The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 23 December 2025

Նիդերլանդական Օրագիր – 2026 թ. Նոր տարվա և Սուրբ Ծննդյան ուղերձ

 

Հայրենակից սիրելի բարեկամներ,

Անցնող 2025 թվականը իր հետ տանում է փորձությունների, որոնումների, բայց միևնույն ժամանակ՝ նվաճումների ու հույսի մի ամբողջ շղթա։ Այն դարձավ մի տարի, երբ վստահ քայլերով շարունակեցինք մեր համայնքային առաքելությունը՝ խոսուն ու կենդանի պահելով կապը Մայր Հայրենիքի հետ, ամրապնդելով մեր ինքնությունն օտար երկրում և ընդլայնելով հայության ձայնը Նիդերլանդներում։

Այս տարի «Նիդերլանդական Օրագիր»-ը կանգնեց իր պատմական նշաձողի մոտ․
📌 մեր կայքն ունեցավ իր միլիոններորդ ընթերցողը,
📌 մեր ֆեյսբուքյան հարթակը՝ 50,000-րդ բաժանորդը։

Սա ոչ միայն թվային ձեռքբերում է, այլև ձեր՝ ընթերցողներիդ վստահության, համերաշխության ու միասնականության վկայությունը։ Մեզանից յուրաքանչյուրն արժանի մասն է այս մեծ ճանապարհի։

2026 թվականը դիմավորում ենք նույն հավատով՝
համայն հայության միասնության, Հայաստանի և սփյուռքի կապերի ամրապնդման, խաղաղության և հայրենանվեր գործի շարունակման հավատով։

Թող գալիք տարին մեր բոլոր ընտանիքների դռները բացի հնարավորությունների, ստեղծարար մտքի ու անվտանգ կյանքի առաջ։ Թող խաղաղությունը հաստատուն լինի հայոց աշխարհի բոլոր անկյուններում, իսկ մեր միասնական ջանքերը՝ պտղաբեր ու անվերապահ։

Մաղթում ենք՝
լույսով ու հույսով լցված տարի,
առողջություն, բարորություն և սեր,
համայնքային նոր նախաձեռնություններ ու անխափան աճ,
հպարտ քայլեր՝ հանուն մեր Հայրենիքի ու հայ ժողովրդի ապագայի։

Շնորհակալ ենք, որ շարունակում եք լինել մեր կողքին, կիսել մեր աշխատանքը և ձեր ընթերցմամբ այն դարձնել իմաստավորված ու արժեքավոր։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Թող 2026-ը խաղաղության, ստեղծման և համազգային նոր հաղթանակների տարի լինի։

Հարգանքով՝
«Նիդերլանդական Օրագիր»

-------------------------------------------------------------------

Նիդերլանդահայ համայնքի կյանքը 2025 թվականին նշանավորվեց կարևոր իրադարձություններով, նշանակալի հոբելյաններով, մշակութային ու կրթական նախաձեռնություններով, ինչպես նաև Հայաստան–Նիդերլանդներ կապերի նոր դրսևորումներով։ Տարին «Նիդերլանդական օրագրի» համար նույնպես եղավ բովանդակային առումով ակտիվ․ մեր հարթակը շարունակեց լուսաբանել համայնքի կյանքը, ուժեղացնել կապերը և դարձնել տեսանելի այն աշխատանքը, որը կատարում են անհատները, կազմակերպությունները և դպրոցները։

Ստորև ամփոփում ենք տարվա ընթացքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները, հոբելյաններն ու նշանակալի նախաձեռնությունները։

ՓԵՏՐՎԱՐ

24 փետրվար — Եվրոպայի Հայ Իրավաբանների Համաժողովը Մաաստրիխտում
Տարվա առաջին խոշոր համաժողովներից մեկը, որտեղ միավորվեցին եվրոպահայ իրավաբանները՝ փորձի փոխանակման և համատեղ օրակարգի ձևավորման նպատակով։

ՄԱՅԻՍ

11 մայիս — Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի հանդիսավոր բացումը Ամստերդամում
Տարվա ամենանշանակալի մշակութային իրադարձություններից։ Հուշարձանը դարձավ հայ հոգևոր մշակույթի նոր խորհրդանիշ Նիդերլանդներում։

ՀՈՒՆԻՍ

04 հունիս — Երևանում բացվեց «Հին աշխարհի զուգահեռներ. Հայաստան–Նիդերլանդներ» բացառիկ ցուցահանդեսը
Հայ–հոլանդական մշակութային համագործակցության եզակի ծրագիր, որում ներգրավված էր նաև նիդերլանդահայ համայնքը։

17 հունիս — «Նիդ. օրագիրը» և Մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը նամակ ուղարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Քաղաքացիական նախաձեռնություն՝ հայկական մշակութային ժառանգության պահպանության համար։

18 հունիս — Նայմեխենի ՎԱՆ դպրոցի 25-ամյակ
Համայնքային կարևոր կրթօջախի չորրորդ դարի ճանապարհը՝ լի նվաճումներով։

18 հունիս — Տասնօրյա միջոցառումներ՝ նվիրված հայազգի Սուրբ Սերվատիուսին
Հայ–հոլանդական պատմական և հոգևոր կապերի արժևորում։

ՀՈՒԼԻՍ

01 հուլիս — Ամստերդամի Սուրբ Գ. Նարեկացի կիրակնօրյա դպրոցի 10-ամյակը
Տասնամյա կրթական նվիրվածության և համայնքային աշխատանքի գեղեցիկ ամփոփում։

20 հուլիս — Դոտրեխտի Անի հայկական դպրոցի 10-ամյա ճանապարհը
Կրթական երկրորդ կարևոր հոբելյանը՝ հաստատության կայացման պատմությամբ։

ՍԵՊՏԵՄԲԵՐ

16 սեպտեմբեր — Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին դարձավ համայնքի մշտական սեփականությունը
2025-ի ամենասպասված իրադարձություններից։ Եկեղեցին վերջապես ունեցավ իր իրավական և համայնքային լիիրավ տիրապետությունը։

ՀՈԿՏԵՄԲԵՐ

17 հոկտեմբեր — Ալիկ Ասատրյանի պատմությունը․ «գրպանումս միշտ սերմեր ունեմ»
Կյանքի հանդեպ պատասխանատվության և հավատքի խորհրդանշական պատմություն։

30 հոկտեմբեր — Անի Զալինյանը՝ Նիդերլանդների պատմության առաջին հայազգի պատգամավոր
Տարվա քաղաքական գլխավոր իրադարձությունը՝ համայնքի համար։

ՆՈՅԵՄԲԵՐ

04 նոյեմբեր — Արձագանքներ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության գործունեության շուրջ
Քննարկումների և հանրային հետաքրքրության կենտրոնում գտնվող թեմա։

09 նոյեմբեր — «Ուղիղ 50 հազար ենք»
«Նիդերլանդական օրագիր» Facebook էջը անցավ 50,000 հետևորդի շեմը, իսկ կայքերի ընթերցումները հասան միլիոնի։

11 նոյեմբեր — Մաթեոս Ծարեցու հայկական մշակութային կենտրոնի բացումը Ամստերդամում
Նոր մշակութային օջախ՝ համայնքային կյանքի աշխուժացման համար։

16 նոյեմբեր — «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը՝ IDFA Amsterdam կինոփառատոնում
Հայկական պատմական հիշողության ներկայացում միջազգային բեմում։

18 նոյեմբեր — Մելանյա Սիմոնյանի բիզնես հաջողությունը․ Ռոտտերդամում բացվեցին երկու նոր խանութներ
Հայ ձեռնարկատիրության հերթական կարևոր ձեռքբերումը։

24 նոյեմբեր — Նարինե Բարսեղյանի նոր արվեստի խանութը Ամստերդամում
Հայ արվեստի ավելի լայն ներկայացում՝ հոլանդական մայրաքաղաքում։

23 նոյեմբեր — Հայ արվեստի և մշակույթի համաժողովի կուլիսները
Սփյուռքի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված խոշոր միջոցառում, որն ամրապնդեց մասնագիտական ու մշակութային կապերը։

2025 թվականը դարձավ այն տարին, երբ նիդերլանդահայ համայնքի կյանքում տեղի ունեցան միաժամանակ թե՛ խորհրդանշական, թե՛ կառուցողական նշանակություն ունեցող իրադարձություններ։

Տարվա ընթացքում համայնքն ունեցավ.

  • նոր ձեռքբերումներ մշակույթի և կրթության ոլորտում,

  • պատմական նշանակության իրադարձություն՝ Սուրբ Կարապետ եկեղեցու սեփականության ամրապնդմամբ,

  • քաղաքական կարևոր նվաճում՝ հայազգի պատգամավորի ընտրմամբ,

  • աճող տեսանելիություն՝ շնորհիվ նոր կենտրոնների, տոնական հոբելյանների և միջազգային ճանաչում ստացած մշակութային ծրագրերի։

«Նիդերլանդական օրագիրը» 2025-ին ևս մնաց համայնքի կյանքի գլխավոր տոնագլուխը՝ շարունակելով իր առաքելությունը՝ պահպանել հիշողությունը, ներկայացնել ներկան և կապել սերունդներին։

Monday, 22 December 2025

Ի՞նչ է նշանակում եկեղեցու իրական բարենորոգումը և արդյո՞ք այն հնարավոր է առանց հավատքի էության խաթարման

 «Նիդերլանդական օրագիրը» զրուցել է  աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ


Վերջին շրջանում Հայ Եկեղեցու շուրջ ընթացող քննարկումները շոշափում են մի հիմնարար հարց․ ի՞նչ է նշանակում եկեղեցու իրական բարենորոգումը և արդյո՞ք այն հնարավոր է առանց հավատքի էության խաթարման։ Այս հարցը նոր չէ հայ մտքի համար․ այն խորապես հուզել է արդեն 19–20-րդ դարերի սահմանագծի հայ աստվածաբաններին, երբ Եկեղեցին կանգնած էր թե՛ ներքին ճգնաժամերի, թե՛ ժամանակի մարտահրավերների առջև։

Հենց այդ ժամանակաշրջանում ձևավորվեց այն, ինչ հաճախ անվանում են Հայ Եկեղեցու «երկրորդ ոսկեդար»․ մի մտավոր շարժում, որի առանցքում կանգնած էին Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը, Գարեգին վարդապետ Հովսեփյանցը և Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանը։ Նրանք տարբեր ոճով, բայց միևնույն խորքային մտահոգությամբ էին խոսում Եկեղեցու մասին՝ որպես կենդանի մարմնի, որը չի կարող պահպանել իր կոչումը, եթե չի վերադառնում Ավետարանի կենդանի աղբյուրին։

Այս գործիչները համարձակորեն բարձրաձայնում էին այն խնդիրները, որոնցից շատերը այսօր էլ մնում են արդիական․ արտաքին ծեսի գերիշխում կենդանի հավատքի նկատմամբ, սնապաշտության տարածում, հոգևորականի դերի աղավաղում, ավանդույթի քարացում, եկեղեցական իշխանության փակ ու միակողմանի կառուցվածք։ Նրանց համար բարեկարգությունը ոչ թե Եկեղեցու ժխտումն էր, այլ՝ վերադարձը նրա բուն էությանը՝ Քրիստոսի Ավետարանին, հավատքի գիտակցված ապրմանը և համայնքային պատասխանատվությանը։

«Նիդերլանդական օրագրի» այս հարցազրույցում մենք աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ անդրադառնում ենք հենց այս մտավոր ժառանգությանը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են Կարապետ Տեր-Մկրտչյանի, Գարեգին Հովսեփյանցի և Երվանդ Տեր-Մինասյանի գաղափարները լուսաբանում մեր օրերում Հայ Եկեղեցու առջև կանգնած մարտահրավերները։ Քննարկումը չի նպատակադրում տալ հեշտ պատասխաններ, այլ հրավիրում է սթափ ինքնաքննության․ ինչպիսի՞ Եկեղեցի ենք մենք ուզում, և ի՞նչ հավատք ենք իրականում պատրաստ ապրել։

Այս զրույցը փորձ է ոչ միայն անցյալը հիշելու, այլ՝ այդ անցյալից եկող կենդանի հարցերը մեր ներկայի մեջ լսելի դարձնելու։

Հայ եկեղեցու բարեկարգության մասին 

 Այսօր խոսելու ենք, թե ինչու հայ եկեղեցում երբևէ բարեկարգություն չի եղել։ Կարո՞ղ եք թվարկել մի քանի պատճառներ, որոնք արգելք են եղել հայ եկեղեցու բարեկարգության համար։ 

Առաջին պատճառը պատմական հանգամանքներով է պայմանավորված․ Հայ Եկեղեցում երբեք իրական, համապարփակ բարեփոխություն չի կատարվել։ Եղել են առանձին քայլեր, որոշակի կարգապահական կամ կազմակերպական փոփոխություններ, բայց ոչ այնպիսի խորքային վերանայում, որը կվերաբերեր և՛ աստվածաբանական կրթությանը և՛ եկեղեցական կառավարմանը, և՛ հոգևորականության պատրաստության մակարդակին։ Երկրորդ պատճառը այն է, որ որոշ անհատների կողմից նման բարեփոխիչ փորձերը գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտվել են՝ կարծելով, թե դրանք սպառնում են Հայ Եկեղեցու ավանդությանը, նրա ինքնատիպ և դարավոր կերպարանին։ Արդյունքում յուրաքանչյուր նորացման փորձ հաճախ ընկալվել է ոչ թե որպես առողջ շտկում ու կենսական թարմացում, այլ որպես վտանգ կամ օտար ազդեցություն։ Երրորդ պատճառը աստվածաբանական խորքային իմացության բացակայությունն է, որի հետևանքով շեշտը շատ հաճախ դրվում է բացառապես հայրենասիրության, ազգային զգացմունքի վրա։ Երբ հավատքի բովանդակությունը, Սուրբ Գրքի և ժառանգության կենդանի ընկալումը ետ է մղվում, եկեղեցական կյանքը հեշտությամբ սահում է դեպի միայն ազգային-պատմական խորհրդանշանների մակարդակ, իսկ այն ինչ պետք է լինի հստակ աստվածաբանական մտածողություն, փոխարինվում է լոզունգներով ու զգացմունքային ելույթներով։ 

 Իսկ պատմության ընթացքում եղե՞լ են անձինք, որոնք ցանկացել են այսպիսի բարեկարգություն տեսնել Հայ Եկեղեցում։ 

 Իհարկե Հայ Եկեղեցին իր «երկրորդ ոսկեդարը» վերապրել է 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանը սերտորեն կապված է մի շարք վառ աստվածաբան-հոգևորականների անվան հետ՝ Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Գարեգին վարդապետ Հովսեփյանց, Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանց և ուրիշներ, ովքեր նոր շունչ ու խորություն տվեցին թե՛ աստվածաբանական մտքին, թե՛ եկեղեցական կյանքին։ Սույն հարցազրույցում կցանկանայի հատկապես կանգ առնել հենց այս երեք գործիչների վրա և փորձել ցույց տալ, թե ինչպես կարելի է նրանց մտքերը և գործունեությունը կապել մեր օրերում ստեղծված իրավիճակի, ներկա խնդիրների ու որոնումների հետ։

 Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը հաճախ բնորոշվում է որպես լուսավոր աստվածաբան և ազգային եկեղեցու անձնվեր պաշտպանը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն էր նրա գործունեության մեջ ամենահատկանիշավորն ու ներկա պահին ամենակարևորը մերօրյա Հայ եկեղեցու համար։

 Գիտեք Կարապետ եպիսկոպոսի մասին կարելի է շատ խոսել և դա դեռ բավարար չի լինի։ Առաջին կարևոր կետը, որ պետք է նշեմ, նրա համարձակությունն է՝ բարձրացնելու եկեղեցու բարենորոգության խնդիրները։ Նա չէր վախենում մատնանշել թերությունները, խոսել այն հարցերի մասին, որոնք շատերը նախընտրում էին շրջանցել։ Այս ամենի մասին, իհարկե, նա գրում էր թերթերում ու պարբերականներում և հանդես էր գալիս նաև խորը բովանդակությամբ քարոզներով։ Նրա հրապարակային խոսքն ու գրությունները նպատակ ունեին արթնացնել հավատացյալների գիտակցություն և խրախուսել պատասխանատու վերաբերմունք եկեղեցու կյանքի նկատմամբ։ Երկրորդ, գիտության և քննադատող միտքը, քանի որ «մեզանում հակակրօնական եւ հակաեկեղեցական տրամադրութիւն ստեղծողը գլխաւորապէս տգիտութիւնն է»։ Երբ մարդը չի ճանաչում իր հավատքի բովանդակությունը, հեշտությամբ բախվում է կեղծ պատկերացումների և մակերեսային քննադատությունների հետ։ Իսկ ճիշտ իմացությունը և առողջ քննադատական մտածողությունը ոչ թե քայքայում, այլ մաքրում ու ամրապնդում են և՛ հավատքը, և՛ եկեղեցական կյանքը։ Երրորդ կետը այն է, որ ըստ նրա՝ ամեն քրիստոնյա, հատկապես՝ Ավետարանի աշակերտն ու եկեղեցու սպասավորը, նախ և առաջ Աստծո խոսքի մարդ պետք է լինի։ Աստծո խոսք ասելով, ինչպես ինքն է շեշտում, պետք է հասկանանք Սուրբ Գիրքը՝ որպես ճշմարիտ հայտնության վավերական հիշատակարան, որտեղ գրի է առնված այն, ինչ Աստված դարեր առաջ խոսել է Իր մարգարեների և Միածին Որդու միջոցով։ Ուստի եկեղեցական գործի սրտում պետք է լինի ոչ թե մարդկային սովորությունը կամ իշխանությունը, այլ հենց այս կենդանի խոսքը, որից է սնվում հավատացյալի միտքն ու կյանքը։

Կարապետ Տեր Մկտրչյանի(1866-1915)

 Արդյո՞ք ըստ Կարապետ Տեր Մկտրչյանի հնարավոր է պատկերացնել հայ ժողովրդի պատմական ընթացքը՝ առանց Հայոց Եկեղեցու գոյության ու նրա ազգային դերի։ 

 Հայոց Եկեղեցին իր գոյության օրերից կրել է զուտ ազգային բնավորություն՝ ոչ թե իբրև արտաքինից մեզ վրա պարտադրված հաստատություն, այլ որպես ներսից աճած, հայ ժողովրդի հոգեբանությանը, լեզվին ու կենցաղին համապատասխան կուռ կառույց։ Նա յուրացրել է հայի լեզուն՝ դարձնելով այն աղոթքի, ուսման, պետության և առօրյա կյանքի գլխավոր գործիքը։ Քրիստոնեությունը, որը սկզբում կարող էր մնալ օտար մի վարդապետություն, Հայոց Եկեղեցու միջոցներով կապվեց մեր ազգային սովորությունների, տոնի ու ծիսակարգի հետ և ժամանակի ընթացքում դարձավ հենց հայ լինելու հիմնավորումներից մեկը։ Եկեղեցու նվիրապետական կառուցվածքը նույնպես խորապես ազգային բնույթ ստացավ․ այն կազմվեց հայ նախարարական տոհմերի ու թագավորական իշխանության հարաբերության օրինակով։ Քահանայապետի, կաթողիկոսի, եպիսկոպոսի հանդեպ ունեցած հարգանքը շատ առումներով նման է եղել զորավարի, իշխանական տան կամ թագավորի հանդեպ ունեցած վստահությանը։ Սկզբնական փուլում նույնիսկ կաթողիկոսական գահը ժառանգական բնույթ էր կրում՝ նմանապես իշխանական տան իշխանությանը, ինչը կրկին վկայում է, որ եկեղեցին դիտվում էր ոչ թե միայն հոգևոր, այլև պետական-ազգային իշխանության կարևոր բաղադրիչ։ Հայոց Եկեղեցին իր հաստատման օրերից եղել է լուսավորության և կրթության գլխավոր աղբյուր։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի նախաձեռնությամբ ստեղծված հայոց գրերն ու գրատունը ոչ միայն եկեղեցական կարիքների համար էին, այլ ամբողջ ժողովրդի լուսավորության։ Վանքերը դարձան դպրոցներ, համալսարաններ, ձեռագրատներ, որտեղ ոչ միայն պահպանում, այլև զարգացնում էին թե՛ հայրենի, թե՛ օտար գիտությունները։ Թարգմանվեց ընթերցանության և գիտելիքի մի ամբողջ աշխարհ, ձևավորվեց հայ գիտնականի, վարդապետի, մտածողի կերպարը։ Այդպիսով՝ եկեղեցին ոչ միայն քարոզում էր հավատ, այլ նաև պատրաստում էր մտավոր «ախոյաններ», որոնք հարկ եղած դեպքում կարող էին պաշտպանել թե՛ ազգային ինքնուրույնությունը, թե՛ եկեղեցու անկախությունը՝ օտար տերությունների և դավանանքների ճնշման դիմաց։ Ժամանակի ընթացքում Հայոց Ազգային Եկեղեցին դարձավ մեր ժողովրդի գոյության հիմքերից մեկը, հատկապես այն պահերից, երբ պետականությունը խախտված կամ բացակա էր։ Քանի որ հայությունը ցրվեց աշխարհի չորս ծագերով, եկեղեցին դարձավ այն եզակի հաստատությունը, որը միևնույն հավատքով, խոսքով, ծեսով ու հիշողությամբ միավորում էր ազգին՝ անկախ աշխարհագրական տարածությունից։ Սփյուռքահայության համայնքները նախ և առաջ ձևավորվեցին եկեղեցու շուրջ․ նախ եկեղեցի, հետո դպրոց, ապա միայն մշակութային ու հասարակական այլ կառույցներ։ Այդ իմաստով ազգային եկեղեցին ոչ միայն հոգևոր, այլև հասարակական-պետական ինքնության շարունակություն է եղել՝ նաև այն ժամանակ, երբ իրական պետությունը գոյություն չի ունեցել։ Հենց այդ պատճառով էլ, եթե կործանենք ազգային եկեղեցու գաղափարը և այդ հաստատությունը, չենք կարող հեշտությամբ նրա տեղը դնել որևէ այլ բան։ Ո՛չ զուտ պետական կառույցը, ո՛չ մշակութային միությունն ու կազմակերպությունները չեն կարող լիովին փոխարինել դարերով ձևավորված այն հոգևոր-ազգային կապը, որ կուտակվել է եկեղեցու շուրջ։ Այո՛, Հայոց Եկեղեցին, ինչպես ցանկացած պատմական հաստատություն, կարոտ է բարեկարգության, նորոգման, երբեմն՝ համարձակ ինքնաքննության։ Սակայն դրա ճանապարհը ոչ թե կործանումն է, այլ առողջ վերաձևումը, վերակենդանացումը՝ ըստ ժամանակի պահանջների, բայց առանց ազգային-եկեղեցական ինքնության կորուստի։ Եթե այդ բարեկարգությունն իրականանա խորին պատասխանատվությամբ, Հայոց Եկեղեցին կարող է կրկին դառնալ այն կենդանի և փրկարար հաստատությունը, ինչպիսին եղել է դարեր շարունակ․ Ազգային եկեղեցին, բարեփոխված և սթափված, կարող է լինել ոչ թե անցյալի մնացորդ, այլ ապագայի շինարար ուժ՝ այն տեղը, որտեղ հայը հասկանա ինքն իրեն, իր պատմությունը և իր ճանապարհը դեպի վաղվա օրը։

Ինչպե՞ս է Կարապետ եպիսկոպոսը ներկայացնում և գնահատում եկեղեցու քարոզչության դերն ու ազդեցությունը հասարակության կյանքում։ 

 Ըստ Կարապետ Տեր Մկրտչյանի՝ քարոզը, իր նպատակադրումով ու ներգործության կերպով, կարող է հանդես գալ երեք հիմնական ձևով՝ վարդապետական, հորդորական և հուսադրական։ Վարդապետական խոսքում կամ քարոզում առաջնայինը գիտելիք տալն է․ քարոզիչը նման է ուսուցչի, ով քայլ առ քայլ բացում է թեման՝ հիմնվելով Սուրբ Գրքի վրա, պարզաբանելով ու լուսաբանելով որևէ ճշմարտություն։ Այստեղ շեշտը ոչ թե զգացմունքի, այլ հասկացողության վրա է, որպեսզի ունկնդիրը հստակ իմանա՝ ինչ է ճիշտ, ինչու է ճիշտ և ինչ հետևություններ պետք է անի իր մտքում ու կյանքում։ Իսկ հորդորական քարոզում ուշադրության կենտրոնում մարդու սիրտն ու կամքն է։ Քարոզիչը միայն փաստեր չի ներկայացնում, այլ փորձում է ներսից հուզել ու շարժել՝ բերելով օրինակներ, կենդանի պատմություններ, համեմատություններ։ Նպատակն այն է, որ ունկնդիրները ոչ միայն հասկանան ասվածը, այլև ցանկանան փոխվել, քայլ անել դեպի բարին, ընդունել որոշ համոզմունք կամ կայացնել որոշում։ Եվ վերջապես, հուսադրական քարոզը կոչված է մարդու հոգում վառելու հույսը, մխիթարելու և ուժ տալու դժվարության, տխրության կամ վախերի մեջ։ Քարոզիչը ներկայացնում է երանության աշխարհը, Աստծու հետ ամբողջական լինելու ուրախությունը, հավիտենական կյանքի գեղեցկությունը՝ ոչ թե միայն որպես տեսություն, այլ որպես իրական ու հասանելի ապագա, որին կարելի է ձգտել։ Այսպիսի խոսքը արթնացնում է ջերմ ցանկություն՝ այդ երանությանը մասնակից լինելու, հաղթահարելու հուսահատությունն ու անիմաստության զգացումը և շարունակելու վստահ քայլել հավատքի ճանապարհով։ 

 Ինչպե՞ս է Կարապետ Տեր-Մկրտչյանը պատկերացնում հոգևորականի դերը հասարակության մեջ, և ինչպե՞ս է բնութագրում նրա կերպարը։ 

Մեր Եկեղեցու հոգևորականը, լինելով նախ և առաջ ուսուցիչ ու հովիվ, կոչված է հնարավորինս մոտ կանգնելու իր ժողովին։ Նա չպետք է լինի փակ, հեռու կամ անմատչելի անձնավորություն, այլ բաց սիրտ ունեցող ծառայող, որը ոչինչ չունի թաքցնելու իր ժողովրդից։ Ընդհակառակը՝ նա ցանկանում է, որ իր գաղափարներն ու համոզմունքները հասկանալի և ընդունելի լինեն բոլորի համար, որ իր գիտելիքն ու փորձը ծառայեն մարդկանց լուսավորությանը, որպեսզի յուրաքանչյուրը գտնի կյանքի ուղիղ ճանապարհը և իր հնարավորությունների չափով, զինված լինի թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիների դեմ։ Այս իմաստով հոգևորականը կոչված է լինել առաջնորդ, բայց առաջնորդ ոչ թե վերևից իշխելու, այլ դիմացից օրինակով գնալու միջոցով։ . Այստեղից էլ ծագում է ցավոտ հարցը․ «Ինչո՞ւ մենք արժանի հոգևորականներ չունենք և չենք ունենում»։ Սա այնպիսի խնդիր է, որի մասին, ինչպես Գյոթեն է ասում, «ամեն ինչ արդեն ասված է», սակայն իրականում դեռ շատ բան կա ասելու և առավել ևս անելու։ Շատ հաճախ բոլորը փորձում են պատասխանատվությունն ուղղել ուրիշի վրա․ ժողովուրդը մեղադրում է բարձր հոգևորականությանը, թե այն անարժաններին է ձեռնադրում, իսկ հոգևորականները մեղադրում են ժողովրդին, թե նա չի ապրում եկեղեցական գիտակից կյանքով, միայն պահանջում է, բայց չի մասնակցում։ Սակայն ավելի ուղիղ ու արդար կլինի հարցնել ոչ թե՝ «ով է մեղավոր», այլ՝ «ինչ է մեր իրական պահանջը»․ ինչպիսի՞ հոգևորական ենք իրականում ուզում տեսնել և ի՞նչ ենք պատրաստ անել, որպեսզի նման հոգևորականներ ունենանք։ Կարևորը հասկանալն է, որ նույնիսկ ամենաջերմ ու ազնիվ ձգտումը չի կարող իրական պտուղ տալ, եթե ընդհանուր համայնքային միջավայր չկա։ Հոգևորականը կարող է լիարժեքորեն իր ծառայությունն իրականացնել միայն այն ժամանակ, երբ ամբողջ համայնքն է ձգտում նույն ուղղությամբ, երբ համայնքը գիտի, թե ինչ է պահանջում իր հոգևորականից և իր հերթին տալիս է այն նյութական, հոգևոր և բարոյական աջակցությունը, որը անհրաժեշտ է այդ պահանջներին հավատարմորեն պատասխանելու համար։ Պետք է համարձակորեն հարց տալ․ արդյո՞ք մեր համայնքները այսօր ունեն այդ գիտակցությունը, կատարո՞ւմ են իրենց պարտքը հոգևորականության նկատմամբ։ Ճշմարիտ պատասխանն հաճախ «ոչ»-ին է մոտ և հենց դրա հետևանքով էլ հոգևորականությունը շատ երկրներում ու շատ տեղերում չի կատարում իր ամբողջական պարտականությունը համայնքի նկատմամբ․ թույլ է դառնում այն կապը, որը պետք է լինի կենդանի, փոխադարձ և սիրով լեցուն։ Ուստի, եթե մեր ժամանակը մի մեծ պահանջ է դնում Հայ Եկեղեցու առաջ, ապա դա վերանորոգության և վերակենդանության պահանջն է։ Անհրաժեշտ է ունենալ քաջություն՝ թոթափելու և դուրս վտարելու նրանից այն ամենը, ինչ օտարոտի է, հնացած, ձևական կամ միայն եկամուտի հետ կապված․ այն ամենը, ինչը չի բխում Եկեղեցու բուն քրիստոնեական էությունից և հիմնական սկզբունքներից, բայց ժամանակի ընթացքում կուտակվել ու ծանրացել է թե՛ պաշտամունքային, թե՛ վարչական շերտերի վրա։ Այդ վերանորոգումը չի նշանակում կտրել արմատները, այլ՝ հակառակը, ավելի խորով համախմբել բուն քրիստոնեական ոգին՝ հավատարիմ մնալով ազգային ավանդություններին, արժանի հարգ տալով ժամանակի պահանջներին և շրջապատող պայմաններին։ Երբ Եկեղեցին վերանորոգվի ու բարեկարգվի այս ուղությամբ, նա կրկին և առավել զորեղ կերպով կմնա հայության համար լույսի խորան, հայրենի սրբությունների պահապան և դեպի հավիտենական ճշմարտություն ու կյանք առաջնորդող ուղեցույց՝ ինչպես եղել է դարերով մինչև հիմա։

 Գարեգին Հովսեփյանցը հայտնի է նաև որպես եկեղեցական կյանքի բարեկարգման ջատագով աստվածաբան։ Ինչպե՞ս է նա ներկայացնում և մեկնաբանում Եկեղեցու իրական կոչումն ու առաքելությունը։ 

 Եկեղեցու կոչումը բազմաշերտ է, բայց միևնույն ժամանակ ամբողջական․ այն միևնույն հոգևոր, սիրո և կրթական առաքելությունն է՝ ուղղված մարդու և համայնքի նորոգությանը։ Նախ և առաջ Եկեղեցին կոչված է լուսավորելու մարդու հոգևոր կյանքը և ամրացնելու նրա հավատքի հիմքերը։ Եկեղեցին միայն ծեսերի վայր չէ, այլ այն վայրն է, որտեղ մարդը սովորում է ապրել Աստծո ներկայությամբ, ճանաչել իր կոչումը և լսել իր խղճի ձայնը։ Նրա նպատակն է ձևավորել մարդկային խիղճը հավատքով, սովորեցնել և խորացնել բարոյական արժեքները․ ճշմարտություն, արդարություն, պատասխանատվություն, ինքնակառավարում։ Առանց այս ներքին վերափոխության՝ առանց մարդու սրտի ու միտքի դաստիարակության, դժվար է կառուցել առողջ հասարակություն և կայուն համայնք, քանի որ արտաքին կարգն ու օրենքը ուժեղ չեն, եթե ներսում չկա ձևավորված, գիտակից մարդ։ Երկրորդ՝ ըստ Տեր Հովսեփյանցի, Եկեղեցու կոչումը սիրո կոչումն է։ Եկեղեցին կոչված է կենսագործելու եղբայրությունը մարդկանց միջև, որպեսզի հավատքը չմնա միայն գաղափար կամ անձնական զգացում, այլ դառնա կենդանի հարաբերություն։ Սերը դրսևորվում է ներողամտությամբ, հաշտությամբ, փոխօգնությամբ․ պատրաստակամությամբ՝ կիսելու ուրիշի բեռը, ձեռք մեկնելու անկարողին։ Այս սիրո կոչումը խրախուսում է գթասրտություն՝ կարեկից լինել կարոտյալին, մխիթարել տառապողին։ Երբ սերը դառնում է գործ, ոչ թե միայն խոսք, հենց այդ ժամանակ է, որ հավատքը կենդանանում է, ստանում մարմին և համայնքը դառնում է ուժեղ ու միավորված։ Երրորդ կարևոր չափումը Եկեղեցու կոչման՝ նրա կրթական և քաղաքակրթական առաքելությունն է։ Դարերով Եկեղեցին մասնակցել է կրթության տարածմանը՝ հիմնելով դպրոցներ, վանքային ուսումնական օջախներ, մատենադարաններ, զարգացնելով գրավոր մշակույթը։ Այս առաքելությունը ծառայել է ոչ միայն անձի կրթությանը, այլև լեզվի, մշակույթի և ազգային ինքնության պահպանմանը։ Եկեղեցին մարդուն օգնել է ձեռք բերել գիտելիք, լուրջ մտածողություն ու քննադատական վերաբերմունք, որպեսզի հավատքը չմնա տգիտության վրա հիմնված պարզամիտ հավատալիք, այլ լինի գիտակից և ազատ ընտրություն։ Այս կրթական ու քաղաքակրթական գործը սերտորեն կապված է նախորդ երկու չափումների հետ, որովհետև առանց գիտակից մարդու դժվար է կայուն պահել ո՛չ բարոյական կյանքը, ո՛չ էլ սիրո իրական վկայությունը։ Ուստի, ըստ Գարեգին Տեր Հովսեփյանցի, Եկեղեցու կոչումը այս երեքի միասնությունն է․ լուսավորել մարդու հոգին և խիղճը հավատքով, հաստատել սիրո ու եղբայրության կյանք և դաստիարակել գիտակից, պատասխանատու, հավատամիտ անձնավորություններ, որպեսզի նրանք կարողանան կառուցել արդար և հոգևորով հարուստ հասարակություն։

Գարեգին Հովսեփյանցի(1867-1952)


Ըստ Գարեգին Հովսեփյանցի՝ ինչպե՞ս պետք է հասկանալ եկեղեցու բարեկարգությունը, և ինչպիսի՞ վտանգներ են առաջանում, երբ կենդանի հավատքի փոխարեն առաջնային տեղ են գրավում արտաքին ծեսը և սրբերի չափազանցված պաշտամունքը                                                                                                                                         .-

Ըստ նրա՝ մեր Եկեղեցին այսօր խորապես կարոտ է բարեկարգության ու վերանորոգության։ Նա սթափ աչքով տեսնում է, որ հոգևորականությունը ընդհանուր առմամբ հաճախ չի համապատասխանում իր բարձր կոչմանը, շատերի մեջ պակասում է բավարար կրթություն ու հոգևոր խորությունը, իսկ ժողովուրդը, իր հերթին, հաճախ խարխափում է բարոյական խավարի, տգիտության կամ հակակրոնական տրամադրությունների մեջ։ Սակայն Հովսեփյանցի համար սա ոչ թե հուսահատության պատճառ է, այլ անձնվիրության զարթուցիչ․ այս թերությունները պիտի մեզ մղեն ավելի մեծ պատասխանատվությամբ վերադարձնելու Եկեղեցին դեպի իր իրական դեմքը՝ որպես ժողովրդի հոգևոր կյանքի և քաղաքակրթության մայր։ Բարեկարգությունը նրա համար չի նշանակում Եկեղեցու կործանում կամ ժխտում, այլ՝ վերադարձ դեպի Ավետարանի լույսն ու եկեղեցու բուն սկզբունքները։ Նա խիստ է հատկապես այն երևույթի հանդեպ, երբ կենդանի հավատքի թուլացման պայմաններում առաջին տեղ են գրավում մերկ արտաքին ծեսն ու ձևական պաշտամունքը․ այդ ժամանակ հավատքը դատարկվում է ներսից և մնում է միայն սովորության ու արարողակարգի մակարդակում։ Նույնպես խիստ է նրա քննադատությունն այն դեպքերի հանդեպ, երբ սրբերի հարգանքը աղավաղվում է, հասնում սնոտիապաշտության, և նույնիսկ դառնում է նյութական առևտրի ու աճպարարության գործիք՝ խաղալով ժողովրդի դյուրահավատության վրա. « Սրբերի պաշտամունքը, ավելի ճիշտ՝ հարգանքը, տեղ-տեղ հասնում է չափազանցության ու սնոտիապաշտության։ Դեռ մի քանի տարի առաջ էր, որ դաշտից հավաքած ոսկորները մեր աչքի առաջ իբր Լուսավորչի մասունք էին ուզում հռչակել և խեղճ ժողովրդի դյուրահավատությունը նյութական շահերի ու աճպարարության միջոց էին դարձնում »։

Այս ամենի ֆոնին Հովսեփյանցը կոչ է անում մաքրել Եկեղեցու կյանքը օտարոտի, հնացած, միայն եկամտի կամ ձևի համար պահպանվող շերտերից, որոնք չեն բխում Ավետարանից և անհարազատ են մեր իրական կյանքին։                                                                                               . 

Ըստ Գարեգին Հովսեփյանցի՝ արդյո՞ք տեղ ունի արդար քննադատությունը Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ և ինչպե՞ս է նա խոսում եկեղեցական կյանքի ու հոգևորականների թերությունների մասին։                                                                                       

Գարեգին Հովսեփյանցը բաց ու ազնիվ կերպով ընդունում է, որ մեր ժամանակի հոգևորականությունը կատարյալ չէ և քննադատությունից բարձր կանգնած «սրբազան դասակարգ» չէ։ Նա հստակ ասում է, որ շատ պակասություններ կան․ հոգևորականների մեջ լինում են իրենց կոչմանը անհամապատասխան մարդիկ, երբեմն՝ դրամական հարցերում կասկածելի վարք, երբեմն էլ՝ անլուրջ վերաբերում իրենց պարտականություններին։ Այնուամենայնիվ, Հովսեփյանցը ընդգծում է, որ նման թերություններ կան ոչ միայն հոգևորականների, այլ նաև հասարակական գործիչների մեջ, այսինքն՝ խնդիրը միայն եկեղեցականը չէ, այլ՝ ամբողջ հասարակության մակարդակի խնդիր։

Նա չի մերժում քննադատությունը, ընդհակառակը՝ արդար, սթափ քննադատությունը անհրաժեշտ է Եկեղեցու բարեկարգման և վերակազմության համար։ Բայց միևնույն ժամանակ զգուշացնում է, որ շատերը «քննադատության» անվան տակ վարում են ո՛չ թե արդար, այլ սուտ, զրպարտիչ և ոչ ազնիվ պահվածք․ առանց փաստերի մեղադրում են, «երեսին սուտ խոսում» կամ զրպարտում անմեղ մարդկանց։ Այսպիսի վերաբերմունքը, ըստ Հովսեփյանցի, ոչ արդարություն է, ոչ իսկական քննադատություն և ոչ էլ կրթված ու ազնիվ մարդուն վայել գործ։

Այսպիսով՝ Գարեգին Հովսեփյանցը և՛ ընդունում է Եկեղեցու ու հոգևորականության իրական թերությունները և՛ կոչ է անում արդար, պատասխանատու քննադատության, որը բխում է սրտացավությունից ու սիրուց, ոչ թե ատելությունից ու զրպարտությունից։                                   -

Ինչպե՞ս է ներկայացվում Հայոց Հայրապետական Աթոռի և Ընդհանուր Ազգային եկեղեցական ժողովի դերը Հայ Եկեղեցու կյանքում, և ինչո՞ւ են դրանք կարևոր թե՛ եկեղեցու կոչման պահպանման, թե՛ նրա բարեկարգման և վերանորոգման համար։                                  

Հայոց Հայրապետական Աթոռը և Ազգային եկեղեցական ժողովը մեր եկեղեցական ու ազգային կյանքի երկու կարևոր սյուներն են, որոնք իրար լրացնելով՝ ծառայում են միևնույն նպատակին․ պահել և վերակենդանացնել Հայ Եկեղեցու կոչումը։ Հայոց Հայրապետական Աթոռը դարերով եղել է մեր ժողովրդի սիրտը․ այն ոչ միայն հոգևոր կառույց է, այլ կենդանի կենտրոն, որը հայ ժողովրդին տվել է հոգևոր սնունդ ու կյանք, կիսել է նրա ցավերն ու ուրախությունները, զորացրել է նրա բարոյական ուժն ու հեղինակությունը։ Հայրապետական Աթոռը դարերի ընթացում սերմանել է ջերմություն, անձնազոհություն, հույս և տենչ, իսկ «ազգ» և «եկեղեցի» գաղափարները մեր պատմության մեջ այնքան են միահյուսվել, որ առանց ավետիքի լույսը տանող այս կենտրոնի դժվար է պատկերացնել հայի ինքնությունը։ Աթոռի հեղինակությունը քայքայելն ու նրա դեմ սառնություն քարոզելը ներկայացվում է որպես երեխայական անմտություն և ազգավնաս քայլ, քանի որ դա վնասում է ոչ միայն եկեղեցուն, այլև ամբողջ ազգի միասնականությանը։

