The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 17 July 2017

Հայաստանն ընդունել էր տարբեր երկրների խոստումնալից երիտասարդներին

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

20046549_1508247832573282_4929640243812790930_n.jpgՕրերս Հայաստանում իրականացվեց իր յուրահատկությամբ հատուկ միջազգային երիտասարդական փորձի փոխանակման նախագիծ՝ 6 երկրներից ժամանած երիտասարդների մասնակցությամբ (Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Ռուսաստան, Հայաստան)։ Եվրամիության աջակցությամբ և հովանավորչությամբ այս լայնամասշտաբ միջազգային երիտասարդական նախագիծը անց է կացվել «BRIGHT FUTURE» /ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ/ հոլանդական հ/կ-ի և 5 գործընկերների նախաձեռնությամբ և մեծ արձագանք ստացել հայաստանյան և արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների կողմից:
7 երիտասարդ' վերոնշյալ 6 երկրներից, 7 օր անց են կացրել Հայաստանում՝ Աղվերանի Կրիստալ Ռեզորթ բարձրակարգ և հարմարավետ հյուրանոցային համալիրում, ծանոթացել միմյանց մշակույթներին, ավանդույթներին, միմյանց լեզվական առանձնահատկություններին, տարբեր երկրներում առկա ուսման հնարավորություններին և այլն, ինչպես նաև՝ ներկայացրել իրենց խոհանոցը, երգն ու պարը։ Ծրագրի գլխավոր նպատակն էր մեկ գաղափարի շուրջ համախմբել տարբեր ազգություն ունեցող երիտասարդների (միջմշակութային հաղորդակցություն), ոչ-ֆորմալ (ոչ-ավանդական ուսուցում) շփման պայմաններ ստեղծելով, նպաստել տարբեր ազգերի ծանոթությանը, միջմշակութային շփմանը, ընկերությանն ու հետգա հնարավոր համագործակցությանը։



