The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 12 September 2024

Մարդու իրավունքների աղաղակող խախտումներն Ադրբեջանում

 


Գեղարդ հիմնադրամը առաջատար գիտավերլուծական հաստատություն է, որը զբաղվում է Հայաստանի և նրա շուրջ գտնվող տարածաշրջանի պատմական, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և մշակութային ոլորտների գիտական և վերլուծական ուսումնասիրություններով։ Գեղարդ հիմնադրամի առաքելությունն է միավորել հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտներում գիտահետազոտական և վերլուծական աշխատանք իրականացնող մասնագետներին՝ ռազմավարական ուսումնասիրությունների շուրջ։ Գեղարդը համագործակցում է ինչպես Հայաստանում աշխատող, այնպես էլ արտասահմանյան առաջատար վերլուծաբանների և գիտնականների հետ, կազմակերպում է գիտաժողովներ և համատեղ աշխատանք՝ հիմնադրամի թիրախային ուղղություններում ուսումնասիրությունների գծով։ «Նիդերլանդական օրագիրը» պարբերաբար ներկայացնում է Գեղարդ հիմնադրամի վերջին հոդվածները: Հիմնադրամի հետ կարող եք կապ հաստատել gsaf@sci.am հասցեով:

Հոդվածներին ծանոթանալու և կարդալու համար այցելեք`

https://www.facebook.com/geghard.foundation

Գլխավոր (geghard-saf.am)


Զինվորների օրգանների վաճառքն ադրբեջանական բանակում (44-օրյա պատերազմից առաջ). մաս 1

Ադրբեջանական բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների և զինվորների մահվան առեղծվածային դեպքերի մասին պարբերաբար է խոսվել։ Սպանված զինծառայողների ծնողներն ու ընդդիմադիրները բազմիցս բարձրաձայնել են արատավոր մի երևույթի մասին, որն ադրբեջանական իշխանությունները խնամքով փորձում են թաքցնել։ Խոսքն Ադրբեջանի զինված ուժեր ներթափանցած «օրգանների բիզնեսի»՝ զինվորականների ներքին օրգանների ապօրինի վաճառքի մասին է։

Դեռևս 2012 թվականին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում էին ադրբեջանցի 97 զինվորականների մահվան մասին, որոնցից 22-ն ինքնասպանություն էին գործել, 13-ը սպանվել էին իրենց ծառայակիցների կողմից, 17-ը մահացել էին «դժբախտ պատահար»-ից, 14-ը՝ այլ հիվանդությունների պատճառով և այլն: Ընդդեմ այդ ամենի՝ Բաքվում բողոքի ցույցեր էին տեղի ունեցել։

Մահացության կասկածելի դեպքերի մասին՝ «փոխպատվաստման» բիզնեսի լույսի ներքո, հանդես են եկել ադրբեջանցի մի շարք փորձագետներ: Նրանցից Սուրխան Լատիֆովը փորձել էր պարզել, թե որտեղից են հայտնվում այս հանցավոր բիզնեսի դոնորները: Ըստ վերջինի՝ «ադրբեջանական բանակն օրգանների անօրինական վաճառքի պոտենցիալ բազա է, եթե հաշվի առնենք, որ այնտեղ ծառայում են բժշկական տեղեկանք ունեցող երիտասարդներ, ովքեր պատրաստի դոնորներ են հանցավոր խմբավորումների համար»:

Այսպես՝ ադրբեջանական բանակում զինվորականների օրգանների վաճառքի մասին է փաստում նաև «առեղծվածային կերպով» մահացած Փարվիզ Իսգանդարովի մայրը՝ Քիֆայաթ Ասգարովան: Վերջինս պնդում է, որ սպանված զինծառայողների օրգանները հանձնվում են Թուրքիային և Իրանին: Փարվիզ Իսգանդարովի հայրը՝ Ջահան Իսգանդարովն, իր հերթին հայտնում է, որ ադրբեջանական բանակի զորամասերում օրգանների վաճառքը լայն տարածում ունի: Սպանվածի հոր խոսքերով՝ որդին կապավոր է եղել և սպանվել է, քանի որ գիտեր օրգանների հեռացման բազմաթիվ դեպքերի մասին: Իսկ սպանված զինծառայողի մայրը նշում է, որ իրեն անհանգստացնում է հրադադարի պայմաններում որդու մահից հետո վերջինիս օրգանների հանված լինելու փաստը:  

Բնականաբար, Փարվիզ Իսգանդարովն ադրբեջանական բանակում միակ զինծառայողը չէր, ով զոհ էր դարձել ալիևյան ընտանիքի «բիզնեսին»: 19-ամյա Օրխան Ալըևն, ով ծառայում էր Նաֆթալանի թիվ 157 զորամասում, ծառայության ընթացքում մահացած հերթական զինվորականն էր։ Օրխան Ալըևի հայրը նշում է, որ իր որդին առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։ Նրան սպանողների նպատակը որդու օրգանների՝ 1.5-2 ժամվա ընթացքում զորամասից դուրս հանելն ու վաճառելն էր:

2013 թվականին մամուլով տարածվեց Ջեյհուն Գուբադովի մահվան լուրը: Չնայած նրան, որ պաշտոնական վարկածով Գուբադովի մահը ներկայացվեց իբրև սրտի անբավարարության հետևանք, այնուամենայնիվ սոցիալական ցանցերում տարածվեցին սպանված զինծառայողի մարմնի վրա բռնության հետքերով լուսանկարներ, որոնք կասկածների տեղիք տվեցին։ 19-ամյա սպանված զինծառայողի մայրն էլ իր հերթին պնդում էր, որ որդուն սպանել են դիտավորյալ՝ ծեծի ենթարկելով:

Ասվածից պարզ է դառնում, որ Ադրբեջանում երկար տարիներ ծաղկող ներքին օրգանների վաճառքն իր դոնորներին է գտել նաև զինվորականության շրջանում: Տարիներ շարունակ ալիևյան ռեժիմի այս հրեշավոր քաղաքականությանը զոհ են դառնում ադրբեջանական բանակում ծառայության անցած զինվորականները, որոնք, ինչպես փաստերն են վկայում, հիմնականում հանդիսանում են աղքատ ընտանիքի զավակներ:

Հարկ է նշել, որ դեպքերի թիվն այսքանով չի սահմանափակվում: Նմանօրինակ հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունը հիմնականում սպրդում է հասարակական բողոքի և դրանք թաքցնելու անհնարինության պարագայում, իսկ բազմաթիվ դեպքեր հանրությանն ուղղակի անհայտ են մնում։

COP29-ը հյուրընկալող Ադրբեջանի «կլիմայական վարքագիծը»․ մաս 1

Ի՞նչ է COP29-ը

COP-ը համաշխարհային կլիմայական մարտահրավերներին նվիրված միջազգային համաժողով է, որն ամեն տարի անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից: COP-ը «Կողմերի համաժողով» (Conference of Parties) բառակապակցության հապավումն է, ըստ որի՝ այն երկրները, որոնք միացել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին Շրջանակային կոնվենցիային (UNFCCC), իրավական առումով միջազգային պայմանագրի «կողմ» են: Պայմանագրի կողմերը պարտավորվել են կամավոր գործողություններ ձեռնարկել՝ «կլիմայական համակարգին մարդածին վտանգավոր միջամտությունը» կանխելու համար։

Ամենամյա համաժողովների ընթացքում պարտավորություն կրող երկրների կառավարությունների ներկայացուցիչները զեկուցում են առաջընթացի մասին, միջանկյալ նպատակներ են սահմանում, համաշխարհային օգուտներ բերող գիտական և տեխնոլոգիական առաջընթացը տարածելու մասին համաձայնագրեր են կնքում և քաղաքական բանակցություններ վարում: 2023 թվականին COP28 հանդիպումը տեղի ունեցավ Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ)՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄԷ-ն նավթային պետություն է։ Նավթային երկրները սովորաբար հակված են պահպանել սեփական նավթի և գազի արդյունահանումը, ինչը նպաստում է ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետման աճին։ Միաժամանակ նշվածը հակասում է «նավթից և գազից առավել կլիմայահաճո վառելիքի անցման» գաղափարին։ Օրինակ՝ վերականգնվող էներգիայի արտադրության խթանումը գլոբալ առումով նպաստում է ՋԳ-ի արտանետումների նվազեցմանը:

Այնուամենայնիվ՝ ՄԱԿ-ի COP29-ի գագաթնաժողովը, որը 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը կհյուրընկալի Ադրբեջանը Բաքվում, քննադատվում է այն պատճառով, որ անցկացվելու է նավթային մեկ այլ երկրում, որը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բացասական վարկանիշ ունի: Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումն ընդունվել է 2023 թվականի դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։

Այս համաժողովը կշարունակի կլիմայի փոփոխությանն ուղղված գլոբալ ջանքերը՝ հիմնվելով COP-ի նախորդ հանդիպումների արդյունքների վրա:

COP29-ում քննարկման գլխավոր ուղղություններն են՝

Փարիզյան համաձայնագրի իրականացումը՝ երաշխավորել, որ երկրները կատարում են ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու իրենց պարտավորությունները:

Կլիմայական ծրագրերի ֆինանսավորումը՝ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացում՝ զարգացող երկրներում կլիմայական ծրագրերի իրականացման գործողություններին աջակցելու համար:

Հարմարվողականությունը և դիմակայումը՝ ընդլայնել կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվելու և խոցելի համայնքներում կլիմայական բացասական երևույթների դիմակայությանն ուղղված ջանքերի գործադրումը:

Կորուստները և վնասները՝ դիտարկել արդեն իսկ տեղի ունեցող կլիմայի փոփոխության ազդեցությունները և աջակցություն ցուցաբերել տուժած տարածաշրջաններին:

Համաժողովը կանցկացնի նաև Կողմերի համաժողովի նիստեր, որոնք նվիրված կլինեն Կիոտոյի արձանագրությանը (CMP 19) և Փարիզի համաձայնագրին (CMA 6):

Ադրբեջանի «կլիմայական վարքագիծը» և ՋԳ-ի արտանետումները

Ադրբեջանը հաստատել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիան (UNFCCC) 1995 թվականին և Կիոտոյի արձանագրությունը՝ 2000 թվականին։ 2016 թվականին Ադրբեջանը ստորագրել է Փարիզի համաձայնագիրը և վավերացրել այն 2017 թվականին։ Իր «Ազգայնորեն սահմանված գործողություններում» (NDC) (կլիմայական գործողությունների ծրագիր, որը յուրաքանչյուր երկիր ներկայացնում է որպես Փարիզի համաձայնագրի պահանջ) Ադրբեջանը նշել է, որ նպատակադրվել է մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 35%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատությամբ: Չնայած ստորագրված և վավերացված միջազգային արձանագրություններին, համաձայնագրերին և ԿՓ կոնվենցիային՝ Ադրբեջանը չի ցանկանում հետևել ստանձնած պարտավորություններին։ Գործողություններն ու միջոցառումները հիմնականում ծառայում են միջազգային գործընկերներին ուղղված ինչ-որ ցուցադրության։

Մթնոլորտում ածխաթթու գազի կրճատման մասին Փարիզյան համաձայնագրի (որը ստորագրել է Ադրբեջանը) պահանջով երկրները պետք է հրապարակեն այդ տվյալներն առնվազն երկու տարին մեկ անգամ։ Մինչդեռ, իրականում Ադրբեջանը 2018 թվականից դադարեցրել է ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տվյալներ հրապարակելը։ Այնինչ՝ ՋԳ-ի արտանետումներն անշեղորեն աճում են։ Արտանետումների աճին նպաստում է ոչ միայն «SOCAR» ընկերությունը, այլև՝ «British Petroleum»-ը։ Ադրբեջանի իշխանություններն իրենց լռությունը բացատրել են COVID-ով։

