The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 15 December 2024

ՀՈԴՎԱԾՆԵՐ «ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՅՔԻՑ

 


Տարիներ շարունակ Թուրքիան և Ադրբեջանը յուրացրել են հայկական երաժշտությունն ու այն աշխարհին փորձել են ներկայացնել որպես սեփական ժառանգություն։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայկական երաժշտության յուրացման մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է արվեստագիտության դոկտոր Լիլիթ Երնջակյանի հետ։ Երնջակյանի դիտարկմամբ՝ 19-րդ դարի վերջից Օսմանյան կայսրության բազմազգ, բազմակրոն մշակութային ավանդույթներ ունեցող տարածքում ապրող բոլոր ժողովուրդների մշակույթը պետք է համարվեր թուրքական, որպեսզի ապացուցվեին իրենց և՛ հին ծագումը, և՛ մշակույթի վաղեմի արմատները։

-Տիկի՛ն Երնջակյան, ե՞րբ սկսվեց թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հայկական երաժշտության յուրացումն՝ ըստ պատմական և մշակութային փաստերի։

-Գիտեք, այդ գործընթացը միանգամից չի սկսվել, միանգամից չի ձևավորվել։ Մեզ հասած տեղեկությունները, մեր տրամադրության տակ եղած նյութերը հիմնականում վկայում են, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում արդեն նկատելի են նման միտումներ, և, բնականաբար, այդ վերաբերմունքը փոխանցվել է նաև նորաստեղծ Թուրքական Հանրապետությանը, որի մշակութային ծրագրի հիմքում դրված էր «մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը։ Օսմանյան կայսրության բազմազգ, բազմակրոն մշակութային ավանդույթներ ունեցող տարածքում ապրող բոլոր ժողովուրդների մշակույթը պետք է համարվեր թուրքական, որպեսզի ապացուցվեին իրենց և՛ հին ծագումը, և՛ մշակույթի վաղեմի արմատները։ Ըստ այդմ՝ այդ գործընթացն իր շարունակությունն է ունեցել հատկապես Թուրքական հանրապետության առաջին տասնամյակներում, երբ պետք է ամրապնդվեր և այդ թեզիսն ստանար իր հիմնավորումները փաստական նյութերով, իրենց համար փաստական, փաստացի համարվող աղբյուրներով։

Բնականաբար, այդ խնդիրները միայն հայ երաժշտաարվեստին չեն վերաբերել․ նմանատիպ վերաբերմունք է ձևավորվել նաև հույների, քրդերի և կայսրության հպատակ, սակայն, ոչ մահմեդական ժողովուրդների մշակույթի, մասնավորապես՝ երաժշտական արվեստի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Թուրքական հանրապետությանը, արդեն հենց հիմնավորումից, երբ որ Աթաթուրքը կոչ արեց, որպեսզի սկսեն ուսումնասիրել ժողովրդական երաժշտությունը, որովհետև գիտենք, որ 19-րդ դարից արդեն ազգային շարժումները, ազգային դպրոցների ձևավորումների հիմքում ընկած էր սեփական մշակույթը, ազգային մշակույթը, ազգային լեզվով ներկայացնելու խնդիրները, և ահա այս համատեքստում, իհարկե, կարելի է ասել՝ ամենից շատ շահարկված մշակույթը եղել է հայկական երաժշտական մշակույթը։

Արդեն Օսմանյան կայսրության վերջին շրջանում և՛ կրոնափոխության, և՛ լեզվափոխության երևույթներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայ ժողովրդական պրոֆեսիոնալ երգարվեստը, մանավանդ մեր աշուղների բազմալեզու երաժշտությունը, նաև ֆոլկլորը, երաժշտական բանահյուսության տարբեր ժանրեր, սկսել են կիրառվել, երգվել, կենցաղում արդեն հնչել են թուրքախառն հայերենով կամ պարզապես թուրքերեն լեզվով։ Ահա այս բարդ համատեքստում՝ լեզվափոխության, կրոնափոխության, ձևավորվել է նաև այսօրվա թուրքական երաժշտությունը։ Բնականաբար, այդ գործընթացում նաև թուրքերն են իրենց մշակույթի տարրերը նաև ներմուծել․ ընդհանուր անատոլիական մշակույթում բազմազգ մշակույթ է եղել։ Հատկապես նրանց պետական, քաղաքական մշակույթի ծրագրի հիմքում դրված էր անատոլիական մշակույթը հայտարարել թուքերինը։ Եվ ահա այս խնդրի լուծման համար են այդ բոլոր գործընթացները միտված եղել՝ լեզվափոխությունը և դրանից բխող մյուս հետևանքներն ու արդյունքները։

-Տիկի՛ն Երնջակյան, ինչպես նշեցիք, ստացվում է՝ օսմանյան երաժշտաարվեստը տարբեր ժողովուրդների երգարվեստի սինթեզն է, որը հետագայում նաև հիմք է հանդիսացել արդի թուրքական երաժշտության համար։ Ինձ հետաքրքիր է, այդ ժամանակահատվածում կա՞ր գերակա մշակույթ, որն ավելի բարձր էր և կարող էր կլանել մնացած ժողովուրդների երաժշտությունը։

-Երբ խոսում ենք երաժշտական ավանդույթների մասին, երբ խոսում ենք մի ժողովրդի, ազգի երաժշտական մտածողության և նրա ժանրային համակարգի, նրա երգային, մեղեդային մտածողության մասին, գերակայություն այստեղ դնելը երևի թե ճիշտ չի լինի։ Պարզապես բոլոր ազգերն առանձնանում էին, իհարկե, հայկական և հունական ավանդույթներն՝ իրենց հին ծագումով, թե հոգևոր երաժշտության ավանդույթներով, ավելի թիրախավորված էին Օսմանյան կայսրության վերջին շրջանում։ Մյուս կողմից այս յուրացումների, նենգափոխումների գործընթացին պարզապես նպաստել է նաև պատվերով արված հետազոտությունների ստեղծումը․ դա նույնպես մշակութային, քաղաքական ուղղության հիմնաքարերից է։ Պատվիրում էին եվրոպացի երաժիշտներին, անվանի երաժիշտ-գիտնականներին։

Անկարայի, Ստամբուլի համալսարանների հրավերով դարասկզբի առաջին տասնամյակներին բազմաթիվ գիտնականներ են գնացել Թուրքիա։ Ֆրանսիացի Դյումեզիլն է եղել այնտեղ, ով թուրք մասնագետի աչալուրջ հսկողությամբ հավաքել է նրանց երաժշտապատմական- էպիկական ասքերը, կազմել հեքիաթների մոտիվների ցուցակները։ Հրավիրել են քսաներորդ դարի հունգարացի անվանի, ամենահայտնի կոմպոզիտորներից մեկին՝ Բելլա Բարտուկին, ով ուսումնասիրել է հատկապես Անատոլիայի երաժշտական մշակույթը․ նրա ժողովածուն հրատարակվել է տարիներ հետո։

Գերմանացի կոմպոզիտոր Պոլ Հինդեմիթը կոնսերվատորիայում զբաղված է եղել երաժշտական արվեստի դասավանդմամբ և ծրագիր կազմելու և դասվանդելու մեթոդների ուղղութամբ է իր աշխատանքները տարել։ Այսինքն՝ սա շատ մեծ նշանակություն ունի՝ մի կողմից պրոպագանդվում է թուրքական երաժշտական մշակույթը, մյուս կողմից՝ անվանի եվրոպացիների ձեռքով այն մատուցվում է հանրությանը՝ որպես հավաստի փաստարկ, որ նրանք եվրոպացիներ են, որ ուսումնասիրել են, հրատարակել են և, ասես այս համատեքստում, արդեն որևէ քննադատական խոսք վերապահորեն է հնչում՝ ելնելով այդ երաժիշտների համբավից, նրանց դերից։

-Տիկի՛ն Երնջակյան, բայց եթե անկեղծորեն խոսենք, եթե միքսվել է այդ մշակույթը՝ տարբեր ժողովուրդների երաժշտական արվեստը, միգուցե, դժվար է նաև առանձնացնե՞լը՝ որն է եղել հայկական, որը․․․, թե՞ մասնագետները կարողանում են գնալ ավելի խորքը, առանձնացնել, կամ բանահավաք աշխատություններն են օգնում։

-Հասկանում եմ, գիտեք, ոչ թե դրանք սինթեզվել են, խառնվել են իրար, որ դժվար է առանձնացնել, այլ առանձին ազգային տարրեր, այլ լեզվափոխությունը, ինչպես նշեցի, այդ երգերի լեզուն է փոխվել։ Փաստեր ունենք, արխիվային նյութեր են հրապարակում այդ նույն եվրոպացի գիտնականներն ու երաժիշտները, որոնք հնարավորություն ունեն տեղի արխիվներում թուրքական համալսարանների, ռադիոյի, հեռուստատեսության արխիվներում ամբարված կամ թանգարաններում նյութը ուսումնասիրել։ Փաստեր կան նաև՝ որոշ թուրք երաժիշտներ, երաժշտագետներ են անդրադարձել այդ հարցերին, թե ինչ պայմաններում են կատարվել այդ երգերի ձայնագրությունները, հրավիրել են հայերին, քրդերին, ասորիներին, հույներին և ստիպել են, որ նրանք թուրքերենով երգեն իրենց ազգային երգերը։ Այսինքն՝ այստեղ լեզվական խնդիրն է, լեզվի խնդիրն է, երբ որ մեղեդին ծանոթ է, հանրահայտ մեղեդի է, և, բնականաբար, այդ թարգմանություններն իդեալական չեն կատարվել, այնտեղ նաև խառը տեքստեր են հանդիպում, խառը թուրքերեն, հայերեն, նաև՝ քրդերեն բառերով համեմված, արաբերեն բառերով, այնպես որ, հնարավոր է։

Հատկապես, եթե մեր ավանդական ժանրերին ենք անդրադառնում, ողբերին ենք անդրադառնում, «դլե յաման»-ների մի ամբողջ շարք կա, որ հանդես է գալիս իրենց ժողովածուներում՝ որպես ազգային երգեր։ Կոմիտասի երգերն են հաճախ հանդիպում այնտեղ՝ որպես ժողովրդական երգեր։ Էլ չեմ խոսում աշուղական արվեստում տեղի ունեցող այդ բացասական երևույթների մասին, որ Սայաթ-Նովայի երգերն, առանց որևէ հեղինակային հիշատակության, և՛ ընդգրկված են նրանց ժողովածուներում, և՛ կատարվում են ռադիոյով, հեռուստատեսությամբ՝ որպես ադրբեջանական ժողովրդավարական երգեր։ Այսինքն՝ այդ գործընթացն սկսվել է Օսմանյան կայսրության վերջին շրջանում, շարունակվել և իր արձագանքներն առ այսօր հնչում են տարբեր հրապարակներում, ռադիոհեռուստատեսային հաղորդումներում։ Հանրահռչակման բոլոր միջոցներով պրոպագանդվում են այսպիսի խեղաթյուրված փաստերն ու երևույթները՝ հիմնականում ադրբեջանական հեղինակների կողմից։ Միտումները շատ ավելի ցայտուն են այդ ասպարեզում՝ պարզապես մերժելու և իրենցը համարելու՝ առանց որևէ այլևայլության։