Նախագծի մասնակիցները օտարազգի երիտասարդներ էին, սակայն կազմակերպիչները ներգրավել էին նաև Սփյուռքում երկար տարիներ բնակվող, հայկական մշակույթից օտարացած, հայերեն լեզուն կորցրած հայ երիտասարդների ևս. ոմանք նույնիսկ նախկինում երբևէ չէին էլ եղել իրենց հայրենիքում։ Կազմակերպիչների հավաստմամբ, նախագծի մասնակիցներն ընտրվել են շատ զգուշորեն, անցել են ընտրության 3 փուլեր։ Հայաստանի կողմը ակտիվ համագործակցել է Հայ-Ռուսական (Սլավոնական) և Գլաձոր հալսարանների հետ։ Գործընկեր-պետությունների ներկայացուցիչները կատարել են նախնական ընտրություն՝ հիմնվելով թեքնածու-մասնակիցների մոտիվացիոն նամակների վրա։ Այնուհետև ամեն երկրի խմբի ղեկվար՝ գլխավոր կազմակերպիչ հոլանդական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանի հետ համատեղ անց են կացրել հարցաազրույցներ, 20/2 հարաբերակցությամբ ընտրել պոտենցիալ մասնակիցների։ Վերջնական ընտրությունները հաստատվել են մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների համաձայնությունը ստանալուց հետո։ Նախապատվությունը տրվել է կոմունիկացիոն, ֆիզիկական, սոցիալական խնդիրներ ունեցող, ինչպես նաև անգլերենի լեզվական խոսակցական դժվարություններ ունեցող երիտասարդներին։
«ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ հիմնադիր-տնօրեն Մարիամ Կիրակոսյանը խոստովանեց, որ թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ նախագիծն իրականացնելու ընթացքում հաճախ բախվել են միջմշակութային անհամաձայնությունների.
- Ըստ մեր ծրագրի ձևաչափի, մասնակիցներին պետք է տեղավորեինք «միջազգային սենյակներում», ինչի հետևանքով ունեցել ենք քննարկումներ հայկական կողմի մասնակիցների հետ։ Նրանք, իհարկե, դեմ չէին գաղափարին, սակայն ունեին մտավախություն, որ հնարավոր է «իրենց մաստի» մարդ չլինի սենյակային հարևանը։ Սակայն մենք բացատրեցինք, որ նման կերպ մասնակիցներին տեղավորելու հիմնական նպատակը հենց այն է, որ տարբեր ազգերի  ներկայացուցիչներ ծանոթանան, հարմարվեն միմյանց առօրյային, փորձեն ընդհանուր հայտարարի գալ, եթե կլինեն անհամաձայնություններ։ Սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ ոչ մի խնդիր չի ունեցել ոչ մի սենյակի բնակիչ. Չգիտեմ՝ մե՞նք էինք ճիշտ սենյակային բաշխում կարարել՝ հիմնվելով մասնակիցների մոտիվացիոն նամակների վրա, թե՞ մասնակիցները հաղթահարեցին նմանօրինակ հետաքրքիր միջմշակութային «փորձությունը»։
- Ես այնքան ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն ընձեռվեց մասնակցել այս նախագծին, - մեզ հետ զրույցում ասաց հայկական խմբի մասնակից Կարենը։ - Ես ապրում էի Աթիլլայի (Գերմանիա), Էդինի (Ավստրիա), Արմենի (Հոլանդիա) հետ։ Այս օրերի ընթացքում ես համոզվեցի, որ իրոք լավ տիրապետում եմ անգլերեն լեզվին, քանի որ մենք կարող էինք երկար քննարկումներ ունենալ ամենատարբեր թեմաների շուրջ։ Կարծում եմ, շատ տեղին է նշել, որ Էդինը հավատքով մուսուլման է, սակայն մենք ոչ մի անգամ չենք ունեցել որևէ քննարկում կամ, առավել ևս, անհամաձայնություն՝ կրոնական թեմայով։ Ասեմ ավելին՝ շատ զարմանալի և, միևնույն ժամանակ, հաճելի էր մեր՝ հայերիս համար, երբ Էդինը հավաքեց օտարազգի երիտասարդների մի մեծ խումբ, և ուղևորվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Չնայած՝  ծրագրի շրջանակներում նման այց չէր նախատեսվում (նախագիծը մշակութային էր, և ցանկացած քաղաքական ակնարկ դուրս պետք է մնար ծրագրից), այնուամենայնիվ, կազմակերպիչները, կարծում եմ, իրավասու էլ չէին խոչընդոտել նմանօրինակ նախաձեռնությանը, նամանավանդ, երբ այդ երիտասարդներին ոչ մեկ չի պատմել Մեծ Եղեռնի մասին. իրենք գիտեին, իմացել էին, տեղեկացված էին… Նախագծի ավարտին բոլորս շատ էինք մտերմացել. Անկախ նրանից, թե ով ում սենյակից էր, ով ում երկրից էր։ Մեր նոր ընկեր Արմենը, ով ժամանել էր Հոլանդիայից, մեզ հետ բաժանվելուց ասաց, որ նախագծի սկզբում մենք ուղղակի սենյակային հարևաններ էինք, իսկ վերջում՝ մտերիմ եղբայրներ։ Յուրաքանչյուր երիտասարդի կմաղթեի, որ իրենց կյանքի որևէ հատվածում ունենային ծրագրի շրջանակներում ապրած օրերի նման օրեր՝ լի նորանոր բացահայտումներով, անծանոթ ու հաճելի զգացողություններով, խինդ ու ծիխաղով...
   Ինտերակտիվ և հագեցած 7-օրյա այս նախագիծն, իրոք, շատ հագեցած էր։ Մասնակիցներն ունեցան փորձի փոխանակում տարբեր թեմաների շուրջ. քննարկեցին և ցուցադրեցին իրենց ազգերին բնորոշ ժեստերի լեզուն, ոչ-վերբալ հաղորդակցության փորձի փոխանակում իրականացրեցին՝ համագործակցելով այդ ասպարեզում մասնագիտացած Դանիել Ջհանգիրյանի հետ։ Երիտասարդները միմյանց հետ սիրով կիսվեցին հետաքրքիր փաստերով ՝ իրենց երկրների, ազգային տոների և փառատոների մասին, իսկ միմյանց հանդեպ վստահությունն ընթացիկ հաստատում էին տարբեր ինտերակտիվ թիմային միջոցառումների և խաղերի միջոցով։- Մասնակիցներից յուրաքանչյուրը չէր զլացել և իր հետ Հայաստան էր բերել իր երկրի տարազը։ Հոլանդական խմբի տարազը մոտ 20կգ էր։ Մենք կազմակերպեցինք ուրախ մի երեկույթ, որի ընթացքում բոլորս մեր տարազներն էինք կրում. հա՛մ ուրախացանք, հա՛մ պարեցինք, հա՛մ ծանոթացանք միմյանց տարազների պատմությանը, - ասում է Ռուսաստանի մասնակից Ալեքսեյը։
  Նախագծի մասնակիցները զարմացած էին հայերի հյուրասիրությամբ և միմյանց ձեռք մեկնելու պատրաստակամությամբ։ Օրինակ, տարազները հայկական խմբին սիրով տրամադրել էր «Տերյան» մշակութային կենտրոնը, հայկական արծաթյա բարձրորակ զարդերը՝ «Լունար Սիլվեր»-ը, իսկ երեկոյի ընկերական միջավայրն իր գեղեցիկ երգեցողությամբ «համեմել էր» էթնիկ վոկալիստ Անուշ Հարությունյանը։
- Մասնակիցները մտահոգված էին, որ գիրանում էին Հայաստանում, քանի որ ամեն օր իրենց հյուրասիրում էին. Օրինակ, «Արաքս» թռչնաֆաբրիկան երեք անգամ մսամթերքի հյուրասիրություն է կազմակերպել մեր մասնակիցների համար, տրամադրել ավելի քան 50կգ. բարձր որակի մսամթերք ՝  խորոված պատրաստելու փորձի փոխանակման միջոցառման համար։ Նախագծի մասնակիցները հաճելիորեն զարմացել էին նաև, որ իրենց հանգստյան ժամերը «համեղ» և ուրախ դարձնելու համար «Կուռ» գինիները, «Լաքի տորթերը», «Դարման» թեյերը  հյուրասիրություն էինր կազմակերպել, - մեզ հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը։
Նախագծի ձևաչափն, իրոք, հետաքրքիր էր. մասնակիցները հենց իրենք էին որոշում նախագծի ընթացքը՝ անոնիմ և գրավոր տարբերակով արտահայտելով իրենց կարծիքներն ամեն օրվա ավարտին՝ տվյալ օրվա վերաբերյալ։ Նախագծի կազմակերպիչները համոզված են, որ ինտերակտիվ միջոցառումների շնորհիվ երիտասարդներն ավելի շատ բան կարող են սովորել. չէ՞ որ հենց պրակտիկ գործունեությունն է նոր բացահայտումների սկիզբը։ Հետևելով այս համոզմունքին՝ 6 երկրներ ներկայացնող խոստումնալից երիտասարդները տարբեր խաղային մեթոդներով միմյանց իրենց երկրների պարերը սովորեցրեցին, պարեցին նաև շուրջպար. Գագիկ Կարապետյանի անվան պարի դպրոցի սաները սիրով մասնակցեցին այս յուրօրինակ միջազգային պարային փորձի փոխանակմանը։ Իսկ տարբեր երկրներում կինոինդուստրիայի նմանություններն ու տարբերությունները մասնակիցները քննարկեցին՝ հյուրընկալելով հայկական հայտնի դերասանուհի Ելենա Բորիսենկոյին։
Հետաքրքիր ձևաչափ էր ընտրված նաև խոհանոցային օրվա համար. ամեն երկրից ժամանած երիտասարդների խմբին նախապես հատկացվել էր գրպանի փոքրիկ գումար և առաջադրվել ինքնուրույն գնել իրենց ավանդական ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։ Գումարի չափը հատուկ որոշվել էր այնպես, որ մի խմբի մոտ ավելցուկ լիներ, մյուսի մոտ՝ չբավարարեր գումարը։ Հիմնական նպատակն էր ստեղծել այնպիսի միջավայր, որը կհանգեցներ տարբեր ազգերի մասնակիցների համագործակցությանը։ Գումարը չբավարարելու պարագայում մասնակիցները պետք է համոզեին միմյանց, գումար խնդրեին և ընդհանուր հայտարարի գային՝ արդյունքում ունենալով բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ ուտեստի օրվա շրջանակներում տվյալ երկրի կողմից նախատեսված ճաշատեսակը պատրաստելու  համար։
- Խոհանոցային օրը մենք ամեն երկրից մեկ շեֆ-խոհարար ընտրեցինք, նրանց կցեցինք տարբեր երկրներից մասնակիցներ, այնպես, որ արդյունքում ամեն երկրի ուտեստ պատրաստող խմբում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին ներգրավված։ Ամենաուրախ միջոցառումներից մեկն էր։ Արդյունքում մենք սովորեցինք տարբեր ազգերի ավնադական ուտեստներ պատրաստել, համտեսեցինք և նույնիսկ գնահատեցինք միմյանց։ Հաղթեց գերմանական «Spätzle» ուտեստը /կարդացվում է «Շպեցլե»՝ կարտոֆիլով աղցան ու տապակած նրբերշիկներ/։ «Կրիստալ»հյուրանոցի ղեկավարությունն այս ուտեստը պատրաստած տարբեր ազգերի յոթ մասնակիցներին երկու օր անվճար մնալու նվեր-քարտեր տվեց՝  նրանք կարող են օգտագործել Հայաստան  իրենց հետագա հնարավոր այցերի ժամանակ։
        Ծրագրի մասնակիցները ծանոթացան միմյանց երկրների ուսումնական և աշխատանքային հնարավորությունների հետ, Հայ Կրթական Հիմնարկություն կազմակերպության երիտասարդները՝ ի դեմս տնօրեն Արմինե Հարոյանի, միջազգային փորձի փոխանակում կազմակերպեցին և միմյանց տեղեկացրեցին աշխարհի տարբեր երկրների ուսումնական համակարգերի տարբերություններին և նմանություններին։ Այցելեցին «Մեգերիան Կարպետ»  ընկերություն, տեղեկացան գորգագործության հմտություններին, մասնակցեցին գորգագործության գործընթացին։ Մասնակիցներն այցելեցին Աբովյանի սրբ.Հովհաննես եկեղեցի, Էջմիածնի Մայր Տաճար։ Էջմիածնում գործող «ՄԵՐ ՏՈՒՆ» բարեգործական հ/կ մանկատան շրջանավարտ-սաների կողմից նախաձեռնված գաթայի պատրաստման արարողությունը մեծ տպավորություն էր գործել բոլոր մասնակցների վրա. նրանք ծանոթացան և ընկերացան սաների հետ, պարեցին և երգեցին։ Մասնակիցներն ունեցան էքսկուրսիայի օր' Երևան քաղաքում. հայկական խմբի պատասխանատվությունը մեծ էր այս հարցում, քանի որ հենց իրենք պետք է ներկայացնեին Երևան քաղաքը հյուրերին, ինչն էլ պատվով արեցին։
- Հայկական խբին՝ ծրագրին պատրաստելու հարցում իր  մեծ ներդրում է ունեցել մեր նախագծի ակտիվ մասնակից, թրեյներ Լիլիթ Սահակյանն, ով ուղղակի ոսկերչական աշխատանք է տարել ծրագրի բոլոր փուլերում, ինչի համար բոլորս նրան անչափ շնորհակալ ենք, - նշում է Մարիամ Կիրակոսյանը։Հարկ է նշել էքսկուրսիոն օրվա ընթացքում մասնակիցների հիացմունքը՝ Երևանի Նոյ կոնյակի-գինու գործարան այցելության արդյունքում։ Գինեգործության հմտություններին և պատմությանը ծանոթանալուց բացի նրանք համտեսեցին 3000 եվրո արժողությամբ բարձրակարգ գինի, իսկ հետո մասնակիցներին ողջունեց գործարանի սեփականատեր Պրն.Գագիկ Ծառուկյանը, ով սիրով բոլոր մասնակիցներին նվիրեց հայկական գինիներ, հրավիրեց այցելել Օլիմպիական ավան, իսկ առաջիկա օրերին՝ իրենց ազատ ժամանակն անց կացնել Մուլտի առողջարարակական կենտրոնում ՝ բոլորովին անվճար, ինչպես նաև հրավիրեց ընթրել «Փարավոն» ռեստորանային համալիրում՝ հոգալով մասնակիցների տեղափոխության բոլոր խնդիրները։
  Հրաժեշտի երեկոն «Խոստումնալից երիտասարդներ» միջազգային  նախագծի մասնակիցներն անց կացրեցին «Արարատ Վյու Գարդեն» նորաբաց ռեստորանում։ Ռեստորանի տնօրինության կողմից տրամադրվել էր լավաշ թխելու հնարավորություն, ինչն էլ մասնակիցները սիրով օգտագործեցին և լավաշի թխելու արարողության անմիջական մասնակիցը դարձան։  Երեկոյի միջազգային երաժշտությունը ապահովեց DJ LEO-ն, մասնակիցներին ողջունեց «Նուբար» հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը, իսկ խնջույքի ավարտին բոլոր մասնակիցները միմյանց շնորհակալություն հայտնեցին նման հրաշալի միջոցառման մասնիկը դառնալու համար, իսկ հյուրասեր «ԾիրանԷ» հայկական օճառներ և յուղեր արտադրող ընկերությունը, «Դարման» թեյերը, «Լունար-Սիլվեր», Յուքոմ, «Ժնինել» աքսեսուարները, «Թալիանի» իտալական ակնոցներ արտադրող ընկերություններն իրենց կողմից մասնակիցներին  գեղեցիկ հուշանվերներ փոխանցեցին։
 Նմանօրինակ երիտասարդական  նախագծերը խրախուսելի են, քանի որ դրանք ոչ միայն ուսուցողական են, այլ նաև հնարավորություն են տալիս մտածել և ստեղծել նորանոր նմանատիպ ծրագրեր՝ երիտասարդների հուզող խնդիրներին և հետաքրքրություններին ուղղված։ Այս նախագխի մասնակիցները, ոգևորվելով ծրագրի ընթացքից և արդյունքից, հանդես եկան նոր գաղափարներով և առաջարկներով՝ առաջիկա ծրագրերի համար։
 Չնայած միջմշակութային և մտածելակերպային տարբերությունների, ազգային առանձնահատկությունների, երիտասարդական այս միջազգային փորձի փոխանակման նախագծի բոլոր մասնակիցներն անխտիր մեկ ընտանիք էին դարձել և շատերը (թե’ տղա, թե’ աղջիկ)՝ արցունքներով բաժանվեցին՝ խոստանալով կազմակերպել տարբեր հավաքներ և միջոցառումներ՝ միմյանց հերթական անգամ հանդիպելու նպատակով։
 Ուրախալի է այն փաստը, որ այս նախագիծը բուռն արձագանք գտավ հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներով, չէ՞ որ այսօր երիտասարդների հաջողության գրավականը միմիայն բարձրագույն կրթությամբ չէ պայմանավորված. մեր օրերում, ինտերնետից զատ, չափազանց կարևոր է ունենալ միջմշակութային անմիջական շփման հմտություններ, ինչն էլ, իր հերթին, ձևավորում է տարբեր մշակույթների և ազգերի հանդեպ հանդուրժողականության դրսևորում՝ նպաստելով ազգերի բարեկամությոանը, ընկերությանը, զարգացմանն ու տարբեր ասպարեզներում համագործակցությանը։

