջլատում է քաղաքացիական երկխոսության հնարավորությունը, իսկ մամուլը՝ որպես միավորող ուժի կորցնում է իր դիրքը, ավելին` վերածում է բաժանարար գծի։

Այդուհանդերձ, այս իրավիճակում մնում են մեդիա հարթակներ, որոնք հետևողականորեն շարունակում են հավատարիմ մնալ լրագրության սկզբունքներին։ Այս դժվարին պայմաններում առանձնահատուկ տեղ ունեն այն լրատվամիջոցները, որոնք չեն ներկայացնում որևէ քաղաքական ուժ, չեն սպասարկում որևէ հովանավորի շահեր և գործում են բացառապես հանրային շահի սկզբունքով։

Չառանձնացնելով որևէ լրատվամիջոցի` բերեմ  «Նիդերլանդական օրագրի» օրինակը, այն անկախ է՝ որևէ կառույցի կամ քաղաքական ուժի կողմից չի ֆինանսավորվում և որևէ խմբագրմամբ չի սահմանափակում լրագրողական ազատությունն ու փաստերի հավասարակշռված ներկայացումը, մենք չենք կառավարվում իշխանությունից կամ ընդդիմությունից, այլ առաջնորդվում ենք միայն մեկ սկզբունքով՝ ճշմարտությունը, ինչպիսին այն կա։ Այն հանգամանքը, որ տարբեր ճամբարներից պարբերաբար մեղադրվում ենք «կողմնակալության» մեջ, ոչ թե մեր թերացումն է, այլ ապացույցը՝ որ հավասարակշռությունն այս պահին ընկալվում է որպես խորթ արժեք։  Սակայն մենք չենք շեղվելու մեր ուղուց։

 Դա հենց այն մեդիայի տեսակն է որով կարելի է վերակառուցել հանրային վստահությունը՝ շարունակելով մատուցել չեզոք,  բովանդակային ու անշահախնդիր լրատվություն, վեր հանել թերություններն ու հանդես գալ անաչառ վերլուծությամբ:

Այս ֆոնին ուշագրավ է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության վերջին զեկույցը։ 2024 թվականի մամուլի ազատության ամենամյա սանդղակում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ 2023-ի 43-րդ հորիզոնականից բարելավելով իր դիրքերը։ Սա անշուշտ դրական ազդակ է, սակայն զեկույցում ընդգծվում է, որ չնայած մեդիա դաշտի բազմակարծիքությանը, Հայաստանում մամուլը շարունակում է մնալ բևեռացված։ Մյուս մտահոգիչ փաստը ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ տարածումն է։ Այս գնահատականը վերահաստատում է այն, ինչ արդեն տեսանելի է հասարակության ներսում՝ մեդիան հաճախ ավելի շատ բաժանում է, քան միավորում։

Իրականում լուրջ մեդիա բարեփոխումներ չեն կարող իրականանալ առանց արժեքային վերադասավորումների։ Ժամանակն է վերարժեւորել ոչ միայն լրագրողի մասնագիտական առաքելությունը, այլ նաեւ լրագրության մատուցման մշակույթը։ Մեդիան պիտի դադարի լինել բևեռացնող գործիք ու վերածվի հանդուրժողականության, երկխոսության ու մարդասիրության հարթակի։ Սա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ լրագրողները գիտակցեն իրենց բացառիկ պատասխանատվությունը հասարակության նկատմամբ՝ որպես ոչ միայն կարծիք ձևավորողներ, այլ ճշմարտության կրողներ։ Հասարակությունը կարոտ է քաղաքացիական առողջ մթնոլորտի, թափանցիկ քաղաքականության և վստահելի տեղեկատվության, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեդիան ծառայում է ոչ թե անհատի շահերին, այլ՝ հանրությանը։