ՋԳ-ի արտանետումների պաշտոնական վերջին տվյալները վերաբերում են 2017 թվականին, երբ դրանք 38%-ով ցածր էին 1990 թվականի. մակարդակից, իսկ էներգետիկ ոլորտը կազմում էր ընդհանուր արտանետումների 75%-ը: Ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) տվյալների՝ 2017 թվականին Ադրբեջանում վառելիքի այրումից CO2 արտանետումները կազմել են 30,9 մլն․տ (+6,6%՝ 2005 թվականից, -42,1%՝ 1990 թվականից): Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) տվյալներով՝ 2022 թվականին Ադրբեջանի էներգիայի պահանջարկը (չափված որպես էներգիայի ընդհանուր մատակարարում) կազմել է 16,1 միլիոն տոննա նավթին համարժեք (ՄՏՆՀ): 2010 թվականից ի վեր Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է ավելի քան 50%-ով՝ 2022 թվականին կազմելով մինչև 29.0 ՏՎտժ: Այն հիմնականում արտադրվում է բնական գազից (2022 թվականին՝ ավելի քան 90%):

2021 թվականին Ադրբեջանի ընդհանուր վերջնական սպառումը (առանց տրանսֆորմացիոն հատվածի) կազմել է 11,5 միլիոն տոննա նավթին համարժեք (ՄՏՆՀ): Վերջնական ամենամեծ սպառումն ունի տնային տնտեսությունների հատվածը (2021 թվականին՝ 4,1 ՄՏՆՀ): Տրանսպորտը, էներգիայի վերջնական սպառման ծավալով, թվով երկրորդն է (2,6 ՄՏՆՀ՝ 2021 թվականին): Տրանսպորտի ոլորտում օգտագործվող նավթամթերքների մեծ մասն արտադրվում է Ադրբեջանում։ Վերջնական ընդհանուր սպառումը հիմնականում բաղկացած է բնական գազից (43%) և նավթամթերքից (39%), որին հաջորդում է էլեկտրաէներգիան (15%):

Սակայն, 2030 թվականին ԱՍԳ-ի նպատակին հասնելը բարդ կլինի, եթե երկիրը չզսպի տրանսպորտի վառելիքի պահանջարկի աճը (որը զսպված չէ գներով կամ հարկերով) և բնական գազի սպառման աճը (որը սուբսիդավորվում է բոլոր ոլորտներում):

Ադրբեջանում վերջնական սպառողներին մատակարարվող նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ներկայիս գները տարածաշրջանում ամենացածրերից են՝ սահմանված լինելով անգամ մատակարարման ինքնարժեքից ցածր: Ավելին՝ 2018 թվականին Ադրբեջանի էներգակիրների գնի սուբսիդիաները երեք անգամ ավելի են եղել, քան 2010 թվականին, ըստ ԷՄԳ-ի գնահատականների՝ կազմելով 2,6 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 5,8%-ը։ Նման խիստ սուբսիդավորվող սակագների պայմաններում տնային տնտեսություններն ու արդյունաբերական սպառողները էներգիան ավելի արդյունավետ օգտագործելու ոչ մի խթան չունեն: Ավելին՝ Ադրբեջանում նավթային վառելիքի գներն ամենացածրերից են ԵԱՏՄ տարածաշրջանում (տե՛ս ստորև գծանկարը), և այս փաստը որևէ խթան կամ ազդակ չի տալիս սպառողներին՝ անցնելու առավել կլիմայահաճո վառելիքի կիրառման տարբերակներին, օրինակ՝ ձեռք բերել էլեկտրական մեքենաներ, հիբրիդային տրանսպորտային միջոցներ, օգտագործել ջրածնային վառելիք, սեղմված բնական գազ (CNG) կամ հեղուկացված նավթային գազ (LPG):

Աղբյուրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Sputnik Azerbaijan

ՋԳ-ի արտանետումների մեկ այլ մեծ աղբյուր է գազի բոցավառումը: Այն գազի այրումն է՝ որսալու փոխարեն, որը տեղի է ունենում նավթի հորատման ժամանակ և հանդիսանում է գլոբալ տաքացմանը մեծապես նպաստող ածխաթթու գազի և մեթանի, ինչպես նաև սև մուրի արտանետումների հիմնական աղբյուրը: Ըստ «Financial Times» պարբերականի՝ 2023 թվականին Ադրբեջանում գազի բոցավառման մակարդակը վերջին տասնամյակում ամենաբարձր ցուցանիշն է։ Հետազոտողների խմբի վերլուծությունը ցույց է տվել, որ մեղավորների թվում են «British Petroleum»-ի և «Ադրբեջանի պետական նավթային ընկերության» (SOCAR) օբյեկտները:

«Գլոբալ Ուիթնես» (Global Witness) ոչ առևտրային կազմակերպության կողմից ձեռնարկված արբանյակային տվյալների վերլուծությունը պարզել է, որ Ադրբեջանում նավթի և գազի կայանքներում այրված գազի ծավալը 2018 թվականից ի վեր աճել է 10,5%-ով, երբ երկիրը հաղորդել էր ջերմոցային գազերի արտանետումների մասին։ Այսպիսի աճը էական է՝ հաշվի առնելով բոցավառումը նվազեցնելու երկրի նախկին ջանքերը: Օրինակ՝ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012 թվականի տարեկան 333 միլիոն խորանարդ մետր մակարդակից 2020 թվականին գազի այրումը նվազեցրել է մինչև տարեկան 135 միլիոն խորանարդ մետր։ Այնուամենայնիվ՝ արբանյակային վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2018 թվականից ի վեր գազի այրման գործակիցն աճել է ավելի քան 70%-ով՝ ավելի քան 1000 առանձին բոցավառման իրադարձություններով:

Ի լրումն Ադրբեջանի կլիմայական այդ բացասական վարքագծի՝ հարկ է նշել նաև ադրբեջանական իշխանությունների քաղաքական մոտեցումները։ Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլին Բեռլինում կլիմայի փոփոխության հարցերով բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը պաշտպանել է երկրի հանածո վառելիքի ոլորտը՝ պնդելով, որ իր երկրի «նավթն ու գազը տարիներ շարունակ անհրաժեշտ կլինեն» եվրոպական պահանջարկի պատճառով։ Ալիևն ասել է, որ մինչ Ադրբեջանը ձգտում է կառուցել իր կանաչ էներգիայի մատակարարման ենթակառուցվածքները, նա նաև ներդրումներ է կատարում գազի արդյունահանման ենթակառուցվածքի մեջ, քանի որ «Եվրոպան ավելի շատ գազի կարիք ունի»՝ կապված «աշխարհաքաղաքական իրավիճակի» հետ։ Բաքվի ղեկավարը նաև կոչ է արել նավթի և գազի մեծ պաշարներ ունեցող երկրներին լինել կլիմայի փոփոխության խնդրի վերաբերյալ քննարկումների «առաջին շարքում»: Սա լիովին հակասում է կլիմայի փոփոխության վերաբերյալ գլոբալ քաղաքականությանը, Փարիզի համաձայնագրում ամրագրված մոտեցումներին և ամենամյա կլիմայական գագաթնաժողովների տրամաբանությանը։

Նազարյան Գևորգ

Մամուլի ազատությունն Ադրբեջանում, մաս 4. ադրբեջանցի լրագրողների հետապնդումներն Ադրբեջանից դուրս

Ադրբեջանում բռնապետության, խոսքի ազատության բացակայության ու հալածանքների առկայության պայմաններում ադրբեջանցի շատ լրագրողներ ու ակտիվիստներ ապաստան են փնտրում և գործունեություն ծավալում Ադրբեջանից դուրս: Բաքվի իշխանությունները, սակայն, նրանց հետապնդում են նաև երկրի սահմաններից դուրս՝ ընդհուպ մինչև Եվրոպայում: Այդ հետապնդումները ներառում են թե՛ լրագրողների հասցեին սպառնալիքներ, ֆիզիկական բռնություն ու մահափորձ, թե՛ միջազգային հետախուզում հայտարարելու միջոցով տվյալ երկրից լրագրողի ձերբակալման ու արտահանձնման պահանջ:

Արտասահմանում ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներն ակտիվացել են 2014 թվականից, այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանում չի ընդունվել Ադրբեջանում քաղբանտարկյալների դրության վերաբերյալ բանաձևը: Ըստ իրավապաշտպան Լեյլա Յունուսի՝ Բաքվում հասկացել են, որ պատժամիջոցներից վախենալու կարիք չունեն ու ընդդիմախոսների դեմ հետապնդումներ են սկսել թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Ադրբեջանի իշխանությունները «խավիարային դիվանագիտությամբ» տարբեր երկրներում ազդեցության գործակալներ են ձեռք բերել՝ դյուրացնելով հետապնդումներն ու ապահովելով անպատժելիություն:

Այսպես՝ 2014 թվականին Թուրքիայում ձերբակալվել և Ադրբեջան է արտաքսվել «Զերկալո» ռուսալեզու թերթի աշխատակից Ռաուֆ Միրկադիրովը: Ադրբեջանում նրան բանտարկել են պետական դավաճանության մեղադրանքով:

2014 թվականին Բաքվի պահանջով Վրաստանում ձերբակալվել է Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդ»-ի անդամ, «Turan TV»-ի հետ համագործակցող Դաշգըն Աղալարովը: Կես տարի անց նա ազատ է արձակվել, սակայն Վրաստանի իշխանությունները նրանից պահանջել են լքել երկիրը: Աղալարովն ապաստանել է Նորվեգիայում, բայց 2020 թվականին՝ Լեհաստան այցի ժամանակ, ձերբակալվել է Գդանսկի օդանավակայանում:

2017 թվականին մայիսին Թբիլիսիում առևանգել և Բաքու են տեղափոխել ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին: Բաքվում նրան 6 տարվա ազատազրկման են դատապարտել: Նրա ձերբակալությունը միջազգային լայն արձագանք է գտել։ Արդյունքում՝ 2020 թվականին Մուխթարլըին ազատ են արձակել և բանտից միանգամից տարել օդանավակայան՝ ուղարկելով Գերմանիա:

2019 թվականին ՌԴ-ից արտաքսել են ընդդիմադիր բլոգեր Էլվին Իսաևին: Նա տեղափոխվել է Ուկրաինա, որտեղից էլ նրան արտաքսել են Ադրբեջան: Բաքվում նրան ձերբակալել են: Ուկրաինայում ադրբեջանցի լրագրողի ձերբակալության դեպք տեղի էր ունեցել նաև 2017 թվականին, սակայն դատարանը չէր բավարարել լրագրողին արտահանձնելու պահանջը:

2019 թվականին Ստրասբուրգում հարձակում է եղել «Azərbaycan Saatı» հեռուստանախագծի ղեկավար Գանիմաթ Զաիդի վրա։ Նույն տարում Գերմանիայում հարձակվել են բլոգեր Գաբիլ Մամեդովի վրա: Վերջինիս դեմ հարձակում եղել է նաև 2021 թվականի հունվարին:

Իր հասցեին արված սպառնալիքների մասին է խոսել նաև ԱՄՆ-ում բնակվող լրագրող Սեվինջ Օսմանգըզըն, ով իր հաղորդման շրջանակներում ներկայացնում է Ադրբջանում մարդու իրավունքների խախտումների դեպքերը, կոռուպցիոն գործերը:

2021 թվականի փետրվարին, այնուհետև՝ 2022 թվականի նոյեմբերին, Բեռլինում ծեծի է ենթարկվել բլոգեր Օրխան Աղաևը: Հարձակումից հետո նրա բնակության վայրը հսկվել է ոստիկանական ուժերի կողմից:

2021 թվականի մարտին Ֆրանսիայի Նանտ քաղաքում ապաստանած բլոգեր, քաղակտիվիստ Մոհամմադ Միրզալիից պահանջել են դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը՝ սպառնալով հրապարակել քրոջ՝ անձնական բնույթի տեսանյութերը: Որոշ ժամանակ անց նրա դեմ մահափորձ է իրականացվել. նա դանակի 16 հարված է ստացել: Ըստ Միրզալիի՝ հարձակվողները նաև փորձել են կտրել իր լեզուն, սակայն չեն կարողացել: Դա, ընդ որում, Միրզալիի դեմ առաջին մահափորձը չի եղել. 2020 թվականի հոկտեմբերին նրա մեքենայի ուղղությամբ 4 փամփուշտ են արձակել:

2021 թվականի ընթացքում անհայտ հանգամանքներում ադրբեջանցի 3 ակտիվիստ է մահացել. Վյուգար Ռզանը՝ Բրյուսելում, Բայրամ Մամեդովը՝ Ստամբուլում, բլոգեր Հուսեյն Բաքիխանովը՝ Թբիլիսիում (մահանալուց երկու օր առաջ նաև ծեծի է ենթարկվել): Բոլոր դեպքերը վերագրվել են որպես ինքնասպանություն, սակայն ադրբեջանցի իրավապաշտպանները չեն հավատում այդ վարկածներին:

2024 թվականի օգոստոսին Վրաստանում ձերբակալվել է լրագրող Աֆղան Սադիգովը: Նրան ևս արտահանձնում է սպառնում:

Ադրբեջանցի լրագրող Էմին Ահմեդբեկովի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները լրագրողներին հետապնդելու համար նաև հատուկ մեխանիզմներ են ստեղծել: Մասնավորապես՝ Գերմանիայում նրանք մարզիկների հատուկ խմբի են ֆինանասավորում, որոնք էլ հետապնդում ու ծեծի են ենթարկում Ալիևի իշխանության ընդդիմախոսներին: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի իշխանությունները հնարավոր բոլոր եղանակներով փորձում են լռեցնել իրենց քննադատող ու հանցանքները բացահայտող ձայները:


Հայկական Սփյուռքի, Ադրբեջանական պատմագիտական կեղծ թեզերի դեմ պայքարի, Իտալիայում հայկական մշակույթի պահպանման մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է իտալացի հայագետ Կառլո Կոպպոլայի հետ։ Վերջինս նկատել է, որ ադրբեջանցիները տեղեկատվական հարձակումներ են իրականացնում հիմնականում ամռան ամիսներին։
Նրա խոսքով՝ անպայման պետք է արձագանքել այս տեսակ երևույթներին և Հայաստանի մասին պետք է ճիշտ տեղեկություններ տարածել։

Աֆզալադդին Իբրահիմ իբն Ալի Խաղանի Շիրվանին, ով ավելի հայտնի է որպես Խաղանի Շիրվանի կամ Խաղանի, XII դարի իրանցի բանաստեղծ է՝ ծնված Շիրվանում։ Խաղանին եղել է Քեսրանյան արքայատոհմի շիրվանշահ Մանուչեհր III-ի պալատական բանաստեղծը։ «Ադրբեջանցի» դարձած իրանցի պոետը ստեղծագործել է պարսկերեն և արաբերեն (ոչ թյուրքերեն)։ Աշակերտել է Աբու-լ-Ալա Գյանջևիին՝ սովորելով բանաստեղծական արվեստ։
Խաղանին, ով հաճախ էր ճանապարհորդում, բազմիցս եղել է նաև Հայաստանում։ Իր ստեղծագործություններից մեկում Խաղանին գրում է․ «Հենց Թավրիզից Հայաստանի կողմն եմ գալիս, կարծես խավարից դեպի լույսն եմ փախչում․․․»։
Այսպես է հիշատակում Հայաստանի, բայց՝ ոչ երբեք Ադրբեջանի մասին իրանցի նշանավոր բանաստեղծը, քանի որ Խաղանիի ապրած ժամանակաշրջանում ո՛չ Ադրբեջան պետություն և ո՛չ էլ, առավել ևս, ադրբեջանցի ժողովուրդ գոյություն չուներ։

«BBC World News»-ի 2021 թվականի մարտի 25-ին հրատարակած հոդվածը փաստում է, որ Ադրբեջանը հիմնովին ոչնչացրել է Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 2017 թվականից գործում էր որպես զորամասի հոգևոր կառույց։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը, հայերին որակելով որպես օկուպանտներ, նպատակադրված ոչնչացնում է անկախության տարիներին ստեղծված հայկական մշակութային ժառանգությունը։
«BBC World News»-ի 2021 թվականի մարտի 25-ին հրատարակած հոդվածը փաստում է, որ Ադրբեջանը հիմնովին ոչնչացրել է Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 2017 թվականից գործում էր որպես զորամասի հոգևոր կառույց։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը, հայերին որակելով որպես օկուպանտներ, նպատակադրված ոչնչացնում է անկախության տարիներին ստեղծված հայկական մշակութային ժառանգությունը։


Հայաստանում ունենք Նիդերլանդների Թագավորության նոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթեր

 

 Մարիկե Մոնրո-Վինթերը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանն է 2024 թվականից։

Ինքնակենսագրություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2024 թվականի սեպտեմբերից մինչ-այսօր Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան:

2020 թվականի օգոստոս - 2024 թվականի հուլիս
Իսրայելի Թել Ավիվում Նիդերլանդների Թագավորության դեսպանության խորհրդական/ առաքելության ղեկավարի տեղակալ

2016 թվականի օգոստոս - 2020 թվականի օգոստոս
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության վարչության անվտանգության և պաշտպանական քաղաքականության բաժնի պետ ( Հաագա, Նիդերլանդներ )