(մեր թղթակից)
Երևան. 4-10-ը հունիսի

Միջոցառման լուսանկարներն այստեղ

Wednesday, 12 July 2017

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը աջակցում է «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրին


Աշխարհի 6 երկրներից ժամանած ավելի քան 40 երիտասարդների մասնակցությամբ հուլիսի 4-ից Հայաստանում մեկնարկած «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրը, որը  Եվրամիությանմիջմշակութային նախաձեռնություն է:Այն  համատեղ նախաձեռնել է հոլանդական «Լուսավոր ապագա»
կազմակերպությունը: Այս նախագծի հաջող ընթացքն ապահովելու համար, մի շարք այլ կազմակերպությունների թվում  իր ակտիվ և գործուն աջակցությունը ցուցաբերեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Անձամբ' Գագիկ Ծառուկյանը մասնակցեց երիտասարդների հետ  հանդիպմանը, ոգևորեց և խրախուսեց նրանց ձեռնարկը: «Կենտրոն» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Գագիկ Ծառուկյանի հետ երիտասարդության  ունեցած հանդիպումից:

Դրանով , սակայն հանդիպումը անվանի գործրարի և քաղաքական գործիչի հետ շարունակվել է հաջորդ օրերին: Միասին այցելել են եկեղեցի և մոմավառություն  կատարել, եղել են օլիմպիական ավանում, այցելել ռեստորան' միասին ճաշկերույթ ունեցել: Ամենակարևորը նրանց մեջ ծավալված աշխույժ և սրտաբաց ու  անկաշկանդ զրույցն է եղել:
«Լուսավոր ապագա» կազմակերպության ղեկավար Մարիամ Կիրակոսյանի նպատակը' Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելուց զատ , հնարավորություն ընձեռնելն է խթանելու զբոսաշրջությունը:

«Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոմիության կողմից ֆինանսավորվող միջազգային միջմշակութային փորձի փոխանակման երիտասարդական ծրագիրն ավելի հագեցված և արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպիչ ընկերությունների հետ ակտիվ համագործակցել և աջակցել են` "Գագիկ Ծառուկյան" բարեգորցական հիմնադրամը, "Արաքս" թռչնաֆաբրիկան, «Կուռ» գինիները, «Լաքի» տորթերը, «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանը, «Տերյան» մշակութային կենտրոնը, "Մեր տուն" հ/կ, «Դարման» հայկական թեյեր արտադրող ընկերությունը, «Լունար-Սիլվեր» արծաթյա զարդեր արտադրող ընկերությունը, «Ժնինել» աքսեսուարներ, «Թալիանի» իտալական արտադրության ակնոցները, "Ծիրանէ" հայկական արտադրության օճառներ և յուղեր արտադրող ընկերությունը, Գագիկ Կարապետյանի անվան պարի դպրոցը, «Նուբար» երգի-պարի անսամբլը, էթնիկ վոկալիստ Անուշ Հարությունյանը, դերասանուհի Ելենա Բորիսենկոն, «Արարատ Վյու Գարդեն» ռեստորանային համալիրը, Հայ Կրթական Հիմնարկությունը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, Գլաձոր համալսարանը։ Միջոցառման Ինֆորմացիոն գործընկեր՝ «Նիդերլանդական օրագիր»:



.

  .

Հայաստանում մեկնարկեց Եվրամիության «Խոստումնալից երիտասարդություն» անվանումը կրող ծրագիրը




19875248_10210106522798949_8431556525785118236_n.jpg
 Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում «Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության (տնօրեն' Մարիամ Կիրակոսյան) նախաձեռնած «Խոստումնալից երիտասարդություն» անվանումը կրող միջազգային մշակութային փոխանակման ծրագրի միջոցառումները: Նախապատրաստական աշխատանքները ետևում մնացին: Երևանը դիմավորել է Հոլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Ավստրիայից ժամանած երիտասարդական պատվիրակությունների ներկայացուցիչներին: Հայաստանում նրանց միացան Հայաստանի պատվիրակները ։ Միջոցառումն անցնում է հագեցված ծրագրով: Տարբեր երկրների պատվիրակները ոչ միայն հնարավորություն ունեն մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին ու կենցաղին, այլ միմյանց ներկայացնելու սեփական երկրների ազգային ավանդույթներն ու առանձնահատկությունները:
19665455_1475654609186351_5430620060745256521_n.jpg
     Մասնակիցները հանգրվանել են գեղատեսիլ Աղվերանի Kristal Resort բարձրակարգ հարմարավետ հյուրանոցային համալիրում, հասցրել են ծանոթանալ միմյանց հետ, ներկայացրել են իրենց երկրները, ցուցադրել ու կրել են ազգային տարազով շորեր, ծանոթացել են հայկական պարարվեստին, նաև սովորել պարել: Նրանք արդեն եղել են Երևանում, այնուհետև Սևանում: Մասնակիցներին հետաքրքիր անակնկալ էր սպասվում գինու և  կոնյակի գործարանում: Նրանք, որպես հուշանվեր Գագիկ Ծառուկյանի  կողմից ստացան կոնյակներ:Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ քաղաքական գործիչների, արվեստի ու մշակույթի  մարդկանց հետ: Մասնավորապես' ծրագրված է կրկին հանդիպել ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, հանրաճանաչ դերասան Հրանտ Թոխատյանի հետ: Մասնակիցները կլինեն օլիմպիական ավանում:

19875567_10210091474982763_3922807309380350769_n.jpg20067760_10210137673617700_199307874_n.jpg
     Օրերս «Լուսավոր ապագա» կազմակերպության «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվեցին հայկական հեռուստաալիքներից մեկին և ներկայացրեցին իրենց մոտեցումները:



«Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոմիության կողմից ֆինանսավորվող միջազգային միջմշակութային փորձի փոխանակման երիտասարդական ծրագիրն ավելի հագեցված և արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպիչ ընկերությունների հետ ակտիվ համագործակցել և աջակցել են` "Գագիկ Ծառուկյան" բարեգորցական հիմնադրամը, "Արաքս" թռչնաֆաբրիկան, «Կուռ» գինիները, «Լաքի» տորթերը, «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանը, «Տերյան» մշակութային կենտրոնը, "Մեր տուն" հ/կ, «Դարման» հայկական թեյեր արտադրող ընկերությունը, «Լունար-Սիլվեր» արծաթյա զարդեր արտադրող ընկերությունը, «Ժնինել» աքսեսուարներ, «Թալիանի» իտալական արտադրության ակնոցները, "Ծիրանէ" հայկական արտադրության օճառներ և յուղեր արտադրող ընկերությունը, Գագիկ Կարապետյանի անվան պարի դպրոցը, «Նուբար» երգի-պարի անսամբլը, էթնիկ վոկալիստ Անուշ Հարությունյանը, դերասանուհի Ելենա Բորիսենկոն, «Արարատ Վյու Գարդեն» ռեստորանային համալիրը, Հայ Կրթական Հիմնարկությունը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, Գլաձոր համալսարանը։ Միջոցառման Ինֆորմացիոն գործընկեր՝ «Նիդերլանդական օրագիր»:

Thursday, 6 July 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-11/ Աննին, Միչը, Պոլն ու ես



-11-

Սկիզբն այստեղ՝ 1/ 2/ 3/ 4/ 5/ 6/ 7/ 8/ 9/ 10
__________________________
Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

Աննին, Միչը, Պոլն ու ես, կամ վերջաբանանման
էս  գլուխը նոր հորինեցի, որովհետև ուղղակի չէի կարող Աննիին բաց թողնել: Էնպես որ շատ բաներ բաց եմ թողել, մոռացել, գուցե շփոթում եմ: Ինչևէ, սա վերջին գլուխն էր, սրան կհետևի վերջաբանը:
Գերմանուհի Աննիի հետ նույնպես նույն ֆորումում եմ ծանոթացել, բայց իմ՝ այնտեղ գրանցվելու մի տարի հետո: Պրահայում էի գտնվում, երբ նրանից նամակ ստացա, ու այդպես սկսկվեց մեր մտերմությունը: Աննիին առանձնացնում եմ մյուսներից, որովհետև նրա դեպքում վիրտուալն այնքան էլ շատ չէր: Կարճ ժամանակ անց իրար նամակներ ու նվերներ էինք ուղարկում փոստով, իսկ մեր ծանոթությունից երկու տարի հետո նա եկավ Հայաստան... հատուկ ինձ տեսնելու համար: Հետո, մենք գիտեինք մեկս մյուսիս ամենանվիրական գաղտնիքները ու պինդ-պինդ պահում էինք:
Հայաստան գալուց մի տարի հետո էլ հանդիպել ենք Գերմանիայում: Ես Դրեզդեն քաղաքում էի, և նա իր բնակավայրից եկավ-հասավ, որ ինձ տեսնի: Էնքան հետաքրքիր վիճակ էր: Դրեզդեն առաջին անգամ էր գալիս: Իսկ որովհետև ես արդեն գրեթե մի ամիս այնտեղ էի, տանում էի նրան տեսարժան վայրերը, հետաքրքիր ծակուծուկերը, թեև դրանք բավական քիչ էին այնտեղ:
Հաջորդ տարի էլ միայն մի վիքենդով եկավ Ամստերդամ: Խնդրեց, որ Միչին՝ ֆորումի իր ընկերներից մեկին, որին գիտեի, բայց առանձնապես մտերիմ չէի, հետը բերի:
Ես գնացի Կենտրոնական կայարան, որ նրանց դիմավորեմ: Առաջինը Միչը եկավ: Նկարները շատ էի տեսել, բայց երբ ռեալում ցցվեց դիմացս, մի պահ վախեցա: Երևում էր՝ որևէ հոդային հիվանդություն ունի, հավանաբար ռևմատոիդ արթրիտ, որովհետև ձեռքերի մատները խիստ դեֆորմացված էին, իսկ ինքը կաղալով էր քայլում:
Տասը րոպե էլ չանցավ, երբ Աննիի գնացքն էլ ժամանեց, Պոլն էլ եկավ Ռոտերդամից: Ու մենք միասին սկսեցինք չափչփել Ամստերդամը: Գազանանոց գնացինք, որը, ասում են՝ ամենահինն է Եվրոպայում կամ ամենահներից մեկը: Բայց ինձ այնքան էլ դուր չեկավ. տեղը նեղ, կենդանիները ոչ այնքան բազմազան: Միակ լավ բանն այն էր, որ այնտեղ թիթեռների տուն կար: Էնքան հավես է. մտնում ես ջերմոցային մի տարածք, որտեղ մեծ-մեծ թիթեռներ են թռչում վրայովդ, գալիս, նստում մազերիդ, փախչում, չարաճճիություններ անում: Նման բան աշխարհի ոչ մի գազանանոցում չէի տեսել, բայց առանձին թիթեռների տանը եղել էի Վիեննայում: Հետագայում, երբ եկա ու ոգևորված սկսեցի պատմել, թե Վիեննայում էսպիսի բան կար, շատերը, չնայած այդ քաղաքում մի քանի անգամ եղել էին, զարմացան, որովհետև երբևէ չէին լսել թիթեռների տան մասին:
Հետո էլի տարբեր տեղերում եղանք, զվարճացանք, կատակեցինք, վախեցանք: Ու շատ հաճախ սրճարաններում ու ռեստորաններում հաշիվը Պոլն էր փակում՝ իր սեփական պնդմամբ ու նախաձեռնությամբ:
Աննին ու Միչը կիրակի գնացին: Նույն օրն առավոտյան մենք երեքով (որովհետև Պոլը վերադարձել էր Ռոտերդամ) գնացինք Ամստերդամի զնդան, ծանոթացանք վաղուցվա դաժանություններին: Ու այնտեղից մեզ հիշատակ մնաց այս նկարը.



