The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 16 September 2018

Ալիկ Ասատրյանը «Վերնատուն-22» ում ցուցադրել է մեր օրագրին առնչվող լուսանկարներ




Alik Assatrian-ը յուրահատուկ անձնավորություն է, մեր գիտեցածներից խիստ տարբերվող անհատականություն, ով ընկալում ու արվեստ է բերում կյանքի նուրբ երանգները: Նրա ընկալմամբ մատուցված նյութերը անտարբեր չեն թողնի ոչ մեկին: Նա բարու և գեղեցիկի որսորդ է, որ իր տիրույթում հաստատել է ազնվագույն բարիության թագավորությունը: Ալիկի ներկապնակի գույները հարուստ ու բազմազան են նրա վառ երևակայության պես ու այդ գույներն է, որ տարածել է ֆեյսբուքյան հարթակում, իր շուրջն հավաքել ամենատարբեր մասնագիտությունների ու զբաղմունքի տեր մարդկանց: Ոմանք` մինչ ինտերնետային սոցիալական հարթակները ծանրաբեռնել են իրենց անօգուտ շատախոսությամբ ու էգոիստական ինքնահաստատման ամենատարբեր դրսևորումներով, անպտուղ զազրախոսություններով, բամբասանքով ու շաղակրատությամբ, Ալիկ Ասատրյանը առանց որևէ ծախսի ստեղծել է իր շքեղ «Վերնատուն 22»-ը: Վերնատունն իր տանիքի տակ ավելի ու ավելի շատ մարդ է հյուրընկալում: Օր օրի աճում է խաղերի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը: Նախագծերին գնալով ավելի շատ մարդ է մասնակցում: Պատճառը մեկն է` Ալիկը սիրում է մարդկանց, կիսում է նրանց հույզերն ու զգացմունքները, մասնակից լինում յուրաքանչյուրի ապրումներին:
Հաճախ նրան կարելի է նկատել ուշ ժամերին համակարգիչի մոտ: Զրույցներից մեկում իրեն ասել ենք.

- Հարգելի Ալիկ, ընդհանրապես հոբին պետք է լինի ազատ ժամանակը զբաղեցնելու տարածք և ոչ մի դեպքում քեզ մի ծանրաբեռնի:

Բացի դրանից նկատել ենք տվել, որ նյութը տեղադրելուց հետո ժամանակ պետք է տրամադրի մարդկանց, որ հասցնեն կարդալ: Ինչպես ասում են` մարսել, որից հետո նորերը կարող է տեղադրել:

Հետո իմանում ենք, որ բառացիորեն հարյուրավոր մարդիկ են մասնակցում խաղերին` դրանք պատմվածքներ գրելու, լուսանկարների, ֆիլմերի ամենատարբեր թեմաներով 22-ի նախագծերն են, որտեղ մարդիկ դրսևորել են իրենց կարողությունները և սահմանափակ ժամանակամիջոցում Ալիկը պետք է հասցնի դրանք տեղադրել էջում: Ահա թե, ինչի համար է նա, առանց չափազանցման օրական 17-22 ժամ նստում համակարգիչի դիմաց:

Հոյակապ օրինակ ու գերազանց նախաձեռնություն` ինտերնետային սոցիալական ցանցերն զբաղեցրած օգտատերերին: Ա՛յ հենց այդպես պետք է լինի ֆեյսբուքյան օգտատերերի էջերը` լինեն նրանք հեղափոխականներ, թե հակահեղափոխականների, սևեր թե սպիտակներ: Պետք է մաքրվեն հոգով ու շնչեն բարիության օդը: 
Բոլորս պետք է օրինակ վերցնենք: Ամեն տեղ կարելի է օգտակար գործ կատարել:
Hay Azian
Հ.Գ,-Ալիկի հանձնարարությունը հասել է նաև տողերիս հեղինակին: Այն ներկայացնում ենք նաև «Նիդերլանդական օրագրի» ընթերցողներին: Խիշտ չդատեք, որ...  :)
--------------



Alik Assatrian с Hay Azian.

 Վերնատուն 22-ի ֆոտո-լուսանկարչություն նախագծի հաջորդ մասնակիցը ,դա «Նիդերլանդական Օրագիր»- Էլեկտրոնային թերթի հիմնադիր, խմբագիր`Hay Azian-ն է: Էլեկտրոնային թերթը ինտերնետային եթերում է` սկսված 2012 թ. մարտ ամսից մինչ այսօր Նիդերլանդների Թագավորությունում, Հոլանդիայում: Ինտերնետային օրագիր-թերթի ուղղվածությունը` տեղեկատվական, գրական, մշակութային, հասարակական, քաղաքական է,հիմնական նպատակն է նպաստել հայ սփյուռքի համախմբմանն ու ամրապնդմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակմանը, գրական, հայրենասիրական հայացքների ձևավորմանը:Hay Azian-ը թերթում տեղադրում է հիմնականում Հոլանդահայ կյանքին, մշակութային անցուդարձին վերաբերվող նյութեր որոնք համարյա ամեն օր կարող եք տեսնել ֆեյսբուքյան երկնակամարում:Օրագիրը հնարավորինս տեղյակ է պահում ինչպես Հոլանդիայում ու հոլանդահայ համայնքներում տեղի ունեցող անցուդարձերին, այնպես էլ մայր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս տեղի ունեցող հիշարժան դեպքերին:
Անձամբ հանդիպել եմ այս հրաշալի մարդուն, և երանի այդպիսի հայեր շատ լինեին, նա կատարում է իր հայրենանվեր գործը կամավոր , անվճար և անշահախնդիր, երջանկություն է այդպիսի ընկեր ունենալը:
Հիմա տեսնենք թե Hay Azian -ն ինչպես է վերաբերվել իրեն տրված 22 բառերին և ինչ է մեզ ցույց տալիս :
Լուսանկարիների աջ անկյունում կտեսնեք անվանումները,
բարի դիտում ձեզ:

հայելի
լռություն


աչք

ջուր

ժամանակ

արմատ

սեր

անքնություն

աթոռ

հոգեվարք

մանկություն

նախանձ

ծիծաղ

ներկայություն

թափանցիկություն

մենակություն

սեղան

քայլեր

ընտանիք

հնամյա

էգոիստ


Saturday, 15 September 2018

Զարմանալի ու հետաքրքիր` Իշխան Թովմասյանը

Զարմանալի ու հետաքրքիր տղա է Ֆրանսիայի Փարիզ քաղաքում բնակվող Իշխան Թովմասյանը:  
Զարմանալին այն է, որտեղ եղել է Իշխանը, ում հետ շփվել է` սիրել ու հարգել են նրան:  «Նիդերլանդական օրագիրը» մի քանի անգամ նրա մասին գրել է, և ոչ միայն մենք, նաև ֆրանսիական, ռուսական, հայկական լրատվամիջոցները...
Այդպես եղել է, երբ նա սովորել է քոլեջում, ապա Փարիզի Sciences Po ինստիտուտում, երբ փորձառնության էր անցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը: Հետո Ռուսաստանում, երբ ուսանել է  արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (МГИМО)` միայն գովեստի խոսքեր ու համակրանք:

Քիչ առաջ էլ կարդացինք Իշխանի մասին հոդվածը «Հայերն այսօրում» ու հասկացանք, որ նա հետաքրքիր է  իր հայ տեսակով, ում մեջ Հայաստանն է, որով նա ապրում է:
 Հոդվածը ներկայացնում ենք ստորև:
______________


Հայաստան մեկնելն ի՞նչ է, որ չեմ կարող անել. ֆրանսահայ երիտասարդը որոշել է հայրենիք տեղափոխվել