Օգոստոս 2011 - Օգոստոս 2016 թթ
Պորտուգալիա, Լիսաբոնում Նիդերլանդների Թագավորության դեսպանության խորհրդական/ առաքելության ղեկավարի տեղակալ

Օգոստոս 2007 - Օգոստոս 2011 թթ
Քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ, ՆԱՏՕ-ում, Նիդերլանդների պատվիրակություն, Բրյուսել, Բելգիա

Օգոստոս 2003 – Օգոստոս 2007 թթ
Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության վարչության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության բաժնի աշխատակից, (Հաագա, Նիդերլանդներ)

Օգոստոս 1999-Օգոստոս 2003 թթ
Նիդերլանդների Թագավորության դեսպանատան մամուլի և մշակութային հարցերի ղեկավար Բրատիսլավայում, Սլովակիա

Օգոստոս 1997 – Օգոստոս 1999 թթ
Ինդոնեզիայի Ջակարտայում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան մամուլի և մշակույթի հարցերի երկրորդ քարտուղար

1995 թվականի հունվար – 1997 թվականի օգոստոս
Միջազգային բնապահպանական քաղաքականության գրասենյակի պատասխանատու, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության տնտեսական համագործակցության վարչություն, Հաագա, Նիդերլանդներ

Կրթություն
Մագիստրատուրայի կառավարում և կազմակերպում, Խրոնինգենի համալսարան, 1992 թ
Խրոնինգենի համալսարանի հռոմեական լեզուների և մշակույթի վարպետ, 1993 թ

Լեզուներ
Հոլանդերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն

Հանգստի ոլորտ և հետաքրքրություններ
Գոլֆ, ֆիթնես, քայլարշավ, վայրի ծաղիկներ, դաշնամուր նվագել, ընթերցանություն։

Տիկին Մոնրոյ-Վինթերը պարոն Պեդրո Մոնրոյի այրին է:

(https://www.netherlandsandyou.nl կայքից)

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրո-Վինթերը ժամանել է Հայաստան ու սեպտեմբերի 4-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Նախագահն ու դեսպանը հաստատել են Նիդերլանդների ու Հայաստանի հանձնառությունը խորացնելու ու զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները։
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը սեպտեմբերի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Նորանշանակ դեսպանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Նիդերլանդների նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Ցնցված եմ այս թվով հայերի աներևակայելի տառապանքների ցուցադրությամբ ու պատմություններով: Հուշարձանը առհավատչյա է այս սարսափելի ողբերգությունը չմոռանալու համար»:
Մարիկե Մոնրո-Վինթեր




«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Տիկին Մոնրոյ-Վինթերին Հայաստանում դեսպանի նոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: 





ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՎԱՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մեծարգո Կասիա Աբգարյանը  բացման խոսք ասելիս

Բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ Նաիրա Գասպարյանը հաղորդում է
Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Հատուկ Նիդ.Օրագրի համար

Սեպտեմբերի 11-ից 13-ը Մատենադարանում, մեկնարկել և անց է կացվում ամերիկյան Center for Truth and Justice Ճշմարտության և Արդարության կենտրոնի ջանքերով հրավիրված երրորդ ամենամյա միջազգային համաժողովը՝  «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ և ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ հետկոնֆլիկտային արդարադատության ուղիներ» թեմայուվ համաժողովը՝ նվիրված մարդու իրավունքների խնդիրներին։

Համաշխարհային բարձրակարգ փորձագետների կազմը հավաքվել է իր կարծիքն հայտնելու քաղաքականության ծայրահեղ դրսևորումների վերաբերյալ, իր աջակցությունն արտահայտելու Լեռնային Ղարաբաղի հայերի մարդու իրավունքների պաշտպանությանը, ուղիներ փնտրելու ատելության խոսքին դիմակայելու, քննարկումներին ակտիվ մասնագիտական մասնակցություն ցուցաբերելու, պաշտպանելու արդարությունը, անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԶԼՄ-ների լռությանը։ 

Համաժողովի ջանքերն ուղղված են մարդու իրավունքների ընդլայնմանը՝ իր բացման խոսքում նշված խնդիրներին անդրադարձ կատարելով ասաց ԱՄՆ-ի Կալիֆորնիայի առաջին ատյանի դատարանի դատավոր, Մեծարգո Կասիա Աբգարեանը, ով իր համագործակցությունն է սկսել Հայաստանի հետ դեռ 1996-ից՝ որպես ՀՀ նախագահի խորհրդական։ 

 Այդ ժամանակ նա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հատուկ օգնականն էր եւ ԼՂ Հանրապետության նախագահի ԱՄՆ այցելության ընթացքում ստանձնել է ուղեկցող-թարգմանչի դերը։ Մինչ այդ, Կասիա Աբգարեանն արդեն հասցրել էր լինել Հայաստանում։ 1992-ին լինելով ԱՄՆ-ի Հայկական համագումարի տնօրեն միշտ յուրահատուկ հպարտությամբ կարողանում է իր գործունեությամբ նպաստ բերել անկախացած Հայաստանին։ Այսօր Կասիա Աբգարեանը դարձյալ Հայաստանում է սատար կանգնելու ոտնահարված մարդու իրավունքներ ունեցող Լեռնային Ղարաբաղի / Արցախի հայությանը, որոնք զրկվել են իրենց հայրենիքում ապրելու տարրական իրավունքից։ Ի դեպ Կասիա Աբգարեանը իր թիմով այս տարվա ապրիլին Հաագայում էր :  «Ճշմարտության և արդարության» կենտրոնի կամ CFTJ-ի իրավաբանները գտնում են, որ կան բավարար ապացույցներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ ցեղասպանության համար պաշտոնական հետաքննություն սկսելու: Նրանք ներկայացրել են, այսպես կոչված, 15-րդ հոդվածի հաղորդագրություն, որը կոչ է անում դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանին ուսումնասիրել ենթադրյալ վայրագությունները:

Առաջին օրվա երեք պանելային քննարկումներին մասնակցում են ՀՀ Սահմանադրական դատարանի  նախագահ, դատավոր Արման Դիլանյանը, Միջազգային քրեական  իրավունքի ավագ մասնագետ, Նյուրմբերգյան  սկզբունքների միջազգային ակադեմիայի 2023թ CFTJ-ի  «Տարվա փաստաբան» մրցանակի  դափնեկիր Գուրգեն Պետրոսյանը`  Գերմանիայից և ուրիշներ։ Օրվա հիմնական բանախոսն է Ֆիլիպինների միջազգային  քրեական դատարանի դատավոր /2015-2021/, Ֆիլիպինների համալսարանի պրոֆեսոր, Մեծարգո Ռաուլ Կանո Պանգալանգան։  


THE PROMISING CONFERENCE OF JUSTICE EXPERTS IN ARMENIA

Nara Gasparyan PhD, Associate prof. YSU
For the Netherland Diary from Yerevan, Armenia


At the moment, I am in the Matenadaran building, where the third annual international conference called by the efforts of the American Center for Truth and Justice, "HUMAN RIGHTS and ACCOUNTABILITY, ways of post-conflict justice" dedicated to human rights issues, was launched.

The group of world-class experts have gathered to express their standpoints on extreme manifestations of politics, to express their support for the protection of human rights of Nagorno-Karabakh Armenians, to look for ways to resist hate speech, to show active professional participation in discussions, to protect justice, to react to the silence of the mass media regarding Nagorno-Karabakh.

The efforts of the conference are aimed at the expansion of human rights, referring to the problems mentioned in her opening speech the judge of the first instance court of California, Hon. Gassia Apkarian, who started her cooperation with Armenia still in 1996 as an adviser to the RA president.

She was then the special assistant of the Armenian ambassador to the USA and during the visit of the President of the Nagorno-Karabakh Republic to the USA, she assumed the role of an escort-translator. Before that, Gassia Apkarian had already managed to be in Armenia. Being the head of the Armenian Congress of the USA in 1992, she was always filled with special pride that she was able to contribute to the independent Armenia with her activities. Today, Gassia Apkarian is again with Armenia to support the violated human rights of Nagorno Karabakh Armenians / Artsakh, who were deprived of their basic right to live in their homeland.

The three panel discussions of the day are attended by Judge Arman Dilanyan - Chairman of the RA Constitutional Court, Senior Specialist in International Criminal Law - Gurgen Petrosyan, laureate of the 2023 CFTJ "Lawyer of the Year" award of the International Academy of Nuremberg Principles, and many others. Today's keynote speaker is Honorable Raul Cano Pangalanga, Judge of the International Criminal Court of the Philippines /2015-2021/, Professor of the University of the Philippines.

https://www.nidoragir.com/2024/04/blog-post_19.html



Նկարում ԱՄՆ Լեմկինի ինստիտուտի գիտնական ֆինանսական մասի ղեկավար
Այրին Վիկտորիա Մասսիմինոն  մեր թղթակից Նաիրա Գասպարյանի հետ։

Հրայր Պալեանը կոնֆլիկտների լուծման մասնագետ է, Հարավային Կովկասի, Ուկրաինայի և Լևանտի տարածաշրջանի անկախ վերլուծաբան, ԱՄՆ ի Ջորջիա նահանգից։ 2024 հունվարին կայացած խորհրդաժողովը, որին իր մասնակցությունն էր ցուցաբերել նա,   Արցախում կատարված դեպքերը որակավորվեց իբրև ցեղասպանություն։




Sunday, 8 September 2024

Դեսպանության փառատոնին հանդես եկան Աբովյան մշակութային միության սաները


2024 թվականի սեպտեմբերի 7-ին, շաբաթ օրը, Հաագայում գտնվող Lange Voorhout փողոցը աշխույժ վայր էր, որտեղ ավելի քան 40 դեսպանություն միավորեցին ուժերը՝ ցուցադրելու բազմազան և բազմաբնույթ մշակութային ծրագիր։

Հայաստանը ներկայացված էր Հոլանդահայ Աբովյան մշակութային միության հրաշալի պատանեկան երգչախմբով Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ և պարախմբով Լուսիկ Ներսիսյանի ղեկավարությամբ՝ «Folk in Motion» բեմում։ Հայկական  բաժնի ելույթները սկսվեցին ժամը 13:50-ին։ Նախ հանդես եկեն Աբովյան միության պատանեկան երգչախումբը, որի էներգիայով լի երիտասարդ ձայները լցրեցին Հաագայի Voorhout փողոցները։ Այնուհետև հանդիսատեսը զարմանքով և մեծ հաճույքով դիտեց Աբովյան միության փոքրիկ աղջիկների հեզաճկուն պարը, որից հետո ծրագիրն ամփոփեց Աբովյան միության պատանեկան պարայխումբը՝ երիտասարդ աղջիկների գեղեցիկ և զուսպ դասական հայկական պարերի կատարումով:

Փառատոնի բազմազգ մասնակիցները վայելեցինք նաև հայկական համեղ խորոված՝ Արթուր Հայրապետյանի «Հայկական ոճով խորովածի» տաղավարում, որտեղ ներկայացված էին բացառիկ հայկական գինիներ և Կիլիկիա գարեջուր:

Խորին շնորհակալություն բոլորին փառատոնին մասնակցելու և մեզ աջակցելու համար։

=====================

Op zaterdag 7 september was het Lange Voorhout in Den Haag een bruisende locatie, waar meer dan 40 ambassades samenkwamen om wereldwijde culturen te vieren.

Ook Armenië was nadrukkelijk aanwezig met  de Armeense Culturele Vereniging Abovian, die hun geweldige jeugd zanggroep  onder leiding van Svetlana Aghadjanyan en dansgroep  onder leiding van Lusik Nersesyan presenteerde op het ‘Folk in Motion Podium’. De uitvoering begon om 13:50 met de jeugdzangkoor Abovian, waarbij het geluid van de jonge stemmen barstensvol energie over het Haagse Voorhout klonk. De dansen van de jonge meisjes, die volgden verbaasden en vertederden het publiek. Vervolgens was men in de indruk van de prachtige en ingetogen klassieke Armeense dansen van de jonge dames van de jeugddansgroep Abovian.  Voor velen was een hoogtepunt van het festival!

