The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 23 April 2019

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում


«Նիդերլանդական օրագրի» Ամատունիների իշխանական տոհմի մասին  նախագծի շրջանակներում շարունակում ենք պատմել Նիկոդիմոս Ամատունու* մասին (Աստղանիշերով բառերի բացատրությունը դիտել ներքևում,-ծանոթ.`Նիդ.Օրագիր): Նրա ծննդյան 160-ամյակը լրանում է այս  տարվա մայիսի երեքին:Գրեթե անհնար է  ընդգրկել այն դիապազոնը, որտեղ հասցրել է լինել,  շփվել  ու  մտերիմ հարաբերություններ  հաստատել Նիկոդիմոս Ամատունին:  ՈՒսանողական ու աշխատանքային տարիներին նա հասցնում է ծանոթանալ ու մտերմանալ իր շրջապատի  ակնառու գրեթե բոլոր մտավորականներին, պետական ու քաղաքական գործիչներին՝  որոնց թվում բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի, իրավաբան, ակադեմիկոս Անատոլի Կոնիի, գրողներ Մաքսիմ Գորկու, Լև Տոլստոյի, Ի.Ս. Տուրգենևի, Ֆ.Մ. Դոստոևսկու, Ն.Ա. Նեկրասովի, Վ.Գ. Կորոլենկոյի, Վլադիմիր Սոլովյովի,պատմաբան, ճանապարհորդ, ազգագրագետ Պավել Ռովինսկու ու էլի  շատերի հետ: Հասարակական, քաղաքական, մշակութային շատ գործիչներ` ինչպիսիք են ակադեմիկոս Վերնադսկին, ռազմական գործիչ Վրանգելը, իշխանուհի Մարիա  Տենիշևան, գրող արվեստաբան Օլգա Բազանկուրը և շատերն իրենց հուշերում և օրագրերում  բավական դրական կերպով են հիշատակել  իրենց ժամանակակցի` Նիկոդիմոս Ամատունու անունը: Առաջիկայում կանդրադառնանք Նիկոդիմոս Ամատունու Հայաստանի հետ ունեցած կապի  մասին, իսկ այժմ` Ամատունին, հայտնի  նկարիչ Բենուայի (Алекса́ндр Никола́евич Бенуа́) հիշողություններում:



Ի համալրումը Բենուայի** կենսագրության, պակաս արժեքավոր չէ նրա «իմ հիշողությունները» ինքնակենսագրականը: Այն 2 հատորով, ըստ երևույթին առաջին անգամ հրատարակվել է 1955 թվականին Նյու-Յորքում՝ «Նկարչի կյանքը: Հիշողություններ» (Жизнь художника. Воспоминания) վերնագրով: Արդեն «Իմ հիշողությունները» վերնագրով, ավելի ուշ այն լույս է տեսել Ռուսաստանում: Սա Բենուայի մասին մի ամբողջական ինքնակենսագրական է ՝ սկսած նրա մանկությունից ու պատանեկությունից մինչև  մարդ-արվեստագետ ձևավորվելը:
Այս ինքնակենսագրականում մեզ անշուշտ հետաքրքիր է այն պատահական դիպվածը, թե ինչպես է Բենուան հանդիպել և իշխան Նիկոդիմոս Ամատունուց խնդրել ստորագրություն դնել գերմանական Մայնինգենի հանրահայտ թատրոնի կոլեկտիվին նվիրաբերվող հուշաթղթի տակ: Այդ մասին Բենուան պատմում է «Իմ հիշողությունները» գրքի 2-րդ հատորի 19-րդ գլխում ՝ «Գիմնազիան ավարտելը» վերնագրի ներքո:

Դեպքերը վերաբերվում են կոնկրետ 1889 և 1890 թվականներին: Բենուան Ամատունուն հանդիպել է 1890 թվականի մարտին, Պետրոգրադի Ալեքսանդրինյան թատրոնում,
 երբ Ռուսաստան 2-րդ անգամ հյուրախաղերի էր եկել այն ժամանակների հանրահայտ գերմանական Մայնինգենյան դրամատիկական թատրոնի խումբը: Այս թատրոնն ստեղծվել է 1831թ. Սակսեն-Մայնինգենի դքսության մայրաքաղաք Մայնինգենում: Թատրոնով, մասնավորապես գեղարվեստական ձևավորմամբ անձամբ զբաղվել է հերցոգ Գեորգ 2-րդը: Գերմանական կայսերության մեջ այս դքսությունը գրեթե պետություն էր՝ պետության մեջ: 19-րդ դարի վերջերին, ծաղկում ապրող թատրոնը կանոնավոր հյուրախաղերի է եղել հարևան Ավստրո-Հունգարիայում, Լեհաստանում, սկանդինավյան երկրներում, Բելգիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում (1885 և 1890թթ) ։ ՈՒներ կայուն խաղացանկ՝ 40-ից ավելի ներկայացումներով: Բեմադրվել են Գ. է. Լեսինգի, Ֆ. Գրիլպարցերի, Մոլիերի, Ջ. Բայրոնի, Գյոթեի, Հ. Իբսենի պիեսները: Հաջողված բեմադրված գործերից են Շեքսպիրի «Հուլիոս Կեսարը», «Համլետը», «Վենետիկի վաճառականը», «Մակբեթը»,
 Շիլլերի ստեղծագործություններից ՝ «Օռլեանի կույսը», «Մարի Ստյուարտը», «Ավազակները», «Վալենշտայնի ճամբարը» բեմադրությունները:

Կարճ ժամանակում թատրոնի փառքը համաշխարհային ճանաչում ունեցավ: Այդ ժամանակ 30 տարին լրացած Ամատունին աշխատում էր կառավարությանն առընթեր սենատի քրեական վարչությունում, կոլեգիալ քարտուղար էր, 10-րդ դասի պետական պաշտոնյա և ներկայացվել էր պետական տիտուլյար խորհրդականի կարգավիճակի, իսկ 19-ամյա Բենուան պետք է նոր ավարտեր 1856 թվականին Կարլ Մայի հիմնադրած Պետերբուրգի մասնավոր գիմնազիան և մտներ մեծ կյանք: Հենց կյանք մտնելու և կարիերա կերտելու այս խաչմերուկում Բենուան, իր համար պաշտելի թատրոնում, զգում է Ամատունու  աջակցության կարիքը, որն այն ժամանակ շատ կարևոր է թվացել ապագա մեծ նկարիչի ու թատերական գործիչի համար:
Այժմ դառնանք Բենուայի հուշագրությանը և տեսնենք թե ինչ դիպվածով և հանգամանքներում են նրանք միմյանց  հանդիպում:

Մինչ 1890 թվականի  նրանց  հանդիպումը, դեպքերը հետևյալ կերպ են զարգանում:
Բենուան գրում է, որ գիմնազիան իր ընկեր Վալեչկայի*** հետ պետք է ավարտեր դեռ մեկ տարի առաջ՝ 1889թվականին: Դա տեղի չի ունենում, միայն այն պատճառով, որ երկու ընկերներ աչքաթող են անում բուն դասերը: Արվեստնը  նրաց այնպիսի ուժով է ձգում և հմայում, որ վերջիններս հայտնվում են արտադպրոցական հետաքրքրասիրությունների կախարդական շրջապտույտում, երբ դասերից բացի բավականին այլ պատվելի նախասիրություններ ու  հետաքրքրություններ կան` ինչպես շատերիս հետ է պատահել:
Պետերբուրգյան այն ժամանակվա բուռը մշակութային ստեղծագործական կյանքը ամբողջովին իրեն է կլանում նրանով տարված ու նվիրված երիտասարդներին: Մշակութային կյանքի նկատմամբ այս ծարավը պատճառ է հանդիսանում, որ նրանք անտարբերության մատնեն ուսումնառությունը և աչքաթող անեն դասերը: Չնայած մի քանի դասատուների մոտ ունեցած առաջադիմությանը՝ Բլունբերգ, Մալխին, նրանք այնուամենայնիվ չեն վաստակում քննություններին մասնակցելու և գիմնազիան ավարտելու իրավունքը:

Բենուան գրում է, որ դեռ 1889թ. Զատիկի տոներից շատ առաջ խոսակցություն էր գնացել, որ իրենց երկուսին չեն թողնելու մասնակցեն ավարտական քննություններին, այդ պատճառով նա այնքան էլ չի զարմացել, երբ մարտի 25-ին դաշնամուրով նվագելիս է եղել, գիմնազիայի հիմնադիր-տնօրեն Կարլ Իվանի Մայը անսպասելի դեմ հանդիման է դուրս եկել վարժարան եկած Բենուայի մորը և «նրբանկատորեն» ակնարկել.

-Այսօր Ավետման օր է, բայց ես Ձեզ մոտ՝ Քամիլա Ալբերտովնա, Բարի լուրով չեմ եկել: Ձեր որդին` ծայրահեղ ափսոսանքով եմ հայտնում, չի կարող քննություններ հանձնել այս տարի, նա չափից դուրս է բաց թողել դասերը:

Որոշ ժամանակ անց, այս լուրը գրեթե նույն բառերով, բայց գերմաներենով (Նուվելի մայրը գերմանուհի էր) Կարլ Մայը հայտնում է Բենուայի ընկերոջ ՝ Նուվելի մայրիկին:
Բենուան գրում է, որ լուրը շատ տխրեցնում է ծնողներին, հատկապես հորը, որը մտածում էր, որ «տղային լրիվ աչքաթող է արել»:
«Ընդհակառակը, ես ու Վալեչկան այս «ոչ» բարի լուրը գրեթե ցնցությամբ ընդունեցինք, -իր հուշերում գրում է Բենուան, որովհետև մեր առջև բացվում էր գարունը, զերծ այդ ժամանակվան հատուկ քննական դժվարություններից, նաև աչքից հեռու էին լինելու ատելի գրքերն ու տետրերը»:
Այսպիսով 1889թվականին Բենուան մնում է գիմնազիայի նույն՝ ավարտական դասարանում: Առջևում 1990 թվականն էր:
2-րդ անգամ 8-րդ դասարանում նստելը՝ մասամբ հեշտացնում է քննական դժվարություններին դիմակայելը և գիմնազիան ի վերջո ավարտելը: Այնուամենայնիվ, գարնանային ավարտական քննություններից առաջ, Բենուան ընկերների հետ նոր փորձությունների է ենթարկվում: Սերը դեպի թատերական արվեստը, ինչպես ինքն է նշում «թաթերամանիան» նոր ուժով է դրսևորվում:

 Մեծ պահքի օրերին, 5-ամյա ընդմիջումից հետո, կրկին Պետրոգրադ հյուրախաղերի է գալիս գերմանական հանրահայտ թագավորական մայնինգենյան թատրոնը: Առաջին հյուրախաղերից հետո մնացած վառ տպավորությունները նորովի շունչ ու կերպարանք են ստանում մայնինգենցիների հետ 2-րդ հանդիպման ընթացքում: Բենուայի հոգեկան աշխարհում անակնկալ ու անասելի փոփոխություններ են տեղի ունենում: Այն, որ անխտիր բոլոր ներկայացումներին նա ներկա էր՝ բավարար չէր, փորձում էր կապ հաստատել թատրոնի արտիստների հետ, մեծ ցանկություն ուներ ընդունվել թատերախումբ: Իր ընկեր Նուվելի միջոցով ծանոթացել էր բոլոր գլխավոր դերակատարներին, անգամ սիրահարվել էր թատերախմբի ամենաերիտասարդ աղջկան՝ Կլարա Մարկվարտին, ում ընդամենը մի անգամ օգնել էր նստել կառք: Ներկայացումներից հետո հաճախ են Մալոյե Սադավոյե փողոցի փոքրիկ ռեստորանում ճաշել հյուրախաղերի եկած արտիստների հետ: Ճաշկերույթներից մեկի ժամանակ էլ Բենուան թատերախումբ ընդունվելու իր առաջարկն է արել Հուլիոս Կեսարի դերակատարին՝ Պաուլ Ռիխարդին, անգամ բեմադրություններից արտասանություններ արել նրա համար: Այդ օրը Բենուան իրեն արտիստական տեսք տալու համար հրաժեշտ է տվել իր  սիրելի բեղ ու մորուքին: Ռիխարդն իր պարտքն է համարել, ինչպես Բենուան է գրել . «արթնացնել իրեն»: Մերժել է առաջարկը՝ Բենուայի գերմաներենի ոչ ճիշտ առոգանության, թատերախմբի դրսում շատ հյուրախաղեր ունենալու, քիչ վարձատրվելու և այլ դժվարությունների պատճառաբանություններով:

