The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 20 April 2025

Սուրբ Հարության տոնական Սուրբ Պատարագները Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցում

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի  Հրաշափառ  Հարության  տոնը:  Այն մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից երկրորդն է և  քրիստոնյաների կյանքում նույնպիսի կարևորություն ունի, ինչպիսին Սուրբ  Ծննդյան տոնը: Ըստ Նոր Կտակարանի ՝ խաչելությունից և թաղումից հետո երրորդ օրը Հիսուս հարություն առավ և խաչի վրա թափված արյամբ ու հարությամբ մարդկության առջև բացեց փրկության ու լույսի ճանապարհը: 

Ապրիլի 19-ին ՝ Ավագ շաբաթվա երեկոյան , Հիսուս Քրիստոսի Հրաշափառ  Սուրբ Հարության առիթով , Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցում , մատուցվեց Ճրագալույցի  Սուրբ և Անմահ Պատարագ : Պատարագիչն էր Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի  կառավարչի  օգնական , Արժանապատիվ Տ. Պետրոս քահանա Կադեյանը: Մինչ Սուրբ Պատարագը, ճեմարանականների կողմից ներկայացվեցին սուրբգրային ընթերցումներ, որին հաջորդեց Դանիելի թղթի ընթերցումը՝ դարձյալ ճեմարանականների կողմից: Սրբազնագույն արարողությանը ներկաները միմյանց փոխանցեցին օրվա ավետիսը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց:  Ձեզ և մեզ մեծ ավետիս:

Ճրագալույցի Պատարագին հաջորդեց Զատկական Տնօրհնեքի կարգ՝  Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում:

 Իսկ այսօր՝ ապրիլի 20-ին, Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցում, Զատկական Սուրբ  Պատարագ մատուցվեց՝  ձեռամբ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ  և  Հնդկահայոց հոգևոր հովիվ  Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի: Հըթացս Սուրբ Պատարագի, Հայր սուրբը ներկաներին փոխանցեց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն  Հայոց  Կաթողիկոսի պատգամը՝  Հիսուս  Քրիստոսի  Սուրբ  Հարության  տոնի առիթով: Սրբազան արարողությանը ներկա էին  Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայոց  եկեղեցու վարչության անդամներ տիկին Սյուզան Ռուբենը,  տիար  Սյունիլ Սոբտին, հնդկահայ համայնքի ներկայացուցիչներ, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչներ  ու  աշակերտներ: 

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Ձեզ և մեզ մեծ ավետիս:


Լիանա ՓԻՐՈՒՄՅԱՆ
Կալկաթա

No comments:

Post a Comment