Վերաիմաստավորելով լրագրողի դերը՝ որպես հանրային վստահության կրողի, անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու մասնագիտական ստանդարտները, խթանելու մեդիագրագիտությունը և ապահովելու պատասխանատվության նոր մշակույթ ինչպես մեդիա ստեղծողների, այնպես էլ սպառողների շրջանում։ Սա այն միակ ճանապարհն է, որով կարելի է հաղթահարել ներկայիս ճգնաժամը՝ վերակենդանացնելով այն ժառանգությունը, որով լրագրությունը  դառնալու է ոչ թե որպես գործիք, այլ ծառայելու ու մնալու է  հանրային արժեք։

Tuesday, 6 May 2025

Կարող է արդյո՞ք Հայաստանը իրական էներգետիկ անկախություն ձեռք բերել

 

05.05.2025/Խմբագրի սյունակ/Նիդ.օրագիր

Ի՞նչ է իրականում նշանակում էներգետիկ անկախությունը երկրի համար։ Հայաստանի պարագայում այս հարցը դարձել է կենսական կարևորություն ունեցող օրակարգային խնդիր։ Երկար տարիներ Հայաստանի էներգետիկ համակարգը մեծապես կախված է եղել Ռուսաստանից՝ ինչպես գազամատակարարման, այնպես էլ ատոմային էներգետիկայի ոլորտում։ Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս՝ հնարավոր է նոր ուղիներ ձևավորել՝ խուսափելով կտրուկ հակասություններից: Դա աստիճանաբար ինքնուրույնության հասնելու ճանապարհն է։

Էներգետիկ կախվածության բացառումը չի լուծվում մեկ որոշմամբ կամ մատակարարի անվան փոփոխությամբ։ Այն պահանջում է երկարաժամկետ ռազմավարություն ու նոր մտածողություն։ Երբ էներգիան գալիս է ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղություններից, իսկ որոշումների կայացումը կախված չէ արտաքին ազդեցություններից, միայն այդ դեպքում կարելի է խոսել իրական էներգետիկ անկախության մասին։ Այս ուղղությամբ Հայաստանը վերջին տարիներին սկսել է դիտարկել քայլեր։

Այսօր Հայաստանի կողմից սպառվող էներգիայի մոտ 77 տոկոսը ներկրվում է՝ հիմնականում գազի և նավթի միջոցով։ Ռուսաստանյան գազը երկար տարիներ եղել է հիմնական աղբյուրը՝ մինչև 90 տոկոս և ավելի ծավալով։ Սակայն վերջին շրջանում Երևանը քայլեր է ձեռնարկում այլընտրանքային ուղղություններ զարգացնելու ուղղությամբ։ Իրանի և Թուրքմենստանի հետ ընթացող գազի սվոփ գործարքի շուրջ բանակցությունները նպատակ ունեն տարեկան մինչև մեկ միլիարդ խորանարդ մետր այլընտրանքային մատակարարում ապահովել։ Սա թույլ կտա ոչ միայն դիվերսիֆիկացնել աղբյուրները, այլև պահպանել տնտեսական շահը՝ Իրանի հետ փոխանակման սահուն մեխանիզմի միջոցով՝ գազի դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա։

Մյուս կարևոր հատվածը՝ էլեկտրաէներգիայի արտադրությունն է։ 2024 թվականին Հայաստանը արտադրել է 7.7 տերավատժ էլեկտրաէներգիա, որի շուրջ մեկ քառորդը՝ Մեծամորի ատոմակայանում։ Ատոմակայանի երկրորդ ռեակտորի շահագործման ժամկետը արդեն երկարացվել է, իսկ նոր կայանի կառուցման նախագիծը նախնական փուլում է՝ ռուսական «Ռոսատոմ»-ի հետ։ Սա կրկին առաջ է բերում կախվածության հարցը, սակայն մյուս կողմից՝ Հայաստանը միաժամանակ ուսումնասիրում է նաև այլընտրանքային տեխնոլոգիաներ՝ այդ թվում «փոքր մոդուլային ռեակտորներ» (SMR), որոնց զարգացման գործընթացը հետևում են Կորեան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։