-Տիկի՛ն Երնջակյան, ադրբեջանցիները, երբ ներկայացնում են այս կամ այն հեղինակին կամ մեղեդին՝ որպես ադրբեջանական, ի՞նչ հիմք են վերցնում, և կա՞ն հատուկ հայկական մեղեդիներ, որոնք նրանք վերցրել ու միջազգային հանրությանը հստակ ներկայացնում են որպես ադրբեջանական։

-Այո՛, հիմնականում աշուղական արվեստն է նրանց շահարկումների հիմքը։ Այստեղ շահարկվում է ընդհանուր մահմեդական մշակույթի նշանակությունը՝ որպես մահմեդական բոլոր ազգերին բնորոշ երևույթի, Մուհամմադի արվեստը, աշուղական արվեստը, և լեզվական զանազան խնդիրներ ասես նպաստել են ժամանակին այդ թյուր պատկերացումների ձևավորմանը։ Պարզապես չեն էլ ուզում նշել, որ «աշուղ» տերմինը արաբական ծագում ունի՝ «աստվածական ճշմարտության, սիրո երգչի» իմաստով է կիրառվել, հետո՝ փոփոխությունների է ենթարկվել ու ուղղվել դեպի կնոջ գեղեցկությանը, յարի գովերգմանը և այլն, բայց այսպիսի խնդիրներ կամ տերմինաբանական այլ նրբություններ՝ թեկուզ Մուհամմադի արվեստը բնութագրող, որ դա էլ պարսկական մշակույթ է իր ծագումով, համաարևելյան, պարսկական մշակույթ է։

Եվ՛ տերմինաբանությունը, և՛ ձայնակարգերը, և՛ երաժշտական մասնագիտության բոլոր խնդիրներն, ըստ էության, իրենց տերմիններով կապված են պարսկական, իրանական մշակույթին, իրենց թվային համակարգին, նաև՝ արաբական որոշ տերմիններով։ Սակայն, այս մշակույթը, որը տարածված է ամբողջ Մերձավոր Արևելքում, ասես թույլ է տալիս նրանց մահմեդական անվանել այդ մշակույթը, թեև այդ մշակույթի ասպարեզում հայերն աներևակայելի ներդրում ունեն։ Միշտ եղել են առաջատար շարքերում և՛ երաժիշտները, և՛ գործիքահարները, և՛ հայ աշուղները, և՛ նաև Կոստանդնուպոլսի երաժիշտ տեսաբանները, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են և՛ արևելյան երաժշտության տեսական-գեղագիտական մտքի ձևավորմանը, և՛ գործնական խնդիրների յուրացմանը։

-Հետաքրքիր է, որ ադրբեջանցիները յուրացնում են նաև ընդհանուր մահմեդական մշակույթը։ Քանի որ Դուք արևելյան երաժշտության մասնագետ եք, ինչպե՞ս էին հարաբերությունները երաժշտության մեջ՝ հայ-իրանականան և հայ-թուրքաադրբեջանական։

-Յոթերորդ դարից մենք ունենք փաստական նյութ, որը վկայում է, որ հայ անվանի երաժիշտները մասնակցել են արևելյան երաժշտության ձայնակարգերի դասակարգման գործընթացին, և հետագա դարերի ընթացքում և՛ հայ պատմիչների աշխատություններում, և՛ միջնադարյան պարսկական աղբյուրներում այդ փաստերը նշվում են։ Իրանում ժխտողական մոտեցում չկա․ այդ փաստերի տարբեր նրբություններ կարող են լինել, բայց այդպիսի ժխտողական վերաբերմունք երբևէ չի արձանագրվել Իրանի երաժշտության պատմության էջերում։ Ասացի, որ հայերը մեծ ներդրում ունեն, այդ ներդրումներից մեկն էլ այն է, որ հայ կոմպոզիտորներն են առաջինը արևելյան ժանրերը, աշուղական երգերը, զանազան գործիքային մեղեդիներ, գրառել և հրատարակել դեռևս 19-րդ դարի վերջին, և դրանք առաջին ձայնագրություններն են, գրառումներն են։

Մասնավորապես՝ կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի գրառումները․ դրանք առաջին ձայնագրություններն են ամբողջ արևելյան տարածքում՝ Մերձավոր Արևելքի տարածքում, և շատ արժեքավոր նյութ են, և այս մասին պարսիկ հեղինակները կամ երաժիշտնեը գրում են, չեն ժխտում այդ փաստը։ Էլ չեմ ասում հայերի ներդրումն իրանական երգարվեստում, հայ կոմպոզիտորների ներդրումը, թե նրանց ֆոլկլորի, հավաքչական աշխատանքների, մշակման, եվրոպական ժանրերը և սկզբունքները իրանական երգարվեստում ներմուծելու ուղղությամբ ինչ գործունեություն և ինչ դեր են կատարել։ Եվ այս բոլորը ընդունվում է բավական հանգիստ ձևով, որովհետև դրանք իրողություններ են, որոնք ժխտել չի կարելի։ Արվեստի յուրացման կամ ժխտման դիսկուրսը հայ երաժշտության շուրջ ձևավորվել է ադրբեջանական կամ թուրքական գիտական և այլ շրջաններում, այսպիսի բան գոյություն չունի Իրանում, բնականաբար։

-Տիկի՛ն Երնջանյան, իսկ ադրբեջանցի գիտնականներին, արվեստագետներին, երբ հանդիպում եք միջազգային ընդհանուր հարթակներում, խոսու՞մ եք այս մասին։

-Հաճախ եմ լինում միջազգային կոնֆերանսներին, բնականաբար, ելույթներ են ունենում՝ առանց պատշաճ հղումների։ Նրանց նպատակն է իրենց ամենահինը հայտարարելը։ Եվ այս նպատակին հասնելու համար և՛ թուրքական պատմագրության մեջ՝ երաժշտության պատմությանը նվիրված աշխատանքներում, և՛ ադրբեջանական։ Այնպիսի առասպելական փաստեր են բերում, հասցնում են իրենց ծագումնաբանությունն՝ իբր օղուզ թուրքեր, որոնք Միջին Ասիայից եկել են, բերել են այդ մշակույթը, և տեղի ժողովուրդները յուրացրել են այն։ Եվ այսպես շարունակ՝ առանց որևէ փաստարկների, առանց որևէ հիմնավորումների այս յուրացման գործընթացը գնում է։ Ցավոտ երևույթներ են սրանք շատ, որովհետև քարոզչական մեքենային դիմադրել գիտական առանձին հոդվածներով հրատարակումներում, այն էլ՝ միայն հայերենով, բնականաբար, հնարավոր չէ։ Միջազգային այդ կոնֆերանսներում, գիտաժողովներում ելույթ ենք ունենում, նաև հրապարակվում են նյութեր անգլերենով կամ եվրոպական այլ լեզուներով։ Մեր գիտական գործունեությունը, կոնկրետ՝ իմ գիտական գործունեությունը, այո՛, վերաբերում է արևելյան երաժշտությանը, և արտառոց այսպիսի փաստերի եմ առնչվում։

Հիշատակեցի ժողովածուները․ 1920-1930-ական թվականներին․ բազմաթիվ ժողովածուներ են գրառվել, որտեղ հայերի անունն ընդհանրապես չի հիշատակվում։ Այնտեղ կարող ենք տեսնել մեր ավանդական ժանրերի բոլոր տիպական նմուշները, որոնք տարածված են, որոնք Կոմիտասի ձայնագրություններում էլ կան, Արշակ Բրուտյանի ձայնագրություններում էլ կան՝ 19-րդ դարում կատարված ձայնագրություններում։ Բայց որևէ խոսք չի ասվում թուրք երաժշտագետների կողմից հայկական տարրի առկայության կամ ներկայության մասին այդ ամբողջ տարածքում։ Այս ժխտողական դիսկուրսով են առաջնորդվում։ Գուսանական արվեստը համարում են իրենցը՝ օղուզականից բխեցված, թեև իրենց հղումներում Խորենացի են նշում, որը հիշատակում է գուսանների անունները։ Այդտեղից իրենք ասում են՝ սա ձևափոխված Խոզանն է։

Եվ այդպիսի անհեթեթ, անհիմն, առանց որևէ փաստարկների նյութը շարադրվում է, հրատարակվում է եվրոպական լեզուներով, ներկայացվում է միջազգային հանրությանը, Արևմուտքին, որ, իհարկե, խաթարում է, վնասում է հայ երաժշտաարվեստի էթնոմշակութային ամբողջական նկարագիրը։ Խոսքս հիմնականում վերաբերում է, իհարկե, ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության ժանրերին, պետք է շեշտեմ՝ աշուղական արվեստին, ընդհանուր համաարևելյան ժանրերին։ Հատկապես հայ աշուղների բազմալեզվությունն առիթ է դարձել, թեև այսպիսի տեսություններ մշակելուն և տարածելուն, որ հատկապես թուրքալեզու աշուղների ստեղծագործությունների մեջ են շոշափվում ավետարանական թեմաներ, Աստվածածնի գովքը, եկեղեցիներին նվիրված, սրբերին նվիրված թեմաները, ինչպես նաև ազատագրական, ազգային պայքարի թեման, օրինակ՝ Սասունի, Զեյթունի ազատագրական պայքարի թեման։ Նրանք թուրքերենով երգել են, և իրենք էլ նշել են, որ դա անում են, որպեսզի հասնի իրենց խոսքը լայն լսարանին, բազմալեզու լսարանին։

-Տիկի՛ն Երնջակյան, խորհրդային շրջանում խորհրդային իշխանությունների պետական քաղաքականությունը նպաստե՞լ է այս յուրացման գործընթացներին, թե՞ ՝ո՛չ, ու ինչպիսի՞ն է եղել այդ պետական քաղաքականությունը, ինչպիսի՞ ազդեցություն է թողել այս գործընթացների վրա։