«Հայերն այսօր»– Օգոստոսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում հանդիպել էր հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հավաքին ներկա երիտասարդներից մեկը՝ Իշխան Թովմասյան անունով, հարց էր ուղղել Աննա Հակոբյանին, թե Սփյուռքում ապրող երիտասարդներն ի՞նչ կարող են տալ, ինչպե՞ս կարող են օգտակար լինել Հայաստանին:
Ֆրանսահայ 25-ամյա երիտասարդի հարցը պատահական չէր: Նա ծրագրել է տեղափոխվել Հայաստան: Եթե առաջ Իշխանն ընդամենը մտածում էր այդ ուղղությամբ, Թավշյա հեղափոխությունից հետո հստակ որոշում է կայացրել. «Այսօր Հայաստանը պատմական շրջան է ապրում: Եթե հիմա իմ քայլը չանեմ, գիտեմ, որ հետո անպայման զղջալու եմ»: Երբ հակադարձում եմ, որ եթե չստացվի Հայաստանում աշխատանք գտնել կամ հաջողել, նա շատ վստահ պատասխանում է. «Չէ՞ որ ամեն քայլդ չէ, որ կարող է ստացվել: Իսկ երբ քո կատարած համարձակ քայլը Հայաստանին է վերաբերում, ավելորդ չէ փորձելը: Մտածում եմ, որ այսօր Հայաստանին ավելի շատ կարող եմ օգտակար լինել: Չգիտեմ, որ ոլորտում, բայց այդտեղ իմ կարիքն ավելի շատ կզգացվի այս պահին, քան Ֆրանսիայում»:
Իշխան Թովմասյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, մոտ 17 տարի է՝ բնակվում է Ֆրանսիայում: Ավարտել է Ֆրանսիայում և Եվրոպայում հայտնի Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտը (Sciences Po): Բակալավրի որակավորումը ստացել է «Հասարակական գիտություններ և քաղաքագիտություն» մասնագիտությամբ, իսկ մագիստրատուրայում՝ «Մարդկային ռեսուրսների կազմակերպում և կառավարում»: Մեկ տարի փոխանակման ծրագրի շրջանակներում սովորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (МГИМО):
Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել «Հերմես» ընկերության գլխամասային գրասենյակում՝ կադրերի ընտրության ու նրանց հետ տարվող աշխատանքների բաժնում: 
Այն հարցին, թե ինչ կարող է տալ Սփյուռքում ապրող երիտասարդը Հայաստանին, Իշխանը պատասխանում է. «Հնարավոր է՝ դրսում կրթություն ստացած երիտասարդներն այնպիսի հմտություններ, ունակություններ կարող են ձեռք բերած լինել, որոնք այսօր Հայաստանում երիտասարդները չեն կարողանում ստանալ կամ շատ քիչ հնարավորություններ ունեն յուրացնելու: Նաև կարծում եմ, որ այսօր Հայաստանում նոր կադրերի պակաս է զգացվում: Հետևաբար, մեր սովորած գիտելիքները, ունակությունները ներդնելով միայն՝ կարող ենք Հայաստանին օգտակար լինել: Շատերը կարծում են, որ կարող են ապրել արտերկրում և հեռվից տարբեր ձևաչափերով օգտակար լինել Հայաստանին՝ բարեգործություն, ներդրումներ և այլն: Իսկ ես մտածում եմ, որ Հայաստանին առավել օգտակար կարող ես լինել միայն հայրենիք տեղափոխվելով: Այդ է պատճառը, որ ծրագրում եմ հաջորդ տարի տեղափոխվել Հայաստան: Դեռ հստակ չեմ կարող ասել, թե ինչպես: Պարզ է միայն այն, որ Հայաստանում կլինեմ: Ուսումս այս տարի եմ ավարտել: Առաջարկ ունեմ շարունակելու աշխատանքս «Հերմես»-ում, բայց Հայաստան գալու ցանկությունն ավելի մեծ է: Այդ ուղղությամբ արդեն որոշ քայլեր եմ ձեռնարկում: Քանի դեռ պատասխան չունեմ, հստակ ոչինչ ասել չեմ կարող»:
Անվիճելի է, որ Իշխանը (և նրա նման հազարավորները Սփյուռքում) հեռանկարային երիտասարդ է, լավ կրթություն է ստացել, ունի բարձր վարձատրվող աշխատանք, լավ ապագա Ֆրանսիայում: Ի՞նչը, սակայն, նրան չի գոհացնում, որ ուզում է Հայաստան տեղափոխվել: Նրա պատասխանը շատ պարզ է. «Այդ հարցն ինձ շատ են տալիս, հատկապես ծանոթներս են զարմանում: Ինչո՞ւ եմ նման որոշում կայացրել, որովհետև հեռվից Հայաստանի քաղաքականության, խնդիրների մասին խոսելը իրատեսական չէ: Եթե ուզում ես ինչ-որ բանով օգնել կամ թեկուզ հասկանալ, թե ինչ է կատարվում, պետք է տեղում լինես: Տեղում լինելով միայն՝ կարող ես ճիշտ որոշում ընդունել: Նման քայլը նաև խորքում մի քիչ հայրենասիրական տարրեր ունի: Իմ նախընտրած պատմական կերպարը Նժդեհն է: Եթե սիրում ես Նժդեհին, չես կարող չսիրել Հայաստանը: Իսկ սիրելով Հայաստանը՝ ուզում ես ինչ-որ կերպ քո քայլն անել, քո լուման ներդնել, այսպես ասած, քո հայրենիքը ոտքի կանգնեցնելու համար: Շատերն ասում են՝ սխալ քայլ եմ անում, բայց ես լավատես եմ: Շատ մարդիկ ցանկություն ունեն, սակայն հնարավորություն չունեն: Երջանիկ եմ, որ այսօր ունեմ ո´չ միայն ցանկություն, այլև հնարավորություն: Եվ հետո, երբ տարբեր գրքեր ես կարդում և տեղեկանում, որ օրինակ՝ ինչ-որ մի ժամանակ մեկն այսինչ բանն է արել Հայաստանի համար, շատ հաճախ իր կյանքն է զոհել, Հայաստան մեկնելն ի՞նչ է, որ ես չեմ կարող անել: Պահ է գալիս, որ անկախ քո ունեցածից ու զբաղեցրած դիրքից, դու քեզ օտար ես զգում այն երկրում, որտեղ ապրում ես»:
Հայաստան մեկնելն ի՞նչ է, որ ես չեմ կարող անել. Իշխանի խոսքերը դեռ երկար ժամանակ հնչում էին ականջումս: Բայց չէ՞ որ շատերը հեռանում են Հայաստանից՝ շատ հաճախ այրելով բոլոր կամուրջները: Իրենց ծննդավայրը, հայրենիքն այնքան է օտարանում նրանց համար, որ կարճ ժամանակ անց անգամ դադարում են հայերեն խոսել: Իշխանն ինձ զարմացրեց, նաև ուրախացրեց ո´չ միայն Հայաստան տեղափոխվելու ոգևորությամբ: Նա ծնվել և ապրում է Սփյուռքում, տիրապետում է 5 լեզվի, բայց նաև վարժ խոսում է հայերեն, կարողանում է գրել ու կարդալ: Իշխանի պնդմամբ՝ դաստիարակության հարց է, եթե ծնողները խիստ են լինում՝ ստացվում է. «Մեր տանն արգելված է այլ լեզվով խոսելը, ինչը և մեզ են պարտադրել: Ծնողներս ասում են, որ դրսում միևնույնն է, օտար լեզվով խոսելու եք, տանն է միայն, որ հայերենը պետք է պահեք: Այդ է պատճառը, որ հայերեն եմ խոսում, դժվարությամբ, բայց կարողանում եմ նաև կարդալ և գրել: Ցավոք, հակառակ օրինակներն էլ կան, երբ Հայաստանում ծնված, մեծացած երիտասարդները 3-4 տարի դրսում ապրելով՝ այլևս հայերեն չեն խոսում: Հայերենն իմ մայրենին է, ինչպե՞ս կարող եմ չխոսել: Եվ ընդհանրապես, լեզուն առաջին հատկանիշն է հայ լինելու, հայ մարդ զգալու: Եթե դու մայրենիով չես խոսում, ինչքան ուզում ես մշակույթին, պատմությանը տիրապետիր, միևնույնն է, լեզվով է շատ բան փոխանցվում: Մայրենիի հանդեպ սերը ծնողներիցս եմ ժառանգել: Ես տիրապետում եմ մի քանի լեզուների, սակայն հայերենն ուրիշ հարթակում է ինձ համար: Մյուս կողմից էլ, բոլոր ընտանիքներում չէ, որ ժամանակ կամ հնարավորություն կա տան պայմաններում լեզուն փոխանցել: Այդ է պատճառը, որ Սփյուռքում կարևոր են ամենօրյա, կիրակնօրյա դպրոցները»:
Իշխանն այնքան կարևորեց ծնողների դերն իր դաստիարակության հարցում, որ հետաքրքիր էր իմանալ, թե արմատներով որտեղից են նրանք: Պարզվեց, որ մայրիկի կողմը Դաշտային Ղարաբաղից են, սակայն վաղուց Ռուսաստան են տեղափոխվել: Հայրիկի նախնիները Մուշից, Ղարսի գաղթել են Ապարանի շրջան, թեև Իշխանի հայրիկը շատ երիտասարդ տարիքում Ռուսաստան է տեղափոխվել: Երբ հարցնում եմ՝ ծնողներն ինչպես են ընդունել Հայաստան տեղափոխվելու որոշումը, Իշխանը ծիծաղելով պատասխանում է. «Ինչպես և բոլոր ծնողները, մի քիչ անհանգիստ են: Նրանք այնքան էլ դեմ չեն, համարում են, որ սա իմ ընտրությունն է: Չէ՞ որ հասուն մարդ եմ և կարող եմ ինքնուրույն որոշում ընդունել: Բայց եթե ասեմ, որ չեմ գնում, մնում եմ Ֆրանսիայում, նրանք էլ ավելի ուրախ կլինեն»: Այնուհետև շարունակում է, որ իր որոշմամբ շատերին է վարակել: Մի փոքր էլ զարմանում է, որ իր հետ համակարծիք են հատկապես իր այն ընկերներըորոնք Հայաստանի հետ որևէ կապ չեն ունեցել. «Նրանք հայրենիքում չեն ծնվել, մեծացել, այնտեղ հարազատներ չունեն: Բայց ավելի են ոգևորված, քան նրանք, որոնք իրենց կյանքի որոշ հատվածն անցկացրել են Հայաստանում»: Երբ հետաքրքրվում եմ՝ որն է պատճառը, Իշխանը պատասխանում է. «Ինձ թվում է, երբ հեռվում ես մեծանում, ավելի շատ ես գնահատում այդ ամենը: Օտար երկրում մեծանալով, այլ մշակույթներին առավել ծանոթ լինելով՝  քեզ համար նրանք, միևնույնն է, իդեալ չեն ձևավորում: Դու միշտ ձգտում ես քեզ հարազատ ինչ-որ բանի, թեկուզ այդ ինչ-որ բանը քեզ անծանոթ է»:
Զրույցն ավարտելուց առաջ Իշխանից հետաքրքրվում եմ, թե ինչի կարիք է զգում Ֆրանսիայում, որը կարող է գտնել միայն Հայաստանում: Նա մի պահ լռում է, հետո պատասխանում. «Հետաքրքիր հարց է: Ամեն ինչի՝ սկսած ուտելիքից, օդից, մարդկանցից: Հայաստանում ուրիշ մշակույթ է, քեզ հոգեհարազատ ես զգում այդ մշակույթի հետ: Կարծում եմ, ես այսօր շատ բախտավոր եմ, որ կարող եմ այսպիսի որոշում ընդունել: Այսպես հանգիստ եմ խոսում, որովհետև ինչ-որ առումով ապահովված եմ: Եթե որևէ բան այնպես չստացվի, կարող եմ վերադառնալ Ֆրանսիա: Բայց այդ ապահովվածությունն ինձ չի ոգևորում: Այո´, այստեղ ես կարող եմ հանգիստ, ապահով կյանքով ապրել: Լավ աշխատավարձ եմ ստանում, շատերը զարմանում են՝ ոնց կարող եմ այդ աշխատավարձից հրաժարվել և գալ Հայաստան: Այն պատճառով, որ ամեն ինչ կյանքում հարաբերական է: Գումարը, ֆինանսները քեզ չեն կարող երկարաժամկետ ինչ-որ տեղ պահել: Մի ուրիշ ձգտում պետք է լինի: Մեկը հայրենասիրություն կարող է համարել, մյուսը՝ կարոտ, արյան կանչ, տարբեր անուններ կարող ենք տալ, բայց հաստատ ինչ որ մի բան կա, որը քեզ ձգում է մի երկիր, որը հայրենիք են անվանում»:
Ավարտում եմ Իշխանի հետ զրույցը, մտածելով, որ հայրենասիրություն բառը շոշափելի է դառնում նաև նման պարզ ու անկեղծ խոսքերի տողատակում: Չգիտեմ, երբ Իշխանը կգա Հայաստան, կհաջողի այստեղ, թե՝ ոչ: Մի բան հստակ է. Հայաստանի հետ այն աներևույթ կապը, որն արդեն ունի իր մեջ, բավական է, որ չկորցնի իր տեսակն ու իր երկրին օգտակար լինելու պատրաստակամությունը: Եվ ամենևին էլ կարևոր չէ, Հայաստանում է ապրում, Ֆրանսիայում, թե մեկ այլ հեռավոր երկրում: Կարևոր է, որ նա իր մեջ արդեն կրում է մի փոքրիկ Հայաստան:
Լուսինե Աբրահամյան
-------------------
13/09/2018  

