The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 13 November 2026

Սիմոնյան–Զախարովա՝ բանաստեղծական փոխհրաձգություն

 ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը քաղաքական սուր արձագանքի և հրապարակային բանավեճի պատճառ է դարձել։

12.11.2026/Նիդ.օրագիր/

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է ընդունվել ժամանակավորապես զրկել Հայաստանին կազմակերպության շրջանակում ձայնի իրավունքից, ինչպես նաև քվոտային պաշտոններում սեփական թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից։ Որոշման հիմքում անդամավճարների չվճարումն ու կազմակերպության աշխատանքներին երկարատև չմասնակցելն են։ Հայաստանը, սակայն, շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ։

Նոյեմբերի 12-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է որոշմանը՝ ռուսերենով հրապարակելով եռատող.

«Лишили голоса нас там,
где очень громко все молчали,
когда нас дружно убивали»։

(Մեզ ձայնից զրկեցին այնտեղ, որտեղ շատ բարձր լռում էին, երբ մեզ միահամուռ սպանում էին։)

Ակնարկը հստակ էր․ Սիմոնյանը ՀԱՊԿ-ի այսօրվա որոշումը հակադրում է այն ժամանակներին, երբ Հայաստանը ռազմական ագրեսիայի էր ենթարկվում, իսկ կազմակերպությունը, Երևանի գնահատմամբ, չէր կատարում իր դաշնակցային պարտավորությունները։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չուշացրեց պատասխանը։ Նա հեգնանքով առաջարկեց եռատողի վերջին տողը փոխարինել «Придумал байку Симонян» («Սիմոնյանը հորինել է պատմությունը») արտահայտությամբ։

Սիմոնյանն էլ արձագանքեց նոր գրառմամբ՝ այս անգամ ավելի սուր հեգնանքով։ Նա նկատեց, որ բանաստեղծությանը պատասխանը շատ արագ էր, մինչդեռ այդպիսի արագություն չկար, երբ Հայաստանի վրա կրակում էին։

Գրառման ավարտին նա օգտագործեց նաև «հայելու» փոխաբերությունը՝ ակնարկելով, որ պարզապես դիմացինին վերադարձնում է նրա իսկ արտացոլանքը։ Իսկ վերջում ավելացրեց՝ «Սիրով՝ Ալեն Սիմոնյան»։

Այսպիսով, ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի կասեցման շուրջ վեճը դուրս է եկել պաշտոնական հայտարարությունների շրջանակից՝ վերածվելով հրապարակային, սարկազմով համեմված քաղաքական երկխոսության։ 

Հիշեցնենք ընթերցողին։ Այս լարվածության հիմքում 2021–2022 թվականների ադրբեջանական ներխուժումն է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Երևանը  երկարատև ժամանակ խնդրում էր  ՀԱՊԿ-ին՝ պահանջելով գործարկել պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված հավաքական պաշտպանության մեխանիզմները։ Սակայն կառույցը չկատարեց իր պարտականությունը՝ հրաժարվելով ռազմական աջակցություն ցուցաբերել և խուսափելով ագրեսիային հստակ քաղաքական գնահատական տալուց։ Իրական օգնության փոխարեն ՀԱՊԿ-ը սահմանափակվեց միայն իրավիճակն ուսումնասիրող դիտորդական առաքելություն ուղարկելով։

Նկար` Ա.Բ.-ի

------------------

📌 Հիշեցում մեր ընթերցողներին

Մեր հետաքրքիր ու կարևոր նյութերին մշտապես հետևելու համար՝ բաժանորդագրվեք «Նիդերլանդական Օրագրին»։

📰 Նորություններ, վերլուծություններ, մշակույթ,  և հետաքրքիր պատմություններ՝ մեկ հարթակում։



No comments:

Post a Comment