Այս մտքի հետ Բենուան համակերպվում է, սրանից Մայնինգենյան թատրոնի հանդեպ նրա սերը բնավ չի նվազում : Երկրպագության վերջնական դրսևորումը այն է լինում, որ թատերախմբին հրաժեշտ տալուց առաջ նրանց է մատուցում թղթին՝ հին գերմանական ոճով գեղեցիկ ձևավորված թատրոնի հասցեն: Բենուան այն զարդարել էր իր նկարներով , նաև ավելացրել էր գերմանական ամենհայտնի արձակ ստեղծագործություններից 20 տող: Մնում էր այն լրացնել մաղթանքներով ու մեծարգո մարդկանց ստորագրություններով, և հանձնել թատրոնի խմբին: «Սա թեև տղայական, բայց սրտառուչ քայլ էր,- գրում է Բենուան և ավելացնում, երբ ես, Նուվելը և Ֆիլոսոֆովը# զետեղեցինք մեր խոշորատառ ստորագրությունները, դժվարությունների հանդիպեցինք այլ ստորագրություններ հավաքելու հարցում»:
Վիճակն ավելի է ծանրանում, երբ հիշյալ ներկայացմանը մասնակից Բենուայի քեռին՝ Միշա Կավոսը, կտրուկ հրաժարվում է նկարի տակ իր մակագրությունը թողնելուց, թեև այս թատրոնի երկրպագուն էր:
 Մյուս բարեկամը՝ Սերյոժա Զարուդնին, թեև ստորագրել է, բայց դա արել է մեծ դժվարությամբ, Բենուայի նախաձեռնությունը քննադատելուց և նրան մի լավ ծաղրելուց հետո:
Այս իրավիճակում մեծ նվեր էր Բենուային և նրա ընկերներին՝  ներկայացմանը Նիկոդիմոս Ամատունուն տեսնելն ու նրա ստորագրությունը «ձեռքը գցելը»:
«Դրա փոխարեն մեզ հաջողվեց կեռկապել մի տիտղոսակրի,-անթաքույց հպարտությամբ իր հուշերում գրում է Բենուան,- հենց իրեն՝ իշխան Ամատունուն, որն իմ մտերիմ Միտյա Պիպինի## մտերիմն է: Մայնինգենցիների վերջին ներկայացմանը Ամատունին պատահական էր եկել, լինելով սիրալիր մարդ նա չհակառակվեց մեր խնդրանքին»,-Ամատունու մասին իր այս տեղեկությունը եզրափակում է Բենուան , անմիջապես ափսոսանք ու մտավախություն արտահայտելով, որ իրենց ջանքերը կարող են ապարդյուն լինել. «Հազիվ թե իրենք ՝ Մայնինգենցիներն անհրաժեշ ուշադրութուն դարձնեին մեր այս նվիրաբերությանը. նույնիսկ հնարավոր է Լինկին հանձնված մեր մագաղաթյա թուղթը հայտնված լիներ թղթերի համար նախատեսված զամբյուղում»:
Պաուլ Լինկը, թատրոնի կոմիկ դերասաններից էր, ում նկատմամբ այնքան էլ համակրանք ու վստահություն չուներ Բենուան:

Բենուայի տողերը, որ « Ամատունուն պատահական է տեսնում թատրոնում»՝ Մանինգենցիների վերջին ներկայացմանը: Սա չպետք է ուղիղ իմաստով հասկանալ: Պատահականությունը՝ պատահականություն, բայց հայտնի է, որ Ամատունին լինելով հարուստ աշխարհայացքի ու մտահորիզոնի տեր մարդ մշտապես կապված էր  թատրոնին, անձամբ նրա ազգականները (hայտնի թատերական գործիչ Նապոլեոն Ամատունին նրա  աներն էր)  մեծ ավանդ ու ներդրում են ունեցել Թիֆլիսի հայկական թատրոնի կյանքում: Թիֆլիսում սովորած տարիներին Նիկոդիմոսը անձնական մտերիմ հարաբերությունների մեջ է եղել հայ մեծ դերասան , բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ Պետրոս Ադամյանի հետ: Ռուսաստանում եղած տարիներին էլ աննախադեպ են Ամատունու արվեստի նկատմամբ դրսևորած նախասիրությունները: Այնպես որ, հաստատապես է, որ պատահականությունը վերաբերում է ընդամենը Մայնինգենյան թատրոնի հյուրախաղերի վերջին օրվա ներկայացմանը Ամատունու այնտեղ լինելուն, երբ Բենուան տեսնում է նրան և իր համար այդքան անհրաժեշտ ստորագրությունն է նրանից խնդրում:
Որպես ապացույց, հաջորդ նախադասությունը հուշում է, որ նրանք հնարավոր է վաղուցվա ծանոթներ լինեն: Ինչպես ինքը՝ Բենուան , Ամատունին ևս ռուս հայտնի ակադեմիկոս, ազգագրագետ, գրականագետ Ալեքսանդր Պիպինի մտերիմն ու բարեկամն էր՝ ընդ որում վաղուցվա, ինչն էլ հիշատակում է Բենուան:
Պետրոգրադի Ալեքսանդրինյան թատրոնի շենքը:
Ենթադրվում է լուսանկարն արվել է 1890-1905թթ հատվածում:

Այսպիսով հստակ է, որ Պետրոգրադի Ալեքսանդրինյան թատրոնում Բենուայի համար է այս հանդիպումը անակնկալ եղել, բայց ոչ բոլորովին պատահական ՝ Ամատունու հանդիպումը թատրոնի հետ:
Ամատունու ստորագրությունն ունենալուց հետո, մեծ նկարիչը նույնիսկ ափսոսանք է հայտնել՝  հնարավոր այն տարբերակի համար, որ կարող էր իրենց նվիրաբերած հուշաթուղթը չարժանանար թատրոնի կոլեկտիվի ուշադրությանը :

Բացի այդ, Բենուա արվեստագետի հիշողությունների ինքնակենսագրական գիրքը լույս է տեսել բավական ուշ՝ 1955 թվականին Նյու-Յորքում, եթե այն ավելի վաղ էլ գրված լիներ,
Ամատունու հետ կապված այս դրվագը ամուր է մնացել, չի ջնջվել մեծ նկարիչի հիշողությունից, որն էլ առիթ է ենթադրելու, որ վերջիններս միմյանց ճանաչել ու շփվել են հետագայում ևս: Բենուան, ինչպես նաև նրա ընկեր Վալտեր Նուվելը, նաև Ամատունին մահացել են Փարիզում: Նույնիսկ վերջին երկուսը թաղված են Փարիզին մոտ Ժենևև Դե Բուա քաղաքի համանուն գերեզմանատանը:
Չի բացառվում, որ կենդանության օրոք նրանք Փարիզում  հաճախ հանդիպած լինեն, կիսված լինեն իրենց հիշողություններով:

Վահան Ամատունի
Լրագրող
____________________________
____________________________

*- Նիկոդիմոս Եսայու Ամատունի (ռուս.՝ Аматуни Никодим Исаевич, մայիսի 3, 1859, Օշական, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1946, Փարիզ, Ֆրանսիա) Իշխան,  պետական, քաղաքական, հասարակական գործիչ,
Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), Ռուսական կայսրության 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է Ռուսասկան կայսրության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության պատասխանատու պաշտոններ, եղել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:1920 թվականին Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության (1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը (1935), եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:
Գործուն մասնակցություն է ունեցել ցարական Ռուսաստանի քաղաքականության մեջ հայկական խնդիրների ուշադրություն սևեռելուն (մասնավորապես`հայրենի գյուղում 1914թ. հայկական դպրոցի հիմնում, թուրքերի դեմ պատերազմում հայկական հողերի վերագրավում: Ցավոք հոկտեմբերյան հեղափոխության ու բոլշևիզմի իշխանության գալուց հետո, բազմաթիվ ծրագրեր անկատար մնացին):

  Սերվում է Ամատունիների ազնվական տոհմից, նրա տոհմակիցների իշխանական տիտղոսը ևս մեկ անգամ վերահաստատվել է 1784 թՎականին Վրաց Հերակլ II թագավորի հրովարտակով, ապա 1826 թվականին Ռուսաստանի Նիկոլայ I ցարի հրամանով։