Բայց իրական շրջադարձային ուղղությունը՝ վերականգնվող էներգիան է։ Հայաստանը արևային պոտենցիալով տարածաշրջանի առաջատարներից է․ մեկ քառակուսի մետրի հաշվով տարեկան 1 720 կՎտ·ժ արևային հոսք, ինչը 70 տոկոսով գերազանցում է եվրոպական միջինը։ Դրան գումարվում են նաև հիդրոէներգիայի և քամու ուժով աշխատող նախագծերը, որոնք այս տարի կարող են մինչև 25 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունը։ Այս ոլորտում Հայաստանը օգտվում է ԵՄ-ի և Միջազգային էներգետիկ գործակալության հետ ծրագրային համագործակցությունից՝ ստանալով տեխնիկական աջակցություն, ներդրումային խթանումներ ու փորձի փոխանցում։

Չմոռանանք նաև տարածաշրջանային փոխադարձ շահերը։ Իրանից Վրաստան գազի տարանցման հնարավորությունը կարող է ոչ միայն ամրապնդել մատակարարումների հուսալիությունը, այլև Հայաստանի համար դառնալ լրացուցիչ եկամտի աղբյուր տարանցիկ վճարների հաշվին։ Սա նոր հնարավորություններ է ստեղծում՝ Հայաստանը դիտարկել ոչ միայն որպես սպառող, այլ նաև՝ որպես տարածաշրջանային տարանցիկ հանգույց։

Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանի էներգետիկ անկախությունը՝ չնայած ներկայիս սահմանափակումներին, լիովին հնարավոր է կառուցել։ Դա պահանջում է խելամիտ, փուլային մոտեցում՝ հիմնված դիվերսիֆիկացիայի, ազգային կարողությունների զարգացման և հավասարակշռված միջազգային համագործակցության վրա։ Էներգետիկ անկախություն ձեռք բերելը գործընթաց է, ոչ թե արագ ակնթարթային իրադարձություն։ Եվ այն այսօր արդեն սկսված է։

Hay Azian

https://www.aravot.am/2025/05/05/1485809/

Սոնա Սահակյանի արվեստը ցուցադրվում է Նիդերլանդների երեք հեղինակավոր վայրերում


Հայ արվեստագետ Սոնա Սահակյանը շարունակում է հիացնել միջազգային արվեստասեր հանրությանը։ Նրա նոր ստեղծագործությունները այս գարնանը և ամռանը ներկայացված են Նիդերլանդների մի քանի հեղինակավոր ցուցասրահներում։

Սոնա Սահակյանը վերջերս ընտրվել է իր լուսանկարչական շարքով՝ «Ժամանակի միաձուլումը», մասնակցելու Խրոնինգեն նահանգի Museum Westerwolde (MOW) թանգարանում անցկացվող «Verdwalen» (Մոլորվել) ցուցահանդեսին։ Մասնակիցներից ընտրվել են ընդամենը 33 արվեստագետներ՝ ավելի քան 100 հայտերից։

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 15։00-ին, իսկ այցելուների մուտքը սկսվում է 14։30-ից։ Սոնայի աշխատանքները կլինեն թանգարանում մինչև 2025թ. նոյեմբերի 30-ը, և ըստ նրա՝ սա բացառիկ հնարավորություն է իր նոր ստեղծագործությունները ներկայացնելու թանգարանային միջավայրում և հասնելու լայն հանդիսատեսի։

Museum Westerwolde (MOW)
Հասցե՝ Hoofdweg 161, 9695 AE Bellingwolde, Groningen
Աշխատանքային ժամեր՝ երեքշաբթի - կիրակի 11։00 - 17։00
Մանրամասն՝ www.hetmow.nl