Գիտեք, այդ շրջանում, իհարկե, մշակութային քաղաքականությունը մեծապես նպաստել է մշակութային վերելքին տարբեր հանրապետություններում, և ասես այդ քաղաքականության հիմքում դրված էր նաև, որ բոլոր ազգերը պետք է հավասար լինեն, որ բոլորը պետք է ունենան նույն արժեքները, միևնույն կառույցները՝ իրենց պատմական նախադրյալներով։ Այս համատեքստում դարձյալ ադրբեջանցիների մասին կարող եմ խոսել, օրինակ՝ Նիզամի Գյանջևիի խնդիրրը, որ դարձյալ պատվերով ստեղծված հրատարակություն է եղել, որտեղ հայտարարվում է մեծ ադրբեջանցի պոետ, որն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Եղել են այսպիսի դեպքեր, բայց այդ բոլորը արվել է ավելի զուսպ և ինչ-որ տեղ՝ ավելի ընկալելի, ընդունելի հանգամանքներում։

-Այս պրոցեսներն ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել են մեր ինքնության խնդրի ձևավորման վրա, ադրբեջանի հասարակության ինքնության ձևավորման վրա։

-Իհարկե, ազդում է, կարծիք է ստեղծվում, ստերեոտիպներ են մշակվում, որ հայ աշուղների արվեստը զուրկ է ինքնատիպությունից․ դա կրում է աշուղական, թուրքական և ադրբեջանական աշուղական արվեստի ազդեցությունը։ Նույնիսկ այս մտքերը կամ տեսությունները տարածվում են և՛ հայ կոմպոզիտորների, և՛ սփյուռքահայ կոմպոզիտորների, դրանցից մեկն էլ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսն է՝ ամերիկահայ կոմպոզիտոր, որի ստեղծագործություններում հայկական տարրը շատ ակնհայտ է, որն ուսումնասիրել է Կոմիտասի ստեղծագործությունները, նրա դաշնամուրային պարերը։ Եվ ահա եվրոպական, ամերիկյան համալսարաններում ստեղծված մի շարք աշխատություններում, խոսելով այդ կոմպոզիտորի երգերի մասին, նշում են, որ, այո՛, աշուղական երգերի նմուշներ կան նրա մոտ մշակված, և հղումները գնում են ադրբեջանական աղբյուրներին, և հետևաբար այս աշուղական արվեստում նրանք դարձյալ փորձում են դիտել և տեսնել ադրբեջանական մշակույթի տարրերը։ Այսինքն՝ արձագանքների իմաստով, որ ասում եք ազդել է, ինչ հետքեր է թողել, այս առումով, իհարկե, որոշակի բացասական դեր է կատարել ինքնության ընկալումներում հայ մշակույթի։

-Որքանո՞վ է կարևոր մեզ համար փաստագրել հայկական մեղեդիները և ապացուցել դրանց ծագումը, որպեսզի հետագայում չունենանք նման խնդիրներ։

-Դա շատ կարևոր հարց է․ երաժշտական նյութի, բանահյուսական նյութի փաստագրումը, գրառումը և հրատարակումը։ Եվ այդ աշխատանքները տարվել են տասնամյակներ շարունակ հայ երաժշտագետների տարբեր սերունդների կողմից։ Հիմա էլ մեծ հաջողությամբ տարվում են։ Արվեստի ինստիտուտում ձայնադարան կա, որտեղ հավաքված են մեծ քանակությամբ երաժշտական նյութեր, արխիվներ, և ահա այդ արխիվների հրատարակումը, արխիվային նյութերի ձայնագրումը, թվայնացումն ամենաառաջին խնդիրներից են։ Այդ նյութերն ամփոփող կամ այդ նյութերի հիման վրա ստեղծված ժողովածուների շարքեր ունենք։ Այսինքն՝ աշխատանքները տարվում են և՛ Արվեստի ինստիտուտում, և՛ Երևանի Կոմտիասի անվան պետական կոնսերվատորիայում։ Հրատարակվում են ժողովածուներ՝ նվիրված հայ երաժշտական նմուշների առանձին ժանրերի, առանձին շրջանների նյութի հրապարակմանը․ դրանք հատորներ են հրատարակված, և շարունակական են այդ աշխատանքները։ Երևի դժվարությունն առավելապես կայանում է նրանում, որ այդ նյութերը բոլորը չեն թվայնացված, բոլորը չեն մատչելի։

--------------------------

Ադրբեջանական կողմը բազմամշակութային քաղաքականություն վարելու իմիտացիա է ստեղծում․ Ռուբեն Հովսեփյան

Արցախում հայկական ժառանգության պահպանման, տարածաշրջանում իսլամական ժառանգության, Ադրբեջանի կողմից այլ ազգերի մշակույթի յուրացման ու ոչնչացման մասին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը զրուցել է հնագետ, մշակութաբան Ռուբեն Հովսեփյանի հետ։

-Պարո՛ն Հովսեփյան, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Արցախի հայկական ժառանգությունը․ անգամ միջազգային բազմաթիվ դերակատարներ են տեսնում այդ վտանգը  ՅՈՒՆԵՍԿՕ-ից մինչև Վատիկան Ադրբեջանին կոչ են անում պահպանել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Ի՞նչ պատկեր է այսօր Արցախում։

-2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախը ամբողջապես հայաթափվեց, Ադրբեջանը կիրառեց մի քանի գործիքակազմ․

  1. Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը, քրիստոնեական մշակութային ժառանգությունը հայտարարվել է աղվանական։ Սա արվել էր դեռևս խորհրդային տարիներին, բայց, սկսած 2000-ականներից, և, հատկապես, 2020 թվականից հետո, ոչ միայն առաջ տարվեց այդ թեզը, այլև հայտարարվեց, որ Ադրբեջանի ուդիական համայնքը քրիստոնեական, «աղվանական» ժառանգության ժառանգն է, սեփականատերը: Սրանով ադրբեջանական կողմը սկսեց գործուն քայլեր ձեռնարկել այդ ժառանգությունը՝ քրիստոնեական, հայկական, յուրացնելու։ Որո՞նք են այստեղ ռիսկերը։ Բացի նրանից, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե քրիստոնեական ժառանգությունն իրենն է, նրանք նաև նշում են, որ հայերը վերջին 30 տարիներին, անգամ՝ խորհրդային տարիներին (ինչը զարմանլի է, քանի որ խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ը ամբողջապես Ադրբեջանի տարածքում էր), հայկականացրել են այդ ժառանգությունը։ Ի՞նչ են հասկանում նրանք՝ հայկականացնել ասելով․ իբր ավելացրել են հայկական արձանագրություններ, հայերեն գրություններով քարեր, խաչքարեր, և ադրբեջանական կողմը հայտարարում է, որ, ըստ իրենց մեկնաբանության, տարածքների ազատագրումից հետո իրենց առաջնային նպատակը հուշարձանները նախնական տեսքի բերելն է։ Այստեղ ամբողջ ռիսկն այն է, որ, եթե իրենք սկսեն աշխատանքներ իրագործել վանքերի, եկեղեցիների, անգամ՝ փոքր կառույցների վրա, վստահաբար հայերեն արձանագրությունները, խաչքարերը ոչնչացվելու են։ Ցուցումները գալիս են վերևից ՝ Իլհամ Ալիևի կողմից, որը, երբ 2021 թվականին այցելել էր օկուպացրած Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ, այցելել էր նաև այնտեղի եկեղեցի, ցույց էր տվել հայերեն արձանագրությունները՝ հայտարարելով, որ դա կեղծ է, որ հայերն են այն ավելացրել և պետք է նախնական տեսքի բերել։ Ահա թե ինչ է սպասվում պատմական ժառանգությանը։
  2. 1994 թվականից հետո Արցախում կառուցված հարյուրավոր խաչքարերը, եկեղեցիներն ու մատուռներն են, որոնք ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ ոչնչացնելու է։ Լավագույն օրինակն այն է, երբ 2020 թվականի դեկտեմբերին «Կոմերսանտ» թերթի ռուս լրագրողներն այցելել էին Թալիշ և հարցրել, թե ինչ է սպասվում գյուղում գտնվող հայկական հուշարձանին, ադրբեջանցիները հայտարարել էին՝ ինչը պատմական է, կմնա, ինչը նոր կառուցված է, ոչնչացվելու է։ Մենք այս գիծը շատ լավ տեսնում ենք վերջին 4 տարիներին․ բազմաթիվ կոթողներ քանդվել են, ոչնչացվել։
  3. Արցախի էթնոդավանական, պատմական միջավայրի իսլամացումն է։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ այդ տարածքներն առաջին հերթին իսլամական ժառանգության մասն են։ Դա արվում է արհեստականորեն, քանի որ Իլհամ Ալիևն այս վերջին տարիներին Արցախի տարածքում նոր մզկիթներ է կառուցում․ ոչ թե Վարանդայի, Ջրականի տարածքներում, որտեղ վերաբնակեցրել են ադրբեջանցիներին, այլ՝ Քարինտակում, Հադրութում, Մատաղիսում։ Այսինքն՝ բացահայտ հայական միջավայր ունեցող բնակավայրերում, որտեղ պատմականորեն այլ ազգեր գրեթե չեն ապրել։ Այստեղ մենք տեսնում ենք, որ ինքնության փոփոխություն է տեղի ունենում և կարևորվում է Ալիևի դերը՝ որպես մեկենասի, շինարարի, վերականգնողի․ սա ցուցադրական է արվում։

Գլոբալ առումով՝ հիմնականում կառանձնացնեի այս երեք կետերը ։

- Ադրբեջանի այս տարվա բյուջեով նախատեսված է 6 միլիարդի ներդրում Արցախում։ Պարզ է, որ այս գումարի մի մասով ոչնչացնելու են Արցախի հայկական մշակութային ժառանգության կոթողները, մի մասով այլ տեսքի են բերելու մշակութային հուշարձանները։ Նախապես հայտարարվել էր, որ Գանձասարն իր «նախնական» տեսքին պետք է բերեն՝ աղվանակացնեն։ Հակազդելու ի՞նչ մեխանիզմներ ունենք։

-Հակազդելու առաջին քայլերից մեկը մշտական մոնիթորինգի իրականցումն է, փաստերի ձեռքբերումն ու հանրահռչակումը․ այսինքն՝ որպեսզի անընդհատ խոսվի այս ամենի մասին։ Սա որոշակի առումով կարող է ադրբեջանական կողմին կանգնեցնել․ կարճաժամկետ, բայց կարող է էֆեկտ տալ։ Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, խնդիրն այն է, որ նրանք հաճախ չունեն պարտադրող գործառույթ։ Օրինակ՝ ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուշարձաններին վերաբերող տարբեր կոնվենցիաներ, բանաձևեր են ընդունում, բայց պարտադրելու, ստիպելու գործառույթ կարծես չունեն․ զորք չեն կարող ուղարկել Ադրբեջան ու ստիպել, որպեսզի ինչ-որ բան չարվի։ Դրա համար այդ հարցը բաց է մնում։ Համենայն դեպս՝ գոնե անընդհատ մշտադիտարկումը, նյութի վերհանումը, ներկայացումն արդեն կարևոր է, ինչն արվում է։ Միջազգային կառույցների առումով պետք է աշխատանքներ տարվեն, բայց պետք չէ չափից ավել հույսեր ակնկալել՝ իմանալով նրանց գործառույթները։