**-Ալեքսանդր Նիկոլաեւիչ Բենուա, ծնվել է 1870 թվականի ապրիլի 21-ին՝ (3-ը մայիսի) Սանկտ Պետերբուրգում, ճարտարապետության պրոֆեսոր Նիկոլայ Լեոնտևիչի ընտանիքում, մահացել է՝ 1960 թ. Փետրվարի 9-ին, Փարիզում: ռուս գեղանկարիչ, պատմաբան-արվեստագետ, թատերական քննադատ, ռուս և արտասահմանցի արվեստագետների ստեղծագործությունները լուսաբանող բազմաթիվ գրական աշխատությունների հեղինակ,
Մոսկվայի և Պետերբուրգի, ինչպես նաև Եվրոպայի և Ամերիկայի շատ քաղաքների թատրոնների փայլուն բեմանկարիչն ու դեկորատորը: «Արվեստի աշխարհ» գեղարվեստական միավորման ու նույնանուն հանդեսի հիմնադիրն ու գլխավոր գաղափարախոսն է:
Որոշ ժամանակ ուսանել է գեղարվեստի ակադեմիայում:
Գիմնազիան ավարտելուց հետո (1885-90թթ) սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1890-1894):
1896թ. ընկերների հետ եղել է Փարիզում, ստեղծել հայտնի «Վերսալյան շարքի» նկարները:
Եղել է Պետերբուրգի ռուսական թանգարանի առաջատար մասնագետ: 1918-ին Բենուան գլխավորել է Էրմիտաժի արվեստի պատկերասրահը, հրատարակել է պատկերասրահի նոր տեղեկատուն:
1916-1917թթ. Նա նկարազարդել է Պուշկինի «Պղնձե հեծյալը» պոեմը,
միառժամանակ աշխատելով որպես գրքի եւ թատրոնի նկարիչ եւ ռեժիսոր, աշխատել է Պետրոգրադի Մեծ դրամատիկական թատրոնի ձևավորող և բեմադրիչ: 1925 թվականին մասնակցել է ժամանակակակից արդյունաբերական դեկորատիվ արվեստի Փարիզի միջազգային ցուցահանդեսին: 1926թ արտագաղթել է Ֆրանսիա: Աշխատանքի է անցել Փարիզում, որպես բեմադրող նկարիչ:

20-րդ դարի ռուսական մշակույթի պատմության մեջ մեծ ներդրում ունեցած, կերպարվեստի յուրօրինակ վարպետ-գեղանկարիչը, որը նաև թատրոնի և կինոյի ակտիվ գործիչ էր, Եվրոպայի և Ամերիկայի շատ քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսների ակտիվ կազմակերպիչը ՝ նաև գեղարվեստի արժեքի բացառիկ քարոզիչն էր:
Հայտնի նկարիչ Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուայի 1899-1902թթ գրած «XIX դարի ռուսական գեղանկարչության պատմություն» աշխատությունը դարձավ ոչ միայն 19-րդ դարի ռուսական գեղանկարչության զարգացման համապարփակ ամփոփագիրը, այլև ռուսական արվեստի մշակույթի արծաթյա դարաշրջանի հիանալի հուշակոթողը: Բենուան արվեստի այն գիտակներից է, որի հետ արժեր հաշվի նստել:
Բենուայի արվեստի վարպետներին տրված եզակի ու անկրկնելի, վառ բնութագրումները, սուր զգացողության ընկալումն ու այլոց
«գեղեցկության գաղտնիքը» փոխանցելը՝ Ա.Ն.Բենուայի աշխատանքին տալիս է կենդանի հատուկ հետաքրքրություն: Նրա այս արժեքավոր գիրքը հրատարակվել է 1902 թվականին, այնուհետև այն մի քանի անգամ վերահրատարակվել է:
Նրա հետաքրքիր գործերից են 1904թ. Պետերբուրգում լույս է տեսած «Այբուբենը նկարներում» և «Ռուսական գեղանկարչության դպրոցը» և այլ արժեքավոր գրքերը, որոնք ևս վերահրատարակվել են ռուսերեն:
Ի համալրումը Բենուայի կենսագրության, պակաս արժեքավոր չէ նրա «իմ հիշողությունները» ինքնակենսագրականը: Այն 2 հատորով, ըստ երևույթին առաջին անգամ հրատարակվել է 1955 թվականին Նյու-Յորքում՝ «Նկարչի կյանքը: Հիշողություններ» (Жизнь художника. Воспоминания) վերնագրով: Արդեն «Իմ հիշողությունները» վերնագրով, այն լույս է տեսել Ռուսաստանում: Սա Բենուայի մասին մի ամբողջական ինքնակենսագրական է ՝ սկսած նրա մանկությունից ու պատանեկությունից մինչև նրա իսկական մարդ-արվեստագետ ձևավորվելը:

***- Վալեչկա,  Վալտեր Նուվել (1871—1949) «Արվեստի աշխարհ» ասոսացիայի համահիմնադիրներից, համանուն ամսագրի երաժշտական բաժնի խմբագիր, երաժշտական
երեկոների կազմակերպիչ: Ծառայել է միապետական պալատի նախարարական գրասենյակում, որպես հատուկ հանձնարարությունների պաշտոնյա: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արտագաղթել է Ֆրանսիա: Ինչպես Ամատունին, Թաղված է Փարիզի մերձակա Սենտ Ժենևև Դե Բուա քաղաքի համանուն գերեզմանատանը):






# -  Դմիտրի Ֆիլասոֆով: Ռուս գրող, արվեստաբան, գրականագետ, կրոնական, հասարակական և քաղաքական գործիչ: Ծնվել է 1872թ. մարտի 26-ին (ապրիլի 7) Սանկտ Պետերբուրգում: Մահացել է 1940 թվականի օգոստոսի 4-ին Օտվոցկում (Օտվոդսկ), Լեհաստան: Ֆիլասոֆոֆները սերում են հին ազնվական տոհմից: Հայրը՝ Վ.Դ. Ֆիլոսոֆովը (1820—1894) եղել է ռուսական բանակի բարեփոխումներ իրականացրած զինվորական նախարար Դ.Ա. Միլյուտինի ամենամոտ օգնականը: 1861-1881թթ. գլխավոր ռազմական դատախազ և ռազմական դատական դեպարտամենտի ղեկավար, 1881 թվականից` Պետրոգրադի Պետական խորհրդի անդամ:Մայրը` Աննա Պավլովա Ֆիլասոֆովան (Դյագիլևա) գրականագետ, Ռուսաստանի կանանց շարժման հայտնի գործիչ, կանանց բարձրագույն ուսումնական հաստատությունների հիմնադիրներից մեկը:
Դմիտրի Ֆիլոսոֆովը ավարտել է Կ.Մայի մասնավոր գիմնազիան 1890 թվականին: Արվեստի նկատմամբ հետաքրքրությունը և ինքնակրթության ցանկությունը նրան մոտեցրեցին Ա.Ն. Բենուային, Կ.Ա. Սոմովին, Վ.Ֆ. Նուվելին, ովքեր մտերիմ ընկերներ էին: 1895-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ավարտից հետո
վերապատրաստվել է Հեյդելբերգի համալսարանում:Այնուհետեւ ծառայել է Պետական խորհրդի կարգավորման (կոդիֆիկացիոն) բաժնում, 1898 թ.-ից `Սանկտ Պետերբուրգի կայսերական հանրային գրադարանում (այժմ Ռուսաստանի ազգային գրադարան) 1897 թվականից նա սկսեց զբաղվել ժուռնալիստական գործունեությամբ, տպագրվել է «Հյուսիսային տեղեկագիր («Северный вестник»), «Կրթություն», («Образование»), «Աշխատանքային օգնություն», («Трудовая помощь»), «Արդարադատության նախարարության հանդես», («Журнале Министерства юстиции») ամսագրերում: Ֆիլասոֆովը «Արվեստի աշխարհ» ամսագրի (1898—1904), .գեղարվեստական բաժի խմբագիրն էր , ավելի ուշ զբաղեցրել է գրական քննադատություն բաժնի ղեկավարի պաշտոնը: «Նոր ուղի» («Новый путь», 1903—1904) ամսագրի համահիմնադիրներից է, եղել է վերջին տարվա խմբագիրը: !906-08թթ. ապրել է Փարիզում: Վերադարձել և կրկին աշխատակցել է մամուլին, խմբագրել ու հիմնել հանդեսներ, միաժամանակ Պետերբուրգի Կրոնական-փիլիսոփայական ընկերությունում վարել է մի շարք պաշտոններ , եղել է քարտուղար (1908), այնուհետև նախագահ(1909—1917) : Բոլշևիկների իշխանության գալուց հետո 1918—1919 թվականներին Դ. Վ. Ֆիլասոֆովը  աշխատել է հանրային գրադարանում:1919թվականի դեկտեմբերին իր մի քանի ընկերների հետ կարմիր բանակի զորամասեր գործուղման քողի տակ արտագաղթել է Լեհաստան, պայքարել բոլշևիզմի դեմ: Ակտիվ գործունեություն է ծավալել մինչև 1936 թվականը, մահացել է 1940թվականին: Նա թաղվել է Վարշավայում գտնվող Ուղղափառ գերեզմանոցում:


##-  Ալեքսանդր Նիկոլայի Պիպին. ծնվել է 1833թվ. մարտի 25-ին (ապրիլի 6) Ռուսաստանի կայսերության Սարատով քաղաքում: Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսն էր (1898) , 1904թ ԳԱ փոխնախագահը, ռուս ազգագրագետ, գրականագետ, իսկական պետական խորհրդական: Մայրական շառավիղով (Պիպինի մորաքրոջ տղան) եղել է ռուս փիլիսոփա, ուտոպիական սոցիալիզմի տեսաբան , գրող, քննադատ, հրապարակախոս Նիկոլայ Չերնիշևսկու (1828- 1889) զարմիկը:

1849 թ. Կազանի համալսարանից տեղափոխվում է Սանկ Պետերբուրգի համալսարան և 1853 թվ. ավարտում է այն:1857 թվականին գիտական թեզը պաշտպանելուց հետո 1860 թվականից Սանկտ Պետերբուրգի համալսարանի Պատմության եւ բանասիրական ֆակուլտետի գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր:

1891 թ. ընտրվել է ռուսաց լեզվի և գրականության բաժնի թղթակից- անդամ, իսկ 1898 թ., Գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ:
Բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի հետ խմբագրել է ԳԱ «Известия» ОРЯС ամսագիրը, համագործակցել, այնուհետև խմբագրել է «Современник» ամսագրին, նաև այլ թերթերի ու հանդեսների:
Մահացել է 1904 թ. Նոյեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում : Թաղվել է Նովոդեվիչի գերեզմանատանը :

Ծանոթությունները` Hay Azian-ի



Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝  «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 
https://www.nidoragir.com/2024/08/blog-post.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

Saturday, 20 April 2019

Նիդերլանդների Դեն Բոսի և շրջակա բնակավայրերի հայ համայնքը հնարավոր է ունենա իր սեփական աղոթատեղին


  • Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանդի նահանգ է այցելել Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ Պարսամյանը
  • Նախադրյալներ կան, որ այս եկեղեցին Նիդերլանդներում ծառայի որպես Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն:
Սուրբ Կատարինա եկեղեցում առաջին անգամ հայ հոգևորականները սուրբ պատարագ են մատուցել



Դեն Բոսի «ՈՒրարտու» հայ համայնքի կյանքում հիշարժան իրադարձություն էր տեղի ունենալու: Ապրիլի 13-ին Հյուսիսային Բրաբանդի մարզ էր այցելել Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ Պարսամյանը: Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ նրանք Դոտրեխտի հայ հավատացյալների հետ շփվելուց հետո այցելեցին Դեն Բոս (կամ` Հերթոգենբոս), որտեղ նախ պետք է հանդիպեին կիրակնօրյա դպրոցի սաներին ու նրանց ծնողներին, իսկ հետո` հաջորդ օրը, տեղի Սուրբ Կատարինե եկեղեցում անմիջական մասնակցություն ունենային Ծաղկազարդի Սուրբ Պատարագի արարողությանը: Նախադրյալներ կան, որ հիշյալ եկեղեցին ընդմիշտ ծառայի տեղի հայ հավատացյալներին: Ամեն ինչի մասին անդրադառնանք հերթականությամբ: Ընդհանրապես արժանին պետք է մատուցել Խաժակ սրբազանին Նիդերլանդների հայ համայնքին այդչափ ուշադրություն դարձնելու համար: Նա եղել է գրեթե բոլոր հայաշատ համայնքներում ու իր խորհուրդներով, կերտիչ խոսքով ու գործով նեցուկ եղել ազգանպաստ գործերի:


Դժվար է ասել` թե Հերթոգենբոսը նախկինում որքանով է առնչություն ունեցել հայ կյանքին: Ներկայիս համայնքը մեկ տասնամյակ էլ չկա ինչ ձևավորվել է: Թարգմանաբար քաղաքի անունը նշանակում է Հերցոգյան անտառ:Քաղաքը գտնվում է Նիդերլանդների կենտրոնական մասերում, տեղանքը ճահճային է` Աա և Դոմել գետերի խառնարանի միջնամասում: Վայրը մի ժամանակ բրաբանտի իշխանների համար անտառ ու որսատեղի է եղել: Դեն Բոսը քաղաքի կարգավիճակ է ստացել 1185 թվականին Բրաբանդի հերցոգ Հենրիխի առաջինի կողմից: Քաղաքը իր ծաղկման գագաթնակետին է հասել XIV-XV դարերում: Ներկայումս Նիդերլանդները Հյուսիսային Բրաբանդի նահանգի (մարզի) վարչական կենտրոնն է, գտնվում է Ամստերդամից 80կմ հարավ-արևելք, ունի 153 հազ. բնակիչ : Զուիդ-Վիլեմսվարտ ջրանցքի նավահանգիստն է : Բնակչությունը 2018 թ. տվյալներով կազմել է 153.000 մարդ: Մարզի 4-րդ խոշոր քաղաքն է` Էյնդհովենից, Թիլբուրգից, Բրեդայից հետո: Երկրի խոշոր տրանսպորտային երկաթուղային հանգույց է, որով իրար են կապվում Նիդերլանդների շատ քաղաքներ:Զբաղեցնում է 91.26 կմ² տարածք: 
Սակավթիվ հայերին` 90-ական և 2000 թվականներից հետո բազմաթիվ հայաստանաբնակ հայեր են համալրել մարզը: Որպես գաղթօջախի կազմավորման կազմակերպչական աշխատանքներում մեծ ավանդ ունեցավ պրոֆեսոր, երջանկահիշատակ Մարտուն Էլբակյանը, որի ջանքերով ստեղծվեց «Կոմիտաս», ապա «ՈՒրարտու» հայ համայնքը: Նա անձամբ դասավանդում էր իր ստեղծած դպրոցում: Կարճ ժամանակ հետո ճանաչվեց Նիդերլանդների լավագույն ուսման վարպետներից մեկը` արժանանալով թագավորական պարգևի, իսկ Մայր Հայրենիքի կողմից` Մեսրոպ Մաշտոց մեդալի: Թեև անժամանակ մահը ընդհատեց նրա սկսած գործը, այնուհանդերձ կողքը եղած նվիրյալները շարունակեցին նրա սկսած գործը`կազմակերպչական աշխատանքներն իրենց ուսերին վերցնելով: Այժմ համայնքի դպրոցը, որտեղ սովորում են 19 երեխաներ` Մարտուն Էլբակյանի անունով է:







Դեն Բոս մեր այցելության օրը, երբ կիրակնօրյա դպրոցի սաները պատրաստվում էին հայերենի իրենց իմացությամբ հանդես գալ Սրբազանի ու իրենց ծնողների առջև աշխույժ կազմակերպչական աշխատանքների իրարանցման մեջ տեսանք «ՈՒրարտու»-ի վարչության նախագահ Տոնի Պոգոսյանին, փոխնախագահ Մուրադ Մուրադյանին, ակտիվիստներ Լոռի և Գոհար Թիւրպէնտեաններին, դպրոցի տնօրեն տիկին Լոռային, ուսուցչուհիներ տիկին Անժելային, Ջեմմային և մյուսներին, որոնք փութաջանորեն նախապատրաստվում էին դիմավորել Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և Արմեն քահանա Մելքոնյանին: Նրանց այցելությունը ոգևորության ու հայրենիին նվիրվելու մեծ տոնի վերածվեց: Այբբենարանին, հայ գրերին ու Մայր Հայաստանին նվիրված երեխաների ելույթներին հաջորդեց` հայկական ժողովրդական մեղեդու ներքո նրանց պարը: Պրուսույց Լուսինեն կարողացել էր պարի լեզվի հմայքով թափանցել երեխաների ներաշխարհը` այս արվեստից մասնիկ հանելով նրանց: Անմասն չմնացին նաև ծնողները` արտասանելով Սահյանից ու Սևակից:

Գաղտնիք չէ, որ սփյուռքի հայ համայնքին միաբան է պահում հայ եկեղեցին ու հայ դպրոցը , որտեղ կարող են կենդանի շփումների միջոցով առավել զորացնել իրենց հավատքը և համայնքային կյանքը:

Գաղտնիք չէ, որ սփյուռքի հայ համայնքին միաբան է պահում հայ եկեղեցին ու հայ դպրոցը , որտեղ կարող են կենդանի շփումների միջոցով առավել զորացնել իրենց հավատքը և համայնքային կեանքը:

Ապրիլի 13/14-ի ուղիղ ֆեյսբուքյան ռեպորտաժների տեսագրությունը




Հաջորդ օրը` ապրիլի 14-ին, արդեն բազմաթիվ հայեր պետք է ականատեսը լինեին սրբազանի մատուցած պատարագին` Դեն Բոսի Սուրբ Կատարինե եկեղեցում: Ալեքսանդրիացի Կատարինան` ում անունով կոչվում է եկեղեցին, նահատակվել է 307 թ. նոյեմբերի 25-ին, միջնադարյան ամենատարածված սրբերից մեկն է: Նրա կյանքն ու գործը մաքրաբարության չափանիշ է եղել, շտապ օգնել է նրանց, ովքեր դրա կարիքն են ունեցել: 
Ցավոք այսօր շտապ օգնության կարիք ունի այս եկեղեցին...    Այն վաճառքի էր հանվել ու հիմա վարձակալությամբ է տրվելու հայ համայնքին: Լավ հնարավորություններ են պահպանվում շենքը սեփականության իրավունքով ձեռք բերելու համար: 
Նման գաղապարը  նաև սրբազանն է  խրախուսում: Մեր զրույցում նա հավաստեց, որ իր  կապերով, ու ինչու չէ` անձնական միջամտությամբ, կարելին կանի, որ այս կառույցը  հայ հավատացյալներին  ծառայելուց բացի դառնա հայ հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը` Նիդերլանդներում:
 Հետաքրքիր պատմություն ունի Հռոմի կաթոլիկ դավանանքին պատկանող այս եկեղեցին: Այն կառուցվել է գոթական ոճով`  1533թվականին: Վերջին դարաշրջաններում մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել: 1842թ.ճարտարապետ Jos de Kroon-ի կողմից վերակառուցելուց հետո կոչվել է` Նոր եկեղեցի: Այնուհետև ճարտարապետ Յան Սթույթը  1917թ վերակառուցել է Արեւելյան Եվրոպայում եւ Ռուսաստանում վաղ քրիստոնեական ճարտարապետության վերածնունդը խորհրդանշող Նեո-բյուզանդական ճարտարապետության ոճով, գմբեթը կառուցվել է ժամանակի վերջին շնչով` ունի երկաթբետոնյա կառուցվածք,  ութ անկյուններով հենվում են   ենթակառուցվածքների վրա, որոնց գագաթներին խաչեր են: Այդ պատճառով անվանվել է` Kruiskerk (Խաչվանք):  
Գմբեթը եկեղեցու ամենաբարձր մասն է, հարակից սյուներին ներկայացված են  երգչախմբի 8 խոշոր փայտե արձանները, որոնք պատրաստել է Բոսխեի հայտնի քանդակագործ Ջոզ Ջ.Ա. Կուիփերսը (1862):





Վերջին տարիներին շենքն անգործության է մատնվել, 2015թթ կեսերից շենքը կորցրել է իր եկեղեցական գործառույթը և դժվար է ասել, երբ է տեղի ունեցել վերջին եկեղեցական արարողակարգը: Նույնիսկ որոշել են շենքը հարմարեցնել թատերական ներկայացումների, իսկ հիմա էլ վաճառքի են հանել: Յուրահատուկ այս կառույցն ունի Ազգային հուշարձանի կարգավիճակ, որն համարակալված է 21692 թվով: Եկեղեցին դժվարին ժամանակներ էլի է ապրել, երբ Նապոլեոնի արշավանքների ժամանակ ծառայել է ձիարան ու պահեստարան: 

Մի քանի օր անընդմեջ ՈՒրարտու հայ համայնքի անդամների ու հոգևոր հովվի  թեթև ձեռքով փութաջանորեն մաքրվել, կարգի են բերվել եկեղեցու ներսը` որոշ առումներով պարագաներն ու դասավորությունները համապատասխանեցվել  են հայ եկեղեցու պահանջներին: Ներքին ձևավորումը ներառում է դեռևս 1841թ-ից պահպանված աթոռները, հին է նաև ամբիոնը: Պահպանվում է երգեհոն տեղադրող եզակի վարպետներից մեկի  Հոհաննես Վոլեբրիխտի (Johannes Vollebregt) 1851թ սեփական ձեռքերով տեղադրած երգեհոնը: Յուրահատուկ են բելգիացի գեղանկարիչ Պիտեր Յոզեֆ Վերհագենի (Pieter Jozef Verhagen-ի 1728-1811) ինը խոշոր գեղանկարները: 



