The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 20 March 2023

Հարգանքի տուրք Արամ Մանուկյանի հիշատակին

«Ես մի բանից եմ վախենում. վախենում եմ՝ մենք սևերես  դուրս գանք մեր ժողովրդի առջև, չկարողանանք կազմակերպել գործը եւ կորցնենք նրա հավատն ու վստահությունը»։                    

Արամ Մանուկյան

Այսօր ՆԳ նախարարության մուտքի մոտ հավաքված ՆԳ աշխատակիցները հանդիսավոր արարողությամբ նշում էին իրենց առաջին նախարարի ծննդյան օրը։ Փորձեցինք զրուցել․ պարզվեց, որ նման արարողություն նախարարության  մուտքի մոտ, որտեղ տեղադրված է Արամ Մանուկյանի կիսանդրին, ամեն տարի է տեղի ունենում։ Բարձրաստիճան սպային խնդրեցի ներկայանալ, ասաց, որ ինքն էլ է Մանուկյան, բայց իր անունը Սարգիս է։ Ի դեպ Արամ Մանուկյան գործչի իրական անունը նույնպես Սարգիս է եղել։ Աշխատակիցները մեծ ակնածանքով ծաղիկներ դրեցին քաղաքական գործչի հիշատակին։ 

Արամ Մանուկյանի կիսանդրին ՆԳ նախարարության դիմաց տեղադրվել է 2009թ․ մայիսի 30-ին։ Քանդակագործը Լեւոն Թոքմաջյանն է, հեղինակը երկար է մտածել, թե ինչ քարով կերտի արձանը: Նյութը նա գտել է Ապարանի լեռներից, այն սպիտակ քար է կապտավուն երանգներով, ինչն ըստ Լեւոն Թոքմաջյանի խորհրդանշում է այն ժամանակը, երբ ապրել ու գործել է Արամ Մանուկյանը: Թոքմաջյանն ասել է, որ չորս տարի շարունակ քանդակը սպասում էր իր տեղադրմանը, եւ  «տաշած քարը գետնին չմնաց», ու Արամ Մանուկյանի կիսանդրին, ինչպես Թոքմաջյանն է նշել, ոստիկանապետի ու վարչապետի համաձայնությամբ տեղադրվեց ոստիկանության շենքի դիմաց: 






Ռազմական, պետական գործիչ Ա․ Մանուկյանին «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» թերթը 2019 թվին ներկայացրել է հետևյալ կերպ․ Հայաստանի առաջին Հանրապետության ականավոր պետական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, ՀՀԴ անդամ, ով ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետը։ 

Արամ Մանուկյանն ապրել է տարբեր քաղաքներում, սակայն, լինելով ազնիվ իր բնույթով  վեհ անձնավորություն բոլոր քայլերը գցելիս հաշվի է առել ժողովրդի շահը։

 Հանրապետության հիմնադրի հուղարկավորության ժամանակ Նիկոլ Աղբալյանը, արցունքն աչքերին, ասել է պատմական դարձած հետևյալ խոսքը. «Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»: 

Արամ Մանուկյանի մահվանից հետո իր հրաժարականը տվեց Զորավար Մովսես Սիլիկյանը 

«Դժգոհները չեն ճանաչում Արամին: Երբ ճանաչեն, կհամոզվեն, որ ներկայումս նա ՄԻԱԿ կարող մարդն է այդ պաշտոնի (զինվորական վարիչի) համար:

Եվ ինչո՞ւ եմ հրաժարվում. որովհետեւ մեկ է՝ ես ինքս առանց Արամի ոչինչ չեմ անելու: Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու ոչ մի կարեւոր քայլ չեմ անում, իսկ վարիչի պաշտոնը հանձն առնելու պարագային, գրասենյակս տեղափոխելու եմ նրա մոտ»:

Արամ Մանուկյանը հայոց անկախության խորհրդանիշն է, ով իր գործունեությամբ վեր բարձրացավ կուսակցականությունից՝ դառնալով ազգային հերոս ու գործիչ։ Նրան հավասար ազգի բարօրության համար էր գործում Արամ Մանուկյանի կինը` Կատարինե Զալյան-Մանուկյանը, ով բժշկուհի էր՝ իր կյանքը նվիրաբերած Ցեղասպանությունից հետո հայ որբերի ու գաղթականների օգնության գործին: Կատարինեն ստանձնեց ոչ միայն նրա կնոջ դերը, այլև երկրի առաջին ատյանում՝ օրենսդիր մարմնում, ներգրավվեց Բժշկասանիտարական հանձնաժողովի կազմում՝ շարունակելով լուծել գաղթականների խնդիրները:

Բազում կյանքեր փրկած բժշկուհին, ցավոք, չկարողացավ փրկել իր ամուսնու կյանքը, ով մահացավ 1919թ․ հունվարի 29 ին բծավոր տիֆից։
Արամ Մանուկյանի հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հոգում։

Հեղինակ՝ Նաիրա Գասպարյան
«Նիդերլանդական Օրագրի» համար՝ Երևանից


ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ 

Արամ Մանուկյանը ականատեսի աչքերով

Վասպուրականը սակայն, 20-րդ դարասկզբին կկազմեր ուրախալի բացառություն մը Տարոնի, Բարձր Հայքի և այլոց հետ համեմատած։ Սա չընկճվեցավ այս բոլորեն ու կներկայացներ շնչելի մթնոլորտ մը հայ թոքին համար, և այդ՝ շնորհիվ Արամ իշխանի։

 Արամ իշխանը, որը ծագմամբ Սյունի էր, իր եռանդուն գործունեությամբ, իր պարզությամբ և իմաստությամբը գրավեց ոչ միայն հայերու, այլև թուրքերու սիրտը, որք «փաշա» տիտղոսը տվին իրեն։ Այս բանը շատ լավ կհասկնար ժամանակի ոստիկան Ջևտետ փաշան։ Նա գիտեր, որ քանի կենդանի է Արամ՝ իր իշխանությունը չի կարելի հաստատուն համարել։ Եվ օր մըն ալ, ապստամբության դրոշ բարձրացնելով կրնար անկախություն հայտարարել և դուրս վռնդել թուրք ոստիկանին Վասպուրականի սահմաններեն։

