The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 7 October 2017

Կոմիտասի անվան լարային քառյակը Հայաստանի Անկախության տոնին նվիրված համերգներ ունեցավ Նիդերլանդներում

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի և Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  25-րդ ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան լարային քառյակը համերգներ ունեցավ Նիդերլանդների Հաագա և Մաստրիխտ քաղաքներում:


ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես արդեն հայտնել էինք հոկտեմբերի 5-ին՝ Հաագայի Diligentia թատերասրահում,  ապա և հաջորդ օրը ՝  հոկտեմբերի 6-ին Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի առիթով, Կոմիտասի անվան լարային
քառյակը համերգներ ունեցավ: Այն նվիրված էր նաև Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  25-րդ ամյակին:
  ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո և Մաստրիխտի հայ համայնքի կազմակերպած համերգին ներկա էին Նիդերլանդների թագավորությունում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և դատարանների, երկրի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ,լրագրողներ և հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Մինչ համերգի կայանալը նիդերլանդական մամուլն արդեն բարձր էր գնահատել խմբին, ներկայացրել էր հանրահայտ ու եզակի այս նվագարանի պատմությունն ու գործունեությունը:







___________________________
Gea van Loo-ի լուսանկարները










Sunday, 1 October 2017

Ընտրվեց «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպության նոր կազմը




Մեկ տասնամյակից ավել տարիների կենսագրություն ունի Նիդերլանդների հայկական  «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպությունը: Այդ տարիները  եղել են կազմակերպության կայացման և առաջնթացի ժամանակաշրջան: Բազմաթիվ հայ երիտասարդներ են համախմբվել կազմակերպության շուրջ և իրենց գաղափարներով ու նորամուծություններով նպաստել միության համախմբմանն ու կայացմանը: Ամեն տարի «Գլաձոր» միության ուսանողները կազմակերպության աշխատանքները համակարգելու համար ղեկավար կազմ են ընտրում: Եվ ահա Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ  կազմակերպության հերթական տարեկան հավաքը և նոր ղեկավար անձնակազմի ընտրությունները։ Ընտրությունները կայացել են  «Գլաձոր» կազմակերպության նախկին անդամների՝ թիվ 11 խորհրդի կազմի  մասնակցությամբ։ Ընտրվում էր նոր 12-րդ խորհրդի ղեկավար կազմը:Քվեարկության արդյունքում ձևավորվեց 7հոգանոց  խորհրդի ղեկավար կազմը: Նախագահ է ընտրվել Դավո Պողոսյանը (Dario Cramer): Ի դեպ Դավոն նաև «Նիդերլանդական օրագրի» շնորհալի երիտասարդ թղթակիցն է և բավական ակտիվորեն համագործակցում է նիդերլանդահայ համայնքների ու կառույցների հետ: Փոխնախագահ է ընտրվել Իզաբելլա Զաքարյանը, քարտուղար՝ Ադրինե Բանդարին, նաև Վերգինա Խալաֆյանը (Penningmeester) Հովհաննես Հակոբյանը (PR-Commissaris), Տաթևիկ Ծատուրյանը (Interne Coördinator) և Վահագ Շողերյանը (Externe Coördinator):
Ժողովի ավարտից հետո ընտրությունների մասնակիցները հավաքվեցին Ուտրեխտ քաղաքի «Բռուրս» սրճարանում, սա  նաև լավ առիթ էր միմյանց հետ շփվելու և մոտիկից ծանոթանալու համար:
Թիվ 12-րդ խորհրդի ղեկավարներն իրենց  ողջույնի և շնորհակալության խոսքը  փոխանցեցին կազմակերպության անդամներին, խոստանալով , որ այսուհետ իրենցից կախված ամեն  բան անելու են «Գլաձորի» հեղինակության ու լավ անունի համար:  Գլաձորցիները վճռական են կեսագործելու այն դրույքներն ու ծրագրերը, որոնք ծառացած են կազմակերպության առջև : Առջիկայում խոստացված ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերն են, սպասվում են  հետաքրքիր մշակույթային և կրթական հավաքույթներ ու տոնակատարություններ։
Բարի երթ՝  Գլաձոր...
«Նիդերլանդական օրագրը» շնորհավորում է «Գլաձորի» նորակազմ խորհրդին և ցանկանում  հաջողություններ ու նոր վերելքներ:


gl22046126_2035463843340512_3672648638903609816_n.jpg

Friday, 29 September 2017

Հոկտեմբերյան համերգային հագեցված ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը


Երեք համերգ Նիդերլանդներում Կոմիտասի անվան քառյակի և «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական» հիմնադրամի մասնակցությամբ:


Հոկտեմբերի 5-ին՝ Հաագայի Diligentia թատերասրահում, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի, Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների
հաստատման  25-րդ ամյակի կապակցությամբ, ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո և աջակցությամբ Նիդերլանդների թագավորությունում, մշակութային ծրագրերի շրջանակներում բազմաթիվ հրավիրված հյուրերի առջև պատիվ կունենա Հայաստանը ներկայացնել աշխարհահռչակ  Կոմիտասի անվան ազգային քառյակը: Այն աշխարհի հնագույն ու յուրահատուկ նվագարաններից է, որը ներկայացնում է փառահեղ ու անմահ, անկրկնելի Կոմիտասի ստեղծագործությունները:

Արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Կոմիտասի անվան ազգային քառյակը հյուրընկալվելու է
Նիդերլանդների մեծ համայնք ունեցող քաղաքներից մեկում Մաստրիխտում: Տեղի Սուրբ Կարապետ եկեղեցում առաջին անգամ հնչելու է ավելի քան 50 երկրներում հյուրախաղերով հանդես եկած քառյակի կատարումները:
Կոմիտասի անվան լարային քառյակը հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե. Գուզիկով)։ Հայաստանի կառավարության որոշմամբ 1932 թվականին քառյակին շնորհվել է մեծն Կոմիտասի անունը:
Տարիների ընթացքում Խումբն ավելի ու ավելի է կատարագործել կատարողական վարպետությունը և մեծ ճանաչման հասել աշխարհում: Կայուն և համակուռ այս կոլեկտիվում մեկ գեղարվեստական ղեկավար է փոխվել: Ավետ Գաբրիելյանին փոխարինել է Էդուարդ Թադևոսյանը, որի 70-ամյա հոբելյարն այս տարի նշվեց: Նրան կոլեկտիվ էր հրավիրվել Ավետ Գաբրիելյանը :
Կոմիտաս քառյակը հարուստ տարեգրություն ունի: Դեռ 1934 թվականին քառյակին շնորհվել Է ՀԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում, ստացել է պետական մրցանակներ, բազմաթիվ մրցույթների հաղթող է ու դափնեկիր:
Այժմ քառյակն այսպիսի կազմ ունի. առաջին ջութակն ու գեղարվեստական ղեկավարը , ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և  միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան է: 2-րդ ջութակ - Սյուզի Երիցյան, միջազգային մրցույթների դափնեկիր,Ալտ - Ալեքսանդր Կոսեմյան, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր,Թավջութակ - Հասմիկ Վարդանյան, միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր:





