ՀՅԴ Նիդերլանդների կառույցի հայտարարությունը
2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազավթած վարչախումբը Երևանում անցկացրեց այսպես կոչված «համահայկական» մի հավաք, որին մասնակցեցին Սփյուռքի տարբեր շրջաններից անհատներ։ Նիդերլանդներից նույնպես գտնվեցին պատեհապաշտ մարդիկ, որոնք գնացին սատարելու հայրենի Արցախը վաճառքի հանած, 5000 ազգի սերուցք կազմող երիտասարդներին սպանդի տարած, հայրենիքի տարածքները թշնամուն զիջած և զիջող իշխանությանը։ ՀՅԴ Նիդերլանդների կառույցը ազգային զգացմունքներով տոգորված ողջ նիդերլանդահայության անունից հայտարարում է․
Նմանօրինակ հավաքները միայն ու միայն ուղղված են հայ ժողովրդի պառակտումը խորացնելու և հայրենավաճառ իշխանության ապազգային դիրքերն ամրացնելուն։ Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են կեղծիքի և երեսպաշտության այս թատերախաղին, բացառապես հետապնդել են անձնական շահեր և երբեք իրավասու չեն ներկայացնելու նիդերլանդահայության հավաքական կարծիքը։ Ամենազավեշտալին այն է, որ մասնակիցների թվում կան մարդիկ, որոնք տասնամյակներ Հայ դատի հանձնախմբի հետ համագործակցել են Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին և Արցախի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներին։ Նույն մարդիկ այսօր ծափահարում են իրենց խեղկատակ առաջնորդի հայտարարություններին, որը «Արցախ» անվան արտաբերումը հանցանք է համարում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերջնականապես հանել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից։
ՀՅԴ Նիդերլանդների կառույցը, իր շուրջը համախմբելով ազգի և հայրենիքի ճակատագրով ապրող բոլոր նիդերլանդահայերին, շարունակելու է պայքարել թշնամու կողմից տեղադրված և ամբողջությամբ նրա կարգադրությունները կատարող իշխանազավթ դավաճանների դեմ և հայտարարում է, որ դավաճանական իշխանության հետ ցանկացած համագործակցություն վաղ թե ուշ ստանալու է իր արժանի գնահատականը։
ՀՅԴ Նիդերլանդների կառույց
«Նիդերլանդական Օրագրի» նկատառումը․ հայրենասիրությունը կուսակցական սեփականություն չէ
ՀՅԴ Նիդերլանդների կառույցն իրավունք ունի քննադատելու Հայաստանի իշխանություններին, նրանց քաղաքականությունը և Երևանում անցկացված համահայկական գագաթնաժողովի նպատակահարմարությունը։ Քաղաքական տարաձայնություններն ու իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատությունը ժողովրդավարական հասարակության բնական մասն են։ Սակայն քննադատությունը չպետք է վերածվի մարդկանց պիտակավորելու, նրանց մտադրություններն առանց փաստերի վերագրելու և համայնքը բաժանարար գծերով մասնատելու գործիքի։ Այս հայտարարությանը երևի չարձագանքեինք, եթե չլինեին համապատասխան արձագանքները:
«Նիդերլանդական Օրագիրը» անընդունելի է համարում հայտարարության մեջ տեղ գտած վիրավորական, մեղադրական և պառակտիչ բառապաշարը։ Մարդկանց «պատեհապաշտ», «հայրենավաճառ» կամ «դավաճան» որակելը, նրանց մասնակցությունը անձնական շահերով պայմանավորելը՝ առանց որևէ փաստական հիմնավորման, հանրային առողջ բանավեճի ճիշտ ձև չէ։ Իշխանություններին աջակցելը կամ նրանց հետ համագործակցելը կարող է քննադատության առարկա դառնալ, բայց դա ինքնին որևէ մեկին հայրենադավ լինելու դատավճիռ տալու հիմք չէ։
