The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 15 June 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-4/ Նույնասեռականության և սեքսի շաբաթ օր


Սկիզբն այստեղ՝  1/ 2/ 3/

Բյուրակն Իշխանյանը  ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

______________________
             
-4-
Նույնասեռականության և սեքսի շաբաթ օր

Շակի ասած «գեյերի մայրաքաղաք» արտահայտության ճշմարտացիության մեջ համոզվեցի միայն այն ժամանակ, երբ ներկա գտնվեցի գեյերի շքերթին:
Ամստերդամի կենտրոնում՝ կամուրջների վրա, ջրանցքներից մեկի շուրջ լիքը մարդիկ էին հավաքվել: Մենք՝ տարբեր երկրներից եկած մոտ 30 բժիշկ-ուսանողներս, հազիվ հարմար տեղ ճարեցինք, որ գոնե կիսով չափ կարողանանք տեսնել ջրում կատարվողը: Այս առումով բոյովների բախտը բերել էր. նրանք հանգիստ տեղավորվել էին մոտակա շենքի առաջին հարկի պատուհանագոգերին ու երևի ամբողջությամբ տեսնում էին շքերթը: Իսկ ես հազիվ մի ծակ գտա, խցկվեցի և կարողացա ոտքերիս թաթերի վրա կանգնած մի կերպ մի բան տեսնել:
Ջրանցքներով հերթով նավեր էին անցնում, որոնց վրա բազմաթիվ տղամարդիկ ու կանայք ու այլ սեռի ներկայացուցիչներ էին գտնվում: Մի մասը կիսամերկ էր, մյուսները՝ կարնավալային հագուստներով, զանազան համազգեստներով, զիզի-բիզի զարդարանքներով: Երաժշտությունն այնքան բարձր էր, որ իրար հետ գոռալով էինք խոսում: Նավերի վրա բոլորը պարում էին, ուրախանում: Բոլորը gay էին: Հանդիսատեսն էլ պասիվ չէր. բարձրահասակ հոլանդացիները չէին զլանում, միանում էին պարին, շարժում իրենց հոլանդական տուտուզները:
Սկզբում հետաքրքիր էր, հետո՝ զվարճալի, հետո՝ ձանձրալի, վերջում՝ զայրացնող. շքերթի պատճառով քաղաքում խցանում էր գոյացել: Չէ՛, ձեզ հայտնի երևանյան իրար գլխի լցված, հնարավոր բոլոր ուղղություններին նայող մեքենաները չէին, որ խանգարում էին: Ամստերդամում մարդկանց խցանում էր գոյացել. փողոցներով քայլելու համար հերթ պետք է կանգնեիր:
Երբ ձանձրացա, հանգիստ թողեցի ու հեռացա. այստեղ ազատ ես, ոչ ոք քեզ համար չի անհանգստանում: Դա մի կողմից լավ է. կարող ես ուզածդ անել, և ոչ ոք հանդիմանական տոնով քեզ չի ասի. «Ու՞ր էիր»: Մյուս կողմից էլ տխուր է, որ չկա մեկը, որ գիտես` քեզ համար պատասխանատվություն է զգում:
Ինչևէ, մի քիչ զբոսնեցի ու վերադարձա: Այդ ժամանակ աղջիկներից մեկն ինձ հարցրեց.
- Հայաստանում գեյեր կա՞ն:
- Հա՛, կան, բայց աշխատում են թաքցնել. հասարակությունը նրանց չի ընդունում:
- Քիչ առաջ հայկական նավ անցավ։
- Զարմանալի է:
- Երևի ձեզ մոտ չեն ընդունում, դրա համար էլ գալիս են այստեղ:
Ավելի ուշ Դավոն հաստատեց, որ եռագույնն է տեսել նավերից մեկի վրա:

Թեև սկզբում մոտ 30 հոգով էինք, բայց հետո այնքան իրար գտանք-կորցրինք, որ մնացինք ես, Աննան, հույն Նատաշան և Նիկոլասը: Դավոն էլ հասցրեց մեզ գտնել: Այնպես որ, հինգով էինք:
Աննան առաջարկեց Ռեմբրանդտի թանգարան գնալ: Մի քանի ժամ փնտրեցինք, քարտեզն անգիր արեցինք, մինչև գտանք: Բայց այդ օրն արվեստի օր չէր. թանգարանը փակ էր: Նատաշան գնաց, իսկ ես մյուսներին առաջարկեցի սեքսի թանգարան գնալ: Ի զարմանս ինձ, Աննան չմերժեց. երևի Ամստերդամի մարդաշատ փողոցներում նամուսը թռցրել էին նրա գրպանից։

Երբ արդեն ներս էինք մտել, ես փորձում էի գտնել լուսանկարելն արգելող նշանը: Չկար: Հետ վերադարձա ու տոմս վաճառողին դիմեցի.
- Լուսանկարել կարելի՞ է:
- Քեզ՝ այո:
Հետո հասկացա, թե ինչ էր նշանակում նրա դեմքի տարօրինակ արտահայտությունը. ասես ցանկանար ասել. «Թե էդքան համարձակություն ունես, լուսանկարիր. քեզ ոչ ոք չի արգելում»:
Իրոք, թանգարանի պարունակությունն այնպիսին էր, որ ինձ նման «համեստ» հայ աղջիկը չէր ցանկանա որևէ մեկի ցույց տալ, ավելին՝ չէր էլ ուզենա պատմել, որ նման տեղում է եղել:
Կային խուժան տիկնիկներ, առնանդամների արձաններ, ծաղրանկարներ և այլ տարօրինակ բաներ, որ ուրիշ ոչ մի տեղ չես տեսնի: Մի սենյակ կար, որն անգամ ինձ նման «ամեն ինչ տեսած» փչացած բժշկի համար էր սարսափ: Դռան վրա գրված էր, որ թույլ նյարդերով մարդիկ չմտնեն: Ես էլ, լինելով շատ զգայուն, բայց միևնույն ժամանակ ինադ անող, առանց երկար-բարակ մտածելու մտա:
Մի ամբողջ հարկաբաժնում Նոյի թվի սև ու սպիտակ պոռնո նկարներ էին: Դրանց իմաստը չհասկացա. չէ՞ որ այսօր ինտերնետը և Ամստերդամը լիքն է ավելի որակով, գունավոր պատկերներով: Լավ, մեկ-երկու պատմական նմուշը հասկանալի է. բա չիմանա՞նք, թե ինչի շուրջ էին հավաքվում 60-70-ականների տղամարդիկ… Բայց մի ամբողջ հարկաբաժինն ահավոր էր… սրտխառնոցի աստիճան: Իսկ ես այնքան էլ բարի պտուղ դուրս չեկա. մի քանի լուսանկարներ արել եմ:

Չէ՛, դրանք էն «փչացածներից» չեն: Ավելի շուտ զվարճալի են ու հետաքրքիր: Մասնավորապես, ինձ վախեցրեց աչքով անող ու ծիծաղող հետույքը, որը մեկ-մեկ էլ թսում էր, բայց հոտ չէր գալիս (էդ մեկը չափից դուրս կլիներ), իսկ կարմիր լապտերների թաղամասի հին ու լավ ժամանակների մինի տարբերակում հավես էր զբոսնելը: Դրանք էլ հենց անմահացրի իմ լուսանկարչական սարքով:


Երբ տուն եկա, տանտիրոջս սենյակից տնքոցներ լսեցի: Հյուրասենյակում մոմեր էին վառված:
Շարունակելի...




Sunday, 4 June 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-3/ Ցուցահանդե՞ս, վաճա՞ռք, վարձու՞յթ, տեսարժան վա՞յր… ի՞նչ


Սկիզբն այստեղ՝  1/ 2/

Բյուրակն Իշխանյանը  ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

_______________  
    
 -3-
Ցուցահանդե՞ս, վաճա՞ռք, վարձու՞յթ, տեսարժան վա՞յր… ի՞նչ


Մենք՝ Ամստերդամում մնացող նույն ծրագրով եկած ուսանողներս, ստիպված էինք սպասել, որ մնացած քաղաքներից ժամանածները պայուսակները մի տեղ թողնեին ու դուրս գային, որ միասին անցկացնեինք այսպես կոչված սոցիալական ծրագրի առաջին օրը:
Զբաղմունք էր պետք գտնել։ Մեկ էլ պորտուգալացի Բրունոն առաջարկեց կարմիր լապտերների թաղամաս գնալ։
Ժամանակին, երբ Ամստերդամի մասին լսում էի, միանգամից կարմիր լապտերների թաղամասն էի պատկերացնում, որտեղ կան մարմնավաճառներ ու սեքս շոփեր: Ու կարծեմ մեկնելուց առաջ որոշել էի անպայման գնալ այնտեղ, տեսնել այդ ամենը։ Բայց երբ արդեն Հոլանդիայում էի, լրիվ մոռացել էի դրա մասին: Հնդիկ Վիկասը, սերբ Նիկոլասը և ես անմիջապես համաձայնեցինք, բայց լեհ Աննան չեմուչում էր անում։ Դրանից առաջ էլ թույլ չէր տվել սեքսի թանգարան գնալ. երևի նամուսով աղջիկ է:
 Ի դեպ, նա շատ նման է հայ ծիտիկի, միայն թե բնականանից է շիկահեր: Թե՛ այն, որ նույնիսկ երկար զբոսանքներին կարճ կիսաշրջազգեստով էր գալիս (բայց, ի տարբերություն հայ աղջիկների, համարձակվում էր բարձրակրունկների փոխարեն սպորտային կոշիկներ հագնել), թե՛ փողոցի մեջտեղում դիմահարդարանքը «թարմացնելու» սովորությունը՝ պատճառաբանելով, որ ահավոր տեսք ունի, թե՛ «լավ» աղջկա կերպարի մեջ մնալու ձգտումը:
Մի խոսքով, մեզ հաջողվեց Աննային ոչ միայն համոզել, որ գա, այլև խնդրել, որ առաջնորդի. արդեն երկու շաբաթ էր, ինչ Ամստերդամում էր, քաղաքը մեզնից լավ գիտեր: Աննան էլ մոտավոր գիտեր տեղը, այնպես որ ստիպված եղանք երկար թափառել, մինչև տեսանք ցուցափեղկ, վերևում՝ կարմիր լամպ, հետևում՝ գեղեցիկ կազմվածքով գրեթե մերկ շիկահեր կին, որն էրոտիկ շարժումներ էր անում, մատներով «5» թիվը ցույց տալիս, որը, ինչպես հետո հասկացանք, նշանակում էր. «15 րոպեն 50 եվրո»: Երբ առաջ անցանք, նորանոր ցուցափեղկեր, կարմիր լույսեր ու կիսամերկ կանանց տեսանք: Որոշների վարագույրները փակ էին, լույսը՝ անջատված. ներսում հաճախորդ կար:Ու տարածքում հարյուրավոր (այո՛, չեմ չափազանցում. իրոք այդքան կլինեին) տուրիստներ էին շրջում, հրճվում, զարմանում, զվարճանում: Լավ էր, որ գոնե լուսանկարել չէր կարելի, թե չէ տուրիստներից յուրաքանչյուրը վերադառնալով իր երկիր, էրոտիկ ամսագիր կհիմներ:
- Սրանք բոլորը մոդելի կառուցվածք ունեն,- ասաց Նիկոլասը,- ես չաղերին եմ սիրում:Երբ մի քիչ էլ անցանք, հայտնվեցին գեր ու սևամորթ կանայք: Նրանցից մեկը՝ ամենագերը, վախեցած նայում էր անցորդներին՝ ասես վստահ լինելով, որ այդ գիշեր ոչ մի հաճախորդ չի ունենալու:
Ու ես զարմանում էի, թե ինչպես են այդ կանայք թույլ տալիս, որ իրենց այդքան ստորացնեն (գիտեք, Հայաստանում էլ մարմնավաճառներ կան, բայց նրանք տուրիստների համար տեսարժան վայր չեն):
- Ես զայրանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են վարվում այդ կանանց հետ,- ասաց վաղեմի հոլանդուհի ինտերնետային մտերիմս՝ Լիկեն, երբ նրան պատմեցի, թե ինչ եմ հասցրել տեսնել Ամստերդամում:000aaaa_inch.JPG
- Բայց դա նրանց ընտրությունն է,- պատասխանեցի:
- Ո՛չ, այդպես չէ: Գուցե ոմանք իրենք են ընտրել, բայց համարձակվում եմ ասել, որ 70 տոկոսն իր կամքով չի այնտեղ: Նրանք արևելքից բերված ստրուկներ են: Բազմաթիվ լեհ, ռուս և այլ ազգերի կանանց հիանալի ապագա են խոստանում, խաբում, բերում Հոլանդիա ու ստորացնում:
Թրաֆիքինգ։
Իսկույն աչքիս առաջ եկավ գեր սևամորթուհու վախեցած դեմքը։


Շարունակելի...

Friday, 2 June 2017

Բյուրակն Իշխանյանի Նիդերլանդական հուշերը (2)

Սկիզբն այստեղ՝  1
Բյուրակն Իշխանյանը տարբեր երկրներում ունեցած իր տպավորություններն է գրառել իր օրագրում:«Նիդերլանդական օրագիրը»  Հեղինակի կողմից արտոնած բացառիկ իրավունքով, իր ընթերցողներին   պարբերաբար՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ ներկայացնում է Նիդերլանդներին վերաբերվող մասը: Պատմությունները կթվագրենք համարներով: Այսօր կներկայացնենք 2-րդ մասը

Բյուրակն Իշխանյանը  ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

_______________         

                            -2-       
Սա Ամստերդամն է, այստեղ դու տա՞նն ես


- Իմ անունը Շակ է,- ասաց տանտերս, որը եկավ օդանավակայան, ինձ դիմավորեց, մեքենայով տուն բերեց ու քիչ անց, փորձելով սովորել անունս, միջանցքում գտնվող գրատախտակին գրեց նաև իրենը:- Մաքուր հոլանդական անուն է: Գրվում է Sjaak: Իսկական անունս՝ Jacobus, բայց շատերը նախընտրում են ֆրանսիական տարբերակը՝ Ժակ (Jacques):

Ես կավելացնեմ հայկականը՝ Հակոբ, բայց բնավ չի սազում: Նա Շակ է՝ իսկական հոլանդացի, ոտքից գլուխ, ամբողջ հոգով ու սրտով:
- Ամստերդամը գեյերի մայրաքաղաքն է,- փորձելով ներկայացնել իր քաղաքը՝ շարունակեց Շակը,- բոլոր երկրների գեյերն այստեղ են ապաստան գտնում: Չնայած ես նրանց դեմ չեմ, բայց ես գեյ չեմ:
Ի դեպ, վերջին ասածը նա կարողացավ ապացուցել, երբ մի օր ուշ երեկոյան տուն մտա ու նրա սենյակից տղամարդու ու կնոջ տնքոցներ լսեցի:
- Ամստերդամ… միասեռականություն, Ռեմբրանդտ, սեքս, Վան Գոգ, մարիխուանա…- մի անգամ մտածկոտ ասաց սերբ Նիկոլասը:
Եվ նա շատ ճիշտ էր բնութագրել Ամստերդամը: Դա քաղաք է, որտեղ ամեն ինչ կա, բացարձակապես ամեն ինչ: Եվ այստեղ մարդիկ ազատ են ուզածն անելու: Այնքան ազատ, որ նույնիսկ կարող են լավը լինել, և ոչ ոք նրանց չի մեղադրի: Ծայրահեղությունների քաղաք է Ամստերդամը, որը մնացած գլուխներում ավելի մանրամասն կնկարագրվի: Ու նման չէ եվրոպական մյուս քաղաքներին: Այստեղ եկած լեհը, պորտուգալացին ու ֆրանսիացին են անգամ զարմանում:
Ջուրը շատ է, շա՜տ-շա՜տ: Մոծակներն էլ քիչ չեն: Մեկը կա իմ սենյակում, համառորեն չի ուզում հեռանալ: Ամեն գիշեր տզզում է ականջիս տակ ու 3-4 նոր խայթոց նվիրում: Դրանք պարտադիր ձեռքերիս վրա են տեղակայվում, ուղիղ շարքով, միևնույն հեռավորությամբ: Միայն երբեմն-երբեմն մոծակն անցնում է մարմնիս մնացած մասերին: Մի անգամ նույնիսկ ոտքիս տակ էր իր կնիքը թողել: Բայց երբե՛ք-երբե՛ք գիշերանոցիս վրայից չի կծում: Կա՛մ ամաչում է, կա՛մ էլ հայ մոծակների նման խելացի չէ:
Ամստերդամը չափից դուրս աշխույժ քաղաք է: Կենտրոնի փողոցները միշտ լիքն են, իսկ անցյալ շաբաթ օրը մարդիկ այնքան շատ էին, որքան մեզ մոտ լինում է, ասենք, Օպերայի հրապարակում բացօթյա համերգների ժամանակ: Բայց Ամստերդամում մարդիկ ծածկում են փողոցները, ամենուր տոն է, բացօթյա համերգ:
Գողերն էլ են շատ այստեղ: Սովորել եմ ուսապարկս դիմացից հագնել, որ աչքիս առաջ լինի: Իսկ այսօր մի միամիտ սևամորթ փոքրիկ տղա ուզում էր գրպաններս դատարկել: Ես քնած էի տրամվայի մեջ (կես ժամ տևողությամբ ճանապարհորդության ընթացքում ամենաօգտակար զբաղմունքն է), երբ նուրբ հպում զգացի: Աչքերս բացեցի ու տեսա սևամորթ տղային, որը ձեռքը գրպանիս էր մոտեցնում: Նորից քնեցի, սակայն քիչ անց նույն հպումը զգացի, աչքերս բացեցի, և նա ձեռքը փախցրեց: Չգիտեր, որ գրպաններս դատարկ էին, իսկ թանկարժեք ու կարևոր իրերս՝ պայուսակիս մեջ, որը պինդ գրկել էի: Ուզեցի աչքերս նորից փակել, թույլ տալ, որ գրպանս մտնի ու համոզվի, որ այնտեղ ոչինչ չկա: Հետո ցանկացա ապտակել կամ պարզապես տեղս փոխել: Բայց մինչ որևէ բան կորոշեի, տրամվայը կանգնեց հերթական կանգառում, և անփորձ գողն իջավ:
Ինչ-որ շատ եմ շեղվում թեմայից: Ասենք, մի՞թե այն գոյություն ունի: Ես խոստացել էի ժամանակագրություն պահպանել, բայց միանգամից սկսեցի հետ ու առաջ անել: Լավ, սա ընդունիր որպես մեծ նկար, որի առանձին մասերին խոշորացույցով կմոտենանք: Դեռ չե՞ս ձանձրացել: Գնանք Աննա Ֆրանկի մոտ:

Հանդիպում Աննա Ֆրանկի հետ
Ամստերդամում գտնվելուս առաջին երկու օրերը քնած եմ անցկացրել: Նախ, սարսափելի հոգնած էի, երկրորդ՝ քաղաքում թափառելու հավես չունեի: Ընդամենը երկու անգամ եմ դուրս եկել: Առաջին օրը Շակը ինձ տարավ մոտակա սուպերմարկետը. ուտելու բան գրեթե չունեի: Իսկ երկրորդ օրը երեկոյան ինքս դուրս եկա, որ գնամ տրանսպորտի մշտական տոմս առնելու: Բայց նույնիսկ ավտոբուսի կանգառը չգտա: Միայն մի քիչ շրջեցի, ծանոթացա թաղամասին, նստեցի ջրի մոտ, երազեցի։ Հետո հասկացա, թե որտեղ է կանգառը, և տուն վերադարձա:

Մշտականս երրորդ օրը ձեռք բերեցի: Սկսում էի կամաց-կամաց սովորել քաղաքին:
Այդ օրը Դավոն պետք է Ուտրեխտից Ամստերդամ գար. Աննա Ֆրանկի տուն-թանգարանում դաս ունեին: Ես, որ տարիներ առաջ կարդացել եմ նրա օրագիրը ու երազել ճանաչել նրան, վազելով որոշեցի Դավոյենց միանալ:
Տարբեր տուրիստական գրքեր, քարտեզներ և ինտերնետն օգտագործելով կարողացա ոչ միայն հասցեն պարզել, այլև իմանալ այնտեղ գնացող տրամվայների անունները և մոտակա կանգառի անունը:
Երբ տրամվայից իջա, չգիտեի՝ որ կողմ գնալ: Որոշեցի հարցնել: Մեկը պատասխանեց.
- Չգիտեմ կոնկրետ տեղը, բայց գիտեմ, որ մոտերքում է:
Իսկ երկրորդը պայուսակը երկար քրքրեց, հետո ասաց.
- Կներեք, քարտեզն ամուսնուս մոտ է մնացել:
Ջղայնացա ու որոշեցի ինքս գտնել: Մի քիչ այս ու այն կողմ անելուց հետո նկատեցի, որ խաչմերուկներում ցուցանակներ կան, որոնք սլաքներով են և ցույց են տալիս, թե որ ուղղությամբ գնալով ուր կհասնես: Հետևեցի դրանց և հասա մի հսկայական հերթի, որի մասին Դավոն հեռախոսով ասել էր (նա արդեն ներսում էր): Չգիտեմ՝ ինչպես նկարագրեմ դրա մեծությունը, որ հասկանալի լինի: Ասենք, մոտ հիսուն մետր կլիներ (եթե ոչ ավելի): Մարդիկ էլ խելոք մի շարքով կանգնել էին, ոչ թե հայավարի իրար գլխի լցվել: Չնայած չէի ուզում հավատալ, բայց դա իրոք Աննա Ֆրանկի տան մոտ գոյացած հերթն էր: Այդ պահին հասկացա, որ Ամստերդամում որևէ բան հարցնել պետք չէ. ցուցանակները շատ ավելի ինֆորմատիվ են (հիշեցի Երևանի ցուցանակները, որոնց սլաքներն ուղղված են շենքերի վրա ու կրում են, ասենք, «Գառնի» գրությունը):

Մոտ մի ժամ հերթ կանգնեցի, հետո մտա Աննա Ֆրանկի տուն։ Պատերին գրություններ էին նրա օրագրից: Լուսանկարներ ու տարբեր իրեր կային ցուցադրված, որոնց բացատրությունները հենց օրագրից էին մեջբերված: Էկրաններ կային: Տարբեր մարդիկ, որոնք Աննային ճանաչել են, պատմում էին նրա մասին: Հայրը՝ Օտտո Ֆրանկը, ասում էր, որ չգիտեր, որ այդքան խորն է եղել իր աղջիկը: Է՛հ, հայրե՛ր, որքա՜ն բան դուք չգիտեք ձեր սեփական երեխաների մասին: Նորից նույն հարցն է ծագում. ի՞նչ կլիներ, եթե Աննան ապրեր: Այդպես էլ հայրը երբևէ չէր ճանաչի դստերը: Տխուր է հնչում… Իսկ մի՞թե հավատում եք, որ Աննան կենդանության օրոք իր օրագիրը կվստահեր հորը:

Ու շարունակ մի միտք էր պտտվում իմ գլխում. «Նա այստեղ եղել է… Հիմա էլ երևի շրջում է այս սենյակներում ու տխրում…»:
Մի սենյակում՝ ապակե պահարանի մեջ, տեղադրված էր «Աննա Ֆրանկի օրագիրը» տարբեր լեզուներով: Ես ցնցվեցի, երբ հայերեն տարբերակը տեսա: Ազգային սովորություն է. երբ օտար երկրներում մերն ենք տեսնում, խառնվում ենք իրար:
Թանգարանից դուրս եկա՝ նորից ու նորից երազելով ճանաչել Աննային:

Շարունակելի...

Sunday, 28 May 2017

Բյուրակն Իշխանյանի Նիդերլանդական հուշերը



Մեզանում  քիչ են այսպես ասած՝ «ճանապարհորդ-լրագրողները», ովքեր իրականությունը ֆիլտրում  ու ներկայացնում են սեփական նուրբ աշխարհաընկալմամբ ու լեզվական յուրովի մտածողությամբ՝  միառժամանակ այն դարձնելով գեղեցիկ  հուշապատում: Անչափ հետաքրքիր է կողքից հայացք հառնել այլ իրականությանը, մշակույթին ու  այն երկրին, որի հետ առնչվում ես: Դա  ուսանելի  լինելուց զատ,իր  մեջ ներառում է տեղեկատվական զգալի պաշար : Այս «ձևաչափի»  վավերագիր նյութերը չեն հնանում,  այլ  ընդհակառակը ժամանակի հետ ավելի հետաքրքրական   են  դառնում, ընդգրկում են պատմական  տվյալ  ժամանակահատվածը բնութագրող  կենցաղը , վարքն ու բարքը: Այդ տեսակետից՝ մեզ  համար,  բավական արժեքավոր ու  հետաքրքիր են Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը, որն հեղինակը ավելի վաղ զետեղել է նաև իր բլոգներում:

Բյուրակն Իշխանյանը  ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան ու աշխատել Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, սակայն կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

«Նիդերլանդական օրագիրը»  Հեղինակի կողմից արտոնած բացառիկ իրավունքով, իր ընթերցողներին   պարբերաբար՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ ,  ժամանակահատվածային հերթականությամբ, ներկայացնում է Բյուրակն Իշխանյանի  այդ երկրի ու  իր մասին արված գրառումները:
Նիդերլանդներում Բյուրակնի հուշերի սկզբնական ակունքը 2007թվականն  է, երբ նա առաջին անգամ Երևանից  Ամստերդամ տանող ինքնաթիռով վայրեջք կատարեց  Նիդերլանդների մայրաքաղաքում: Թե ի՞նչ է տեղի ունենում ինքնաթիռից  իջնելուց հետո՝ ներկայացնում ենք ստորև... ԲԱՐԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ.
_______________________________

Բյուրակն Իշխանյանի Նիդերլանդական հուշերը

ԻՍԿԱՊԵՍ, ԻՆՉՈՒ՞ ԵՄ  ԵՍ ՀԱՅ
-1-

Ինչպես միշտ, զարմացա, երբ ինքնաթիռից իջնելիս չփսխեցի: Չնայած անհիշելի ժամանակներից այլևս չեմ փսխում ինքնաթիռում, բայց ամեն անգամ զարմանում եմ: Իմ գիտակցական կյանքում ընդամենը երկու անգամ է թռիչքն ինձ վրա վատ ազդել, այն էլ կեղտոտ գործս տաքսու մեջ եմ արել երկու անգամն էլ, երկուսն էլ Պրահայում:

Անձնագրի ստուգման հերթս հասել է, և ես սպասում եմ, որ մի քանի րոպե անց իրերս կվերցնեմ, կհանդիպեմ Յոլանդային ու Մարիամին (ի դեպ, այս տողերը գրելիս ես ծովափում եմ, իսկ կողքիս հենց նույն Յոլանդան է պառկած), դուրս կգամ Ամստերդամ (վերջապե՜ս): Օդանվակայանում արդեն հոլանդացիները գեղեցիկ են երևում:

- Ինչի՞ համար եք եկել,- ինձ հարցնում են անգլերեն:
- Հիվանդանոցում ամառային պրակտիկայի:
- Ինչքա՞ն ժամանակով:
- Մեկ ամիս:
- Կարո՞ղ եմ ձեր վերադարձի տոմսը տեսնել:
- Իհարկե,- պայուսակիցս հանում եմ այն ու մեկնում:
- Հրավե՞րը:
- Խնդրեմ:
- Փող ունե՞ք ծախսելու:
- Այո՛:
- Ինչքա՞ն:
- Մոտ հինգ հարյուր եվրո:
- Հազա՞ր:
- Հարյուր:
- Հինգ հարյուրը քիչ է: Հաստատման նամակ ունե՞ք:
- Դա ի՞նչ է:
- Պետք է հրավերի հետ ուղարկեին:
- Բայց իմ մնալու ծախսերը նրանք հոգում են:
- Հաստատման է պետք… Ես հիմա կկանչեմ իմ գործընկերուհուն, նա կզբաղվի ձեզնով: Դա մի քիչ ժամանակ կխլի:
Եկավ մի հաղթանդամ սևամորթուհի (ուհի՞), վերցրեց փաստաթղթերս և կարգադրեց հետևել իրեն: Մի դռնով ներս մտավ, ինձ ասաց, որ սպասեմ կողքի պատուհանի մոտ: Վերևում գրված էր "Immigration": Այդ պահին բոլոր հոլանդացիները տգեղ երևացին իմ աչքին: Նույնիսկ հավաքարարուհին, որը քիչ առաջ գեղեցկուհի էր:
Նայեցի շուրջս: Այնտեղ էին ռուս կանայք և մի կին, որը պետք է որ ինչ-որ մահմեդական երկրից լիներ, որովհետև միայն դեմքն էր երևում: Պատուհանից ներս նայեցի: Սեղանի վրա անձնագիրս ու մյուս փաստաթղթերս տեսա: «Երևի հերթի է սպասում»,- մտածեցի:
Նոր անձնագրեր, նոր ռուս կանայք էին գնում-գալիս, բայց իմը մնում էր անօգնական ու մենակ, ոչ ոք չէր նկատում: Մահմեդական կինը նույնպես դեռ այնտեղ էր: Ինձ նման ձանձրույթից ու անհանգստությունից մեռնում էր: Մի թեթև զրույցի բռնվեցինք: Իմացա, որ Իրանից է, եկել է ընտանիքի անդամներին տեսնելու: Նա էլ իր հերթին պարզեց, որ հայ եմ, Հոլանդիայում ազգականներ չունեմ: Դրանից ավելի նրա անգլերենը չներեց:
Ինչու՞ եմ ես հայ: Ինչո՞վ եմ մեղավոր, որ իմ երկրից շատերն այստեղ ապօրինաբար են մնում… 500 եվրոն ավելի քան բավարար է: Մի՞թե դուք հազարներ եք ծախսում: Ես մեքենա չեմ գնելու… Չէ՞ որ մնալու տեղ ունեմ: Ես ձեր պետության վզին բեռ չեմ դառնա: Թերթե՛ք անձնագիրս: Վիզաներս չե՞ք տեսնում: Եթե երկրից փախչող լինեի, նախորդ հնարավորություններս բաց չէի թողնի… Գուցե կասկածելի մարդկանց քանա՞կ եք լրացնում: Ես երևի ձեր հերթական զոհն եմ… Ինձ հաջորդ ինքնաթիռով Երևան կուղարկեն: Բայց կհատուցե՞ն ծախսերս: Իսկ ի՞նչ եմ անելու պրակտիկայի ստուգարքս… Մի՞թե ինձ պակաս փաստաթղթեր են ուղարկել: Ինչի՞ մասին էր ասում Լևոնը: Բայց կարծեմ դա վիզայի համար էր, որը ստանալուց խնդիրներ չունեցա: Մամա՛… ես շատ լավ հասել եմ, բայց ինձ դուրս չեն թողնում… Ամստերդա՛մ, դու ինձ չես սիրում…