ani_hayhgf.JPGԱյս գեղեցիկ համերգով սակայն չի սահմանափակվում Մաստրիխտում տեղի ունեցող հոկտեմբեր ամսվա համերգային միջոցառումները: Ինչպես «Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է Մաստրիխտի Անի հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսը՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ին «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական» հիմնադրամը ևս համերգ է ունենալու Մաստրիխտում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում:
Այս հիմնադրամը գործում է Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Համերգներով հյուրախաղերի է եղել մի շարք երկրներում: Հիմնադրամը ստեղծել է 2016թ. United American and Armenian Chamber Orchestra-ն («Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը»), որի կազմում ընդգրկված են ինչպես հայազգի երիտասարդ շնորհալի, տաղանդավոր երաժիշտներ, այնպես էլ օտարերկրացիներ։
խումբը ղեկավարում է Աշոտ Տիգրանյանը: Նա փորձում է արվեստի ու երաժշտության միջև սկիզբ դնել նոր երկխոսության : Այս նոր ոճը լինելու է հանդիսատեսի հետ շփման նոր հարթակ, որն ապահովվելու է նոր ոճ և ուղղվածություն: Աշոտ Տիգրանյանը երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում , ծնվել է Հայաստանում, սովորել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի դասարանում:
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի
և Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  25-րդ ամյակի կապակցությամբ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում տեղի ունեցող այս երկու միջոցառումների մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

«Նիդերլանդական օրագիր»


Ani_masx.png

Monday, 25 September 2017

Մարտահրավեր սփյուռքահայերին, թե՞ հարված Հայաստան-Սփյուռք կապերին

ԱՆԴՐԱԴԱՐՁ
« Հայկական ժամ »



Շները երբեմն գլուխները բարձրացնում են և կաղկանձախառը հաչում՝ անորոշ, օդի մեջ ու ոչ ոքի վրա: Պարզապես օդը լցվում է ձայնային ազդանշանով: Ժամանակ ծախսեցի վերծանել այս կաղկանձախառը վայրահաչոցը ՝  ապարդյուն, բան չստացվեց:
Անհասցե, անմիտ, անհիմն, փուչ փամփուշտներով, անհասցե կրակոցներ:
ՈՒ՞մ է ուղղված սա.  որոշ սպյուռքահայերի, թե՞ Հայաստան-Սփյուռք կապերին ընդհանրապես... Անորոշ է: Չկա հստակություն: ՈՒ՞մ է ասվում և  ինչու՞ '  չկա հասցեատեր: Թ՞ե ում է տեսնում գրելով «Հայրենիքը վաճառած վիժվացքներ»՝   ևս  անհայտ ծագման  ուղղվածություն ունի: Ո՞ր սփյուռքահայն է, որ  « Տարվա մեջ մի անգամ Հայաստանին 50  ԱՄՆ-ի դոլար  է ուղարկել ու իրեն մեծ բարերար է զգացել » և  դրան ավելացրած ՝ «Հայաստանի տերն ու տիրակալ են իրենց զգացել Հայաստանի անկախության ներքո»  ևս անհայտ է: Հայտնի է , որ  անգամ օդում հնչած անհասցե շան հաչոցը, եթե կոնկրետ չէ'  նշանակում է  զրպարտանք ու զառանցանք:
Բայց սպասեք. անհասցե բացահայտումը ինչ որ եզրեր էլ ունի:  «Հայրենիքն ու կրոնը, ՙՙթրքացած հային՚՚ » բան  կա հիշեցնելու. «պետք է հիշեցնել, որ ինքը արդեն Հայ չէ, այլ օտար երկրներին ծախված նաև Հայաստանում ապրող անհայտ ծագումի դավաճան» , նրանց պետք է ցույց տալ իրենց տեղը, «տեղ որտեղից միայն գարշահոտության հոտ է գալիս այլ ոչ թե Հայրենասիրության…»
Բան հասկացա՞ք: Մտքերի փայլուն կերտվածք ու շարահյուսության ինչպիսի՚ փայլուն ձևակերպում:
 Այնուամենայնիվ այս պատմության  մեջ մի  հայտնի կետ առկա  է ՝   ՏԵՂԸ, որտեղից  գարշահոտության և ոչ թե Հայրենասիրության հոտ է գալիս ՝  հիշեք սա:
Մի  անհասցե ուղերձ էլ «Հայաստանի շահերը օտար երկրների շահերի համար զոհաբերող»  պաշտոնյաներին է ուղղված: Կա  «արդարադատության թուր» և նրանց (պաշտոնյաներին,-Ծանոթ. հեղինակի) մատաղացու գառան պես պետք է զոհաբերել այդ թրի տակ: Այստեղից  բացվում է իրական, փայլուն հնարավորությունների  կախարդական դռնակը:  «Հայրենասերներն ու Հայերը» հնարավորություն են  ստանում ապրել իրենց   «ազատ ու անկախ Հայաստանում, այլ ոչ թե արտագաղթել Հայաստանից և դառնան ավելի  կախյալ  օտար երկրում, օտար հողում, օտարի լծի տակ»:
Նեղանալով  « Ամերիկամետ, Եվրոպամետ, Ռուսամետ » սփյուռքահայերից ' այս անհասցե ու  սին  փրկության բաղադրատոմսը սփյուռքահայերի ներվերի ու իր ճղճիմ ինքնահաստատման հաշվին հայտնող  ոմն Էմիլ Մարկոսյանը ( « Հայկական ժամ » կայքէջ:) նեղացել է ոչ ավել, ոչ պակաս  Հայաստանից ու չի շնորհավորել Անկախության տարեդարձը:
 Դե հիմա, հարգելի ընթերցող ե'կ ու գտի, թե որտեղից է գարշահոտության և ոչ թե Հայրենասիրության հոտ փչում:
Հ.Գ- Մենք չէինք անրադառնա այս գրառմանը,եթե այն չհանրայնացվեր այլ կայքէջերի կողմից: Այն պարզապես Հայրենիք-Սփյուռք կապը խարխլելու միտում ունի:
Հայրենիքից չեն նեղանում, Հայրենիքը ոչ մեկի համար փորձաքար չէ:

Wednesday, 20 September 2017

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով ` միասնության հասնելու ձգտումով




