The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 14 April 2025

Ուրախ Ծաղկազարդ Նայմեխենի ՎԱՆ դպրոցում


Ծաղկազարդը մեր եկեղեցու ամենաուշագրավ և գեղեցիկ տոներից է, որը նշանավորում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Այդ օրը ժողովուրդը՝ մասնավորապես մանուկները, շնորհավորել են Հիսուսին՝ ձեռքին զեյթունի, արմավենու կամ ուռենիի ճյուղեր։ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցում Ծաղկազարդը համարվում է նաև մանուկների օրհնության տոն, որը խոր իմաստ ունի՝ մաքրություն, նորոգություն, հույս ու հավատ։
Այս հոգևոր խորհրդով ապրելով՝ Նայմեխենի ՎԱՆ դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները միասին նշեցին այս գեղեցիկ տոնը՝ բաց դասի ձևաչափով արարողություն կազմակերպելով։ Միջոցառումը լի էր ջերմությամբ ու ստեղծարարությամբ։ Դասի ընթացքում երեխաները ներկայացրին արդեն սովորած տառերը՝ ամրապնդելով իրենց գիտելիքները, հանդես եկան գեղարվեստական ելույթներով, իսկ մայրիկների մասնակցությամբ կազմակերպվեց հագուստների մոդելավորման ու ցուցադրության յուրօրինակ հատված։
Միջոցառման գեղեցիկ հնչյունային շեշտադրումը ապահովեց համայնքից հատուկ հրավիրված քանոնահարուհի Ռուզաննա Խալաֆյանը, ով ոչ միայն ներկայացրեց ազգային գործիքի՝ քանոնի պատմությունն ու առանձնահատկությունները, այլև իր հրաշալի կատարումներով հաճույք պարգևեց թե՛ երեխաներին, թե՛ ներկաներին։
ՎԱՆ դպրոցը իր աշխատանքով ևս մեկ անգամ ապացուցեց, որ կրթությունը պետք է լինի ոչ միայն ուսուցանող, այլև հոգևոր արժեքներ ամրապնդող ու ստեղծարարություն խթանող միջավայր։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, և հատկապես՝ տիկին Ռուզաննա Խալաֆյանին՝ ջերմ ներդրման համար։ Ուրախ Ծաղկազարդ բոլորին։

Սվետա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ









No comments:

Post a Comment