Բացի այդ, Սոնա Սահակյանի նոր շարքը՝ «The Warm Dance of the Cold Blue» («Սառը կարմրի ջերմ պարը»), ցուցադրվում է Kadmium պատկերասրահում՝ Դելֆտ քաղաքում։ Ցուցահանդեսը կոչվում է «Lentesalon» և բաց է մինչև մայիսի 4-ը՝ ամեն շաբաթ չորեքշաբթիից կիրակի, ժամը 12։00-ից 17։00։

Kadmium պատկերասրահ
Հասցե՝ Sint Agathaplein 4, 2611 HR Delft
Մանրամասն՝ kunstinzicht.nl

Երրորդ ցուցադրությունը տեղի է ունենում Voorburg քաղաքում՝ Kunstuitleen Voorburg պատկերասրահում, որտեղ Սոնայի մեկ այլ նոր աշխատանք ընտրվել և ընդգրկվել է SBK Voorburg-ի մշտական հավաքածուում։ Ցուցադրությունը վերնագրված է «Kleurrijk Voorjaar» («Գունեղ գարուն») և բաց է մինչև մայիս ամսվա վերջ՝ երեքշաբթիից շաբաթ 10։00-ից 17։00։

Kunstuitleen Voorburg
Հասցե՝ Herenstraat 92, 2271 CK Voorburg
Տես՝ sbkvoorburg.nl

«Ես ստեղծել եմ նոր աշխարհներ՝ լուսանկարների միջոցով, որոնք միահյուսում են հիշողությունը, ժամանակը և ներքին պատկերը։ Շատ ուրախ եմ, որ կարող եմ այս ստեղծագործությունները ներկայացնել թանգարանային մակարդակով և կիսվել իմ տեսլականով լայն լսարանի հետ», – նշում է Սոնան։

Սոնա Սահակյանի ստեղծագործությունները ներկայացնում են խորհրդավոր, երբեմն երազային աշխարհներ, որտեղ լուսանկարչությունն անցնում է վավերագրական շերտից դեպի խորհրդանշական ու նուրբ զգայական տարածք։ Նրա մասնակցությունը միանգամից երեք տարբեր ցուցահանդեսների՝ Միջազգային և տեղական մակարդակում, վկայում է իր արվեստի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։

Այս գարնանը և ամռանը հնարավորությունն ունեք անձամբ տեսնել Սոնա Սահակյանի յուրօրինակ ստեղծագործությունները, որոնք կարծես մղում են մեզ մոլորվելու ժամանակի ու գույների մեջ։

Monday, 5 May 2025

Հաղթանակի օր Նիդերլանդներում՝ 2025 թվականի տոնակատարությունները և միջոցառումները


 Մայիսի 5-ը Նիդերլանդներում նշվում է որպես Հաղթանակի օր (Bevrijdingsdag)՝ խորհրդանշելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Նիդերլանդների համար և երկրում նացիստական օկուպացիայից ազատագրման պահը 1945 թվականին։ Այս օրը նվիրված է ազատության, խաղաղության և մարդու իրավունքների արժևորմանը։

2025 թվականը առավել նշանակալի է, քանի որ այս տարի լրանում է ազատագրման 80-ամյակը։ Այդ առիթով ամբողջ երկրում տեղի են ունենում լայնամասշտաբ միջոցառումներ, որոնցում ընդգրկված են համերգներ, մշակութային տոնավաճառներ, պատմական ներկայացումներ և կրթական նախաձեռնություններ։

Ամեն տարի Bevrijdingsdag-ի շրջանակում հայտնի հոլանդացի արտիստներ նշանակվում են որպես «Ազատության դեսպաններ» (Ambassadeurs van de Vrijheid)։ Նրանք շրջում են Նիդերլանդների տարբեր քաղաքներով՝ հանդես գալով կենդանի ելույթներով, որոնք կազմակերպվում են Հոլանդիայի թագավորական օդուժի ուղղաթիռների միջոցով։

