The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 12 September 2025

Հայ հոգևոր երաժշտության հնչյունները Վենետիկի Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան Միաբանության 325-ամյակի առիթով

 


Հայ հոգևոր երաժշտության հնչյունները Վենետիկի Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան Միաբանության 325-ամյակի առիթով

Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ի նախաձեռնած «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով մշակութային բացառիկ ծրագիրը։ Միջոցառումը կազմակերպվել էր Մխիթարյան Միաբանության հիմնադրման 325-ամյակի շրջանակում՝ ի նշան երախտագիտության և հարգանքի այն վանականների հանդեպ, որոնք երեք դար շարունակ պահպանում և տարածում են հայ հոգևոր մշակույթն ու գիտական ժառանգությունը։

Միջոցառմանը ներկա էին Պոլսոյ հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ և Մխիթարյան Միաբանության վանահայր Լևոն արքեպիսկոպոս Զէքիեանը, միաբանության հայրերը, ինչպես նաև Իտալիայի տարբեր քաղաքներից ժամանած հայ և իտալացի ուխտավորներ։

Երաժշտական երեկոյի ընթացքում արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանը, երգեհոնահար Զոյա Թուխմանովա Կարապետյանի նվագակցությամբ, հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու և Մխիթար Այրիվանեցու ստեղծագործություններ։ Ծրագրում հնչեց նաև եվրոպական հոգևոր երաժշտություն, որը ջերմորեն ընդունվեց ներկաների կողմից։

«ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանը, շնորհավորելով Միաբանությանը հոբելյանի առթիվ, ընդգծեց նրանց անփոխարինելի դերը հայ հոգևոր արժեքների պահպանման և համաշխարհային մշակութային երկխոսության խթանման գործում.

«Մխիթարյան Միաբանությունը երեք դար շարունակ անխոնջ կերպով հայ հոգևոր մշակույթը պահպանում է, զարգացնում և արժանապատվորեն ներկայացնում համաշխարհային գիտական ու մշակութային հանրությանը։ Մենք խորապես երախտապարտ ենք այս ջերմ հյուրընկալության և համագործակցության համար»։

Իր խոսքում Լևոն արք. Զէքիեանը բարձր գնահատեց նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ հայկական դուդուկի մեղեդիները մի օր կդառնան Սուրբ Պատարագի անբաժան մասը։

Երեկոյի ավարտին Գագիկ Գասպարյանն ու Գևորգ Չիչյանը պարգևատրվեցին Մխիթարյան Միաբանության հուշամեդալով։ «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց Միաբանությանը, Մայրավանքի վանահայր Տեր Գևորգ վարդապետ Սարգսյանին և Զոյա Թուխմանովա Կարապետյանին։ Խորհրդանշական ժեստով Գագիկ Գասպարյանը դուդուկ նվիրեց Մխիթարյան Միաբանությանը՝ որպես մշակութային կապերի և հարգանքի նշան։

Այս համերգը ոչ միայն հարգանքի տուրք էր Մխիթարյան Միաբանության հարուստ ժառանգությանը, այլև նոր կամուրջ՝ հայկական և եվրոպական հոգևոր երաժշտությունների միջև՝ ընդգծելով մշակութային երկխոսության և միասնականության արժեքը։

Մայրավանքի համերգից առաջ…
Սկսվում է «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» մշակութային ծրագիրը։





ՎԱԶԳԵՆ ՔԱՀԱՆԱ ԱՄԱՏՈՒՆԻՆ, ՈՐ ՉՆԱՅԾ ԱՐԳԵԼՔԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱԿՏԻՎ Է ՊԱՀԵԼ ՀԱՎՏՔՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

 Հետաքրքիր

Խորհրդային հակակրոնական քաղաքականության ամենախիստ տարիներին, երբ Հայաստանի ողջ տարածքում փակված էին գրեթե բոլոր եկեղեցիները և պաշտոնապես գործում էր միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Օշական գյուղի սրտում հնչում էր աղոթքի խաղաղ ձայնը։ Այս ձայնի կրողը Վազգեն քահանա Ամատունին էր՝ մի հոգևորական, որ հետպատերազմյան տարիներին հավատարիմ մնաց իր նախնիների հավատքին ու Օշականի եկեղեցու ավանդներին։

Օշականի եկեղեցին, որն Ամատունիների տոհմի ջանքերով վերակառուցվել էր դեռևս նախորդ դարերում, խորհրդային վարչակարգի համար կարող էր մնալ պարզապես քարաշեն շինություն։ Սակայն Վազգեն քահանայի համար այն կենդանի օջախ էր՝ ժողովրդի հավատքի և ինքնության պահապան։ Մշտական հսկողության, սահմանափակումների ու երբեմն լռության պարտադրանքի պայմաններում նա շարունակում էր հովվությունը՝ խնամելով համայնքի հոգևոր կյանքը։

Օշականում և հարակից բնակավայրերում նրա հանդեպ ձևավորված մեծ հարգանքը պայմանավորված չէր միայն եկեղեցական ծիսակարգերի պահպանումով։ Նա հետաքրքիր և ուրախ պատմություններ էր պատմում մարդկանց, ակտիվ շփվում գյուղացիների հետ։ Վազգեն քահանա Ամատունին դարձավ ժողովրդի բարոյական հենարանը։ Նա սփոփում էր վշտացողներին, մկրտում նորածիններին, ուխտում էր գերեզմանների մոտ, և երբ պետական արգելքները կարծես կուրորեն փորձում էին ջնջել դարավոր ավանդույթները, նա լուռ ու համառորեն վառ էր պահում հավատքի կրակը։

Այս պատմական հիշողությունը նոր շունչ ստացավ, երբ լրագրող- լուսանկարիչ Վահան Ամատունին՝ Ամատունիների նույն տոհմից, իր տեսախցիկով հավերժացրեց Վազգեն քահանայի կերպարը։ Լուսանկարը, որին միացնելու ենք այս հրապարակմանը, ներկայացվել է Լեհաստանի և Գերմանիայի հեղինակավոր ֆոտոցուցահանդեսներում ու արժանացել մրցանակների։ Այն ոչ միայն գեղարվեստական բարձր արժեք ունեցող գործ է, այլև վկայություն է հայ հոգևոր տոկունության ու համայնքային հիշողության մասին։

Այսօր, երբ Օշականի եկեղեցին շարունակում է մնալ Մեսրոպ Մաշտոցի հիշատակի խորհրդանիշն ու ուխտատեղի, Վազգեն քահանայի անունը նրան ճանաչողների շրջանում հնչում է երախտագիտությամբ։ Նրա կերպարը հիշեցնում է, որ նույնիսկ ամենախստիվ ժամանակներում ժողովրդի ինքնությունն ու հավատքը կարող են գոյատևել՝ շնորհիվ այնպիսի անձանց, ովքեր չեն վախենում պահել լույսը խավարում։

Վահան Ամատունու մրցանակակիր լուսանկարը՝ Վազգեն քահանայի դեմքի այն խաղաղ ու վճռական արտահայտությամբ, կարծես փոխանցում է մեկ պարզ ուղերձ․ հավատքն ու արժանապատվությունը երբեք չեն կարող վերջնականապես լռեցնել։

Առաջին անգամ ցուցադրում ենք Վահան Ամատունու լուսանկարը՝ ընթերցողին հասցնելու համար ոչ միայն պատմական փաստը, այլև այն անկեղծությունն ու անմիջականությունը, որ Վազգեն քահանան փոխանցել է իր համայնքին։ Նա մահացել է 1991թվականին։


Monday, 8 September 2025

Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը նոր ուսումնական տարին սկսեց տոնական տրամադրությամբ

 

Նիդերլանդների հայկական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Աշունը՝ նոր սկիզբների ու հույսերի եղանակը, ուրախություն ու խանդավառություն բերեց Ալմելոյի հայ համայնքին։ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը բացեց իր դռները՝ դիմավորելով փոքրիկներին և նրանց ծնողներին տոնական մթնոլորտում։

Օրվա խորհրդավոր սկիզբը նշանավորվեց գեղեցիկ ավանդույթով․ երեխաները քայլեցին կարմիր գորգի վրայով և միասին ուսուցիչների ու ծնողների հետ կիսեցին տոնական նախաճաշը։ Շնորհալի պարը՝ «Կարնո քոչարին», հնչեց սրահում՝ զարդարելով բացման արարողությունը և հիշեցնելով ազգային ինքնության ուժն ու համախմբող ոգին։

Դասարաններում մանկիկները պատմեցին իրենց ամառային հիշողությունները, ծանոթացան նորեկ ընկերների հետ և բարձրաձայնեցին իրենց ցանկություններն ու երազանքները՝ լի նոր ձեռքբերումների սպասումով։

Այս ուրախ առիթին զուգահեռ դպրոցական ընտանիքը շնորհավորեց դպրոցի տնօրեն, հմուտ ու սրտացավ մանկավարժ Սվետլանա Անդրեսյանին։ Նրան ուղղված շնորհավորանքները լցվեցին սիրով և երախտագիտությամբ՝ որպես մանկավարժի, ով տարիներ շարունակ իր ջերմությամբ և նվիրումով դեպի գիտելիքների տաճար է առաջնորդում իր սաներին։

«Նիդերլանդական օրագիր» պարբերականը սրտանց շնորհավորում է ինչպես բոլոր ուսուցիչներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա առթիվ, այնպես էլ տիկին Սվետլանա Անդրեսյանին։ Մաղթում ենք առողջություն, անսպառ ոգևորություն և նորանոր հաջողություններ։

Այսպիսով, Ալմելոյի հայ համայնքը մեկ օրվա ընթացքում կրկնակի տոն ունեցավ՝ գիտելիքի ու մանկավարժի օրվա գեղեցիկ միախառնումով։

Ի դեպ Նիդերլանդների գրեթե բոլոր հայկական կիրակնօրյա դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին։

Բարի երթ...



Sunday, 7 September 2025

ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՍՐԲԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ, ԱՎԱՆԴՈՒՅԹԸ, ՈՒՍՈՒՑԻՉԸ և ՓՈՐՁԱՌՈՒՄԸ` ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՆԻ ՆԻԿՈԼԱՆ

 

Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ, 

ՆիդՕրագրի համար

Այսօր 06․09․2025 Վան բիզնես կենտրոնում էի միջազգային մեդիատորների հրավերով։ Շնորհակալ եմ հարգարժան Սվետլանա Գալստյանին, ով աշխարհում հայտնի է միջազգային մեդիտացիայի բնագավառում իր կայուն ներդրումներով։ Վան բիզնես կենտրոնի սրահում իր աշխատանքներն է ներկայացնում նկարչուհի, ազգությամբ ֆրանսուհի Անի Նիկոլան։ Նրա զեկուցման թեման է <<Բյուզանդական սրբանկարչությունը, ավանդույթը, ուսուցիչը և փորձառումը>>։ Անին ներկայացնում է իր համամարդկային արվեստը՝ զուգակցելով յուրաքանչյուր աշխատանք դրան վերաբերող խոհա - կրոնա- փիլիսոփայական մեկնաբանություններով։ Անիի աշխատանքները դիտելով հոգևորին ես մոտենում։ Դեմքերը յուրահատուկ են, դրանք սոսկ կրոնական դրոշմ չունեն, դու մխրճվում ես նրանց հայացքի խորքը, հայացք, որն ամբողջական փիլիսոփայական ներթափանցում է պահանջում՝ այնտեղ ոչ միայն տառապանքն ու ասկետիզմն են երևում, այլև լուսավոր արժեքների նկատմամբ հավատը։ Ակամայից առաջանում է ակնածանք Անիի արվեստի նկատմամբ։ Անիի աշխատանքներում ոչ մի շտրիխ, ոչ մի դետալ ինքնանպատակ չէ։ Ամեն մանրամասն ներկայացված է ճշգրիտ հաշվարկների միջոցով։ Սրբապատկերները խոսուն են, ասես գունային զուգորդումները նույնպես որոշակի խիստ հաշվարկների են ենթարկվել՝ ներքևում պատկերը սկսվում է լուսավոր մեղմությամբ, ապա որքան վեր է բարձրանում գույները դառնում են շենշող, տաք, գրավիչ, ավելի վառ ու հագեցած։ Աշխարհի փիլիսոփայական ըմբռնումը դրոշմված է պատկերված դեմքերին, հայացքում, ուսերի կորություններում։ Սրբերն ասես կենդանի լինեն, նրանց ձեռքերի ու մատների շարժը միանգամայն կենդանի ու բնական է։ Փորձեցինք զրուցել Անի Նիկոլայի հետ․ դասախոսությունը թարգմանվում էր ֆրանսերենից՝ թարգմանիչներն էին հետը զուգահեռ աշխատում։ Անիի դեմքին կարելի էր տեսնել նրա հարուստ հոգեկան աշխարհը, մտքի պայծառությունն ու աշխարհի՝ միայն իրեն հատուկ ընկալումը։ Անիի սրբապատկերներից մեկը զարդարում է Փարիզի աստվածամոր տաճարը։ Անին մարդկանց էլ է տեսնում լուսավոր, անբիծ ու նվիրյալ իրենց հավատքի մեջ։ Անիի արվեստի հետ շփումը ունի մաքրագործելու ունակություն։ Նա կյանքում էլ փորձում է մարդկանց տեսնել իր անկեղծության ու մաքրության պրիզմայով։ Մեդիտացիայի միջոցով խաղաղվում է հոգին․ միտք-հոգի միասնությունը տանում է ներքին հավասարակշռված վիճակի, որտեղ հոգին լցված է լույսով, լույսը սնուցում է օրգանիզմի ամեն մի բջիջը, հանգստացնում ու լիցքավորում։ Ահա այսպիսի ազդեցություն ունեն նաև Անիի սրբապատկերները, որոնց ամբողջությամբ մտքում արտապատկերելը տալիս է հոգեթով էներգիա և լիցքավորում։