Սուրբ Կատարինեի քանդակը ժամացույցի ներքնամասում

Չնայած գարնան համար ոչ բնորոշ ցուրտ եղանակին (+3 ) Դեն Բոսի, Դոտրեխտի և մերձակա այլ շրջանների բնակավայրերից հարյուրավոր հայ հավատացյալներ էին ներկա առաջին անգամ այստեղ տեղի ունեցող հայկական պատարագին: Եկեղեցի մուտք գործելուց առաջ հավատացյալները հոգևոր հայրերի հետ մասնակցեցին եկեղեցու «դռնաբացեքի» արարողությանը: Սրբազան Հայրը հավատացյալների հետ միասին երգեցին «Բաց մեզ Տէր» հոգեթով շարականը, հետո բացվեցին եկեղեցու փակ դռները և հավատացեալները Սրբազան Հոր և Տէր Արմէն քահանայի առաջնորդությամբ ներս մտան` կտրելով մուտքի ժապավենը: Տաճարը տևական դադարից հետո կրկին վերակենդանացավ: Սուրբ Պատարագը իր մեջ ներառեց մի քանի արարողակարգեր` մանուկների օրհնության կարգ, մեղքերի թողություն, դպրության կարգ` որով Հայ Առաքելական Եկեղեցին համալրվեց Աստծո ծառաներով, օրհնանքի խոսք` Գերաշնորհ Խաժակ Պարսամյանի կողմից, բուն Ծաղկազարդը մանուկների օր, Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ` որպես Թագավոր, օրհնված ձիթենու և ուռենու ոստերի բաժանում ժողովրդին և հաղորդակցություն: Պատարագն ուղեկցվում էր Արհնեմի երգչախմբի հոգեթով երաժշտական կատարումներով:
Պատարագի ավարտից հետո Սրբազան հայրը զրույց ունեցավ իրեն այցելած Դեն Բոսի Կաթոլիկ թեմի եպիսկոպոս Antonius Lambertus Maria Hurkmans-ին ու իր երախտագիտական խոսքն ասաց հայ համայնքին օգնելու նրա պատրաստակամության համար: Հայրապետական Պատվիրակը  փոխադարձ համագործութեան համար բարձրաստիճան հոգևորականին հրավիրեց Վատիկան:

Այսպիսով պատմական բազմաթիվ անցքերին հաղորդ Դեն Բոսի Սուրբ Կատարինա եկեկեղեցում առաջին` և հույսով ենք էլի բազմաթիվ անգամներ ու ընդմիշտ կհնչեն հայկական պատարագներ, տեղի կունենան ծիսակատարություններ: Հերթականը` ապրիլի 21-ին, Սուրբ Զատիկի  կապակցությամբ և հնարավոր է արդեն Նիդերլանդների  Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի պատվավոր ներկայությամբ: Ինչպես սրբազանն է ասում` հավատով, հույսով, որ այն շուտով որպես հայկական եկեղեցի օծվելու ու ընդմիշտ ծառայելու է հավատացյալ մեր ժողովրդին:

Hay Azian
Նիդերլանդական օրագիր

's-Hertogenbosch

13/14 April 2019














Սրբազան Խաժակ Պարսամյանը Դեն Բոսի Կաթոլիկ թեմի եպիսկոպոս Antonius Lambertus Maria Hurkmans-ի հետ


Wednesday, 17 April 2019

Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումներ Ամստերդամի Begijnhofkapel եկեղեցում


Արդեն չորրորդ տարին է հարգանքի տուրք է մատուցվում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակին: Նախորդ երեք տարիներին այս երեկույթը նշվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական Եկեղեցում:

Ինչպես փոխանցում են Հայաստանի դեսպանությունից ապրիլի 16-ին Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում, տեղի ունեցան «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli):

Արդեն չորրորդ անգամ տեղի ունեցող միջոցառումն առանձհատուկ էր, քանի որ դրա շրջանակներում տեղի ունեցավ նաև Նարեկացու «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը։

Բացելով միջոցառումը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանը ներկայացրեց Ավագ շաբաթվա ընթացքում կազմակերպրվող միջոցառման խորհուրդը՝ արժևորելու Նիդերլանդներում գործող եկեղեցիների միասնականությունը և դավանած արժեքները։

Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նրան տրվող գնահատանքն իր խոսքում ներկայացրեց Արևմտյան Եվրոպայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Հայ-առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ կեղեցու համագործակցության և առաքելության մասին ներկաների հետ կիսվեց Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկսը (Johannes Willibrordus Hendriks) ՝ նշելով, որ մեծ պատիվ է Ամստերդամում կարևոր սրբավայր հանդիսացող Բեխիյնհոֆկապել եկեղեցում հյուրընկալել Նարեկացուն նվիրված միջոցառումը։

«Մատյան ողբերգության» հոլանդերենի թարգմանության հեղինակ, Օքսֆորդի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների պրոֆեսոր Թեո վան Լինտը (Theo van Lint) իր խոսքում ներկայացրեց այն խորը զգացմունքները, որոնք ունեցել է Նարեկացու ստեղծագործություններին ծանոթանալիս և ոգեշնչումը՝ այն հոլանդերենով թարգմանելու ճանապարհին։

Այնուհետև տեղի ունեցան Նարեկացու աղոթքների ընթերցումները Նիդերլադներում գործող եկեղեցիների առաջնորդների՝ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկս (հոլանդերեն), Ասորական Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս՝ Մոռ Պոլիկարպոսը (Archibishop Mor Polycarpus Augin Aydin) (անգլերեն), Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Յելիսեյը (Архиеписком Елисей) (ռուսերեն), Ղպտի Եկեղեցու եպիսկոպոս՝ Անբա Արսենին (Bishop Anba Arseny, արաբերեն), Հայ Առաքելական եկեղեցու քահանա՝ Տեր Տարոն Թադևոսյանը (հայերեն):

Միջոցառմանը երաշժտական կատարումներով հանդես եկավ Նիդերլանդների Ազգային Օպերայի սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը և քանոնահար Մեղրիկ Կարապետյանը։












Friday, 12 April 2019

Նիդերլանդներում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանների հանդիպում



Ապրիլի 11-ին ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Բելառուսի դեսպան Նիկոլայ Բորիսևիչի, Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովի և Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինի հետ: Այդ մասին  փոխանցում է  Հայաստանի  դեսպանատան կայքը:
Հանդիպման ընթացքում քննարվեցին հոլանդական գործարար շրջանակների համար Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունների բացահայտմանը նվիրված համատեղ միջոցառում կազմակերպելու հնարավորությունները։
Հանդիպման շրջանակներում դեսպանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին ուղղված համատեղ նամակ ստորագրեցին՝ առաջարկելով դիտարկել վերոնշյալ միջոցառմանը մասնակցելու նպատակով Եվրասիական տնտեսական կոլեգիայի բարձրաստիճան պատվիրակություն գործուղելու հնարավորությունը։