Վերջաբանանման
Էլի շատ բան կար պատմելու, բայց հենց հասա Երևան, բախվեցի այստեղի խնդիրներին, ու Ամստերդամում անցկացրածս մի ամիսը միանգամից փոքրացավ, տեղավորվեց հիշողությանս անկյուններից մեկում, դարձավ միայն իմը: Ու երբ ամեն անգամ վերցնում էի գրիչս, որ շարունակեմ “Գրքանմանը”, զգում էի, որ ներսից ինչ-որ բան խեղդում է, և շատ պատմություններ մնացին այդպես էլ չգրված: Հավաքելով այդ կցկտուր նշումները՝ այն ժամանակվանից երկու տարի անց փորձում եմ դարձնել մի փոքրիկ վերջաբան:
Ես չեմ պատմի, թե ինչպես անցավ վերջին օրս հիվանդանոցում: Մինչև հիմա դարակներիս խառնշտորած թղթերի մեջ պահում եմ այն թղթի կտորը, որի վրա բժիշկ Էյկհոֆն իր էլեկտրոնային հասցեն գրեց և պատվիրեց, որ հարցեր ունենալու դեպքում կապվեմ: Մինչև հիմա չեմ գրել ու չեմ էլ գրելու: Չգիտեմ՝ ինչու դեն չեմ նետում թղթի կտորը, որը մի ավելորդ բեռնվածություն է մնացած անպետք թղթի կտորների կողքին:
Ընթերցո’ղ, գիտե՞ս, թե ինչպես էի տխրում, երբ վերջին անգամ բացում էի պահարանս, վերջին խալաթս նետում կեղտոտ շորերի մեջ, հերթով հրաժեշտ տալիս բժիշկներին: Հենց այդ նույն օրը Պոլը եկավ Ամստերդամ, որ միասին որևէ հետաքրքիր բան մտածենք վերջին օրվա համար: Այդպես էլ ոչինչ չարեցինք: Ուղղակի չափչփեցինք Ամստերդամի թաղամասերը ու նեղլիկ փողոցներից մեկում միասին կոլա խմեցինք: Իսկ հաջորդ օրը երեկոյան արդեն Երևանում էի:
Ես Ամստերդամը շատ սիրեցի: Հիշում եմ՝ ինչպես էի նայում ջրերին, երբ օդանավակայան գնալուց առաջ մի վերջին անգամ տնից դուրս էի եկել: Ու տեսնում էի արտացոլանքս, որը քիչ անց անհետանալու էր ու կորչեր: Չէ’, չարտասվեցի: Ամստերդամը բարի է. սրբում է արցունքներս, որոնց պատճառը հեռվում է: Ու ես հասկացա, որ մի օր նորից վերադառնալու եմ՝ լինի դա վաղը, թե տարիներ անց: Գալու եմ, որովհետև Ամստերդամն ինձ սիրում է, որովհետև մենակությունն այստեղ իր համն ունի, ու ոչ մի տեղ երեկոն այնպես չի ճանապարհում ինձ, ինչպես Ամստերդամում:
Շարունակելի...

Saturday, 1 July 2017

15 տարի հոգածության կարիք ունեցող երեխաների կողքին


       

Տարիներ առաջ՝ ի ծնե, կամ ձեռք բերովի հիվանդություն ունեցող երեխաների բժշկական օգնության  կարիքները հոգալու համար, մի խումբ սրտացավ հոլանդացիներ  ու  նրանց հետ նաև մեր հայրենակից Սուրեն  Քառյանը, հիմնադրեցին «Ռաֆայել» (Rafaël ) հիմնադրամը: Նախաձեռնության հեղինակը՝  Նիդերլանդներում ճանաչված  հրատարակչություններից մեկի տնօրեն, երջանկահիշատակ  Ֆրանս վան Հելեմոնդն էր , ում հաջողել էր իր շուրջն համախմբել  ևս  յոթ գթասիրտ  համախոհների: Իրենց օգնությունն առաջարկած այս սրտացավ ու անշահախնդիր մարդիկ ձեռնամուխ եղան «Ռաֆայել» հիմնադրամի կազմկոմիտեի ստեղծմանը, որում ընդգրկվեցին այնպիսի փորձառու համակիրներ, ովքեր են՝ Եվրապարլամենտի նախկին անդամ Յ.Վ.Բերտենսը, Telegraaf մեդիա հրատարակչության գլխավոր տնօրեն Հ.Մ. Էյնկենբոմը, Լիմբուրգի մարզի նախկին թագուհու հանձնակատար Յ.Կրեմերսը, նախկին քաղաքապետեր Ս.Նոյթենսն ու Ե.Տոները, ներկայիս այլ պաշտոնեաներ:
 Այս մտահաղացումն իրագործվեց   2002 թվականին , երբ Հոլանդիայի Լիմբուրգի մարզից Հայաստանով հետաքրքրված մի խումբ  նախկին պաշտոնյաներ՝   մտահոգ հիվանդ երեխաների ճակատագրով, պարզապես, այց կատարեցին Հայաստան՝ ծանոթանալու բուժօգնության կարիք ունեցող հիվանդ երեխաների ճակատագրին ու ապրելակերպին:
«Ռաֆայելն» իր գործունեությունը ծավալեց սկզբում Հայաստանի հյուսիսային մարզերում, այնուհետև նաև  այլ շրջաններում:
Արձանագրվեց հետագա քայլեր կատարելու ծրագիրը: Առկա խնդիրները շատ էին ՝   բուժհիմնարկների շենքային անմխիթար ու  նորոգման կարոտ վիճակ,  բուժսարքավորումների թերի հագեցվածություն, անհրաժեշտ դեղորայքի պակաս: Բացեր, որոնք պետք է կարգավորվեին: Հատկապես   խոցելի վիճակում էին որբ և սոցիալապես անապահով ընտանիքների  հիվանդ  երեխաները, երբ նրանց համար  մատչելի չէր անգամ  դեղորայքի ձեռքբերումը:
Հայաստանյան տպավորություններն ազդակ  հանդիսացան Նիդերլանդներ վերադառնալուն պես ձեռնամուխ լինել Rafaël  կազմակերպության հիմնադրմանն ու գրանցմանը: Ինչու՞ Ռաֆայել, քանի, որ նա երեխաներին օգնող բժշկության Հրեշտակապետն է: Ստեղծվեց  կանոնադրություն, բացվեց բանկային հաշիվ, հիմնվեց կայք էջ, որտեղ մանրամասը տեղեկություններ զետեղվեց հիմնադրամի գործունեության, մուտք գործած ու ծախսված դրամական  միջոցների մասին:Կայքում մեկ առ մեկ ամրագրված են 15 տարիների հաշվետվությունները, այցելությունները վավերագրող լուսանկարներն  ու տեսաերիզները: Այս ամենից բացի՝ Նիդերլանդերենով, բավական նուրբ ու  պատշաճ ներկայացված է Հայաստանը, նրա պատմությունն ու այսօրվա իրավիճակը:


Անցնող 15 տարիներին Ռաֆայելի տնօրեն Սուրեն Քառյանը, կազմակերպության  անդամների հետ ՝ Հայաստան այցելելիս,  եղել է այնտեղ, որտեղ  իրավմամբ   իրենց  օգնության  կարիքն է  զգացվել:
Դեռ՝ 2002 թվականին, Հայաստան առաջին այցելության  ժամանակ, 4 հիվանդ երեխայի  դեղորայքի գնման համար, նշանակվեց ամենամսյա 15 Եվրո դրամական օգնություն: Այսօր, նմանատիպ երեխաների թիվն հասնում է 66-ի, իսկ ամենամսյա օգնությունը՝ 20-ական ևրոյի: Այս և այլ նախագծերի իրականացման համար անձնական նվիրատվություններից բացի, կազմակերպվել են բարեգործական համերգներ, ցուցահանդես-վաճառք:
 Հիմնադրամի միջոցներով ՝ շատ երեխաներ  բժշկական հետազոտման  են  ենթարկվել, որի  արդյունքում կատարվել են խիստ անհրաժեշտ  վիրահատություններ: «Ռաֆայելը» նաև բազմաթիվ  այլ նախագծեր է իրագործել: Դրանք եղել  են՝ հիվանդ երեխաների ամառային  հանգստի կազմակերպումից, մինչև բնակարանային պայմանների բարելավումը, մանկական այգիների ու խաղահրապարակների հիմնումը, տարբեր բուժհիմնարկներ  օպտիկական և այլ անհրաժեշտ սարքավորումների առաքումը: Անգամ գիրք է գրվել «Մոռացված երկիր Հայաստանը»  վերնագրով՝ հայտնի լուսանկարիչ Նիկո Բաստենսի լուսանկարներով:
«Ռաֆայել» հիմնադրամի  անդամները համեստորեն համարում են, որ իրենց 15 տարիների աշխատանքը կաթիլ է՝ օվկիանոսի ջրերում:
Սակայն դժվարին այդ ժամանակահատվածը հաղթահարած, «Աստծո բժշկության» Ռաֆայել հրեշտակապետի հետ «առնչություն»  ունեցած բոլոր բուժված ու կազդուրված հայ երեխաների համար այն  եղել է լիարժեք կյանք տանող լուսավոր ճանապարհ ...
Այսօր էլ «Ռաֆայելը» շատ ծրագրեր ունի իրագործելու Հայաստանում:

Hay Azian
«Նիդերլանդական Օրագիր»

Լուսանկարում ՝ «Ռաֆայել» հիմնադրամի ղեկավար կազմը:(լուսանկարը ՝ «Ռաֆայելի» հիմնադրամի կայքէջից):

Friday, 30 June 2017

Հայկական տոլմա՝ վերջին զանգին

Հայկական տոլմա՝ վերջին զանգին
• Workshop Armeense dolma en Zomerfeest 2017
     • Workshop Armenian dolma and Summer Party 2017
     • Տոլմա պատրաստելու պարապմունք և Ամառային հանդես 2017

    
    


    
Վաղը` հուլիսի 2-ին Աբովյան մշակութային միության կենտրոնում 2016-17 ուսումնական տարվա «Վերջին զանգ» Ամառային հանդեսն է: Այն ավելի հետաքրքիր ու նպատակասլաց, նաև ուսանելի դարձնելու համար մինչ հանդեսի սկիզբը կազմակերպիչները անց են կացնելու տոլմա պատրաստելու դասընթաց: Դասընթացին զուգահեռ տոլմայից բացի մասնակիցները կպատրաստեն նաև այլ ճաշատեսակներ: Այնուհետև բոլոր մասնակիցները «Վերջին զանգ / Ամառային հանդեսից» առաջ կվայելեն հայկական համեղ կերակրատեսակներն ու հնարավորություն կունենան աշխույժ երաժշտության, երգ ու պարի ներքո հրաժեշտ տան այս ուսումնական տարվան: Աբովյան միության ակումբը ամառային արձակուրդների կապակցությամբ փակ կլինի 2017 թ. հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 26-ը:

Thursday, 29 June 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-9/ Երբ վիրտուալը դառնում է իրականություն

Սկիզբն այստեղ՝   1/ 2/ 3/ 4/ 5/ 6/ 7/8

Այն ժամանակ ես տասնհինգ տարեկան դեպրեսված դեռահաս էի, որի մայրը գործուղվել էր Պրահա և որն ապրում էր եղբոր հետ, իսկ միակ մտերիմ ընկերուհին արդեն ծանր հիվանդ էր: Այդ ամենին ավելացնենք, որ ամառ էր, հետևաբար դեպրեսվելու ժամանակն անսահման էր: Ու էդպես մի օր իմ անկումային տրամադրությամբ հայտնվեցի AlanisUtopia ֆորումում: Այն ժամանակ տարված էի երգչուհի Alanis Morissette-ի երգերով: Հիմա էլ էնպես ոչինչ:

Մտա ու սկսեցի գրառումներ անել: Զարմանալի էր. ինձ չափից դուրս լավ ընդունեցին: Եվ այդ սարսափելի պահերին, երբ ինքնասպանության մասին էի երազում, մարդիկ գտնվեցին, որ ինձ հետ պահեցին: Նրանք ինձ բնավ չէին ճանաչում, երբեք չէին տեսել, բայց շատ լավ էին հասկանում դեռահասային անկումներս, կիսում էին մենակությունս: Նրանք էին Պոլը, Լիկեն և Ռոզին: Առաջին երկուսը հոլանդացի են, երրորդը՝ իտալացի: Ու կապվեցի նրանց հետ, անչափ շատ սիրեցի: Աստիճանաբար այնպես ստացվեց, որ նրանք ինձ ավելի լավ ճանաչեցին, քան ինձ շրջապատող մարդիկ: Նրանք խորանում էին, նրանք տեսնում էին հենց ինձ:

Ճիշտ է՝ այն ժամանակ շատ ուրիշ վիրտուալ ընկերներ էլ ունեի, բայց ամենամտերիմն ու թանկը 12-ամյա Լիկեն, 36-ամյա Պոլը և 27-ամյա Ռոզին էին: Իսկ իրականությունը մշուշ էր դառնում, կամաց-կամաց անհետանում էր: Իմ ամբողջ կյանքն ուտոպիայում էր: Եվ հենց այդ ժամանակ Իտալիան ու Հոլանդիան իմ երազանքի երկրները դարձան. ուզում էի Լիկեի, Պոլի և Ռոզիի հետ իրական կյանքում էլ շփվել:

Տարիներ անցան: Այդ ուժեղ կապը կամաց-կամաց կորավ: Ռոզին արդեն ամուսնացել է, մի քանի ամսական աղջիկ ունի: Վաղուց նրա հետ չեմ շփվել: Լիկեն մեծացել է: Հազվադեպ ենք խոսում, այն էլ միայն Ամստերդամի ու Աննա Ֆրանկի մասին:

Ու թեև սերն ու կապվածությունը կամաց-կամաց մարեցին, քանի որ դուրս եկա ինտերնետից և իրական կյանք մտա, երազանքը մնաց. դեռ ուզում էի մեկնել Հոլանդիա կամ Իտալիա:

Եվ ահա մի օր հանկարծ երազանքս իրականանում է. ես գալիս եմ Հոլանդիա: Անմիջապես Պոլին տեղեկացնում եմ այդ մասին: Լիկեն էլ է իմանում, բայց հանդիպման մասին չի ակնարկում: Աննին, որը նույնպես իմ վիրտուալ մտերիմներից է ու որի մասին հաստատ մի օր առանձին երկար-բարակ կպատմեմ, հայտնում է, որ օգոստոսին արձակուրդ չունի, բայց մի շաբաթ-կիրակի անպայման Գերմանիայից կգա Հոլանդիա:

Երբ պլանավորում էի Հոլանդիայում գտնվելուս շաբաթ-կիրակիները, այնպես ստացվեց, որ մեկը տրամադրվեց Ռոտերդամին, որտեղ Պոլն է բնակվում, իսկ մյուսը պիտի Աննիի հետ անցկացնեի: Հիմա դրանցից առաջինի մասին եմ պատմելու:

Պոլի ասած ելքով դուրս եկա Ռոտերդամի Կենտրոնական կայարանից: Անմիջապես ճանաչեցի նրան: Ակնոցներով էր, սպիտակ շապիկով, կախ ընկած օվալաձև հսկայական փորով, որը կլորանում էր, երբ նստում էր, և մաշված ջինսե տաբատով, որը փորից մի քիչ ներքև կարկատան էր կրում: Երևի Պոլն էր արել, որովհետև շատ կոպիտ էր՝ իսկական տղամարդու ձեռքի գործ:

Առաջարկեց մտնել խանութ գնումների: Երբ ուզում էի ինքս վճարել (վերջիվերջո, ընթրիքիս ու նախաճաշիս համար էր այդ ամենը, և Պոլը տարիների ընթացքում միշտ նեղվում էր փողի պակասից), թույլ չտվեց:
- Ես հիմա շատ փող ունեմ,- ասաց,- մորս տունը ծախել եմ, և պարտքերս վճարելուց հետո ինձ քսանհինգ հազար եվրո մնացել է: Ճիշտ է՝ հարուստ չեմ: Շուտով իմ տունն էլ կծախեմ ու հիսուն հազար կունենամ: Այդ ժամանակ իսկապես հարուստ կլինեմ:

Հասանք տուն: Մուտքի մոտի աստիճանները կոտրված էին:
- Ժամանակ չեմ գտնում, որ նորոգեմ,- արդարացավ:
Դուռը մաշված էր:
- Անընդհատ ուզում եմ ներկել, բայց հետաձգում եմ:
Մտանք: Դուռը ներսից փակվում էր առանց բանալու՝ զուգարանի դռան նման:
- Այստեղ ապահով է. գողեր չկան:
Երկար ու նեղ միջանցքով առաջ շարժվեցինք, աստիճաններով բարձրացանք:
- Սա իմ հյուրասենյակն է,- ներկայացրեց Պոլը,- ես երկու բազմոց ունեմ, բայց ոչ մեկից չեմ ուզում հրաժարվել:
Ճիշտ էլ անում էր, որովհետև մեկի վրա ես էի փռվում, մյուսի վրա՝ նա:

Նույն հարկում էին նաև խոհանոցն ու զուգարանը: Առաջինը շատ փոքր էր ու կեղտոտ, վաղուց վերանորոգման կարիք ուներ: Իսկ զուգարանը տան միակ իդեալական մաքուր վայրն էր, որտեղից փնթիության հոտ չէր գալիս, սակայն մի անհարմարություն ուներ. լվացարան չկար: Դրա համար էլ բնական պահանջներդ հոգալուց հետո ստիպված ես լինում մի հարկ բարձրանալ, որ լողարանում լվացվես:

Վերևում իմ ու Պոլի սենյակներն էին և լողարանը: Իմ սենյակի պատերից մեկը կտուրի թեքություն էր կրում: Կահավորանք առանձնապես չկար. մի մատրաս, որի վրա պետք է քնեի, սեղան, որի փոշին դարերով ոչ ոք չէր սրբել, մի աթոռ, որը որպես սեղան էր ծառայում, և ջարդած դռներով պահարան:

Պոլի սենյակում այդպես էլ չեղա:
- Դու համակարգիչ օգտագործելու՞ ես: Եթե այո, ապա ստիպված եմ այն ներքև իջեցնել, որովհետև սենյակս չեմ հասցրել հավաքել: Ամաչում եմ:
Տան թափթփվածությունն ու կեղտոտությունը տեսնելուց հետո ես օրեր շարունակ երևակայությանս զոռ էի տալիս, որ պատկերացնեմ, թե ինչ աստիճանի կեղտոտ է, որ ամաչել է, որ մտնեմ:

Լողարանը դուռ չուներ: Փոխարենը մուտքի մոտ մի պարան կար, վրան՝ սպիտակ սավաններ, որոնք վարագույրի պես կարող էիր քաշել լողարանից օգտվելու ժամանակ: Հատակին մի հսկայական փալաս կար: Այդպես էլ չհասկացա՝ ինչի համար է:

“Մենակ տղամարդ է, դրա համար է տունն այս վիճակում”,- մտածեցի: Բայց աչքիս առաջ եկավ մեկ այլ մենակ տղամարդ՝ Շակը, որի մաքրասիրությունը նկարագրել հնարավոր չէ:

Միայն փնթիությունն ու թափթփվածությունը չէին, որ իշխում էին այդ տանը: Աղքատությունը նույնպես իր խորը հետքն էր թողել: Եվ ես զարմանում էի, թե ինչպես էր այս միայնակ ու աղքատ մարդը, որը հաստատ ավելի շատ պատճառներ ուներ կյանքից դժգոհելու, քան ես, կարողանում ինձ աջակցել այն պահերին, երբ նույնիսկ ապրել չէի ուզում:

Չեմ մանրանա ու չեմ նկարագրի, թե ինչ հավես ժամանակ անցկացրինք այդ երկու օրերի ընթացքում: Այստեղ ավելի շատ Պոլի մասին կխոսեմ:

Թեև արդեն հինգ տարի էր, ինչ նրան գիտեի, այդ երկու օրերի ընթացքում շատ ավելի իմացա:
Ես նկատել էի, որ անցյալում կենսաբանության հետ կապ էր ունեցել, որովհետև երբ դասերիցս էի պատմում, խելացի մեկնաբանություններ էր անում, երևում էր, որ հասկանում է:
- Երազում էի քաղցկեղի բուժումը գտնելու մասին: Ուզում էի մի համակարգ ստեղծել, որը կգտներ քաղցկեղածին գեները և կվերացներ: Դրա համար կենսաբանության ֆակուլտետ ընդունվեցի և երկու տարի սովորելուց հետո դուրս մնացի: Մեղավորը նրանք էին, հետո ինձ հետ կանչեցին, բայց չգնացի:

Գիտեի, որ ծրագրավորող է:
- Ուստի որոշեցի քաղցկեղին մյուս՝ համակարգչային կողմից մոտենալ: Սակայն այդ ժամանակ հայրս մահացավ: Բոլորը համոզում էին, որ շարունակեմ ուսումս, բայց ես տրամադրություն չունեի: Հետագայում ծրագրավորման մասնավոր դասընթացներ գտա: Այսպես էր. շաբաթվա չորս օրը սովորում էի, մեկ օր՝ աշխատում: Երկու ամիս անց երեք օր էի սովորում, երկու օր՝ աշխատում: Ու այդպես այնքան, մինչև ամբողջ շաբաթը սկսեցի աշխատել: Աշխատավարձս կամաց-կամաց բարձրանում էր: Ամիսը 3500 եվրոյի չափ ստանում էի, և դա վատ չէր:

Մեր ծանոթության հենց առաջին օրվանից ասել էր, որ մկնիկ բռնելու հետ ինչ-որ խնդիր ունի. ձեռքը թուլանում է: Այն ժամանակ ես լավ չէի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը:
- Ես չեմ կարողանում ձեռքերս երկար օգտագործել. ո’չ տպել, ո’չ արդուկել, ո’չ որևէ այլ բան անել: Դրա համար ոչ մի աշխատանք չեմ ճարում: Երևի միակ բանը, որ կարող եմ անել, ռեստորանի դռնապան աշխատելն է. ընդամենը պետք է դուռ բացեմ-փակեմ:

Ես գիտեի, որ մենակ է ապրում, իմացել էի, որ մայրը մահացել է, բայց չէի պատկերացնում, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չէի մտածել, թե որքան միայնակ է:
- Ես միայն մի ընկեր ունեմ, որի հետ ժամանակ առ ժամանակ չինական ռեստորան եմ գնում: Հա’, մեկ էլ Ուտոպիայի անդամները: Ուրիշ ոչ ոք չունեմ:

Ուրիշը լիներ, գուցե մտածեի, որ սուբյեկտիվ է. երբեմն ես էլ եմ նման մտքեր արտահայտում, բայց չէ’, Պոլը չէր չափազանցնում: Եթե նույնիսկ ոչինչ չասեր, տեսածս լիովին բավական էր, որ ուղեղիս մեջ տպվի նրա միայնության պատկերը:

Բայց միշտ չէ, որ այդպես է եղել:
- Երբ լավ էի վաստակում, սիրում էի ընկերներիս համար նվերներ գնել: Երբ հաշմանդամ դարձա, սկսեցին ավելի քիչ վճարել, և ընկերներս էլ կամաց-կամաց կորան:
Այդ շաբաթ-կիրակին երազի նման էր: Ես չէի կարողանում հավատալ, որ դա հենց նույն Պոլն էր: Հետո՞ ինչ, որ լուսանկարների միջի գեր տղամարդուց չէր տարբերվում: Չէ՞ որ դա ընդամենը անշարժ պատկեր էր: Ես չէի տեսել նրան շարժվելիս, չէի լսել նրա ձայնը, չէի կերել նրա պատրաստած սպագետին:

Սակայն ամեն ինչ իր տեղն ընկավ, և ես միայն մի պահ ընդունեցի, որ նույն մարդն է, երբ շաբաթ երեկոյան քնելուց առաջ ասաց իր մշտական MSN-ական հրաժեշտի խոսքը. “Goodnight sweetie.”
Շարունակելի...

____________________________
Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

Հնարավորություններ, հեռանկարներ...

Քիչ առաջ Hasmik Hayrapetyan-ը մեզ նման բովանդակությամբ նամակ է ուղարկել: Կարծում ենք այն կհետաքրքրի արտերկրում ապրող հայ երիտասարդությանը:
    
    
Hi dear Diary of the Netherlands,
     Greetings from Yerevan!
     My name is Hasmik and I am the Director of Marketing at Birthright Armenia. We provide volunteering as well as professional internship opportunities to Diasporan Armenians aged 20-32 from around the world, at any time of year. …
     Birthright Armenia gives young Armenians the opportunity to learn about Armenia, gain experience, shape skills, make connections with Armenians all over the globe, go out of their comfort zone and discover new things about themselves and just have a life changing experience. If you like all this, I would be happy to discuss simple steps for our partnership and respond to all the questions you might have.
    