We hebben ook genoten van verrukkelijke Armeense gerechten, dankzij Arthur Hairapetian's Armenian Style BBQ. En natuurlijk hebben we genoten van verfijnde Armeense wijnen en Kilikia bier.

Heel veel dank aan iedereen die ons heeft bezocht en gesteund.

=====================

On Saturday, 7 September 2024, Lange Voorhout street in The Hague was a vibrant location where over 40 embassies came together to celebrate global cultures.

Armenia was prominently represented by the Armenian Cultural Association Abovian, which showcased their fantastic youth dance ensemble under the guidance of Lusik Nersesyan and youth choir led by Svetlana Aghadjanyan on the ‘Folk in Motion Stage’. The performance began at 13:50 with the Abovian Youth Choir, whose energetic young voices filled the Hague’s Voorhout with sound. The dances of the youngest girls amazed and delighted the audience. The beautiful and restrained classical Armenian dances by the young women of the Abovian youth dance ensemble were a highlight of the festival for many!

We also enjoyed delicious Armenian dishes, thanks to Arthur Hairapetian's Armenian Style BBQ. And of course, we savoured refined Armenian wines and Kilikia beer.

A big thank you to everyone who visited and supported us.

Tuesday, 3 September 2024

Արցախի Հանրապետության հռչակման օրը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

 

Սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության հռչակման օրն է.  33 տարի առաջ այս օրը  Արցախն անկախ հռչակվեց Խորհրդային Միությունից

Տարվույս սեպտեմբերի 2-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հանդիսությունների դահլիճում «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի տիկին Լիանա Փիրումյանը ներկայացրեց Արցախի Հանրապետության հռչակման կամ, ինչպես ընդունված է ասել, Արցախի անկախության օրվան նվիրված բանախոսություն, որն ընդգրկում էր Արցախի անկախության ձեռքբերման դժվարին, բայց և պատվավոր ուղին:

Ուսուցիչն իր խոսքն սկսեց հետևյալ բառերով. «Թեպետ այս տարի Արցախի անկախության օրը, դժբախտաբար, հիշատակվում է առանց հայկական Արցախի, միևնույն է, անգամ այդ ցավի ու գիտակցումի մեջ էլ չենք դադարում հիշել մեր գերված Արցախը»:

Այնուհետև պատմական ակնարկ ներկայացվեց Արցախ աշխարհի մասին:

Արցախը մեր հայրենիքի արևելյան աշխարհներից մեկն է, որն իր նպաստավոր տարածքային, աշխարհագրական դիրքի ու հարուստ բնական պաշարների պատճառով մշտապես եղել է օտար զավթիչների ուշադրության թիրախում, քանիցս ենթարկվել էթնիկ զտման ու ցեղասպանության։

Բանախոսն անդրադարձավ 1921թ. հուլիսի 5-ին Կովկասյան բյուրոյի պլենումի արտահերթ նիստում ընդունված անարդարացի որոշման մասին, որով Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ դրանով իսկ խախտելով արցախահայ բնակչության կամքն ու շահերը, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։

Հղում կատարվեց 1991թ.-ի օգոստոսի 30-ին Խորհրդային Ադրբեջանի կատարած հայտարարությանը, ըստ որի, վերջինս իր անկախության հռչակումից հետո որպես նորանկախ պետություն իրեն ճանաչում է 1918-1920թթ. Մուսավաթական Ադրբեջանի վարչական սահմաններում, այսինքն՝ հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց։ 

Այնուհետև մանրամասն ներկայացվեց Արցախի անկախացման ողջ ընթացքը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին որոշման ընդունումից, նույն տարվա դեկտեմբերի 10-ին հրավիրված ԼՂՀ անկախության հանրաքվեից մինչև իշխանության մարմինների ձևավորում:

Ներկայացվեցին Արցախի Հանրապետության պետական դրոշը, օրհներգն ու զինանշանը:

Ուսուցչի կողմից առանձնացվեց պատերազմի բովում ծնված Արցախի բանակի պատմությունը, որը պետականաշինությանը զուգընթաց՝ մինչև 1994թ., հաղթական մարտեր է մղել ու ազատագրել Կրկժանը, Քարինտակը, Իվանյանը, Շուշին, Բերձորը, Մարտակերտը, Մարտունին, Ակնը։

Ի զարմանս աշխարհի, հայ ժողովուրդն իր միասնության և բարձր ոգու շնորհիվ իրեն պարտադրված պատերազմից հաղթականորեն դուրս եկավ:

Բանախոսն անդրադարձավ նաև 2020թ. սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմին ու նրա աղետաբեր հետևանքներին և հատկապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով Ադրբեջանին հանձնվեց Արցախ աշխարհի մեծ մասը: Իսկ ամենասարսափելին և աներևակայելին դեռ առջևում էր. 2023թ. սեպտեմբեր 19-ին Ադրբեջանի ցեղասպան և էթնիկ զտման քաղաքականության արդյունքում, համայն աշխարհի աչքի առջև Արցախը լիովին հայաթափվեց և զրկվեց իր իսկական տերերից:

Բանախոսն իր խոսքն ավարտեց՝ շեշտելով, որ մենք միշտ հիշելու ենք Արցախի անկախության օրը, քանզի այն անցյալ չէ, և մեզ համար փակված էջ չէ. Արցախը մեր սրտերում է:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, վերադարձ, վստահաբար, լինելու է:

Այո՛, լինելուէ վերադարձ, քանի որ Արցախի ամեն մի թուփն ու քարը կանչում և ճչում է հայերեն...




Monday, 2 September 2024