 Վասպուրականի ոստիկան, խորամանկ Ջևտետն առիթը հարմար սեպելով, կպատրաստվի իր հաշիվը մաքրել Արամին հետ։ Ուստի հոտ կհանե իբրև թե Մոսկոֆներու վրա կռվի պիտի երթա, կսկսե տենդագին պատրաստություններ տեսնել։ Դեսպաններ կղրկե Արամին քով և խումբ մը հայագունդ զորք կխնդրե ի սատար օգնականության։ Արամը բոլորովին անտեղյակ չըլլալով մեկտեղ մահմեդական ոստիկանին խորամանկությանը, կհավանի գունդ մը քաջ կռվողներ ղրկել, որոնք Վասպուրականի Արճակ ավանի մեջ կմիանան մահմեդական զորաց։

 Ջևտետն իր խառնիճաղանջ բանակը, ըստ երևույթին, դեպի Ատրպատականի սահմանները կխաղացնե։

 Վասպուրականը պահ մը խաղաղ զգաց իրեն, բայց այս խաղաղությունը երկար չտևեց...

 Անմիջապես արևելյան գավառներեն գուժկաններ հասան Արամի մոտ, թե՝ Ջևտետը իր ճամփան փոխած՝ Վասպուրականին վրա կքալե. քո պատրաստությունը տես, կըսեն, ո՛վ քաջ։ Գյուղերը, ավանները ասպատակելով, կոտորելով Վանա պարիսպներուն կմոտենա քեզի անպատրաստ վիճակի մեջ բռնելու համար։

Սակայն Հայաստանի ամեն կողմերեն եկած այս բոթերը չշփոթեցրին զԱրամ։ Անիկա իր վերջնագիրը հղելով առ թուրք ոստիկանին, գործի անցավ։ Լուր ղրկեց դաշնակցականց, ռամկավարաց, հնչակենից, լբանց, ճղբաց և այլն ազգաց և ազանց, որ վաղվաղակի գան հասնեն թիկունս օգնականության։ Հայ նախարարները հասկցան Հայաստանին սպառնացող վտանգի ամբողջ մեծությունը և ամեն կողմե քաջ պատերազմիկ գունդեր շտապեցին իրենց սիրելի Արամ իշխանին քովը համախմբվիլ։ 

 Մյուս կողմե Արամ սպարապետը նամակ մը կղրկե Ռուսիա և հիշեցնելով ռուսաց խոստումները՝ օգնություն կխնդրե։ Սպասված օգնությունը չուշանար և Ջևտետ ոստիկանը հասկնալով իր վիճակին լրջությունը՝ քաղաքին մահմեդական բնակչությունն առած Բիթլիս կապավինե։

 Ժողովուրդն այս հաղթութունեն գինովցած, անմիջապես Եզնիկ Մոկացու նախագահությամբ ժողով մը գումարեց Վանի Մայր եկեղեցու մեջ և որոշեց Արամ իշխանը գահ բարձրացնելով՝ նահանգապետ հռչակել։

 Արամ Մանուկյանը իր իշխանության ամբողջ ընթացքին ցույց տվավ, որ ոչ միայն քաջ կռվող մըն է պատերազմի դաշտին մեջ, այլև շինարար նահանգապետ մը խաղաղության ատեն։ Արամ Ա.-ի օրոք երկրագործությունը իր գագաթնակետին հասավ։ Ոսկին ու արծաթն առատացավ երկրին մեջ։

 Արամ Մանուկյանը ամբողջ 70 օր հայրաբար խնամեց իր ժողովուրդը։ Ոչխար չունեցողին ոչխար տվավ, ծառ չունեցողին ծառ տվավ։ Ժամանակի վարժապետները իրենց իսկ բերանով խոստովանած են, որ Արամի իշխանության օրոք բնավ անոթություն զգացած չունեն։

 Արամ Ա. ժառանգ չունենալով իշխանությունն անցավ Ռամկավարաց տոհմին, որք նստեցուցին Արմենակ Եկարյանին։ Սա Արմենակը չունենալով Արամի առաքինությունները, ինքզինքը կեր ու խումի տալով երկիրը սովի մատնեց։

 Լեռ Կամսար


Monday, 13 March 2023

Շվեդ լրագրող Ռասմուս Քանբեքի դասախոսությունը նվիրված հայ-ադրբեջանական հակամարտության վերլուծությանը

 


Երեկ՝ մարտի 11-ին, Ուփսալայի հանրային գրադարանում ( Շվեդիա) տեղի ունեցավ կոնֆլիկտաբանության մասնագետ շվեդ լրագրող Ռասմուս Քանբեքի ( Rasmus Canbäck) հիանալի դասախոսությունը նվիրված հայ- ադրբեջանական և Սրցախյան հակամարտության վերլուծությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Ուփսալայի հայ մշակութային միության կողմից։ Միջոցառումը առավել բովանդակալից դարձնելու համար պատմական դիտարկումներով իր ներդրումը ունեցավ Պատմաբան Վահագն Ավետյանը։
Երկու ժամ տևողության ելույթում, բանախոսը ներկայացրեց իր սեփական փորձով տեսածն ու լսածը, և եզրակացությունները։ Վերլուծության ենթարկեց Ադրբեջանի քաղաքական էլիտայի և Ալիևյան կլանի ողջ էությունը, քննադատական լույսի տակ քննարկվեց Ռուսաստանի, Արևմուտքի Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունը։ Խոսվեց հատկապես եվրոպական որոշակի քաղաքական գործիչների և պառլամենտականների կոռուպցիոն դրսևորումները, այդ բացահայտումների մեջ հստակ էր նաև բանախոսի ունեցած ներդրումը։
Ռասմուս Քանբեքը նաև այն վերջին արտասահմանյան լրագրողը և ընդհանրապես վերջին արտասահմանցին, է, ով կարողացել է այցելել Արցախը։ Նա բազմիցս եղել է Հայաստանում, Արցախում և նաև Ադրբեջանում։ Եւ քանի, որ իրեն թույլ չի տվել մտնել ադրբեջանական խավիարական աղբանոցի մեջ, նրան սկսել են տարբեր միջոցներով սպառնալիքների տակ առնել։
Նրա աշխատանքի արդյունքը շվեդերենով հրատարակած գիրքն է, որի խորագիրը հայերենով բառացիորեն կարելի է թարգմանել "Ամեն
օր մեռնում եմ դանդաղ (Varje dag dör jag långsamt):
Հույսով մեր հայ լրագրողները ևս գիտակցելով հարցի լրջությունը անձնական և խմբակային շահերը դնեն մի կողմ և կենցաղային մակարդակից վեր բարձրանալով կատարեն մասնագիտական աշխատանք։ Խոսքը իհարկե չի վերաբերում բոլորին, սակայն կա "լրագրողների", "քաղաքագետների" ու 'վերլուծաբանների" մի մեծ զանգված, որոնց համար առաջնայինը ցավոք, իրենց մասնագիտությունը չէ, այլ...
Կարո ՀԱԿՈԲՅԱՆ





Sunday, 12 March 2023

«Ապագա Հայկականը» Համաժողով. 3-րդ օր՝ Նվիրված բնակչության աճի խնդիրներին


Իր աշխատանքներն ավարտեց Ապագա Հայկականի Համաժողովը. երրորդ՝ եզրափակիչ օրը, նվիրված էր  «Բնակչության աճ» նպատակին

Համապարփակ հարց․
Որոնք են Հայաստանի կայուն ապագան երաշխավորելու և ժողովրդագրական մարտահրավերները լուծելու անհրաժեշտ ուղիները։
Հարցը քննության է առնվել 3 դիտանկյունից․

*Հայաստանի ժողովրդագրական վիճակը ներկայում
*Բնակչության բնական աճ
*Ներգաղթ և արտագաղթ

Հարցը առաջին դիտանկյունից լիարժեք քննելու համար ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական պատկերը վիճակագրության միջոցով, որին հաջորդում է կանխատեսումների պատկերը։ Պարզ է դառնում, որ 1990 թվի տվյալներով եղել է 3 514․ 9 բնակիչ երկրում , իսկ 2022 ի տվյալներով 2 961․4։ Պատկերը նույնքան տխուր է արտագաղթի ցուցանիշները դիտարկելիս՝ 2022-ին երկրից հեռացել է 27 941 մարդ, ըստ փաստաթղթային տվյալների մինչև 15 տարեկան երեխա կա միայն ամեն 5-րդ ընտանիքում։ Ըստ կանխատեսումների համավարակից հետո 2026 թվին կունենանք ծնունդների թվաքանակի անկում։ Այս տեմպերով նվազման արդյունքում 2100 թվին երկրի բնակչությունը կլինի 1 մլն։ Նշվեց, որ մեծացել է ամերիկյան գրին քարտի հավակնորդների քանակը։ Պետք է ջանքեր ներդրվեն մինչև 30 տարվա կտրվածքով երկրում ունենալ 6 մլն. բնակչություն։ Ժողովրդագրությունը պետք է հռչակվի մեյնսթրիմինգ՝ գլխավոր խնդիր, որին պետք է սպասարկեն մյուս ոլորտներում տարվող քաղաքականությունը ։ Այս պահին ժողովրդագրական քաղաքականությունն ընկալվում է իբրև սոցիալական օժանդակության գործիք, մինչդեռ այն պետք է դիտվի իբրև համալիր քաղաքականություն, որն ուղղված է մարդուն Հայաստանում պահելու և խթանելու նրա ստեղծագործական հնարավորությունները։ Քննարկման համար առաջադրված էր հարցերի խումբ, որոնց լուծումը կախված է խնդրի հրատապությունից ելնելով՝ ինչ կարող են անել գործարարները, մշակութային և կրթական կառույցները, տեղեկատվության միջոցները, և ինչպիսի իրականանալի գաղափարներ կքաշվեն առաջ։
Բնակչության բնական աճի առնչությամբ նշվեց, որ պտղաբերության/ծնելիության 2․1 գործակիցը այսօր կազմում է 1․6-1․7, սակայն եթե այն իջնի մինչև 1․3, ապա վիճակը կդառնա անշրջելի, դրա համար պետք է ջանք ու եռանդ չխնայել այն 2․1-ի մոտեցնելու հենց այսօրվանից։ Ծնելիության նվազման միտումը Հայաստանում կայուն է արդեն վաղուց։ Ամուսնություններն ու առաջին երեխայի ծնունդը հետաձգելը դարձել է սովորական, ամուսալուծությունների քանակը մեծ է՝ յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքներից 3-ը գտնվում է ռիսկային խմբում, սեռով պայմանավորված աբորտների հարցը թեպետ վերջին տարիներին բարելավվել է, այնուամենայնիվ չի փոխում ժողովրդագրության պատկերը, խնդիր է նաև առողջության հարցն ընդհանրապես։ Սեռատարիքային պատկերը հասնում է հայրենական պատերազմի միջով անցած երկրի պատկերին,միգրացիայի գործոնի հաշվառմամբ։ Մահացության պատկերը տարբեր է Երևանում և մարզերում։ Սա իրական պատկերն է, պետք է ձեռնարկել միջոցառումների շարք՝

 
*Մայրությունը հռչակել որպես արժեք:

*Յուրաքանչյուր 10-րդ կին երբեք ամուսնացած չի եղել, հետևաբար զրկված է մայրությունից․ պետք է մեծարել այն կնոջը, ով առանց ամուսնու կցանկանա զավակ ունենալ՝ նրանց մասին պետ է լինեն ֆիլմեր և այլն:

*Պետք է բարելավել երեխա խնամող մոր աշխատանքային պայմանները, Ռուսաստանի Դաշնության օրինակով ստեղծել ՝ Մայրական Կապիտալ ծրագիր դրամական աջակցության միջոցով օգնել, որ մայրը ձեռք բերի հողատարածք, ամեն հաջորդ երեխայի հետ կապված մեծացնել օժանդակությունը

*Կես օրյա զբաղվածության գրաֆիկ ներմուծել մանկահասակ երեխա ունեցող մայրերի համար:

 Կարևորվեց եկեղեցու և քարոզի դերը, քանի որ գյուղական վայրերում մարդիկ լսում են հոգևորականի խոսքը, իսկ հոգևորականները ընտանիքի իրենց օրինակով կարողանում են ճիշտ գնահատել մարդկանց կարիքները։
Պետք է ստեղծվեն լայնածավալ քարոզչության և իրազեկման հանրային մեխանիզմներ, առաջ քաշել «առնվազն 4 երեխա» թեզը, ստեղծել առցանց համահայ ծանոթության հարթակ, որը կնպաստի հայ ընտանիքների շատացմանը՝ ի հաշիվ հայ երիտասարդների շփումների։
Ինչ վերաբերում է ներգաղթ-արտագաղթ խնդրին առաջադրվել է կազմակերպել արտագաղթած հայաստանցիների ներգաղթ, պատմական սփյուռքի ներկայացուցիչների ներգաղթ, ինչպես նաև օտարազգիների ներգաղթ․ օտարազգիների ներգաղթ ի առումով տարաձայնությունները մեծ էին, նայց առաջարկվեց լինել ավելի ուշադիր արտագաղթը կանգնեցնելու առումով, որի դեպքում օտարների ներգաղթի ալիքը չի լինի որոշիչ։ Արտագղթի պատճառ նշվեցին անվտանգային խնդիրները։ Առաջարկվեցին ԱՐՏԱԳԱՂԹՆ ԱՄՈԹ Է ֆլեշմոբ սկսել, ստեղծել ՆԵՐԳԱՂԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ գործակալություն։ Սփյուռքի ջանքերի օգնությամբ ԱՄՆի կոնգրեսը օրենքում լրացում կատարի, ինչպես Իսրայելում և Լեհաստանում, որ թոշակառուն երկրից բացակայելու դեպքում շարունակի ստանալ իր թոշակը։ Նշվեց, որ նման մոտեցումը խթան կլինի։ Առաջարկ արվեց, որ թարմ գաղափարները համածողովի մասնակիցների կողմից միշտ կարժանանան քաջալերանքի։

Դանիել Գասպարյան

 Երիտասարդների հերդրումների հետ կապված խնդրեցինք խոսել Դանիել Գասպարյանին ՝ Ռուսաստանից, ով բոլորովին չէր սպասում, որ համաժողովը երիտասարդներին կընձեռի այսքան շատ ու մեծ հնարավորություններ հայաստանյան կյանքին ինտեգրվելու և իրենց նպաստը բերելու։ Դանիելը վստահ էր ու ոգևորված, որ վերադառնալուն պես իր հայրենակիցներին կներկայացնի իրավիճակում տեղի ունենալիք փոփոխությունները և կոչ կանի ինտեգրվել հայրենիքի բարեփոխություններին։

Միասնականության և ՄԵԿ ԱԶԳ ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ, հայկական ինքնությանխնդիրների հետ կապված դիմեցին Թուրքիայից Արի Կևորկ Դեմիրջիօղլուին։ Զրույցը շատ ջերմ էր, պարզվեց , որ երկուսիս արմատների մեջ մշեցու գենը որոշակի տեղ էր գրավում։ Զրույցը անկեղծ էր և երկուսս էլ զգացինք, հայը մեկն է ողջ աշխարհում, սակայն ցավով նշեցինք, որ համշենահայի հետ երկարատև աշխատանք պիտի տարվի իր խմբային պատկանելությունը հասկանալու համար։ Պիտի ասեմ, որ քննարկեցինք նաև հայկական «յան» ազգանունների հարցը։ Հետաքրքիր բան հայտնաբերեցի ինքս ինձ համար՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ Ռուսաստանում ունեն ով վերջավորությամբ ազգանուններ, բայց նրանց հայ լինելը ամենևին չի պակասում։ ԿԱՐևՈՐՆ ԱՅՆ Է, ԹԵ ՏՎՅԱԼ ԱՆՁԸ ԻՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։

Արի Կևորկ Դեմիրջիօղլու

Թուրքահայ երիտասարդի հետ զրուցելիս այն զգացողությունը ունեցա, որ նա ավելի հայ է, որովհետև իր պապերի հողի վրա է ապրում․․․ քան թե ես։

Համաժողովը միացրեց տարբեր վայրերում ապրող, բայց հայկական մշակույթի մաս կազմող հայության մասնիկներին, ովքեր ոգևորված կվերադառնան հայրենիքի բարօրության համար նորից հանդիպելու մղումով։
Համաժողովը դրեց համայն հայության միասնականության, Հայաստան – Սփյուռք արժեքավոր և հոգևոր համագործակցության, երկրի բնական աճի խթանման հիմքը և կլինի շարունակական բոլոր առումներով

Պատրաստեց՝

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Հատուկ «Նիդ․ Օրագրի» համար՝ «Ապագա Հայկականը» համաժողովից, Երևան 12.03.2023

https://niderlandakan.livejournal.com/563248.html

https://www.nidoragir.com/2023/03/3.html

https://my.mamul.am/am/post/107863


 


















Saturday, 11 March 2023

Ապագա Հայկականի Համաժողով 2-րդ օր՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակը




11.03.2023/Նաիրա Գասպարյան/Նիդ.օրագիր

Ապագա Հայկականի Համաժողով
2-րդ օր՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակը:


Այսօր առավոտը աշխատանքային փորձագիտական խմբի համար սկսվեց Եռաբլուր այցից։ Լուսիանա Մինասյանը այս մասին շատ ծանր տպավորություններ ունի՝ «Ամենաահավոր պահը Եռաբլուր այցելելն է. Տեսեք և հասկացեք, որ ընտանիքի յուրաքանչյուր անհայտ կորած տղա մեր ծանոթի որդին է, թոռը, ընկերը, բարեկամը: Ցավն անսահման է։ Որոշ ընտանիքներ այցելում և մաքրում են գերեզմանները՝ կատարելով մի տեսակ ծես, որը կարծես կենդանի է պահում ընկած տղաներին: Ավելի տխուր բան չեմ կարող մտածել»:
Այնուհետև շարունակվեց նիստը։
Համապարփակ հարցը, որ ենթակա է քննարկման և պիտի առաջնորդի դեպի աշխատող լուծումներ՝
Ի՞նչ սկզբունքների և գործնական կառույցների վրա կարելի է ձևավորել Հայաստան –Սփյուռք հարաբերությունների արդյունավետ համակարգ
Հարցի քննարկումը տարվել է 3 դիտանկյունով․
1․Հայը և հայկական սփյուռքն այսօր
2․Կենտրոնում՝ Հայաստանը
3․Նպատակը ՝ Սփյուռքի պահպանություն․

Խնդիրները ավելի արդյունավետ դիտարկելու և լուծելու համար փորձագետների աշխատանքային խմբերին տրվել են նաև երկու հավելվածներ, որոնցից 1-ը վերաբերում է Հայոց լեզվի պահպանմանն ու փոխանցմանը Սփյուռքում, իսկ 2-րդը Սփյուռքի մոդելներ են տարբեր երկրների օրինակով մշակված, որոնք ներկայացված են կոնկրետ զեկույցի շրջանակներում։
Առաջինը վերաբերում է ինքնության ընկալմանն ու սահմանմանը և ներկայացվում է վիճակագրական տվյալների հիման վրա, ընդ որում կարևորվում են ընտանիքը, հայոց լեզուն, հայկական դպրոց հաճախելը։ Մարտահրավերների թվում են՝ ինչ դասավանդել. արևմտահայերեն թե՞ արևելահայերեն, որը կախված է թե որ տարբերակին է տիրապետում տվյալ համայնքը, որին կից է դպրոցը։
2-րդը՝ Սփյուռքի մոդելների ուսումնասիրությունից պարզում ենք, որ բոլոր նշված երկրներում գործում է երկքաղաքացիության օրենքը և սփյուռքը քվեարկելու իրավունք ունի՝ դրանով մասնակցելով պետական օղակների աշխատանքին, պետության կառավարմանը։
Հարցը 1 –ին դիտանկյունով քննելիս առաջարկվեց սկսել պարզաբանելով՝
*Ինչպես ենք մենք նկարագրում ինքներս մեզ, ով է հայը 21-րդ դարում,
*Ինչպես ենք ձևակերպում հայրենասիրություն , ազգասիրություն հասկացությունները,
Ով է մրցունակ հայը
*Որն է գրավիչ և հզոր Հայաստանի մեր պատկերացումը,
Ծննդավայր և հայրենիք հասկացությունները ինչպես են սահմանվում և ինչով են տարբերվում իրարից։
Բոլոր փորձագետները համակարծիք են, որ պետք է աշխատել Սփյուռքի մասին տվյալների հասանելի շտեմարաններ ստեղծելու մասին, և, տարաձայնությունները հիմնականում կապված էին նրա հետ, որ Սփյուռքը եռաշերտ է՝ ըստ առաջացման պատճառների և ժամանակաշրջանի՝ Ցեղասպանության հետևանքով առաջացած, Հայաստանից նախորդ 30 տարիների ընթացքում գաղթած, և երրորդ շերտը առաջին շերտի զավակների 4րդ-5րդ սերունդներն են, ում համար հայ լինելը Հայաստանի հետ կապված չէ։ Իրականում Սփյուռքը երկու խումբ են, որոնցից մեկը շարժվում է սեփական շահով, իսկ մյուսը իր պարտքն է համարում հայրենիքի շահով առաջնորդվելը։ Սփյուռքի տարիների աշխատանքը ցույց են տալիս, որ Սփյուռքի հիմական ներդրումը գումարները չեն, այլ մշակութային ներդրումը՝ արվեստի տնտեսության մեջ։ Նպատակները շատ են՝ հայապահպանություն ամենուր, ինքնիշխանություն և զարգացում երկրում, անվտանգություն, տնտեսության հզորացում, որոնք կապահովվեն միասնականության ամուր հիմքի վրա։ Սակայն այդ ամենի համար պետք է միասնականություն, վստահության վերականգնում, հենց թեկուզ հավաքագրված միջոցների հարցում, նաև պետք ստեղծվեն պայմաններ հայկական կառույցների հետ առնչվելու, ու դա միայն Հայ Առաքելական եկեղեցին չպիտի լինի։
2-րդ դիտանկյունից ՝ Սփյուռքը Հայաստանակենտրոն չէ, բայց պիտի ստեղծվեն պայմաններ, որ հայրենիքը Սփյուռքին ձգի, կազմակերպել մեծ ներգաղթ, փոխել պետական համակարգի տրամաբանությունը, նշվեց, որ այդ առումով աշխատում է որոշ չափով Արցախի կառավարությունը։ Կարևորվեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, պետք է համամասնությամբ ներգրավել ընտրություններին: Սփյուռքին առաջարկվեց երկպալատ մոդելը, Ստեղծվի «Հայաստան» ներդրումային ընկերություն, լուծվի յուրաքանչյու դրսում ապրող հայից հարկի գանձման կարգավորված մոդելի ստեղծման հարցը։
Սփյուռքի պահպանման խնդիրը պիտի լուծվի Սփյուռքի նախարարություն բացելով, կրթական մակարդակը դրսում նույնպես անհրաժեշտ է բարձրացնել։ Մասնագիտական ցանցերից բացի պետք է ստեղծվի Գործարարների համագործակցային ցանց, Համահայկական ՏՏ ընկերություն, և լոբբիստական ցանց։ Սփյուռքն անհամբեր սպասում է, որ նորից կապվի Հայաստանի հետ, անհրաժեշտ է ստեղծել կառույցներ, որոնք կնպաստեն, որ Սփյուռքի վստահությունը վերականգնվի։

Մհեր Մխիթարյան

Այսօր Հայաստան -ինքնություն, պատասխանատվություն ազգային գիտակցություն հարցերի շուրջ զրուցեցինք Սփյուռքը՝ Ղազախստանի Ալմա-Աթին ներկայացնող, մասնագիտությամբ բժիշկ, ՏՏ ոլորտի աշխատակից, գործարար Մհեր Մխիթարյանի հետ։ Նա ասաց, որ ծնունդով հայաստանցի է, վերադարձել է Հայաստան մշտական բնակության, Կինը կիսով չափ է հայ, ընտանիքում երբեք ազգային խնդիր չեն ունեցել, Ալմա-Աթիում ոչ մի շփման ու էթնիկ խնդիր չի եղել, միշտ գիտակցել է, որ ինքը հայ ինքնության կրողն է, չնայած 20 տարի ապրել է այլազգիների մեջ, սակայն ամենակարևորը համամարդկային արժեքներն են, երբեք ազգայինը չի կարող խանգարել համամարդկայինին։ Նա նշեց, որ ամենակարևորն այն է, որ մարդ ինքը գիտակցի թե ով է և ինչ է ուզում աշխարհից։ Սփյուռքի հայը նույն հայն է, հաճախ մշակութային տարբերություններ էլ չկան, նայած թե երբ է սկսել Սփյուռքում ապրել։ Մեր այն հարցին, թե արդյոք հայրենիքի խնդիրներով ապրող հայը կարող է իր բնակության երկրի հետ տարաձայնություն կամ խնդիրներ ունենալ, Մհեր Մխիթարյանը հրաշալի բացատրեց, որ անձը պիտի իմանա, որ հայրենիքի նվիրյալ լիելը ամենևին չի նշանակում, որ նա պիտի ոտնահարի իր բնակության երկրի քաղաքական շահը։ Հայրենիքին աջակցելը բոլորովին չի կարող աղերսներ ունենալ բնակության երկրի օրենքները ոտնահարելու հետ։ Վերջապես, լավ քաղաքացին միշտ էլ մնում է օրենք հարգող քաղաքացի։ Նա հստակ պատկերացնում է, թե իր երեխաներին ինչպես պիտի հայեցի դաստիարակի և դա անում է։ Տղան խոսում է հայերեն, կինը լավ հասկանում է և արդեն նաև խոսում է․․․ Կարևորը մարդը հասկանա թե ով է ինքը, ինչպիսի էթնիկ և համամարդկային արժեքների կրողն է։ Հավասարություն սիրող և մարդուն հարգող մարդը չի կարող խնդիր լինել և խնդիր ստեղծել։ Միասնություն և փոխադարձ հարգանք, գիտակցում, թե ով ես ու մնացած հարցերը լուծելի են, կրթական մակարդակի և գիտելիքի ապահովումը պիտի լինի զարգացման ու միավորման հիմք։

Լարիսա Ալավերդյան

Օրենքին, մարդու իրավունքներին վերաբերող հարցերի մասին զրույց ունեցանք Տ․ Լարիսա Ալավերդյանի հետ, ով, ինչպես պարզվեց արտակարգ կին է, հրաշալի պատրաստված ու ազնիվ օրինապահ անձնավորություն։ Տ․ Լարիսայի հետ փորձեցինք քննարկել, թե Հայաստան - Սփյուռք կապերի ամրապնդման մեջ ինչպես կարելի է ավելի հղկել և ինչպիսի ձեռքբերումներ կարող ենք ակնկալել այդ բնագավառում համագործակցությունից։ Նա նշեց, որ ամենը կախված է ժողովրդավարության մակարդակից՝ այդ իրավունքները իրոք ժողովրդավարության հիմքի վրա են գործում, թե պարզապես օտարին ես ցույց տալիս թե ժողովրդավար ես։ Նա հատուկ նշեց՝ քանի դեռ ընտրությունները թափանցիկ ու անկախ չեն, մարդու իրավունքների հարցը լիարժեք լուծում չի ունենա։ Դատական համակարգը պիտի անկախ լինի․․․ Տ․ Ալավերդյանը ասաց, որ պետք է աշխատանք տանել Սփյուռքի ժողովրդավար երկրների մոդելների նմանությամբ ստեղծել պետական այնպիսի մեխանիզմեր, որոնք կապահովեն ժողովրդավարություն և նրանից բխող խնդիրների կարգավորում։ Մեր այն հարցին, թե ռազմական բնագավառում ինչ մեխանիզմներով են հարցերը լուծվում, երբ օրենսգրքերը ոչ մի կարգավորումներ չեն առաջարկում հենց այդ բնագավառի փակ լինելու առումով։ Տ․ Ալավերդյանը ևս մտահոգ էր այդ հարցով և բացատրեց, որ Սփյուռքի հետ համագործակցությունը այդ բնագավառում ևս էական նորամուծություններ կարող է բերել և, մենք պարտավոր ենք արդեն գոյություն ունեցող հաջող փորձը կիրառել, օրինակ Գերմանիայում, Անգլիայում նման խնդիրները լուծվում են պետական միջամտությամբ համակարգ ներգրավելով լավագույն երկարամյա փորձ ունեցող մասնագետներին խորհրդատվության ու փորձի փոխանակման համար։ Նա հատկապես նշեց, որ այդ մասնագետների սոսկ փորձը կիրառելով չէ, որ նշանակալից ձեռքբերումների են հասնում․ տվյալ պաշտոններում աշխատելու և գործունեություն իրականացնելու համար ընտրվում են հատկապես ազնիվ ու անկաշառ անձինք, ում համար ժողովրդավարությունը արժեք է։ Հայաստան – Սփյուռք հարաբերությունների առավել բարձր մակարդակի հասնելու ու վստահություն ներշնչող հարաբերություններ ձևավորեու համար սփյուռքի լավագույն և հայրենիքին նվիրված մասնագետները պիտի ներգրավվեն պետական կառույցներ ու լծվեն հայրենիքի շենացման գործին՝ կիրառելով, ընդ որում սխալվելու իրավունքը բացառող, հաջողված փորձ ունեցող երկրների քաղաքական մոդելները, որտեղ անկախության հետ միաժամանակ կան նաև պետական վերահսկող ժողովրդավար կառույցներ։
Նշենք, որ ժողովրդավարության առումով և Արցախից դուրս հայ մասնագետներին կառավարման մեջ ներգրավելու առումով Արցախը ունի որոշակի ձեռքբերումներ։
Մեր հարցազրույցների շարքը դեռ ավարտված չէ, վաղը համաժողովի 3-րդ` եզրափակիչ օրն է:

Պատրաստեց՝
Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Հատուկ «Նիդ․ Օրագրի» համար՝ «Ապագա Հայկականը» համաժողովից, Երևան 11.03.2023

















Friday, 10 March 2023

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ ․ ՄԱՐՏԻ 12, ՕՐ ԱՌԱՋԻՆ


Նիստից առաջ փորձեցինք զրուցել գլխավոր կազմակերպիչներից  Ռիչարդ Ազարնիայի հետ, ով արմատներով Բաքվից է և հայտնի տխուր դեպքերից հետո ընտանիքով հայտնվել է Ֆրանսիայում։ Նա հրաշալի տիրապետում է հայերենին և մի շարք օտար լեզուների։ 


Պարոն Ազարնիան իր ջերմ վերաբերմունքով մեծ հավատ էր ներշնչում  և հարցերին պատասխանում էր խանդավառությամբ։ Պարոն Ազարնիան նշեց, որ չնայած խնդրի իրականացումը ինքն է ձեռնարկել, բայց այդ հարցում մեծ դեր է ունեցել Նուբար Աֆեյանը, ով տվել է գաղափարը, իսկ իրեն սատար է կանգնել Ռուբեն Վարդանյանը․․ և այդպես ծնվել է համահայ ֆորումի գաղափարը։ 

Այսօրվա նիստը որի համապարփակ հարցն է՝ 

ՈՐՆ Է ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ, և ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԳԱ  ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ և ԱՇԽԱՐՀԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՒՄ։

Դիտանկյունները  4-ն են.

*Հայոց ցեղասպանություն

*Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում պատասխանատվություն

*Ժառանգության պահպանում և ճանաչելիության ապահովում

*Հաջորդ սերունդներին հայ պահելու պատասխանատվություն

Առաջին ասպեկտը ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ համատեքստում որպես առաջնայնություն առանձնացրեց այն հանգամանքը, որ այսօրվա իրողություններից ելնելով պետք է ցեղասպանության խնդիրը դիտարկել որպես ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ և ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ, պետք է ոչ թե տուրք տալ անցյալին, այլ  քննել նոր հայացքով և նախատեսել ապագային  ուղղված համահայկական ջանքեր։ ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՁևԱՎՈՐՎԱԾ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ՈՉ ԱՅՆ ԿԵՐՊ ԻՆՉՊԵՍ ՆԱԽԿԻՆՈՒՄ։

Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը զսպելու նպատակով հայկական կողմի վարած քաղաքականությունը, ըստ էության, բավարար չի եղել ըստ փորձագիտական խմբի առանձին անդամների՝ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ և ԱԶԳԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՇՈՇԱՓԵԼԻ ԼԻՆԻ։ Փորձը ցույց տվեց, որ մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելող չեղավ արցախյան պատերազմի համար, և ճանաչող երկրներից շատերը լռություն պահպանեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, իսկ Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ։

Քաղաքականության առումով, նշվեց, որ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿԵՑՎԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՎՈՐՈՂ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ ՈՐՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՄԻԱՎՈՐՈՂ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ։

Փորձագետները նշեցին, որ հայությունը՝ ցանկանալով, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ, չգիտի, թե ճանաչումից հետո ինչ է ուզում։ Իրատեսական լինենք՝  հասկանալի է, որ երկու ծայրահեղությունների միջև՝ Թուրքիան նույնիսկ, եթե ճանաչի էլ ու հարցը դրանով փակվի, կամ չճանաչի և հայությունը դա ընկալի իբրև անցյալ, անհրաժեշտ է հայության գործողությունների պլանավորում։

Հանդես գալով ցեղասպանությունների կանխարգելման դիրքերից՝ Հայաստանը  ստեղծել է բազմաթիվ միջազգային հարթակներ, կան հայկական կառույցներ, որոնք տասնամյակներով հսկայական աշխատանք են կատարել ու այսօր էլ շարունակում են կատարել՝ Հայ Դատ, հայ ավանդական կուսակցություններ, ուրեմն պետք է միավորել ուժերը և գնալ որոշակի նախաձեռնությունների՝ ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք պայքար կտանեն ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ, ինչպիսին է, օրինակ, հրեական «Հակազրպարտչական լիգա» իրավապաշտպան կազմակերպությունը, տարբեր երկրներում ստեղծել համակարգող հանձնախմբեր, Ցեղասպանության ճանաչման կոորդինացման գործընթացի առցանց կոորդինացիոն խորհուրդ, բացել ցեղասպանության թանգարանի արտերկրյա 3 մասնաճյուղեր․․․

Աշխարհի գրեթե բոլոր երկրների կրթական համակարգերում գործող ծրագրերում պետք է ներառվեն, ուսումնասիրվեն և դասավանդվեն Մեծ Եղեռնի մասին նյութեր, և հիշատակվածը պետք է դասել լոբբիստական աշխատանքների առաջնահերթություններում։ 


Մեր այն հարցին թե անհրաժեշտ են արդյոք Հայոց ցեղասպանությանը վերաբերող ուսումնասիրությունների քանակը կրճատել իրավիճակից ելնելով, թե բազմապատկել, Պարոն Սաֆրաստյանը, պատասխանեց՝ միանշանակ բազմապատկել ուսումնասիրությունները։ Նա նաև լիահույս է, որ այս համաժողովը անպայման իր դրական ու շոշափելի արդյունքը կգրանցի, բայց դա շատ արագ լինել չի կարող, նման ձեռքբերումները պահանջում են հետևողական աշխատանք ու երկարատև ջանքեր։

Երկրորդ դիտանկյան  խնդիրը Արցախի և Հայաստանի անվտանգության հարցն է, թե ինչ խնդիրներ են ծառացած հայության առջև այդ առումով և ինպես պետք է առաջացած խնդիրները լուծել։ Փորձագիտական խումբը նշեց, որ Հայոց պետականության պահպանումը ընդհանուր համահայկական պատասխանատվության հարց է, որպեսզի չլուծված խնդիրները չփոխանցենք հաջորդ սերունդներին։ Դրա համար հայ ժողովուրդը պետք է պետությունն արագ զարգացնելու պատասխանատվություն վերցնի, Արցախը պահելու և զարգացնելու պատասխանատվությունից ելնելով միասնական համահայ մտածելակերպ, առաքելություն և բանաձև մշակվի,  Հայաստանն ու  Սփյուռքը միասնական բռունցք դառնան։ Նշվեց, որ ձախողումները գալիս են նպատակներ չձևակերպելուց և հաղթանակներից հայը չպետք է վախենա․․․ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ 10 ՄԻԼԻՈՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑՆ Է, ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾՎԻ ԱՐՑԱԽ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ՊԵՏՔ Է  «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԲԱՆԱԿ»-Ը ԿԱՅԱՆԱ, և ԱՄԲՈՂՋ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՆ ՈՒ ՎԻՔԻՊԵԴԻԱՆ ։ 

Հարցի երրորդ դիտանկյունը՝ Ժառանգության պահպանում և ճանաչելիության ապահովում, ուղղակիորեն առնչվում է մեր մշակույթի, ինքնության արվեստի, կրոնի, փիլիսոփայության փոխանցումը հաջորդ սերունդներին։ Հայերն աշխարհին մեծ ժառանգություն են տվել, ինչպես նշում է Անրի Վեռնոն՝ եկեղեցում մոմ վառելը միայն հավատ չէ, այն մշակույթ է նաև, արմատներից հրաժարվել նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից։ Ամեն հայ պարտավոր է հասկանալ, թե ինչպես կարելի է պահպանել և փոխանցել սերունդներին  այդ ժառանգությունը, պատմական գիտակցությունը։ Իսկ դրա համար միայն թանգարանում նմուշներ դիտելը և ցուցադրելը բավարար չէ․ պետք է կարողանալ ռազմավարական հիմքերի վրա լուրջ մոտեցումներ ցուցաբերել։ Փորձագետներն համոզված են, որ մշակույթի և դրա պահպանման հարցերը պետք է առաջնահերթություն լինեն, օրինակ՝ հայկական խոհանոցը և կենցաղավարությանը բնորոշ մի շարք բաղադրիչներ․․․ այս ամենը պետք է պաշտպանել թե՛ երկրի ներսում, թե՛ Սփյուռքում, որտեղ տեղական ուժերը չեն կարող ինքնուրույն  հարցերը ներկայացնել և օգնության կարիք ունեն։ 

Մեր պատմության , կերտած հաղթանակների նկատմամբ երիտասարդների շրջանում պետք է հպարտության զգացում և վարքային մոդելներ ձևավորել, միչդեռ դպրոցական ՛րագրերում այդ խնդիրները թերի են ներառված՝ ըստ որոշ փորձագետների։ Հատուկ նշվեց, որ խորհրդային շրջանի հանդեպ նույնպես պետք է պատմական պատասխանատվություն լինի, քանի որ այդ շրջանում ստեղծված արժեքները նույնպես մեր մշակույթի մասն են կազմում։ Պետք է մշակել հատուկ մեխանիզմներ և նրանց միջոցով հանրահռչակել մեր ժառանգությունը։  Առաջարկվեց ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման Հայկական ժառանգության  ցանկ, որն արդեն մասամբ կա և գործում է, գաղափար կա նաև ստեղծելու    «Հայկական ժառանգության դեսպաններ» շարժումը թույլ կտա համայն հայությանը ներգրավել Հայաստանի, հայության և հայոց հաջողությունների տարածման գործում։ Փորձագետները կարևորեցին Հայկական ժառանգության հիմնադրամ  ստեղծելու, ինչպես նաև Իրանի օրինակով ԱՐՄԵՆԻԿԱ ծրագիր՝ շտեմարան ստեղծելու գաղափարները։ Նշվեց նաև, որ բոլոր թանգարաններում պետք է թվայնացման միջոցներով  պահպանել մեր ժառանգության նմուշները՝ այսինքն ստեղծել ծրագիր, որի միջոցով հնարավոր կլինի թվայնացնել, պահպանել և տարածել մեր ունեցած կոնկրետ նյութերը իրենց գիտական հենքով ու հիմնավորմամբ։ 

Այս ամենից պակաս կարևոր չէ հարցին 4րդ դիտանկյամբ մոտեցումը

 Հաջորդ սերունդներին հայ պահելու պատասխանատվությունը չափազանց կարևոր է այսօր, ՈՐՈՎՀԵՏև 10 ՄԼՆ ՀԱՅԵՐԻՑ ՄԻԱՅՆ 6 ՄԻԼԻՈՆՆ Է ԽՈՍՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ։ Պետք խրախուսել նրանց հայերեն սովորելը բոլոր միջոցներով։ Անհրաժեշտ է ստեղծել հայերենի, մասնավորապես արևմտահայերենի խմբակներ և առավել ևս գործուն մեխանիզմներ, որոնք կայուն հիմքերի վրա կդնեն հայապահպանությունը  Սփյուռքում։ Փորձագետների որոշմամբ ՀՍՏԱԿ ԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ  և ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ  ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ։ Հայագիտությունը որակվեց որպես քաղաքականություն և դրանից ելնելով որոշվեց, որ պետական ռազմավարության խնդիրը պետք է լինի հայագիտական կենտրոններ ստեղծելը աշխարհի լավագույն  համալսարաններում, լուրջ մոտեցում ցուցաբերելը արևմտահայերենի պահպանման ուղղությամբ։ Կարևորվեց   «Հայոց լեզուն ՝ խաղերի միջոցով» նախաձեռնությունը։ Առաջարկվեց Հայաստանի Ամերիկյան համալսարանը դարձնել արևմտահայերենի հիմնական դարբնոցն աշխարհում, կիրառել ԹՈՒՄՈ-յի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հեռավար կրթության մեթոդները, ստեղծել Երիտասարդական փոխանակումների կոորդինացիոն խորհուրդ՝ պետության և հիմնական կառույցների ներգրավմամբ։


Վերը նշված հարցերի շուրջ զրուցեցինք Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ և նա իր խոսքում շատ կարևորեց ինքնության պահպանման հարցը, երիտասարդների՝ հատկապես ուսանողության շրջանում  հայ մշակույթի տարածումը, պատմական գիտակցության անհրաժեշտությունը։ 

Պատրաստեց՝

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Հատուկ Նիդ․ Օրագրի համար՝ «Ապագա Հայկականը» համաժողովից, Երևան 10.03.2023