© Hayernaysor.am

Wednesday, 12 September 2018

Հանդիպել են Ալմելոյի քաղաքապետն ու Նիդերլանդներում ՀՀ դեսպանը




Ալմելոյի քաղաքային խորհրդի պատգամավոր Ռոբին Հայկ Գելիջին (Robin Haik Gelici) տեղեկացրել է, որ Ալմելոյի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել Ալմելոյի քաղաքապետ Արյըն Խըրետցնի, իր և Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանի միջև: Սա ճանաչողական հանդիպում էր Հայաստանի Հանրապետության նոր դեսպանի ու քաղաքապետի միջև: Քննարկվել են հայ համայնքի հետ համագործակցության և Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու հեռանկարները:
Հիշեցնենք, որ Ալմելոն Նիդերլանդներում ամենամեծ հայ համայնք ունեցող քաղաքն է: Այստեղ է գտնվում Եվրոպայում ամենամեծ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը: Օվերեյսել մարզը, որտեղ գտնվում է Ալմելո քաղաքը Նիդերլանդների միակ մարզն է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Նիդերլանդների Թագավորությունն այն ճանաչել է երկու անգամ` 2004 և 2018 թվականներին:
Robin Haik Gelici
🇳🇱 Burgemeester van Almelo Arjen Gerritsen: "Een prettig kennismakingsgesprek met de nieuwe ambassadeur van de Republiek Armenië in Nederland, de heer Garegin Melkonyan. Nogal wat Almeloërs zijn van Armeense komaf en dat brengt goede contacten met de diplomatieke vertegenwoordigers van #Armenië met zich"


Ավարտվեց «Առաջնորդություն» անվանումով հայ-հոլանդական նոր նախագծի նախապատրաստական աշխատանքները