"Immigration" կոչվող պատուհանի տակ արհամարհված անձնագրիս սպասեցի ավելի քան մեկ ժամ, մինչ աշխատողները ասես չէին էլ շտապում. ուրիշներով էին զբաղվում կամ ուտում, կատակներ անում ու ծիծաղում:

Ի՞նչ կլինի, եթե ինձ դուրս թողնեն: Ի՞նչ եմ անելու, եթե դիմավորողներս չսպասեն: Ու՞ր է պայուսակս: Ի՞նչ կլինի, եթե գողանան:
Այդ ընթացքում մորս երկու հատ կարճ հաղորդագրություն գրեցի, կերա այն խնձորը, որը տնից դուրս գալու պահին էր ծառից ընկել ու չմոռացա անհանգիստ հետ ու առաջ անել՝ աչքերս չկտրելով անձնագրիցս:
Պատուհանի մոտ մարդ չմնաց: Անգամ պարսկուհուն էին արդեն ճանապարհել: Սեղանին միայն իմ անձնագիրն էր մնացել, բայց բոլորն ասես թքած ունենային: Մայրս էլ Երևանում էր անհանգստանում: Ուզում էր բանկային գրքույկի պատճենը ուղարկել (միակ բանը, որ կարող էր անել այդ պահին): Աչքերս լցվում էին արդեն: Ու հանկարծ.
"Hi!"
Սկզբում չհասկացա, թե ովքեր են ինձ ողջունողները, բայց շուտով տեսա նրանց ձեռքի թուղթը.
Byurakn Ishkhanyan
IFMSA
Մարիամն ու Յոլանդան էին: Ավելի քան երկու ժամ ինձ սպասելուց հոգնել են, անհանգստացել: Տեղեկատուից պարզել են, որ եկել եմ, ներս են մտել, որ իմանան, թե ինչու ինձ դուրս չեն թողնում:
Պատուհանից այն կողմ գտնվողներին մի քանի հոլանդերեն բառ ասացին, և անմիջապես անձնագիրս ու փաստաթղթերս վերադարձվեցին:
- Քեզ հաճելի պրակտիկա,- ասվեց:
Եվ վե՛րջ: Դուրս եկա: Մարիամն ու Յոլանդան անվերջ ներողություն էին խնդրում, ասում, որ նման դեպքն անսպասելի էր: Բայց նրանք մեղք չունեին, որ որոշվել էր ինձ ձևի համար օդանավակայանում պահել:
Շարունակելի...

Tuesday, 16 May 2017

Առանց բացատրության և պատճառի արգելափակվել է livejournal-ի «Նիդերլանդական օրագրի» էջը


Արդեն երկրորդ օրն է ինչ չի գործում «Նիդերլանդական օրագրի» livejournal-ի էջը:



http://niderlandakan.livejournal.com/


Առանց բացատրության ու պատճառի էջը պարզապես արգելափակվել է ' անհասանելի դարձնելով ամբողջ 5 տարվա նյութերը:
Սա դժվար չէ կռահել թե ու՞մ ձեռքի գործն է: Եթե livejournal-ը մինչև վերջերս ենթարկվում էր ամերիկյան օրենքներին և մեզ ապահովված էինք զգում և հուսալի պաշտպանված էինք ամերիկյան օրենսդրությամբ, ապա վերջերս livejournal-ի փաթեթի գերակշիռ մասը գնել է ռուսական «Рамблер-Афиша-СУП» ընկերությունը: Դրանից հետո հաճախակի է դարձել նրա բաժանորդների արգելափակման դեպքերն ու հաճախականությունը: Հիմնականում այն պատճառաբանվում է ազգային ատելություն սերմանելու մեղադրանքներով:
Այս դեպքում, դեռևս մեզ որևէ բացատրություն չի տրվել և մեր գործունեության մեջ ներառում է համայնքային կյանքի լուսաբանումն ու ժողովուրդների մեջ բարեկամություն սերմանելը: Այս դեպքում միայն կարելի է կռահել, թե մեր նյութերը, տեսաերիզներն ու լուսանկարները ում դուրը կարող էին չգալ:
Սա արդեն 2-րդ դեպքն է, որ ռուսական տեղեկատվական ցանցերին առնչվող համակարգերը մեզ տհաճ անակնկալներ են մատուցում: Եթե Yandex տեղեկատվական համակարգը դադարեցրեց այդ ոլորտի իր ծառայությունները, ապա այս դեպքում պարզապես անհիմնը դադարեցվում է' niderlandakan.livejournal-ը:


Այս փաստը սակայն չի վհատեցնում մեզ և ավելի վճռականորեն ենք տրամադրված: Կփորձենք համապատասխան քայլեր ձեռնարկել, նաև իհարկե ապաշրջափակել այս արգելքը: Եթե դա մեզ չհաջողվի (որն ավելի հավանական է) առանձնապես չենք տխրի, քանի որ «Նիդերլանդական օրագրի» նյութերը սփռված են ինտերնետային տարբեր ցանցերով և արդյունավետ տարածվում են: Այս դեպքում' բոլորն արգելափակելն անհնար է:
Մեր ընթերցողների ներողամտությունն ենք հայցում ֆեյսբուքյան մեր էջից LiveJournal տեղափոխվել չկարողանալու համար:
Հեղինակավոր LiveJournal-ը ևս վերածվեց խավիարային օվշորային գոտու:
Պարզապես խորհուրդ ենք տալիս առաջվա պես չվստահել և լուրջ առնչություն չունենալ այս ցանցի մատուցած ծառայության հետ, քանի որ Բաքվի ազդեցության գոտում է' այլ կերպ չես մեկնաբանի:

«Նիդերլանդական օրագրի» թիմ



Monday, 15 May 2017

Երգում են Նիդերլանդահայ երեխաները




Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության և  «Վան» հայկական կիրակնօրյա դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հայկական երգերի մրցույթ: Համահոլանդական այս նախաձեռնությանը, բացի Նայմեխենից, մասնակցության հայտ էին ներկայացրել Հաագայի, Ալմելոյի Արնեմի՝ հինգից տասներկու տարեկան հայ համայնքների ինը երեխա, ովքեր ընդգրկվել էին տարիքային երեք խմբերում:

Վերջապես բոլոր մասնակիցները  բարձրանում են գեղեցիկ ու ճաշակով  կահավորված, մանկական վառ գույներով ողողված  բեմ, որտեղ նրանց հետ աշխույժ, անկաշկանդ ու մտերմիկ շփման մեջ է մտնում հաղորդավարը՝ «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության հիմնադիր Գայանե Աբրահամյանը: Մասնակիցները՝ Տիգրանը, Մարիամը, Մասիսը, Անահիտը, Նանեն,Ալեքսը, Մարիամը, Ռիտան և Նաիրին կատարեցին 3-ական երգ, որոնցից երկուականը հայ հեղինակների ստեղծագործություններ էին:



Ժյուրիի կազմը ևս պրոֆեսիոնալ էր. Սվետա Աբրահամյան՝ մանկավարժ, «Վան» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն, Սետա Սարկիսյան՝ մանկավարժ, Արնեմի երգչախմբի անդամ, Սվետլանա Աղաջանյան՝ մանկավարժ, Հաագայի «Աբովյան» մշակութային միության մանկապատանեկան երգչախմբի գեղ. ղեկավար, Փերի Կնյազյան՝ օգնություն հայ երեխաներին Dear Angel կազմակերպության տնօրեն:
Skype հեռակապով ժուրիի կազմում էր նաև  Երևանի «Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի հ/կ գեղ.ղեկավար, մանկավարժ՝ Զառա Սարիբեկյանը:
Ժյուրին մասնակիցների գնահատման համար յուրահատուկ ձևաչափ էր ընտրված: Առավելագույն միավորը՝ ըստ նոտաների քանակի յոթն էր, որի սահմաններում պետք է գնահատվեր  երգը, մասնակիցների բեմական պահվածքը, վարպետությունը և երգի ճիշտ ընտրությունը:
Երբ ամփոփվեցին արդյունքները, գլխավոր մրցանակի արժանացավ Մասիս Դավթյանը (Հաագա): Ի դեպ Մասիսը հաճախ է մասնակցում Նիդերլանդներում կազմակերպվող հայկական միջոցառումներին՝  որտեղ հանդես է գալիս հայրենասիրական երգերի կատարումներով: Մրցույթի երգացանկում Մասիսը կատարեց գուսան Հայկազունու «Հայեր միացեք», Առնո Բաբաջանյանի «Այստեղ եմ ծնվել,այստեղ մեծացել» երգերը:

 Հայկական երգի նման  կարգի մրցույթի անցկացումը  յուրատեսակ ստուգատես էր  թե' մասնակիցների, և թե կազմակերպիչների համար:
Մրցության ընթացքը պետք է ցույց տար, արժե՞ այն շարունակական դարձնել, թե ոչ...
 Երեք ժամից ավելի տևած հայ երեխաների ելույթները՝ ուղիղ եթեր տրվեց «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջով:
  Արժանին մատուցելով կազմակերպիչներին և  ի հեճուկս մեկնարկային ու կազմակերպչական  զանազան դժվարությունների, մրցույթը կարելի է կայացած ու հաջողված համարել:


Միահամուռ որոշվեց այն շարունակական դարձնել: «Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի հ/կ գեղ.ղեկավար, մանկավարժ, բազմաթիվ մանկական հաջողված երգերի սիրված հեղինակ՝ Զառա Սարիբեկյանը գոհ էր  հատկապես մասնակիցների հայկական երգերի ընտրությունից,  խոստացավ իր հեղինակած մի երգ  նվիրել հաղթողին, պատրաստակամություն հայտնեց հաջորդ անգամ արդեն ներկա գտնվել
Նիդերլանդներում հայ մանուկների երգերի  կատարմանը:
Նա  նաև իրենց կենտրոնի պատվոգրի արժանացրեց գլխավոր մրցանակակրին:

 Հաղթեցին մեր երեխաները, հաղթեց հայ երգը: Բոլոր մասնակիցները ստացան  հուշամեդալներ և  պարգևատրվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակներով:

HAY AZIAN
«Նիդերլանդական օրագիր» հատուկ ՕՐԵՐԻ համար
Նայմեխեն,Նիդերլանդներ









Friday, 7 April 2017

Ծիրանենին

Ծիրանենին  

Filed under: Հոդվածներ — Vahan Amatuni @ 4:30 pm
(Էտյուդ)
IMG_1479
Գարնան զով առավոտը կանաչի ու ծաղիկների բույրով է լցրել շրջապատը: Ամեն անգամ բնության հետ մերձենալու հաճելի պահ ես ապրում, երբ անցնում ես մեր քաղաքի հրաշալի հետիոտն կամրջով: Մինչ կամրջին հասնելը, ճանապարհը ձգվում է գետի երկայնքով: Գեղատեսիլ բնությունն ու գարնան թարմ օդը տրամադրող են: Շուրջն ամեն բան վերափոխվել, կենդանություն է առել: Հորդառատ Քասաղի խշշոցը, ասես, մեղեդի լինի: Այդ համաչափ մեղեդու մեջ նոր երգ է ծնվում, երբ սկիզբ է առնում թռչունների ուրախ ծլվլոցն ու դայլայլը: Գետի ռիթմիկ մեղեդին թարմ ծաղկաբույլով օծված օդը լիցքավորում, թեթևացնում է հոգիդ, այդ զգացումից կարծես ուզում ես գոչել. «Որքա՜ն լավն ես դու, գարու՜ն»:
Թեև բոլոր գարունները նման են միմյանց, բայց այս մեկը ինչ-որ ուրիշ է թվում: Ահա ինձ ծանոթ նկարիչը ճիշտ նույն տեղում, ինչպես անցած գարնանը, մտասույզ իր կտավի հետ է: Մոտենում եմ: Կտավն ասես երգ լինի՝ իր մեջ ընդգրկված գույներով՝ շռայլ Քասաղի կիրճի տեսարանով: Կտավում գրեթե ամեն ինչ բնական է: Գետը կարծես հոսում է, երկնասլաց բարդիները և նրանց արանքում թաքնված տները իրական են թվում: Տեսարանն այնքան ընդհանուր ու միաձույլ է, որ թվում է՝ մեկը մյուսի շարունակությունն է: Այնտեղից ինչ-որ բան զատել, առանձացնել շատ դժվար կլինի: Այնուհանդերձ աչքս չի վրիպում: Կտավում այդքան գույների մեջ տանիքներից մեկը կարմիրի փոխարեն թողնվել էր սպիտակ գույնի: Գուցե նկարիչը չէ’ր հասցրել, կամ վրիպե՞լ էր: Սպիտակն ընդգծվել էր կողքի կարմիր և կանաչ գույների մեջ: Ինձ այն շատ գեղեցիկ թվաց, այնքան, որ ստեղծագործությունն ամբողջացնելու նպատակով փակում եմ աչքերս: Ահա վրձնի մի հարված, և իմ երևակայության մեջ տանիքի կողքին տեսնում եմ իմ ծանոթ ծիրանենին իր սպիտակ, սպիտակ ծաղիկներով: Ուշքի եմ գալիս, հիշում եմ հաստաբուն ծիրանենին, որ հպարտ իր ճյուղերը հառած կիրճին, անցած գարնանը բավական առատ ծաղկաբերել էր: Պահը չկորցրի, հանձնելով լուսանկարչական ժապավենին՝ ծիրանենուն պարգևելով անմահություն իր ճերմակ զգեստով հանդերձ:
Գետի մյուս ափ հասնելու համար քայլերս ինքնաբերաբար արագանում են: Անհամբերությամբ եմ ապրում րոպե շուտ հանդիպելու ծիրանենուն՝ զարդարված սպիտակ հեքիաթային ծաղիկներով: Նայում եմ ծառի կողմը, մի պահ հապաղում եմ, քայլերս աստիճանաբար դանդաղում են: Գուցե տեսիլք է: Օ՜, ոչ, ոչ: Իմ դեմ է նույն ծիրանենին՝ թեքությամբ հպված կիրճին, միայն այլ տեսքով՝ չկար ծաղիկների ճերմակը նրա պսակին: Գարնան նոր կանչին անզոր է եղել պատասխանել ծիրանենին՝ մնալով հավերժ քնի մեջ: Չնայած իր մերկությանը, ծառը գեղեցիկ էր: Մուգ, դեպի անդունդը ձգվող ճյուղերը, ասես, քարացել էին գետի հետ կայացած զրույցի պահին: Գարնանային գույներով հարուստ շրջապատում առանձնացել էր իմ ծիրանենին: Եվ այնքան էր ընդգծուն դարձել շրջակայքում, ինչպես ծանոթ նկարչի կտավի սպիտակ տանիքը՝ շրջապատող գույների այդքան շռայլ աշխարհում:
Վահան Ամատունի
Աշտարակ N44 1987 թ., 11 ապրիլի, էջ 3

Thursday, 6 April 2017

Հոլանդացի քաղաքական գործիչը՝ հայաստանյան ընտրությունների մասին



ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴ ՀՈԼԱՆԴԱՑԻ ՀԱՐՐԻ ՎԱՆ ԲՈՄԵԼԻՆ ԶԱՐՄԱՑՐԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀՈԾ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ








2017թ. ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան 6-րդ գումարման խորհրդարանական ընտրություններ։ Exit poll-ի արդյունքների համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններից և դաշինքներից («Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան», «Կոնգրես- ՀԺԿ», Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական, «Հայկական վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն») Ազգային  Ժողով անցան 4 ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։
ԵԱՀԿ-ի կողմից (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հանդիսանում է աշխարհի խոշորագույն տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունը, որի գործունեության հիմքում ընկած են կայունությունը, խաղաղությունն ու ժողովրդավարությունը) Հայաստան ժամանած դիտորդների շարքում էր նաև նախկինում հոլանդերեն և անգլերեն լեզուների ուսուցիչ, այժմ արտաքին քաղաքականության և Եվրոպական միության հարցերում մասնագիտացած, Սոցիալիստական կուսակցության (Socialistische Partij) ներկայացուցիչ, հոլանդացի քաղաքական գործիչ Հարրի Վան Բոմմելը։ Թեպետ նա դեռ Հայաստանում էր, բայց սիրով համաձայնեց պատասխանել մեր  հարցերին:

 Ստորև «Նիդերլանդական օրագրի» բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված դիտորդական առաքելության Նիդերլանդացի պատվիրակ Հարրի Վան Բոմմելի հետ:
- Պրն. Բոմել, որքան ժամանակով էիք ժամանել Հայաստան և ո՞վքեր էին Ձեր դիտորդական թիմում ընդգրկված։
- Ուղիղ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում եմ։ Ես կարճաժամկետ դիտորդների շարքում էի. երկարաժամկետ դիտորդները 8 շաբաթ են անց կացրել ՀՀ-ում։ Իմ թիմը բաղկացած էր 10 ներկայացուցչից։  Դիտորդներ կային Եվրոպական երկրներից, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ից և ՌԴ-ից։ ԵԱՀԿ անդամ բոլոր 57 պետությունները կարող են մասնակցել ընտրությունների դիտարկման գործընթացին, բացառությամբ այն երկրի, որտեղ ընթանում են ընտրություններ։

- Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Ձեր և Ձեր թիմի կողմից այս յոթ օրվա ընթացքում։
- Մենք վերահսկել ենք տեղամասի բացման պահից մինչև արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողով բերվելը: Սկսել ենք աշխատել առավոտյան 7։30-ից և դադարեցրել աշխատանքները հաջորդ օրը առավոտյան ժամը 11-ին։ Ստուգել ենք ամեն ինչ՝ սկսած կնիքներից մինչեւ քվեատուփեր, քվեների գաղտնիություն: Մենք վերահսկել ենք քվեների հաշվարկը եւ հետեւել, թե ինչպես են արդյունքները ընտրատեղամասից տեղափոխվում տարածքային ընտրական հանձնաժողով։

- Դուք՝ Ձեր դիտորդական առաքելությունն իրականացրել եք Արմավիրի մարզում։ Քանի՞ ընտրատեղամաս եք այցելել, ի՞նչ տպավություն եք կազմել և ո՞րն է Ձեր եզրակացությունն Արմավիրի մարզում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքից։ Նկատ՞ել եք, արդյոք, խախտումներ։
- Ես աշխատել եմ հինգ ընտրատեղամասերում, դիտարկվել են մուտքային քվեատուփերը գիշերը 23։00-ից մինչեւ հաջորդ օրն առավոտյան 7։00: ԵԱՀԿ-ի եզրակացության համաձայն՝ ընտրություններն անցել են սահուն. ընտրողները հնարավորություն են ունեցել օգտվել իրենց հիմնարար ազատությունից: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ-ն գրանցել է ընտրակաշառքի արժանահավատ դիտարկումներ: Ես նաև գաղտնիության պակաս  նկատեցի.  ընտրողներն ինը քվեաթերթիկները ստանալու պահից մինչ քվեախցիկ մտնելը` կանգնած հերթի մեջ, նկատելի կերպով առանձնացնում էին այն թերթիկը, որով պատրաստվում էին քվեարկել:
- Որեւէ մեկը փորձե՞լ է ազդեցություն գործադրել Ձեր կամ Ձեր թիմի վրա։
- Ո՛չ, ավելին՝ մեզ ամենուր ընդունում էին սրտաբաց։

- Ի՞նչ եք կարծում, Հայաստանում, իրո՞ք, թափանցիկ է անցնում ընտրական գործընթացը, եթե համեմատենք Նիդերլանդների թագավորության հետ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն  ընտրությունները Հայաստանում և Նիդերլանդներում։ Անձամբ Դուք ի՞նչ կփոխեիք հայաստանյան ընտրություններում։
- Հայաստանում առավել լավ է իրականացվում մարդկանց ինքնության հաստատման վերահսկողությունը՝ էլեկտրոնային տարբերակով. ID քարտեր, մատնահետքեր, տեսախցիկներ։ Բոլոր ցանկացողները կարող են առցանց հետեւել ընտրությունների ընթացքին՝ ներառյալ հաշվարկը։ Հայաստանում վստահված անձդ քո փոխարեն քվեարկելու իրավունք չունի, իսկ Նիդերլանդներում ընտրության նման տարբերակը թույլատրելի է։ Նաեւ Հայաստանում կան շատ ավելի տեղական դիտորդներ, քան Նիդերլանդներում: Նիդերլանդներում մենք չենք լսել ընտրակաշառքի դեպքերի մասին. մեզ մոտ գրանցված չեն արժանահավատ զեկույցներ՝ ընտրակաշառքի վերաբերյալ, իսկ Հայաստանում` գրանցվել են: Այլ տարբերություն. Հայաստանում միշտ կնկատես տղամարդկանց խմբեր՝ հավաքված ընտրատեղամասի բակում. նման տեսարանի երբեք չես հանդիպի Նիդերլանդներում։
Նմանությունները. ընտրողները մոտիվացված են գալու ընտրատեղամաս և ընտրելու, ընտրական հանձնաժողովում և՛ Նիդերլանդներում, և՛ Հայաստանում նկատվում է գենդերային հավասարություն; ընտրական հանձնաժողովի անդամները լավ են հրահանգված և պատրաստված:
Եթե խոսենք հնարավոր բարելավումից, ապա լավ կլիներ տարածքապես մեծացնել ընտրատեղամասերը. 28.000 տեղական դիտորդներ եւ միայն 2.000 ընտրատեղամաս: Շատ ընտրատեղամասեր լեփ-լեցուն էին՝ մարդկանցով գերծանրաբեռնված։


Հարկ է նշել, որ Հարրի Վան Բոմելն ավելի, քան տասը տարի համագործակցում է Նիդերլանդներում հայկական համայնքի հետ։ 2015թ.-ին նա գլխավորել է խորհրդարանական պատվիրակությունը դեպի Հայաստան, մասնակցել է ՆԱՏՕ-ի սեմինարին Երեւանում և այլն: Նա նաեւ այցելել է Արցախ, վարպետության դաս տվել Առեւտրի միության ուսուցիչներին։
Մայիսի 13-ին ժամը 19:00 Ալմելոյում Հարրի Վան Բոմմելը հանդես կգա հայաստանյան խորհրդարանական ընտրությունների մասին իր զեկույցով։ Բոլոր հետաքրքրված անձիք հրավիրված են։
Նիութը պատրաստեց՝ ՄԱՐԻՇԱ ՇԻԿ

Friday, 31 March 2017

Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականը Նիդերլանդներում է




Նիդերլանդներ  են ժամանել Ճապոնիայի կարատեի ասոցիացիայի  Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականի մարզիկները (JKA ARMENIA): Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի օդանավակայանում նրանց   դիմավորել, այնուհետև հյուրանոց են ուղեկցել Մաստրիխտ քաղաքի   «Անի» հայ համայնքի անդամներն ու ատենապետ Լևոն Սարգիսը:

karate17623018_1849029795317677_676511379_o.jpg
Մեր հավաքականի 4 անդամները ՝   Արթուր Ավետիսյանը, Արթուր Բայրամյանը, Արտյոմ Վանեսյանը և Սահակ Ազատյանը  Ապրիլի 1-ին Սիտարդ քաղաքի «Fitland XL» մարզահարթակում մասնակցելու են  JKA կարատեի Եվրոպայի 2017թվականի գավաթի առաջնությանը: Մասնակցության համար հայտեր են ներկայացրել Եվրոպայի ուժեղագույն 23 երկրների թիմեր: Հայաստանի պատվիրակությունը (ֆեդերացիայի նախագահ Սևակ Հակոբյան, մարզիչ Ռաֆայել Մկրտչյան)լավ արդյունք ունենալու համար վճռական ու մարտական են տրամադրված, մանավանդ, որ այստեղ առկա են լինելու մեր հայրենակիցների  բարոյական աջակցություն ու օժանդակությունը:
karate17671138_1849012251986098_874801376_n.jpg

Ի դեպ ՝    այս առաջնությանը մասնակցող Նիդերլանդների  JKA կարատեի ազգային   հավաքականը մարզում է մեր հայրենակից Վազգեն Սարգիսը՝    «Անի» հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսի որդին (նկարում ձախից առաջինը):
Կիրակի օրը Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականի պատվիրակությունը կմասնակցի հայկական «Սուրբ Կարապետ»  Եկեղեցու  Պատարագի արարողակարգին, կհյուրընկալվի Անի հայ համայնքի անդամներին, կծանոթանա քաղաքի տեսարժան վայրերին:
«Նիդերլանդական օրագիր»





Friday, 17 March 2017

Նիդերլանդներում Ազերի ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ ավելի խիստ մեղադրանք հնչեց




ԲԱՑԱՌԻԿ
Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանը Ալմելոյում հրապարակեց  «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակ, Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինի դեմ դատավճիռը: Տեղի ունեցավ 3 դատական նիստ: Աշկինը չնդունեց իր հասցեին հնչած մեղադրանքը:
Մեղադրյալն ու իր փաստաբանը դատարանում ներկա չէին վճիռի հրապարակմանը:
 Հաշվի առնելով այս հանգամանքը դատարանն ավելի խիստ վճիռ կայացրեց, քան պահանջել էր պետական մեղադրողը:
Աշկինը դատապարտվեց  2 տարի պայմանական ժամկետով մեկ ամսվա պայմանական բանտարկության' 120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավումով:
Հիշեցնում ենք դատախազի մեղադրանքը' 2 տարի պայմանական ժամկետ երկշաբաթյա պայմանական բանտարկությամբ'
80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանքով :
Այս կապակցությամբ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ:
Ստորև «Նիդերլանդական օրագրի» պատրաստած բացառիկ դիտարկումը:


ԴԱՏԱԿԱՆ ՄՅՈՒՍ ՆԻՍՏԵՐԸ

Իլհան Աշկինի գործով կայացել է երեք դատական նիստ:
Առաջինը՝ 2016թվականի դեկտեմբերի 6-ին:
Առաջադրված մեղադրանքն ընթերցվելուց  հետո  դատարանն այն հետաձգել է՝  ժամանակ տալով փորձագիտական  ուսումնասիրությունների վերջնական եզրահանգման համար, պարզելու  թե ինչ համատեքստով է   նման կոչ հնչել:
Աշկինի փաստաբան  Պլասմանը նիստից հետո հավաստեց, որ նման կոչ՝  "Karabag ermeniye mezarolacak" («Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը») Աշկինի կողմից վանկարկվել է: Բայց դա չի կարելի  համարել հանցագործություն, քանի որ  արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ  իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ և մարդիկ մահանան։
Երկրորդ նիստը տեղի ունեցավ 2017թ. մարտի 3-ին:
Այն սկսվեց առավոտյան ժ.9-ից և շարունակվեց մինչև 11անց 15 րոպեն:
Դատավարության ընթացքում ցուցադրվեց  ցույցի տեսահոլովակը, որտեղ նա մի քանի անգամ վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ մի քանի հազարանոց ամբոխը կրկնում է այդ արտահայտությունը։
 Աշկինը  պատասխանեց դատավորի և դատախազի հարցերին։ Պնդեց, որ իր քայլը  հանցագործություն  չէ: Այն հարցին, թե արդյո՞ք նա զղջում է իր կատարած արարքը և ափսոսանք հայտնու՞մ  է, նա պատասխանեց, որ իր տեսկետը չի փոխվել:
Այնուհետև պետական մեղադրողը՝  դատախազ Խերդինե Դանկերսը մոտ 40 րոպե մանրակրկիտ ներկայացրեց գործի քննության ընթացքը և դատախազության պահանջների հիմքերը՝ ընթերցելով մեղադրական եզրակացությունը։  Նա դատարանից պահանջեց մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով և երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ՝ երկու տարի փորձական ժամկետի պայմանով։  Դատախազության պահանջը հաշվի է առնում նաև այն փաստը, որ պարոն Աշկինը ըմբռնումով  չի մոտենում հարցին և  չի գիտակցում կատարած  հանցանքի հետևանքները :
Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ:
Դատարանն իր 3-րդ նիստում հրապարակեց Աշկինի դեմ մեղադրական  վճիռը:
.
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՄԵՂԱԴՐՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱԶԳԱՅՆԱՄՈԼԸ

2014 թվականի ապրիլին Ալմելոյի հայ համայնքը որոշեց իր եկեղեցու  տարածքում 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնել, դա ակնհայտորեն դուր չեկավ տեղի թուրքական, նաև ադրբեջանական համայնքներին: Այդ առիթով նրանք մի քանի անգամ իրենց իսկ երկրների կողմից ուղղորդած բողոքի ցույցեր կազմակերպեցին: Դրանց ժամանակ՝ 2014 թ. հունիսի 1-ին, 13-ին  և 17-ին հայերի հասցեին լսվեցին  վիրավորական արտահայտություններ, մասնավորապես՝ այսպես կոչված Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահը՝ Իլհամ Աշկինը 5000-անոց ամբոխի առջև բղավել է     'Karabag ermeniye mezarolacak' («Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»)արտահայտությունը:  Հավաքվածները մի քանի անգամ կոչ հնչեցնողի հետ այն վանկարկեցին:
Սա էր պատճառը, որ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) , Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և անհատ քաղաքացիները՝ բողոք ներկայացնեին իշխանություններին հանրահավաքի ընթացքում հնչած, բռնություն հրահրող, հակահայ արտահայտությունների համար :
Աշկինին  ոստիկանությունը բռնության կոչի և ազգային խտրականության համար  քրեական  օրենսգրքի 137 d հոդվածի հիման վրա մեղադրանք հարուցեց:

Ո՞Վ Է ԻԼՀԱՆ ԱՇԿԻՆԸ

 Ծնվել է Թուրքայի ներկայիս տարածքի՝ Իգդիր քաղաքում, էթնիկ Ադրբեջանցի է: Հագգայում  1991թ. ստեղծել է  Թուրք-Ադրբեջանական մշակութային  կենտրոնը, որի տնօրենն է այսօր: 52 տարեկան է :
Դատարանի  տրված հարցերի նրա պատասխաններից պարզ է դառնում, որ  չի աշխատում և  հիվանդության  նպաստ  է ստանում: Թեև Հոլանդիայում բնակվում է մոտ 30 տարի ,  բայց դատական գործընթացներին  մասնակցում էր թարգմանիչի օգնությամբ: 2007թ Հաագայի գերեզմաններից մեկում տեղադրել է Խոջալուի զոհերի հուշակոթող:
 Ադրբեջան հաճախ է այցելում, վայելում է իշխանությունների՝ անձամբ Իլհամ Ալիևի աջակցությունը:
  2016թ մշակութային ասպարեզում ունեցած ծառայությունների համար Ալիևը նրան պարգևատրել է  « Tereggi »  (առաջընթացի) մեդալով:
Աշկինն այս դատավարությունն ավելի շատ օգտագործում էր  իր, իսկ հետո Ադրբեջանի վարկանիշը բարձրացնելու համար:  Նա  իրեն զոհ է համարում, ով  իբր վճարում է ազատ խոսքի արտահայտման համար: Ընդհարապես Աշկինը հայերին վարկաբեկելու հաշվին փորձում է իր անձի վրա ուշադրություն սևեռել: Այս գործելաոճը հատուկ է Ադրբեջանին, ով սաֆարովների է հերոսացնում:
Թեև դատական նիստերում շեշտել է, որ ինքը խնդիր չի տեսնում Հոլանդիայում ապրող հայերի հետ, այնուամենայնիվ մամուլին տված հարցազրույցներում բացահայտ չի թաքցնում իր հակահայ տրամադրությունները:
«Օվերեյսլի մարզային դատարանը պահանջում է, որ ես ներողություն խնդրեմ հայերից,-Report.az-ին հաղորդել է նա : Եթե ինձ պատժեն թեկուզ մեկ օր, ապա կդիմեմ գերագույն դատարան»:
Նույն Report-ը հատուկ ընդգծել է, որ  մարզային դատարանի նախագահը հայազգի Թագվոր Ավեդիսյանն է:
 Ինչպես ազերի շատ ազգայնամոլների, Նրա մոտ ևս առկա է՝   « Ամեն ինչում և ամենուր հայերն են մեղավոր»  հիվանդության ախտանիշը: Օրինակ,  նա պատմում է, որ աշխատանքը կորցրել է հայի համակիր մեկի պատճառով, ով "լեզու" չի գտել իր հետ: Փորձանքը սրանով չի վերջացել: Իր՝ թուրք-ադրբեջանական ընկերությանն էլ զրկել են պետական ֆինանսական աջակցությունից՝ միտինգում հայերի հասցեին արված  խոսքերի համար:
 Այս տարի էլ Իլհանը 30-ամյա  հասարակական բարեգործական գործունեության համար Նիդերլանդների կառավարությունից սպասում էր  մեդալի, բայց ասել  են՝ չիք. «Դժբախտաբար Դուք արժանի չեք մեդալի»:  Հենց այդպես՝  արժանի չեք, գրված է եղել նրան հասցեագրված նամակում(Մեջբերումը՝ նրա հարցազրույցից).

Մեկ այլ հարցազրույցում էլ ներկայացրել է, որ հայերը Ալմելոյում Ցեղասպանության հուշարձան են կառուցել ի պատասխան 2007թ. Խոջալուի զոհերի իր տեղադրած գերեզմանաքարի: Աշկինին երևի ոչ, բայց շատերին է հայտնի, որ 16 տարի առաջ Նիկոլայ Ռոմաշուկը տեղի չտալով թուրքական սադրանքներին ու « գորշ գայլերի » սպառնալիքներին , դժվարությամբ ձեռք բերելով իշխանությունների թույլատրությունը՝  2001 թվականին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին Ասենում  խաչքար է տեղադրել:

  ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
.
Դատավարության նախօրեին և առաջին նիստից հետո մեծ էր իրարանցումը: Դրան էին լծվել ադրբեջանական քարոզչամեքենան , նաև  հենց ինքը՝ Իլհան Աշկինը: Քաղաքական հնչերանգն ապահովված է՝  ամեն ինչ դասական օրինակով էր, զոհը՝ տարածքներ կորցրած Ադրբեջանն էր: Զարմանալի չէր, որ այս հարցը քննարկման արժանացավ  Ադրբեջանի Միլի Մեջլիսում:

Խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովը գտավ, որ նման գործ չպետք է հարուցեր Նիդերլանդները, այն պետք է հետազոտվի ու անհրաժեշտ գնահատականի արժանանա: Պատգամավոր  Ֆազիլ Մուստաֆան էլ ավելի հեռուն է նայել. «Եվրոպացիները գալիս և մեզ դատապարտում են ձերբակալությունների համար: Բայց տեսեք ի՞նչ է իրենց մոտ կատարվում, նրանք  քրեական գործ են հարուցում ճշմարտության դեմ մարտնչող մարդուն »: Պատգամավոր Հանիրա Փաշաևան էլ կոլեգաների ուշադրությանն է հրավիրել, որ Աշկինը Ադրբեջանի տարածքների գրավման դեմ արված հայտարարության համար է մեղադրվել և սա անարդարություն է, որ աշխարհում ապրող ադրբեջանցիները, իրավաբաններն ու փաստաբանները պետք է աջակցեն Աշկինին:
Արտերկրում նավթադոլարներով սնվող ու սնկի պես աճող զանազան  կազմակերպություններ ևս իրարանցման մեջ էին: Այսպես,  Կիևում բույն դրած Աշխարհի  Ադրբեջանցիներին Համակարգող Միջազգային Կենտրոնը   (ICCAW) ուղերձ էր հղել Ադրբեջանի իշխանություններին ու աշխարհում սփռված ադրբեջանցիներին: Միասնության ու համախմբման կոչ արել, հիշեցրել է, որ այս խնդիրը Աշկինինը չէ, սա համազգային հարց է՝ պայքար Ղարաբաղի համար: Կոչ է արվել արտերկրի ադրբեջանական կառույցներին ու  անհատներին բոլոր միջոցներով մինչև  դատը օժանդակել   Աշկինին:  «Եթե Իլհան Աշկինը պարտվի դատական գործընթացը, ապա այլևս  կարելի է  մոռանալ  Նիդերլանդներում և ամբողջ աշխարհում հայկական վայրագությունների մասին խոսելուց»- ասվել է ուղերձում:

Հետաքրքիր է  մեկ այլ ուղերձ:  AZERTAC ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը ռուսերեն լեզվով հայտնել է, որ  Փետրվարի նախավերջին օրը Ամստերդամում  գումարվել է ԵՎրոպայի ադրբեջանցիների 5-րդ կոնգրեսը, որին մասնակցել են Եվրոպական 27 երկրների 87 պատվիրակներ: Իմանում ենք, որ ներկա են գտնվել Ալիևի օգնական Ալի Հասանովը և Ադրբեջանի սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ  Իբրահիմովը,  բայց միայն ադրբեջաներեն լեզվով, առանձին մի  հոդվածից  ենք տեղեկանում, որ հիշյալ կոնգրեսի մասնակիցները  Աշկինի մասով  նաև հռչակագիր են ընդունել՝ դատապարտելով   «հայկական մեղադրանքները»:
 «Այդ մեղադրանքները նաև մեր դեմ է,-ասվում է հռչակագրում:  Իլհան  Աշկինը  մեկ րոպե անգամ չպետք է կասկածի, որ կանգնած է ճշմարտության ու պայքարի պատվավոր ճանապարհին: Շնորհիվ նրա միջազգայնորեն մերկացվում է հայկական սուտը և Իլհան Աշկինի պայքարը ավարտվելու է հաղթանակով».
Այս աբսուրդ հռչակագիր ստորագրողներին երևի պարզ չէր, որ իրենց համակիր Աշկինը դատապարտվում է պարզապես  ազգային ատելություն սերմանելու համար՝ խախտելով  այլ երկրի օրենքն ու օրենսդրությունը:
 Հայատյաց քաղաքականություն վարելը ու այդ հողի վրա հանցագործներին խրախուսելը  Ադրբեջանում արդեն կյանքի նորմա է, երևի այդ նկատառումներով AZERTAC-ը իր "լվացքը" տանն է փռել:

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Հիշյալ դատավարության վերաբերյալ բավական հետաքրքրասիրություն էր հանդես բերել թուրք-ադրբեջանական մամուլը, ովքեր դատական պրոցեսին էին ներկայացել  Հոլանդիայի,Բելգիայի, Գերմանիայի թուրքական մամուլի համար գրող  լրագրողներով:
Հատկապես մեծ էր ոգևորությունը 2016թ. դեկտեմբերի 6-ի նիստին, Երբ  Օվերեյսել տեղական մարզային հեռուստատեսության տեսախցիկից բացի կար նաև թուրքական ու նույնիսկ թուրքմենականը:
Հայկական կողմից՝  ոչ մի: Թեև դատական առաջին նիստը կարճ տևեց և այն հետաձգվեց, այնուհանդերձ Եվրոպական թուրքալեզու լրատվամիջոցները՝  ավելացրած  Ադրբեջանի բոլոր, և  Թուրքիայի  բազմաթիվ թերթեր, համեմված  «օրվա հերոս»  Աշկինի ու թուրքական դրոշների  լուսանկարներով լայնորեն տարածեցին ինֆորմացիան:
Սա իհարկե արտաքին  փայլն էր ու արտաքին այս հանգստության տակ, որքան էլ պարոն Աշկինը լուսանկարվեր իր այս, կամ այն հայրենակցի հետ, որքան էլ ցույց տար, որ իր քայլը հերոսության պես մի բան է, որքան էլ հատկապես թուրքալեզու թերթերը գովերգեին նրա "համարձակությունն ու խիզախ արարքը" ու խոստանային, որ հաջորդ՝    մարտի  3-ի  նիստին էլ  ավելի միահամուռ  են գործելու, այնուամենայնիվ այդպես չստացվեց: Ի վերջո բումերանգն աշխատեց, բոլորին է հասկանալի, որ Աշկինի արած արտահայտությունն իրոք անհարիր է քաղաքակրթությանը, ավելին՝  հանցագործություն  գովերգելը , այնքան էլ դյուրին չէ...ՈՒ , երևի դրա համա՞ր այն տեղ չգտավ ադրբեջանական ռուսալեզու կայքերում: Եղածներն էլ , ինչպես տխրահռչակ Haqqin-ը  խեղաթյուրված փաստերով ներկայացրեցին: Դատեցեք վերնագրերից. «Հոլանդիան  պատժում է ադրբեջանցուն Հայաստանին արված քննադատության համար»,«Հատուցում ազատ խոսքի համար»
«Հոլանդիայի հայերը ադրբեջանցի ակտիվիստի դեմ» և այլն:
Հաջորդ՝  մարտի 3-ի նիստին որոշեցինք ներկա լինել՝ այն հանգամանալի լուսաբանելու համար:
Պարզվեց, որ դա այքան էլ դյուրին գործ չէր: Կապվեցինք դատարանի մամուլի ծառայությանը:  Վերջին օրն ստացանք միայն լուսանկարելու  թույլտվություն:Օվերայսելի մարզային դատարանի մամլո ծառայության պատասխանատու Մարտին Շխոնը  պատճառաբանեց, որ արդեն  կա 2 տեսանկարահանող սարք (նիդերլանդական և թուրքական)և դա բավարար է ՝ փոքր տարածքի առումով: Միայն Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի նախագահ Ինգա Դրոստի ակտիվ միջամտությունից հետո  կարողացանք նկարահանել դատապրոցեսի որոշ դրվագներ (դատախազի հարուցած մեղադրանքն ամբողջությամբ):
Այս՝ 2-րդ նիստին Աշկինի սպասելիքները չարդարացան: Սկզբում մամուլին տված հարցազրույցներում ասում էր, որ զգում է Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությունը, իր կողքին կանգնած է, ողջ թուրք-ադրբեջանական համայնքը, իսկ հետո դիտելով հայ համայնքի անդամների լուսանկարը՝ թուրք լրագրողին հարցազրույց  տալուց, ստիպված էր խոստովանել. «Հայկական համայնքին նայեք, ինչպես  է միացած : Իսկ   մենք, բացի մի քանի հոգուց ' միւսներն անգամ դատարան  չեկան: այսպե՞ս պիտի պայքարենք...»:
.
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՐՈՇՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԸ

Թուրքական բարեկամությունն ամրապնդող կազմակերպությունները որպես ժխտողականության սերմնացաններ:
Ստացվում է, որ Եվրոպայում  հիմնադրված ժողովուրդների միջև մշակութային կապեր հաստատող և բարեկամություն սերմանող  թուրք-ադրբեջանական մշակութային ընկերությունները Հայաստանի դեմ աշխատող,  նաև Հայոց Ցեղասպանությունը  ժխտող իրավասություն են որդեգրել: Աշկինը խճճվել էր, մի կողմից փորձեց խնդիրը քաղաքական դաշտ տեղափոխել, մյուս կողմից էլ  համոզում էր, որ հայերի դեմ ոչինչ չունի, այնուամենայնիվ նա դատապարտվեց  քրեական հանցագործության համար, քանի որ հակամարդկային հստակ ուղերձ էր հղել:
 Նրա վարմունքի մեջ աներկբա առկա էր նաև Ցեղասպանության ժխտումը և հակառակը՝ հայերին  դրա մեջ մեղադրելու  անհագ փափագը: Նա դա գոնե չի թաքցրել մամուլի մասայական միջոցներից:
 Թուրքիան ավելի ու ավելի է քիթը խոթում Եվրոպական ընտանիքի ներքին գործերին՝ այստեղ բնակվող էթնիկ թուրքերին ներգրավելով ու ծառայեցնելով իր քաղաքական շահերին: Դրա վտանգավորության աստիճանն արդեն սկսել են հասկանալ Եվրոպայում և դրա դեմ միջոցներ են ձեռնարկում:  Գերմանիայում և Հոլանդիայում  տեղի ունեցած դեպքերը դեռ թարմ են և դրա սկիզբը այսօր չէ, որ դրվել է:
Հենց  Աշկինի մասնակցությամբ 2014թ. Հայոց Ցեղասպանության հուշարձանի կառուցման դեմ կազմակերպված բողոքի ակցիան ակնհայտորեն ուղղորդվել էր Թուրքիայից: Այդ կապակցությամբ խորհրդարանի պատգամավորներն այդ ժամանակ հարցադրումներ արեցին կառավարությանը:
Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունները չփչացնելու համար  կառավարությունն այս հարցը շրջանցեց:
Ժամանակ առ ժամանակ թուրք-ազերի գործիչները Եվրոպայում Հայոց Ցեղասպանության ժխտողականությամբ  են հանդես գալիս, այդ թեմայով ելույթներում էլ անցնում խոսքի ազատության  բոլոր իրական սահմանները'  վարկաբեկում հայերին:
Եթե տարիներ առաջ թուրք նախարար Էգեմեն Բաղըշը , աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը , Ալի Մերջանն , իր երկու ընկերներն ու այլոք կանգնել են Շվեցարիայի դատարանի արջև  Ցեղասպանության ժխտման համար, ապա Աշկինը, իսկ այնուհետև  շվեդ-թուրքական ընկերակցության նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանին  ազգային ատելության ու խտրականության համար:
Վերջինս 2016թ  ապրիլյան պատերազմի օրերին  Ադրբեջանի կազմակերպած հանրահավաքի ընթացքում բացականչել էր «Մա՛հ հայ շներին» և ավելացրել՝ «Եթե պետք լինի` արյուն կթափենք»: Աշկինի պես Լեյլանին էլ է ասել  «Ես խաղաղասեր հայերի դեմ ոչինչ չունեմ»: Բայց դե գոնե  դատարանում զղջացել է  իր արարքը և ներողություն  խնդրել հայերից: Ավելի վաղ, երբ նրան պաշտոնանկ են արել, տեսախցիկի առջև բարձրաձայն մի լավ լացել էր:
Այս դատավարությունները ցույց են տալիս, որ Եվրոպայում դրական նախադեպի  սկիզբ է դրվում սանձարձակ թուրք-ազերական  հիստերիկ քարոզչությունը  կանխելու համար: Փաստորեն սրանով թուրք ժխտողականները, որոնք աջակցություն և օժանդակություն են ստանում  իրենց երկրներից ' հակառակ արդյունք են ունենում:

HAY AZIAN
«Նիդերլանդական օրագիր»

Լուսանկարում ՝ Հայկական կողմը, աջից՝  հայկական կողմի փաստաբան Ռիչարդ Կորվերը

_________________________
Լուսանկարում ՝Աշկինը (աջից) և իր փաստաբան Պլասմանը մարտի 3-ի դատական նիստից հետո:

Thursday, 9 March 2017

Հանդիսավար Լևոն Զնաբերդցին ուսուցողական ֆիլմի դերում

Այս կարճ և ուսուցողական ֆիլմում Աստվածաշնչյան ճշմարտությունն է' ապրենք, որ ապրեցնենք: Կյանքը' Աստծո տված պարգև է: Այն հարկավոր է ապրել, ապրել արժանապատվորենեն: Կարճ, ուսուցողական այս ֆիլմում գլխավոր հերոսի դերը ստանձնել է Նիդերլանդներում հայկական օջախների ցանկալի հյուր, հանդիսավար Լևոն Զնաբերդցին:

Saturday, 4 March 2017

Շարունակվեց Աշկինի դատավարությունը, հնչեց մեղադրանքը



ԼՐԱՑՎԱԾ  ՏԱՐԲԵՐԱԿ

Դատախազի մեղադրանքը' 2 տարի պայմանական ժամկետ և
 80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք :




Հարգելի հայրենակիցներ ուղիղ հեռարձակմամբ տեղադրել էինք նախնական կադրեր այսօր ' ՄԱՐՏԻ 3-ին Ալմելոյում  մեկնարկած դատավարությունից:

Դեռ անյցյալ տարի դեկտեմբերի 6-ին  սկսվել էր մի  դատավարություն, որտեղ   «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար պատասխան էր տալու  Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինը :
Մեր ուղիղ հեռարձակումը ընդհատվել էր դատավարության ամենասկզբում (Այն տեղադրված է մեր ֆեյսբուքյան էջում և կարող եք դիտել) ոստիկանության ներկայացուցիչը բացատրեց, որ այդ վայրում չի կարելի նկարահանել և ունեն ներքին կարգապահական օրենք, որին էլ ենթարկվեցինք և դադարեցրինք նկարահանումը:
  Այնուհետև մենք  այն շարունակեցինք ' սովորական ռեժիմով, մեզ հատկացված լիազորությունների շրջանակում:
Հնչեց դատախազի մեղադրական եզրակացությունը, ով խտրականության ու վիրավորանքի համար պահանջեց պատիժ' 2 տարի պայմանական ժամկետով,  80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք և  դրամական տուգանք:
Դատարանն իր վերջնական վճիռը կհրապարակվի 2 շաբաթից' մարտի 17-ին:
:
Հիշեցնում ենք, որ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել  3 տարի առաջ Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշարձանի բացման առիթով թուրք-ազերիների բողոքի ցույցի ժամանակ Իլհան Աշկինի դեմ, ով բարձրաձայնել է`«Ղարաբաղը կլինի հայերի գերեզմանը» ահասարսուռ արտահայտությունը:
Այս դատավարությանն  ավելի մանրամասը դեռ կանրադառնանք, իսկ հիմա ներկայացնում ենք մեղադրողի մոտ 35 րոպեանոց ելույթը:

Լուսանկարներում' (վերևի) ընթերցվում է դատական մեղադրանքը:
Իլան Աշկինը (ներքևի լուսանկարում' աջից) իր փաստաբան Պլասկինի հետ ' դատական նիստից հետո:







Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան ( FAON
Կայքէջ` www.faon.nl) այս կապակցությամբ մամլո հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Պարոն Աշկինը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել և վիրավորել է մի խումբ մարդկանց, քանի որ նրանք ծագումով հայ են:

Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի է ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։

Երկու ժամ տևած դատական նիստին ներկա էին բազմաթիվ հայեր եւ թուրքեր, ինչպես նաև հոլանդական, հայ և թուրք ԶԼՄ-ների թղթակիցներ։ Դատավարության ընթացքում ցուցադրվեց թուրքական ցույցի տեսահոլովակը, որտեղ պարոն Աշկինը մի քանի անգամ վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ մի քանի հազարանոց ամբոխը կրկնում է այդ արտահայտությունը։

Պարոն Աշկինը դատարան էր ներկայացել իր փաստաբան պարոն Պլասմանի հետ։ Նա պատասխանեց դատավորի և դատախազի հարցերին։ Նա հայտարարեց, որ ինքը չի կատարել որեւէ հանցագործություն, քանի որ իր կատարած արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ և լինի արնահեղություն։ Նա համոզված է, որ որևէ սխալ չի գործել։ Այն հարցին, թե արդյո՞ք նա զղջում է իր կատարած արարքից և ցանկանում է ափսոսանք հայտնել, նա պատասխանեց, որ նրա տեսկետը չի փոխվել։

Դատախազը մանրակրկիտ ներկայացրեց գործի քննության ընթացքը և դատախազության պահանջների հիմքերը։ Նա պահանջեց մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով եւ երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ` երկու տարի փորձական ժամկետի պայմանով։ Սա հանդիսանում է մի ուժեղ ազդանշան։ Դատախազության պահանջը հաշվի է առնում նաև այն փաստը, որ պարոն Աշկինը գործին չի ցուցաբել խոր ըմբռնում և գոյություն ունի հանցագործության ռեցիդիվի վտանգ։