Սեպտեմբերի 18-ին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին իրենց մասնակցությունն են ապահովել նաև Նիդերլանդների Թագավորության հայ պատվիրակները: Նախօրոք հայտագրվել են 13  մասնակից: Ըստ այբբենական հերթականությամբ նրանք են` Արա Աբրահամյան («Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության վարչության անդամ),  Սվետա Աբրահամյան («Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ), Անդրանիկ Այվազյան (ՀԲԸՄ), Մինաս Արսենյան (ՀՀԴ), Քրիստիան Գելիջի («ՎԿՍ Արմենիա» ընկերության նախագահ),Պողոս Թեքեյան (ՌԱԿ Եվրոպայի շրջանակի անդամ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնախմբի պատասխանատու), Ալիս Թովմասյան (Հայ տիկնանց միության ղեկավար), Հայկ Խանամիրյան (ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր մարմնի անդամ), Անուշավան Կիրակոսյան («Աբովյան մշակութային միության»վարչության անդամ), Մաթո Հախվերդյան (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ), Հարություն Հայրապետյան (Հայ-հոլանդական առևտրային պալատի նախագահ,գործարար), Լիպարիտ Սիմոնյան (ՀՄԸՄ Առնեմ քաղաքի մեկուսի շրջանի վարչության ատենապետ) , Նաիրի Օհանյան  (ՀՀԴ անդամ):
Վերջին տարիներին Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպությունները լուրջ քայլեր են ձեռնարկել միմյանց հետ մերձենալու, համախմբվելու, միասնաբար գործելու ուղղությամբ: Միասնության հասնելու այս ձգտումը  շոշափելի ու զգալի արդյունքներ է ապահովել: Դրանք առնչվում են  տարբեր ոլորտներին`  սկսած հայապահպանության,  ընդհուպ ուսումնառության խնդիրներից` մինչև տեղի օրենսդիր  մարմիների առջև Հայոց Ցեղասպանության թեման մշտարթուն  դարձնելը, այն ժխտողաբար հանդես եկողներին դատական մարմինների առջև պատասխանատվության ենթարկելը:  Համատեղ ջանքերով բազմիցս է զանազան ու հաջողված միջոցառումներ  կազմակերպվել: Միասնության այս դրսևորումը տարեցտարի դրական է անրադառնում Նիդերլանդների համայնքային կյանքին, ձևավորում փոխադարձ վստահության մթնոլորտ:
Զուր չէ, որ  Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը կրում է  «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագիրը: Այն լրիվ համահունչ է Նիդերլանդահայ համայնքներում իրականացվող համահայկական ծրագրերին: Թեմատիկ նիստերը ևս շատ հետաքրքիր են: «Նիդերլանդական օրագիրը» հետևում է Հայաստան-Սփյուռք համաժողովի աշխատանքներին և մշտական կապի մեջ է մեր պատվիրակների հետ:

Մեծ սիրով հրապարակում ենք համաժողովին մասնակից մեր պատվիրակների լուսանկարը:


Լուսանկարում` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի Նիդերլանդների հայկական պատվիրակությունը.(ձախից-աջ)  «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության վարչության անդամ Արա Աբրահամյանը, Նաիրի Օհանյանը (ՀՀԴ անդամ), Լիպարիտ Սիմոնյանը (ՀՄԸՄ Առնեմ քաղաքի մեկուսի շրջանի վարչության ատենապետ) Սվետա Աբրահամյանը («Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ), Նատալի Դանիելյանը (ՀՀ սփյուռքի նախարարության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ) , Մինաս Արսենյանը (ՀՀԴ), Անուշավան Կիրակոսյանը («Աբովյան մշակութային միության»վարչության անդամ) և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:

Thursday, 17 August 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը /7.Հրաժեշտ Ուտրեխտին 8.Ռոտերդամը

Սրանով եզրափակում ենք Բյուրակն Իշխանյանի Նիդերլանդների մասին հուշագրությունների Երկրորդ մասը:
2-րդ մաս-7,8
2-րդ մասի պատմությունների սկիզբն այստեղ ՝
1/ 2/ 3/ 4

7.Հրաժեշտ Ուտրեխտին

Ուղղակի չկարողացա անտարբեր անցնել: Պետք է գայի այստեղ՝ Հեմինգուեյի անունը կրող սրճարանը, պայուսակիս մեջ՝ հենց նոր գնածս «Կիլիմանջարոյի ձյուները»: Պիտի արհամարհեի սրճարանի բարձր գները. վերջին անգամն է:

Շուրթերս ընկղմվում են կապուչինոյի փրփուրի մեջ, ու ես ճաշակում եմ մի սուրճ, որը կարծես տաք փայտի համ ունի, բայց ավելի քաղցր է, որովհետև շաքարավազ եմ ավելացրել:

Հետո գդալս խրում եմ տրիֆլի ափսեի մեջ: Հատապտուղները ճրթճրթում են ատամիս տակ, իսկ սերուցքը փափկացնում է այն: Վրայից նորից կապուչինո, ու հատապտուղների համը խառնվում է փայտին:

Իմ առաջ Ուտրեխտն է. հեծանիվներով մարդիկ, Յանի եկեղեցին, մեքենաներ, շտապող հետիոտն ու չափից դուրս գորշ երկինք, որը եկել է ապացուցելու, որ Հոլանդիայում իսկապես եղանակն անկանխատեսելի է, որ արևոտ ու շոգ օրվա վերջում կարող է անձրև գալ:

Ամպերի գոռոց ու կայծակ: Կապուչինոյի համը, վրայից՝ հատապտուղներ: Անձրևի առաջին կաթիլները, քամի: Ուտրեխտը հիանալի է:

Իսկ ցերեկը նստել էի ջրանցնքերից մեկի ափի իսպանական ռեստորանում:

Սերուցքի համը՝ գումարած մորի:

Անձրևն ուժեղանում է: Տեղափոխվեցի մյուս սեղանի մոտ: Ուտրեխտը մթնում է, Ուտրեխտը ոռնում է:

Իսպանական ռեստորանում մատուցողի հետ փորձեցի իսպաներեն խոսել: Չհասկացավ:

Անձրևն է´լ ավելի ուժեղացավ:

Դարչինի համ. սերուցքի մեջ դարչին կա:

Քամին ուժեղանում է, անձրևը բլոկնոտիս է հասնում:

Դարչինի հոտը Ուտրեխտում: Ամեն առավոտ շնչում եմ: Դարչինով պիտի Ուտրեխտը հիշեմ:

Իսպանական ռեստորանում տապակած կալմար պատվիրեցի:

Կապուչինոյի վերջին կումը, բայց բաժակի հատակում փրփուր մնաց:

Անձրևը հասնում է դեմքիս, մի կեսս լվացել է: Ամպերն ավելի ուժեղ են գոռում:

Տապակած կալմարն իմ սիրած տապան է: Հիշում եմ Կարմոնան, որտեղ ես ու Մարուշան միասին տապակած կալմար կերանք:

Տրիֆլի ափսեի հատակում թաց խմոր կա, բայց իմ անձրևոտ կեսից թաց չէ:

Մյուս կեսս չոր է. հովանոցի տակ է մնում: Ամպերը խլացնում են:

Իսպանական ռեստորանում café con leche ուզեցի, բայց մատուցողը կապուչինո հասկացավ. այսօր երկրորդ կապուչինոն եմ խմում:

Անձրևը կամաց-կամաց փոքրանում է: Մարդիկ փողոցներում չեն քչացել, բայց անձրևանոցներով են: Տրիֆլի վերջին կտորները:

Իսպանական ռեստորանում մատուցողին ասացի gracias և հեռացա:

Ուտրեխտում անձրևն Ամստերդամի նման չէ. կոշտ ու աղմկոտ է, ինչպես Երևանում:



8.Ռոտերդամը

Ռոտերդամի Հյուսիսային կայարանում կանգնած էր Պոլը՝ շորտերով և հերթական լաքայոտ մայկայով: Երևում է՝ չէր հասցրել քրտնել: Շոգից բողոքում էր, ու ինձ պարտադրել էր չուշանալ:

Վերցրեց ինձ, միասին գնացինք իր տուն, որ ճամպրուկս շպրտենք, դուրս գանք, ուղղվենք դեպի գազանանոց: Դեռ անցյալ անգամ, երբ Միչի ու Աննիի հետ գնացինք Ամստերդամի կենդանաբանական այգի, Պոլը պնդում էր, որ Ռոտերդամինն ավելի լավն է: Բնականաբար, ես չէի կարող այն տեսնելու առիթը բաց թողնել: Իմ մեկնելուց առաջ արդեն որոշել էինք, որ Ռոտերդամում գտնվելուս մեկ օրը գազանների հետ ենք անցկացնելու, ու Պոլն արդեն տոմսերը պատվիրել էր:

...Եվ իրոք... Նախկինում, երբ հարցնում էին, թե որտեղի գազանանոցն է ամենից շատ դուրս եկել, առանց երկար-բարակ մտածելու պատասխանում էի՝ Լայպցիգի: Հենց այնտեղից ինձ մնացել է "Leipzig Zoo" գրությունով անձրևանոցը, որը մի ժամանակ Երևանում էլ էի հագնում ու վազվզում՝ Լայպցիգի գազազանոցից փախածի տպավորություն ստեղծելով:

Բայց Ռոտերդամի գազանանոցում լինելուց հետո արդեն դժվարանում էի ասել, թե որն է ավելի լավը: Վերջիվերջո, այստեղ կար ինձ համար այդքան սիրելի թիթեռների տունը, ինչը տեսել եմ միայն Ամստերդամում ու մեկ էլ Վիեննայում:

Ես ու Պոլը հասցրինք բոլոր կարևոր կենդանիներին տեսնել, թեև ավելորդ քաշն ու հիվանդությունը թույլ չտվեցին, որ մի պտույտի էլ ձգի, որպեսզի կարողանանք ակվարիում էլ գնալ: Ասենք, ես էլ էի հոգնած, ու ծովային հարստությունը տեսնելու մեծ ցանկություն չունեի:

Տուն գնալու ճանապարհին որոշում ենք, թե ինչպես ընթրենք: Պոլը երկու տարբերակ ուներ. կա´մ ինքը կպատրաստի (ի դեպ, շատ համեղ է ստացվում. նախորդ անգամ հասցրել էի համոզվել), կա´մ կգնանք կենտրոն՝ որևէ ռեստորան:

Չգիտեմ ոնց կանգնեցինք ռեստորանի վրա:

Իսկ Ռոտերդամի կենտրոնը քամոտ էր, բարձրահարկ շենքերով: Լրիվ ժամանակակից քաղաքի տպավորություն էր թողնում: Մի պահ ուզում էիր մոռանալ, որ նման թիթիզության պատճառն ընդամենը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ռմբակոծվելն էր:

Ու գնացինք իտալական ռեստորան: Հիշում եմ՝ մոտ երկու ժամի չափ տարբեր թեմաների շուրջ զրուցեցինք:
- Բլոգի իմաստը չեմ հասկանում,- ասաց,- մարդուն հարցնում ես՝ ո՞նց ես, պատասխանում է՝ բլոգս կարդա: Բայց ախր ես իրեն եմ հարցնում: Եթե ուզենայի բլոգը կարդալ, ոչինչ չէի ասի: Էսպես մարդկային շփումը նվազում է...

Քնեցի նույն սենյակում, նույն մատրասի վրա... Մի տեսակ կարոտել էի:

Առավոտյան միասին գնացք նստեցինք: Պոլն ինձ ուղեկցեց մինչև Ամստերդամի օդանավակայան, ու այդպիսով ավարտվեց երկրորդ ճանապարհորդությունս դեպի Նիդեռլանդներ։

______________________________________________


__Շարունակելի...
_____________________

byurakn.jpgԲյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

Հայկական սեխի բուրմունք' Նիդերլանդներում

20840284_10209493405120018_1839079575_n.jpg
Ընկերս' Մաստրիխտի հայ համայնքի ղեկավար Levon Sarkis -ը (Լևոն Սարգիս), ֆեյսբուքյան անձնական հաղորդագրությամբ սեխի 2 լուսանկար ուղարկեց:
Սովորաբար Լևոնն ինձ լուսանկարներ է ուղարկում, երբ համայնքում գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպվում և լուսանկարներն էլ վերաբերվում են դրանց:
Նայելով ախորժալի սեխի նկարներին' զարմացա: Ճիշտ այդպես էլ նկարին կից Լևոնն էր գրել.
- Աշոտ ջան, հիմա պիտի ասես ինչու՞ է Լևոնն այս սեխերի նկարներն ուղարկել:
Հետագա պատմությունն առավել, քան հետաքրքիր էր.
-Այսօր եղել եմ Մաաստրիխտի շուկայում: Վաճառողներից մեկն ամբողջ ձայնով բղավում էր ' Armeense meloen (հայկական սեխ), երբ մոտեցա վաճառողը համտեսի համար այն մասերի բաժանեց: Աննկարագրելի սեխի բուրմունք տարածվեց շրջապատում և մարդիկ մեղվի պես հավաքվեցին հրաշք սեխի շուրջ :
Սովորաբար Հոլանդիայի սուպերմարկետներում վաճառվող տարբեր տեսակի սեխերից, հոտ քաշելուց անգամ չես զգա ոչ մի բուրմունք:
Ընդհանրապես Նիդերլանդներում հայկական մթերքների գրեթե չես հանդիպի ու այս փաստը եզակի է:
Տա Աստված, որ ինչպես միջին դարերում է եղել, հայկական մթերքների մուտքը Եվրոպայի այս երկիր' սովորական երևույթ լինի:

Hay Azian

Sunday, 13 August 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը / 5.Ամստերդամը նորից 6.Հայերեն խոսող հոլանդացին