«Երևանյան Հեռանկարները» նոր իրականության միջավայրում

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՖԻՇԱ


«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայտարարում է իր 20-րդ հոբելյանական փառատոնի բացման մասին
Ապրիլի 29-ին ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարի հոբելյանական տարվա մեկնարկը:
Հիսուն տարվա պատմություն և հինգ Գրեմմի մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները» էստրադային երգիչները` աշխատել են Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի հետ, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:
Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլ»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին:
«Սվինգլների» երկացանկը ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն: Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից:
«Սվինգլը» արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները,հոլիվուդյան և այլ հայտնի ֆիմերի սաունդթրեքերը ձայնագրելու համար: Խումբը համարվում է մոլորակի ակապելա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված վարպետը:
Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը «Սվինգլների» չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար:
Լուչիանո Բերիոն իր սենսացիոն «Սինֆոնիայում առաջին անգամ ուսումնասիրեց և բացահայտեց
«Սվինգլների» ձայները նվագախմբային դասակարգմամբ: Խումբը նույն շուքով և մեծագույն արձագանքների ներքո, շարունակում է կատարել այդ ստեղծագործությունը ողջ աշխարհում, որի վերջին կատարումները հնչել են Սան Ֆրանցիսկոյի Դեյվիս համերգասրահում՝ Մայքլ Թիլսոն Թոմասի, Լոնդոնի «Ռոյալ Ֆեստիվալ» համերգասրահում՝ Վլադիմիր Յուրովսկու և Միլանի Լա Սկալայում՝ Ջոն Աքսելրոդի ղեկավարությամբ։
Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա և Ասիա իրենց կանոնավոր շրջագայություններից բացի խումբը յուրաքանչյուր հունվար ամսին Քինգս Փլեյսում հանդես է գալիս իր
«Լոնդոնյան ակապելլա» փառատոնով: Բրիտանական մայրաքաղաքում փառատոնն առաջինն է իր տեսակի մեջ, որը հյուրընկալում է աշխարհի ամենատաղանդավոր վոկալի վարպետներին։
... Շքեղ վերարտադրություններ՝ նուրբ բիթբոքսի և հնչեղ հարմոնիաների ուղեկցությամբ․․․ հերոսական երգեցողություն, որն իսկապես սարսուռ է առաջացնում։ – THE GUARDIAN
Վոկալ և երգչախմբային աշխարհը վերջին 50 տարվա ընթացքում էականորեն փոխվել է․․․ բայց <<Սվինգլս>>-ին հաջողվել է պահպանել իր արտառոց նշաձողը` շարունակել բարգավաճել։ – CHICAGO SUN-TIMES
«Սվինգլները» հրաշագեղ ակորդները երգում էին լազերային ճշգրտությամբ... սա տրիումֆ էր – THE DAILY TELEGRAPH
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Փառատոնի 20-րդ հոբելյանական տարին իրականանում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:
«Երևանյան Հեռանկարները» նոր էջ է բացել Հայաստանի երաժշտական կյանքում` երկու տասնյակ տարիների ընթացքում փոխելով իրականությունն ու ստեղծելով նախկինում նմանը չունեցող միջավայր:

Thursday, 11 April 2019

Ֆրանսիայի նախագահը կատարել է փետրվարին հայ համայնքի ներկայացուցիչներին տված իր խոստումը:

Ֆրանսիայի նախագահը կատարել է փետրվարին հայ համայնքի ներկայացուցիչներին տված իր խոստումը: Ապրիլի 10-ին Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել եւ ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ.:



French President Emmanuel Macron on Wednesday signed an order declaring April 24 as a day of commemoration of the Armenian Genocide. 
According to the document, a ceremony paying tribute to the Armenian Genocide victims are set to be held in Paris on this day every year. Similar events can also be held in each department at the initiative of the community heads. The French prime minister is responsible for the implementation of this decision, the order says.

Արձագանքներ Իտալիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության ընդունման վերաբերյալ

ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ  ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Թուրքիայի Արտաքին գործերի Նախարարությունը  իր մոտ է հրավիրել Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Ջայանիին (Massimo Gaiani),  Իտալիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման առթիվ: Այդ մասին հաղորդում է թուրքական ընդդիմադիր «Sözcü» թերթը` հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:

Իտալիայի խորհրդարանը  քվեարկության դրեց 1915 թվականի հայերի կոտորածների մասին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պատգամավորական  Five Star Movement խմբակցությանն  կողմից առաջարկված միջնորդությունը: Թուրքիան ժխտում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ջարդը ցեղասպանություն է 29 երկրներից կառավարությունները եւ խորհրդարանները, ներառյալ Բրազիլիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ Ռուսաստանը, ճանաչել են 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Բուռն են թուրքական կողմից հնչած արձագանքները: Միակ  մխիթարությունը այն է, որ օրենքն ընդունվելու դեպքում այն իրավական պարտավորության  ուժ չունի:
«Մենք կտրականապես դատապարտում ենք իտալական խորհրդարանի վերջին փորձը` մեր ժողովրդի պատմությունը խեղաթյուրելն ու քաղաքականացնելը », - հայտարարել է Թուրքիայի նախագահության հաղորդակցության տնօրեն Ֆահրտթին Ալթունը` քվեարկությունից հետո:
«Հիշողությունների վրա հարձակվելու փոխարեն, մենք պետք է բոլորս միասին աշխատենք, որպեսզի ճշմարտությունը գերազանցի մտածացին ​​գաղափարը», - ավելացրել է Ալթունը:
Այսօր Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը ևս դատապարտող հայտարարություն է տարածել: Խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Իտալիան խաբված է հայկական սփյուռքի կողմից, որը ոչ մի կերպ չի ցանկանում նորմալ հարաբերություններ զարգացնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:
dailysabah թուրքական կայքը Իտալիայի խորհրդարանի միջնորդությունը «տեղին չի  համարում», սակայն ընդունում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկու կողմերում զոհեր են եղել:
Անկարան բազմիցս առաջարկել է Թուրքիայից եւ Հայաստանից պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել եւ միջազգային փորձագետների հետ քննարկել խնդրի լուծումը,- հոդվածը եզրափակել է թուրքական կայքը:

ֆեյսբուքյան դեսպանատան էջում գրառում է կատարել Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը.
«Ողջունում ենք ապրիլի 10-ին Իտալիայի պատգամավորների պալատի կողմից 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը։
Շնորհակալություն ենք հայտնում Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին Նախաձեռնությանը սատարելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Նախաձեռնության հեղինակ իշխող "Լեգա" կուսակցության անդամ, պատգամավոր Պաոլո Ֆորմենտինիին և 34 համահեղինակներին, ինչպես նաև իրենց ելույթներով Նախաձեռնությունը սատարող բոլոր խորհրդարանականներին։
Պատգամավորների պալատը, հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընդգծեց, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ արեց Իտալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն հաղորդել։
Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումն ունենալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ճանապարհին»։