     Մանրամասնությունների համար այցելեք այս էջը



ՍԿԱՆԴԱԼ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ




«Աէրոֆլոտի» իրականացրած չվերթը Մոսկվայից Բաքու :
Երբ ինքնաթիռում հայտարարվեց, որ ճաշը լինելու է «հայկական փլավ՝ բրնձով և հնդկահավով» ուղևոր ադրբեջանցիներից մեկի ուղեղում այդ բառը «կարճ միացում » է առաջ բերում : Նա բորտուղեկցորդուհու հետ վիճում է' պահանջում, որ ուղեկցորդուհին ասի, ու՞ր են իրենք գնում: Երբ վերջինս հաստատում է, որ թռիչքը Բաքու է, այս անգամ «մուննաթ-յալվարով » բողոքում է' թե ինչ գործ ունի հայկական հնդկահավը Բաքու մեկնող ինքնաթիռում:
Խեղճ ուղեկցորդուհի, դե արի ու բացատրի, որ սա քաղաքականություն չէ' այլ ուտելիք է:


Sunday, 25 June 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-8/ (անվերնագիր ու փակագծերի մեջ կամ լուցկիներով աղջիկը)

-8-
(անվերնագիր ու փակագծերի մեջ կամ լուցկիներով աղջիկը)

Սկիզբն այստեղ՝   1/ 2/ 3/ 4/ 5/ 6/ 7

Երբ այս հատվածը գրում էի, չգիտեի՝ հրապարակելու՞ եմ արդյոք, թե՞ ոչ, բայց որովհետև արդեն գրեթե երկու տարի է անցել, այլևս թուլությունս թաքցնելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Ի դեպ, վերնագիրն էլ նոր խմբագրեցի: Սա էլ կարդացեք, իսկ հաջորդն իմ սիրած գլուխներից է:
- Այս հարցն ինձ անհանգստացնում է,- հանկարծ ասաց բժիշկ Էյկհոֆը,- դու միայնակ չե՞ս զգում Ամստերդամում:
- Դե… Կարծում եմ՝ չէ,- պատասխանեցի:
- Ընկերներ ունե՞ս:
- Հա, տարբեր երկրներից ուսանողներ կան, որոնց հետ շփվում եմ:
Նրա մտքով չէր էլ կարող անցնել, որ վերջին անգամ նրանց հավաքույթին ութ օր առաջ էի գնացել, այն էլ մի ժամ մնալուց հետո տուն էի վերադարձել: Նա չգիտեր, որ ընդամենը նախորդ օրը գրադարանում պատահաբար Բրունոյին տեսա, որն ինձ տեղեկացրեց, որ երեկոյան գնալու են թեյ խմելու: Ես խոստացել էի, որ կգնամ, բայց որովհետև սարսափելի հոգնած էի (հիվանդանոցում սովորականից երկար էի մնացել), որոշել էի տնից դուրս չգալ ու հանգստանալ: Սակայն ոչ ոք չէր հիշել ինձ, որովհետև ոչ մի զանգ, ոչ մի SMS չեկավ, որ ճշտեր. միանալու՞ եմ նրանց: Հասկացա, որ այստեղ ես եմ իմ գլխի տերը: Եվ ես միայնակ չէի:
Ու չգիտես ինչու ներսից ծակոց զգացի. այլևս չէի կարող տանը մնալ: Գիրքս վերցրի, որ գնամ մոտակա կանալի մոտ, կարդամ:
Երբ դուրս եկա, զգացի, որ ցուրտ է: Փորձեցի արևոտ կողմն ընտրել, սակայն ահավոր քամոտ էր, իսկ ժակետս բավարար չափով չէր տաքացնում: Ու հանկարծ տեսա դեպի Կենտրոնական կայարան գնացող 43 համարի ավտոբուսը:
Ճանապարհին սովորականի պես գիրք էի կարդում: Ուզում էի այդ օրն ավարտել Փոլ Օսթերի “The Brooklyn Follies” –ը, որ հաջորդ օրը Ռոտերդամ գնալու ճանապարհին ուրիշ գիրք բացեմ:
Ես քայլեցի դեպի Կենտրոնական կայարանի հետևը: Չգիտեմ՝ ասել եմ, թե չէ. այդ տեղն առաջին օրերին Աննան ինձ ցույց տվեց, և ես գնում էի, երբ մենակ էի լինում, իսկ ավելի ճիշտ՝ հոգնած չէի լինում, որովհետև միշտ էի մենակ, բայց միշտ այնտեղ չէի:
Ջուր, բադեր, թեթև քամի, հանգստություն… Մի քանի էջ կարդացի ու նորից մրսեցի: Վեր կացա, որ ավելի հարմար տեղ գտնեմ: Կենտրոնական կայարանի միջով անցնելիս մտքիս մեջ “Գրքանմանի” հերթական, բայց երևակայական գլուխ էր ստեղծվում: Դա մի տեսակ տխուր թվաց. ասես մենակությունս սփոփելու վերջին… չէ, ի՞նչ վերջին… միա’կ հնարավորությունը լիներ: Ու աչքերս լցվեցին:
Իսկ Կենտրոնական կայարանի դիմաց բազմություն էր հավաքված: Այնտեղ մարդիկ միշտ շատ են, բայց սովորաբար շտապում են. չեն ուզում ավտոբուս, տրամվայ կամ գնացք բաց թողնել: Բայց այս անգամ մարդիկ մի տեղում կուտակված էին: Երբ մոտեցա, նկատեցի, որ քրիստոնյաներ են, Ավետարան են քարոզում: Ինձ մի թերթիկ տվեցին, որի պարունակությունն առանց կարդալու էլ ինձ քաջ ծանոթ էր: Իսկ մի տղա բարձրաձայն ու սպառնալից տոնով Աստվածաշունչ էր կարդում: Եվ ես չկարողացա արցունքներս զսպել՝ սգալով սեփական միայնությունս: Կողքս կանգնած քրիստոնյաները երևի մտածեցին, որ ապաշխարողի արցունքներ են: Իսկ ես կարծեցի, թե դա առիթ է նրանց հետ ծանոթանալու, շփվելու, այլևս միայնակ չզգալու համար: Մի պահ նույնիսկ մտքովս անցավ՝ դեպի Ռոտերդամ ճամփորդությունս հետաձգել:
Աչքերս սրբեցի ու գլուխս բարձրացրի: Նայեցի բորբոքված կարդացող տղային, հետո՝ թղթեր բաժանող աղջկան, վերջում՝ նրանց թիմի մնացած անդամներին հատ առ հատ, մեկ առ մեկ: Կոնտակտ չկար. նրանք այնտեղ չէին, նրանք չէին տեսնում ինձ: Խոսվում էր օդի մեջ, թերթիկներն օդին էին հանձնում: Ու՞մ էր պետք նրանց աշխատանքը, երբ մի քրիստոնյա իրենց աչքի առաջ իրենց է փնտրում, բայց նրանք տեղում չեն: Ու՞մ են պետք այն նորածին քրիստոնյաները, որոնք այս թերթիկները կարդալով հավատքի եկան, բայց հինգ րոպե անց ներկա կգտնվեն կրիշնայականների հավաքին:
Ներկայացումը վերջացավ: Փողոցն անցա, հենվեցի մետաղյա բազրիքին ու սկսեցի գրել այս պատմությունը… Եվ ես միայնությունից ժպտում էի տրամվայում կողքս նստած կնոջը, հեծանիվ քշող աղջկան, այս փոքրիկին, որի տիկնիկն իմ կողքն է նստել: Ու ստանում եմ պատասխան ջերմ կրակները. գուցե օրվա համար հերիքի: Լուցկի ծախող աղջկան հիշեցի:
Շարունակելի...

____________________________
Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։