The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 7 November 2018

Ուսումնական յուրաքանչյուր ամիս կնվիրվի մեկ մարզի

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ուսումնական յուրաքանչյուր ամիս կնվիրվի մեկ մարզի
2019 թվականի հունվարից Կրթության և գիտության նախարարությունը նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ կհայտարարի մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Տվյալ ամսվա ընթացքում ԿԳ նախարարն ու մյուս պատասխանատուները կայցելեն մարզեր` շրջայցեր կատարելով մարզի ուսումնական հաստատություններում, որտեղ տեղի կունենան հանդիպումներ մանկավարժների, ղեկավար կազմի և աշակերտների հետ: Սեպտեմբերին, որպես ուսումնական տարվա մեկնարկային, ամեն ամիս այցելություն կկազմակերպվի 2 մարզում: Նախաձեռնության նպատակն է տեղերում կրթության ոլորտի առկա խնդիրների ամբողջական վերհանումը և առավել արդյունավետ ու օպերատիվ լուծումներ գտնելը: Աշխատանքային նոր մոտեցումն ամենևին չի նշանակում, որ նշված ամիսներին մյուս մարզերն անտեսվելու են. նախարարությունը շարունակելու է կատարել իր հիմնական գործառույթները` միաժամանակ հայացքն ուղղելով դեպի մարզեր և փոքր համայնքներ: Ակնկալվում է, որ նոր աշխատաոճը հնարավորություն կտա բազամթիվ հարցեր քննարկել և լուծել տեղերում:
________________
ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ կողմից- Սփյուռքահայ ընթերցողին Հայաստանի մարզերը ներկայացնելու և ճանաչողությունը բարձրացնելու համար, մեր կողմից կներկայացնենք մարզերին նվիրված հոդվածներ և լուսանկարներ:

Tuesday, 6 November 2018

Մի լուսանկարի պատմություն

Խոսքը երկրի ղեկավարների հետ Զարեհ Օհանեսի ներկայությամբ այս լուսանկարների մասին է:


Զարեհ Օհանեսը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ 

Զարեհ Օհանեսը Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահներ Արմեն Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ 

Զարեհ Օհանեսը բժիշկ-հոգեբույժ է: Մասնագիտական կրթություն ձեռք է բերել Հայաստանում: Սիրիահայ պատանու հայրենասիրության ու ուսումնառության տենչը նրան Սիրիայի Ալ Հասակայից Հայաստան է բերում, որտեղ էլ ընդունվում, ապա և ավարտում է բժշկական ինստիտուտը: Հետո դժվարին ու պատերազմական ժամանակներ պետք է սկսվեին:
 Այդ տարիներից շատ ժամանակ է անցել: Զարեհը բնակության է հաստատվել Նիդերլանդներում և անմիջապես ներգրավվել Ամստերդամի հայկական կառույցներում: Եղել է «Արարատ» մշակութային միության վարչության անդամ, այնուհետև տեղի հայկական Եկեղեցու վարչության անդամը, ապա ատենապետը։

 Աշխատում է իր` բժիշկ-հոգեբույժի մասնագիտությամբ, ամուսնացել է մի գեղեցկուհի հայուհու` Սաթինեի հետ: ՈՒնեն հրաշք երեք զավակներ` Սևակ, Րաֆֆի, Մարիամ հայահունչ անուններով:  Զարեհն ու Սաթինեն նրանց դաստիարակում են հայկական ոգով ու ավանդություններով: Պուրմերենդում` Ամստերդամից ոչ հեռու, որտեղ բնակվում են նրանք, մի քանի տարի է հիմնել են «Կիլիկիա» հայկական մշակութային միությունը, այստեղ էլ ծավլում են իրենց հայանպաստ գործունեությունը: 

Օհանեսի ընտանիքի այս անգամ  Հայաստան մեկնելու առիթն այլ էր: Զարեհի ուսանողական ընկերները բուհն ավարտելուց 25 տարի անց պարզապես ցանկացել էին համակուրսեցիներով հանդիպել   նոր Հայաստանում , կիսվել ուսանողական տարիների հուշերն ու Հայաստանում ստեղծված նոր  իրադրության տպավորությունները: Հոկտեմբերյան այցի ժամանակը համընկավ ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք  անցկացվող միջոցառումների:
-Այս անգամ ես տեսա այլ Հայաստան, որտեղ մարդիկ բառացի իրենց ղեկավարի կողքին են,-ինձ հետ զրույցում ասաց Զարեհ Օհանեսը:- Սիրո ու հանդուրժողականության այս մթնոլորտը միայն դրական լիցքեր է հաղորդում բոլորիս ու ավելի ոգևորում հետագա գործունեության համար:
Հանդիպումը և լուսանկարը  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ սրտաբուխ ու անմիջական ստացվեց: Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 16-ին այցելել էր Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին, որը նվիրված էր Երևանի 2800-ամյակին: Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ Զարեհը մոտեցել է նրան և ջերմ խոսքեր փոխանակել: Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն ու բիզնես գործունեության համար ապահովել առավելագուն բարենպաստ պայմաններ: Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են եղել 50-ից ավելի սիրիահայերի  ներկայացրած արտադրանքը:
Զարեհ Օհանեսը հիշում է, թե ինչպես դեռ 2 տարի առաջ` նույն ամսին Նիդերլանդներում «Կիլիկիա» մշակութային իրենց միությունը հանդես եկավ Հալեպահայությանն օգնելու կոչով` կազմակերպելով դրամահավաք: 
-Հիմա արդեն առարկայական Հայաստան պետությունն է մեր սիրիահայ եղբայրներին օգնում ու նրանց կողքին է, և դա դեռ սկիզբն է,-ասում է Զարեհը:

Զարեհի Օհանեսը (աջից)և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

Նույն օրը Զարեհի հետ լուսանկարվել է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:  Նոր, նոր մի քանի օր առաջ են նրանք ստացել սփյուռքի նախարարության կողմից Նիդերլանդներ ուղարկված արևմտահայերեն լեզվով դասագրքերը, որով էլ  պետք է ուսուցանվեն  «Կիլիկիա» միության դպրոց հաճախող երեխաները: Զարեհն ափսոսում է, որ այդ պահին չի հասցրել  իր շնորհակալությունը փոխանցել նախարարին` դասագրքերի ժամանակին արված առաքման համար: 

Մյուս լուսանկարը Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահներ Արմեն Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ նույնքան անսպասելի ու հետաքրքիր է ստացվել:
- Ոչ մի անգամ չէր ստացվել Հայաստան այցելելուն զուգահեռ Արցախ էլ այցելել,-պատմում է Զարեհը.-այս անգամ երեխաներիս էլ խոսք էի տվել պատեհ առիթն ի նպաստ օգտագործել : Ի բարեբախտություն ընկերներիս հետ եղանք Արցախում:
Նա հյուրանոցի պատուհանից նկատում է, որ մեր երկու հանրապետությունների նախագահները զբոսնում, զրուցում են:
-Ասես մի բնական ու անկեղծ ուժ ինձ դուրս հանեց սենյակից և արդեն մեկ րոպեից ես ողջունում էի մեր նախագահներին: Ընկերներիցս մեկն էլ այդ պահը լուսանկարեց,-հիշում է Զարեհը և ավելացնում:-Ահա այսպես ազատ ու անկաշկանդ պետք է զգա  յուրաքանչյուր հայ  քաղաքացի ու ջերմ զգացմունքով կանգնի իր ղեկավարի կողքին: Քանզի հպարտ ու վստահ է, որ նրանք ծառայում են իրենց ժողովրդին ու հայրենիքին:  Սա հպարտության յուրահատուկ զգացում է: Հուսանք` հարատև:

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»


Monday, 5 November 2018

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահին


 Նոյեմբերի 5-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, «Աբովյան» մշակութային միության ղեկավար Մաթո Հախվերդյանին,-այդ մասին հայտնում է սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» ինտերնետային լրատվամիջոցը:





Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաթո Հախվերդյանը նշեց, որ այսօր Հոլանդիայում ապրում է 20-25.000 հայ, և նրանց զգալի մասը վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածներ են, կան նաև իրաքահայեր և սիրիահայեր: «Հայերն աշխատասեր են, աշխատում են, ակտիվ մասնակցում են Հոլանդիայի տնտեսական ծրագրերին, հաջողություններ են գրանցում կրթության ոլորտում: Միևնույն ժամանակ նրանք կապված են Հայաստանի հետ, սիրում են իրենց հայրենիքը»,-նշեց հյուրը:

Մաթո Հախվերդյանն ընդգծեց, որ կարևորում են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության անհրաժշետությունը և փորձում են բանակցել տեղի կառավարության հետ այդ հարցը լուծելու համար: Մխիթար Հայրապետյանը շեշտեց, որ սփյուռքի նախարարությունը պատրաստ է հայ համայնքի համար անել հնարավոր ամեն բան:

«Այսօր մենք գործակցում ենք սփյուռքի հետ փոխադարձության սկզբունքով. և՛ Հայաստանը պիտի աջակցի սփյուռքին, և՛ սփյուռքը՝ Հայաստանին: Հայապահպանության գործընթացքում բացի տարաբնույթ միջոցառումների կազմակերպումից՝ սփյուռքին հզոր ազդակ կարող է լինել ուժեղ Հայաստան պետության առկայությունը, որը հպարտություն կդառնա նրանց համար: Եթե լինի հայ լինելու հպարտությունը, դրսում ապրող հայը կցանկանա մնալ հայ: Մենք պետք է փոխադարձ պատասխանատվությամբ առաջ գնանք ու հոգ տանենք միմյանց մասին»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Մխիթար Հայրապետյանը կարևորեց նաև համահայկական շահերի շուրջ միասնականության գաղափարը: Ըստ նրա՝ կան մի քանի հայեցակարգեր, որոնց համար պետք է մեկ ճակատով պայքարել, և հենց Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ ուղերձները հղի սփյուռքին: Մաթո Հախվերդյանն անդրադարձավ նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրին՝ նշելով, որ միայն դրական կարծիքներ է լսել ծրագրի մասին և պատրաստ է մյուս տարի աջակցել ծրագրի իրականացման աշխատանքներին:

Մխիթար Հայրապետյանը հավելեց, որ կարևորում է ծրագրի բովանդակային փոփոխությունները և շարունակականությունը, և այսօր արդեն ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ համագործակցության շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեն օնլայն դասընթացների միջոցով շարունակել իրենց ուսումը:

Հանդիպման ավարտին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ֆեդերացիան պատրաստվում է նշել Երևանի հիմնադրման 2800-ամյակը և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը, և միջոցառումների, ցուցահանդեսների բովանդակային մասը կազմելու համար անհրաժեշտ է սփյուռքի նախարարության աջակցությունը:

Sunday, 4 November 2018

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի ճանաչողական այցը Մաստրիխտ

ՆՈՐԱՑՎԱԾ

Նոյեմբերի առաջին հանգստյան կիրակին, իր պաշտոնավարման երկիր Նիդերլանդներում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը` ճանաչողական այցով եղավ Մաստրիխտ քաղաքում:
Մեծարգո հյուրը այցելեց տեղի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցի, ծանոթացավ Մաստրիխտի «Անի» հայ համայնք անդամներին: Ծավալված անկեղծ ու ջերմ զրույցի ընթացքում դեսպանը խոսեց հայաստանյան զարգացումների, հայապահպանության, Սփյուռքին հուզող հարցերի մասին: Բազմաբովանդակ քննարկումներում արծարծվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մաստրիխտի հայ համայնքը միշտ էլ ակտիվ նախաձեռնություն է հանդես բերել խորացնելու Մաստրիխտի քաղաքային իշխանությունների ու Հայաստանի հետ ունեցած կապը: Նորանշանակ դեսպանը հաջողություններ մաղթելով հայ համայնքի անդամներին, խոստացավ իր լիիրավ պարտականություններին անցնելուն պես նպաստել հայ-Նիդերլանդական կապերի էլ ավելի սերտացմանն ու ամրապնդմանը:Լուսանկարները` Emma Karaoglan Armand -ի

«Նիդերլանդական օրագիր»





«Նոյեմբերի 4-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում հանդիպեց Մաաստրիխտի «Անի» հայկական միության անդամներին» վերնագրով` ավելի ընդարձակ տեղեկատվություն է հրապարակել ՀՀ ԱԳ նախարարության և Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանատան կայքերը: Այն ևս ներկայացնում ենք ընթերցողին.  

        05.11.2018


«Անի» միության ղեկավար Լևոն Սարգիսը դեսպան Բալայանին ներկայացրեց Լիմբուրգ նահանգում հայկական ինքնության պահպանման ուղղությամբ ծավալած գործունեությունը, եկեղեցու հիմնադրման պատմությունը, միության օրակարգային և առաջիկա ծրագրերը, գործող կիրակնօրյա դպրոցի պայմանները, տեղական իշխանությունների հետ հայ համայնքի համագործակցությունը։ 
Այնուհետև Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ «Անի» միության անդամների հետ, որոնց ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և դրանց նշանակությունը։ Դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստանի կառավարության ծրագրում արտաքին ոլորտի վերաբերյալ ամրագրված դրույթներին, արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին և առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով գործադրվող ջանքներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին և մի շարք այլ հարցերի։

Խոսելով հայ համայնքի դերակատարության և կարևորության մասին Տիգրան Բալայանը նշեց. «Հայաստանի դեսպանի առաքելության մեջ հաջողության հասնելու կարևոր գործոններից է հայ համայնքի աջակցությունը, ուստի ակնկալում եմ համատեղ աշխատել բոլորի հետ, քանի որ բոլորիդ դիտարկում եմ որպես Հայաստանի դեսպան՝ ձեր շրջապատում, ձեր բնակավայրերում և աշխատավայրերում։ Հուսով եմ, որ բազում նախաձեռնություններ ենք ունենալու և համատեղ ջանքերով հասնելու ենք դրանց իրականացմանը»։

Հանդիպման ժամանակ Տիգրան Բալայանը և դեսպանության խորհրդական Վարազդատ Պահլավունին պատասխանեցին միության անդամների տարբեր բնագավառների վերաբերող հարցերին։ 


Saturday, 3 November 2018

Աբգար Հայրապետյանի երկու գրքերը

Աբգար Հայրապետյանի «Հայկական հարցը և միջազգային իրավական պատասխանատվություն» գիրքը (Մոսկվայի «Գվարգա» հրատարակչություն, 2018թ.)


















Ծանոթությունը Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (РАЕН) ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր,Մոսկվայի կադրերի վերապատրաստման Կենտրոնական ինստիտուտի ռեկտոր, հասարակական-քաղաքական գործիչ Աբգար Հայրապետյանի հետ ի ընթացս ստացվեց, երբ մի քանի օրով Հայաստանում էի: Այդ համեստ մարդու հետ մեր զրույցը հիմնականում ծավալվեց համայնքային ու հայապահպանության հարցերի շուրջ :  Բաժանվեցինք ծրագրեր վերակոչելու երկուստեք ակնկալիքով` կրկին հանդիպելու հստակ պայմանով: Հաջորդ օրը տեղեկացա, որ սրտի տագնապ է ունեցել և Ինձ ծանոթ ընթացակարգով հիվանդանոցում ստենտավորել են սիրտը:  Շտապում եմ նրա մոտ, գոտեպնդելու, զորակցությունս հայտնելու: Սակայն ինքն է Ինձ ոգևորում` պատմելով իր նոր մտահաղացումների ու կյանքի կոչող ծրագրերի մասին:

-Գիտե՞ս, մտքովս անցնում էր, որ գալու ես, սպասում էի ու չսխալվեցի,-ուրախ ու զվարթ ասում է նա: Քեզ եմ նվիրելու իմ հեղինակած ու նոր լույս տեսած երկու գրքերը: 
Տիկին Տաթևիկը, որ ամուսնու կողքին էր անմահացնում է այդ պահը:


Գրքերը այս տարի` 2018թ. լույս է ընծայել Մոսկվայի «Գվարգա» հրատարակչությունը:

 Սպասում էի, որ «Ակադեմիկոսների գիտության և մշակույթի զարգացմանը նպաստող ասոսացիայի» պրեզիդենտի, «Եվրասիական ներդրումային միություն» տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող  փորձագետների միության խորհրդի նախագահի նվիրած գրքերը զուտ նեղ մասնագիտական բնույթի են լինելու, քանզի այդպիսի բազմաթիվ գիտական գրքերի հեղինակ է: Սխալվեցի: Գրքերը շոշափում են ներկա ժամանակի զարկերակը և ստեղծվել են գիտնականի հոգու, քաղաքացիական  ու  հասարակական գիտակցության թելադրանքի մղումով: Սիրով, հեղինակի մակագրությամբ ընդունում եմ երկու գրքերը,  որոնք էլ առիթ դարձան այս պատմությամբ կիսվելու «Նիդերլանդական օրագրի» ընթերցողների հետ:

 450 էջանոց «Հայկական հարցը և միջազգային իրավական պատասխանատվություն» վերնագրով գիրքը բավական արդիական է և լուրջ հետազոտություն է` վերլուծություն թուրքիայի կատարած ոճրագործությունների, որին դեռ անհրաժեշտ գնահատականն է տրվելու: Գիրքը աչքի է ընկնում  ռուսալեզու ընթերցողին մատուցելու  յուրահատուկ ձևով: հինգ բաժիններ և  16 գլուխ ունեցող գիրքում բարձրացվում է հայ ժողովրդի ողբերգության թեման, կենտրոնական տեղ է գրավում Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ու տեղահանության ողբերգական դեպքերը: Գրքում բերված փաստերն ու լուսանկարները, հնագույն քարտեզները մանրամասնորեն ներկայացնում են Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների պատմությունը` մինչև ցեղասպանության սկիզբը ու դրանից հետո այն քայլերը, որ պետք է կատարի մեր ժողովուրդն ու միջազգային հանրությունը: Գրքի խորհրդատու-խմբագիրներն են աշխարհում ճանաչված այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են  ժողովուրդների հոգևոր միասնության ակադեմիայի պրեզիդենտ, պատմական գիտությունների դոկտոր Գեորգի Տրապեզնիկովը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, բնական գիտությունների ակադեմիայի (РАЕН) ակադեմիկոս Միխայիլ Լեմեշևը, գրող, կինոդրամատուրգ Կիմ Բագշին: Գրքի առաջաբանը գրել է  հայտնի քաղաքական գործիչ, ՌԴ Դաշնային ժողովի (պետական դումա) պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ,  ԱՊՀ հարցերի եւ հայրենակցությունների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Գիրքը պատրաստվել է Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, այլ երկրների արխիվների, ինչպես նաև ականատեսների մասնավոր հավաքածոների նյութերի հիման վրա: Գրքում  օգտագործված գրականության ցանկը զբաղեցնում է 12 էջ:
Աբգար Հայրապետյանը գտնում է, որ միջազգային իրավական ասպարեզում  այսօր հայ ժողովուրդը պարտավոր է ակտիվացնել Հայկական հարցի ջանքերը: Անհրաժեշտ հետևությունների հանգել պատմական դասերից` թույլ չտալու անմարդկային գազանությունների կրկնությունները, միջազգային հանրության առջև հարց բարձրացնել ` խնդիր դնելու այս հանցագործության և նրա հետևանքների իսպառ վերացմանը:

Աբգար Հայրապետյանը (աջից) հայտնի բարերար, երջանկահիշատակ Լևոն Նայրապետյանի հետ (2015թ. Մոսկվա) 

Աբգար Հայրապետյանի ինձ նվիրած մյուս գիրքը` փափուկ կազմով լույս տեսած  «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում և նոր հույսեր» վերնագրով է: Այս գիրքը, որն իրականում նոր Հայաստանի հեղափոխության ժամանակագրությունն է, ևս համահունչ է ժամանակին և արտացոլում է  նոր Հայաստանի ներկա իրավիճակը: Գրքի առաջաբանում ասվում է. «Հեղափոխությունը Հայաստանում` առանց չափազանցության  ցնցեց ու զարմացրեց աշխարհին, նախ իշխանության կայծակնային փոփոխությամբ, հետո նրանով, որ անարյուն էր»: 
Գրքույկը խմբագրել է տեխնիկական գիտությունների դոկտոր Գ.Ա. Ամիրյանցը:
Հավելենք, որ Էդգար Հայրապետյանը Ռուսաստանի նախագահի  «Վստահություն»  ակումբի համակարգող խորհրդի անդամ է, ակտիվորեն ներգրաված է Ռուսաստանի հայ համայնքի հասարակական և քաղաքական գործունեության մեջ:
 Ժամանակի զարկերակով  քայլող մեր մոսկվաբնակ հայրենակցին, որ իր աշխատանքից զատ հասցնում է բազմաթիվ գիտական գրքերի շարքում ճշգրիտ վերահսկել ժամանակն ու նոր իրադրությունը ու  թարմություն  ներարկել ներկա քաղաքական կյանքին, ցանկանում ենք շուտափույթ ապաքինում և ստեղծագործական անսպառ ընթացք` իր հայանպաստ գործունեության մեջ, նաև բազմաթիվ ու հայությանն անհրաժեշտ նոր արժեքավոր գրքերի արարում: 
Ցանկալի կլիներ, որ  համապատասխան շահագրգիռ կազմակերպությունները այս երկու գրքերին անհրաժեշտ ու համապատասխան ուշադրություն դարձնեին, ասենք այն թարգմանեին հայերեն և այլ լեզուներով, կամ գրքերն ավելի մեծ տպաքանակով լույս ընծայեին: 
Այնուհանդերձ ընթերցողն իր սեղանին ունի Աբգար Հայրապետյանի նոր գրքերը:
Hay Azian
Աբգար Հայրապետյանի «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում և նոր հույսեր»  գիրքույկը (Մոսկվայի «Գվարգա» հրատարակչություն, 2018թ.)

Wednesday, 31 October 2018

Նիդերլանդներ` նոր նշանակման վայրում է դեսպան Տիգրան Բալայանը




ՀՀ նախագահի հրամանագրով Նիդերլանդների Թագավորությունում իր նշանակման վայր` Հաագա է ժամանել ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը: Այս առնչությամբ Նա իր ֆեյսբուքյան էջում  հետևյալն է գրել. «Բազմաթիվ ծրագրերով ու երկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գաղափարներով ժամանեցի նստավայր երկիր»։






Նորանշանակ դեսպանի առաջին անհրաժեշտ գնումը Նիդերլանդներում հեծանիվն է եղել: Իրոք Հաագայում հեծանիվով շրջագայելը տրանսպորտային խցանումների ֆոնին անհրաժեշտ պայման է: Հեծանիվից են օգտվում Նիդերլանդների գրեթե բոլոր նախարարները և անձամբ Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը:




 Տիգրան Բալայանը նաև շնորհակալություն է հայտնել Հաագայում աշխատած նախկին դեսպաններին.

«Շնորհակալություն դեսպաններ Ձյունիկ Աղաջանյանին և Գարեգին Մելքոնյանին օրինակելի տեսքով և անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով Դեսպանատան և Դեսպանի կեցավայրը հանձնելու համար։ Հատուկ շնորհակալություն դեսպանության խորհրդական Վարազդատ Պահլավունուն` ջերմ ընդունելության և օգտակար խորհուրդների համար»։

 Այսօր` հոկտեմբերի 31-ին, պարզ դարձավ, որ  Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճեն է հանձնել Նիդերլանդների արտգործնախարարության Արարողակարգի ղեկավար տիկին Պասկալ Խրոտենհաուզին։ Այդ մասին հայտնում է ԱԳ նախարարության կայքը:



Ողջունելով և շնորհավորելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ տիկին Խրոտենհաուզը համոզմունք հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Բալայանը նշեց, որ 11 տարվա ընդմիջումից հետո ուրախ է վերադառնալ Նիդերլանդներ՝ իր նպաստը բերելու դարերի հարուստ պատմություն ունեցող հայ-հոլանդական արդյունավետ փոխգործակցության ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում հոլանդացի պաշտոնյան ներկայացրեց Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին դեսպան Բալայանի հավատարմագրերի հանձնման արարողակարգը։

Զրուցակիցները քննարկեցին նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի գործունեությանն առնչվող հարցեր։


Առաջիկա  Շաբաթ-կիրակի օրերը դեսպան Տիգրան Բալայանը նախատեսում է շրջել Նիդերլանդներով, ծանոթանալ երկրով մեկ սփռված հայկական համայնքներին։


Դեսպանության կայքում հրապարակված է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանի կենսագրականը:

Բարի երթ ենք մաղթում հարգարժան դեսպանին, նոր ու պատասխանատու այս աշխատանքում` ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման ու ամրապնդման:






Տիգրան Բալայան



Նիդերլանդների Թագավորությունում

Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 29-ին, Երևանում։

Կրթությունը

1994-1999թթ. - ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պատմաբանի և միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում

1999-2002թթ. - ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ատենախոսության թեման՝ «Ղարաբաղյան խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994թթ.»։

2000-2002թթ. - ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1997-2000 թթ. - Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն, մշտական ներկայացուցչի օգնական

2000-2002թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, Քաղաքական բաժնի ղեկավարի օգնական

2002-2003թթ. - ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, կցորդ

2002-2004 թթ. դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։

2003-2004 թթ. - ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժին, կցորդ

2004-2007 թթ. - Բելգիայի Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպանություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար

2007-2008 թթ. - ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար

2007-2018 թթ. - դասավանդել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

2008-2010 թթ. - ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող

2010-2018 թթ. - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

2016-2018 թթ. - ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար

2018թ. հոկտեմբերից - Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

Հեղինակել է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը և միջազգային դիվանագիտությունը, 1991-1994 թթ. մենագրության, «Բազմակողմ Դիվանագիտություն» և «Արտաքին քաղաքական տեղեկատվական ապահովումը» դասախոսությունների ժողովածուներ։

Հայաստանի պատվիրակությունների կազմում մասնակցել է բազմաթիվ գագաթաժողովների և համաժողովների։

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Պարգևներ

«Մխիթար Գոշ» մեդալ

Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ

ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և ԱԳ նախարարի շնորհակալագրեր

«Ջոն Կիրակոսյան» հուշամեդալ

ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի հուշամեդալ

ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալ

ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ

Օտար լեզուների իմացություն

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Monday, 29 October 2018

Համեստ կյանքով ապրող Սահակաշվիլին ու նրա ամառանոցի սառնարանը

 Համեստ կյանքով ապրող Սահակաշվիլին ու նրա ամառանոցի սառնարանը
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «1+1» հեռուստաալիքի «Ուկրաինական սենսացիաներ» հաղորդման ժամանակ ցույց է տվել, թե ինչպես է ապրում Ամստերդամում և պատմել է մոր կողմից օգնություն ստանալու մասին, գրում է НТВ-ն։
Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին արտաքսել էին Լեհաստան, ապա քաղաքական գործիչը մեկնել է Նիդերլանդներ, որտեղ ԵՄ-ում ապրելու և աշխատելու իրավունք է ստացել։
Սաակաշվիլին խոստովանել է, որ շքեղ կյանքով չի ապրում։ Ինչպես հայտնել է քաղաքական գործիչը, Նիդերլանդներում կոմունալ բնակարանի համար նա ամսական վճարում է 300-350 եվրո։ Տան մաքրության հետ այդ գումարը հասնում է 400 եվրոյի։ Ավտոմեքենան նա փոխարինել է հեծանիվով, գործնական կոստյումների փոխարեն ջինսեր է հագնում։
Միխայիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ երբեմն իրեն ֆինանսապես օգնում է մայրը՝ Գիուլի Ալասանիան, որը թուրքագետ է, պատմական գիտությունների դոկտոր։
«Մայրս բավականաչափ գումար է աշխատում իրեն պահելու, Վրաստանում ապրող կնոջս և որդուս ու երբեմն նույնիսկ մի փոքր էլ ինձ օգնելու համար»,–նշել է նա:

Այս ասածների մեջ ճշմարտություն կա: Հիշեցինք մի դիպված, որ տեղի է ունեցել դեռ Սահակաշվիլու վերջին նախագահական տարիներին:
Սահակաշվիլու կնոջը, որդուն ու աներոջը տարիներ առաջ հանդիպել է Նիդերլանդակն օրագրի Ձեր թղթակիցը` Retranchement գյուղում:
Սա փոքրիկ գյուղ է նիդերլանդական Զելանդի մարզում, հարակից է Բելգիայի սահմանին, Օստբուրգ քաղաքից 9 կմ հյուսիս արևմուտք` Սլուիսի քաղաքապետարանի տարածքում: Այստեղ ամառվա մի օրը, ինչպես բնորոշ է Նիդերլանդներին, տնային ապրանքների վաճառք է կազմակերպվում: Եվ ահա այդ օրը տեսանք Սանդրային` Սահակաշվիլու կնոջը:
Նա վարժ կերպով ցատկեց հեծանիվին և շարժվեց տոնավաճառով, իսկ մենք մոտեցանք այն ապրանքներին, որ վաճառվում է: Աչքի զարնեց Siemens մակնիշի ոչ մեծ սառնարանը:
Վաճառվող ապրանքների կողքին կանգնած էր Սահակաշվիլու աները և որդիներից ավագը: Նա էլ սառնարանի համար պահանջեց 75 Եվրո: Սակարկեցինք, որ 50-ով վերցնենք: Ասաց` սպասեք Սանդրան հիմա կվերադառնա ու կորոշի: Մինչ Սանդրան կվերադառնար Սահակաշվիլուն վերաբերող հարցեր ուղղեցինք.
-Չէ, մեր Միշան ուրիշ է, շատ մաքուր է աշխատում` ոչ Ալիևի և ոչ էլ Քոչարյանի նման չէ: Հիմա էլ, երբ պաշտոնը թողնի դատարկ գրպաններով է ման գալու:
Առաջ տարին մեկ գալիս էին այս գյուղ ու հանգստանում, հիմա էլ չեն ուզում գալ ու իրենց բոլոր ապրանքներն են վաճառքի հանել:
Քիչ հետո հեծանիվով վերադառնում է Վրաստանի առաջին տիկինը: Իմանում է, որ սառնարանն ուզում ենք գնել: Անմիջապես համաձայնվում է իմ առաջարկած գնին: Ասում է, որ սառնարանը երկու անգամ է արձակուրդներին իրենց ծառայել: Սանդրան հաճելի ու անկեղծ զրուցակից էր: Գոհ էր, որ վերջապես առանց թիկնապահների էր և ազատ քայլում ու հեծանիվ էր վարում: Հայաստանի մասին բավական գիտեր ու հավանում էր հայերին: Ծնողներն ապրում էին տարածքի ամենամեծ` Տեռնեուզեն քաղաքում, իսկ այստեղ` Retranchement-ի իրենց ամառանոց հաճախում են երբեմն:
Գնելով սառնարանը` նրա հոր հետ փոխանակեցինք հասցեներ: Նա խոստացավ հյուր հրավիրել, իսկ ես նրան պատվել անուշաբույր խորովածով ու գինով: Այդ օրվանից շատ ջրեր են հոսել:
Գիտե´ք, երբեմն ցանկություններն ու հնարավորությունները չեն համընկնում: Ներկայումս Սահակաշվիլու ամառանոցի սառնարանը ծառայում է մի չունևոր ընտանիքի, իսկ նրա աներոջ հետ հանդիպել ու խորոված ուտելը, այդպես էլ չի ստացվել, ինչպես, որ չի ստացվել շատ բան Սահակաշվիլու մոտ:
Պատմությունը ցույց տվեց, որ Սահակաշվիլին իր ժողովրդի առջև ազնիվ քաղաքական գործիչ էր: Վրաստանում ամբողջովին արմատախիլ արվեց կոռուպցիան ու կաշառակերությունը, սակայն դեպքերը զարգացան այնպես, որ նա հալածված մնաց իր երկրում:

Ըստ НТВ-ի և մեր լրատվության պատրաստեց` Hay Azian

Sunday, 28 October 2018

Ուղեղը չի սիրում ճարպ,ծխախոտ,ալկոհոլ,բայց նրան դուր է գալիս…Նյարդաբանը այն մասին,թե խելացի մարդիկ ինչպես պետք է ապրեն





Ուղեղի համար դժվար է,երբ Դուք լավ չեք նախաճաշում,ավտոմեքենա եք վարում և միաժամանակ խոսում եք հեռախոսով,ծխում եք,ալկոհոլ եք օգտագործում և միշտ սթրեսային իրավիճակներում եք գտնվում: Մենք միշտ լարում ենք ուղեղը,սակայն փոխարենը ոչինչ չենք տալիս նրան: Վլադ Սիուրեան փորձառու բժշիկ է ,ով արդեն 10 տարի է Ռումինիայում Baghdasar-Arseni շտապօգնության հիվանդանոցի տնօրենն է:Նյարդաբանը արդեն 23.000 -ից ավելի վիրահատություններ է կատարել ուղեղի վրա:Նրա ամենափոքր հիվանդը 2 օրեկան էր: Նա նշում է,որ եթե Դուք ամբողջ օրը հեռախոսի կամ համակարգչի մեջ եք,ապա պետք չէ սպասել,որ ուղեղը Ձեզ շնորհակալություն կհայտնի դրա համար: Առողջ ուղեղ ունենալու համար առաջին քյալերը շատ հեշտ են և հասանելի բոլորին:Պետք է շուտ արթնանալ,տարրական մարզանք կատարել,խմել 2 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր: Առավոտյան պետք է արթնանալ որքան հնարավոր է շուտ,բացել պատուհանը և մաքուր օդ շնչել: Պարտադիր հիշել 2 բաժակ ջրի մասին: Քնի ժամանակ ուղեղն արթուն է մնում,որպեսզի պահպանի օրգանների բնականոն աշխատանքը: Բացի դրանից ուղեղը նաև այլ գործողություն է կատարում: Եթե մարդ քնում է ինչ-որ հարցի մասին մտածելով,ապա առավոտյան արթնանում է դրա պատասխանով:Մոռացեք անքուն գիշերների մասին,քունը ավելի լավ կօգնի գտնել հարցի պատասխանը: Ուղեղը չի սիրում ծխախոտ,ճարպ,ալկոհոլ,բայց սիրում է մուգ շոկոլադ:
Ծխախոտը ուղեղի վրա ունենում է շատ վատ ազդեցություն,նույն ազդեցությունը,ինչ սրտի վրա: Նախաճաշը պետք է լինի հանգիստ:Չի կարելի նախաճաշել ճանապարհին,կամ ոտքի վրա: Ուղեղը չի սիրում ճարպ և միս:Նյարդաբանը նշումէ,որ եթե անգամ սիրում եք միս ուտել,ապա մի խնայեք և գնեք լավը: Միսը ուղեղին ոչ մի օգուտ չի տալիս,բայց առողջարար հատկություններ ունի մարմնի համար: Աշխատեք օգտագործել քիչ կալորիականություն ունեցող միս`հնդկահավ կամ ձուկ:Ուղեղը ո’չ միս է սիրում ո’չ աղ:Պետք չէ չարաշահել այս մթերքները: Ինչ վերաբերում է քաղցրավենիքներին,ապա նշենք,որ ոչ բոլորն են օգտագակար, հատկապես, եթե շաքարի քանակը շատ է: Մուգ բնական շոկոլադ,տաք բնական կակաո,մեղր.հենց սա է անհրաժեշտ Ձեր ուղեղին: Ճաշը պետք է չափավոր լինի:Չի կարելի ծանրաբեռնել ստամոքսը:Նախընտրությունը տվեք սովորական ջրին: Ուղեղի առավելագույն ակտիվ ժամանակահատվածը 10.00-12.00 և 16.00-18.00 է:Եթե ուղեղը հոգնում է,կարող եք սուրճ խմել: Ուղեղի լավագույն ընկերը ժպիտն է:Շատ կարևոր է կարողանալ ուրախանալ անգամ ցանկացած մանրուքից: Պետք է մարզել հիշողությունը Մոռացկոտությունը առաջանում է ոչ միայն մեծահասակների մոտ,այլև երիտասարնդերի մոտ: Ալցհեյմերի հիվանդությունից խուսափելու համար պետք է մարզել ուղեղը: Ուղեղի մարզումները,մարդկանց հետ շբումը շատ կարևոր են ուղեղի համար: Զբոսնեք, ճամփորդեք,նոր բաներ սովորեք,նոր ֆիլմեր նայեք,նոր գրքեր կարդացեք,տարբեր գլուխկոտրուկներ լուծեք: Ուղեղի համար շատ կարևոր են շարժումները:Եթե մենք շարժվում ենք,ուրեմն ողջ ենք:3 կարևոր բաներն են խոսքը,գրությունը,շարժը:Օրինակ պարը կանխում է ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Լավ գիշերային քունը պետք է տևի 6 ժամ:ԱՅն մաքրում է ուղեղը աղբից: Քնելուց 2 ժամ առաջ անջատեք հեռուստացույցը,մի կողմ դրեք հեռախոսը:Ավելի լավ է գիրք կարդաք քնելուց առաջ:Այն կտրամադրի Ձեզ լավ հանգստի: Եթե Դուք հետևեք այս խորհուրդներին,ապա շատ շուտով դրական փոփոխություններ կզգաք: Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.ru ֊ն


Thursday, 25 October 2018

Լեզվի կոմիտեի կարևոր հրապարակումներից մեկը


2018թ. hունիս ամսից ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը վերակազմավորվեց, և նույն նախարարության կազմում ստեղծվեց Լեզվի կոմիտեն: Կոմիտեի նախագահ նշանակվեց անվանի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, որը նոր ոճով  նախաձեռնեց այս կարևորագույն ոլորտի աշխատանքը: Կարճ ժամանակում արմատապես փոխվեց կոլեկտիվի աշխատելաոճը․ վարչական վերահսկողությունն այլևս անցյալում է: Այժմ մեծ ուշադրություն է դարձվում լեզվաքարոզչությանը: Այս առումով ծավալուն և արդյունավետ աշխատանք են կատարում Լեզվի կոմիտեի աշխատակիցները, ովքեր ստեղծել ու վարում են կոմիտեի ֆեյսբուքյան էջը։ Կոմիտեն սերտ կապեր է հաստատել ԶԼՄ-ների, այդ թվում` սփյուռքի լրատվամիջոցների հետ: Հենց մամուլի միջոցներով էլ նա իր խոսքը հասցնում է հայախոս զանգվածներին: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Լեզվի կոմիտեի կարևոր հրապարակումներից մեկը.

 Ո՞ր, թե՞ ով... 



Հայ ժամանակակից գրականությունից քաղված այս մի քանի օրինակները ցույց են տալիս հայերենում հատուկ եւ հասարակ գոյականներին կապակցվող որ հարաբերական դերանվան գործածության ձեւավորված ավանդույթը։
Լեւոնը, որ կանգնած էր զրուցողների ուրիշ խմբի մեջ, հարցրեց. «Ի՞նչ է, արդեն սկսեց գլխին զոռ տալ» (Հրանտ Մաթեւոսյան)։
Միակ մարդը, որ լուրջ չէր ընդունում այդ ամբողջը եւ գիտեր իսկականի արժեքը, ես էի (Աղասի Այվազյան)։
Բեմին ամենից մոտիկ նստած էին երեխաները, որոնք շատ քիչ բանից են արդեն զարմանում (Վարդգես Պետրոսյան)։
Դա այն Գասպարն էր, որ անցյալ տարի նամակով հայտնել էր Պավելի մահվան լուրը (Զորայր Խալափյան)։
Ռեկտորի կինը, որի կրծքին կարմրագույն վարդ էր ամրացված, Դանիելին ասաց, որ դա պատերազմող մի զինվոր էր ուղարկել խրամատներից (Լեւոն Խեչոյան)։
Այլեւս չէր ուզում նեղություն պատճառել ազգականներին, որոնց տանը առանց իրեն էլ նեղվածք էր (Վահագն Գրիգորյան)։
Այս նախադասությունների որ, որի, որոնք, որոնց հարաբերականների փոխարեն շատերն այժմ ով, ում, ովքեր են գործածում, եւ դա օրեցօր ավելի ու ավելի է տարածվում։
Հորդորակի նպատակն է անդրադառնալ վերջին տարիներին հայերենում (մամուլի, հեռուստատեսության եւ ռադիոյի լեզվում, պաշտոնյաների խոսքում) խիստ տարածված այդ անհարազատ իրողությանը եւ վերացնել այն։

Կանոնը գրական հայերենում

Որոշիչ երկրորդական նախադասությունները լրացնում են գլխավոր նախադասության գոյականով արտահայտված անդամին՝ ցույց տալով դրա որեւէ հատկանիշ՝ որակական, քանակական, ժամանակային, տարածական եւ այլն։ Երկրորդական նախադասությունը գլխավոր նախադասությանը կարող է կապակցվել հարաբերականներով՝ որ(ը), ինչպիսի, որպիսի, ինչ, որքան, ինչքան, երբ, որտեղ, ուր, ինչպես, ով եւ որ, թե շաղկապներով։ Սրանցից ավելի հաճախ կիրառվում է որ հարաբերականը։ Օրինակ՝ «Երեկ պատահաբար տեսա այն տղային, որի հետ դու էիր ծանոթացրել»։
Վերջին տարիներին տարածվել է որոշիչ երկրորդական նախադասությունը գլխավոր նախադասությանը որ-ի փոխարեն ով-ով կապակցելը հատկապես այն դեպքերում, երբ երկրորդական նախադասությունը լրացնում է անձ ցույց տվող գոյականի։ Բերենք մի քանի օրինակ՝
Եկել էր նաեւ Բելգիայի վարչապետը, ով առաջին անգամ էր այցելում Ծիծեռնակաբերդ։
Մենք մարդիկ ենք, ովքեր ավելի քան տասը տարի փողոցում ծեծվել են։
Սուբելիանին այն պաշտոնյան է, ում ամիսներ առաջ Վրաստանի իշխանությունները կալանավորեցին՝ երկու անչափահասների սպանության գործով սկսած զանգվածային ցույցերը հանդարտեցնելու համար։
Այս գործածությունն արդեն այնքան է տարածվել, որ ով հարաբերականի միջոցով երկրորդական նախադասությունը սկսել են կապակցել անգամ այն գլխավոր նախադասությունների հետ, որոնց լրացյալ գոյականն անձ չէ, օրինակ՝ «Հայտնի է առաջին թիմը, ով նվաճել է ԱԱ 2018թ. եզրափակչի ուղեգիր», «Դուք կիմանաք թե՛ նոր անունները, թե՛ հին անունները, ովքեր մնալու են», «Ի դեպ, Չուգասզյանն այդպիսի ուժեր է համարում Հանրապետականին, Բարգավաճ Հայաստանին եւ Դաշնակցությանը, ովքեր կողմ քվեարկեցին ԱԺ-ի կանոնակարգ օրենքի հայտնի փոփոխությանը» եւ այլն։
Քանի որ որոշիչ երկրորդական նախադասությունը գլխավորին որ-ի փոխարեն ով-ով կապակցելու դեպքերը գերակշռում են այն դեպքերում, երբ լրացյալը անձ ցույց տվող գոյական է, կարծում ենք՝ 
նման եղանակով կապակցելու պատճառը հենց անձի առումը շեշտելն է. որ-ը ով-ով փոխարինած մարդիկ հավանաբար կարծում են, որ սխալ է անձի դեպքում որ գրելը, այնինչ պետք է ասել, որ որոշիչ երկրորդական նախադասությունը գլխավորին կապակցելիս անձի եւ իրի առման տարբերակումը չի գործում, հետեւաբար կարիք չկա նման տարբերակում մտցնելու եւ ըստ այդմ կապակցման միջոցը փոխելու։

Ինչո՞ւ որ. ինչպե՞ս կողմնորոշվել

Ինչպես արդեն նշեցինք, ով-ի եւ որ-ի կիրառության հիմնական խնդիրն առաջանում է որոշիչ երկրորդական նախադասության դեպքում։ Քանի որ որոշիչ երկրորդական նախադասությունը ցույց է տալիս իր լրացյալի որեւէ հատկանիշ, տրամաբանական է, որ պիտի պատասխանի հիմնականում ո՞ր, երբեմն էլ՝ ինչպիսի՞ հարցերին։ Հասկանալու համար՝ ճիշտ է գործածել ո՞ր, թե՞ ով հարաբերականը, կարելի է ընդամենը հարց տալ որոշիչ երկրորդական նախադասությանը։ Եթե այն պատասխանի ո՞ր հարցին, պետք է կիրառել որ հարաբերականը, իսկ եթե ո՞վ, ո՞ւմ հարցերին, ապա՝ համապատասխան դերանունները։
Այս տրամաբանությամբ դիտարկենք վերը բերված նախադասությունները։ Այսպես՝
Եկել էր նաեւ Բելգիայի վարչապետը, ով առաջին անգամ էր այցելում Ծիծեռնակաբերդ։
Երկրորդական նախադասությունը (ով առաջին անգամ էր այցելում Ծիծեռնակաբերդ) լրացնում է վարչապետը գոյականին։ Հարց տանք. եկել էր նաեւ Բելգիայի ո՞ր վարչապետը։ Ոչ մի կերպ չենք կարող հարցնել՝ եկել էր նաեւ Բելգիայի ո՞վ վարչապետը։ Ինչպես տեսանք, երկրորդական նախադասությունը չի պատասխանում ո՞վ հարցին, հետեւաբար սխալ է այն գլխավորին ով-ով կապակցելը։
Դիտարկենք մյուս օրինակը, որում երկրորդական նախադասությունը գլխավորին կապակցվում է ով-ի հոգնակի թվով՝ ովքեր հարաբերականով։
Մենք մարդիկ ենք, ովքեր ավելի քան տասը տարի փողոցում ծեծվել են։
Երկրորդական նախադասությունը՝ «ովքեր ավելի քան տասը տարի փողոցում ծեծվել են», լրացնում է մարդիկ գոյականին։ Հարց տանք. մենք ո՞ր մարդիկ ենք. չենք հարցնի՝ մենք ո՞վ մարդիկ ենք։ Պատասխանը կլինի. «Մենք մարդիկ ենք, որոնք ավելի քան տասը տարի փողոցում ծեծվել են», իսկ նախադասությունը փոխակերպելու դեպքում՝ «Մենք ավելի քան տասը տարի փողոցում ծեծված մարդիկ ենք»։
Հաջորդ օրինակում որոշիչ երկրորդական նախադասությունը գլխավորին կապակցվում է ով-ի հոլովված տարբերակով՝ ում հարաբերականով։
Սուբելիանին այն պաշտոնյան է, ում ամիսներ առաջ Վրաստանի իշխանությունները կալանավորեցին՝ 2 անչափահասների սպանության գործով սկսած զանգվածային ցույցերը հանդարտեցնելու համար։
Պաշտոնյա գոյականին լրացնող «ում ամիսներ առաջ Վրաստանի իշխանությունները կալանավորեցին՝ 2 անչափահասների սպանության գործով սկսած զանգվածային ցույցերը հանդարտեցնելու համար» երկրորդական նախադասությանն ուղղված հարցը կլինի՝ Սուբելիանին ո՞ր պաշտոնյան է եւ ոչ՝ Սուբելիանին ո՞ւմ պաշտոնյան է, հետեւաբար ճիշտ է երկրորդականը գլխավորին կապակցել որի հարաբերականով (Սուբելիանին այն պաշտոնյան է, որին ամիսներ առաջ Վրաստանի իշխանությունները կալանավորեցին՝ 2 անչափահասների սպանության գործով սկսած զանգվածային ցույցերը հանդարտեցնելու համար)։
Որոշիչ երկրորդական նախադասությունների հարաբերականները գլխավոր նախադասության մեջ՝ լրացյալ գոյականի կողքին, ունենում են հարաբերյալ, որի առկայությունն արդեն իսկ հուշում է, որ գործ ունենք որոշիչ երկրորդական նախադասության հետ եւ պետք է գրենք որ։
Դիտարկենք նման դեպքի սխալ կիրառության մեկ օրինակ՝
Ով է այն պաշտոնյան, ով ըստ Հայկ Դեմոյանի՝ աշխատում է Թուրքիայի հատուկ ծառայությունների համար։
Երկրորդական նախադասությանը կտանք «ո՞ր պաշտոնյան» հարցը։ Փոխակերպելիս պատասխանը կլինի՝ «Ով է ըստ Հայկ Դեմոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների համար աշխատող պաշտոնյան»։ Երկրորդական նախադասությունն այստեղ փոխարինում է այն հարաբերյալին, եւ նախադասությունը փոխակերպելիս «այն»-ը չի պահպանվում։
Նշենք, որ թեպետ որ-ի եւ ով-ի կապակցման այս խնդիրը հիմնականում առաջանում է որոշիչ երկրորդական նախադասությունների դեպքում, սակայն կարող են լինել դեպքեր, երբ երկրորդական նախադասությունը կարող է ընկալվել նաեւ որպես բացահայտիչ, քանի որ դրանց սահմանը շատ նուրբ է։ Այս դեպքում եւս երկրորդականը գլխավորին կապակցվում է որ հարաբերականով։ Օրինակ՝
Եղիշե Չարենցը, որ հայ նշանավոր բանաստեղծ է, մահացել է 1937 թվականին։
Այս երկրորդական նախադասությունը (որ հայ նշանավոր բանաստեղծ է) կարող է փոխակերպվել ե՛ւ որպես բացահայտիչ երկրորդական նախադասություն (Եղիշե Չարենցը՝ հայ նշանավոր բանաստեղծը, մահացել է 1937 թվականին), ե՛ւ որպես որոշիչ երկրորդական նախադասություն (Հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցը մահացել է 1937 թվականին)։

Ե՞րբ կիրառել ով-ը

Ով հարաբերականով երկրորդական նախադասությունը կարող ենք կապակցել գլխավորին այն դեպքում, երբ երկրորդականը պատասխանում է ո՞վ, ո՞ւմ հարցերին։ Այսպիսին է նա, ով կառույցը՝ իր նրանք, ովքեր, նրան, ում, նրանց, ում եւ համանման դրսեւորումներով։ Այս կառույցների կիրառության դեպքում երկրորդական նախադասությունը հիմնականում բացահայտիչ է, սակայն կարող է լինել նաեւ ստորոգելի, ուղիղ խնդիր եւ այլն՝ կախված նրանից՝ «նա»-ն հարաբերյա՞լ է, թե՞ ոչ։
Կողմնորոշվելու համար կարեւոր է հիշել, որ երկրորդական նախադասությունը գլխավորին ով հարաբերականով կարող ենք կապակցել այն դեպքում, երբ գլխավոր նախադասության մեջ ունենք նա լրացյալը։
Քաջ մարդը ոչ թե նա է, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարում է այդ վախը։
Հարց տանք «ով չի վախենում» եւ «ով հաղթահարում է այդ վախը» երկրորդական նախադասություններին։ Կասենք՝ քաջ մարդը ո՞վ է։ Երկրորդական նախադասությունը ստորոգելի է։
Ես հարգում եմ նրան, ով կարեւորում է քաղաքացու եւ պետության շահը։
Այստեղ «ով կարեւորում է քաղաքացու եւ պետության շահը» երկրորդականը պատասխանում է ո՞ւմ հարցին. կհարցնենք՝ ես հարգում եմ ո՞ւմ, պատասխանը կլինի՝ քաղաքացու եւ պետության շահը կարեւորողին։ Երկրորդական նախադասությունը ուղիղ խնդիր է։
Նա, ով կնշանակվի այդ պաշտոնում, կդառնա հիմնական պատասխանատուն։
Այս օրինակում «ով կնշանակվի այդ պաշտոնում» երկրորդական նախադասությունը կարող է ընկալվել ե՛ւ որպես ենթակա երկրորդական, եթե «նա»-ն համարենք հարաբերյալ եւ զեղչենք, ե՛ւ որպես բացահայտիչ երկրորդական, եթե «նա»-ն չհամարենք հարաբերյալ. այս դեպքում այն չի զեղչվի։ Ենթակա երկրորդականի դեպքում կփոխակերպվի այսպես. «Այդ պաշտոնում նշանակվողը կդառնա հիմնական պատասխանատուն», իսկ բացահայտիչ երկրորդականի դեպքում՝ «Նա՝ այդ պաշտոնում նշանակվողը, կդառնա հիմնական պատասխանատուն»։
Հաջորդ օրինակում գործ ունենք հոգնակի թվով գործածված կառույցի հետ, եւ երկրորդական նախադասությունը պատասխանում է ովքե՞ր հարցին.
Նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը, կհայտնվեն պատմության աղբանոցում։
Դիտարկենք մեկ այլ օրինակ.
«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ այսօր ունենք մարտունակ բանակ»։
Երկրորդական նախադասությանն (ում ջանքերի շնորհիվ այսօր ունենք մարտունակ բանակ) ուղղված հարցը կլինի փառք ու պատիվ ո՞ւմ, ոչ թե փառք ու պատիվ ո՞ր նրանց։ Ի դեպ, սա չի նշանակում, որ չենք կարող գործածել նրանք, որոնք կառույցը. այն եւս կիրառելի է։ Այսպես՝ «Փառք ու պատիվ բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիվ այսօր ունենք մարտունակ բանակ»։
Ի դեպ, որպես հարաբերական ով-ը կարող է գործածվել նաեւ այն դեպքում, երբ գլխավոր նախադասության մեջ ունի ամեն ոք, յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր, բոլորը, ամենքը եւ համանման դերանուններ։ Օրինակ՝ «Յուրաքանչյուր ոք, ով ճանաչում էր նրան, լավ կարծիք ուներ նրա մասին»։
Ամփոփելով՝ նշենք հետեւյալը. հայերենում որոշիչ երկրորդական նախադասությունը գլխավոր նախադասությանը կապակցելու ամենատարածված միջոցը որ հարաբերականն է։ Ճիշտ կողմնորոշվելու եւ որ-ի փոխարեն սխալմամբ ով չկիրառելու համար երկրորդական նախադասությանը պետք է հարց տալ. եթե այն պատասխանում է ո՞ր հարցին, պետք է գործածել հենց որ հարաբերականը։
Ով հարաբերականը գործածելի է այն դեպքում, երբ գլխավոր նախադասության մեջ նրա լրացյալը նա դերանունն է, այսինքն՝ գործ ունենք նա, ով կառույցի եւ դրա տարբեր դրսեւորումների հետ։ Միաժամանակ այն կարող է կիրառվել նաեւ այն դեպքերում, երբ լրացնում է յուրաքանչյուր, յուրաքանչյուր ոք, բոլորը, ամեն ոք եւ այլ դերանունների։
Այսպիսով՝ գոյականների հետ գործածում ենք որ հարաբերականը, իսկ դերանունների հետ՝ ով-ը (նաեւ որ-ը)։

Wednesday, 24 October 2018

Հոլանդական «BRIGHT FUTURE» կազմակերպության հերթական հաջող միջոցառումը Հայաստանում

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ


ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻ

Եվրամիության հովանու ներքո հոլանդական «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» («BRIGHT FUTURE) հ/կ կողմից Հայաստանում հաջողությամբ իրականացվեց միջազգային լայնամասշտաբ նախագիծ՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդների մասնակցությամբ (Նիդերլանդներ, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ռուսաստան, Հայաստան)։ «Առաջնորդություն» խորագրի ներքո սփյուռքահայ և օտարազգի երիտասարդները 7 օր անցկացրեցին Հայաստանում՝ Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցային համալիրում։ Ծրագրի հիմնական նպատակն էր ոչ-ֆորմալ ուսումնական մեթոդներով երիտասարդ մասնակիցների և ուսանողների շրջանում զարգացնել առաջնորդին հատուկ որակներ և գիտելիքներ՝ տարբեր հետաքրքիր, ինչպես նաև ուրախ ինտերակտիվ խաղերի և միջոցառումների շրջանակներում, որոնք անընդհատ ընդատվում էին մասնակիցներին ակտիվացնող, կարճ երգ ու պարով, մարմնավարժություններով՝ ուսումնական գործընթացին հաղորդելով ակտիվություն և բարձր տրամադրություն։ 
Միջազգային նախագծի մասնակիցները տեղակայվել էին «միջազգային» սենյակներում՝ նախապես չիմանալով իրենց հարևանների անունները։ Նախագծի կազմակերպիչների համոզմամբ՝ նման իրավիճակում երիտասարդները սովորում են լինել հանդուրժող, ճկուն վարքագիծ են դրսևորում՝ միմյանց հետ հարմարվելու համար, դառնում են էլ ավելի համբերատար, հոգատար, ծանոթանում են միմյանց մշակույթին, ազգին բնորոշ վարքագծին, զարգացնում են արագ լեզու գտնելու և շփվելու ունակութոյւններ։ 
Հետաքրքիր, բայց դժվարին է եղել մասնակիցների ընտրությունը. մոտիվացիոն նամակների, այնուհետև՝ հարցազրույցների արդյունքում նախագծին են միացել միմիայն խելացի, առաջատար մասնագետներ և խոստումնալից երիտասարդներ, ովքեր մեծ ցանկություն են հայտնել զարգացնել կամ գտնել իրենց մեջ առաջնորդին հատուկ հմտություններ։ Գերմանիայի խմբի ներկայացուցիչ Կարինեն, լինելով ազգությամբ հայ, երբևէ հնարավորություն չէր ունեցել լինել հայրենի երկրում։ Ստանալով այդ բացառիկ հնարավորությունը և չստանալով արձակուրդային օրեր, նա, միևնույն է, որոշում է կայացրել կորցնել աշխատանքը, բայց կատարելագործել առաջնորդին հատուկ իր հմտությունները հենց հայրենի հողում։ Այսպիսով՝ մի քանի ամիս ընթացող երկարատև միջազգային հարցազրույցների արդյունքում ընտրվել են լավագույններից լավագույնները։ Իսկ ճիշտ ընտրություն կատարելու ապացույցը նախագծի արդյունքներն են։   
Առաջին օրը երիտասարդները միմյանց ներկայացրեցին իրենց երկրների առաջնորդներին, փորձի և տեղեկատվության փոխանակում իրականացրեցին՝ ոչ-ֆորմալ միջավայրում։ Նրանցից յուրաքանչյուրը կերպարանափոխված էր ու նման էր այն առաջնորդին, ումով հպարտանում էր։ Հյուրանոցային համալիրի միջանցքներում կարելի էր հանդիպել Մեսրոպ Մաշտոցին, Նիկոլ Փաշինյանին՝ կնոջ հետ, Անգելա Մերկելին, Առնոլդ Շվարցենեգերին, Ալլա Պուգաչովային, Դիրան և Պիեր Բաղդադյաններին («Գուրմե Դուրմե» հայկական արտադրության կրեատիվ շոկոլադների հիմնադիրներ), Դեն Բիլզերյանին, հոլանդական քաղաքական գործիչ Հարրի վան Բոմմելին և այլոց։ Երիտասարդներն ակտիվ համոզում ու պատմում էին միմյանց, թե ինչու և ինչ արժանիքների շնորհիվ է իրենց ներկայացրած կերպարը առաջնորդ համարվում։ (լուսանկարներ)
Նախագծի շրջանակներում գրանցվեցին հետաքրքիր հանդիպումներ տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Երիտասարդներն ունեցան փորձի փոխանակում Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի և Եվրոպական երկրներում հայկական համայնքների հետ կապերի բաժնի ղեկավար Կարեն Ավանեսյանի հետ։ Նրանք ժամանեցին Բյուրական, ընկերական և շատ հաճելի մթնոլորտում շփվեցին երիտասարդների հետ, պատասխանեցին նրանց բոլոր հարցերին՝ ստանալով սպառիչ և հետաքրքիր պատասխաններ, խորհուրդներ։ Ուշագրավ և տպավորիչ էր Արամայիս Գրիգորյանի և Կարեն Ավանեսյանի ջերմ վերաբերմունքը՝ մասնակիցներից յուրաքանչյուրին. նրանք նաև մեծ սիրով համաձայնեցին մասնակցել «Առաջնորդ կամ մենեջեր» զարգացնող խաղին՝ աջակցելով թիմակիցներին հասկանալ և տարբերակել առաջնորդի և մենեջերի պարտականությունները։    
Մասնակիցները ոչ պակաս տպավորված էին մշակույթի նախարարություն այցելելով։ Նախարար Լիլիթ Մակունցն իր՝ օտար լեզուների, մասնավորապես՝ անգլերենի փայլուն իմացությամբ ապշեցրել էր բոլորին։ Բովանդակալից և թեմատիկ փորձի փոխանակման արդյունքում արտասահմանցի և հայ երիտասարդները փաստեցին, որ այդ հանդիպումն, իրոք, հաջողված էր և որ Լիլիթ Մակունցին հաջողվեց մոտիվացնել և ուղղորդել իրենց՝ դեպի նորանոր գործնական և անձնական ձեռքբերումներ և հաղթանակներ։ Իսպանացի երկու երիտասարդներ՝ Պաուլան և Խավիերը իրենց՝ «Ժողովրդավարություն» խորագրով գիտական աշխատանքն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով զրուցեցին Սփյուռքի հարցերով փոխնախարար Արամայիս Գրիգորյանի, ինչպես նաև՝ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ։ Նրանք տպավորված էին մեր նախարարների հետ մտերմիկ և ջերմ շփման արդյունքում և նշեցին, որ Իսպանիայում նախարարների և այլ պաշտոնյաների հետ նմանատիպ ընկերական և ոչ-ֆորմալ զրույց դժվար է պատկերացնել ։    
  Ով կարող է ունենալ ավելի մեծ կամքի ուժ և առաջնորդին հատուկ վարքագիծ, եթե ոչ  սպորտային աշխարհի ներկայացուցիչները, աշխարհի և օլիմպիական խաղերի մրցանակակիրները։ Սպորտային օրը կազմակերպվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում (նախկին «Միկա» մարզադահլիճ)։ Մինչ խաղերին անցնելը՝ երիտասարդ մասնագետներին հնարավորոթյուն ընձեռվեց կատարել փորձի փոխանակում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ, ինչպես նաև՝ օլիմպիական խաղերի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանի, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանի հետ, ArmFC սպորտային ընկերության ղեկավար Հայկ Ղուկասյանի հետ։ Նրանք կիսվեցին իրենց հաջողություններով, մարզական ձեռքբերումներով, պատմեցին դրանց հասնելու ճանապարհին ունեցած դժվարությունների մասին: Երիտասարդները և հանդիպմանը մասնակից մարզիկները անցկացրեցին բացօթյա մարզումներ, սպորտային խաղեր և մրցումներ։
Մեկ այլ օրվա շրջանակներում ապագա և ներկա առաջնորդ-մասնակիցները քննարկեցին հաջողված և անհաջող բիզնեսային օրինակներ, կիսվեցին միմյանց հետ սեփական դրական և բացասական պատմություններով, փորձի փոխանակում ունեցան հայկական շուկայում առաջատար մարքեթինգային ընկերություններից մեկի՝ «Դոփինգ» գրուպի հիմնադիր-ղեկավար Հայկ Սիմոնյանի հետ, ով իր օրինակով փորձեց երիտասարդներին մոտիվացնել Հայաստանում սեփական բիզնես հիմնել, չվախենալ դժվարւթյուններից և չբավարարվել գրանցված հաջողություններով՝ միշտ ձգտելով առավելագույնին։ Արդյունքում ծրագրի մասնակիցներին հաջողվեց ընդամենը 20 րոպեում՝ թիմային արդյունավետ համագործակցությամբ, ստեղծել սեփական սթարթ-ափ նախագծերը, որոնք նրանք պատրաստվում են մոտ ապագայում իրականացնել Հայաստանում։ 
Տպավորիչ էր հանդիպումը «ՄԵՐ ՏՈՒՆ» հ/կ մանկատան երիտասարդ աղջիկների և հ/կ տնօրինության հետ։ Արտասահմանցի և սփյուռքահայ մասնակիցներն ակտիվ շփվեցին նրանց հետ՝ փորձելով զարգացնելով աղջիկների շրջանում խոսակցական անգլերենի մակարդակը։ 
Մասնակիցները հոգ էին տանում միմյանց հանդեպ այնպես, ասես տասնյակ տարիների ընկերներ լինեին։ Նրանք ինքնակամ կազմակերպում էին հետաքրքիր միջոցառումներ, հրավիրում միմյանց մասնակցել դրանց։ Իսպանական խումբն այս տարի ամենաակտիվն էր. ծրագրի ավարտին արժանացան «Լավագույն խումբ» կոչմանը։ Նրանք Իսպանիայից Հայաստան էին բերել Պաելիա պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները, բաղադրիչները։ Ուղղակի տեսնել էր պետք, թե ինչ համախմբվածությամբ և սիրով էին պատրաստում իսպանական խոհանոցը ներկայացնող ուտեստը և հյուրասիրում իրենց նոր ընկերներին։ Մասնակիցների համոզմամբ, անհավանական բարի և սիրո մթնոլորտ էր տիրում նախագծի ներսում, չնայած, որ մասնակիցներից յուրաքանչյուրը անհատականություն էր, ուներ իր՝ արդեն ձևավորված վարքագիծն ու աշխարհայացքը։ Ինչպես էին նրանք համագործակցում, օգնում միմյանց և թե ինչ սրտացավորեն էին մոտենում միմյանց դժվարություններին ու ցանկացած խնդիրներին՝ տեսնել էր պետք։
 Արտասահմանցի երիտասարդները հիացած էին հայկական հյուրընկալությամբ. նախագծի շրջանակներում նրանք հնարավորություն ունեցան սեփական փորձի արդյունքում զգալ, թե ինչ հյուրասեր և ջերմ ազգ ենք մենք՝ հայերս։ «Առաջնորդները Աշտարակ քաղաքում» ակտիվության շրջանակներում միջազգային թիմերի բաժանված մասնակիցները ունեին հետաքրքիր թիմային առաջադրանքներ. օրինակ՝ մի թիմը պետք է անվճար կարողանար կտրել մասնակից տղաների մազերը, մյուսը՝ գումար վաստակել և/կամ, դռնեդուռ ընկնելով, սնունդ խնդրեր։ Նրանք լվանում էին մեքենաներ, երգում և պարում փողոցներում, այցելում աշտարակցիների տները, օգնում նրանց բերք հավաքել ծառերից, աղբահանում էին կատարում և այլն։ Երիտասարդները վստահեցրին, որ այս փորձը նրանց ոչ միայն անծանոթ քաղաքում գոյատևելու և մարդկանց հետ ժեստերի լեզվով խոսելու բացառիկ հնարավորություն տվեց, այլ նաև խորապես ապացուցեց, որ Հայաստանում ապրում են միայն բարի, հյուրընկալ և ուրախ մարդիկ։ «Ում հետ խոսել ենք փողոցներում՝ իր տուն է հրավիրել ամբողջ խմբին. սա անհավատալի է»,- միաձայն ասում էին օտարազգի երիտասարդները։
- Իհարկե, նախագծի հիմնական նպատակն էր պատրաստել տարբեր ասպարեզներում գործունեություն ծավալող առաջնորդներ, սակայն ուրախությամբ կարող ենք նշել, որ ինչպես նախորդ տարի (խորագիրը՝ «Միջմշակութային հաղորդակցություն»), այս տարի ևս մեր ծրագիրը ոչ միայն ուսումնական և տեղեկատվական բնույթ կրեց մասնակիցների համար, այլ իր չափով նպաստեց Հայաստանի հանդեպ սփյուռքահայ և օտարազգի երիտասարդների հետաքրության առաջացմանը, նշեց ծրագրի ղեկավար, հոլանդական «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ հիմնադիր-տնօրեն Մարիամ Կիրակոսյանը։ - Իմ համար՝ որպես հայրենասեր հայի, նախագծի ամենամեծ հաջողություններից է այն, որ բոլոր մասնակիցները հրապուրվեցին մեր երկրով, մշակույթով և հայ ազգով։ Գրեթե բոլորը պատրաստվում են վերադառնալ, պատրաստել նորանոր նախագծեր՝ ներգրավելով իրենց ընկերներին։ Զարմանալիորեն հիացրեցին մի քանի մասնակիցներ, երբ ասացին, որ պատրաստվում են Արարատի տեսքով դաջվածքներ անել։ Մի եվրոպացի երիտասարդ նույնիսկ որոշեց ներկել իր մազերը հայկական դրոշի գույներով և պատմել մեր երկրի մասին իրենց ընկերներին և գործընկերներին։ Այսօր պատահաբար նկատեցի, որ արտասահմանցի մեր մասնակիցներից մեկի՝ Հյուգոյի սոցցանցային ստատուսը հայերեն տառերով է գրված, գլխավոր նկարը՝ Հայաստանում է արված։ Նախագիծը միանշանակ համարում ենք ստացված. դրանց ապացույցը երիտասարդների (թե՛ տղա, թե՛ աղջիկ) արցունքներն էին ծրագրի ավարտին։ Նրանցից ոչ մեկը չէր ցանկանում լքել Հայաստանը. Ավստրիական խմբի ղեկավար Քսենիան հետադարձի նոր տոմս գնեց՝ երկու օրով հետաձգելով իր թռիչքը։  
Նախագծի ավարտին մասնակիցներն արժանացան նոմինացիաների և սերտիֆիկատների։ Ծրագրի վաղեմի ընկեր «Լակի» ընկերությունն այս տարի ևս ապահովել էր մասնակիցներին քաղցրավենիքով և գեղեցիկ տորթով՝ Եվրոմիության տարբերանշանով։ 
Երիտասարդական այս նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական և արտասահմանյան լրատվամիջոցների մոտ։ Ծրագրի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է հոլանդա-հայկական «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ» պարբերականը։ Այլ լրատվական աջակիցներ՝  Հանրային հեռուստաընկերություն, Արմենիա հեռուստաընկերություն, Գավառի և Իջևանի հեռուստաընկերութոյւններ, Հանրային Ռադիո, Ռադիո Վան, Ռադիո Մարշալ, Orer.eu, Tert.am, Iravunk.com,  Shamshyan.com, MyMamul.am և ուրիշներ։
  Նմանօրինակ երիտասարդական մեծ նախագծերը խրախուսելի են, քանի որ դրանք ոչ միայն ուսուցողական են, այլ նաև հնարավորություն են տալիս ստեղծել նորանոր նմանատիպ ծրագրեր՝ երիտասարդներին հուզող խնդիրներին և հետաքրքրություններին ուղղված։ Այս նախագծի մասնակիցները, ոգևորվելով ծրագրի ընթացքից և արդյունքից, հանդես եկան նոր մտքերով և առաջարկնելով՝ առաջիկա ծրագրեր կյանքի կոչելու համար։










 Ամբողջական լուսանկարների հավաքածոն «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջում: