Այս հոդվածը հրապարակվել է «Պրովիդենս» (providence)անունը կրող Քրիստոնեության և ամերիկյան արտաքին քաղաքականության ամսագիրը Հունիսի 16-ին (Հրատարակիչ՝ Կրոնի և ժողովրդավարության ինստիտուտ ): Հեղինակն է Իսրայելում բնակվող թուրք լրագրող Ուզայ Բուլութը: «Նիդերլանդական օրագրի» համար թարգմանել է Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Saturday, 17 June 2023
ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅ ՄԱՅՐԵՐ ՍԳՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՆՎԱԾ ԻՐԵՆՑ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԱՀԸ
Wednesday, 14 June 2023
Նիդերլանդական «Ծիրանի ծառ» երգչախումբը աշնանը ևս համերգներ կունենա
Նիդերլանդացիները նվագում են հայկական ժողովրդական գործիքներով և կատարում են հայկական երգեր: Կարող եք հիանալ: Հենց դա էլ տեղի ունեցավ: 2023 թվականի հունիսի 11-ին, երբ հայկական նախագծի շրջանակներում Ամստերդամի Oranjekerk-ում ելույթ ունեցավ «Ծիրանի ծառ» երգչախումբը:
«Այս ֆանտաստիկ համերգն իրոք վայելեցի,-գրում է Աբովյան մշակութային միության անդամ Ինգա Դրոստը: Առաջարկվեց հարուստ գործիքային և ոկալ հայկական երաժշտություն` բազմաժանր երգացանկով: Երբ հնարավորություն լինի անպայման բաց մի թղեք, այցելեք ու նայեք»։
Տիկին Inge Drost-ը մեզ երկու տեսանյութ ու մի քանի նկարներ էլ է տրամադրել, որը կարող եք դիտել` այցելելով մեր կայքերը:
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել «մեր» Ruzanna Hakobjan-ին (քանոն), եւ երաժշտական ղեկավար Ivo Boswijk-ին!
🟢Armeens projectkoor Tsirani tsar
📣Ի դեպ. դեռ հնարավորություն ունեք դիտել այս հրաշալի խմբի համերգը: Ամրագրեք տոմսերն հենց հիմա` հոկտեմբերի 7-ին.
📌Ուտրեխտում կայանալիք համերգի համար.
https://www.ticketkantoor.nl/shop/071023Utrecht
Կամ`
📌Նայմեխենում, նոյեմբերի 12-ին:
https://www.ticketkantoor.nl/shop/12112023Nijmegen
Նիդերլանդների Հայ Եկեղեցու արմատները
Monday, 5 June 2023
Նիդերլանդացի ազգությամբ հնդիկ ամենաիսկական հայը
Վերիմաստաւորելով սփիւռքը
Թէեւ լայն հասարակութիւնը վերջին երկու տասնամեակներուն ընթացքին ենթարկուած է արմատական փոփոխութիւններու, հայկական սփիւռքի համայնքները չեն ընդունած բարեշրջման հետեւեալ երեսակները.
Համացանցը յեղափոխած է հասարակութեան յարացոյցը՝ առիթ տալով անհատներուն արտայայտուելու եւ ազդեցութիւն գործելու, այսպիսով իշխանութիւնը ընտրուած մարմիններէն տեղափոխելով զանգուածային խումբերու: Այս երեւոյթին պատկերաւոր օրինակը տեղի ունեցաւ 2022 թուականի դեկտեմբերին, երբ ֆէյսպուքեան խումբ մը կազմակերպեց շոգեկառքերու գործադուլներ, որոնք փաստացի խափանեցին ֆրանսական «TGV» եւ միջքաղաքային շոգեկառքերուն 60 տոկոսը՝ անխօս թողելով նոյնիսկ ամէնէն ազդեցիկ արհեստակցական միութիւնները:
Քաղաքացիական հասարակութեան կառոյցներու աճի միտում կայ, ինչպէս օրինակ՝ երբ Ֆրանսայի նախագահի թեկնածու Մելանշոնը աշխուժօրէն ներգրաւեց կուսակցութեան անդամները՝ որոշումներ կայացնելու գործընթացներուն մէջ: Եւ որպէս արդիւնք, հակառակ անոր որ տնտեսագէտները անհնարին համարած էին իր ծրագիրը, ան 2022 թուականի նախագահական ընտրութիւններուն հաւաքեց ձայներուն 21.75 տոկոսը, մինչդեռ պատմական ընկերվարական կուսակցութիւնը յաջողեցաւ ապահովել միայն 1.75 տոկոս աջակցութիւն:
Արեւմուտքի երիտասարդութեան շրջանէն ներս քաղաքական հետաքրքրութեան նուազման մտահոգիչ միտում մը կայ։ 2022 թուականի Ֆրանսայի նախագահական ընտրութիւններուն առաջին փուլին՝ զարմանալիօրէն, 18-էն 24 տարեկան երիտասարդներուն 41 տոկոսը որոշեց ձեռնպահ մնալ՝ ի համեմատումն մնացեալ բնակչութեան 22 տոկոսի ձեռնպահութեան։ Այս միտումը կարծես թէ կ’ազդէ նաեւ սփիւռքի հայ երիտասարդներուն վրայ, որոնք զգալի անտարբերութիւն մը կը դրսեւորեն հայաստանեան քաղաքականութեան նկատմամբ: Անոնք անտարբեր են Հայաստանի մէջ ընտրութիւններու եւ վարչակարգի փոփոխութեան կարեւորութեան նկատմամբ:
Մէկ դարուան ընթացքին՝ սփիւռքի համայնքները զգալի վերափոխումներու ենթարկուեցան՝ յարմարուելով զիրենք հիւրընկալած երկրներուն, ինչպէս նաեւ մշակութապէս շեղելով ե՛ւ իրարմէ, ե՛ւ հայրենիքէն: Քիչ հաւանականութիւն կայ, որ սփիւռքեան մարմին մը կրնայ ձեւաւորուիլ կամ սփիւռքը կրնայ կառավարուիլ «մէկ կեդրոնէ»։
Փարիզի, Մոնթրէալի, Պոստոնի եւ Լոս Անճելոսի հայկական համայնքները իրարանման դրուածք մը ունին: Անոնք կը բնութագրուին կառոյցներով, որոնք բաղկացած են բեւեռացուած կազմակերպութիւններէ, եւ որոնք տասնամեակներ շարունակ գրեթէ անփոփոխ մնացած են: Այնուամենայնիւ, մեզի համար կարեւոր է յարմարիլ հասարակութեան բարեշրջման՝ հաշուի առնելով հետեւեալ գործօնները.
Թէեւ արեւմտեան հասարակութիւնները կրնան գործել առանց իրենց եկեղեցիներուն, քաղաքական կուսակցութիւններուն ու հաստատութիւններուն, հայկական սփիւռքը, սակայն, մեծապէս յենուած է այս կենսական կազմակերպութեանց վրայ: Մեր դպրոցները, մեր մշակութային, հասարակական եւ մարզական կազմակերպութիւնները, ինչպէս նաեւ մեր մամուլը՝ իրենց գոյութեան համար պարտական են մեր համայնքային կառոյցներուն: Մեզի համար կարեւոր է զարգանալ իմաստութեամբ՝ խթանելով փոխադարձ յարգանքը աւանդական կառոյցներուն եւ նոր ձեւաւորուող քաղաքացիական հասարակութեան միջեւ:
Հայաստանի եւ սփիւռքի յարաբերութիւնները պէտք է վերաճեն ներկայիս «կեդրոն-ծայրամաս» ներկայացուցչութենէն դէպի աւելի ներառական եւ բազմակեդրոն հայկական ինքնութիւն, որ կը խթանէ դաշնային մօտեցումը, ինչ որ կ’ամրապնդէ կապն ու գործակցութիւնը անոնց միջեւ:
Մեր երիտասարդներուն պարզապէս քաղաքականութեամբ զբաղելու կոչ ուղղելու փոխարէն, կարեւոր է հզօրացնել զիրենք եւ ապահովել իրենց անհատականութիւնը՝ ատորմով իսկ ապահովելով ապագայ մը, ուր անոնք կրնան դառնալ հասարակութեան յաջողակ եւ ազդեցիկ անդամներ:
Սփիւռքի իւրաքանչիւր կեդրոնի մէջ, գոյութիւն ունեցող աւանդական կառոյցներուն կողքին մենք պէտք է նպաստենք համայնքի կրթական, ընկերային, մշակութային եւ տնտեսական զարգացման խնդիրներուն անդրադարձող՝ ժողովուրդը միաւորող մարմիններու աճին:Նոր մարմինները պէտք է նպատակ ունենան ըլլալու զօրեղ, միաւորող եւ կայուն՝ ոգեշնչուելով յաջողութեան հասած այլ փոքրամասնութիւններէ:
Հայաստանի Հանրապետութեան մէջ իրարայաջորդ կառավարութիւններուն ուղերձը նոյնն էր. «Արի տուն», վերադարձիր տուն, տուր՝ չունենալով կենսունակ, ծաղկող սփիւռք մը պահպանելու տեսլական: Սփիւռքի համայնքները պէտք է աճին ինքնուրոյն եւ անկախ:
Ես կը հրաւիրեմ տեսլականի շուրջ մտածողները եւ համայնքներուն մէջ ներգրաւուած անհատները՝ իրենց գործուն մասնակցութիւնը բերելու մեր համայնքային կառոյցներուն համար նախագիծ մշակելու գործընթացին, գործելով տեղական գետնի վրայ, ունենալով, սակայն, համաշխարհային տեսլական՝ նպատակ հետապնդելով միաւորելու մեր ազգին հաւաքական ուժերը:
Կը հրաւիրեմ անոնք, որոնք կը ցանկան ընդունիլ արձագանգելու մարտահրաւէրը:
Յովէլ Շնորհօքեան
Saturday, 27 May 2023
Շիրակի անթառամ ծաղիկների արարչագործուհին . Լիլիթ Տոնականյան
Աշխարհագրական տարբեր վայրերն ու տարածությունն այլևս խոչնդոտ չեն շփվելու, ծանոթություն հաստատելու հրաշալի, ստեղծագործող մեր հայրենակիցների հետ: Համացանցն այդ հնարավորությունը տալիս է: Հատկապես ինձ հիացրեց Արթիկում բնակվող ու այնտեղ էլ ստեղծագործող Լիլիթ Տոնականյանը, ով փորձում է իր արվեստով օգտակար լինել հայրենի ծննդավայրին: Մինչ գեղեցկուհի, Շիրակի դաշտավայրի գույնզգույն ծաղիկների արարչագործուհի, գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի հետ մեր հարցազրույցը` ներկայացնենք նրան:
Ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Նկարել սկսել է վաղ տարիքից։ 2009 թվականին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, այնուհետև ընդունվել ու սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժնում։ Դեռ ուսման տարիներից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ մայրաքաղաք Երևանում: Միայն մոտ մեկ տասնյակին հասնող անհատական ցուցահանդեսներ է ունեցել: Լիլիթի ստեղծագործություններում Շիրակի դաշտավայրի գեղեցիկ ծաղիկներն են, սքանչելի բնությունը, նկարում է նատյուրմորտներ, ունի նաև աբստրակտ ոճի գործեր, ունեցել է նաև թեմատիկ ցուցահանդեսներ, որոնցից մեկը նվիրված է եղել հենց ծաղիկներին: «Փյունիկ» զարգացման կենտրոնում բացված ցուցահանդեսը ունեցել է՝ «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը» խորագիրը: Մասնագետներն ու մամուլը լավ գնահատականների են արժանացրել Լիլիթ Տոնականյանի աշխատանքները: Գեղանկարչուհին մարզերում կարևորում է ցուցահանդեսների բացումը: Այն խթանում է տեղերում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը: Լիլիթի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանում, մասնավորապես Կանադայի Վանքուվեր քաղաքում: Այժմ նկարչուհին աշխատում է Փանիկ գյուղի արվեստի դպրոցում, ունի մի քանի տասնյակ սաներ, ովքեր յուրացնում են գեղանկարչության գաղտնիքները:
Հարցազրույց կենսագրականի շտրիխներով
-Լիլիթ ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք նկարել:
Այնպես, ինչպես բոլոր փոքրիկներն են սկսում նկարել: Սիրեցի մատիտները, դրանցով արված խզբզոցները, որն սկսել էի ինչ որ բաների նմանեցնել: Հետո առավելություն ունեցան գույները: Իսկական հայտնություն էր, երբ արդեն արտանկարներ էի անում գրքերից: Երբ հաճախեցի Արթիկ քաղաքի գեղարվեստի դպրոց, այդ օրվանից բացվեց նկարչության հրաշալի ու կախարդական աշխարհը: Սկսեցի յուրացնել նկարչական այբուբենը, հասկանալ ավելի գրագետ նկարելու գաղտնիքները։ Յուրաքանչյուր նոր քայլ նկարչական ասպարեզում ավելի էր մոտեցնում մտքին, որ դա այն է ինչ ուզում էի ու նկարչությունը իմ առաքելություն էր:
- Նկատել եմ ավելի շատ ծաղիկներ եք նկարում: Ինչո՞ւ են ձեր կտավներում գերակշռում ծաղիկները:
Ես ծաղիկներ շատ եմ սիրում: Դա բնութան արարչագործության գագաթնակետն է: Ծաղիկը կյանք է, սեր է, որից արարվում է պտուղը: Տեսեք որքան տարբեր են ծաղիկները իրենց բուրմունքով ու գույներով: Ես չեմ թողնում, որ ծաղիկները թառամեն ու թոշնեն, ես հավերժացնում, հավիտենական կյանք եմ տալիս ծաղիկներին, վառ եմ պահում նրանց գույները, անգամ բուրմունք եմ ներարկում:
-Շատ անգամներ ձեր կտավներում օգտագործված է դեղին գույնը: Լսել եմ, որ, այդ գույնով աշխատելը դժվար է: Այդպե՞ս է: Այս առումով ձեզ օգնե՞լ են Վինսենթ վան Գոգի հայտնի կտավները:
Ես սիրում եմ վառ գույներով աշխատել, դրանք տրամադրություն են ստեղծում, կյանքն էլ եմ ուզում տեսնել այդքան վառ ու դրական, ճիշտ գույների նման: Իհարկե ինչպես բոլոր նկարիչները, ինձ թվում է ես էլ բացառություն չեմ, ոգեշնչված եմ Վինսենթ վան Գոգի գործերով, ունեմ նկարած արևածաղիկներ:
- Զարմանալի գեղեցիկ ծովանկարներ էլ ունեք: Ե՞րբ եք տեսել իրական ծով, այն ինչ զգացմունքներ է ձեր մեջ արթնացնում:
Բայց մի զարմացեք, որ ասեմ ծով չեմ տեսել: Դիտելով աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թեկուզ մեկ նկարը` ծովն այնքան մոտ ու պատկերավոր է թվում, որ ստեղծագործելու ցանկությունն առաջանում է:
-Սիրելի Լիլիթ, այդ դեպքում, երբ Նիդերլանդներ այցելեք` առաջինը միասին կտեսնենք ծովն ու կայցելենք Վինսենթ վան Գոգի թանգարան:
Համաձայն եմ, առաջ Աստված: Շնորհակալ եմ:
-Բայց դրա փոխարեն շատ են ձեր հայրենի բնաշխարհը պատկերող կտավները: Շիրակի դաշտավայրն էլ յուրատեսակ մի ծով է` ծաղիկների, այդպե՞ս չէ:
Դուք եք ասում, այդպես է: Ունեմ տարբեր ոճի աշխատանքեր, բայց գերակշռում են Շիրակի դաշտավայրին նվիրված կտավները, այնտեղ աճող գրեթե բոլոր ծաղիկները նկարել եմ, սիրում եմ մեր հողն ու ջուրը, որքան հաջողվել է այդ «ծով-օվկիանոսից» կարողացել եմ կորզել, անմահացնել ինձ հարազատ վայրերի գեղեցիկ պատկերները:
Աշխատանքներիս մեծ մասը մատներով եմ նկարում: Սիրում եմ հպվել կտավին, զգալ ներկերը, խաղալ գույների հետ` առանց միջնորդի, որ տվյալ դեպքում վրձինն է: Վրձինն էլ իր դերն ունի, օգտագործում եմ, երբ դրա կարիքն է լինում:
- Որոշ ցուցահանդեսներում վաճառել եք ձեր գործերից: Պահու՞մ եք ստեղծագործությունների արխիվ, թե ընդմիշտ բաժանվում եք վճառված աշխատանքներից:
-Գնորդը, բնականաբար սիրում, փայայում, գնահատում է աշխատանքդ: Հետևաբար վստահ ես, որ հոգատար ձեռքերում է: Այնուհանդերձ հանգիստ լինելու, բաժանումը թեթև տանելու համար կրկնօրինակում եմ, թեև բննօրինակն ավելին է: Նաև տպագրել եմ աշխատանքներիս պատկերագիրքը` թեև ընթացքում ստեղծագործում եմ ու բոլորը ներառել հնարավոր չէ:
-Ինձ զարմացնում ու հիացնում է նաև ձեր մի այլ որակ: Շատ արվեստագետներ պարզապես տեղափոխվում են մայրաքաղաք ու այնտեղ ստեղծագործում: Դուք նման պահանջ չունե՞ք:
Այդպես է: Բոլոր արվեստագետներն են ձգտում մեծ քաղաքներ, ինքս ապրում և ստեղծագործում եմ այստեղ՝ մեր փոքրիկ Արթիկ քաղաքում, ուրախ եմ, հոգով թեթև, որ մի բան փորձում եմ անել ծննդավայրիս համար: Արթիկ քաղաքին մոտ գտնվող Փանիկ գյուղում արվեստի դպրոցում նկարչության ուսուցչուհի եմ, ունեմ բավականին տաղանդավոր երեխաներ, ովքեր մեծ քաղաքներում ներկայանում են ցուցահանդեսներ, բարձր արդյուներ են գրանցում և ունեն լավ ապագա:
-Եթե նկարիչ չլինեիք, ի՞նչ կուզեիք դառնալ:
Ճիշտն ասած մտածել եմ ,բայց միևնույն է սերը դեպի նկարչություն ավելին է:
Զրուցեց՝ Հայ Ազյանը
«Նիդերլանդական օրագիր»














.jpg)





