Ավելացնենք, որ Անին մեծ հարգանք ունի քրիստոնեական  ավանդույթի նկատմամբ։ Թե՜ քրիստոնեությունը և թե՜ մեդիտացիան  տանում են ինքնաճանաչման, աշխարհաճանաչման, հարստացնում իմացական դաշտը։ Սրբապատկերի հետ լցվում ես երջանիկ լռությամբ։ Նույնը տեղի է ունենում, մեդիտացիայի ժամանակ, երբ ճամփորդում ես մանտրայով, հասնում երջանիկ լռության դաշտ։ Ստեղծագործության ակունքը ստեղծարար իմացականության՝ Տրանսցենդենտի՝ Աստծո Լույսի դաշտն է։ Անին ասում է, որ Արարումը Աստծո Լույսի փորձառումն է։

BYZANTINE ICONOGRAPHY, TRADITION, TEACHER, AND EXPERIENCE - PRESENTED BY ANNE NIKOLAS

Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor

 For the Diary of the Netherlands/ NidOragir

Today, 06.09.2025, I was at the Van Business Center at the invitation of international mediators. I would like to thank the esteemed Svetlana Galstyan, who is known worldwide for her sustainable investments in this field. The artist, French by birth, Anne Nicolas presents her works in the hall of the Van Business Center. The topic of her report is <<Byzantine iconography tradition, teacher and experience>>. Anne presents her universal art, combining each work with related religious-philosophical and insightful interpretations. Looking at Anne's works, you approach the spiritual. The faces are unique, they do not have a purely religious imprint, you plunge into the depths of their gaze, a gaze that requires complete philosophical penetration, where not only sufferings and asceticism are visible, but also faith in enlightened values. Involuntarily, awe arises towards Anne's art. No stroke, no detail is an end in itself. Every detail is presented through precise calculations. The icons are eloquent, as if the color combinations were also subjected to certain strict calculations - at the bottom it starts with a bright softness, then the higher it rises, the colors become captivating, warm, attractive, brighter and more saturated. The philosophical understanding of the world is imprinted on the depicted faces, in the gaze, in the curves of the shoulders. The saints seem to be alive, the movement of their hands and fingers is absolutely alive and natural. We tried to talk to Anne Nikolas - the interpreters worked parallel with her. On Anne's face, one could see her rich spiritual world, the brightness of her mind and her unique perception of the world. One of Anne's icons adorns the Notre Dame Cathedral in Paris. Anne also sees people as bright, immaculate, and devoted to their faith. The contact with Anne's art has the ability to purify. She also tries to see people in life through the prism of her sincerity and purity. Through meditation, one becomes peaceful, the unity of mind and soul leads to an internally balanced state, where the soul is filled with light, the light nourishes every cell of the organism, calms and recharges. This is also the effect of Anne's icons, the visualization of which in its entirety gives spiritual energy, recharges. In addition, Anne gives great importance to Christian tradition. Both Christianity and meditation lead to self-knowledge, world knowledge, and enrich the cognitive field. With the icon, you are filled with happy silence. The same thing happens during meditation, when you travel with a mantra, reaching a field of blissful silence. The Source of creation is the field of creative consciousness, the Transcendent, the Light of God. Anne says that Creation is the experience of the Light of God.


Saturday, 6 September 2025

Մայթերի փոխարեն՝ երթևեկության գոտի. Արագած փողոցում հետիոտները վտանգի մեջ են

 ԱՀԱԶԱՆԳ/06.09.2025/Hay Azian

Մայթերի փոխարեն՝ երթևեկության գոտի. Արագած փողոցում հետիոտները վտանգի մեջ են:

Արագած փողոցում ականատես եղանք մի իրավիճակի, որն ամենօրյա իրականություն է դարձել շատերի համար․ մայթերը պարզապես զավթված են։ Սպասարկման համար նախատեսված տարածքները զբաղեցված են մեքենաներով կամ ինքնակամ կառուցված տարատեսակ կառույցներով։ Արդյունքում հետիոտները ստիպված են քայլել երթևեկության գոտով՝ վտանգելով իրենց անվտանգությունը։

«Երբ մեքենան կանգնած է մայթի վրա, ինձ ու երեխայիս այլ բան չի մնում, քան դուրս գալ ճանապարհ», — պատմեց փողոցի բնակիչներից մեկը։ Նրա խոսքերով՝ խնդիրը ոչ միայն անհարմարություն է ստեղծում, այլև մշտական վախ, որ մեքենան կարող է հարվածել։

Փորձագետները նշում են՝ սա քաղաքաշինական ու իրավական վերահսկողության բացակայության հետևանք է։ Քաղաքագետ Ա. Մկրտչյանի խոսքով․ «Համայնքային իշխանությունները պարտավոր են ապահովել մայթերի ազատությունն ու անվտանգությունը։ Եթե մայթը զբաղեցված է, դա նշանակում է՝ քաղաքացիական իրավունքը ոտնահարված է»։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հնարավոր, որ այս երևույթը տարիներ շարունակ անտեսվի։ Ո՞ւր է վերահսկողությունը։ Ինչպե՞ս պետք է արձագանքի համայնքը, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի իր կյանքի հաշվին պաշտպանել իր տարածքը։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ հասարակության խնդիրները սկսվում են հենց «մանրուքներից»։ Մայթը միայն քարե սալիկ չէ․ այն հանրային տարածք է, որը պետք է ծառայեցվի մարդկանց, ոչ թե ավտոմեքենաներին։