-Մենք անընդհատ խոսում ենք Արցախում հայկական մշակութային ժառանգության մասին՝ աչքի առաջև ունենալով բոլորիս հայտնի Գանձասարը, Դադիվանքը, Տիգրանակերտը, Ամարասը, բայց Արցախում կան բազմաթիվ այլ հուշարձաններ, հուշակոթողներ, թանգարանային նմուշներ, գրադարաններ, որոնց ճակատագիրն անհայտ է ու վտանգված։ Ունե՞ք արձանագրած փաստեր, ի՞նչ վիճակում են դրանք։

-Մշտադիտակումն իրականցվում է մի քանի կառույցների կողմից։ Կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը նպատակ չունի այդ ամենը պահպանելու։ Ինչ ճակատագիր է սպառնում դրանց՝ մեկ բառով դժվար է ասել, որովհետև կարծես թե կիրառվում են տարբեր մեխանիզմներ։ Օրինակ՝ Շուշիի պարագայում մենք տեսնում ենք, որ թանգարանային նյութերը, որոնք մնացել են քաղաքում, անհետացել են կամ թալանվել, կամ ադրբեջանական կողմը այդ ամենը դուրս է բերել, բայց ինչպես է ներկայացնելու, ինչ է անելու՝ մենք չգիտենք։ Այն, ինչ հիմա մնացել է օկուպացված Արցախում, դժվար է ասել՝ ինչ ճակատագիր կունենա։ Համենայն դեպս՝ տեսնելով, թե ինչ է կատարվում վերջին 4 տարիներին, բնականաբար, լավ կանխատեսումներ չունենք։ Շատ բարդ է, քանի որ ադրբեջանական կողմը խորամանակ քաղաքականություն է վարում։ Միանշանակ չի ցանկանում ցույց տալ, որ իր նպատակն Արցախի հայկական պատկանելիության փոփոխությունն է կամ՝ դրա ոչնչացումը։ Գուցե ոչնչացնեն, գուցե ցույց տան որպես աղվանական կամ՝ հենց հայկական, որ ասեն՝ տեսեք՝ մենք պահել ենք հայկականը։

Մշտադիտարկման մեր թիմը վերջին մի քանի ամիսներին արձանագրել է, որ ադրբեջանական կողմը խնդիրներ է դրել, թե իրենք իբր բազմամշակութային քաղաքականություն են վարում, հանդուրժողական են հայկական ժառանգության նկատմամբ։ Մենք տեսնում ենք՝ ադրբեջանցի տարբեր բլոգերներ, երբ շրջում են Ադրբեջանի հայաբնակ (խմբ․՝ նախկին) տարածքներում, նկարահանում են հայկական գերեզմանոցները՝ 19 րդ դարի կամ խորհրդային շրջանի, խոսքը միջնադարի մասին չէ, և ցուցադրում են՝ ասելով՝ տեսեք դրանք կանգուն են, մենք հանդուրժող ենք։ Հասկանում ես, որ դրանք ընտրողաբար են անում։ Բայց ինչո՞ւ այս օրինակը բերեցի, որովհետև իրենք տարբեր գործիքակազմ են օգտագործում այս հարցում։

-Ի՞նչ եք կարծում՝ Արցախը կարժանանա՞ Արևմտյան Հայաստանի ճակատագրին։

- Համենայն դեպս, այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, մենք տեսնում ենք, որ արագ տեմպերով տարածքի հայկական պատկանելիության գործընթացի փոփոխություն է տեղի ունենում, և ադրբեջանական ինքնության տարածում է տեղի ունենում։ Արևմտյան Հայաստանում մենք տեսնում ենք, որ վերջին հարյուրամյակում ոչնչացվել է հայկական ժառանգության զգալի մասը։ Ադրբեջանական կողմը հնարավոր է Արցախում ամբողջությամբ չքանդի (խմբ․՝ նկատի ունի հայկական հուշարձանները), բայց փոխելու է պատկերը։ Գուցե Արևմտյան Հայաստանի ճակատագրին արժանանա, բայց այլ գործիքակազմ է կիրառվելու։

-Պարո՛ն Հովսեփյան, առաջին հարցին պատասխանելիս Դուք նշեցիք, որ Ադրբեջանը գնում է Արցախը իսլամականացնելու ճանապարհով, բայց ինչպես նկատում ենք, խոսքը ոչ միայն Արցախին է վերաբերում, այլ՝ ամբողջ տարածաշրջանին։ Այսինքն՝ գրպանում են նաև իսլամական ողջ ժառանգությունը։ Ինչպե՞ս են հաջողում նրանք։

 -Ո՞րն է այստեղ խնդիրը, եթե դիտարկենք Արցախը, ապա Արցախի մշակութային ժառանգության մոտ մեկ տոկոսը կազմում է իսլամական ժառանգությունը։ Ինչը մշտապես հայտնի է եղել, նաև հետազոտվել է հայ հետազոտողների կողմից։ Եվ հիշենք ուղղակի, որ խորհրդային տարիներին Ադրբեջանի ակադեմիական միտքը Արցախի իսլամական ժառանգությամբ գրեթե չի զբաղվել։ Հետազոտվել են երևի մի քանի հուշարձաններ ու Շուշիի մի քանի մզկիթներ։ Փաստենք մի քանի կարևոր բան ևս (քանի որ ադրբեջանական կողմը այդ նարատիվները փորձում է առաջ տանել), մինչև 17-րդ դարը պատմական Արցախի տարածքում մզկիթներ չեն եղել։ Բնականաբար, այս մզկիթների կառուցումը ներկայիս ադրբեջանական հանրույթի հետ կապ չունի։ Արցախի իսլամական երկրորդ կարևոր բաղադրիչը մահմեդական դամբարաններն են, որոնց զգալի մասը 13-րդ դարի վերջի-14-րդ դարի սկզբի են, և կառուցվել են հիմնականում Արցախի հարթավայրային տարածքներում։ Դա կապված էր մոնղոլական կայսրության, մոնղոլական վերնախավի հետ։ Այսինքն՝ խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը, սկսած խորհրդայի տարիներից, երբ սկսեց ձևավորել ադրբեջանական ճարտարապետությունը, պատմագրությունը, փորձում էր տարածքի իսլամական ամբողջ ժառանգությունը ադրբեջանականացնել։ Լավագույն օրինակը Նիզամին է, ով հայտարարվեց ադրբեջանական բանաստեղծ։

Երկրորդ կետով ադրբեջանական պատմագրությունը փորձում է ադրբեջանականացնել Անդրկովկասում առկա մահմեդական իշխանությունների պատմությունը։ Դրանով ցույց է տալիս, հիմնավորում իր նկրտումները՝ այս կամ այն տարածքում։ Եվ իրենց ինքնության համար սա առանցքային է։ Արցախի պարագայում իրենք հիմք են վերցնում Ղարաբաղի խանությունը՝ որպես իրենց պետության կարևորագույն հիմնասյուն։

Ինչ վերաբերում է Իրանի հյուսիսային հատվածներին, ապա դեռևս խորհրդային ժամանակներից իրենց մոտ դրսևորվեց այն միտումը, որ կա երկու Ադրբեջան՝ Հյուսիսային և Հարավային։ Ե՛վ պատմության առումով, և՛ մշակութային առումով այն նույնն է։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին, նրանք նույն տրամաբանությամբ են առաջնորդվում․ վերցնում են Երևանի խանությունը, Նախիջևանի և ներկայացնում որպես իրենց պատմության մի մաս։

-Պարո՛ն Հովսեփյան, պատերազմից հետո այդ հավակնությունների ծիրում հայտնվեց Երևանի Կապույտ մզկիթը։ Մենք հակադարձում ենք, իրանական կողմից կա՞ն հակադարձումներ։

-Իրանական կողմի մասով չեմ կարող հստակ ասել․ զուտ դրա մասնագետը չեմ, բայց, բնականաբար, հայկական ակադեմիական միտքն այս ամենին արձագանքել է։ Իսլամական հուշարձանները լավ հետազոտված են, համարակալված։ Եվ, այս առումով, փաստերով ներկայացվում է։ Կարող ենք փաստել, որ հայ գիտական միտքը ավելի լավ գիտի, ծանոթ է իսլամական ժառանգությանը, քան ադրբեջանցիները, քանի որ վերջիններս սովետական տարիներին այդ թեմաներով չեն զբաղվել, բացառությամբ՝ Շուշիի մզկիթների ու մի քանի հայտնի դամբարանների։

-Տեսեք, հետաքրքիր տենդենց կա, որ ակտիվացել է Արևմտյան Ադրբեջան թեզի շրջանառության հետ։ ՀՀ տարածքում գտնվող Հայկական եկեղեցիները ներկայացնում են որպես թյուրքական։ Այս առումով կարելի՞ է ասել, որ ամբողջ տարածաշրջանն է վտանգված։

-Եթե վերցնենք ՀՀ տարածքի մշակութային ժառանգությունը, իհարկե, մտահոգիչ է․ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի» հանրույթ, և դա ոչ թե ինչ-որ սիրողական մակարդակով է, այլ առաջին դեմքի կողմից է հովանավորվում։ Եվ մենք տեսնում ենք, որ եթե նախկինում՝ 2000-ականներին, նման հասարական կազմակերպությանը այդքան էլ չէին կարևորում, ապա հիմա առաջնային դեր է ստացել։ Ինչ վերաբերում է մշակութային ժառանգությանը, ապա սա զավթողական քաղաքականության, տարածքային նկրտումներ ունենալու լրջագույն ազդակ է։ Մշակութային ժառանգության հետ կապված իրենց մոտ շատ տարբեր դիսկուրսներ կան։ Քարոզչական նպատակով հրատարակվում էր մեծ քանակությամբ բրոշյուրներ, գրքեր և այլն։ Մեր մշակութային ժառանգությունը հայտարարվում է աղվանական, (ալբանական), որոշ դեպքերում՝ ադրբեջանական, թյուրքական։ Այստեղ մենք տեսնում ենք, որ նրանք շատ տարբեր են ներկայացնում։ Եթե նրանց ակադեմիական միտքը վերցնենք, ապա փորձում են ավելի շատ աղվանական (ալբանական) ներկայացնել։ Բոլոր առումներով մենք կարող ենք տեսնել, որ իրենք ինքնության փնտրտուքի մեջ են և ինչ-որ առումով խճճվել են։ Եթե վերադառնանք իսլամական ժառանգությանը, երբ խոսում էին Արցախի տարածքում իսլամական դամբարաններից, գոնե մինչև 60-ական թթ․ խոսում էին քրիստոնեական մշակութային ազդեցությունից, քրիստոնեական միջավայրից՝ չեզոք․ երբեմն նշում էին հայկական ազդեցությունը։ 80-ական թթ․ այդ ամբողջը չկա։ Եթե կա, ապա աղվանական ազդեցությունն է, սիրողական բրոշյուրներում քարոզչական նպատակներով փոխվել է և թյուրքական։

