(Երգիծական)
Ես սովորական բանան էի։
Իմ ամենամեծ երազանքն էր՝ հասունանալ արևի տակ, հետո հայտնվել մրգամանի մեջ և դառնալ որևէ մեկի նախաճաշը։ Քաղաքականությամբ չէի զբաղվում, դիվանագիտությունից ոչինչ չէի հասկանում, ոչ մի կուսակցության անդամ չէի։ Ի՞նչ գործ ունեի ես միջազգային հարաբերությունների հետ։
Բայց կյանքը, ինչպես ասում են, երբեմն ինքն է քեզ համար որոշում կայացնում՝ առանց քո համաձայնությունը հարցնելու։
Ամեն ինչ սկսվեց Անթալիայից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրանոցից իրերը հավաքելիս ինձ տեղավորեց կոստյումի ծոցագրպանը՝ ասելով, թե ճանապարհին պետք կգամ։ Ես դեռ չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Կարծում էի՝ օդանավակայանի խորտիկ եմ։ Հետո՝ Դուբլին։ Ինձ հանեց ծոցագրպանից, հետո նորից տեղավորեց այնտեղ։ Ես նույնիսկ կասկածեցի, որ դիվանագիտական պատվիրակության անդամ եմ և նույնիսկ համեստորեն ուզում էի բղավել.
«Տղե՛րք, մի քիչ հանգիստ։ Ես ընդամենը բանան եմ»։
Բայց արդեն ուշ էր։ Իմ ճանապարհորդության մասին սկսեցին գրել։ Անթալիա։ Դուբլին։ Բանան։ Երբ վերադարձանք Հայաստան, ես մտածեցի՝ վերջապես տուն։ Հիմա ինձ կդնեն մրգամանի մեջ, և ես կկարողանամ հանգիստ ապրել իմ կարճ, բայց քաղցր մրգային կյանքը։
Բայց ինձ սպասում էր նոր անակնկալ՝ հայտնվեցի սեյֆում։ Այո՛, այո՛, ինձ դրեցին սեյֆում։ Սկզբում նույնիսկ վիրավորվեցի։ «Ի՞նչ է կատարվում։ Ես, թեև դեղին եմ, բայց ոսկի չեմ։ Փաստաթո՞ւղթ եմ։ Պետական գաղտնի՞ք եմ»։ Հետո մտածեցի՝ գուցե նույնիսկ լավ է։ Սեյֆում մութ ու հանգիստ էր։ Բայց շուտով հասկացա, որ սխալվում էի։
Դրսում մարդիկ արդեն քննարկում էին ինձ։ Ոմանք փորձում էին հասկանալ, թե ինչ կարող եմ տեսած լինել ծոցագրպանում, մյուսները՝ ինչու եմ հայտնվել սեյֆում և որն է եղել իմ նպատակը, երրորդները՝ ինչու եմ այնտեղից մի քիչ սևացած դուրս եկել։ Ես լսում էի այդ ամենը և մտածում.
«Մի՞թե աշխարհում ուրիշ բան չկա, որի մասին կարելի է խոսել»։
Ես նույնիսկ սկսեցի վախենալ։ Հանկարծ մտածեցի՝ գուցե ինձ առաջադրեն ընտրություններում։ Ի վերջո, ես արդեն ճանաչված էի, միջազգային փորձ ունեի և նույնիսկ սեյֆում էի պահվել։ Ընդդիմադիրների քննարկումներում իմ անունը սկսեց ավելի հաճախ հայտնվել։ Ուզում էի բացատրել՝ ես ոչ իշխանություն եմ, ոչ ընդդիմություն, ես պարզապես մի բանան եմ։ Բայց ինձ ո՞վ էր լսում, երբ իմ մասին անվերջ խոսում էին։
Եվ նորից՝ ճանապարհ։ Այս անգամ՝ Ֆրանկոֆոնիայի համաժողով։ Սկզբում՝ Դելի։ Հետո՝ Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպեն։ Ես արդեն քարտեզ էի պահանջում։
— Ո՞ւր ենք գնում,— հարցրի։
— Պնոմպեն։
— Երկի՞րը։
— Կամբոջա։
Ես մի պահ լռեցի։ Այդքան ճանապարհորդությունից հետո ինձ ոչ թե բանան էի պատկերացնում, այլ կեղևով աշխարհագրության դասագիրք՝ մրգային միջուկով։
Պնոմպենում ինձ նորից նկատեցին։ Նորից սկսեցին խոսել։ Նորից գրեցին։ Ես ֆրանսերեն չգիտեի, բայց արդեն հասկանում էի միջազգային լեզուն։ Դա տեսախցիկների լեզուն էր։ Այդ լեզվով ամենակարճ արտահայտությունը «բանան» էր։
Այստեղ հիշեցի իմ հայտնի գործընկերոջը։ Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանը մի անգամ սովորական բանանը կպչուն ժապավենով ամրացրել էր պատին և անվանել «Comedian»՝ «Կատակերգու»։ 2024 թվականին այդ գործը Sotheby’s-ի աճուրդում վաճառվեց 6,2 միլիոն դոլարով՝ ներառյալ վճարները։ Նա պատից չէր էլ իջել, իսկ ես արդեն Անթալիա, Դուբլին, Երևան, սեյֆ, Դելի ու Պնոմպեն էի տեսել։ Եվ ոչ ոք ինձ միլիոն դոլար չէր առաջարկել։
Մի պահ մտածեցի՝ գուցե պետք է պահանջեմ կպչուն ժապավեն և պատի մի ազատ անկյունում ծվարել։ Բայց հետո հասկացա՝ ինձ արդեն պատին չէին կպցնի. իմ տեղը քաղաքականացված ծոցագրպանն էր։
Եվ այստեղ ես դարձա քաղաքականության աղմկոտ թեման։ Սկզբում մարդիկ պարզապես ծիծաղեցին։ Հետո սկսեցին քննարկել։ Հետո վերլուծել։ Հետո մեկնաբանել։ Հետո արդեն իմ մասին սկսեցին քաղաքական եզրակացություններ անել։ Հայաստանի քաղաքական դաշտում ես պաշտոնապես հայտնվեցի օրակարգում։ Մի պահ նույնիսկ տպավորություն ստեղծվեց, թե քաղաքական ընդդիմության մի մասը գտել է իր վաղուց կորցրած ամենակարևոր ու լուրջ թեման՝ ոչ տնտեսություն, ոչ սոցիալական խնդիրներ, ոչ արտաքին քաղաքականություն, ոչ անվտանգություն։ Ես՝ բանանս, ամենակարևորն էի և, բնականաբար, հուզվեցի։
— Այսքան տարի քաղաքականություն քննարկեք, և վերջում հասնեք ի՞նձ։
Բայց ինձ համար ամեն ինչ այդքան էլ ծիծաղելի չէր։ Ինձ սկսեցին դիտարկել որպես խորհրդանիշ։ Մեկը կապեց Թուրքիայի հետ։ Մյուսը՝ տեսավ քաղաքական ենթատեքստ։ Երրորդը՝ հավատարմության նշան։ Չորրորդը՝ ինչ-որ նոր աշխարհաքաղաքական ուղղության խորհրդանիշ։ Ես լսում էի ու ավելի ու ավելի էի զարմանում։
— Ես Թուրքիայում աճե՞լ եմ։ Ո՛չ։ Էրդողանի՞ բանանն եմ։ Ո՛չ։ Կիսալուսնին նմա՞ն եմ։ Ո՛չ։ Փաշինյանի՞ կուսակիցն եմ։ Ո՛չ։ Ընդդիմադի՞ր եմ։ Ո՛չ։ Բա ի՞նչ եմ։
Պատասխանը շատ պարզ էր.
— Բանան։
Ժողովուրդը շարունակում էր քննարկել։ Մարդիկ վիճում էին, ծիծաղում, վիրավորվում, մեկնաբանում, քաղաքական նշանակություն փնտրում։ Իսկ ես պարզապես ուզում էի հանգիստ ապրել։ Երազում էի մի սովորական մրգային ափսեի մասին՝ խնձոր, տանձ, նարինջ և ես՝ մեջտեղում՝ վրաները դրված։ Առանց քաղաքական մեկնաբանությունների։ Առանց աշխարհաքաղաքական նշանակության։ Առանց վերլուծաբանների։ Առանց ընդդիմության։ Առանց իշխանության։ Պարզապես տանձին, խնձորին ու այլ մրգերին զարդարող բանան։
Եվ վերջապես եկավ մեծ հանգուցալուծումը։
Մի օր Փաշինյանը հանեց ինձ ծոցագրպանից։ Մտածեցի. «Երևի նոր երկիր»։ Բայց ոչ։ Ինձ պարզապես մաքրեց, ազատեց կեղևից։ Այդ պահին հասկացա, որ իմ Մագելանի ճանապարհորդական միջազգային կարիերան ավարտվում է։ Չեմ լինի ոչ Բուխարեստում, ոչ Սանկտ Պետերբուրգում, ոչ թանգարանում, ոչ Sotheby’s-ի աճուրդում, ոչ էլ Կատելանի նման՝ 6,2 միլիոն դոլարով։ Ամեն ինչ ավարտվեց ամենաբնական, իմ երազած ձևով։
Ինձ կերավ։
Եվ գիտե՞ք ինչ, այդ պահին ես, հավանաբար, առաջին անգամ ամբողջ պատմության ընթացքում հանգիստ շունչ քաշեցի։ Վերջապես հասա այնտեղ, ուր ի սկզբանե պետք է հասնեի։ Ինձ չդարձրին քաղաքական գործիչ։ Չդարձրին ընդդիմադիր։ Չդարձրին իշխանամետ։ Չդարձրին արվեստի գործ։ Չդարձրին աշխարհաքաղաքական խորհրդանիշ։ Ես վերջապես դարձա այն, ինչ միշտ եղել էի՝ բանան։
Իսկ Հայաստանի քաղաքական կյանքում հիմա ինձ մի հարց է տանջում. ի՞նչ թեմայով է ընդդիմությունը զբաղվելու վաղը։ Գուցե խնձորով։ Գուցե տանձով։ Գուցե նարինջով։ Ո՞վ գիտի։
Մի բան այս ընթացքում ինձ՝ բանանիս, պարզ դարձավ. մարդիկ կարող են ամեն ինչից քաղաքականություն սարքել։ Ի տարբերություն մարդկանց՝ իմ վերջնական ընտրությունը՝ մրգային կյանքով ապրելն էր։
Կատելանի բանանը դարձավ արվեստ և վաճառվեց միլիոններով։ Փաշինյանի բանանը դարձավ քաղաքական քննարկման առարկա, անցավ մի քանի երկրներով, հայտնվեց ծոցագրպանում, սեյֆում, տեսախցիկների առաջ և վերջապես հասավ իր ամենաբարձր առաքելությանը՝ վարչապետի ընթրիքին։
Մի բանանի համար աշխարհը տակնուվրա եղավ։ Իսկ ինքը՝ բանանը, վերջում իր ճիշտ հանգրվանը գտավ, մնաց բանանի կեղև, որն անաղմուկ ու հանգիստ գնաց փարվելու մայր հողին։
Եթե մի բանանից կարելի է մի ամբողջ աշխարհագրական, քաղաքական ու մշակութային պատմություն սարքել, ուրեմն մարդկությունը դեռ հումորի կարիքն ունի։
Բանանի պատմությունը լսեց ու անաղմուկ գրի առավ՝
«Նիդերլանդական Օրագիր»


No comments:
Post a Comment