Քաղաքային տոնակատարություններ և փառատոներ

Վլիսինգեն (Zeeland)

Տոնակատարության գլխավոր բեմում՝ Machinefabriek-ում, ելույթ է ունենում Antoon-ը։

Միջոցառումը ներառում է նաև տեղական արվեստագետների մասնակցությամբ ծրագրեր։

🔗 bevrijdingsfestivalzeeland.nl

Ուտրեխտ

Գլխավոր ելույթներով հանդես են գալիս՝ Flemming, Sera, RONDÉ, $hirak և The Indien։

Միջոցառման վայրը՝ Park Transwijk։

🔗 bevrijdingsfestivalutrecht.nl

Դեն Հաագ

Գլխավոր արտիստներ՝ Danny Vera, Bente, Hannah Mae, Totally Spice։

Կազմակերպվում են բանախոսություններ, պոեզիայի ընթերցումներ, հիշողությունների հարթակներ։

🔗 denhaag.com

Զվոլլե

Ընդունում է Dance4Liberation փառատոնը՝ Wijthmenerplas տարածքում։

Ներկայացվում են techno, hardstyle և house ժանրերի ծրագրեր։

🔗 befesti.nl

Լեյդեն

Հին քաղաքի կենտրոնում կազմակերպվում են արվեստի ցուցահանդեսներ, շուկաներ և պատմական միջոցառումներ։

🔗 sleutelstad.nl

Հեռարձակվող հատուկ միջոցառումներ

📺 5 մայիսի դասախոսություն (5 mei-lezing) – Այս տարի այն ներկայացնում է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, և հեռարձակվում է NPO 1 հեռուստաալիքով։

🎶 5 մայիսի համերգ (5 mei-concert) – Ավանդական ջրանցքային համերգը Ամստերդամում, որը նույնպես հեռարձակվում է NPO 1-ով։

🔗 Ամբողջական ծրագիր՝ bevrijdingsfestivals.nl

Bevrijdingsdag-ը Նիդերլանդներում ավելին է, քան պարզապես տոնը։ Դա հիշեցում է, որ ազատությունը չի եղել և երբեք չի լինի ինքնաբերաբար տրված արժեք։ 2025 թվականի տոնակատարությունները՝ 80-ամյակի նշումով, հիանալի առիթ են մասնակցելու պատմության, մշակույթի և երաժշտության համադրությանը։

Տոնեք ազատությունը, կիսվեք հիշողություններով և գնահատեք խաղաղության կարևորությունը։

Լուսանկարները` Nationaal Comité 4 en 5 mei էջից

Sunday, 4 May 2025

Մայիսի 4-ը Նիդերլանդներում․ Մաստրիխտի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին


 Մայիսի 4-ին Նիդերլանդներում նշվում է Հիշատակի ազգային օրը (Dodenherdenking)՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրանից հետո զինված հակամարտությունների ընթացքում զոհվածների։ Երկրի ողջ տարածքում այս օրը քաղաքացիները մասնակցում են լռության արարողություններին և հարգանքի տուրք մատուցում զոհվածների հիշատակին։

Մաստրիխտի հայ համայնքը ևս միացել է այս ազգային հիշատակի օրվան՝ ծաղկեպսակ զետեղելով քաղաքի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի առջև։ Հայ համայնքի ներկայացուցիչները իրենց մասնակցությամբ ընդգծել են խաղաղության ու համերաշխության կարևորությունը, ինչպես նաև հարգանք են հայտնել Նիդերլանդների պատմության և զոհվածների հիշատակի նկատմամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ը Նիդերլանդներում հանդիսանում է Հաղթանակի օր (Bevrijdingsdag)՝ նացիստական օկուպացիայից ազատագրման տոն, երբ երկրով մեկ տոնակատարություններ են անցկացվում՝ ընդգծելով ազատության արժեքը