2-րդ մաս-5,6
2-րդ մասի պատմությունների սկիզբն այստեղ ՝
1/ 2/ 3

5.Ամստերդամը նորից
Ինձ թվում է՝ մի քաղաք այցելելուց հետո այլևս չպետք է այնտեղ գնալ, որ միշտ կարոտես, ու ինչ-որ կախարդական բան մնա դրա մեջ:

Երբ քայլում էի Ամստերդամում, այլևս չէի զգում, որ դա իմ սիրած քաղաքն է: Ամեն ինչ մի տեսակ սովորական էր ու ոչ ամբողջական. թվում էր՝ ֆրագմենտավորված երազ եմ տեսնում:

Ես հասցրի իմ սիրած բոլոր տեղերում լինել: Ու զարմանում էի, թե ինչքան շատ մանրուքներ է պահպանել հիշողությունս: «Հիմա բազմաշարք պատուհաններով շենքի մոտով կանցնենք»,- մտածեցի: Այդպես էլ եղավ: Բայց ես երբևէ որևէ ուշադրության չէի արժանացրել այդ շենքը, որևէ մեկին չէի պատմել, չէի գրել, չէի լուսանկարել: Ուղղակի ավտոբուսի պատուհանից այն կողմ տեսել էի ու չէի մոռացել:

Հիշում էի անգամ ավտոբուսների կանգառների անունները, բայց զարմանալիորեն շփոթել էի այն մեկը, որի մոտ ապրում էի: Ամեն դեպքում՝ տեսքը հիշեցի, ճիշտ տեղում իջա:

Շտապեցի մեր բակ: Ահա այն շենքի վերջին հարկում էի ապրում: Տեսնես՝ ո՞վ է հիմա այնտեղ, Շակը շարունակու՞մ է վարձով տալ, թե ոչ: Քայլեցի դեպի իմ սիրած ջրանցքը, որը մի անգամ երեկոյան լուսանկարել էի:

.

Կղզի կար, որը ջուրը երկու մասի էր բաժանում: Ու այնպիսի˜ հանդարտություն կար այնտեղ:


Երբեմն, երբ կենտրոնի համար շատ հոգնած էի լինում, նստում էի հենց այդ ջրանցքի մոտ ու զբաղվում իմ մշտական գործով՝ գրելով ու կարդալով:

Քայլեցի դեպի մեկ այլ ջրանցք: Այն բավական լայն էր: Երկու տարի առաջ հենց այդ մեկին վերջինը հրաժեշտ տվեցի, երբ թռիչքիցս երեք ժամ առաջ դուրս եկա մանր-մունր գնումների:
.

Մի քիչ էլ, ու... իմ մշտական սուպերմարկետն է: Այնտեղից սառը թեյ գնեցի ու նստեցի մոտակա ջրանցքի մոտ: Պայուսակիցս հանեցի հաց-կարագ-պանիրը, որը դեռ առավոտյան էի պատրաստել:

Ջրի մեջ բադեր էին ֆռֆռում: Սկսեցի կերակրել: Հետևում էի նրանց աղմուկին, իրարից խլելուն, վազքին, որը մյուսը չհասցնի վերցնել:



Վեր կացա և գնացի դեպի այնտեղ, որտեղ ընդամենը մեկ անգամ եմ եղել, բայց ճամփան անգիր հիշում էի: Դա փայտե արձանների հրապարակն էր, որտեղ մի սիրուն նկար ունեմ... ինքս եմ նկարել: Շատ էի սիրում այդ թաղամասը, ու այնպե˜ս կապրեի այնտեղ:

.

Հրապարակում փայտե արձաններ չկային այլևս: Փոխարենը ծաղիկներ էին՝ ծաղկած փայտեր:


Իմ հաջորդ քայլը կենտրոն գնալն էր: Նստեցի տրամվայ: Մտածում էի՝ ինձ ծանոթ Leidsplein-ից երկու կանգառ շուտ իջնել, որ մի քիչ շատ քայլեմ, այգիներով գնամ:

Պարզվում է՝ Ամստերդամն այնքան լավ չէի հիշում, որքան ինձ թվում էր, որովհետև անընդհատ շրջաններ էի գծում և այդպես էլ իմ ուզած տեղում չէի հայտնվում: Բայց չէ´, այստեղ հարցը հիշելը չէր: Կորցրել էի զգացողությունս քաղաքի նկատմամբ: Չէ՞ որ այն ժամանակ ես միշտ գիտեի՝ ուր եմ գնում, թեկուզ քարտեզ չունեի և երբևէ չէի եղել այդ վայրերում:

.

Իսկ հետո երազեցի Դամ հասնելու, իմ սիրած տեղում նստելու, շուրջս նայելու ու պարզապես անջատվելու մասին:

Ու նույնիսկ Դամը, չնայած բոլոր ճանապարհներն այնտեղ են տանում, դժվարությամբ գտա: Մարդաշատ էր: Իմ սիրած նստարանները զբաղված էին: Անգամ գետնին նստելու հարմար տեղ չկար:


Ինչ-որ բանի շուրջ բազմություն էր հավաքվել: Մոտեցա: Այն նույն պարոնն էր, որը երկու տարի առաջ էլ այստեղ շոուներ էր կազմակերպում՝ բազմելով իր միանիվ հեծանիվի վրա:



Ամբողջ շոուն նույնն էր՝ բառ առ բառ: Ամեն նախադասությունից հետո գիտեի՝ ինչ է ասելու: Միայն կատակները մի քիչ այլ ընթացք ստացան, որովհետև բազմությունից ընտրված օգնականները ոչ թե լեհ էին, այլ ամերիկացի, իսկ անգլերեն չիմացող փոքրիկը՝ իտալացի:

Դամում չէի կարող երկար մնալ, որովհետև ժամը յոթն էր մոտենում, իսկ այդ ժամանակ պետք է Անուշի մոտ լինեի:

Մեծ արագությամբ հասա կենտրոնական կայարան, գնացի հյուսիս՝ իմ սիրած տեղը: Այս անգամ բադերի փոխարեն կարապներ էին լողում: Լուսանկարվեցի: Բայց երբ նայում եմ այդ նկարներին, մի տեսակ ոնց որ ավելորդ լինեմ: Դրանք պետք է դատարկ լինեն՝ առանց ինձ:Հետո շտապեցի հեռանալ, բայց մի պահ կանգ առա, հետ նայեցի, շշնջացի. «Մնաս բարով», որովհետև հավանաբար էլ երբեք չգնամ այնտեղ: Որոշել էի առանց կարևոր առիթի այլևս երբեք Հոլանդիայում չհայտնվել: Հասա Անուշենց: Ուշ էր: Միասին ճաշեցինք, տապակած բանան կերանք: Աննըմարին ու Էլլան շուտ քնեցին: Ես ու Անուշը սրճեցինք: Սիրում եմ Եվրոպայում սուրճ խմել: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ այն ինձ համար առույգ մնալու միջոց է, այստեղ համ ու հոտ ունի, և նույնքան հաճելի է, որքան պաղպաղակը:

.