 Օրերս Հայաստանում անց կացվեցին «Առաջնորդություն» (Leadership) խորագրի ներքո հոկտեմբեր ամսին ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ աջակցությաբ և «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» (Bright Future) հոլանդա-հայկական հ/կ կողմից նախագծված երիտասարդների գիտելիքրների և փորձի փոխանակման մեծ միջազգային նախագծի նախապատրաստական աշխատանքները։ Այս առիթով երկու օրով Հայաստան էին ժամանել ծրագրի մասնակից պետությունների ներկյացուցիչներ՝ խմբի ղեկավարներ աշխարհի 7 պետություններից (Նիդերլանդների Թագավորություն, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ռուսաստան)։ Նրանց Հայաստանում միացան հայկական կողմի մասնակիցները։
Երիտասարդների այս խումբն առաջին օրն անց կացրեց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը կողմից իրենց սիրով տրամադրված հարմարավետ լսարաններից մեկում՝ մանրամասն քննարկելով առաջիկայում կայանալիք երիտասարդական միջազգային նախագծի բոլոր հնարավոր մանրամասները։ Երկրորդ օրը մասնակիցներն այցելեցին Բյուրական՝ նախագծի անցկացման վայր՝ «Ամբերդ» հյուրանոցային համալիր, ինչպես նաև հանդիպեցին ծրագրում ներգրավված անձանց և գործընկերներին, քննարկեցին նախատեսվող մեծ նախագծին վերաբերող ծրագրային կարեւոր հարցեր: Բյուրական-Երևան հետդարձի ճանապարհին հայաստանյան խմբի ներկայացուցիչներն իրենց արտասահմանցի գործընկերների հետ այցելեցին Սաղմոսավանք։
Հանդիպումներից հետո երկրների պատվիրակությունները ծրագրի գլխավոր կազմակերպիչ «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» (Bright Future) հոլանդական երիտասարդական հասարակական կազմակերպությանն իրենց վստահությունը հայտնեցին, նշելով, որ ծրագիրը հետաքրքիր և յուրահատուկ է, եւ այն լինելու է զանազան անակնկալներով լի ու առաջացնելու է բավական մեծ հետաքրքրություն հասարակության տարբեր շերտերում՝ թե Հայաստանում, թե՛ Եվրոպայում եվ թե՛ Ռուսաստանում:
- Մեր երիտասարդական մասշտաբային միջազգային նախագծի խորագիրը՝ «Առաջնություն», խորհրդանշական է՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների տեսանկյունից։ Այնուամենայնիվ, դա իրականում պատահականություն է. մենք սկսել ենք նախագծել այս ծրագիրը դեռ 2017թ. հոկտեմբերից։ Այս ծրագրի հիմնական նպատակն է տարբեր ագություններ ունեցող և տարբեր երկրներում բնակվող երիտասարդ մասնագետների և ուսանողների շրջանում՝ ոչ-ֆորմալ ուսումնական մեթոդների կիրառմամբ, զարգացնել առաջնորդին հատուկ որակներ և գիտելիքներ։ Տարբեր ինտերակտիվ խաղերի և միջոցառումների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն առաջնորդին հատուկ գիտելիքներ և հատկանիշներ։ Կունենանք հանդիպումներ և փորձի փոխանակում հաջողակ և հայտնի մարդկանց հետ՝ սպորտի, քաղաքականության, լրագրության, բիզնես ասպարեզներում։ Մասնակիցները 7 օր կգիշերեն «միջազգային» սենյակներում՝ Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցային համալիրում։ Հարկ է նաև նշել, որ նախագիծն ինքնին գովազդ է՝ Հայաստանի, մեր հարուստ մշակույթի և պատմության, խոհանոցի, հայ ազգի համախմբվածության։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեր ծրագիրը կարող է ոչ միայն ուսումնական և տեղեկատվական բնույթ կրել մասնակից այլազգի և սփյուռքահայ երիտասարդների համար, այլ իր չափով նպաստել Հայաստանի հանդեպ սփյուռքահայ և օտարազգի երիտասարդների հետաքրության, ինչպես նաև՝ տուրիզմի զարգացմանը», - մեզ հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար, հոլանդաան «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» (Bright Future) հ/կ տնօրեն Մարիամ Կիրակոսյանը։
Յոթօրյա այս ծրագիրը թվով երկրորդ նմանատիպ նախագիծն է Հայաստանում. նախորդ տարի վերոնշյալ հ/կ կողմից իրականացվեց այլ միջազգային նախագիծ՝ «Միջմշակութային հաղորդակցություն» թեմայով։ Այն շատ դրական արձագանքի արժանացավ թե հենց իրենց՝ մասնակիցների կողմից, թե հայաստանյան ԶԼՄ-ների և, իհարկե, Եվրոմիության կողմից։
Ծրագրի կազմակերպիչներն առավել քան վստահ են, որ նմանօրինակ երիտասարդական նախագծերը մեծ հարթակ են հանդիսանում երիտասարդների՝ նոր կապեր ստեղծելու, թեմատիկ գիտելիքներ ստանալու, ինչպես նաև՝ միմյանց ազգային առանձնահատկություններին ծանոթանալու համար։
«Առաջնություն» խորագրով այս միջազգային նախագիծը Հայաստանում կմեկնարկի ս/թ հոկտեմբերի 4-ին և կավարտվի հոկտեմբերի 10-ին։ Մաղթում ենք երիտասարդներին հաջողություն։ Իսկ մենք դեռ կանդրադառնանք այս նախագծին հաջորդիվ։







Saturday, 8 September 2018

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՍՓՅՈՒՌՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Գերմանիա, քաղաք Քյոլն, 2 սեպտեմբեր 2018
Հայաստանում Թավշյա համաժողովրդական հեղափոխությունը, վերջակետ դրեց ՀՀ անկախությանը և արցախյան փառահեղ ռազմական հաղթանակին հաջորդած քսանհինգ տարիների ընթացքում, հանրային հարստության թալանին, ընտրակեղծիքներին, հերթական կեղծ կոալիցիաներ ձևավորելու բեմականացումներին, նոր եւ լուսավոր հեռանկարներ խոստանալով ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաեւ աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովրդին:
Փաստորեն, մինչև 2018 թ.-ի ապրիլը, կորցվեց ինքնակազմակերպվելու ու հզորանալու մոտ քսանհինգ թանկագին տարիների առիթը, չօգտագործվեց մեր տրամադրության տակ եղած հաղթաթղթերը և պետություն կերտելու փոխարեն՝ մսխվեց և օտարացվեց ինքնիշխանության ռեսուրսները, և համապատասխան քայլեր չձեռնարկվեց հակառակորդի կանխատեսելի, ռազմական և քաղաքական իրավիճակներից հաղթական դուրս գալու համար:
Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները և հիմք ունենալով Հայաստանի հողի, սեփական ժողովրդի պատվի և անվտանգ կյանք ապրելու իրավունքը, և մեկնելով այն սկզբունքից, որ Թավշյա հեղափոխությունը ուղղակիորեն ազդում է ողջ հայության ճակատագրի վրա, և որ Սփյուռքը ունի իրավունք ու նաև պարտավորություն իր հնարավոր բոլոր միջոցներով զորակցելու և նպաստելու հայրենիքում ընթացող հարցերի լուծմանը, ուստի 2018 թվականի սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի Քյոլն քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպված համաժողովի մասնակիցները, հետեւելով ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի լայն խավերի աջակցությունը վայելող Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ծրագրերին, հաստատում են հետևյալ դրույթները.
Զորակցում ենք ժողովրդի միահամուռ պայքարի եւ հրապարակային ներկայության շնորհիվ հաղթանակած հեղափոխական կառավարության ջանքերին, որ հակառակ բազմաթիվ առարկայական և արհեստածին խոչընդոտների հաջողել է կարճ ժամանակահատվածում իրականացնել խորքային բարեփոխումներ, առանց երկրի տնտեսությանը ցնցում պատճառելու, քանդել կլանային և քրեածին համակարգի հիմքերը, ժողովրդին վերադարձնել սահմանադրականորեն երաշխավորված իշխանություն ձևավորելու իրավունքը, և ապագայի նկատմամբ հույս ու հավատքը, վարելով հավասարակշռված ներքին ու արտաքին քաղաքականություն, արմատավորելով երկրի իսկական անվտանգությունն ու ինքնիշխանությունը:
Համոզված ենք, որ Հայաստանը տնտեսական բարգավաճման և ազգային հարստության վերաբաշխման նոր ժամանակաշրջան է թևակոխել՝ որը հիմնված է իրավական սկզբունքների, սոցիալական արդարության, վրա: Այս ճանապարհին, սակայն կան բազում խոչընդոտներ եւ արգելակումներ, որոնցից հիմնականները ՀՀ քաղաքացիների կամարտահայտության ոտնահարմամբ ձևավորված ներկա Ազգային Ժողովը եւ ժառանգված քրեաօլիգարխիկ դատաիրավական համակարգն են:
Սթափության կոչ ենք ուղղում նախկին թալանիչ վարչախմբի մնացուկներին՝ ՀՀԿ-ին և իր բացահայտ ու թաքուն բոլոր գործընկեր կուսակցություններին և անհատներին հորդորելով նրանց դադարեցնել իրենց խոչընդոտող քայլերը, չչարաշահել հեղափոխության սիրո և համերաշխության պատգամը և մնալ օրիանականության դաշտում։
Հույս ենք հայտնում, որ պայմանավորված ժամանակամիջոցում և հնարավորինս արագացված տեմպով, տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ եւ երկրի զարգացման բնականոն ընթացքը կստանա հաստատուն եւ արագ երթ: Եվ մինչ արդար ընտրություններով ժողովրդի իրական ներկայացուցիչների ներկայությունը ԱԺ-ում և դատաիրավական համակարգի առողջացումը և ցանկացած ընտրություն, այդ շարքում նաև Երևանի ավագանու ընտրությունները չպետք է դիտել լոկ այդ տիրությում, այլ Նոր և հին Հայաստանի պայքար–հակապայքար համատեքստում։
Կոչ ենք ուղղում ՀՀ նոր իշխանություններին, երկրի արտաքին գերատեսչություններում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, հետ կանչել հայկական Սփյուռքի ինքնակազմակերպմանը մինչ օրս խոչընդոտող դեսպաններին և դիվանագիտական ներակացուցիչներին և վերանայել ցայժմ Սփյուռքի անունով ներկայացող, բայց իրականության մեջ Սփյուռքի լայն խավերին անտեսող և արհամարող կառույցնրի հետ նախկին սխալ, շահադիտական ու հակազգային հարաբերությունը։
Վստահ ենք, որ Սփյուքը չի հաջողելու լիարժեք զորակցել ՀՀ պետականությանը, այնքան ժամանակ, քանի դեռ նրա կառույցները շարունակում են մնալ կոռումպացված և նեխած, և օգտագործվում են ոչ թե ՀՀ պետականության զորակցողի, այլ ՀՀ իշխանությունների քաղաքական մրցակիցների կողմից։ Հետևաբար կոչ ենք ուղղում Սփյուռքի և առաջին հերթին Եվրոպայի մեր բոլոր հայրենակիցներին, կազմակերպություններին եւ կառույցներին տարածել եւ գործել համակարգված աշխատելու և ինքնակազմակերպման գաղափարը, որում ակնկալում ենք ՀՀ պետականության բարոյական նեցակցությունը։
Հավատացած ենք, որ Հայաստան Սփյուռք խորքային և առողջ հարաբերությունները մնալու են անկատար և հայությունը չի կարող լինել միասնական, երբ ՀՀ անկախացումից արդեն ավելի քան քարորդ դար անց, հերթական պատրվակներով Հայ եկեղեցին շարունակում է մնալ երկփեղկված և Եկեղեցու մեկ հատվածը Սփյուռքում համահայկական իրավունքներին և շահերին ծառայելու փոխարեն, շարունակում է մնալ մեկ կուսակցության շահերի սպասարկողը։
Կոչ ենք ուղղում ողջ հայկական սփյուռքին, ՀՀ հետզհետե առողջացող պայմաններում առավել ներդրում ունենալ Հայաստանի տնտեսական, հասարակական և սոցիալական ոլորտների զարգացման գործում, որոշակի քայլեր ձեռնարկել ինչպես հավաքական, այնպես էլ անհատական
շահերի համախմբման եւ միավորման համար։ Այս ամենի իրականացման համար սփյուռքը պետք է Հայաստանին տրամադրի իր ունեցած մասնագիտական
եւ մարդկային ներուժը, հատկապես տնտեսական, ինչպես նաեւ ծառայողական, գործընթացների օպտիմալացման եւ գիտական
հետազոտությունների ոլորտում, աջակցելով Հայաստանում ընթացող սոցիալ-քաղաքական փոփոխություններին:
Երիտասարդության հարցը Սփյուռքում շարունակելու է մնալ ԵՀՀ-ի հիմնահարցերից մեկը, հետևաբար կոչ ենք ուղղում Սփյուռքի բոլոր կառույցներին առանձնակի ուշադրություն դարձնել երիտասարդության հարցերին, իսկ երիտասարդությանը կոչ ենք ուղղում անվարան մասնակցել Սփյուռքի ինքնակազմակերպման և Հայաստանին զորակցելու աշխատանքներին։
Համաժողովը վերոնշյալ հարցերի լուծման ուղղությամբ և գործնական քայլերի մշակման եւ իրագործման համար ձևավորում է համապատասխան մարմիններ եւ հանձնախմբեր։
Եվրոպայի Հայերի Համագումար