Նիդերլանդական օրագրի օբյեկտիվը ֆիքսեց իրավիճակը՝ որպես հիշեցում, որ պետության կայացումը սկսվում է ամենափոքր հարցերից։ Իսկ այդ հարցերից ամենակարևորը՝ մարդու անվտանգությունն է։



Friday, 5 September 2025

Գևորգ Հակոբյանը Նիդերլանդների ազգային օպերայում՝ Սկարպիայի դերում

 


Գևորգ Հակոբյանը Նիդերլանդների ազգային օպերայում՝ Սկարպիայի դերում

Հայաստանյան և միջազգային օպերային բեմերում մեծ ճանաչում ձեռք բերած բարիտոն Գևորգ Հակոբյանը կրկին վերադարձել է Նիդերլանդների ազգային օպերային թատրոն՝ հանդես գալու Ջակոմո Պուչչինիի անմահ ստեղծագործությունում՝ «Տոսկա» օպերայում։

Ներկայացումները տեղի են ունենում սեպտեմբերի 3-ից մինչև 25-ը՝ հանճարեղ ռեժիսոր Բարի Կոսկիի բեմադրությամբ։ Հայ երգիչը մարմնավորում է Բարոն Սկարպիայի կերպարը՝ այն դերերգը, որով արդեն իսկ 2022թ․ Նիդերլանդներում արժանացել էր հանդիսատեսի և երաժշտական քննադատների բարձր գնահատականներին։

Գևորգ Հակոբյանը համարվում է մեր ժամանակների լավագույն Սկարպիաներից մեկը։ Նրա ուժեղ և դրամատիկ բարիտոնը, իտալական օպերային ավանդույթներին հատուկ ճշգրտությամբ և խորությամբ կատարումները, ինչպես նաև կերպարային հզոր ու հոգեբանական լիարժեք մեկնաբանությունները միջազգային բեմերում առանձնացնում են նրան։

Հակոբյանի մասնակցությամբ «Տոսկա»-ի ներկայացումները Նիդերլանդներում կկայանան սեպտեմբերի  6, 9, 12, 15, 18, 21, 23 և 25-ին։ Սա հայ օպերային արվեստի նշանակալի հաղթանակներից մեկն է, որը կրկին վկայում է հայ արտիստների բարձր վարպետության և միջազգային հարթակներում մրցունակության մասին։

Գևորգ Հակոբյանը իր բեմական կարիերայի ընթացքում արդեն հանդես է եկել աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում՝ Հռոմի օպերայում, Մոսկվայի Մեծ թատրոնում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Վալենսիայի «Սոֆիա թագուհու» արվեստների պալատում, Բոլոնիայի Տեատրո Կոմունալեում, Շտուտգարտի օպերայում և այլուր։ Նրա գործընկերներն են եղել Պլասիդո Դոմինգոն, Մարիա Գուլեգինան, Լիաննա Հարությունյանը և բազմաթիվ այլ օպերային աստղեր։

Նիդերլանդներում սպասվող այս ներկայացումները նոր ապացույց են, որ Գևորգ Հակոբյանը շարունակում է հաստատուն քայլերով ամրապնդել իր տեղը համաշխարհային օպերային արվեստի առաջատար բարիտոնների շարքում։

Տես` Dutch National Opera - Tosca (2022) Barrie Kosky - Marco Borggreve 15.jpg - Google Drive



«Հայրիկ Մուրադյան – 120»․ գիտաժողով՝ նվիրված հայ ժողովրդական երգի մեծ վարպետին

 

Հայ ակադեմիական արվեստագիտության պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց գիտաժողով, որն ամբողջությամբ նվիրված էր երգիչ-բանահավաք, ազգագրագետ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի (1905–1999) գիտական ու մշակութային ժառանգությանը։

Գիտաժողովը կայացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում և կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Բացման խոսքով՝ Մուրադյանի ժառանգության արժեքը

Միջոցառման սկզբում Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը ընդգծեց, որ սա առաջին ակադեմիական հարթակն է, որտեղ բազմակողմանիորեն ուսումնասիրվում է Հայրիկ Մուրադյանի դերը հայ երաժշտության և մշակույթի մեջ։

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը հիշեցրեց, որ 1960-ականների երկրորդ կեսին Մուրադյանը մեծապես նպաստեց ազգային զարթոնքին։ Նրա նախաձեռնությամբ 1980-ին հիմնվեց «Ակունք» երգի և պարի համույթը, իսկ նրա կատարմամբ շուրջ 200 երգ պահպանվել է ձայնագրությունների տեսքով։ Մուրադյանի երգերը հնչել են նաև հայկական կինոնկարներում ու բեմական ներկայացումներում։

Առավոտյան նիստի ելույթները

Առավոտյան նիստը, որը վարեց Աննա Ասատրյանը, ներառում էր մի շարք թեմատիկ զեկույցներ․

Ալինա Փահլևանյան (Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա) խոսեց Մուրադյանի ներդրման մասին ազգային երաժշտության համատեքստում։

Տաթևիկ Շախկուլյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) վերլուծեց նրա երգերը կոմիտասյան երաժշտության տեսության շրջանակում։

Հասմիկ Հարությունյան (Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ) ներկայացրեց ժողովրդական երգերի տեքստ–համատեքստի համադրումները։

Հռիփսիմե Պիկիչյան անդրադարձավ Մուրադյանի դերակատարությանը «ազգագրական» համույթների ձևավորման գործում։

Աղասի Թադևոսյան խոսեց Երևանի քաղաքային միջավայրի և ժողովրդական մշակույթի փոխազդեցության մասին 1960–1980-ականներին՝ հատուկ ընդգծելով Մուրադյանի դերը։

Կեսօրվա նիստի նորահայտ դիտարկումները

Երեկոյան նիստը նախագահեց Տաթևիկ Շախկուլյանը։ Մասնակիցների ելույթները լուսաբանեցին Մուրադյանի ժառանգության տարբեր շերտեր․

Ջեմմա Բառնասյան բացահայտեց «Ակունքի» հիմնադրման պատմական դրվագներ։

Մարիաննա Տիգրանյան ուսումնասիրեց ծիսապաշտամունքային «Ցորեն եմ ցանիլ» երգի ներկայացումը Մուրադյանի երգացանկում։

Անի Հակոբյան ներկայացրեց նրա մեկնաբանությունները հայ ավանդական օրորների վերաբերյալ։

Մարգարիտ Սարգսյան անդրադարձավ հանրահայտ «Ջանիման» պարերգին։

Գայանե Ամիրաղյան կատարեց համեմատական վերլուծություն «Ծօվուն խավքյըմ կէր» երգի տարբերակների շուրջ։

Լիլիթ Արտեմյան վերլուծեց, թե ինչպես են Մուրադյանի «Հայրենի երգերը» արտացոլվել Երվանդ Երկանյանի ստեղծագործություններում։

Նոր հրատարակության շնորհանդես

Գիտաժողովի շրջանակում ներկայացվեց նաև «Հայրիկ Մուրադյան․ Հոդվածների ժողովածու» արժեքավոր աշխատությունը, կազմված և հրատարակված «Կարին» գիտական կենտրոնի ղեկավար Գարեգին Մասուրյանի կողմից։ Ժողովածուն ներառում է ինչպես տպագրված, այնպես էլ մինչ այժմ անտիպ հոդվածներ՝ նվիրված ազգային-ազատագրական շարժման պատմությանը։ Հատորին կից տեղ են գտել նաև Մուրադյանի կատարմամբ պահպանված հայրենասիրական երգերի 15 ձայնագրություններ։

Երգը՝ որպես ազգային հիշողություն

Հայրիկ Մուրադյանի խոսքերով․

«Երգը մեր պատմությունն է, մեր հիշողությունը։ Այն մեզ ուժ է տալիս թե՛ ուրախության, թե՛ վշտի պահին։ Մեր հին երգերը ամրապնդում են ազգային ոգին և դաստիարակում նոր սերնդին»։

Այս գիտաժողովը ոչ միայն հարգանքի տուրք էր երգիչ-բանահավաքին, այլև կարևոր քայլ՝ հայ ժողովրդական երաժշտության ակադեմիական ուսումնասիրության և գնահատման ճանապարհին։

05.09.2025/Նիդ.օրագիր



«Հրաշք Այգու» պերճանքն ու թշվառությունը

 Կենդանիները բիզնես շահի գերին. ինչ է կատարվում Մխչյանի «Հրաշք այգում»

04.09.2025/Hay Azian/Նիդ.օրագիր

Մխչյան գյուղում գործող «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրը վերջին տարիներին ոչ մեկ անգամ է հայտնվել  հասարակության և կենդանապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Պատճառը պարզ է․ այստեղ վայրի կենդանիները պահվում են ոչ բնական և անբավարար պայմաններում՝ դառնալով ոչ թե զբոսաշրջային գրավչություն, այլ անպատասխանատու վերաբերմունքի կենդանի վկայություն։

Ներկայացված կադրերում հստակ երևում է, որ կենդանիները գտնվում են նեղ ու անհարմարավետ վանդակաճաղերի հետևում։ Բեզոարյան այծերն ու եղնիկները զրկված են իրենց բնորոշ ազատ տարածքից։ Առյուծներն ու արջը պարզապես գոյատևում են, իսկ կապիկների համար բացակայում է շարժվելու ու զարգանալու անհրաժեշտ տարածքը։ Ակնհայտ է՝ կենդանիները ընկճախտի մեջ են ու տառապում են ոչ ճիշտ վայրում պահվելու պատճառով։

Օտարազգի աշխատակիցը ևս հաստատեց, որ կենդանիները լավ պայմաններում չեն։

Կենդանապաշտպան կազմակերպությունները բազմիցս ահազանգել են այս խնդրի մասին։ «FPWC»-ը (Wildlife and Cultural Assets Հիմնադրամ) և «Zoo Fauna Art»-ը վերջին տարիներին փորձել են փրկել և տեղափոխել այստեղ պահվող մի շարք կենդանիներին՝ ապահովելով նրանց առավել բնական միջավայր։ Մասնավորապես, մի քանի արջեր արդեն տեղափոխվել են վերականգնողական կենտրոններ։ Այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է մնալ արդիական․ այսօր էլ «Հրաշք այգում» կան կենդանիներ, որոնք գոյատևում են ոչ համարժեք պայմաններում։

Այս իրավիճակը ոչ միայն խախտում է կենդանիների բարեկեցության տարրական իրավունքները, այլ նաև լուրջ բարոյական խնդիր է հասարակության համար։ Հանուն բիզնես շահերի ամեն բան թույլատրելի չէ։ Վայրի կենդանիները զվարճանքի առարկա չեն և չպետք է օգտագործվեն որպես ռեստորանային համալիրի լրացուցիչ «հրաշք»։

Կենդանիները մեր համատեղ աշխարհի մաս են։ Նրանց նկատմամբ հոգատարությունը պետական և հասարակական կառույցների պարտականությունն է։ Հասարակությունը պետք է պահանջի, որ նման վայրերում վայրի կենդանիների շահագործումը դադարեցվի, իսկ կենդանիները տեղափոխվեն այնպիսի վայրեր, որտեղ նրանց կապահովվի ազատություն, արժանապատիվ կյանք և պաշտպանություն։




Wednesday, 3 September 2025

Գորիս, Սիսիան և Շաքիի ջրվեժ


 ՇՐՋՈՂ ՕԲԵԿՏԻՎ

 



Գորիս

Գորիսը գտնվում է Սյունիքի մարզում՝  Վարարակ գետի ափին։ Քաղաքը հայտնի է իր յուրահատուկ քարանձավային բնակարաններով, քարե սյուներով ու կանաչապատ լանջերով։ Այն հնուց եղել է կարևոր մշակութային ու առևտրային կենտրոն։ Այսօր Գորիսը համարվում է Սյունիքի գլխավոր քաղաքներից մեկը, զբոսաշրջային կարևոր ուղղություն։

Սիսիան

Սիսիանը նույնպես Սյունիքի մարզում է։ Քաղաքի տարածքում պահպանվել են պատմական հուշարձաններ՝ Զորաց քարեր մեգալիթյան համալիրից մինչև միջնադարյան վանքեր։ Սիսիանը հայտնի է նաև իր մշակութային կյանքով ու գյուղատնտեսությամբ։

Շաքիի ջրվեժ

Սիսիանից մոտ 6 կմ հեռու է գտնվում Շաքիի ջրվեժը, որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ բնական տեսարժան վայրերից։ Ջուրը 18 մ բարձրությունից թափվում է, ձևավորելով գեղատեսիլ պատկեր։ Ջրվեժը հատկապես հմայիչ է գարնանը և ամռանը, երբ հոսքը առավել ուժեղ է։

Ճանապարհի արժեքավոր կանգառները

Երևանից դեպի Սյունիք տանող ճանապարհն անցնում է հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատուն գյուղի կողքով, որտեղ գտնվում է նրա տուն-թանգարանը։ Նույն ճանապարհին կանգնած է նաև նրա հիշատակը հավերժացնող «Եղիցի լույս» հուշակոթողը, որը դարձել է հայ գրականության և մշակույթի ուխտավայր։

 Այսպիսով՝ դեպի Գորիս, Սիսիան ու Շաքիի ջրվեժ կատարած ուղևորությունը դառնում է ոչ միայն բնության, այլև մշակույթի ու պատմության հետագիծ։

Նկարներում` Գորիսը, հյուրընկալ ընտանիքներից մեկում` կենտրոնում ակադեմիկոս Աբգար Հայրապետյանը, Սիսիան քաղաքը,  դեպի ջրվեժ ճանապարհը, Շաքիի ջրվեժը` վերնամասից։  «Եղիցի լույս» հուշակոթողը։











Tuesday, 2 September 2025

Հարգանքի տուրք Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին

Վանաձորում ոգեկոչվեց Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակը


31.08.2025/ Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ/Վանաձոր

Օգոստոսի 31-ին, ժամը 12:30-ին, Վանաձորում հայորդիները հավաքվել էին նշելու հայ և բուլղար ժողովուրդների ազգային հերոս, Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն»-ի շքանշանակիր Մեծն Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակի օրը։

Միջոցառումը վարեց  ասմունքող-դերասան Ջիվան Սարգսյանը։ Հիշատակի արարողությունը բացեց  և ուղերձով հանդես եկավ ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Իրենց սրտի խոսքն ասացին «Նիդերլանդականան Օրագրի խմբագիր» Ա.Կնյազյանը,  գրող, գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը ։ Միջոցառման ընթացքում հուշարձանին խոնարհվեցին ծաղկեպսակներ։

Ա․ Կնյազյանը իր խոսքում ընդգծեց, որ հավաքվածները եկել են խոնարհվելու ոչ միայն Զորավար Անդրանիկի անմահ հիշատակի առջև, այլև այն անսասան ուժի ու ոգու, որ նա թողեց որպես հավերժական ժառանգություն․

«Նա միայն զորավար չէր․ նա մեր ժողովրդի բաբախող սիրտն էր, այն ճառագայթող լույսը, որ փարոս դարձավ մեր ամենամութ օրերին։ Երբ վտանգված էր հայի գոյությունը, նա վեր էր բարձրանում անձնականից և դառնում մեր ամբողջ ժողովրդի զենքն ու վահանը։ Նա կռվեց ոչ թե փառքի կամ պատվի համար, այլ՝ հայի ազատության և արժանապատիվ ապագայի։ Այդ պատճառով էլ նրա անունը գրված չէ միայն պատմության էջերին․ այն ապրում է մեր հոգիներում ու մեր հավատքի մեջ»։

Նիդերլանդներից ժամանած հյուրը շեշտեց, որ Անդրանիկի կերպարը հայության ազգային ինքնության անբաժան մասն է, և նրա պատգամը սերունդ առ սերունդ պիտի շարունակվի։ «Որքան միասնական է հայությունը, այնքան անպարտելի է նրա ոգին»,– նշեց նա։

Իր հերթին Կարո Վարդանյանը հիշեցրեց, որ շատ թե քիչ Անդրանիկին պարբերաբար հիշում են Վանաձորում, մինչդեռ նա մեր ժողովրդի հիշողությունն է:

 Անգամ օտարները հիացմունքով են խոսել քաջարի զորավարի մասին։ Մասնավորապես՝ 1919 թ․ հոկտեմբերին բրիտանական Blackwoods Magazine-ում հրապարակված հոդվածում անգլիացի հազարապետ Վիլյամ Գիբոնը, որ 1918-ի ձմռանը Գորիսում հանդիպել էր Անդրանիկին, զորավարին նկարագրել է որպես խիստ, բայց խորապես մտազբաղ ու ժողովրդի ճակատագրով տարված մարդ։ Գիբոնը վկայում էր․

 «Ոտքի վրա կանգնած, ճակտի երակները ուռած, աչքերեն կրակ ցայտող, ցնցվող մարմնով նա կը պոռար իր անվստահությունը իր ցեղը խոշտանգողներու հասցեին»։

Վարդանյանը հավելեց, որ Անդրանիկի կերպարը միշտ կմնա ոգեշնչող, քանի որ նրա պայքարն ու վառ կերպարը դուրս էին անհատական շահերից և ուղղված էին բացառապես հայ ժողովրդի ազատությանը։

Հավաքվածները ևս մեկ անգամ հավաստեցին, որ Մեծն Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակն ու պատգամը հավերժ են և կմնան որպես հայության միասնականության ու արժանապատիվ ապագայի խորհրդանիշ։

Միջոցառումը, որին մասնակցում էին նաև արտերկրից ժամանած հյուրեր, կազմակերպել էր ԻՆՏԵՐԿԱՊ բարեգործական հասարակական կազմակերպությունը։


Վանաձորցիները որպես տոն նշեցին Զորավար Անդրանիկի հիշատակի օրը

Գագիկ Անտոնյան 

Նա վեր էր բարձրանում անձնականից և դառնում մեր ժողովրդի թե զենքը, թե վահանը

 Օգոստոսի 31, Վանաձոր, Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամաս, Հայ, Բուլղար և Ֆրանսիայի (,,Պատվո Լեգեոն,,-ի շքանշանակիր)  ժողովուրդների Ազգային Հերոս, Մեծն Զորավար, բուլղարական, ռուսական բանակների գեներալ  ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆԵԱՆԻն նվիրված աշխարհում առաջին բրոնզաձույլ հուշակոթողի մոտ վանաձորցիները նրա  անվանն ու փառքին վայել պատշաճավորությամբ նշեցին հայ ժողովրդի երախտավոր զավակին նվիրված ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ:

Անտեղի չի լինի հիշեցնել հուշակոթողի արարման պատմությունը. Նախաձեռնության հեղինակններն են  «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության հիմնադիր, նախագահ Նորայր Զուլոյանը և մի խումբ համախոհներ: Այն 7 տարի առաջ կյանքի կոչվեց համաժողովրդական հանգանակության միջոցով, որին մասնակցեցին տասնյակ հարյուրավոր ԱՆԴՐԱՆԻԿԱՍԵՐ ՄԱՐԴԻԿ: 

Արձանի հեղինակը երիտասարդ շնորհալի քանդակագործ Գեղամ Բեգջանյանն է:  Այդուհետ 7տարի անընդմեջ լոռեցիները Զորավարի  ծննդյան և հիշատակի օրերը միասնաբար նշելու իրենց արժանի տեղն ունեցան մի մեծ քարաբեկորից փոքր ինչ հեռու, որի վրա հեռավոր 1991թվականին մի խումբ ՀՀՇ-ականներ փորագրեցին իրենց խոստումը՝ «Այստեղ կտեղադրվի Զորավար Անդրանիկի արձանը», և անցած մնացյալ տարիներին...խոստմանը տեր չեղան: 

Ինչպես բոլոր նմանատիպ միջոցառումները, այս անգամ էլ կազմակերպիչները ինտերկապականներն էին և մարզի, Վանաձորի կամավորական միության անդամները: 

Երաժշտական խրոխտ  հնչյունների ներքո «Ինտերկապի», հոլանդահայ համայնքի և «Նիդերլանդական օրագիր» կայքի խմբագրակազմի կողմից, ամերիկահայ բարերար, հրապարակախոս Զարեհ Պալյանի  անունից ծաղկեպսակներ դրվեցին հուշակոթողի պատվանդանին:

Տոնավար, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Ասմունքի Վարպետ Ջիվան Սարգսյանը Զորավարին նվիրված հրաշալի բանաստեղծության ընթերցումից հետո ձայնը փոխանցեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Հակոբյանին, ում օրհնանքի ու մեծարանքի խոսքը ակնածանքով ընդունեցին ներկաները:  

Նրա համոզմամբ՝ Զորավարի կերպար, որին նախանձում, բայց և նրա մասին հարգանքով էին խոսում թշնամիք անգամ,   իր ողջ հմայքով մշտապես կերպավորվում է հայ մարդկանց, հայ ժողովրդի մտապատկերում: Մենք այսօր առավել, քան երբեք, նրա կարիքն ենք զգում, այսօր մեզ հարկավոր են ՆՈՐ ԱՆԴՐԱՆԻԿՆԵՐ, բայց դրա համար նրանք պիտի ծնվեն նախ մեր հոգիներում ու սրտերում: Ահա ինչու է հարկավոր Զորավարի խոսքն ու գործը հանուրին հասցնելը՝ մանկապարտեզից մինչև բուհեր, հիմնարկ ձեռնարկություններ ու կազմակերպություններ:


«Նիդերլանդական օրագիր» կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, վաստակաշատ լրագրող Աշոտ Կնյազյանի խոսքը հակիրճ ու ծանրակշիռ էր:

-Մենք հավաքվել ենք խոնարհվելու ոչ միայն Զորավարի անմահ հիշատակին, այլև այն անսասան ուժին ու անշեջ ոգուն, որ ՆԱ մեզ թողեց իբրև հավերժական ժառանգություն,-սկսեց նա,- Անդրանիկ Օզանյանը  միայն զորավար չէր, նա մեր ժողովրդի բաբախող սիրտն էր, ճառագայթող լույսը, որ փարոս դարձավ ամենամութ օրերին. Երբ վտանգված էր հայի գոյությունը, նա վեր էր բարձրանում անձնականից և դառնում մեր ժողովրդի թե զենքը, թե վահանը»: 


Վերջում Աշոտ Կնյազյանի կոչ արեց լինել միասնական՝ «Որքան միասնական ենք, այնքան անպարտ ենք»:    

-Անդրանիկը հավերժ է, մենք էլ նրա հետ ենք հավերժ:

Սա հավատամքն է մի մարդու, ով ապրում ու շնչում է Անդրանիկով,  խենթի պես նվիրված է Անպարտելի Զորավարին ու նրա ազգանվեր գործունեությանը: Նա՝ բանասիրական գիտությունների թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս,  ԱՆԴՐԱՆԻԿԱԳԵՏ Կարո Վարդանյանը ունկնդիրներին վաղուց իր ելույթներով համոզել է, որ գիտե Զորավարի կյանքի յուրաքանչյուր օրվա, անգամ ժամերի մասին: Ամեն անգամ  հենց միայն Վանաձորում Կարո Վարդանյանը մեզ է ներկայացնում Զորավարի կյանքից այնպիսի դրվագներ, որոնց մասին մինչ այդ անհայտ է եղել, կամ էլ՝ քչերին հայտնի: 

Այս անգամ նա համոզիչ փաստերով ներկայացրեց Անդրանիկ Զորավարի ունեցած վճռական դերի մասին  մեր Լեռնահայաստանը՝ Զանգեզուրը, թուրքական յաթաղանից ազատագրելու, այդպիսով ազգապահպանական վիթախարի նշանակության խնդիրը փառքուպատվով ավարտելով:  

Այդ նրա շնորհիվ է, որ արդեն 100-ից ավելի տարիներ հայոց պատմական այդ տարածքը  վերադարձվեց և դեռ պատկանում է մեզ: Նա իր կասկածների, Զանգեզուրի, նրա հարավային հատված միջանցքի առիթով վերջերս բուռն թափով ծավալվող և տարակարծությունների տեղիք տվող իրադարձությունների  մասին ևս խոսեց ու մատնանշեց մեզ սպասվող (կամ՝ ենթադրվող) վտանգները, հուսո մի շող մատնանշելով՝ Անդրանիկ, Նժդեհ ու այլ զորավոր նվիրյալներ ծնած ազգը չի հանդուրժի ոչ մի անարդար որոշում ու լուծում... 



Մենք պետք է, պարտավոր ենք ամեն օր տալ նրա անունը, ամեն օր պիտի հիշենք ու կրկնենք նրա  աներեր ՀԱՎԱՏԱՄՔԸ՝      

«Զենք ունես՝ ուժեղ ես, ուժեղ ես՝ արդար ու ազատ ես: Խաղաղություն ես մուրում, արհամարհանքի ես արժանանում, չի կարելի հավատալ թշնամու մարդասիրությանն ու խղճմտանքին»: 

Նա Հայոց զորական մտքի ու ուժի, աննկուն կամքի ու հավատամքի խորհրդանիշը դարձավ, ու որպես մեր Մեծերի մեջ Մեծագույն աստղ՝ նրա փառքն ու հմայքը շողշողալու են հավետ: 

Վերջում ցավալի մի փաստի մասին: 

Ելույթներում զարմանք- այպանանքով հնչեց, որ հանրապետության բնակավայրերում,  անգամ «առաջնորդող» քաղաքամայր Երևանում  այս օրը որպես տոն ոչ մի միջոցառմամբ չի նշվում, Մեծագույն Հային վայել  հարգանքի տուրք  չի մատուցվում... ոչ միայն պետականորեն: Հասկանու՞մ ենք՝ Անդրանիկին, մեր փառապանծ զորավարներին ու ֆիդայիներին, նրանց անունները փորձ է արվում մոռացության տալ, չհիշել, անգամ...վտանգավոր համարել հիշելն ու հարգանքի տուրք մատուցելը...

Եկեք այս էլ հիշենք՝ 

Զորավարի մահվան օրը մեծագույն ցնցում է ապրել մեր ժողովուրդը, շատերին անհավանական է թվացել նրա մահը՝ ախր նա հավերժական էր, չէ՞: 

Բայց   ցնծություն է եղել թուրքական աշխարհում, օրեր շարունակ Թուրքիան «տոնախմբում» էր այդ մահվան կապակցությամբ, թերթերը ողողված էին «աչքալուսանքային» հոդվածներով, ոչ մի տոն այնպիսի ցնծություն չի պատճառել, որքան իրենց «հոգեառ Անդրանիկ փաշայի» մահը: Իր վերաբերմունքը չի թաքցրել անգամ բազմաթիվ փաշաներ /զորահրամանատարներ/ ունեցող Աթաթուրքը, ով բազմիցս գեղջուկին  կռվել ու հաղթել սովորեցրած Անդրանիկից «դաղված» լինելով՝ մի առիթով իր զարմանքն է հայտնել՝ «Այս ի՞նչ զարմ են հայերը, որ Անդրանիկներ են ծնում»: Եվ նրա երազանքը,նրա գլխավորագույն խնդիրը եղել է՝ «Մեր գործն այն է լինելու, որ այս հողուն վրա Անդրանիկներ չծնվեն»: 




Այս երազանքը այսօր էլ կա և իշխում է հարևան երկրում: Այո, նրանց Անդրանիկներ պետք չեն: 

Մեզ է՞լ պետք չեն...

Բայց չէ՞ որ հենց այսօր էլ Զորավար Անդրանիկի  «թռիչքի» կարիքն ունենք:

Ահա ինչու իսկական հայրենասեր ու ազգասեր մարդիկ համոզված են՝  Անդրանիկը հավերժ է, մենք էլ նրա հետ ենք հավերժ:

Վանաձոր, Հատուկ ՕՐԵՐ-ի և ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ  համար










Այլ միջոցառումներ նվիրված Անդրանիկի հիշատակի օրվան

Գորիսում հարգանքի տուրք մատուցվեց Զորավար Անդրանիկին

Օգոստոսի 31-ին՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի մահվան տարելիցին, Գորիսում կայացավ հիշատակի միջոցառում՝ նվիրված մեր ժողովրդի մեծ զավակին։

Միջոցառումը մեկնարկեց Զորավար Անդրանիկի կիսանդրու մոտ, այն պատմական տան հարևանությամբ, որտեղ ժամանակին ապրել է մեծ զորավարը։ Տան պատշգամբից տարիներ առաջ հենց Անդրանիկն էր ոգեշնչող ելույթներով դիմում ժողովրդին՝ կոչ անելով պայքարել հանուն հայրենիքի ազատության և անկախության։

Հանդիսության մասնակիցները՝ քաղաքացիներ, երիտասարդներ և պաշտոնյաներ, ծաղիկներ խոնարհեցին կիսանդրու մոտ՝ արտահայտելով իրենց երախտագիտությունն ու հարգանքը։ Ելույթներում շեշտվեց Անդրանիկի անսասան կամքը, անձնվիրությունը և հայրենասիրական ոգին, որոնք օրինակ են ծառայում բոլոր սերունդներին։

Միջոցառումն ուղեկցվեց հայրենասիրական երգ ու պարով՝ խորացնելով ներկաների ազգային ոգին ու հպարտության զգացումը։

Գորիսի համայնքապետարանը ընդգծեց, որ այսպիսի միջոցառումները ոչ միայն հարգանքի տուրք են հերոսին, այլև կարևոր ուղերձ՝ շարունակելու նրա թողած ճանապարհը դեպի ուժեղ ու ազատ Հայաստան։


 Օշականում հիշեցին Զորավար Անդրանիկին

Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակի օրը նշվեց նաև Օշականում։ Բունիկ/Bounik ֆեյսբուքյան էջը հրապարակել էր պատմական մանրամասներ՝ կապված Անդրանիկի այցելությունների ու նրա կապի մասին գյուղի հետ։

Հայոց ցեղասպանությունից հետո Օշականում բացվել էր որբանոց, որտեղ ապաստան գտան բազմաթիվ որբեր։ Նրանց թվում էր նաև Նվեր Սաֆարյանը, ով հետագայում դարձավ Հայրենական մեծ պատերազմի հերոս, 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատար։

Զորավար Անդրանիկը հաճախ էր այցելում Օշական։ Նա հյուրընկալվել է Թադևոս և Վարսենիկ Շահնաբաթյանների տանը, որի մոտ էլ բազմիցս հավաքվել են գյուղացիները՝ սպասելով նրա ելույթներին։ Ասում են, որ օշականցիները անգամ իրենց գորգերն էին փռում նրա ոտքերի տակ՝ մեծարանքի նշանով։

Անդրանիկը, սակայն, միշտ հորդորել է գյուղացիներին՝ իրեն փառաբանելու փոխարեն հոգ տանել որբերի մասին։ Նրա մարդասիրական և հայրենասիրական կերպարը այսօր էլ օրինակ է սերունդների համար։

Այսօր, երբ նշում ենք զորավարի հիշատակի օրը, Օշականում ևս հնչում է նրա պատգամը՝ հայրենիքին ծառայելու և ժողովրդի ցավի կողքին կանգնելու մասին։