-Պարո՛ն Հովսեփյան, իսկ միջազգային գիտական հանրույթը ինչպիսի՞ վերաբերմունք ունի ադրբեջանական այս մտացածին երևույթների մասին ։

-Համենայն դեպս, միջազգային գիտական հանրույթը, ով տեղյակ է տարածաշրջանից, ով զբաղվում է այդ ամենով, բնականաբար, նրանց ասել, թե Էջմիածնի Մայր տաճարը աղվանական է կամ թյուրքական, այդքան էլ չի ստացվի։ Այսինքն՝ ադրբեջանական կողմն էլ հասկանում է՝ որ հանրույթին ինչ ներկայացնել։ Այստեղ պետք է տարանջատել՝ քարոզչական, ներքին լսարանի, միջազգային գիտաժողովներում իրենց կողմից տարածվող թեզերը, որոնք, բնականաբար, քարոզչական բնույթ են կրում։

Հարցազրույցը վարեց Տիրուհի Բայբուրդյանը


--------------------

Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական, սակայն իրականությունն այլ է


Միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից մեկն Ամարասն է։ Ըստ 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի՝ Ամարասի Սուրբ Գրիգորիս եկեղեցին` 4-րդ դարի սկզբին կառուցել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ ավարտին է հասցրել նրա թոռը՝ Գրիգորիսը, ում, ըստ հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացու, հուղարկավորել են եկեղեցու արևելյան կողմում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ հիմնել է Արցախի առաջին դպրոցը։ Ամարասը եղել է Արցախ-Ուտիք երկրամասի հոգևոր և եպիսկոպոսանիստ կենտրոններից մեկը։ Դարերի ընթացքում վանքը մի քանի անգամ ավերվել է օտար նվաճողների կողմից։ 15-16-րդ դարերում այստեղ գրվել և ընդօրինակվել են հայերեն բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ 2023 թվականի սեպտեմբերին Ամարասն օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից։

Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է Արցախի և Ուտիքի հայության հոգևոր-մշակութային կենտրոններից Ամարասը լինել «աղվանական» մշակութային կառույց, երբ անգամ դուրս էր Բուն Աղվանքի տարածքից։

Ադրբեջանցիները Ֆիզուլիին համարում են ադրբեջանցի պոետ, սակայն իրականությունը հետևյալն է՝


15-16-րդ դարերի բանաստեղծ Ֆիզուլին (Մուհամմեդ իբն Սուլեյման) ծնվել է Իրաքի Քերբելա քաղաքում։ Հավանաբար ուներ օղուզա-թյուրքական ծագում։ Կա կարծիք, որ նա ուներ նաև քրդական կամ պարսկական ծագում։ Նա ստեղծագործել է պարսկերեն, արաբերեն և թյուրքերեն։ Ֆիզուլին երբեք չի եղել ո՛չ Ատրպատականում, և ո՛չ էլ Շիրվանում։ Երբեք ոտք չի դրել ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածք, իրեն երբեք չի անվանել ադրբեջանցի (մի պարզ պատճառով, որ այդ ժամանակաշրջանում այդպիսի ժողովուրդ գոյություն չուներ)։ Այդ առումով նրան ճիշտ կլինի անվանել օսմանյան կամ պարսկական ստեղծագործող, քանի որ Իրաքի տարածքը այդ ժամանակաշրջանում մասն է կազմել սկզբում Սեֆյան Պարսկաստանի, այնուհետև՝ Օսմանյան տերության։

Ադրբեջանցիներն Ուզուն-Հասանին համարում են ադրբեջանցի և ադրբեջանական պետության սուլթան, սակայն իրականությունն այլ է


Նուսրաթ ադ-Դին Աբու Նասր Հասան-բեկը (1452-1478 թթ․), որը պատմության մեջ հայտնի է Ուզուն Հասան անունով, համարվում է թուրքմենական ակ-կոյունլու ցեղերի կողմից ստեղծված տերության սուլթան։ Նա սերում էր ակ-կոյունլուների ցեղային համադաշնության բայանդուր ցեղից։ Համաձայն Մահմուդ ալ-Կաշղարիի` «Դիվան լուղաթ աթ-թուրք» աշխատության՝ «Օղուզը մեկն է թյուրքական ցեղերից, որոնք են թուրքմենները․․․ Նրանք 22 ցեղից են կազմված։ Երրորդը՝ Բայանդուրն է»։

Ուզուն Հասանի կառավարման օրոք ակ-կոյունլուների պետությունը, որն իր մեջ ներառում էր Հայաստանը, Ատրպատականը, Իրանը, Շիրվանը, Միջագետքը, հասավ իր հզորության գագաթնակետին։

Պատմական որևէ աղբյուրում չկա հիշատակություն այն մասին, որ Իրանի փադիշահ տիտղոսը կրող Ուզուն Հասանը եղել է ադրբեջանցի, քանի որ այդ ժամանակաշրջանում (15-րդ դարի երկրորդ կես) նման ազգություն պարզապես գոյություն չուներ:

Երևանի նահանգ

«Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1896 թվականի համարում[1] Երևանի ուսուցչական սեմինարիայի ուսուցիչ Վ. Դևիցկին հեղինակել է Երևանի նահանգի մասին «Արձակուրդային ճանապարհորդություն» խորագրով հոդվածը։

1894 թվականին Վ․ Դևիցկին ծանոթանում է Երևանի շրջակա տարածքներին։ Նա նշում է, որ այստեղ գյուղերը միահյուսված են, և միայն կես վերստ հեռավորության վրա գտնվող սյուներին առկա գրություններից կարելի է տեսնել նոր գյուղերի դիրքն ու տարածքը։ Թվարկելով Ղույլասար (Куйласар), Թոխանշալու (Тоханшалу), Գեդաքլու (Гедаклю) և մի քանի այլ գյուղեր՝ հեղինակը գրում է, որ այստեղ կողք կողքի ապրում են հայեր, թաթարներ և ասորիներ։ Այդ տարածքում բնակվում են նաև քոչվոր քրդեր, որոնք ամռանը հեռանում են Արարատի բարձունքները։ Հոդվածում նկարագրվում է ավերակ Վելիջան գյուղը, որից մնացել են քարե ցանկապատերի մնացորդներ և տապանաքարեր, որոնցից մի քանիսի վրա փորագրված են խաչեր։ Սրանք քրիստոնեական, հատկապես հայկական հետքի գոյության վառ ապացույցն են: Գյուղի լքվելն ու ավերակ դառնալը հեղինակը կապում է քրդերի անընդհատ հարձակումների, թալանի և սպանությունների հետ։

Նկարագրելով Սուրմալուի տարածքում գտնվող Իգդիր բնակավայրը՝ հեղինակը նշում է, որ դա մեծ գյուղ է՝ թաթար և հայ բնակչությամբ, որոնց թիվը հասնում է մոտ 5000-ի։ Հավանաբար այդ տվյալները ճիշտ չեն, քանի որ 1886 թվականի ընտանեկան ցուցակների համաձայն՝ Իգդիրում կար 366 տուն՝ 2912 բնակչով՝ բոլորը հայեր[2]:

Վ․ Դևիցկին գրում է, որ Օրդուբադի հարևանությամբ գտնվող հայկական Ներքին և Վերին Ագուլիս, ինչպես նաև մի քանի այլ գյուղեր բնակեցված են «զոկ»[3] անունով հայտնի հայերով։ Նրանք հիմնականում զբաղվում են առևտրական գործունեությամբ․ առևտուր են անում Մոսկվայում, Պետերբուրգում, Մարսելում, Փարիզում և անգամ՝ Ամերիկայում։ Առևտրական գործունեությամբ զբաղվելով Արևմտյան Եվրոպայում՝ ոմանք կրթվում են տեղի համալսարաններում։ Ագուլիսցիները շատ են հպարտանում իրենց առևտրական գործունեությամբ և իրենց գյուղը համարում են Եվրոպայի կամ Փարիզի անկյուն։ Գյուղում կան մի քանի եկեղեցիներ և ավերակ վանքեր։ Ըստ հեղինակի՝ ագուլիսցիները վանական կառույցներն օգտագործում են որպես դպրոց, ուր սովորում են 400 տղա և աղջիկ:

Վ․ Դևիցկիի այս հոդվածը հերթական անկողմնակալ փաստագրումն ու վկայությունն է այդ տարածքներում ապրած տեղաբնիկ հայերի մասին։


[1] «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1896 թվականի համար, թողարկում 21-րդ։

[2] Свод статистических данных о населении Закавказскаго края, извлеченных из посемейных списков 1886 г., издан по распоряжению Главноначальствующаго гражданскою частию на Кавказе Закавказским статистическим комитетом, Тифлис, Тип. И. Мартиросиянца, 1893, с. 196.

[3] «Զոկը» Գողթն գավառի մի քանի բնակավայրերի (Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Հանդամեջ, Դիսար) հայերին տրված մականունն է: Հայտնի հայագետ Քերովբե Պատկանյանը գտնում էր, որ այս անվանումն առաջացել է այս, այդ, այն ցուցական դերանունների Ագուլիսի բարբառի հոկ, օկ, դոկ, նոկ բառերի զ նախդիրով՝զհոկ, զօկ, զդոկ, զնոկ ձևերից:





Անձի ինքնահաստատման հարցախույզ ԵՊՀ –ում

ՀՀ մայրաքաղաք Երևանից
Նիդերլանդական Օրագրի համար
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ


ԵՊՀ –ում արդեն բավականին փոփոխություններ են տեղի ունեցել համահունչ գլոբալ առաջընթացին․ դրանք ոչ միայն աշխատանքի ու դասերի կազմակերպման ոլորտում են, այլև սոցիալ-հոգեբանության, ուսանողական հետաքրքրությունների կազմակերպման ոլորտում, որոնց համար ստեղծված են բարենպաստ պայմաններ ղեկավարության կողմից։ Վերջին խնդրի առնչությամբ այսօր հսկայական աշխատանք են տանում ուսանողական խորհուրդները, որոնց ակտիվությունը դարձել է խիստ նպատակաուղղված և օգտակար ողջ ուսանողության համար։

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը համալսարանի մասնաշենքում ուսանողների իրազեկությանն և սոցիալական այլ խնդիրների  հետ կապված իրականացնում էր սոցհարցում, որում ընդգրկված էին  էական հարցադրումնետր։ Ինչպես հայտնի է անձը չի կարող խուսափել տեղի ունեցող գլոբալ փոփոխություններից։ Դրանք անպայման ազդում են անձի ինքնազգացողության, սոցիալական միջավայրում նրա վարքագծի վրա։ Օրինակ՝ դրանք կարող են առաջացնել ագրեսիվություն, տանել ինքնագնահատականի կտրուկ իջեցման, անձին դարձնել կախված շրջապատից։ Այսօրվա հարցումը փորձում էր ուսանողի  ուշադրությունը սևեռել իր բնական հնարավորությունների, հուզական աշխարհի , հուզարտահայտման և վարքի կառավարման վրա։ Կարելի է ասել բոլորը  մասնակցում էին մեծ հետաքրքրությամբ, իհարկե ցանկալի կլիներ, որ  արդյունքները հրապարակվեին անանուն, որպեսզի բացի գիտական ուսումնասիրության նյութ դառնալուց, երիտասարդները կարողանային հասկանալ ինչ փոփոխությունների վրա պետք է աշխատեն երջանիկ լինելու համար։


Personality self-affirmation questionnaire at YSU

For the Diary of the Netherlands/ NidOragir
From Yerevan, the capital of Armenia
Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor

At YSU, quite a few changes have already taken place in line with global progress: they are not only in the field of work and class organization, but also in the field of socio-psychology, student interests, for which favorable conditions have been created by the administration. In connection with the latter issue, today, students’ councils are doing a huge job, the activity of which has become highly targeted and useful for the students’ community.

The student council of the Faculty of Philosophy and Psychology conducted a sociological survey, organizing the practical part – the quiz with many significant questions - regarding student awareness and other social problems, in the university building. As is known, a person cannot avoid the global changes which are taking place all over the world, Armenia included. They necessarily affect a person’s well-being, personal behavior in the social environment. For example, they can cause aggression, lead to a sharp decrease in self-esteem, make a person dependent on their surroundings. Today’s survey was an attempt to draw the students’ attention to their natural abilities, emotional world, emotional intellect and behavior management. It can be said that everyone participated with great interest. Of course, it would be desirable for the results to be published anonymously, so that in addition to becoming a subject for scientific study, young people could understand what changes they need to elaborate in themselves so that they could be happy.

Friday, 13 December 2024

Հիմնադրամային խոհեր

Խմբագրի  սյունակ


Հետադարձ հայացք 

Կա՞  ավելի հաճելի ու անսպասելի անակնկալ, երբ դարավոր երազանքդ միանգամից իրականություն է դառնում, երբ քնում ես Խորհրդային   պետությունում ու արթնանում  Անկախ Հայաստանում, երբ դու ժամանակակիցն ես վերածնվող նորանկախ Հայաստանի կառուցման ու կերտման: Դա պատահեց 1991թ. սեպտեմբերի 21-ին: Արդեն հաջորդ տարի` 1992 թ հնարավորություն ստեղծվեց  «Հայաստան» համահայկական հիմնադրամով  ինքդ, ֆիզիկապես  քո անձնական ներդրումն ունենալ, կարող ես քո պետության կողքին կանգնել ու նրա աջակիցը լինել: ՈՒ հիմնադրամը առաջին դրամահավաքներնը  կազմակերպեց: Երբ իմացա, որ հիմնադրամը մեզ է այցելել, շնչասպառ վազեցի տուն, ընտրեցի հարսանիքիս ստացած ամենաչաղ մատանին, մեկն էլ մորիցս ուզեցի ու շտապեցի գրասենյակ:  Իմ նման տասնյակ մարդիկ կային, ոգևորվսծ հերթ էին կանգնել: Վերջապես  հասա սեղանին, որի մոտ երկու տղամարդ ու մի բարեհամբյուր կին` Մանուշակ Պետրոսյան անուն-ազգանունով, ժպտալով ընդունեց ինձ ու գրանցեց նվիրատվություններս: Ամենքը Հայաստանին վերաբերվող մի բան ասում էին, անգամ բանաստեղծություններ: Մի մաղթանք էլ ես  հղեցի. « Իմ չքնաղ Հայաստանիս բարեկեցության ու զարգացման համար,-ասացի ու սեղանին դրեցի նվերներս, սա իմ երիտասարդ ընտանիքիս ու  ծնողներս կողմից: Հազար ափսոս, որ երջանկահիշատակ հայրս այս փառապանծ օրը,  ազատ Հայաստանը չտեսավ»:
Համընդհանուր խանդավառությունը մեծ էր: ՈՒ գիտեք ինչ, այդ օրերին շատերն էին ոսկեղեն ու թանկարժեք իրեր նվիրում՝ հրաժարվելով օրեցօր արժեզրկվող ռուսական ռուբլիներից: Կար հավատ, որ ուժեղ ենք միասին ու երկիրը ոտքի ենք կանգնեցնելու, կառուցելու, որ նմանը աշխարհում չլինի, կար միտում, որ մեր հավաքած խնայողությունները վառելիքի պես օրսըտօրե սնուցելու, ջերմացնելու են երկիրը... 
Հետո եղավ այն ինչ եղավ` կանգնեցինք կոտրած տաշտակի առջև, խորհրդային ունեցվացքի վաուչերային թալան, ընտրությունների կեղծում, օրենքի չարաշահումներ, մարդկային արժանապատվության կորուստ, կոռուպցիա, կաշառակերություն, հովանավորչություն, ամենաթողություն...
ՈՒ այս անտերությանը գումարվում է միջոցների բացահայտ յուրացումը, օրը ցերեկով լսում ես, որ  վարչապետը բանկի ոսկու ակտիվներն է վաճառքի հանել: Կենտրոնական Բանկի ոսկու ողջ պահուստները` 1 տոննա 396 կիլոգրամ ոսկին, վաճառվել է մեկ տրոյական ունցիան 395 ԱՄՆ դոլարով: Արդարացնում են, որ Հասույթը կազմել է 17 միլիոն 800 հազար դոլար: Այս խարդախությունը անվանվել է հաջողված գործարք, քանի որ Կենտրոնական բանկը տարիների ընթացքում այդ ոսկին կուտակել է ավելի էժան գումարով: Նշվում էր, որ եկամտի տարբերությունը` 5.4 մլն դոլարը (կամ 3 մլրդ դրամը), փոխանցվել է պետական բյուջե: Դե հիմա պարզենք, թե պետական բյուջե որքան գումար կփոխանցվեր, եթե այդ ոսկին վաճառվեր հիմա: Իսկ իմ նման մարդիկ մեծ հույսերի փայփայումով իրենց մի քանի գրամ ոսկեղեններն էին նվիրաբերում պետությանը: Մի ուրիշ անգամ էլ իմանում ես, որ երկրիդ ղեկավարը  միլիոնների դոլլար է տանուլ տվել արտասահմանյան խաղատներում, ի դեպ ղեկավար, որ ի պաշտոնե Հիմնադրամի ծրագրերի իրականացնողն է: Այո, Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը՝  Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահը հենց ի պաշտոնե ՀՀ նախագահն է, այսինքն դուրս է գալիս, որ գառը պահ էր տված գայլին:  Պատկերացնու՞մ եք, խաղատներում խաղացող նախագահն ինչպիսի  օրինակ է ծառայում դրամատու բարերարներին ու իր ժողովրդին: Քավ լիցի, եթե միայն նախագահն ու վարչապետը լինեին: Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ գտնվող Հայաստանի ու Արցախի  մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ հասարակ, շարքային մարդկանց հեռուստամարաթոններով համոզել, հորդորել են գումարներ փոխանցել հիմնադրամին, բայց մյուս կողմից էլ չափազանց վատ օրինակ են ծառայել`  չեն խորշել իրենց անուններով մեծ տարածքներ սեփականաշնորհել ու շքեղ առանձնատներ կառուցել Կասկադի ու այլ աչքի ընկնող տարածքներում։ Կարծում եմ այս ամենից հետո Կարիք չկա զարմանալու, որ  հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեններից մեկն իր լիազորությունները չարաշահեր ու բարեգործական նպատակներով հավաքված գումարը խաղար  կազինոներում , իբր պարտքով է դա արել:

Բարեգործությունը ինքն իրենով վեհ գաղափար ու նպատակներ է հետապնդում ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծումը ժամանակին արված ճիշտ ու անհրաժեշտ քայլ էր` թեկուզ Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարում, որի հիմքում բարոյականության ու ազնվության վեհ սկզբունքով խարսխված հայրենասիրությունը պետք է լիներ :  90-ականներին կար հավատ, որ տարեցտարի հզորանալու ենք, մեզ արժանի երկիր ենք ունենալու: թեև գիտեինք, որ 30 տարի հետո Ադրբեջանը իր նավթային պաշարների հաշվին հարստանալու է, բայց վճռական էինք մեր միասնությամբ, համախմբվածությամբ, դժվարությունները հաղթահարելու կամքով : Ցավոք անարդարությունն ու հիասթափությունը մաշեցին մեր երազանքները` վաճառվեց երկրի գույքը, կողոպուտի ենթարկվեց ժողվրդի ու պետության սեփականություն հանդիսացող երկրի ընդերքը: Առօրյա կյանքում տեղի ունեցող բացասական միտումներն իրենց դերը խաղացին`  Մավրն իր գործն արեց:

2018թ թավշյա հեղափոխությունը, այնուհետև 2020թ քառասունչորսօրյա պատերազմը ողջ հայության` այդ թվում Նիդերլանդահայերի համար համախմբող նշանակություն ունեցավ:
 Սկզբում ամեն բան լավ էր` թափանցիկ ու ամբողջական, Նիդերլանդների տարածքային կառույցի կայքում նշվում էին նվիրատու բոլոր կազմակերպությունների ու  անհատների անունները, մեծադիր ցուցադրվում էր ամիս առ ամիս հավաքված գումարի չափը: Մի խոսքով վերադառնում էր մարդկանց կորսված հավատը:

 «Նիդերլանդական օրագիրը» առաջիններից մեկն էր, որ հանդես եկավ  համախմբողի դերում ու Նիդերլանդների համար բավականին լավ գումար հավաքագրվեց: 2020թ վերջին երեք ամիսներին, պարտադիր մեր ֆեյսբուքյան էջի հոդվածները խրախուսում, ոգևորում էին մարդկանց, նյութերը վերջանում էին մեր ընթերցողներին «Հայաստան համահայկական հիմնադրամ», Նիդերլանդների տարածքային կառույց և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ ուղղորդելով: Վստահության ամրապնդման համար մենք խոստանում էինք մեր ընթերցողներին հետամուտ լինել նրանց յուրաքանցյուր Եվրո նվիրատվությանը, պատմել որտեղ է ծախսվելու ու ինչ նպատակով:

 Այդպես սկզբում էր, սակայն պատերազմի տխուր ավարտից հետո Նիդերլանդների մասնաճյուղի կայքից ջնջվեցին նվիրատուների անունները, թեև խոսվում է այս կամ այն ծրագրերին մասնակցության մասին, սակայն ոչ մի կոնկրետ հաշվետվություն, միայն լղոզված ու թերի տեղեկություններ, խոսքեր ու թափանցիկության բացակայություն, որի մանրամասնությունները տեղին չենք համարում ներկայացնել` խնայելով ընթերցողի ժամանակն ու համբերությունը:

Այնուհանդերձ, ընդհանուր առմամբ հիմնադրամի նկատմամբ նրա պատասխանատուների ոչ սթափ, ու ինչու չէ հանցավոր վերաբերմունքը չէր  կարող հասարակ նվիրատուների լայն  շրջանակում չձևավորվեր անվստահության ու հիասթափության մեծ զգացում: Անցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման օրվանից 32 տարի (Նիդերլանդների նրա մասնաճյուղն ավելի ուշ ու ընհատումով է գործել):  Իմ ու շատերի նվիրական երազանքներն այդպես էլ իրականություն չդարձան:  Սրտի թրթիռով ու կամավորությամբ հավաքված գումարները փոշիացվեցին: Մեր պետությունն այսօր կանգնած է գոյաբանական խնդրի առջև ու դժվար թե այժմ հիմնադրամը նույնիսկ համախմբվածության դեպքում արմատական խնդիրներ լուծի, ավելի ճիշտ կլինի վերափոխել ու արդիականացնել հիմնադրամի գործունեությունը:
 Չնայած սկզբնական գաղափարի լուրջ շեղումներին` հիմնադրամն  այնուհանդերձ իրագործեց  ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման, բնական գազատարների անցկացման, Արցախում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրու կառուցման ծրագրեր։ Հիմնադրամի ջանքերով կառուցվեցին ու վերակառուցվեցին մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ։ Հիմնադրամն իրականացրեց  կրթական, մշակութային և գիտական ծրագրեր։  Ինչքա՞ն գումարի դիմաց ու որքանո՞վ արդյունավետ էին այս ծրագրերը, դա այլ հարց է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրերն Հայկակ Արշամյանը վերջերս  առաջին ալիքին տված հարցազրույցում ընդունեց, որ  Հաշվետվողականության բարձրացման ու ծրագրերի մատչելի լուսաբանման, թափանցիկության ապահովման խնդիրներ կան ու դրանց բարելավման արդյունքում է, որ այս տարի «Հայաստան» համահայկական Հիմնադրամն իր նվիրյալներից հավաքագրել է 15,302,500 ԱՄՆ դոլար: Սա վերջին 10 տարիների (բացառությամբ 2020թ.) Լավագույն արդյունքն է:

Արդյունքը` արդյունք, բայց կարևորը կորսված հավատի վերականգնումն է: ՈՒզում ենք հավատալ, որ հայ ժողովուրդը դասեր քաղելով շտկելու է իր մեջքը ու շարունակելու է իր անկախ դարավոր ընթացքը` միասնությամբ ու հզոր պետության կառուցմամբ:


Hay Azian
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր




Պատերազմական ժամանակաշրջանի մի քանի հրապարակման հղումներ, որը համախմբող նշանակություն ունեցավ  

FAON- ը դատապարտում է հարձակումները և համերաշխություն հայտնում Արցախին և Հայաստանին

https://niderlandakan.livejournal.com/454273.html

Ինչ կարող ենք հիմա անել, կամ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
https://niderlandakan.livejournal.com/449316.html

Նենգ թշնամի, անհապաղ միջոցռումներ, դրամահավք
https://niderlandakan.livejournal.com/448398.html

Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպությունները փորձում են սատար լինել Արցախին,Հայաստանին
https://niderlandakan.livejournal.com/445979.html

Դեն Բոս քաղաքի հայ համայնքը կոչ է արել` քննարկելու պատերազմում Արցախին օգնելու խնդիրը
https://niderlandakan.livejournal.com/443264.html

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ. ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
https://niderlandakan.livejournal.com/444037.html

ԱՐՑԱԽԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԸ
https://niderlandakan.livejournal.com/435926.html

Քուրդ Ալիի օգնությունը Հայաստանին
https://niderlandakan.livejournal.com/437868.html

Միացյալ Հայերը Հոլանդիայում միությունը կազմակերում է առցանց մշակութային ցերեկույթ
https://niderlandakan.livejournal.com/439454.html

Դեսպան Տիգրան Բալայանը` ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին
https://niderlandakan.livejournal.com/433061.html

«Յուրաքանչյուրս 10 Եվրո» «Նիդերլանդական օրագրի» նախաձեռնությունից կարճ ժամանակ անց
https://niderlandakan.livejournal.com/432664.html

Մենք ներկայացնում ենք ձեզ, դուք օգնում եք մեր երկրին
https://niderlandakan.livejournal.com/423964.html

«Kapsalon Bianco» գեղեցկության սրահը հայտարարել էր բարեգործական օր
https://niderlandakan.livejournal.com/422605.html

ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏՈՎ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ
https://niderlandakan.livejournal.com/424410.html

Օգնում ենք Հայաստանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով
https://niderlandakan.livejournal.com/422189.html

3 ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
https://niderlandakan.livejournal.com/450059.html

Օգնություն Արցախին/ПОМОЩЬ АРЦАХУ
https://niderlandakan.livejournal.com/399727.html

Նիդերլանդահայ և բելգիահայ թվով 180 գործարարներ արդեն հանգանակություններ են արել
https://niderlandakan.livejournal.com/415841.html

ՀԱՎԱՔՎԵՑ €412.387
https://niderlandakan.livejournal.com/415370.html

«Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում»
https://niderlandakan.livejournal.com/429527.html

Նիդերլանդահայերը տարբեր եղանակներով շարունակում են օգնել արխախցի մեր հայրենակիցներին
https://niderlandakan.livejournal.com/405049.html

Չի դադարում նիդերլանդացի մեր հայրենակիցների օգնությունը Արցախին ու Հայաստանին
https://niderlandakan.livejournal.com/403882.html

Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը հերթական օգնությունն է պատրաստվում առաքել Արցախ
https://niderlandakan.livejournal.com/406146.html

Հարցազրույց «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների կառույցի (Armeniefonds NL ) պատասխանատուների հետ
https://niderlandakan.livejournal.com/472942.html
-----
https://niderlandakan.livejournal.com/2020/09/
https://niderlandakan.livejournal.com/2020/10/
https://niderlandakan.livejournal.com/2020/11/

Դրամահավաքներ




Հարցազրույցներ





2020թ վերջին ամիսների ու դրանից հետո այս թեմայով Ֆեյսբուքյան մեր գրառումներն ավելի
 առատ են





Wednesday, 11 December 2024

Լիլիթ Միկոյան. Խոհեր, բանաստեղծություններ

 Լիլիթ Մանը ծնվել է 1992 թվականի մարտի 16-ին՝ Վանաձորում։ 2008 թվականին ավարտել է Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2012 թվականին ավարտել է Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։ 2021 թվականից աշխատել է որպես «Լոռու մարզ» և «Երկունք» թերթերի սրբագրիչ, 2022-ից հիշյալ թերթերի գլխավոր խմբագրի տեղակալն է։ Նրա բանաստեղծությունների շարքերը տպագրվել են «Գրական թերթում», «Նորք» հանդեսում և «Գրեթերթում»: 2022 թվականին «Արարատ մրցանակաբաշխությունում Լիլիթի բանաստեղծությունների «Հիգիենիկ երազներ» ժողովածուն արժանացել է գլխավոր մրցանակին։ Ժողովածուն հրատարակել է Երևանի «Արմավ» հրատարակչությունը։ Գրքի մասին գրախոսություններ են տպագրվել «Գրական թերթում» և «Գրեթերթում»։ 2023 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Ամուսնացած չէ։ Անկուսակցական է։

-----------------------------------
Լույսի անատոմիա
Գիտակցությունը ժառանգական ֆունկցիա չէ
 
Իմ էությունը տեսնում եմ,
երբ մերկացնում եմ
քո էությունը։
Ինքնագիտակցության
ու բանականության
սահմանագիծն անցնում եմ
քո գիտակցության
ու ենթագիտակցության
բյուրեղյա ճանապարհով։
Իմ ուղեղն ընդունում
և ընկալում է
միայն քո ուղեղաբնի
ցանցանման գոյացությունը։
Գլխուղեղս վերծանում է
քո ուղեղի զգայական մեխանիզմը։
Ես ակտիվացնում եմ
իմ հուզային նշանակություն
ունեցող գրգռիչները,
որի արդյունքում երևում են
քո կենսաէլեկտրական
ու վեգետատիվ
հոգեկան տեղաշարժերը։
Վերագործարկում եմ
իմ հոգեբանական պաշտպանությունը՝
քո հոգեֆիզիոլոգիական
կերպարի չափանմուշային
և նյարդային մոդելի ծրագրով։
Իմ գիտակցությունը
վերբեռնում է նոր հատկություններ,
դասակարգում և ճանաչում է
քո ռեակտիվության,
զգայունակության
ու ընտրողականության
առանձնահատկությունները,
մերժելով իմ անհատական բնույթը`
գործարկում է քո ամբողջականությունը։
Ամբողջովին ներբեռնում եմ
քո գիտակցության գործառույթները։
Ակտիվացնում եմ գիտակցության
արտացոլման նպատակադրված
ժամանակատարածային
ստեղծագործական
հոգևոր ֆունկցիան։
Հիմա քո գիտակցության
ճշգրիտ արտապատկերումն
արտահայտվում է
իմ բանականությամբ։
 
* * *
Հոգին Աստծո բացարձակ գիտակցությունն է 
 
Հոգին Աստվածային գիտակցության անհատական դրսևորումն է և մեր գոյության բանականության աղբյուրը։ Տիեզեքն արտացոլում է Աստվածային գիտակցության կարողությունները մեր հոգու հայելու մեջ։ Աստվածային բացարձակ երևակայությունն ստեղծում է իր գիտակցության անհատական երևակայության կարողությունը մեր հոգիներում։ Աստվածային էակներն ունեն Աստվածային բացարձակության բոլոր հատկությունները, որոնք ստեղծում են գիտակցության երևացող տիեզերքը։ Աստծո բանականության սուբյեկտները մեր հոգիների գիտակցական արտացոլումն են։ Բոլոր հոգիները միասին պահպանում են Ֆիզիկական տիեզերքը։ Յուրաքանչյուր հոգի ունի իր գերադասը, իսկ վերջում գերմարդն է։ Ով գիտակցությունը համակցում է Աստվածային խղճի հետ, հոգու մարմնավորումն ավարտվում է Մկրտությամբ։
 
* * *
Մտքի սինթեզ
 
Գիտակցությունը ֆիզիկական միտքն է, որը մենք արտահայտում ենք։ Բարձրագույն միտքը միջնորդ է մեր ֆիզիկական մտքի ու հոգու գիտակցության միջև։ Այդ կապի միջոցով միտքը կարող է օբյեկտիվ իրազեկություն ունենալ իր յուրաքանչյուր իրադարձության մասին։ Բարձրագույն ոգու և հոգու փոխհարաբերությունը մեզ դարձնում է հոգևոր էակներ։ Եթե թուլացնենք այդ կապը չենք զգա Աստվածային ներկայությունը մեր հոգում։ Որքան ուժեղ լինի մեր ֆիզիկական կապը բարձր ոգու և հոգու հետ, այնքան հզոր կլինի մեր օբյեկտիվ գիտակցությունը։ Բարձրագույն միտքը գործընթացը տեսնում է բարձր չափույթից և փոխանցում է մեր ֆիզիկական մտքին։ Այս տարփոխումը մեր ինտուիցիան է, որ զգում ենք երազների միջոցով։ Մենք ճնշում ենք մեր ֆիզիկական միտքը և բարձրագույն մտքին թույլ ենք տալիս ազդել մեր գիտակցության վրա։ Գիտակցության աճը պետք է մեծացնենք այնքան, որ մեր մարմինը վերածնվի սիրո իմաստավորված լուսավորությամբ։
 
* * * 
Կենսաբանական համակարգիչն ընդդեմ սինթետիկ ուղեղի
 
Ներթափանցում եմ
իմ կենսաբանական
համակարգիչ՝
առանց գաղտնաբառի։
Տեսնում եմ մարմնիս
բոլոր մկանները
գլխուղեղիս կապող
նյարդային ցանցը,
որոնք ակտիվացնում են
իմ մկանները
մեխանիկական ճանապարհով
և կրում են առեղծվածային
մի նյութ՝ «կենդանի հոգի»։
Անցնում եմ նյարդային
համակարգիս շարժուն
և անվտանգ ճանապարհով։
Բարձր մտածական
ֆունկցիաներիս իրականացումը
կատարում եմ ոչ ֆիզիկապես։
Ներկում եմ նեյրոններիս
որոշակի խմբեր՝
ներառելով նեյրոնիս մարմինը։
Առանց ներկի
գլխուղեղիս հյուսվածքը
մանրադիտակի տակ
երևում էր պրոտոպլազմային
լարերի անթափանց ցանցի ձևով
և չէր կարողանում տարբերակել
որևէ առանձին կառույց։
Մշակում եմ
մուլտիէլեկտրոդային գրանցումը
և թույլ եմ տալիս գլխուղեղիս
բջիջների ակտիվության
միաժամանակյա գրանցումը
և գենետիկական ինժեներիան։
Ձևափոխում եմ գլխուղեղիս
մոլեկուլային բաղադրիչները,
գենոմիկան և ԴՆԹ- ի մակարդակում
ուսումնասիրում եմ
գլխուղեղիս ֆունկցիան,
կառուցվածքի առանձնահատկություններն
ու նեյրոպատկերումը։
Թղթապանակներից մեկում
հայտնաբերում եմ,
որ գործածում եմ
կենսաբանական համակարգչիս
միայն 10 տոկոսը։
Արդյունքում գործածվում է այն
ամբողջությամբ,
իսկ նիրհման ընթացքում
ավելի ակտիվ է աշխատում։
Ծրագրավորման բաժնում
տեսնում եմ՝ ինչպես է
տարբեր հատվածների միջև
տեղեկատվությունը սահում
420 կմ/ժամ արագությամբ։
Անցնում եմ նեյրոն
նյարդային բջջի մաս կազմող
աքսոնները, որոնք տեղավորված են
160 930 կմ երկարությամբ։
Արդյունքում չորս անգամ
պտտվում եմ Երկիր մոլորակի շուրջը։
Պարզում եմ, որ իմ մարմնի
ամենագեր օրգանը
կեսաբանական համակարգիչս է։
Այն պարունակում է մինչև
60 տոկոս յուղ։
Հայտնաբերում եմ, որ համակարգիչս
կարող է 25 վտ լարում ստեղծել
և ապահովել լամպի աշխատանքի
համար անհրաժեշտ հզորությունը։
Պարզում եմ, որ համակարգչիս
հզորության մեծությունը կապված չէ
ավելի խելացի լինելու հետ։
Սկզբնական փուլում
նրա հզորությունը նույն է,
ինչ հասուն տարիքում։
Հիշողության հատվածում
տեղակայված է
մեկ քվարդիլիոն ինֆորմացիա։
Ամեն վայրկյան
կենսաբանական համակարգչումս
100 000 քիմիական ռեակցիա է
տեղի ունենում։
Հոգեպես ցնցվում եմ,
որ համակարգիչս իմ զանգվածի
միայն 2 տոկոսն է զբաղեցնում
և օգտագործում է 25 տոկոս
թթվածին ու էներգիա՝
օրական առաջացնելով 70 000 միտք։
Ախտազերծում և սրբագործում եմ
իմ կենսաբանական համակարգիչը։
Վերագործարկում եմ
ուրախությունս և հիացմունքս։
Ամբողջովին ջնջում եմ
հիասթափություն, բողոք,
վախ ու տագնապ
պարունակող թղթապանակը։
Հիմա կենսաբանական համակարգչիս
կաշխատի արդյունավետ
և ինձ կփոխանցի
Աստվածահաճո տեղեկատվություն։
Այդ ընթացքում գիտնականներն
ստեղծում են սինթետիկ ուղեղ,
փորձում են 3D ձևաչափով
վերարտադրել
կենսաբանական համակարգչի
միլիարդավոր բջիջների աշխատանքը։
Այդ ամենի համար
նրանց անհրաժեշտ է
10 հազար համակարգիչ և 10 տարի։
Վերաարժևորում եմ
կենսաբանական համակարգչիս
գոյությունն ու անսահման
հնարավորությունները,
որոնց արդյունքում
տարիները փոխակերպվում են ժամերի։
 
* * * 
Մեր սիրո դղյակը տիեզերական տարածությունում
 
Ես նախագծում եմ իմ երազները՝
քո գիտակցված
երազատեսության ընթացքում։
Մենք միաժամանակ գտնվում ենք
վերերկրային տիրույթում։
Մեր մարմինները մեզ են սպասում
կյանքի թաղանթում,
իսկ հոգիները գնում են
երկիրը շրջապատող
տիեզերական տարածություն։
Աստծո պարգևած երկնակամարում
հիմնում ենք մեր սիրո դղյակը։
Այստեղ մեզ շրջապատում են
միայն հրեշտակները։
Նրանք ամեն օր
մեզ հատկացնում են 100 րոպե՝
մեր սիրո դղյակում
երջանիկ ակնթարթներ
վայելելու համար։
Ամբողջ կյանքի ընթացքում
վեց տարի մենք
երկնքի ու երկրի միջև
գտնվող տարածությունում ենք։
Այստեղ մեր հոգիները
ենթարկվում են կատարսիսի՝
հոգեկան էներգիայի ազատագրման,
էմոցիոնալ լիցքավորման
անհատական գործընթացի,
իսկ ֆրուստրացիայի միջոցով
ստանում ենք
մարմնական արտահայտություն,
որն ունենում է
բուժիչ ազդեցություն և ինքնաընկալում։
Մեդիտացիայի միջոցով
հասնում ենք նիրվանայի։
Մենք վերադառնում ենք
կյանքի թաղանթ՝
սրբագործված սիրով,
և րոպեները վերածում ենք վայրկյանների։
 
* * *
Հոգիս արտացոլվում է Քո աչքերում
 
Ես նյարդալեզվաբանական
ծրագրավորում եմ
իրականացում ինձ հետ։
Ներշնչում եմ պատկերացումներ,
հույզեր ու մտքեր՝
վերածրագրավորում եմ
իմ աշխարհայացքը։
Այս ծրագրավորման շնորհիվ
բացասական ծրագրերը
վերափոխում եմ արդյունավետ
և լուսավոր ծրագրերի։
Նախագիծը որոշում եմ
հարլեզվական բնութագրիչներով,
որոնք արտահայտվում են
խոսքի խորքային
մակարդակներում։
Ներթափանցում եմ
հայացքիս մեջ,
սինթեզում եմ գույների ընկալումն
ու արտահայտումը։
Ներսում լսում եմ ձայնիս
հնչյունների շարժումը
և տեսնում
հոգուս ներքին պատկերները։
Հետազոտում եմ ներաշխարհիս
զգացմունքներն ու հույզերը։
Ստեղծում եմ
ներաշխարհիս քարտեզը,
սակայն տարբերակում եմ
սուբյեկտիվը օբյեկտիվ
իրականությունից,
որպեսզի չզրկվեմ
ճկուն արձագանքելու
ունակությունից։
Կարգավորում եմ
ինֆորմացիայի ընկալումն
ըստ զգայարանների։
Վերագործարկում եմ
տեսողությունս՝
բիբերիս սրտում թողնելով
միայն Քո դեմքը։
Լսողական վերլուծիչս
ծրագրավորում եմ այնպես,
որ անընդհատ լսեմ
Քո շնչառությունը։
Վերակառուցում եմ
շարժողական համակարգս՝
համապատասխանեցնելով
Քո գործողություններին։
Թարմացնում եմ
համի և հոտի ընկալումներս՝
տալով նրանց
Քո զգայունակությունն
ու Քո բույրը։
Այժմ հոգուս արտացոլանքը
տեսնում եմ Քո աչքերում։

Մանրամասնությունները «Գրական չորեքշաբթի» կայքում