Tuesday, 4 September 2018

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՆԻԴԵՐԼԱՆԴԱՀԱՅ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Շուտով հանդիպելու ենք


















Գաղտնիք չէ, որ Նիդերլանդների հայ համայնքներում ունենք հրաշալի ու կամային մարզիկներ, մարզիչներ ու մարզական կյանքին աջակցող բազմաթիվ նվիրյալներ: Ահա նրանց բոլորի ուշադրությանն ենք հրավիրում:
Karine Klyan-ի (Քլյան) «Match Made in Heaven wedding & eventplannig» միջոցառումներ կազմակերպող նիդերլանդական կազմակերպությունը, որն հայտնի է տարբեր բնագավառների ու ոլորտի թեմատիկ միջոցառումների կազմակերպման հարուստ փորձով ու որակով , նախաձեռնում է բարձր մակարդակով հավաք-հանդիպում կազմակերպել` նիդերլանդներում բնակվող մարզիկների ու մարզական կյանքին առնչվող հովանավորյալների հետ:
Միջոցառման ինֆորմացիոն հովանավոր է «Նիդերլանդական օրագիրը»:
Նրանք, ովքեր կկարդան այս հոդվածը, խնդրում ենք արձագանքել` լուր տալ իրենց ծանոթ մարզիկներին, կամ նրանց մտերիմներին: Մի խոսքով կազմակերպվելիք միջոցառման մասին տեղյակ պահեն Նիդերլանդներում բնակվող մեր մարզիկներին:
Հիշյալ հանդիպմանը ներկա է գտնվելու Հայկական հեռուստատեսության 2-րդ ալիքի մարզական մեկնաբան, ձեզ բոլորին քաջ ծանոթ` Վարդան Թադևոսյանը: Նրա «Մի մեդալի պատմություն» հեղինակային հաղորդումը սիրված է Հայաստանում: Մարզական մեկնաբանը նաև որոշել է ընդլայնել հաղորդման աշխարհագրությունը և պատմություններ ներկայացնել նաև Հոլանդահայ մարզիկների կյանքից:
Ընդհանրապես հաղորդման նպատակն է երիտասարդ սերնդին ներկայացնել լեգենդար ու ճանաչված, նաև մեդալներ շահած ու դեռևս հանրությանը քիչ հայտնի մարզիկներին, սպորտի նվիրյալներին, ովքեր արժանի են հիշատակման ու բարձր են պահում հայ մարզիկի ու Հայաստանի պատիվը:
Մարզական աշխարհում ապրող նիդերլանդահայերի համար սա ոչ միայն ծանոթանալու և հանդիպելու առաջին հրաշալի առիթն է, այլ հանրությանը ներկայանալու և ճանաչվելու լավագույն միջոցը:
Եվ այսպես. «Match Made in Heaven wedding & eventplannig» կազմակերպությունը` Հայկական 2-րդ ալիքի մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանի եվ «Նիդերլանդական օրագրի» հետ համատեղ նախաձեռնում են Նիդերլանդահայ համայնքում հայտնի մարզաշխարհի ներկայացուչների հետ այս հանդիպումը:
Հանդիպմանը ակնկալում ենք խառը մարտարվեստների UFC-ի կազմակերպության ուժեղագույն մարզիկ, մեր հայրենակից, Գեղարդ Մուսասու (Մովսիսյանի) , ինչպես նաև մեր մյուս հանրահայտ մարզիկների մասնակցությունը:

Նիդերլանդահայ մարզիկներին, մարզիչներին և սպորտի ներկայացուցիչներին հանդիպմանը մասնակցելու համար նախօրոք խնդրում ենք հայտագրվել:
Եթե մարզիկ եք, մարզիչ եք, կամ հովանավորում եք սպորտը և ունեք ձեռքբերումներ, ապա համեցե´ք, գրանցվել հետևյալ հասցեով` Karine Klyan
Noorderkroon 28, 3721 WC Bilthoven, կարող եք զանգել նրա` + 3161-9999938 հեռախոսահամարին, կամ գրել kklyan24@gmail.com էլ փոստին: Հնարավոր է նաև կապվել անձնական հաղորդագրությամբ ֆեյսբուքի Karine Klyan (Կարինե Քլյան) էջին` https://www.facebook.com/kklyan
Կարող եք անձնական հաղորդագրությամբ գրել նաև «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան մեր այս էջին:

Ձեր մարզական կենսագրության ու սխրանքների, շահած մեդալների մասին կանրադառնա ՕՐԵՐ Եվրոպական ամսագիրը, հայկական հեռուստատեսության 2-րդ ալիքը և «Նիդերլանդական օրագիրը»:
Առայժմ ընթանալու է մասնակիցներին հավաքագրումը և գրանցումը: Հանդիպման կոնկրետ օրվա ժամի և վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ, նաև անհատապես կտեղեկացնենք բոլոր գրանցվող անձանց:


Monday, 3 September 2018

Եվրոպայի հայերի համագումար` «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով



Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը Երեկ, սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի Քյոլն քաղաքում, ՀՀ Սփյուռքի նախարար
Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքով մեկնարկ տրվեց Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովին, որը նվիրված է հայության ներկա հիմնահարցերին: Խորհրդաժողովին մասնակցում էին պատիրակություններ եւ հյուրեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից եւ Հայաստանից: Համաժողովը քննարկման նյութ դարձրեց տարբեր թեմաներ և ավարտին կյանքի կոչեց աշխատանքային խմբեր։ Համաժողովի կողմից շուտով հրապարակվելու է հայտարարություն։




Monday, 20 August 2018

ԳԱՄՓՌԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ` նիդերլանդահայերի նվերը



«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի կողմից, այս անգամ Երևանում, իրագործվում է հերթական ծրագիրը: Հայ գամփռի հուշարձանը բացվելու է օգոստոսի 23-ին՝ Երեւանի կենտրոնում գտնվող Մոսկովյան փողոցի մոտակա այգում:

Հուշարձանը Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակի շրջանակներում Ամստերդամի հայ համայնքի նվերն է Երեւան քաղաքին: Ինչու՞ Գամփռը, որովհետև այս հավատարիմ կենդանին, ազնվացեղ հայկական տարածքի ծագում ունեցող այս շունը հայ տան եւ օջախի պաշտպանության խորհրդանիշն է: Հուշարձանի ստեղծողը հայտնի նկարիչ Լեւոն Թոքմաջյանն է:

Բացման արարողությունը՝ օգոստոսի 23-ին, ժամը 17: 30-ին : Միջոցարումը բացելու է ճանաչված հայ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Բացման արարողության կազմակերպումը տեղի է ունենում Երեւանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ: Կազմակերպիչները կոչ են անում Հայաստանում գտնվող բոլոր նիդերլանդահայերին և ոչ միայն նրանց՝ ներկա գտնվել տոնական այս միջոցառմանը:
Ներկայացնում ենք «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի կողմից տարածված տեքստը և կայքի հղումը:
Կից՝ գամփռի հուշարձանի մակետը:

Beste landgenoten,

Wij zijn blij te melden dat het realiseren van het volgende project van de Stichting Sint Grigor Narekatsi nabij is. Op 23 augustus in het park bij de Moskovyan straat in het centrum van Jerevan zal de onthulling plaatsvinden van het Armeense Gampr (wolfhond) standbeeld.

Velen van jullie hebben deelgenomen aan de geldinzamelingsactie dat dit project mogelijk heeft gemaakt. Het standbeeld is een gift van de Armeense gemeenschap van Amsterdam aan de stad Jerevan in het kader van het 2800-jarig jubileum van de Armeense hoofdstad. De Gampr is een symbool van bescherming van het Armeense huis en haard. De maker van het standbeeld is de beroemde kunstenaar Levon Tokmajian. Een fotoshop-versie van de bestaande Gampr op de gekozen plaats in de stad is te zien op de bijgevoegde foto.

De openingsceremonie op donderdag 23 augustus zal om 17:30 uur starten en gepresenteerd worden door de bekende Armeense toneelactrice Luiza Ghambaryan. De organisatie van de openingsceremonie verloopt in nauwe samenwerking met de gemeente Jerevan. Er wordt een grote menigte verwacht en veel aandacht van de stadsbewoners en media. Wij roepen alle Nederlandse Armeniers die zich op de dag van de ceremonie in Armenie bevinden ook aanwezig te zijn bij de feestelijke gebeurtenis!

Graag tot donderdag! Ben je dan niet in Jerevan, geen paniek. De ceremonie zal rond 15:30 uur Nederlandse tijd live via facebook te volgen zijn.

Bestuur Stichting St. Grigor Narekatsi

Voor meer informatie bezoek www.narekatsi.nl

Sunday, 19 August 2018

Նոր Հայաստանն է կանչում...

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԻՇԽԱՆԻ ՊԵՍ ՄՏԱԾՈՂ  ՆՎԻՐՅԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՕԳՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ՝ ՇԱՏ ԵՆ

Սփյուռքի բազմաթիվ երիտասարդներ իրենց մեջ ունենալով հայկական ոգին, ուժն ու կորովը՝  միևնույն ժամանակ ինտեգրվելով իրենց երկրների հասարակական քաղաքական կյանքին՝  ձեռք են բերել բարձրագույն ուսումնական կրթություն ու  հիմնարար գիտելիքներ: Այսօր նրանք մեծ կամք են դրսևորում՝ կանգնել մեր նորացվող ու անկախ երկրի կողքին: Ավելին,  շատերը պատրաստ են ուղիղ կերպով իրենց գիտելիքներն ամբողջովին ներդնել  Մայր Հայրենիքին՝ մեկնել այնտեղ ու իրենց նպաստը բերել: Նրանցից մեկը՝ ֆրանսիայում բնակվող, բայց սրտով ու  ոգով իրեն հայ համարող Իշխան Թովմասյանն է, որին արդեն «Նիդերլանդական օրագիրը» առիթ ունեցել է անդրադառնալու:

 Այս անգամ ՝  մեր աչքին զարնեց,  թե ինչպես նա՝ օգոստոսի 8-ին, շտապել էր  ներկա  գտնվել ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:  Պատահական չէր նրա հարցը՝  ինչպե՞ս մասնակցել հայրենիքի վերակառուցմանը, իր հետ տասնյակ երիտասարդներ կան, որ ուզում են գիտելիքներով օգտակար լինել մեր երկրին, առաջին տիկնոջից խնդրեց մատնացույց անել  ծրագրեր, որոնց կիրարկմամբ՝ բացառելով բարեգործական ուղվածությունը, հնարավոր լինի  իրատեսորեն մասնակցել Հայաստանի քաղաքականության ու տնտեսության վերակազմավորմանը: Աննա Հակոբյանը դրական համարեց երիտասարդ մասնագետների ցանկությունը, նշեց, որ այս ուղղվածության շատ ծրագրեր դեռևս սաղմնային վիճակում են: Նա մատնանշեց «Լույս»  կրթական հիմնադրամի գործունեությունը, որով հնարավոր է  օտար  երկրների առաջավոր բուհերում սովորող  Հայաստանի քաղաքացիներին խրախուսել  Հայաստանին ծառայելու:

   Իհարկե, խրախուսելի է և անհրաժեշտ է, որ     «Լույս»  կրթական հիմնադրամի միջոցներով      սովորող Հայաստանի քաղաքացիներն       արտասահմանում  ուսանելուց հետո իրենց   գիտելիքներն օգտագործեն Մայր Հայրենիքի   բարօրությանը, բայց և պակաս կարևոր չէ,   անմիջապե´ս  արձագանքել ու ընդառաջ գնալ   այն երիտասարդներին, որոնք իրենց կամքով   ու  ցանկությամբ մանակիցն են ուզում լինել   իրենց երկրի կառուցման: Վերջերս   նմանատիպ  ցանկություն հայտնեցին նաև   Նիդերլանդներում աշխատող հայազգի     բժիշկները:  Այս գործին ամբողջ թափով պետք    է լծվի ու ընթաք տա սփյուռքի     նախարարությունը, որպեսզի օպերատիվ աշխատանքով  ուղեցույց, փարոս  լինի երիտասարդության ձգտումներին: Նման կերպ մտածող երիտասարդների ներուժն օգտագործելը անտարակույս արագ առաջընթաց ապահովելու գրավական է  մեր երկրի համար: Սփյուռքի նախարարությունը «ներՈւԺ»  անվամբ  ծրագիր ունի, բայց սա այլ հարթության վրա է ու  նրանց  համար է, ովքեր զրոյից բիզնես ծրագիր են  սկսելու: Միանգամից ասենք, որ Եվրոպայում երիտասարդների համար բիզնես սկսելը ամենադժվար գործն է: ԵՎրոպայում Երիտասարդները կարող են աշխատել  իրենց  վրա, ինքնակրթվել ու  բարձրագույն կրթություն ստանալ, սակայն  բիզնես  սկսելու  գլխավոր նախապայմանը  գումար և հմտություն ունենալն է: Իհարկե բիզնես սկսող երիտասարդների համար հայաստանյան  ծրագիրը գրավիչ է և այս ասպարեզում կարող են իրենց ուժերը փորձել:
Մեր կարծիքով, պակաս կարևոր չէ, որ Հայաստանում առավել մեծ ուշադրություն  դարձվի Իշխանի պես մտածող ու Եվրոպայի  առաջավոր  բուհերում ուսում ու աշխատանք  ստացած անձնազոհ ու հայրենասեր տասնյակ երիտասարդներին, ովքեր իրենց միջոցներով ու  համառությամբ արդեն  լավ  կրթություն ու  մասնագիտություն են ստացել, ոմանք էլ, ինչպես ասենք Իշխանը, նույնիսկ աշխատում են ու  լավ մասնագետներ են:


 Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի՝ թե որքան շնորհալի են ԵՎրոպաբնակ հայ երիտասարդները, ներկայացնենք Իշխանի օրինակով:
Իշխան Թովմասյանը 25 տարեկան է, բնակվում է Փարիզում: Քոլեջը  գերազանց ավարտելուց հետո, ընդունվել է ֆրանսիայում և Եվրոպայում հայտնի  բարձրագույն հաստատություններից մեկը՝   Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտը (Sciences Po): Բակալավրն ավարտել է  «Հասարակական գիտություններ եւ Քաղաքագիտություն», իսկ մագիստրատուրան՝   «Մարդկային ռեսուրսների կազմակերպում եւ կառավարում»    մասնագիտությունները:
Ընթացքում, փոխանակման կարգով  սովորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն առնթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների (МГИМО)ինստիտուտում:
ՈՒսման ավարտից անմիջապես հետո աշխատանքի է նշանակվել հանրահռչակ  «Հերմես» ընկերության գլխամասային գրասենյակում՝ կադրերի ընտրության ու նրանց հետ տարվող աշխատանքների բաժնում:
 Նորաձևության այս ընկերության աշխատողների քանակը գերազանցում է 13.000-ը:
Իշխանին ավելի հոգեհարազատ է միջազգային բիզնեսը, հետո նոր քաղաքականությունն ու դիվանագիտությունը: Տիրապետում է 5 լեզուների՝ հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն:

Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմը վերցնելուց հետո Իշխան Թովմասյանը ընտանիքի անդամների  հետ ժպտադեմ  մի լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքյան  էջում ու  ֆրանսերենով մակագրել.
-Ես գեղեցիկ ժպտում եմ, բայց կարծում եմ՝ հեռու եմ  այն լիակատար երջանկության զգացողությունից, որ ինձանից ավելի շատ զգում են իմ ծնողները :  16 տարի առաջ՝ առանց ոչնչի նրանք հաստատվեցին Ֆրանսիայում, և այդ օրվանից ամեն ինչ դրեցին իրենց տեղը` ապահովելու իրենց երկու զավակների ֆրանսիական որակյալ կրթություն ստանալը: Այս դիպլոմը մի քիչ էլ նրանցն է...

Երբ կապվեցի Իշխանին՝ իմանալու նրա ծրագրերի  մասին, տպավորված էր  Հայաստանի այսօրվա փոփոխություններից՝   վարչապետի տիկնոջ՝ Աննա  Հակոբյանի հետ ունեցած հանդիպումից, խոսեց շատ  կարճ.
-Արդեն որոշել եմ, մեկնելու եմ  Հայաստան, այնտեղ անելու  շատ-շատ գործ   կա:
Այս կերպ ձգտող երիտասարդների մտահաղացումները պետք է նյութականացնել, թև ու թիկունք լինել  նրանց ազնիվ մղումներին:
Իշխանի պես մտածողներն այսօր շատ են: Եվ լավ է, որ այդպես է:
 Նոր  հավատ ու մտածողություն է ձևավորվում: Հույսի ծառը պտղաբերում է: Նոր Հայաստան ենք  կառուցում...

Hay AZIAN
«Նիդերլանդական օրագիր»




Saturday, 18 August 2018

Նիդերլանդահայ երիտասարդը փրկել է երեխայի կյանքը

Մաստրիխտից օգտատեր Emma Karaoglan Armand-ը գրել է, որ հպարտանում է Արա Ներսիսյանի արարքով: 
     Երիտասարդը գնացքի կանգառման պահին կարողացել է նետվել և փրկել եկաթգծերի մոտ հայտնված երեխայի կյանքը:
Emma Karaoglan Armand -ի քիչ առաջվա ֆեյսբուքյան գրառումից
Vandaag zijn we heel erg trots op onze (schoon) broer Ara Nersesian uit Maastricht. Rond 16u30, de trein van Maastricht naar Heerlen, is een kind tijdens het uitstappen tussen het spoor en de trein gevallen. Zonder aarzelen heeft hij het kind samen met een nog onbekende jongevrouw gered.
Chapeau Ara Nersesian !!

Վինսենթ վան Գոգի երկրի արևածաղիկը...


Նիդերլանդական «Bright future»-ը «Առաջնորդություն» խորագրով նոր ծրագիր կիրագործի Հայաստանում

Ս.թ. հոկտեմբերի 3-ից 11-ը նիդերլանդական «Bright future» («Լուսավոր ապագա») երիտասարդական, հասարակական կազմակերպությունը՝ Եվրոմիության հովանու ներքո, Հայաստանում կիրականացվի «Առաջնորդություն» (Leadership) խորագրով երիտասարդների գիտելիքրների և փորձի փոխանակման ընդգրկուն ծրագիր։ 



 Այն կոչված է ոչ ֆորմալ ուսումնական մեթոդոլոգիայով՝ Ավստրիան, Հոլանդիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող 42 երիտասարդների մոտ  առաջնորդին հատուկ ունակություններ և գիտելիքներ զարգացնելը։ Նախագծին մասնակցում են ինչպես օտարերկրացի, այնպես էլ սփյուռքահայ երիտասարրդներ՝ առաջատար մասնագետներ և ուսանողներ։


Ծրագրի գլխավոր նպատակն է մեկ գաղափարի շուրջ համախմբել տարբեր ազգություն ունեցող երիտասարդների, զարգացնել առաջնորդին հատուկ գիտելիքներ և ունակություններ, ինչպես նաև՝ ներկայացնել հայկական մշակույթը, աշխատաշուկան, Սփյուռքում  մեծացած, բայց հայկական շունչը կորցրած խելացի երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնելը դեպի իրենց հայրենիքը, մշակույթը։ Այս նախագիծը բացառիկ հնարավորություն կընձեռի սահմանափակ հնարավորություններ ունեցող անապահով, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող հայ և օտարազգի երիտասարդներին՝ զարգացնել իրենց գիտելիքները, հաստատել միջազգային կապեր։


Այս հետաքրքիր ուսումնական նախագծին հրավիրված է նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով արդեն հաստատել է իր՝ ներգրավված լինելու ցանկությունը։ Նախագծի շրջանականերում կլինեն հանդիպումներ և փորձի փոխանակումներ հաջողակ և հայտնի մարդկանց հետ՝ սպորտի, քաղաքականության, լրագրության, բիզնես ասպարեզներում։ Մասնակիցները 7 օր կգիշերեն «միջազգային» սենյակներում՝ բարձրակարգ հյուրանոցային համալիրներից մեկում։ 


Նշենք նաև, որ այս նախագիծն ինքնին գովազդ է՝ Հայաստանի, մեր հարուստ մշակույթի և պատմության, խոհանոցի, հայ ազգի համախմբվածության, և, իհարկե, մեր վերջին ամենամեծ ձեռքբերման՝ «Թավշյա Հեղափոխության»։
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեր ծրագիրը կարող է ոչ միայն ուսումնական և տեղեկատվական բնույթ կրել մասնակից երիտասարդների համար, այլ իր չափով նպաստել Հայաստանի հանդեպ սփյուռքահայ և օտարազգի երիտասարդների հետաքրության, ինչպես նաև՝ տուրիզմի զարգացմանը։


Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ սեպտեմբերի 5-ից 8-ը Հայաստանում կլինեն նախագծի մասնակից երկրների թիմերի ղեկավարները՝ քննարկելու և հաստատելու կազմակերպչական մանրամասները։ Հանդիպման ամփոփիչ նյութերը ևս կտրամադրվեն նախագծին աջակցող լրատվամիջոցներին։

Հարկ է նշել, որ 2017թ. հուլիսին մենք իրականացրեցինք մեր առաջին նմանատիպ նախագիծը Հայաստանում՝ «Միջմշակութային հաղորդակցություն» խորագրով, որը ո՛չ միայն խորապես տպավորեց մասնակիցներին, այլ նաև արժանացավ Եվրոմիության բարձր գնահատականին և հայկական ու միջազգային ԶԼՄ-ների մեծ հետաքրքրությանը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նախագծի գլխավոր լրատվական հովանավորն է  «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ»։

 «Նիդերլանդական օրագիր»