 Այդուհանդերձ, այս մեծ սուրբ կենտրոնը կենդանի ու արդյունավետ մնալու համար ունի բարեկարգման և կարգավորման կարիք։ Այստեղ է, որ իր կարևոր դերն ունի ընդհանուր ազգային եկեղեցական ժողովը։ Առանց նման ժողովի անհնար է լուրջ կերպով կարգի բերել Եկեղեցու վարչական, ծիսական և մյուս բարեփոխման կարիք ունեցող հարցերը։ Ժամանակակից զարթոնքի ու վերանորոգության համար անհրաժեշտ է, որ ամբողջ ազգը, իր հոգևոր ու աշխարհիկ ներկայացուցչությամբ, խորհրդակցի, քննարկի և համախոհությամբ որոշի՝ ինչպե՞ս նորոգել եկեղեցական կյանքը, որպեսզի կանխվի Եկեղեցու քայքայումը, պահպանվի նրա կոչման բարձրությունը և հաղթահարվի այս «թմրած վիճակը»։ « Այսպիսի իղձերով և ցանկություններով բարի գալուստ ենք մաղթում հայ ժողովրդի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներին և ցանկանում, որ Մայր Տաճարի սրբազան կամարների տակ մոռանան ամեն անձնականը ու կուսակցականը և նրա համար արժանավոր պետ ու հովիվ ունենանք, որ առաջնորդի մեզ դեպի լույս և ցանկալի վերածնություն »։ Մայր Աթոռը հոգևոր կենտրոն է, ոչ թե քաղաքական հարթակ։ Այն տեղն է, որտեղ առաջնահերթը ոչ թե կուսակցական շահն է կամ իշխանության պայքարը, այլ մարդու հոգևոր կյանքը, հավատքը և Աստծո խոսքի քարոզը։ Երբ եկեղեցական կենտրոնը կապվում է քաղաքական կուսակցությունների հետ, վտանգ կա, որ Աստվածաշնչյան ճշմարտությունները կսկսեն մեկնաբանվել շահերին համապատասխան, և եկեղեցու խոսքը կդադարի լինել համամարդկային ու միավորող։

Ինչպե՞ս է Երվանդ Տեր-Մինասյանը պատկերացնում ու մեկնաբանում Եկեղեցու բարեկարգության անհրաժեշտությունը և դրա իրականացման ուղիները։                               

Նա ասում է «Վերածնություն ու վերանորոգություն հիմքից ի վեր Հիսուսի Ավետրանի հեման վրա, առանց հապաղելու և առանց տատանվելու. ահա մեր պահանջը և մեր զգացած ծանր կարիքը»։ Տեր-Մինասյանը շեշտում է, որ իրական վերափոխումը պետք է լինի ոչ թե մակերեսային, այլ արմատական՝ հիմքից ի վեր, և դրա չափանիշը պետք է լինի Հիսուսի Ավետարանը։ Նա կարծես ասում է՝ ժամանակը չի սպասում, պետք է գործել առանց հապաղելու, որովհետև կա թե՛ «պահանջ», թե՛ «զգացած ծանր կարիք»՝ այսինքն հասարակության ու եկեղեցու ներսում կուտակված կենսական խնդիրներ։ «Ավետարանի հիման վրա» ձևակերպմամբ նա պահանջում է, որ նորոգությունը չդառնա պարզապես նորաձևություն կամ ձևական բարեփոխում, այլ լինի էությանը վերադարձ։ Ընդհանուր իմաստով սա կոչ է՝ քրիստոնեական կյանքի ու մտածողության վերադասավորում անել Ավետարանի պարզ ու կենդանի չափանիշով։

Եթե մեր իսկական չափանիշը Ավետարանով «վերածնություն ու վերանորոգություն»-ն է, ապա եկեղեցու իրական թշնամին կամ անհավատարիմը չի այն մարդը, որ համարձակվում է ասել. «վիճակը հիվանդ է և փոփոխության, բժշկման կարիք կա»։ Ընդհակառակը՝ նման պահանջը շատ հաճախ ծնվում է հենց ցավից, սրտացավ պատասխանատվությունից ու կենդանի հավատքից, երբ մարդը «ծանր կարիք» է զգում, տեսնում է, որ Եկեղեցին չի կարող բավարարվել միայն արտաքին խաղաղությամբ, այլ պետք է վերադառնա իր ավետարանական խորքին։ Այսպիսի քննադատությունը ոչ թե քանդելու մղում է, այլ՝ սիրո պահանջ, որ Եկեղեցին նորից լինի ճշմարիտ լույսի, արդարության ու սրբացման տուն։

Իսկ իրական անհավատարիմը, ըստ էության, նա է, ով ուզում է անշարժ կանգնել՝ միայն «հայրենի ավանդի վրա», բայց այդ ավանդը վերածում է ինքնանպատակ, անքննելի պատվարի։ Երբ ավանդը դարձվում է կուռք, այն այլևս չի ծառայում Ավետարանին, այլ սկսում է փակել ճանապարհը դեպի Ավետարանի կենդանի խոսքը։ Այդ դիրքից ավանդը դառնում է քարացած ձև, որը չի թողնում, որ Սուրբ Գրքի պահանջը թափանցի մեր իրական կյանքի մեջ, թարմացնի մեր մտածողությունը, բուժի մեր արատները։ Ուստի այստեղ հակադրությունը «նորացնել–քանդել» կամ «պահել–վերացնել» չէ, այլ՝ «կենդանացնել Ավետարանով» ընդդեմ «կանգնել մերկ ձևի մեջ»։ Եթե ավանդը չի ծառայում Ավետարանի կենդանի գործին, չի օգնում մարդուն ապրել կենդանի հարաբերությամբ Աստծո հետ, ապա «ավանդին կառչելը» կարող է զարմանալի կերպով դառնալ հենց անհավատարմության ձեւ․ արտաքին հավատարմություն՝ ներսում անլույս սիրտ։ «Սովորությունը կամ ավանդությունը առանց ճշմարտության մի հին մոլորություն է»։

Ինչպե՞ս է Երվանդ Տեր-Մինասյանը (1879-1974) քննադատում ժողովրդի մեջ տարածված սնապաշտությունն ու ծիսապաշտությունը, և ի՞նչ վտանգներ է նա տեսնում «հրաշագործ» պատկերների, ավետարանների ձևական տարբերակման ու սրբատեղիների չափազանցված պաշտամունքի մեջ քրիստոնեական հավատի համար։  

 Նա քննադատում է ժողովրդի մեջ տարածված սնապաշտությունն ու ծիսապաշտությունը, երբ հավատը շեղվում է իր էությունից ու վերածվում է արտաքին նշանների ու արարողությունների հետևից ընկնելու։ Հեղինակը որպես հետևանք թվարկում է՝ «հրաշագործ» պատկերների շուրջ չափազանցված հավատ, կարմիր ու ճերմակ ավետարանների նման ձևական-կախարդական տարբերակումներ, ինչպես նաև հայտնի ու անհայտ սրբերի ու սրբատեղիների նկատմամբ չափից դուրս պաշտամունք։ Այս բոլորը նա տեսնում է որպես այն վիճակ, երբ մարդը Աստծուն որոնելու փոխարեն սկսում է “ապահովություն” գտնել առարկաների, լեգենդների ու հատուկ տեղերի մեջ։ Նա չի ասում, թե սրբերը կամ սրբատեղիները ինքնին վատ են, այլ որ երբ դրանք դառնում են հավատքի կենտրոն, Ավետարանի կենդանի բովանդակությունը հետին պլան է մղվում։ Ըստ էության, սա կոչ է՝ հավատը վերադարձնել իմաստին ու ներքին փոխակերպմանը, ոչ թե պահել միայն արտաքին պաշտամունքների մակարդակում։                                                        

Ինչպե՞ս է Երվանդ Տեր-Մինասյանը վերաիմաստավորում կուսակրոնության և սրբության ընկալումը մեր օրերում, և ինչո՞ւ է համարում, որ սրբությունը հնարավոր չէ սահմանափակել միայն արտաքին արգելքներով ու զսպումներով։                                              

Երվանդ Տեր-Մինասյանը հիշեցնում է, որ նախկինում կուսակրոնական կյանքը հաճախ ներկայացվել է որպես քրիստոնեական կյանքի «ամենաբարձր աստիճան»․ կարծես Աստծուն նվիրված լինելու վստահելի ճանապարհը հենց ամուսնությունից հրաժարումն էր։ Միջնադարյան և ավանդական մտածողության մեջ սա ընկալվում էր որպես առավել կատարյալ վիճակ՝ լիակատար մի նվիրվածություն, որտեղ մարդը ազատված է ընտանեկան հոգսերից ու ամբողջությամբ «Աստծունն» է։ Սակայն նա նշում է, որ մեր օրերում նույն կերպով խոսել այդ մասին դժվար է, քանի որ ժամանակի պայմաններն ու մարդու հոգևոր կյանքի ըմբռնումը զգալի կերպով փոխվել են։

Այսօր քրիստոնեական մտածողության մեջ ավելի ու ավելի է ընդգծվում, որ սրբությունը չի կարող շփոթվել միայն արտաքին արգելքների, ձևական զսպումների կամ կարգապահության հետ։ Կուսակրոն լինելը ինքնին չի դարձնում մարդուն սուրբ․ իսկական սրբությունը նախ և առաջ սրտի սրբություն է՝ ներքին մաքրություն, Աստծու առաջ ազնիվ կանգնելու կարողություն, սիրո ու ճշմարտության սկզբունքով ուղղված կյանք։ Կարելի է արտաքինից պահել բոլոր «կանոնները», սակայն ներսում լինել լցված դատապարտությամբ, գոռոզությամբ, ատելությամբ․ այդ դեպքում արտաքին «կուսակրոնությունն» իրական սրբություն չի դառնում։

Տեր-Մինասյանի միտքը, ըստ էության, կոչ է՝ սրբության չափանիշը տեղափոխել ձևից դեպի բովանդակություն․ կարևոր չէ միայն այն, թե ինչից ես հրաժարվել, այլ՝ ինչի համար ես ապրում, ինչ որակի սիրո, արդարության և հավատքի մեջ ես։                                                            .      

Ինչպե՞ս է Երվանդ Տեր-Մինասյանը նկարագրում եկեղեցական իշխանության «միապետական» կառուցվածքը, և ինչու՞ է նա հիշեցնում սկզբնական ավելի խորհրդակցական մոդելի մասին․ ի՞նչ է ուզում դրանով ընդգծել։                                                 

Երվանդ Տեր-Մինասյանը նշում է, որ պատմական ընթացքի արդյունքում եկեղեցական իշխանությունը դարձել է հիմնականում միապետական․ այսինքն՝ վճռական հարցերում որոշումը գալիս է «վերևից»՝ մի կենտրոնական կամ անհատական իշխանությունից և մնացածները, եթե ուզում են նույն եկեղեցու մեջ մնալ, գործնականում ստիպված են ընդունել այդ որոշումները՝ քիչ հնարավորություն ունենալով բաց, թափանցիկ հակաճառության կամ մասնակցության։ Այս դրությունը ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ սովորական հավատացյալը, հոգևորականը, նույնիսկ համայնքը հաճախ իրեն զգում է ոչ թե որպես համատեղ պատասխանատվության կրող, այլ պարզապես ենթակա։

Տեր-Մինասյանը հիշեցնում է սկզբնական Եկեղեցու կերպարը․ առաջին քրիստոնեական համայնքներում իշխանությունը կենտրոնացած չէր միայն մեկ անձի ձեռքում․ համայնքը կառավարվում էր երեցների, ավագների, համայնքային պատասխանատուների խորհրդով։ Նույնիսկ երբ պատմության ընթացքում առաջացավ ավելի հստակ միապետական կառուցվածք (եպիսկոպոսական, հայրապետական իշխանություն), երկար ժամանակ շարունակ գոյություն ու հեղինակություն ուներ այդ խորհրդակցական ձայնը և համայնքը միայն «լուռ հնազանդողների բազմություն» չէր։

Այսպիսով՝ Տեր-Մինասյանի միտքը միայն այն չէ, որ «այսպես է, պետք է հնազանդվել»․ նա, հիշեցնելով վաղ եկեղեցու ավելի համատեղ, ավելի խորհրդակցական մոդելը, քննադատական ակնարկ է անում քարացած միապետականության հասցեին։ Անուղղակիորեն նա ասում է․ հնարավոր է այլ կերպ մտածել Եկեղեցու ղեկավարման մասին, այնպես, որ իշխանությունը չդառնա միայն վերևից թելադրանք, այլ իսկապես լինի համայնքի մասնակցությամբ, պատասխանատվությամբ ու խորհրդակցությամբ ընթացող ծառայություն։

 

Երվանդ Տեր-Մինասյան (1879-1974)

Իսկ դուք, որպես աստվածաբան, ի՞նչ եք մտածում նրանց առաջ քաշած բարեկարգումների մասին։                                                                                                                                                       .-

Վարդապետ Տեր-Մինասյանը ասում է, որ «Միայն այն, ինչ որ էական է և կարևոր, պիտի անմիջական կյանք դառնա և իր գործողությունը ազատ կերպով ծավալի, առանց երկրորդականի ու մասնավորի հետ խառնվելու կամ կապվելու»։ Իսկ Կարապետ եպիսկոպոսը ավելացնում է «  Եկեղեցու բեմի վրա նա (հոգևորականը) Աստծու խոսքի թարգման է և իր բոլորը ասելիքն այդ աղբյուից առնել է պարտավոր» և «Կազմել մեր եկեղեցին այնպես, ինչպես այն եղել է քրիստոնեության առաջին դարերում»։ Սա հայ եկեղեցու բարեկարգման իմաստն է. այն չի կարող լինել միայն մարդկային, այլ՝ աստվածային։ Եթե եկեղեցին աստվածային է, ապա այն չպետք է ձգտի աշխարհին կամ քաղաքականությանը։ Նրա առաքելությունը պետք է լինի կենտրոնացված Ավետարանի խոսքի վրա և եկեղեցին, ընդունելով այդ աստվածային հայտնությունը, մշտապես պետք է վերափոխվի ու նորոգվի։ Հայրերի ավանդը չի կարող փոխարինել աստվածային հայտնությամբ։ Սակայն այն ավանդները, որոնք ժամանակի ընթացքում ձևավորվել են, պետք է իրենց տեղը զիջեն Ավետարանին՝ այն արժեքը, որը քարոզվել ու մեկնաբանվել է եկեղեցու ավանդության մեջ։ Սա է Սրբազան Ավանդությունը՝ ավանդը, որը հիմնված չէ մարդկային կնիքի վրա, այլ նրա հիմքը գտնվում է Ավետարանի սկզբունքների մեջ։ Ավանդությունը ոչ թե եկեղեցու հիմքն է, այլ այն գալիս է Քրիստոսի ուսմունքից՝ հիմնված նրա հայտնությամբ։

Քրիստոս ազգային եկեղեցի չի քարոզել, այլ կոչել է Մեկ լինել Քրիստոսի մեջ։ Աստվածաբանական որևէ հիմք չկա՝ ազգային եկեղեցու գաղափարը հաստատելու համար։ Եվ միայն այն ժամանակ, երբ Քրիստոսի Երկնքի Արքայությունը քարոզվում է ազգի մեջ, այն տարածվում է տվյալ ազգում։ Քրիստոսի պատգամը տարածվում է տիեզերական մակարդակում՝ ոչ սահմանափակված որևէ հատուկ ազգով։ Եկեղեցու առաքելությունը վկայել է Աստծու Թագավորության մասին, որը չի կարելի համարել որպես մարդկային գործողություն, այլ միայն և միայն աստվածային։ Ահա թե ինչու եկեղեցին չպետք է հետաքրքրվի քաղաքական իշխանության կամ հեղափոխական կոչերով։ Նրա կոչումն է՝ լինել Աստծու Թագավորության վկա այս աշխարհում, կանգնել կորսված մարդու կողքին՝ օգնելով նրան, ոչ թե քաղաքական կոչերով հանդես գալով։                                                                                           

Այս ամենից հետո, երբ ասացիք, որ Եկեղեցին կոչված է լինել Աստծու Թագավորության վկան և ծառան, արդյո՞ք կլինեն մարդիկ, ովքեր կհամաձայնեն ու կհամախոհեն այդ տեսլականին։    

Ակամայաից հիշեցի, Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը, որում Խորխե դե Բուրգոսը կույր վանական է, լաբիրինթոսային գրադարանի մոլեռանդ պահապանը, որը ամեն կերպ փորձում է փակ պահել Արիստոտելի « Պոետիկա »-ի երկրորդ գիրքը՝ ծիծաղի ու կատակերգության մասին։ Նա մարմնավորում է այնպիսի եկեղեցական մտայնություն, որը նախընտրում է խավարը լույսից, վախից ծնված վերահսկումը՝ ազատ մտքից և կենդանի մեկնաբանումից։ Նրա ուղիղ հակառակ կողմում է Ուիլյամ Բասկերվիլցին, որը խորհրդանշում է լույսը, բանականությունն ու որոնող հավատքը․ վանական, որ չի վախենում հարցեր տալ, կարդալ, մտածել և ճշմարտությունը փնտրել, ոչ թե ծածկել։ Այս հակադրությամբ վեպը ցույց է տալիս մի խոր ճշմարտություն․ Եկեղեցում միշտ կգտնվեն և՛ նրանք, որ կընտրեն խավարը՝ լույսը վերահսկելու կամ մարելու փորձով, և՛ նրանք, որ, մնալով Եկեղեցու մեջ, կհամարձակվեն բացել դռները դեպի Ավետարանի իրական լույսը և ազատ մտածողությունը։ Այս ամենից հետո պետք մեկ անգամ ևս կհաստատեմ, որ Եկեղեցու էությունը, նրա առաքելությունը և հատկապես ամենակարևոր առաքելությունը Աստծո Թագավորության մասին վկայությունն է։ Եկեղեցին կոչված է ոչ թե աշխարհիկ նպատակների սպասարկման, այլ Քրիստոսի Ավետարանի քարոզության, մարդու հոգևոր վերափոխման ու փրկության ճանապարհին առաջնորդելու համար։ Նրա կենսունակությունը և ներքին ուժը ձևավորվում են Քրիստոսի կողմից տրված Սուրբ Հոգու շնորհով, որով եկեղեցին դառնում է կենդանի մարմին՝ միավորելով հավատացյալներին ու պահելով նրանց հավատքի մեջ։ Այդ պատճառով եկեղեցին պետք է մնա իր ճշմարիտ կոչման մեջ՝ ծառայել Աստծուն և մարդկանց, լինել հաշտեցման, սիրո ու ճշմարտության տարածող։ Այս գաղափարին համահունչ՝ ինչպես կասեր Կարապետ Տեր-Մկրտչյանը, եկեղեցուց դուրս ցանկացած շեղում՝ կուսակցականություն, շահախնդրություն կամ ձևականություն, արդեն իսկ վտանգավոր և «ուռուցիկ ենթադրություն » է, որը խամրեցնում է հոգևորականության կերպարը և թուլացնում եկեղեցու դերը հասարակության մեջ։

--------------------------------------------------------------------


Խաչիկ Հովհաննիսյանը աստվածաբանության դոկտոր է: Ծնվել է Հայաստանում,  աստվածաբանական կրթույունը շարունակել է Բելգիայում` Լյուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում:

Մագիստրատուրան ավարտել է «Աստծո զավակների վիճակը և արդարացումը Վ. Պանենբերգի մոտ և բանավեճ Լյութերի աստվածաբանության շուրջ» թեմայով, պրոֆեսոր Օլիվյե Ռիոդելի ղեկավարությամբ։  Այս աշխատանքը թույլ տվեց նրան խորացնել բողոքական աստվածաբանության մասին  գիտելիքները՝ գերմանական աստվածաբանության հետ կապված հատուկ հետաքրքրություններով: Մաստեր աշխատանքը ավարտելուց հետո  պրոֆեսորի կողմից առաջարկություն է ստացել դոկտորական ատենախոսություն գրելու և պաստպանելու գիտական թեզը:

Նիդերլանդական օրագիրը տարբեր տարիներին զրուցել է Խաչիկ Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով թե՛ նրա գիտական աշխատանքի բովանդակությանը, թե՛ Հայ Եկեղեցու վերափոխման և նորացման թեմաներին։
📎 Նախորդ զրույցները՝
🔹 Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորը իր և Հայ Եկեղեցու բարեփոխումների մասին
🔹 Աստծու շնորհը որպես մարդու փրկության առաքելություն

🔹Ինչ է եկեղեցին, ըստ աստվածաբան Խաչիկ Հովհաննիսյանի

Friday, 19 December 2025

Մանկապարտեզից զրկված պետության խաբված մեծահասակ երեխաները

 

(Սատիրա)
Մի ժամանակ մեր երկրում շատ մանկապարտեզներ կային։
Հետո եկավ մի «լուսավոր» գաղափար՝ ամեն ինչ սեփականաշնորհել։
Շենքերը դարձան բնակարան, սրճարան, ավտոլվացման կետ, բուքմեյքերական գրասենյակ, խաղատուն։
Բոլորը գոհ էին։
- Երեխան ի՞նչ մանկապարտեզ, տանը կմեծանա։
Հենց սա էլ դարձավ դժբախտության սկիզբը։
Երեխաները մեծացան առանց մեկի, ով պիտի սովորեցներ ամենապարզ ճշմարտությունները․ «Եթե քո խաղալիքը ինչ–որ մեկը շատ հեշտ է ուզում վերցնել, ուրեմն մի բան այն չէ»։
«Անծանոթը հենց այնպես կոնֆետ չի տալիս»։
Տարիներ անց այդ նույն երեխաները մեծացան, դարձան ավանդատու, ներդրող, «ֆինանսապես գրագետ քաղաքացի» և բացեցին ինտերնետը՝ չհասկանալով, որ փողը չեն վստահում «ինտերնետի բարի քեռուն» առանց տարրական հմտության՝ սեփական ունեցվածքը պահելու։
Ինտերնետն էլ, ինչպես դաստիարակ չունեցած բակը, շշնջաց․
- Տու՛ր փողդ, որ փող աշխատես։ Վաղը կրկնապատիկը կտանք։
Եվ քանի որ ոչ ոք ժամանակին չէր ասել, որ հեքիաթներն ավարտվում են մանկության հետ, նրանք տվեցին։
Ոմանք՝ խնայողությունները։
Ոմանք՝ վարկը։
Ոմանք էլ հարևանի խորհրդին հետևեցին ու տվեցին ինչ ունեին–չունեին՝ կրկնապատիկի ու եռապատիկի հույսով։
Ավելի հետաքրքիրն այն էր, որ խաբվածները միմյանց ոգևորում էին։
- Մի՛ վախեցիր, ես արդեն տվել եմ։
- Եթե ես տվել եմ, դու էլ տուր։
- Անքաղն ենք ընկել։
- Սա ապագայի ներդրում է։
Այսպես ձևավորվեց համազգային ագահության ցանց, որտեղ ամեն խաբվածը դառնում էր հաջորդի մոլորեցնողը։

Երբ առաջին խաբեությունը բացահայտվեց, ինտերնետի մյուս կողմից նոր ձայն լսվեց․
- Տվե՛ք ևս մի փոքր գումար, մենք կգտնենք ձեր կորած փողերը և հետ կվերադարձնենք։
Եվ մարդիկ… կրկին տվեցին։
Այդ պահին սա արդեն ֆինանսական սխալ չէր։ Սա աշխարհայացք էր՝ ամեն գնով կորցրածը հետ բերելու մոլուցք։
Մարդիկ հավատում էին ոչ թե որովհետև խաբված էին, այլ որովհետև ուզում էին հավատալ, որ գոնե իրենց ներդրածը կվերադարձնեն։
Երբ փողերը վերջնականապես անհետացան, նույն մարդիկ խաղալիքը ձեռքից խլված երեխայի պես դուրս եկան հրապարակ։
Բողոքեցին ոչ այնքան խարդախից, որքան պետությունից։
- Բա սա երկի՞ր է։
-Ու՞ր է նայում ղեկավարը։
- Ինչո՞ւ մեզ չպաշտպանեցիք։
- Ինչո՞ւ չարգելեցիք մեզ հավատալ։
- Ինչո՞ւ չկանխեցիք մեր ագահությունը։
- Մեզ խաբել են։ Գտե՛ք խարդախներին։ Տվեք մեր փողերը և վերջ։ Պետությունը պարտավոր է։

Պետությունը հայտնվեց տարօրինակ իրավիճակում։ Շփոթվեց ոչ թե պահանջից, այլ տրամաբանությունից։
Իրեն մեղադրում էին այն բանի համար, որ մարդիկ կամովին, ոգևորությամբ, առանց հարկադրանքի, առանց սպառնալիքի, օրը ցերեկով իրենց գումարները տվել էին անծանոթ մեկին, ով խոստացել էր շատ, արագ և առանց աշխատանքի հարստանալ։
Տվել էին մեկին, ում հասցեն «հղում» էր, իսկ անունը՝ «վստահություն»։
Բայց սրանով պատմությունը չավարտվեց։
Իրավապահները գործ սկսեցին։ Սակայն համացանցային խարդախը բակ չունի, որ մտնես ու հարցնես։ Դուռ չունի, որ թակես։ Նա անուն–ազգանունով նստած չէ մի անկյունում։ Նա պարզապես կոճակ է սեղմում մի երկրում, իսկ փողը թռնում է մեկ այլ տեղ։ Եվ նույնիսկ եթե մի օր նրան գտնեն, հաճախ պարզվում է՝ փողը վաղուց չկա։
Իսկ հրապարակում շարունակում էին գոռալ․
- Պետությո՛ւն, արա մի բան։
Եվ եթե անկեղծ լինենք, պետությունը իսկապես մի բան պետք է անի։ Եվ անում է։Բայց ոչ փող վերադարձնելու միջոցով։
Այս պատմության խրատը պարզ է, բայց ցավոտ․
եթե դու հավատում ես հեշտ փողին, դու արդեն վճարել ես դրա գինը։
Պարզապես դեռ չգիտես՝ երբ է հաշիվը փակվելու։
Պետությունը կարող է և պետք է անի մի բան՝
կառուցի մանկապարտեզներ ու դպրոցներ։
Որ վաղը մեծահասակ մարդիկ սովորեն այն, ինչ պետք է սովորեին հինգ տարեկանում։

Ձրի պանիրը միշտ թակարդում է։
Իսկ ով չի սովորել իր ունեցվածքը պահել, միշտ կգտնի մեկին, ով կօգնի իրեն կորցնել այն։

Հետգրություն


Կիբերզեղծարարության զոհ դարձած քաղաքացիները կրկին քննչական կոմիտեի առջեւ են՝ այս անգամ պահանջելով հստակ ժամկետներ իրենց կորցրած գումարների վերադարձի համար։
Ի դեպ, մարդիկ երկու անգամ են խաբվել։
Առաջին անգամ՝ երբ հավատացել են հեշտ հարստանալուն։
Երկրորդ անգամ՝ երբ հավատացել են, որ նույն ինտերնետը, որն իրենց փողը վերցրել է, հիմա էլ այն կվերադարձնի։
Եվ երկու դեպքում էլ բողոքել են պետությանը։
Հիմա էլ հավատում են, որ պետությունն այս հարցը հեշտ ու արագ լուծելու է:

Թերևս ամենամեծ խարդախությունը սա է՝
մարդուն համոզել, որ իր ագահության համար պատասխանատուն ուրիշն է։
Մինչ այդ համոզմունքը կա, խարդախները երբեք չեն սովի։


Hay Azian
«Նիդերլանդական օրագիր»
Լուսանկարը` «Առավոտ» թերթից


Wednesday, 17 December 2025

Տոնական ու բազմամշակութային հայկական օր Նայմեխեն քաղաքում

 

Բազմազգ ու բազմամշակութային Նիդերլանդներում հերթական անգամ հնչեց հայկական մշակույթի ջերմ ու գունեղ ձայնը։ Նայմեխեն քաղաքում կայացավ տոնական, ուրախ ու խորապես ազգային մշակութային միջոցառում, որը միավորեց տարբեր ազգությունների ներկայացուցիչների՝ հայկական մշակույթի շուրջ։

Միջոցառման գաղափարի հեղինակն էր «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության համահիմնադիր, ՎԱՆ կիրակնօրյա հայկական դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանը։ Նախաձեռնությունը նախօրոք արժանացել էր Նայմեխենի քաղաքապետարանի հավանությանը։ Քաղաքապետարանի աշխատակից Լաուրի Ախտենը բարձր գնահատեց նմանատիպ բազմամշակութային միջոցառումների անցկացման կարևորությունն ու գաղափարական արժեքը։

Տիկին Սվետա Աբրահամյանը նշում է.
«Տևական ժամանակ մտահաղացում ունեի կրկին ներկայացնելու հայկական մշակույթը նիդերլանդացիներին՝ ցույց տալու մեր հարուստ ժառանգությունը, արժեքներն ու ինքնությունը»։

Արդեն ավելի քան մեկ քառորդ դար Սվետա Աբրահամյանը Նայմեխենում կրթում և դաստիարակում է հայ երեխաներին՝ փոխանցելով ոչ միայն լեզու և մշակույթ, այլև ազգային ինքնագիտակցություն։ Նրա սաներն այսօր հաջողությամբ ինտեգրված են նիդերլանդական հասարակությանը, դարձել են տարբեր ոլորտների լավ մասնագետներ։ Տիկին Աբրահամյանը մշտապես կապի մեջ է Հայաստանի կրթական առաջավոր մասնագետների հետ՝ նրանց փորձն ու մեթոդական ձեռքբերումները փոխանցելով ՎԱՆ դպրոցի սաներին։

Միջոցառման կազմակերպման գաղափարը կյանքի կոչեցին և կենդանի շունչ հաղորդեցին դպրոցի նվիրված ուսուցիչները՝ Աննա Մկրտչյանը, Լիլիթ Օհանյանը, Սոնա Խաչատրյանը և Գայանե Աբրահամյանը, ով նաև վարում էր միջոցառումը։

Հոլանդացի այցելուներին ներկայացվեց հայկական մշակույթը իր ողջ բազմազանությամբ և ներդաշնակությամբ՝
հայկական երգ ու երաժշտություն, ազգային երաժշտական գործիքներ, գեղանկարչություն, հայոց այբուբեն, գիր ու գրականություն, հայերենի գրերի պատմություն, ազգային պար, տիկնիկագործություն և ավանդական խոհանոց։

Դպրոցի լսարաններն ու սրահը վերածվել էին հայկական մշակույթի կենդանի ցուցահանդեսի։ Այս մեծ ու բազմաշերտ աշխատանքի մեջ ներգրավված էին դպրոցի սաները և նրանց ծնողները։ Գրեթե բոլոր ծնողները ակտիվ մասնակցություն ունեցան միջոցառման կազմակերպմանը՝ դառնալով դրա անբաժանելի մասը։

Ցերեկույթը անցկացվեց ազատ ռեժիմով և տևեց շուրջ երեք ժամ։ Այցելուները կարող էին շրջել տարբեր լսարաններում, որտեղ գործում էին աշխատարաններ (workshop-ներ)։ Ներկայացված էին հայկական ավանդական ուտեստներ՝ հարիսա, պասուց տոլմա, թփով տոլմա, ղափամա, լավաշ, ժանգյալով հաց, գաթաների բազմատեսակներ, քաղցրավենիք և այլ ազգային համեղներ։

Միջոցառմանը մասնակցեցին նաև բացառիկ հյուրեր։ Նրանց թվում էին հոլանդացի լրագրող և դերասան Սինան Ջանը, ինչպես նաև գրող և դաշնակահար Արայիկ Միրզոյանը ու քանոնահար Ռուզաննա Խալափյանը, ովքեր հանդես եկան հայկական երաժշտական կատարումներով՝ հաղորդելով միջոցառմանը բարձրարվեստ և հուզիչ մթնոլորտ։

Ցերեկույթին ներկա էին նաև Նիդերլանդների քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում՝ GroenLinks կուսակցությունից, Նայմեխենի քաղաքապետարանից, ինչպես նաև տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր միջոցառման մասին տեղեկացել էին կազմակերպության տարածած հայտարարությունից։

Հատուկ ուշադրության արժանացան երեխաները, որոնք իրենց շնորհքով ու ակտիվությամբ կազմակերպել էին ցուցահանդես-վաճառք՝ ներկայացնելով դասերի ընթացքում և տանը պատրաստած ձեռագործ աշխատանքները։

Միջոցառման ավարտին իսկական անակնկալ էր հայկական Ձմեռ պապի այցը։ Երեխաները հավաքվեցին նրա շուրջ, երգեցին, պարեցին, արտասանեցին և ստացան նվերներ՝ օրն ավարտելով ուրախ ու հիշարժան տրամադրությամբ։

Այս տոնական միջոցառումը ևս մեկ անգամ վկայեց, որ հայկական մշակույթը կենդանի է, ներկայանալի և սիրելի՝ նույնիսկ հեռու հայրենիքից։ Բազմազգ Նիդերլանդներում այն հնչեց որպես ինքնության, միասնության ու մշակութային հարստության գեղեցիկ տոն։

Hay Azian

Լուսանկարները`Miráyhna Photography | Marine Grigoryan

A Joyful Celebration of Armenian Culture in Nijmegen

In multicultural and diverse Netherlands, the vibrant voice of Armenian culture was once again heard. Nijmegen recently hosted a festive, joyful, and deeply national cultural event, bringing together people of different nationalities around the richness of Armenian heritage.

The initiative for the event came from Sveta Abrahamyan, co-founder of the organization United Armenians in the Netherlands and director of the VAN Sunday Armenian School. The project had received prior approval from the Nijmegen City Council. City Council official Laury Achten praised the importance and cultural value of organizing such multicultural events.

Ms. Abrahamyan shared:
"For a long time, I had the desire to reintroduce Armenian culture to the Dutch people — to showcase our rich heritage, values, and identity."

For over a quarter of a century, Ms. Abrahamyan has been educating and nurturing Armenian children in Nijmegen, teaching not only the language and culture but also instilling a strong sense of national identity. Her students have successfully integrated into Dutch society and have become skilled professionals in various fields. She remains in close contact with leading Armenian educational specialists, bringing their knowledge, methods, and expertise to the students of VAN School.

The event was brought to life by the school’s devoted teachers — Anna Mkrtchyan, Lilit Ohanyan, Sona Khachatryan, and Gayane Abrahamyan, who also hosted the celebration.

Dutch visitors were introduced to Armenian culture in all its richness and harmony: traditional songs and music, national musical instruments, painting, the Armenian alphabet, literature, the history of Armenian letters, dance, puppet-making, and traditional cuisine.

The school’s classrooms and halls were transformed into a living exhibition of Armenian culture. Students and their parents were actively involved in preparing and presenting the event, with almost every parent participating, making the celebration a true community effort.

The event was held in an open, free-flowing format and lasted about three hours. Visitors could explore various workshops in different classrooms, featuring traditional Armenian dishes such as harissa, pasuts tolma, grape leaf dolma, ghapama, lavash, zhangyalov hats, various types of gata, desserts, and other national delicacies.

The celebration also featured distinguished guests, including Dutch journalist and actor Sinan Can, as well as writer and pianist Arayik Mirzoyan and qanun player Ruzanna Khalapyan, who performed traditional Armenian music, adding a moving and artistic atmosphere to the event.

Representatives from Dutch political circles, including GroenLinks, Nijmegen City Council, and people from different national backgrounds attended, having learned about the event through announcements by the organizing body.

Special attention was given to the children, who actively contributed by organizing an exhibition-sale, showcasing handmade crafts prepared both during lessons and at home.

The event concluded with a delightful surprise — the Armenian Santa Claus visited, bringing joy and gifts. Children gathered around, sang, danced, recited, and received presents, ending the day on a cheerful and memorable note.

This festive celebration once again proved that Armenian culture remains alive, vibrant, and cherished — even far from the homeland. In multicultural Netherlands, it shone as a beautiful celebration of identity, unity, and cultural richness.













Լուսանկարները`Miráyhna Photography | Marine Grigoryan


Փարոս Գարդեն․ կայուն գյուղատնտեսության նոր լույս Հայաստանի հյուսիսում

 

Հայաստանի հյուսիսում՝ Շիրակի մարզի Նահապետավան գյուղում, կյանքի է կոչվում մի նախաձեռնություն, որը լիովին համահունչ է այն արժեքներին, որոնք այսօր կարևոր են նաև նիդերլանդական հասարակության համար՝ կայունություն, նորարարություն և համայնքային զարգացում։ Այդ նախաձեռնության անունն է Փարոս Գարդեն։
2024 թվականին Տարոն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ հիմնադրված այս ինտենսիվ այգին գտնվում է պատմական Հառիճավանքից ընդամենը 5 կմ հեռավորության վրա։ Այստեղ անցյալն ու ապագան միաձուլվել են՝ ձևավորելով գյուղատնտեսության նոր մոդել, որը միտված է ոչ միայն արտադրությանը, այլև դրա երկարաժամկետ, կայուն զարգացմանը։
Փարոս Գարդենը զբաղեցնում է 3500 քառակուսի մետր տարածք և ներառում է 1300 պտղատու ծառ՝ Գալա տեսակի խնձորենիներ և Սանտա Մարիա տեսակի տանձենիներ։ Այս տեսակները ընտրվել են իրենց բարձր բերքատվության, տեղական կլիմային հարմարվողականության և շուկայի կայուն պահանջարկի շնորհիվ։ Դրանք հարմար են նաև վերամշակման և չրերի արտադրության համար՝ ստեղծելով հավելյալ արժեք գյուղական համայնքում։
Նախագիծն իրականացվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության LEAD4Shirak ծրագրի շրջանակում: Ներդրումը վկայում է այն մասին, թե ինչպես կարող են միջազգային աջակցությունն ու տեղական նախաձեռնությունը համատեղ ձևավորել կայուն զարգացման հաջող պատմություն։
Այգին արդեն իսկ համալրված է ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգով և հակակարկտային պաշտպանությամբ։ Սակայն Փարոս Գարդենի տեսլականը դրանով չի սահմանափակվում։ Առաջիկա փուլում նախատեսվում է անցում դեպի ավելի արդյունավետ և տվյալահեն կառավարում՝ հողի սենսորային մոնիթորինգի և թվային կառավարման գործիքների կիրառմամբ, ինչպես նաև օրգանական թափոնների վերամշակում՝ կոմպոստի արտադրության համար։
Այս նախաձեռնությունը կարևոր օրինակ է, թե ինչպես կարող են ԵՄ աջակցությամբ ծրագրերը նպաստել ոչ միայն տնտեսական աճին, այլև բնապահպանական պատասխանատվության խթանմանը և համայնքների հզորացմանը։ Փարոս Գարդենը դիտարկվում է նաև որպես ուսումնական հարթակ երիտասարդ ֆերմերների, ագրոբիզնեսով հետաքրքրված մասնագետների և զբոսաշրջիկների համար։
Չնայած մեր լրատվամիջոցը՝ Նիդերլանդական օրագիրը, հրավիրված էր Փարոս Գարդենի բացման արարողությանը, մեր թղթակիցը այդ օրերին արդեն պետք է վերադառնար Նիդերլանդներ։ Այնուամենայնիվ, մենք խոստացել էինք մեր ընթերցողներին պատմել այս նախաձեռնության մասին՝ որպես ԵՄ արժեքների կենդանի արտացոլում Հայաստանի գյուղական համայնքում։
Փարոս Գարդենը ապացուցում է, որ անգամ փոքր մասշտաբով նախաձեռնությունները կարող են ունենալ մեծ ազդեցություն։ Երբ տեխնոլոգիան, բնությունը և մարդկային նախաձեռնությունը միավորվում են, դրանք արդյունք են տալիս և դառնում ուղենիշ։ Այսօր այն փոքրիկ այգի է, բայց արդեն իսկ՝ մի փարոս հայկական գյուղատնտեսության զարգացման ապագա հորիզոնում։


Pharos Garden: A New Light of Sustainable Agriculture in Northern Armenia

In northern Armenia, in the village of Nahapetavan in Shirak Province, an initiative is taking shape that fully resonates with the values that are also important to Dutch society today—sustainability, innovation, and community development. That initiative is called Pharos Garden.
Founded in 2024 on the initiative of Taron Hovhannisyan, this intensive orchard is located just 5 kilometers from the historic Harichavank Monastery. Here, the past and the future merge to shape a new model of agriculture—one that is focused not only on production, but also on long-term, sustainable development.
Pharos Garden covers an area of 3,500 square meters and includes 1,300 fruit trees: Gala apple trees and Santa Maria pear trees. These varieties were selected for their high productivity, adaptability to local climatic conditions, and stable market demand. They are also well suited for processing and dried fruit production, creating added value for the rural community.
The project has been implemented within the framework of the European Union and the Austrian Development Cooperation’s LEAD4Shirak program. The investment demonstrates how international support and local initiative can work together to build a successful story of sustainable development.
The orchard is already equipped with a modern drip irrigation system and anti-hail protection. However, the vision of Pharos Garden goes beyond this. The next phase foresees a transition toward more efficient, data-driven management through soil sensor monitoring and digital management tools, as well as the processing of organic waste into compost.
This initiative is an important example of how EU-supported programs can contribute not only to economic growth, but also to the promotion of environmental responsibility and the strengthening of local communities. Pharos Garden is also envisioned as a learning platform for young farmers, agribusiness professionals, and tourists.
Although our media outlet, the Dutch Daily, was invited to the opening ceremony of Pharos Garden, our correspondent had to return to the Netherlands during that period. Nevertheless, we had promised our readers to tell the story of this initiative as a living reflection of European Union values in a rural