Երբ հասա կենտրոնական կայարան, արդեն մութ էր: Ինչ-որ հայտարարություն եմ լսում Ուտրեխտի մասին: Հոլանդերեն է, չեմ հասկանում: Նայում եմ էկրանին: Ուտրեխտ չկա: Դիմում եմ աշխատողին: Ասում է՝ չի էլ լինելու: Պետք է Բ. տանող գնացքը նստել, այնտեղից՝ ավտոբուսով:

Անհանգստացա: Վախեցա: Կարո՞ղ եմ արդյոք մի ճամփորդություն ունենալ առանց որևէ միջադեպի: Ուշ է, մութ է: Կարող եմ նստել Բ. տանող գնացքը: Ի՞նչ, եթե այնտեղ ավտոբուս չլինի: Ի՞նչ, եթե լինի, բայց չգտնեմ: Ի՞նչ, եթե Ուտրեխտ հասնեմ, բայց արդեն ուշ լինի, տուն տանող ավտոբուս չլինի: Կարո՞ղ եմ մթության մեջ 40 րոպե քայլել. տաքսին շատ թանկ կնստի: Բայց միայն հասնեմ Ուտրեխտ... գիշերը դրսում չմնամ:

Ու Ամստերդամը երազից վերածվեց մղձավանջի:


Սիրում եմ հոլանդական կարգապահությունը, կանոնավորվածությունը, բայց մյուս կողմից էլ դա խանգարում է, որ զգոն լինես, պատրաստ լինես ցանկացած անակնկալի: Եթե Հայաստանի նման անկանխատեսելի լիներ, հետդարձի տոմս նախապես չէի գնի, ավելի շուտ դուրս կգայի, որ նույնիսկ խոչընդոտների դեպքում Բ. քաղաք մթով չգնայի: Բայց որովհետև Հոլանդիան էր, երբևէ մտքովս չէր անցնի, որ Ուտրեխտի կենտրոնական կայարանի լույսերը կարող են գնալ:

Բոլոր դեպքերում, 23:30 հասա Բ. քաղաք: Ավտոբուսը տեղում էր: Կեսգիշերից քիչ առաջ հայտնվեցի Ուտրեխտում, որտեղ նստեցի ավտոբուս ու հանգիստ հասա տուն:



6.Հայերեն խոսող հոլանդացին

Ամիսներով ակումբ չէի մտնում, ու նամակ ստանալն ինձ համար անակնկալ էր: Մտածում էի՝ հերթական վիրտուալ հիվանդս էր, որին պետք է օգնեմ այնքան, որքան գիտելիքներս և հիվանդին չտեսնելը կներեն:

Բայց չէ... Մի մեծ նամակ եմ ստացել, որի պատճառն է դարձել «Գրքանմանը»: Մի շնչով կարդացի: Մի տեսակ անհավատալի էր թվում. հոլանդացի, որը հայերեն էր սովորում, մի մեծ նամակ էր գրել ինձ, որը, իր խոսքերով, ամենաերկարն էր իր գրած հայերեն նամակների մեջ:

Ընդհանրապես, երբ որևէ մեկն իմ գրածը կարդալով ոչ միայն մեկնաբանություն է գրում, այլև ինքն իրեն է ներկայացնում, պատմություններ պատմում, շատ եմ ոգևորվում: Բայց այս դեպքը յուրահատուկ էր, որովհետև ինձ գտել էր ակումբում «Հոլանդիա» բառը փնտրելով, որովհետև իմ մայրենի լեզվով գրել էի նրա հայրենիքի մասին:

Վիրտուալում ամեն ինչ հնարավոր է: Հատկապես ակումբում հաճախ են հայտնվում կասկածելի ինքնություններով մարդիկ: Բայց ես չէի ուզում հավատալ, որ նա հերթական սուտն է, հորինված կերպարը: Չէի ուզում մտածել, որ ինձ ծաղրում են:

Մյուս կողմից, ակումբցիներն էլ էին կասկած հայտնում՝ այդպիսով ստիպելով, որ մինչև վերջ չհավատամ:

Մի օր չդիմացա, ուղիղ հարց տվեցի.
- Դու իսկապե՞ս հոլանդացի ես:
Ստացա պարզ ու միամիտ պատասխան.
- Այո, իսկական ոսկեծամիկ հոլանդացի եմ:
Եվ հղում տվեց, որ նկարները տեսնեմ:

Այլևս չէի կարող չհավատալ, իսկ Հոլանդիա գնալս լավ առիթ էր, որ մինչև վերջ պարզեի՝ ով է:

Ուտրեխտում գտնվելուս վերջին օրը՝ ժամը 3-ին, պայմանավորվեցինք Neude հրապարակում գտնվող տարօրինակ արձանի մոտ, որի լուսանկարը հետագայում Երևանի այրիշ փաբերից մեկում տեսա ու բացականչեցի՝ ես այստեղ եղել եմ:

Թեև 2-3 րոպե շուտ էի գնացել, անմիջապես նկատեցի արձանի մոտ ծալապատիկ նստած երկար մազերով, կարպետե պայուսակով հոլանդացուն: Սկզբում ինձ չնկատեց, որովհետև հետևի կողմից էի գալիս: Հենց բավարար չափով մոտեցա, որպեսզի կարողանար ձայնս լսեր, որպես ստուգում ու որպես ողջույն ասացի.
- Բարև˜:

Կանգնեց, պատասխանեց ողջույնիս ու խնդրեց դանդաղ խոսել, որպեսզի հասկանա:

Ինքնուրույն հայերեն սովորած հոլանդացին նույնքան իրական էր և գոյություն ուներ, որքան ես ու դու, աշխարհի մնացած բոլոր մարդիկ:

Որոշեցինք քայլել ստվերոտ տեղերով. Ուտրեխտում շոգ էր:

Զրուցում էինք ամենատարբեր թեմաների շուրջ: Խոսում էր հայերեն, թեև բավական դանդաղ: Եթե որևէ բառ չէր իմանում, անգլերեն համարժեքն էր ասում: Իսկ ես երբեմն-երբեմն ստիպված էի լինում մի բանը մի քանի անգամ կրկնել, որ հասկանա, բայց համառորեն անգլերենի չէի անցնում:

Չնայած նրան, որ բավական դանդաղ էր խոսում, ինձ զարմացնում էր, թե որքան շատ բառ գիտի: Երևի ավելի շատ, քան սփյուռքից ժամանող մեր բարեկամները, որոնք սիրում են տեղի-անտեղի արանքներում անգլերեն բառեր խցկել:
- Հարուստ բառապաշար ունես,- հիացած ասացի:
- Հարուստ բառա... ի՞նչ:

Ինձ դուր էր գալիս, որ Ռիկը հայերեն ասում էր նաև այն բառերը, որոնց փոխարեն մենք օտարալեզու համարժեքներ ենք օգտագործում:
- Գնանք ջրանցքի մոտ՝ սրճարան:

Եթե թերթեք այս տետրս, կտեսնեք, որ «ջրանցք» բառի փոխարեն գրել եմ «կանալ», որովհետև որոշ դեպքերում չեմ հիշել հայերեն համարժեքը, իսկ հետագայում ավելի հարմար ու հարազատ է եղել օտար տարբերակը: Ամեն դեպքում, երբ տեքստս սկսեցի հավաքել, բոլոր կանալները ջրանցք դարձան:

Իսկ Ռիկն ինձ ստիպեց հասկանալ, որ բոլոր իսկական հայերեն բառերը կիրառելի են, ու եթե հոլանդացին դրանցից խույս չի տալիս, հայը ընդհանրապես չպետք է մտածի դրանց՝ ոչ գործածելի լինելու մասին:

Շարունակելի...
_____________________________

byurakn.jpgԲյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

Մամուլի նորություններ



Ոչնչացվում են վնասարար ձվերը

Հոլանդիան աշխարհի չեմպիոն





.  .

_______________________
Ոչնչացվում են վնասարար ձվերը
Հոլանդիայի, ինչպես նաև հարևան երկրների սուպերմարկետներից հավաքում են ձվերը: Ձվի բաղադրության մեջ հայտնվել են ոջիլների դեմ պայքարի դեղերի բաղադրամասեր, որը վտանգավոր է կյանքի համար:
Որոշ թռչնաֆաբրիկաներում միանգամից ոչնչացվել են վնասակար ձվերը:
ARNHEM - De Duitse supermarktketen REWE en dochteronderneming Penny verkopen voorlopig geen Nederlandse eieren meer. Nederlandse eieren komen er bij de ketens pas weer in als ze aantoonbaar vrij zijn van het luizenbestrijdingsmiddel fipronil. Ook Albert Heijn haalt bepaalde soorten eieren uit de schappen.

Հոլանդիան աշխարհի չեմպիոն
Հոլանդիայում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի կանանց առաջնությունը, որի եզրափակչում հանդիպեցին մրցաշարը ընդունող երկրի հավաքականը և Դանիայի ընտրանին: Գոլառատ խաղում հաղթեցին հոլանդացիները՝ 4:2 հաշվով:
Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Լիկե Մերտենսը, Շերիդա Սպիտսեն, իսկ Վիվիան Մյեդեման դուբլի հեղինակ դարձավ: Դանիացիների կազմում աչքի ընկան Նադյա Նադիմը և Պերնիլե Հարդերը:
Հարկ է նշել, որ Հոլանդիայի կանանց ազգային հավաքականը իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:


Մահացել է Նիդերլանդների թագուհի' Մաքսիմայի հայրը




Բուենոս Այրեսում' հինգշաբթի օրվա երկրորդ կեսին վերջին հրաժեշտը տվեցին Նիդերլանդների թագուհու ' Մաքսիմայի հորը' Խորխե Զորեգուետային (89) : Մահվան արարողակարգը Պիլարի գերեզմանատանը տևել է կես ժամ, ներկա են եղել Նիդերլանդների թագուհի Մաքսիման, թագավոր Վիլհեմ-Ալեքսանդրը, նրանց դուստրեր Ամալիան, Ալեքսիան , Արիանան և հրավիրված հարյուրավոր մարդիկ: Այս իրադարձությանը հետևել են տասնյակ ֆոտոլրագրողներ: Հյուրերը գերեզմանատան կից սրահում ցավակցություն են հայտնել մահացածի հարազատներին:
Խորխե Զորեգուետան ժամանակին զբաղեցրել է Արգենտինայի պետքարտուղարի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնները:



.

Thursday, 10 August 2017

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը / 3. Եվ հասնում ենք Ամստերդամ 4. Ուտրեխտը խոշորացույցով

byurakn.jpg
2-րդ մաս-3,4
2-րդ մասի պատմությունների սկիզբն այստեղ ՝
1/ 2


Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

_____________________________
3. Եվ հասնում ենք Ամստերդամ
Մորս մորաքրոջ աղջկա՝ Անուշի հետ պայմանավորվել էի երեկոյան յոթից հետո: Ավելի շուտ հասա, որ վայելեմ քաղաքը, թեև անտանելի հոգնած էի:

Քայլում եմ դեպի կենտրոնական կայարանի հետևի կողմը ու զգում, որ ամեն մի մանրուք սարսափելի ծանոթ է: Յուրաքանչյուր խանութի հետ ինչ-որ փոքրիկ հիշողություն է կապված, որի մասին «Գրքանմանում» չեմ էլ գրել:

Հասնում եմ իմ սիրած տեղը ու հարմար տեղավորվում: Հակասական զգացողություն է առաջանում. մերթ թվում է՝ առաջին անգամ եմ այստեղ, մերթ՝ որ միշտ Ամստերդամում եմ ապրել ու ամեն օր եկել, նստել կենտրոնական կայարանի հետևում:

Ու երեկը նորից ջնջվել է, անհետացել: Երևանն իմ ժամանակի զգացողության մեջ չի տեղավորվում. այն երեկ չէր, ոչ էլ մի շաբաթ կամ մի ամիս առաջ, այլ ժամանակի մի ուրիշ, զուգահեռ կտորում: Եվ ինձ համար երեկ դառնում է երկու տարի առաջը, երբ գրեթե ամեն օր ես կենտրոնական կայարանի հետևում էի: Գուցե այդքան հարազատ է մնացել նաև նրա համար, որ վերջին երկու տարիների ընթացքում մտովի կամ երազներում հաճախ եկել եմ այս կողմերը, նստել, երազել:

Եվ ես գտնվում էի աշխարհում իմ սիրած վայրերից մեկում: Անջատվել էի: Ո´չ գրելու ցանկություն ունեի, ո´չ կարդալու: Գրկել էի պայուսակս ու վայելում էի ջրի ներկայությունը: Քամի կար, ու կտրուկ տարբերվում էր կայարանի մյուս կողմի անտանելի տոթից:

Եթե չիմանայի, որ Անուշենց պետք է գնամ, գուցե հավերժ այնտեղ նստեի: Աշխարհում չկա մի ուրիշ այնպիսի վայր, որ այդքան խաղաղություն տա ինձ, որքան Ամստերդամի կենտրոնական կայարանի հետևի կողմը:

...Անուշի բնակարանը գտա առանց դժվարության, բայց տանը չէր: SMS եմ գրում: Պատասխան չկա: Ի՞նչ անել: Վերադառնա՞լ Ուտրեխտ, թե՞ գրել Թեդոյին, որն իր տունն առաջարկել էր, եթե Ամստերդամում գիշերելու տեղ չունենայի: Իսկ գուցե պե՞տք էր սպասել: Շենքում հաստատ չէ: Խեղդվում էի: Ամստերդամի մուտքերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ շնչելու օդ չկա:

Դուրս եկա: Լավ էր՝ շենքի մոտ խաղահրապարակ կար, իսկ այնտեղ՝ նստարան. կարող էի նստած սպասել: Արդեն երեկո էր, ու շոգն էլ կոտրվում էր: Մի քիչ էլ, ու նույնիսկ ժակետ հագնելու կարիք կլիներ:

Ինչքա՞ն սպասել: Չէ, Անուշը հո չի՞ փախչելու. պիտի ի վերջո տուն գա, չէ՞: Իսկ եթե մեկնել է քաղաքից դու՞րս: Այդ դեպքում մինչև ուշ գիշեր էլ սպասեմ, չի գա, ու Թեդոյի մոտ գնալու կամ Ուտրեխտ վերադառնալու համար ուշ կլինի:

Մորս SMS եմ գրում. գուցե զանգի Անուշին:

Ի՞նչ եմ անելու: Աչքերս արդեն լցվում են: Կողքի մուսուլման կանայք անընդհատ ինձ են նայում: Հասկանու՞մ են՝ ինչ է կատարվել:

Քիչ անց... Անուշը քայլում է դեպի ինձ.
- Ի˜նչ լավ ա՝ չես գնացել:
Պարզվում է՝ նրա SMS-ները չեն հասել ինձ: Կորչի ռոումինգը:

Աննըմարին՝ Անուշի դուստրը, մեքենայից դուրս է թռչում, գալիս, ինձ փաթաթվում: Ծանոթանում եմ Անուշի սևամորթ ընկերուհու՝ Էլլայի հետ:


4. Ուտրեխտը խոշորացույցով

Մի շիշ կոլա, «Գրքանմանս», և ես իջել եմ ջրանցքի ափ, հարմարվել նստարանին: Հետևում եմ կեղտոտ կանաչ ջրերին, մեջը լիքը տերևներ ու մի քանի բադ՝ կտուցները պոչերին: Ժամանակ առ ժամանակ նավեր են անցնում: Ցուրտ է, քամի կա: Պատսպարվել եմ ծառերի տակ, իսկ դրանք լիքն են: Աղավնիները չեն վախենում մոտենալուց:
Ինչքան ճամփորդել եմ, չեմ տեսել մի այնպիսի քաղաք, որը բնությունից այնքան կտրված լինի, ինչքան Երևանը:
***
Այստեղ ես ընդհատեցի և տուն եկա: Չէ´, չհոգնեցի, ասելիքս չփոխվեց: Ուղղակի ինչ-որ բան ճլրթաց տետրիս վրա ու ոտքիս: Մի քանի վայրկյան անց հասկացա, որ ինչ-որ մեկը վերևից ծրտեց: Պայուսակս բացեցի, որ անպետք թուղթ գտնեմ, որովհետև անձեռոցիկ չէի վերցրել հետս (ինչպիսի˜ անհեռատեսություն): Պոկեցի Դոմից վերցրածս բուկլետի վերջին էջն ու սրբեցի: Բայց օգուտը մեծ չէր: Տետրիս համար այնքան չէի անհանգստանում, որքան շալվարիս: Իսկ կողքի նստարանի գարեջուր խմող սիրուն տղան թաքուն ինձ էր նայում ու ծիծաղում: Չէ´, չէի կարող դիմանալ. պետք է հեռանալ:

Լավ, անցնենք Ուտրեխտին...

Պարզվում է՝ քաղաքը շատ ավելի փոքր է, քան ես պատկերացնում էի: Սկզբում մտածում էի՝ կենտրոնին մոտ եմ ապրում, բայց երբ երեկ Էլլան մեքենայով բերեց ինձ, պարզվեց՝ քաղաքի ծայրից էլ հեռու չեմ:

Զբոսանքը սկսվեց Դոմից. հսկայական եկեղեցի է, դիմացը՝ աշտարակ:




Տղաները դրա հետ կապված մի ծիծաղելի պատմություն պատմեցին: Մանրամասները կճշտեմ ու դա էլ կգրեմ: (բայց արդեն ոչինչ չեմ հիշում):

Մտանք համալսարանի ակադեմիական մասնաշենք: Դուրս գալիս է Ուտրեխտի հնության ու նորի համադրումը: Այս շենքը բավական հին էր, ու թեև ներսը լավ նորոգված էր, նրա հնությունը պահպանել էին: Իսկ այն տունը, որտեղ ապրում եմ, ինչքան ուժ ունի, ժամանակակից է:

Ակադեմիական մասնաշենքում կար մի դահլիճ, որտեղ տեղի են ունենում թեզերի պաշտպանություններն ու գիտական աստիճանների շնորհումները: Այնտեղ փակցված էին համալսարանի բոլոր ռեկտորների յուղանկարները, իսկ դրանք, շարված լինելով մի քանի շարքով, գրավում էին ամբողջ երեք պատ: Չորրորդին էլ թագուհու նկարն էր:



Թեկուզ Ուտրեխտը փոքր է, այնտեղ ամեն մի անկյունում մի հետաքրքիր բան կա:


.



.

Տղաները պատմեցին կաթոլիկների և բողոքականների պատերազմների, իսպանացիների տիրապետության և անգամ մարմնավաճառների մասին:
- Որտեղ տեսնում եք կարմիր լույս, նշանակում է՝ տարածքում մարմնավաճառներ կան: Այստեղ Ամստերդամի նման չէ. ընդամենը մի փոքրիկ փողոց է: Ամստերդամում կարելի է նաև կապույտ լույս տեսնել: Դա նշանակում է, որ ապակու հետևի կինը տղամարդ է:

«Պաշտոնական» պտույտից հետո, որի ժամանակ քչերի, ավելի ճիշտ՝ միայն մի հոգու հետ մի քիչ շփվեցի, անցա իմ մեն-մենակ, մտքերի ուղեկցությամբ զբոսանքին: Քայլեցի Hemingway կոչվող սրճարանի մոտով, հիացա մի փոքրիկ արձանով, որի մասին տղաներն այդպես էլ ոչինչ չասացին և որի մոտով մի քանի անգամ անցել էի, վերադարձա ու մոտիկից ուսումնասիրեցի:

Ապարատս միացրի ու նկարեցի: Հետո տեսա անունը. Աննա Ֆրանկ, իսկ փոքրիկ պատվանդանի տակ՝ չորացած ծաղիկներ:


Ուտրեխտ ասելով շատերը հասկանում են հենց Դոմը, իսկ ես փոքրիկ Աննա Ֆրանկին ու Hemingway կոչվող սրճարանը պիտի հիշեմ: 


Շարունակելի...