Առավել խնդրահարույց է հայտարարության այն պնդումը, թե ՀՅԴ Նիդերլանդների կառույցը հանդես է գալիս «ողջ նիդերլանդահայության անունից»։ Ո՞վ և ի՞նչ լիազորությամբ է նրան տվել այդ իրավունքը։ Նիդերլանդահայ համայնքը միասնական քաղաքական մտածողությամբ կազմակերպություն չէ։ Այն բաղկացած է տարբեր հայացքներ, համոզմունքներ և մոտեցումներ ունեցող մարդկանցից, հասարակական կառույցներից ու նախաձեռնություններից։ Որևէ կուսակցական կամ հասարակական կառույց չի կարող իրեն վերապահել բոլորի անունից խոսելու, նրանց հայրենասիրությունը գնահատելու կամ ազգային պատկանելության առումով բարոյական դատավորի դեր ստանձնելու իրավասությունը։
Համահայկական հավաքին մասնակցելը դեռևս չի նշանակում Հայաստանի իշխանությունների բոլոր որոշումներին հավանություն տալ կամ նրանց քաղաքականության աջակիցը դառնալ։ Մարդիկ կարող են մասնակցել նման միջոցառումների՝ իրենց պատկերացումներով առաջնորդվելով, բարձրաձայնել խնդիրներ, ներկայացնել համայնքի շահերը, կապեր հաստատել և քննարկել Հայաստանի ու Սփյուռքի հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նրանց անձնական շարժառիթների մասին ընդհանրացումներ անելու համար անհրաժեշտ են փաստեր, ոչ թե ենթադրություններ։
Մի ճշտում՝ նախկին համագործակցության մասին
ՀՅԴ հայտարարության մեջ նշվում է, թե որոշ մասնակիցներ «տասնամյակներ» շարունակ համագործակցել են Հայ դատի հանձնախմբի հետ։ Այս պնդումը ճշգրտման կարիք ունի։
Նիդերլանդներում FAON-ի և ՀՅԴ կառույցի միջև համագործակցություն իսկապես եղել է, ու լավ է, որ եղել է, դա նպաստեց համայնքի համախմբմանը, ցավոք այն կարճ տևեց` ընդամենը մի քանի տարի։ Այդ աշխատանքն իրականացվել է կոորդինացված՝ ընդհանուր ազգային գաղափարների և նպատակների շուրջ, հավասար գործընկերության սկզբունքով, ոչ թե ՀՅԴ-ի ենթակայությամբ կամ նրա կամայական որոշումներով։
Այս տարբերությունը սկզբունքային է։ Համագործակցությունը ենթակայություն չէ։ Ընդհանուր ազգային նպատակի շուրջ համատեղ աշխատանքը որևէ մեկին չի դարձնում մյուսի քաղաքական որոշումների հետևորդը։ Իսկ նախկինում համագործակցած լինելը չի նշանակում, որ մարդիկ պարտավոր են հետագայում անվերապահորեն կիսել տվյալ կառույցի քաղաքական գնահատականներն ու դիրքորոշումները։
Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի իրավունքների պաշտպանության և ազգային շահերին առնչվող հարցերը չեն կարող լինել ընդամենը մեկ կուսակցության սեփականություն։ Դրանք համազգային խնդիրներ են, որոնց ուղղությամբ կարող են և պետք է աշխատեն տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ ու կազմակերպություններ։
Խոսքերից բացի՝ ի՞նչ գործ է կատարվել
ՀՅԴ հայտարարությունը մեղադրում է հավաքի մասնակիցներին՝ ազգային խնդիրների նկատմամբ անտարբերության և անձնական շահերով առաջնորդվելու մեջ։ Սակայն նման մեղադրանքների կողքին բնական է նաև մեկ այլ հարց բարձրացնել․ Այս պահին ի՞նչ կոնկրետ աշխատանք է այսօր իրականացվում հենց ՀՅԴ Նիդերլանդների կառույցի կողմից՝ Արցախի իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ճանաչման, Ադրբեջանի հակահայկական քաղաքականության և այդ խնդիրները Նիդերլանդների քաղաքական օրակարգում պահելու ուղղությամբ։
Որո՞նք են վերջին տարիների նախաձեռնությունները, ի՞նչ աշխատանք է տարվել Նիդերլանդների խորհրդարանի, արտաքին գործերի նախարարության, քաղաքական շրջանակների և հասարակական կառույցների հետ, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։ Եթե կան այդպիսի աշխատանքներ, հանրությունը, բնականաբար, իրավունք ունի դրանց մասին տեղեկանալու և գնահատելու դրանք։
Այս հարցադրումը որևէ մեկի կատարած աշխատանքը նսեմացնելու նպատակ չունի։ Ընդհակառակը՝ ազգային խնդիրների շուրջ իրականացված յուրաքանչյուր արդյունավետ նախաձեռնություն արժանի է գնահատանքի՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը կամ որ կազմակերպության անունից է այն իրականացվել, ինչն էլ մեր լրատվամիջոցն անում է: ՈՒրիշներին մեղադրելուց առաջ սեփական գործունեության մասին խոսելը նույնպես հանրային պատասխանատվության մաս է։
Համայնքի ուժը համագործակցության մեջ է
Չպետք է մոռանալ, որ այսօր Հայաստանի և Նիդերլանդների միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները մեկ օրվա կամ մեկ քաղաքական ուժի աշխատանքի արդյունք չեն։ Դրանց զարգացմանը նպաստել են Նիդերլանդներում ապրող հայերի, հասարակական կազմակերպությունների, համայնքային կառույցների, անհատների և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայրենակիցների երկարատև ջանքերը։
Մեր գնահատմամբ՝ Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը մեծապես պայմանավորված է նաև նիդերլանդահայերի հետևողական աշխատանքով, հաստատված կապերով, նախաձեռնություններով և երկու երկրների միջև փոխըմբռնման ամրապնդմանն ուղղված ջանքերով։ Այդ աշխատանքը նաև ՀՅԴ կառույցի արդյունք է, բայց քաղաքական ուղղության մենաշնորհը չէ։
Այսօր Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև Հայաստանի ու Նիդերլանդների միջև հարաբերությունների հետագա զարգացման հիմքը պետք է լինի համայնքի համագործակցությունը, փոխադարձ հարգանքն ու ընդհանուր նպատակների շուրջ համախմբումը, այլ ոչ թե պառակտող, վիրավորական ու մեղադրական սեփական երկրի մասին հայտարարությունների տարածումը։
Մենք պետք է կարողանանք գնահատել միմյանց կատարած աշխատանքը, նույնիսկ երբ քաղաքական հայացքներն ու մոտեցումները տարբեր են։ Համայնքի ուժը ոչ թե բոլորի միատեսակ մտածելակերպն է, այլ տարբեր կարծիքներով հանդերձ՝ ընդհանուր ազգային նպատակների շուրջ համագործակցելու կարողությունը։
Հայաստանի շահերին ծառայելու լավագույն ճանապարհը միմյանց հայրենասիրությունը կասկածի տակ դնելը չէ, այլ մեր ունեցած ներուժը համատեղ գործի վերածելը։ Համագործակցություն՝ պառակտման փոխարեն, գործ՝ մեղադրանքի փոխարեն, համախմբում՝ փոխադարձ անվստահության փոխարեն։
Սա է այն սկզբունքը, որը, մեր համոզմամբ, պետք է առաջնորդի նիդերլանդահայ համայնքի հանրային կյանքը և Հայաստանի հետ նրա հարաբերությունները։
Մեր ազգային մտածողությանն անհարիր պետք է համարել այն երևույթը, երբ կուսակցական դիրքորոշման կամ քաղաքական հայացքների պատճառով խզվում են մարդկային ջերմ ու լավ հարաբերությունները ու սա մեր օրերում մտածելու տեղիք է տալիս:

No comments:
Post a Comment