Tuesday, 7 August 2018

Երազիկ Գրիգորյանի երկու նոր հեքիաթները


Երազիկ Գրիգորյանը մասնագիտությամբ բանասեր է: 90-ականներին խմբագրել է Հայաստանի Հանրապետության առաջին անկախ թերթը՝ «Անկախությունը»: Օրեցօր բազմապատկվող տպագրական տիրաժի ու նորացվող համակարգչային տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ աճեց թերթի հեղինակությունը: Այլ թերթերում նույնպես լրագրողական աշխատանք կատարելուց հետո Երազիկ Գրիգորյանը կտրուկ շրջադարձ է կատարել դեպի... ՄԱՆՈՒԿՆԵՐԻ անհավանական ու զարմանահրաշ աշխարհը: 
Այժմ Երազիկ Գրիգորյանն աշխատում է Լեզվի կոմիտեում: Նաև «Շողակաթ» հեռուստաընկերության մանկական հաղորդումների սցենարիստն է («Հին ու նոր հեքիաթներ», «Ինչն ինչոց է ըստ Պիստակի» հաղորդաշարեր): Նա մանուկների սիրելի «Գնա ապրիր հեքիաթում» ժողովածուի հեղինակն է: Երազիկ Գրիգորյանի երկրորդ՝ «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» գիրքը, Հայ գրքի կենտրոնի և «Օրանժ» ընկերության կազմակերպած գրական մրցույթում հաղթել է «Լավագույն հեքիաթ» և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգերում: Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն (IBBY) նույնպես բարձր է գնահատել այդ ժողովածուն: Այն լավագույն մանկական ստեղծագործություններին տրվող պատվո կոչման է արժանացել, պահվում է Մյունխենի Միջազգային պատանեկան գրադարանում, Բազելում, թարգմանաբար տարածվում աշխարհի մի քանի երկրներում: 
«7 գույն» մանկապատանեկան պատմվածքների ժողովածուում տեղ գտած «Դինոզավրի համաստեղություն» պատմվածքը հեղինակին հուշեց ստեղծել «Չտեսնված դինոզավրը» հեքիաթների ժողովածուն, որը նույնպես շատ սիրվեց ընթերցողի կողմից: 
Երազիկ Գրիգորյանի հավատամքը մանուկներին ուրախություն պարգևելն է, նրանց հետ ազնվորեն հաղորդակցվելն ու բարություն սերմանելը: Անվանի մանկագիրն անկեղծ է երեխաների հետ, սիրում և սիրվում է նրանց կողմից: Այսօր «Նիդերլանդական օրագրին» բախտ է վիճակվել առաջին անգամ իր ընթերցողներին ներկայացնել Երազիկ Գրիգորյանի երկու նոր հեքիաթները: Անպայման այն կարդացե՛ք ձեր փոքրիկների համար: Բարության այս երկու կաթիլը հաստատ դուր կգա ձեր փոքրիկներին, նրանց դրական լիցքեր կտա, և ամենակարևորը՝ կձևավորելով գեղագիտական ճաշակ: 
Հետևե՛ք նաև «Նիդերլանդական օրագրի» «Գրական չորեքշաբթի» կայքին և մյուս էջերին՝ Երազիկ Գրիգորյանի այլ հեքիաթները կարդալու համար:


ՕԴԱՊԱՐՈՒԿՆ ՈՒ ԿԱՉԱՂԱԿԸ 
Օդապարուկը պարելով բարձրանում է երկինք, բարձրանում, հասնում է իր նման գունզգույն կաչաղակին ու սկսում է պոչի պես թափահարել իր սիրուն ժապավենները: 
-Վա՛յ, էս ի՞նչ թռչուն է, -վեր է թռչում կաչաղակը:- Հե՜յ, ձայն հանիր, դու ո՞վ ես:  
Օդապարուկը չի պատասխանում, հանգիստ օրորվում է օդում: Կաչաղակը բարկանում է.   
-Լսի՛ր, քեզ հետ եմ, դու ի՞նչ իրավունքով ես բարձրացել երկինք: Որտեղից եկել ես, էնտեղ էլ գնա: Երկնքում առանց էն էլ նեղվածք է: Մենք էստեղ աչքաչափով հազիվ ենք պահում մեր տարածքը: Տես, մոտավորապես չորս թիզ էս կողմից, մե՜կ… երկո՜ւ… էս է` հինգուկես էլ էն կողմից: Այ էսքանը իմ տարածքն է, եղա՞վ: Չմոտենաս: Հե՜յ, քեզ հետ եմ…     
Այսպես չաչանակում է կաչաղակը, իսկ օդապարուկը հանգիստ պարում է օդում ու պոչի պես թափահարում է իր սիրուն ժապավենները: 
-Հե՜յ, էդ ո՞ւր ես գնում: Լսի՛ր, իմ կողքի տարածքը ծիծեռնակինն է: Քանի չի եկել, այ էդպես բերանդ փակ թող ու գնա,-բղավում է կաչաղակը օդապարուկի վրա, իսկ օդապարուկը էլի պարում է ու պարում:  
Կաչաղակը թռչում-գնում է ծիծեռնակի մոտ:
-Լսիր, դու քո մկրատե պոչով օդում չափուձև ես անում, իսկ էնտեղ մի անկոչ եկել, ուզում է քո տարածքը գրավել:
Ծիծեռնակը երկինքը կլոր-կլոր կտրատելով թռչում-գնում է: 
Կաչաղակը ծիծեռնակի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը ավելի է բարձրացել: 
-Հե՜յ,- ինքնաթիռ տեսնելուն պես բղավում է կաչաղակը,- էդ ներկած հիմարին բան հասկացրու, վերևներում իրեն տեր է զգում: Շուտով քեզ երկնքից կվտարի: Ես նրան ասում եմ….
Ինքնաթիռը սպիտակ ամպ արձակելով թռչում-գնում է: 
Կաչաղակը ինքնաթիռի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը մի քիչ ներքև է իջել:
-Հե՜յ, գոնե դո՛ւք ինձ լսեք,- մլակներին է բողոքում կաչաղակը,- էդ ներկածը ձեր տարածք է մտել: Լա՜վ, բան չեմ ասում, եկել, եկել է, բայց ո՛չ աչքաչափ ունի, ո՛չ էլ հետը մի պարան է բերել, որ գոնե դրանով իր սահմանը նշի: Բա չե՞ք տեսնում` վերև, ներքև, ամբողջ երկինքն իրենով է արել:     
Մլակները չլսելու են տալիս:   
Կաչաղակը մլակների վրա թևը թափ է տալիս, գնում, տեսնում է` օդապարուկն ավելի է իջել: 
-Տեսնես սրա մտքին ի՞նչ կա,- ասում է կաչաղակը ու սուսուփուս թռչում-իջնում է օդապարուկի հետևից: Իջնում, տեսնում է` շենքերից մեկի բակում մի տղա պարանը ձեռքին վազում է, օդապարուկն էլ օրորվելով թռչում է նրա հետևից, ո՜նց է թռչում:   
-Հե՜յ, ներկած հիմար,-ձայն է տալիս կաչաղակը,- պարանի պատճառով մի գնա էդ տղայի հետևից: Մի բան էր` ասացի: Լսի՛ր, դու ոնց որ թե իմ ազգականն ես, հա՞: Արի, քեզ իմ տարածքում տեղ կտամ: Հիշում ես, չէ՞, չորս թիզ մի կողմից, հինգուկես էլ… 
Այսպես չաչանակում էր կաչաղակը, իսկ օդապարուկը պարելով վազում էր պարանով տղայի հետևից ու պոչի պես թափահարում էր իր սիրուն, գույնզգույն ժապավենները: 
____________ 

ՉԱՐԱՃՃԻ ԳՆԱՑՔԸ


Լինում է, չի լինում, մի չարաճճի գնացք է լինում: Կայարանը գնացքին ասում է. 
-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:  
Բայց գնացքը քաղաք գնալ չի ուզում: Ուզում է գյուղ գնա, որ տրակտորի նման հողերի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի գյուղ: 
-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:  
-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ գյուղում շատ լավ է: Գնանք գյուղ, տրակտորի հետ կընկերանանք ու հողերի հետ կխաղանք:
Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է գյուղ, մտնում է ցանած հողերի մեջ, տրորում է ու գոռում է` ուուո՜ւ…
Տրակտորը գնացքի վրա բարկանում է ու ասում է նրան.
-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես: 
Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը նրան ասում է. 
-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:    
Բայց գնացքը էլի քաղաք գնալ չի ուզում: Ուզում է լիճ գնա ու նավակի նման ջրի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի լիճը: 
-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:  
-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ լճի մեջ շատ լավ է: Գնանք լիճ, նավակի հետ կընկերանանք ու ջրերի հետ կխաղանք:
Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է լիճ, մոտենում է ափին, բայց ջուրը շատ սառն էր: Հենց առջևի անիվը մտնում է լճի մեջ, գնացքը գոռում է` ուուո՜ւ, ու ձկներին վախեցնում է: 
Նավակը գնացքի վրա բարկանում ու ասում է նրան.
-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես: 
Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը ռելսեր է սարքում, գնացքին կանգնեցնում է ռելսերի վրա ու ասում է նրան.  
-Դու շատ չարաճճի ես: Վերջ, սրանից հետո միայն այս ու այս ճանապարհով կգնաս: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:     
Այդ օրվանից գնացքը միայն ռելսերի վրայով է գնում: Ու հենց որ հեռվից ազատ դաշտում կամ լճում տրակտոր կամ նավակ է տեսնում, ձայն է տալիս` ուուո՜ւ, ու էլի ռելսերի վրայով իր ճանապարն է շարունակում: