The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 17 March 2026

ՄԵԾ ՊԱՀՔԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ «ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ՏԻՐՈՋ ՀԵՏ» ԹԵՄԱՅՈՎ

--------------------

Մարտի 6-ից 8-ը տեղի ունեցավ Նիդերլանդներում բնակվող Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդ զավակների եռօրյա առանձնացումը։ Այն համախմբեց շուրջ վաթսուն հայ երիտասարդների երկրի տարբեր ծխերից՝ աղոթքի, խորհրդածության և եղբայրական հաղորդակցության պահերի համար՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ։

Հավաքը նախագահում էր Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պասամյանը։ Հոգևոր ծրագիրը համադրում էր Նյու Յորքի Սբ․ Ներսես հոգևոր ճեմարանի տեսուչ Մարտիրոս քահանա Ջևյանը՝ երկու սարկավագ-ճեմարանականների ուղեկցությամբ։ Ներկա էին նաև Նիդերլանդներում ծառայող երեք հոգևորականներ՝ Տ. Տարոն քահանա Թադևոսյանը, Տ. Մաշտոց քահանա Բաղդասարյանը և Տ. Սերովպե քահանա Էյլենջյանը։

Իր բացման խոսքում Սրբազան Հայրը ողջունեց երիտասարդներին՝ հրավիրելով նրանց ապրել այս առանձնացումը որպես իսկական հոգևոր ճանապարհորդություն։ Նա հիշեցրեց, որ Մեծ Պահքը միայն որոշ կանոնների շրջան չէ, այլ «սրբազան հնարավորություն՝ կանգ առնելու, ներանձնանալու և Աստծուն մոտենալու», ինքներս մեզ հարցադրելով, թե ո՞վ ենք Աստծու առաջ և որքանո՞վ ենք իրականում հետևում Քրիստոսի պատգամին։

Սրբազանը բացատրեց, որ այս օրերին երիտասարդները «հոգևորապես քայլելու են Տիրոջ հետ Ավագ շաբաթվա ընթացքին՝ մինչև Խաչն ու Հարությունը»։ Դա տեղի կունենա ոչ միայն Ավետարանը լսելով և միասին աղոթելով, այլև թույլ տալով, որ Քրիստոսը խորապես ներթափանցի նրանց սրտերը։

Նշելով այն իրական և բարդ մարտահրավերները, որոնց այսօր բախվում են երիտասարդները, Սրբազան Հայրը շեշտեց, որ Ավետարանի պատգամը անմիջականորեն ուղղորդում է նրանց դիմագրավելու մարտահրավերներին։ Նա քաջալերեց երիտասարդներին մասնակցել հավաքին արթուն մտքով և բաց սրտով, լինել անկեղծ աղոթքի մեջ, անսան Աստուծո խոսքին, հվւատքի և հոգևոր կյանքի վերափոխման ճանապարհով դառնան Աստուծո սիրելի զավակներ և Հայ եկեղեցու իսկական հավատավորներ։ 

Առանձնացման ընթացքում երիտասարդները մասնակցեցին թեմատիկ զեկույցների և խմբային քննարկումների, որոնք նպատակ ունեին օգնելու նրանց ավելի խորությամբ ընկալել Ավագ շաբաթվա խորհուրդը, այն առնչելով իրենց սեփական կյանքի հետ։ 

Քննարկումները անցան հետևյալ թեմանի շուրջ՝

• «Ի՞նչ է Ավագ շաբաթը ինձ համար»

• Ոտնլվան և Վերջին Ընթրիքը

• Դավաճանությունը և հավատարմության պայքարը

• Քրիստոսի վերջին խոսքերը Խաչի վրա

• Հարության սպասումը

• Խաչը և ներումը

Այս հանդիպումները համատեղում էին աստվածաշնչյան խորհրդածությունները ու անկեղծ զրույցները՝ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների շուրջ։ Մասնակիցները խրախուսվում էին փոքր խմբերում կիսվել իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով։

Երիտասարդները իրենց գործուն մասնակցությունը բերեցին թե՛ քննարկումներին, թե՛ հոգեպարար արարողություններին։ Ամեն օր սկսվում և ավարտվում էր ընդհանուր աղոթքով, որի ընթացքում հնչում էին Հայ Եկեղեցու ավանդական շարականներն ու սաղմոսները՝ ստեղծելով միաժամանակ ներամփոփման և միասնության մթնոլորտ։

Առանձնացումը ավարտվեց կիրակնօրյա առավոտյան Սուրբ Պատարագով, որը նախագահեց Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Երիտասարդները մեծ երկյուղածությամբ մասնակցեցին արարողությանը, որը նրանցից շատերի համար դարձավ վերանորոգ հավատքի և Հայ Եկեղեցուն պատկանելիության ու հավատարիմ զավակը զգալու պահեր։ 

Նիդերլանդներում անցկացված այս երիտասարդական հավաքը Մեծ պահքի ընթացքում ոչ միայն Սուրբ Զատկին նախատօնակ հոգևոր պատրաստություն էր, այլեւ Սփիւռքի մէջ ապրող հայ երիտասարդները իրար կամրջող սրբազան պահեր։ 

Աղոթքի, խորհրդածության և միասնության միջոցով մասնակիցները կրկին հիշեցին, որ «Տիրոջ հետ քայլել Ավագ շաբաթվա ընթացքում» նշանակում է Քրիստոսի լույսով առաջնորդվել իրենց ուսման, ընկերական հարաբերությունների, ընտանեկան կյանքի և ապագայի իրենց ծրագրերի իրականացման մեջ։

Ufficio del Legato Patriarcale della Chiesa Apostolica Armena in Europa Occidentale
Rappresentanza della Chiesa Armena presso la Santa Sede




Աստվածաշնչյան դասախոսություն Նյուվեխեյնում (Nieuwegein)
16.03.2026/Նիդ.օրագիր
Armeense Kerk Nieuwegein Նյուվեխեյնի հայկական համայնքը կրկին կազմակերպում է Աստվածաշնչյան դասախոսություն՝ երկուշաբթի, մարտի 16-ին։ Դասախոսությունը կվարի Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու քահանա Տեր Տարոն Թադևոսյանը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան միասին անդրադառնալ Աստվածաշնչի թեմաներին և դրանց նշանակությանը հավատքի առօրյա կյանքում։ Այս հանդիպումները նպաստում են ոչ միայն հոգևոր գիտելիքի խորացմանը, այլ նաև համայնքի անդամների միջև շփմանը և փոխադարձ ճանաչմանը։
Դասախոսությունից հետո ներկաները հնարավորություն կունենան հանդիպելու և զրուցելու միմյանց հետ՝ սուրճի, թեյի և փոքրիկ հյուրասիրության շուրջ։
Կազմակերպիչները սիրով հրավիրում են բոլոր ցանկացողներին մասնակցելու և իրենց հետ բերել նաև ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Բոլորը ողջունելի են։



Sunday, 15 March 2026

105 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ. Սողոմոն Թեհլերյան

 

Սողոմոն Թեհլերյան․ քաղաքական սպանություն, միջազգային այս դատավարությամբ ապացուցվեց, որ Թուրքիայում տեղի է ունեցել Ցեղասպանություն

15.03.2026/նիդ.օրագիր

20-րդ դարի քաղաքական պատմության մեջ հազվադեպ են այնպիսի դատավարությունները, որոնք դուրս են գալիս մեկ քրեական գործի սահմաններից և վերածվում պատմական քննարկման հարթակի։ Այդպիսի դեպքերից մեկը 1921 թվականին Բեռլինում տեղի ունեցած դատավարությունն էր, որի կենտրոնում կանգնած էր Սողոմոն Թեհլերյանը՝ մարդը, ով սպանեց Օսմանյան կայսրության նախկին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Այս գործը ոչ միայն իրավական գործընթաց էր, այլև պատմական մի իրադարձություն, որի ընթացքում եվրոպական հասարակության ուշադրությունը սևեռվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային բռնությունների վրա։

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին Օսմանյան կայսրության Էրզրումի նահանգի Ներդիկ գյուղում։ Նրա մանկությունն անցել է այն միջավայրում, որտեղ հայ բնակչությունը արդեն իսկ գտնվում էր քաղաքական և սոցիալական լարվածության պայմաններում։ 1915 թվականին Օսմանյան իշխանությունների կողմից իրականացված զանգվածային տեղահանությունների և կոտորածների ընթացքում նրա ընտանիքը, ինչպես բազմաթիվ հայ ընտանիքներ, ծանր կորուստներ կրեց։ Այդ իրադարձությունները հետագայում դարձան նրա կյանքի և գործողությունների մեկնակետերից մեկը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Օսմանյան կայսրության մի շարք նախկին ղեկավարներ հեռացան երկրից և բնակություն հաստատեցին Եվրոպայում։ Միևնույն ժամանակ հայ քաղաքական շրջանակներում ձևավորվեց գաղափար, ըստ որի անհրաժեշտ էր պատասխանատվության ենթարկել այն պետական գործիչներին, որոնք համարվում էին 1915 թվականի զանգվածային բռնությունների կազմակերպիչներ։ Այդ նպատակով   կազմակերպվեց գաղտնի գործողություն, որը պատմության մեջ հայտնի դարձավ «Նեմեսիս» անունով։ Գործողության շրջանակում նախատեսվում էր գտնել և սպանել այն օսմանյան ղեկավարներին, որոնք, ըստ կազմակերպիչների, կրում էին հիմնական պատասխանատվությունը հայերի տեղահանությունների և կոտորածների համար։

Թալեաթ փաշան, ով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զբաղեցնում էր Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարի պաշտոնը և հանդիսանում էր Երիտթուրքական կառավարության առանցքային ղեկավարներից մեկը, պատերազմից հետո ապաստան էր գտել Գերմանիայում։ 

Ուղիղ 105 տարի առաջ` 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում Սողոմոն Թեհլերյանը մոտեցավ նրան փողոցում և կրակեց։ Թալեաթ փաշան տեղում մահացավ։ Թեհլերյանը դեպքից անմիջապես հետո ձերբակալվեց գերմանական ոստիկանության կողմից։

Դատավարությունը սկսվեց 1921 թվականի հունիսի 2-ին Բեռլինում և տևեց երկու օր։ Այն արագորեն դարձավ միջազգային մամուլի ուշադրության կենտրոն։ Գործի քննության ընթացքում դատարանում ներկայացվեցին վկայություններ և փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային տեղահանություններին և սպանություններին։ Այդ պատճառով դատավարությունը հաճախ նկարագրվում է ոչ միայն որպես սպանության գործ, այլև որպես մի գործընթաց, որի ընթացքում եվրոպական դատարանի դահլիճում առաջին անգամ լայնորեն քննարկվեց 1915 թվականի իրադարձությունների բնույթը։

Պաշտպանության կողմը դատարանում պնդում էր, որ Թեհլերյանը գործել է խոր հոգեբանական ցնցման ազդեցության տակ՝ կապված իր ընտանիքի կորստի և պատերազմական փորձառությունների հետ։ Մեղադրող կողմը, իր հերթին, ներկայացնում էր գործը որպես կանխամտածված սպանություն։ Դատավարության ավարտին, 1921 թվականի հունիսի 3-ին, գերմանական երդվյալ ատենակալները արդարացրեցին Թեհլերյանին։

Դատավճիռը լայն արձագանք առաջացրեց եվրոպական մամուլում և իրավական շրջանակներում։ Բազմաթիվ լրագրողներ և իրավաբաններ նշում էին, որ դատավարությունը վերածվել էր քաղաքական և պատմական քննարկման։ Հետագայում պատմաբանների մի մասը գնահատել է այս գործընթացը որպես մի դրվագ, որը զգալիորեն նպաստեց եվրոպական հասարակության մեջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային բռնությունների վերաբերյալ տեղեկացվածության աճին։

Դատարանից հետո Թեհլերյանը որոշ ժամանակ բնակվեց Եվրոպայի տարբեր երկրներում, ապա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Նա մահացավ 1960 թվականի մայիսի 23-ին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում և թաղվեց այնտեղ՝ ամերիկահայ համայնքի շրջանում։

Սողոմոն Թեհլերյանի գործողությունը մինչ օրս շարունակում է մնալ պատմական և իրավական քննարկումների թեմա։ Նրա իրականացրած սպանությունը տարբեր կերպ է մեկնաբանվում՝ որպես քաղաքական վրեժխնդրություն, որպես անհատական հաշվեհարդար կամ որպես պատմական արդարության խորհրդանշական դրսևորում։ Սակայն փաստական առումով անվիճելի է, որ 1921 թվականի Բեռլինի դատավարությունը դարձավ մի կարևոր հանգրվան, որի միջոցով միջազգային հանրությունը նոր ուշադրությամբ սկսեց քննարկել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված զանգվածային բռնությունների պատմությունը։

Hay  Azian


Saturday, 14 March 2026

Ազատ խոսք, թե՞ թույլտվություն ազատ խոսքի համար. երբ նույնիսկ պաստառը կարող է հարկվել

 

ՆԱՄԱԿԱՆԻ

14.03.2026/Արամ Բաբայան/Նիդ.օրագիր

Քաղաքական գործիչ Tigran Davudyan-ը հետևյալն էր գրել.

«Երեկ առավոտյան ժամը ութին նկատեցի, որ հինգ ոստիկան և երկու քաղաքացիական հագուստով անձ Սամվել Կարապետյանի ազատությունը պահանջող պաստառը «Հովսեփ Էմին» փողոցի կամուրջի վրայից պոկեցին։ Ով կարող է ասել՝ արդյո՞ք ոստիկանության քայլը օրինաչափ էր։ Կա՞ օրենք նման պաստառները չթույլատրելու կապակցությամբ։ Կարո՞ղ է պաստառը սահմանված տեղում փակցված չի եղել»։

Իմ բնակության երկրի օրինակով խոսեմ։

Նիդերլանդներում հաճախ ասում են՝ այստեղ օրենքն ու կարգը բարձր արժեք են։ Բայց երբեմն այդ կարգը հասնում է այնտեղ, որտեղ շատերը սկսում են հարց տալ․ արդյո՞ք ամեն ինչ պետք է կարգավորվի թույլտվություններով։

Այստեղ նույնիսկ սեփական խանութի ցուցանակը համարվում է գովազդ և ընկնում «գովազդային հարկի» տակ։ Քաղաքապետարանները վերահսկում են, թե ինչ պաստառ, ինչ չափի գրություն կամ ինչ դրոշ կարող է հայտնվել փողոցում, շենքի վրա կամ կամրջի մոտ։

Այս կանոնները սահմանում են տեղական իշխանությունները՝ օրինակ համայնքները, ինչպես Gemeente Terneuzen-ը և մյուս քաղաքապետարանները։ Պաշտոնական բացատրությունը պարզ է՝ պահպանել քաղաքային տեսքը, խուսափել գովազդային քաոսից և ապահովել անվտանգությունը։

Բայց այստեղ առաջանում է ավելի սուր հարց։

Ի՞նչ կլինի, եթե պաստառը գովազդ չէ, այլ բողոք կամ կոչ։

Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը կախի պաստառ՝ «Ազատություն Սամվելին» գրությամբ՝ պաշտպանելով ազատությունից զրկված մարդու։

Թղթի վրա Նիդերլանդները խոսքի ազատության երկիր է։ Բայց իրական կյանքում, եթե նման պաստառը հայտնվում է հանրային տարածքում կամ շենքի արտաքին մասում, հաճախ կարող է պահանջվել թույլտվություն։ Որոշ դեպքերում նույնիսկ կարող է առաջանալ վարչական տուգանքի կամ վճարի հարց։

Ստացվում է հետաքրքիր հակասություն․

խոսքի ազատությունը կա, բայց երբեմն այն պետք է տեղավորվի քաղաքային կանոնակարգերի շրջանակում։

Արամ ԲԱԲԱՅԱՆ

Նիդերլանդներ

Դուեյն Ջոնսոնի և Լորեն Խաշյանի ընտանիքը, մշակույթների խաչմերուկ և հայկական հետք Հոլիվուդում

 

ԳԻՏԵԻ՞Ք

14.03.2026/Նիդ.օրագիր

Հոլիվուդյան աստղային աշխարհում հարաբերությունները հաճախ կարճատև են, սակայն Դուեյն «Սքալա» Ջոնսոնի և Լորեն Խաշյանի պատմությունը տարիների ընթացքում դարձել է կայունության և ընտանեկան արժեքների հազվագյուտ օրինակ։ Մինչ աշխարհը Դուեյն Ջոնսոնին տեսնում էր որպես ժամանակակից կինոյի ամենամեծ և ամենապահանջված դերասաններից մեկին, նրա կողքին արդեն երկար տարիներ գտնվում էր երաժշտական ընտանիքից եկող Լորեն Խաշյանը՝ հայկական արմատներով։

Զույգը ծանոթացել է 2006 թվականին, երբ Ջոնսոնը նկարահանվում էր «The Game Plan» ֆիլմում։ Այդ ժամանակ դերասանի անձնական կյանքը փոփոխությունների փուլում էր․ 2007 թվականին նա ավարտեց իր առաջին ամուսնությունը պրոդյուսեր Դենի Գարսիայի հետ։ Դրանից հետո Ջոնսոնի և Խաշյանի հարաբերությունները աստիճանաբար խորացան՝ վերածվելով երկարատև գործընկերության և ընտանիքի։

Տարիների ընթացքում նրանց հարաբերությունը ձևավորվեց առանց ավելորդ աղմուկի ու հանրային սկանդալների։ Զույգը շուրջ տասներկու տարի ապրեց միասին մինչև պաշտոնապես ամուսնանալը։ 2019 թվականի օգոստոսին նրանք ամուսնացան Հավայան կղզիներում կազմակերպված փակ և համեստ արարողությամբ՝ ընտանիքի և մտերիմ ընկերների ներկայությամբ։

Լորեն Խաշյանի կենսագրությունը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նաև նրա ընտանեկան ծագման պատճառով։ Նրա հայրը՝ Սիբ Խաշյանը, հայտնի ռոք երաժիշտ էր, ով երկար տարիներ հանդես է եկել «Boston» լեգենդար խմբում որպես թմբկահար։ Նա հենց բեմի վրա էլ մահացավ։ Խաշյան ընտանիքի արմատները կապված են հայկական սփյուռքի հետ․ նրանց նախնիները ԱՄՆ են տեղափոխվել Օսմանյան կայսրությունից դեռևս 20-րդ դարի սկզբին` Հայոց Ցեղասպանության արդյունքում։

Այսպիսով, Դուեյն Ջոնսոնի ընտանիքում միախառնվում են մի քանի մշակութային աշխարհներ։ Ինքը՝ դերասանը, ունի սամոական և աֆրո-կանադական ծագում․ նրա հայրը՝ պրոֆեսիոնալ ըմբիշ Ռոքի Ջոնսոնը, կանադացի էր, իսկ մայրը՝ Ատա Ջոնսոնը, սամոական արմատներ ունի։ Այս բազմազգ ժառանգությունն այսօր շարունակվում է նաև նրանց երեխաների մեջ։

Ջոնսոնն ու Խաշյանը դաստիարակում են երկու դուստր՝ Ջասմին Լիա Ջոնսոնին և Տիանա Ջիա Ջոնսոնին։ Բացի այդ, դերասանը ունի նաև ավագ դուստր՝ Սիմոն Ջոնսոնը, իր առաջին ամուսնությունից։ Ընտանիքը հաճախ հայտնվում է դերասանի սոցիալական ցանցերում, որտեղ նա բացահայտ կերպով խոսում է հայրության և ընտանեկան կյանքի կարևորության մասին։

Ժամանակակից Հոլիվուդում, որտեղ հանրային կյանքը հաճախ գերակայում է անձնականին, Դուեյն Ջոնսոնի և Լորեն Խաշյանի հարաբերությունը ներկայացվում է որպես հավասարակշռության օրինակ։ Նրանց պատմությունը միաժամանակ պատմություն է սիրո, մշակույթների միախառնման և ընտանեկան արժեքների մասին՝ այնպիսի արժեքների, որոնք, ինչպես ցույց է տալիս նրանց փորձը, կարող են պահպանվել նույնիսկ գլոբալ փառքի պայմաններում։

Այսօր Ջոնսոնն ու Խաշյանը շարունակում են համատեղ կյանքը՝ պահպանելով հարաբերությունների այն մոդելը, որը կառուցվել է տարիների ընթացքում՝ փոխադարձ աջակցությամբ և ընտանիքի նկատմամբ խոր պատասխանատվությամբ։ Դերասանը բազմիցս նշել է, որ իր հաջողությունների հիմքում կանգնած է հենց ընտանիքը, իսկ Լորեն Խաշյանը՝ նրա ամենահավատարիմ գործընկերն ու խորհրդատուն։

Այդ պատճառով նրանց ընտանիքը հաճախ դիտարկվում է որպես յուրահատուկ մշակութային խաչմերուկ․ այստեղ միավորվում են սամոական, աֆրիկյան և հայկական ժառանգությունները՝ ստեղծելով նոր սերունդ, որի ինքնությունը ձևավորվում է տարբեր մշակույթների համադրության մեջ։



Thursday, 12 March 2026

Հինգ դատարաններով անցած ճանապարհ, ինչու է Գեորգի Անտոնով-Միրզախանյանը զրկվել քաղաքացիությունից



 Հայկական սփյուռքի ակտիվիստը շարունակում է իրավական պայքարը 1921 թ. պայմանագրերի դեմ՝ չնայած խոչընդոտներին և քաղաքացիությունից զրկմանը. Պատմական արդարության ճանապարհը. Գեորգի Անտոնով-Միրզախանյանի ուղին՝  դատարաններից մինչև միջազգային ատյաններ.

Հեղինակ՝ «Նիդերլանդական օրագիր» (ըստ մամուլի հրապարակումների), Մարտի 12, 2026

Պատմական արդարության որոնումները հաճախ դառնում են անձնական դրամաների և քաղաքական ինտրիգների խառնուրդ: Այդպիսի մեկը Գեորգի Անտոնով-Միրզախանյանի՝ Ռուսաստանի Կեմերովոյի (Կուզբասի) հայերի միության նախկին նախագահի պատմությունն է: Նա, մի խումբ հայրենասերների հետ միասին, 2021 թվականից սկսած վիճարկում է 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի օրինականությունը՝ համարելով, որ դրանք բխում են հայ և ռուս ժողովուրդների շահերից: Այս գործընթացը անցել է Ռուսաստանի դատարանների միջով, հանդիպել է խոչընդոտների, իսկ վերջերս Անտոնով-Միրզախանյանը անհասկանալի պատճառներով զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից: Սակայն նա չի կանգնել՝ վստահ լինելով, որ ժամանակը դեմ է գնացել արդարությանը: Հայաստանում նա գրանցել է նոր հասարակական կազմակերպություն: Այս հոդվածը բացահայտում է նրա գործունեության վերջին զարգացումները՝ հիմնվելով մամուլի և բաց աղբյուրների վրա:

Դատական մարաթոնը Ռուսաստանում. ճանապարհ արդարադատության միջոցով

Ամեն ինչ սկսվեց 2020 թ. մարտի 15-ին, երբ Գեորգի Անտոնով-Միրզախանյանը որոշեց հանդես գալ իրավական նախաձեռնեցությամբ: 2021թ  Կեմերովոյի հայերի միության նախագահը  դիմեց Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությանը՝ պահանջելով վերանայել 1921 թ. Մոսկվայի (մարտի 16) և Կարսի (հոկտեմբերի 13) անօրինական պայմանագրերը, որոնք կնքվել են բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև առանց Հայաստանի մասնակցության:

Գործընթացը անցել է Ռուսաստանի հինգ դատարաններով՝ առաջին ատյանից մինչև Գերագույն և Սահմանադրական դատարաններ: Սկզբնապես դատարանները մերժել են հայցը՝ նշելով, որ միջազգային պայմանագրերի վերանայումը դուրս է իրենց իրավասությունից: Սակայն, ինչպես նշում են աղբյուրները, այս մերժումները թույլ են տվել Անտոնով-Միրզախանյանին իրավունք ստանալ գործը տեղափոխելու միջազգային ատյաններ: Ռուսական դատարանները փաստորեն հաստատել են, որ հարցը պետք է քննարկվի միջազգային մակարդակով, - նշվում է niderlandakan.livejournal.com-ի հրապարակումներում:

Այս ճանապարհը, սակայն, լի է եղել խոչընդոտներով: Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը երկու անգամ փորձել է անօրինական ժողովներով զրկել Անտոնով-Միրզախանյանին պաշտոնից: 2022 թ. դեկտեմբերին, օրինակ, ՌՀՄ-ը «արտահերթ ժողով» է կազմակերպել առանց Անտոնով-Միրզախանյանի մասնակցության և նշանակել նոր նախագահ: Անտոնով-Միրզախանյանը օրենքի համաձայն դա համարել է ապօրինի և շարունակել է գործել որպես նախագահ: Մամուլը, այդ թվում՝ nidoragir.com-ը, այս իրադարձություններին անդրադարձել է և գնահատականներ տվել:

Քաղաքացիությունից զրկումը. Տարօրինակ զուգադիպություններ

Վերջին զարգացումը շոկային է եղել: 2025 թ. վերջին Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները առանց հստակ պատճառաբանության զրկել են Անտոնով-Միրզախանյանին Ռուսաստանի քաղաքացիությունից: Այս որոշումը վիճարկվում է դատարանում, բայց արդեն առաջացրել է հարցեր: «Ո՞վ է կանգնած դրա հետևում», - հարցնում են աղբյուրները: Տարօրինակ զուգադիպությամբ նմանատիպ որոշում է ընդունվել Իվանովոյի մարզի ադրբեջանցիների միության նախագահի դեմ: Մամուլը կապում է դա Անտոնով-Միրզախանյանի ակտիվության հետ՝ պայմանագրերի վիճարկման շրջանակներում, որը լիովին տեղավորվում է դատական օրինականության մեջ: Այդ նախաձեռնությանը բացահայտ դեմ է եղել Արա Աբրահամյանը՝ պնդելով, որ «ժամանակը չէ» և դա հակասում է հայկական շահերին: Նրա այս դիրքորոշումը քննադատվել է որպես «Ռուսաստանի իշխանություններին հաճոյանալու փորձ»: Հարցը մնում է բաց՝ ում շահերն է պաշտպանում Արա Աբրահամյանը, երբ դեմ է դուրս եկել Անտոնով-Միրզախանյանին և այդքան խոչընդոտներ հարուցել: Հաստատ ոչ Ռուսաստանի, քանի որ պայմանագրերի օրինականության հարցին իրավական և քաղաքակիրթ ճանապարհով Ռուսաստանի քաղաքացուն պատասխանել են հենց ռուսական դատարանները: Արա Աբրահամյանը, լինելով Ռուսաստանում հայերի միության նախագահ, հաստատ չի պաշտպանում նաև Հայաստանի շահերը՝ հաշվի առնելով Հայաստանում նրա կոռուպցիոն գործերի մասին հայտնի մեղադրանքները, սփյուռքից ևս նրա հասցեին քննադատություններ են հնչում: Նկատելի է  լարվածությունը իր իսկ հրապարակային ելույթներում, մեր կարծիքով նա ինքն էլ զգում է  որ կորցրել է նախկին հեղինակությունը` հայերի շրջանում: 
Չնայած խոչընդոտներին, Անտոնով-Միրզախանյանը շարժվում է առաջ, օրենքով շարունակում է իր առաքելությունը: 2025 թ. վերջին նա Հայաստանում գրանցել է «Վիլսոնյան Հայաստան» Հայության միասնության և արդար զարգացման հասարակական կազմակերպությունը: Այս ՀԿ-ն քաղաքական նպատակներ չի հետապնդում, այլ կենտրոնանում է Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի արբիտրաժային որոշման վրա, որը ճանաչել է հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ սահմանելով Միասնական Հայաստանի տարածքը (մոտ 214,000 քառակուսի կմ): «Այս կազմակերպությունը վերածում է պատմական ժառանգությունը գործող գաղափարի», - նշվում է Facebook-ի գրառումներում: Անտոնով-Միրզախանյանը ունի հաստափոր գրքեր և հավաքածուներ այս թեմայով, որոնք տեղ կգտնեն կազմակերպությունում՝ ցույց տալով նրա խորին նվիրվածությունը:

Միջազգային ատյաններ. Դիմումներ և հույսեր

Իրավաբանների խորհրդակցությամբ Անտոնով-Միրզախանյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե (Ժնև): Վերջինս՝ Human Rights Committee-ն, ընդունել է նամակը վարույթ՝ որպես քաղաքական-դիվանագիտական մարմին: Այն կարող է տալ գնահատականներ, ընդունել բանաձևեր և իրականացնել պետությունների պարբերական գնահատում (Universal Periodic Review): «Այս քայլը կարևոր է «Վիլսոնյան Հայաստան»-ի գործունեության համար», - նշում է nt.am լրատվական աղբյուրը: ՀԿ-ն հռչակագիր ունի, որտեղ հատուկ նշված է, որ այն ուղղված չէ որևէ երկրի դեմ և կենտրոնանում է միայն հայկական իրավական շահերի վրա: Ինչպես կզարգանան իրադարձությունները` ցույց կտա ժամանակը:

Գեորգի Անտոնով-Միրզախանյանի գործունեությունը շարունակում է ոգեշնչել հայկական սփյուռքին և Հայաստանին՝ հիշեցնելով պատմական վերքերի մասին և կոչ անելով միասնության: Նրա պայքարը 1921 թվականի անվավեր պայմանագրերի դեմ և «Վիլսոնյան Հայաստան» ՀԿ-ի ստեղծումը ցույց է տալիս, որ անարդարությունը կարող է վերածվել ազգային վերածննդի խորհրդանիշի: Անկախ խոչընդոտներից, ինչպես քաղաքացիությունից զրկումը կամ ներքին հակամարտությունները, այս նախաձեռնությունները բացում են նոր հորիզոններ միջազգային ատյաններում: «Վիլսոնյան Հայաստանը» ոչ միայն պահպանում է Վուդրո Վիլսոնի արբիտրաժի ժառանգությունը, այլև կարող է դառնալ հայ ժողովրդի ապագայի միասնական ճանապարհի սկիզբը: Այս ամենը հիշեցնում է, որ պատմական արդարությունը ոչ թե անցյալի հիշողություն է, այլ կենդանի գործընթաց, որը պահանջում է համառություն և միավորում:





 

2026թ. մարտը

🌸 Կանանց միջազգային օրվա առթիվ, ես կցանկանայի կիսվել իմ մաղթանքներով Հայաստանի բոլո՜ր կանանց և աղջիկների հետ

Embassy of the Netherlands in Armenia 

✨Թող որ դուք բարձր թռչեք՝ ձեր նպատակներին հասնելու և ձեր ներուժը իրացնելու համար։ Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը աջակցում է հավասար հնարավորությունների ստեղծմանը՝ կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների համար։  

🕊️Ցավոք, կանանց թևերը հաճախ կտրվում են։ Եկեք միավորենք մեր ուժերը՝ խոչընդոտները վերացնելու և բոլորիս համար ազատ թռիչք ապահովելու համար։  

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթեր 

🌸 On International Women’s Day, I would like to share my wishes for all women and girls in Armenia

✨ May you fly high to achieve your goals and fulfill your potential. The Netherlands Embassy supports equal opportunities for men and women, boys and girls. 

🕊️ Women’s wings are oftentimes clipped. Let’s all join forces to remove obstacles and allow a free flight for all of us. 

Marieke Monroy-Winter, the Ambassador of the Netherlands to Armenia

Ֆոտոռեպորտաժ


Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի բակում, բացվեց Հայոց այբուբենին նվիրված հուշարձան

11.03.2026/Ստրասբուրգ/Nid.oragir

 Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում բացվեց  «Արմատագիր – երկխոսության ուժը» խորագրով հուշարձանը։ 

Հուշարձանը ոգեշնչված է հայկական հին գրատեսակներից՝ «արմատագիր» ոճից, որը միջնադարյան ձեռագրերում օգտագործված կարևոր գրաձևերից մեկն է։ Քանդակը խորհրդանշում է խոսքի, գրի և մշակույթի ուժը՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնում և համագործակցություն ստեղծող արժեք։

Հուշարձանի բացումը կարևոր մշակութային իրադարձություն է, քանի որ այն տեղադրվել է եվրոպական քաղաքական կարևոր կենտրոններից մեկում։ Այն միաժամանակ ներկայացնում է հայկական մշակութային ժառանգությունը և ընդգծում Եվրոպայի և Հայաստանի միջև մշակութային ու արժեքային կապերը։













12.03.2026/Kamo Tovmasyan/Նիդ.օրագիր
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի հրապարակում, տեղի ունեցավ Գագա և Նարա Ամատունիների / Design DeLuxe Interior հեղինակած «Արմատագիր» մոնումենտալ քանդակի հանդիսավոր բացումը։ Ստեղծագործությունը նվիրված է երկխոսության գաղափարին՝ որպես ժողովուրդների խաղաղ համակեցության հիմքի: Քանդակի գաղափարական առանցքում լեզուն է՝ որպես մշակույթի, հիշողության և ինքնության ակունք։
Հայկական այբուբենը՝ աշխարհի հնագույն այբուբեններից մեկը, այստեղ ներկայացված է որպես ամբողջական գեղարվեստական ձևի անբաժանելի մաս՝ ընդգծելով այն գաղափարը, որ յուրաքանչյուր ժողովուրդ պահպանում է իր յուրահատուկ ինքնությունը՝ միաժամանակ գտնվելով ընդհանուր արժեքների և փոխըմբռնման միասնական տարածքում։ Քանդակը մարմնավորում է բազմազանության մեջ միասնության սկզբունքը և հաստատում երկխոսությունը որպես համամարդկային արժեք՝ խաղաղության, փոխադարձ հարգանքի և համագործակցության հիմքում։
Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ներկայացնել մեր ստեղծագործությունը հենց այստեղ՝ Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի հրապարակում՝ մի վայրում, որը խորհրդանշում է ժողովուրդների միջև երկխոսությունը, փոխադարձ հարգանքը և խաղաղ համակեցությունը,-նշում են Գագա և Նարա Ամատունիները:




Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին

10.03.2026/Նիդ.օրագիր

Փարիզում, Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, հանդիպումներ ունեցել միջազգային գործընկերների հետ և քննարկել միջուկային էներգիայի զարգացման առաջնահերթությունները։

Միջոցառմանը վարչապետին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի և Խորվաթիայի վարչապետները, ինչպես նաև մի շարք այլ երկրների կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Փաշինյանը կարևորել է Հայաստանի որդեգրած քաղաքականությունը՝ միջուկային էներգիան դիտարկելով որպես երկրի էներգետիկ անվտանգության պահպանման էական գործոն։ Նա նշել է, որ Հայաստանը սկսել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր, որը կստեղծի ամուր հիմք նոր միջուկային էներգաբլոկի անվտանգ և բարեհաջող անցման համար։



Վարչապետը ընդգծել է, որ հայաստանյան ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների, մասնավորապես՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Նա նաև նշել է, որ աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ և ճկուն լուծումներ՝ կարճ շինարարական ժամկետներով և ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են բավարարել ազգային էլեկտրացանցերի կարիքները։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանը այժմ ուշադիր ուսումնասիրում է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները՝ առաջնորդվելով հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներով։

Բացի ելույթից, վարչապետը հանդիպումներ է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ՝ քննարկելով համագործակցության ընթացիկ ծրագրերը և Հայաստանի էներգետիկ ոլորտում նոր նախաձեռնությունները։

Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը նաև մասնակցել է համատեղ լուսանկարահանման և բացման պաշտոնական արարողություններին, որը ընդգծել է միջազգային միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի ակտիվ դիրքորոշումը։

Մարտի 11-ին, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ստրասբուրգ, որտեղ ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում։

 Ստրասբուրգում նախատեսված է նաև հանդիպում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Նիկոլ Փաշինյանը ուշագրավ ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանում

-------------------------------------------

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ

Ժակ Ռաֆֆի Փափազյանը կոչ է անում համախմբվել Հայաստանի եվրոպական ինտեգրման շուրջ

10.03.2026/նիդ.օրագիր

Ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Ժակ Ռաֆֆի Փափազյանը (Jacques Raffy Papazian) հանդես է եկել հրապարակային կոչով՝ ուղղված Հայաստանի եվրոպամետ քաղաքական ուժերի առաջնորդներին, Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքին՝ հորդորելով համախմբվել Հայաստանի եվրոպական ինտեգրման շուրջ։

Փափազյանը, որը հանդիսանում է «Mouvement Arménien» («Հայկական շարժում») կազմակերպության նախագահը, իր հայտարարության մեջ ընդգծում է, որ Հայաստանի ապագայի ընտրությունը այլևս չի կարող հետաձգվել և պահանջում է հստակ, պատասխանատու և համարձակ քաղաքական որոշում։

Նրա գնահատմամբ՝ Եվրոպական միության հետ ինտեգրումը կարող է Հայաստանի համար ապահովել իրավական պետության ամրապնդում, ժողովրդավարության խորացում, անվտանգության բարձրացում, տնտեսական զարգացում և ռազմավարական անկախություն։ Միաժամանակ նա նշում է, որ Եվրոպան կարող է դառնալ վստահելի այլընտրանք այն ավտորիտար մոդելներին, որոնք, ըստ նրա, վերջին տարիներին թուլացրել են Հայաստանի պետականությունն ու անվտանգության համակարգը։

Փափազյանը նաև ընդգծում է, որ Եվրոպան ընտրելը չի նշանակում հրաժարվել ազգային ինքնությունից․ ընդհակառակը՝ դա հնարավորություն է պաշտպանելու հայկական ինքնությունը, ամրապնդելու պետականությունը և այն վստահորեն տեղափոխելու ապագա։

Ստորև ներկայացվում է Ժակ Ռաֆֆի Փափազյանի ամբողջական կոչը․



«OUI à l’intégration de l’Arménie à l’Union européenne

L’avenir de l’Arménie ne peut plus être différé.

Il se construit aujourd’hui, par un choix politique clair et courageux.

L’Union européenne, c’est l’État de droit, la démocratie, la sécurité, le développement économique et l’indépendance stratégique.

C’est une alternative crédible face aux modèles autoritaires qui ont fragilisé notre pays.

Choisir l’Europe, ce n’est pas renoncer à notre identité.

C’est la défendre, la protéger et la projeter dans l’avenir.

Aujourd’hui, chacun a une responsabilité.

Citoyens d’Arménie, diaspora, forces vives : il est temps de s’engager, de faire entendre notre voix et de porter ce choix historique.

Mobilisons-nous pour une Arménie libre, souveraine et européenne.

Le moment est maintenant.

Rejoignez le Mouvement Arménien, engagez-vous pour une Arménie libre, souveraine et européenne.

https://mouvementarmenien.org/contact/ 

Հայաստանի առջև այսօր կանգնած է պատմական ընտրություն, որը կարող է վճռորոշ լինել երկրի ապագայի համար։ Ժակ Ռաֆֆի Փափազյանի կոչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ այս ընտրությունը միայն քաղաքական օրակարգ չէ, այլ ազգային ռազմավարական ուղղություն, որը պահանջում է համազգային մասնակցություն։

Այս գործընթացում վճռորոշ կարող է լինել Հայաստանի քաղաքացիների, քաղաքական ուժերի և սփյուռքի միասնական կամքը՝ ձևավորելու անվտանգ, ժողովրդավարական և միջազգային համագործակցության վրա հիմնված պետություն։

Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ քննարկումը արդեն սկսել է ձևավորել նոր քաղաքական օրակարգ։ Հարցը այլևս այն չէ՝ արդյոք Հայաստանը պետք է ընտրի իր զարգացման նոր ուղին, այլ՝ որքան արագ և որքան միասնական կկարողանա իրականացնել այդ ընտրությունը։

Գեներալ Վիտոյի ուսադիրները և անկախության արժանապատվությունը

09.03.2026/խմբագրի սյունակ/Նիդ.օրագիր

Պետության անկախությունը քաղաքական քննարկման թեմա չէ, որը կարելի է հեշտությամբ դնել սեղանին և քննարկել՝ պահե՞լ այն, թե՞ «լուծարել» ավելի մեծ միության մեջ։ Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել պայքարով, զոհերով և պատերազմի դաշտում կռված մարդկանց արյամբ։ Այդ մարդկանց թվում եղել են նաև զինվորականներ, որոնց ուսերին դրված են գեներալական ուսադիրներ։

Այդ պատճառով հասարակությունը բնական հարց է տալիս․ ինչպե՞ս կարող է գեներալի կոչում ունեցող մարդը` ում անունը Վիտալի Բալասանյան է, խոսել Հայաստանի պետականության վերացման կամ այնպիսի միության մեջ «լուծվելու» մասին, որտեղ երկրի ինքնիշխանությունը կդառնա երկրորդական։

Գեներալի ուսադիրները պարզապես զինվորական աստիճան չեն։ Դրանք խորհրդանշում են պատասխանատվություն՝ պետության, ժողովրդի և անկախության առաջ։ Զինվորականի կոչումը ենթադրում է, որ նա կանգնած է պետության գոյության հիմքում, ոչ թե քննարկում է դրա հնարավոր վերացումը։

Հայաստանի անկախությունը նվեր չէ, որը կարելի է վերադարձնել կամ փոխանակել աշխարհաքաղաքական հաշվարկների դիմաց։ Դա արժեք է, որի համար մարդիկ զոհվել են, ընտանիքներ են կործանվել, սերունդներ են մեծացել պատերազմի հիշողության մեջ։ Մենք ավարայր ենք ունեցել երկիր պահելու համար։ Անկախության արժեքը չի կարող դառնալ քաղաքական փորձարկումների թեմա։

Երբ նման խոսքեր հնչում են գեներալի շուրթերից, հասարակությունը դա ընկալում է ոչ թե որպես պարզապես կարծիք, այլ որպես արժեհամակարգային ճգնաժամ։ Զինվորականը, ով երդվել է պաշտպանել հայրենիքը, առաջին հերթին պետք է պաշտպանի հենց այդ հայրենիքի անկախ գոյությունը։

Հայաստանը կարող է ունենալ դաշնակիցներ, կարող է մտնել տարբեր միջազգային կառույցների մեջ, կարող է կառուցել հարաբերություններ տարբեր ուժային կենտրոնների հետ։ Բայց կա մի կարմիր գիծ, որը չի կարելի անցնել՝ Հայաստանի պետականության և անկախության հարցը։

Գեներալի ուսադիրները պետք է լինեն անկախ Հայաստանի պաշտպանության խորհրդանիշը։ Իսկ երբ այդ ուսադիրները սկսում են կասկածի տակ դնել հենց այդ անկախությունը, հասարակությունը լիովին իրավունք ունի բարձրաձայն հարցնելու՝ ո՞ւմ և ինչի՞ համար են այդ ուսադիրները։ Իսկ եթե ավելի անկեղծ` Արցախի կորստից հետո այդ ուսադիրները թափուր պետք է լինեին

Hay  Azian

Մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ «21-րդ դար՝ երկխոսություն առանց սահմանների» խորագրով կին ձեռներեցների միջազգային համաժողովը։

Համաժողովը համախմբեց տարբեր երկրների կին ձեռներեցների, գործարար համայնքի ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների՝ ստեղծելով արդյունավետ հարթակ փորձի փոխանակման, նոր գաղափարների ներկայացման և համագործակցության հնարավորությունների քննարկման համար։

Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել կանանց ձեռներեցության զարգացումը, ամրապնդել միջազգային գործարար կապերը և ընդգծել կանանց դերը ժամանակակից տնտեսության ձևավորման գործընթացում։

Երբ գաղափարներ և տեսլական ունեցող կանայք միավորվում են, ձևավորվում են նոր հնարավորություններ։ Ժամանակակից գործարար կինը ոչ միայն ստեղծում և զարգացնում է բիզնես, այլև հանդես է գալիս որպես առաջնորդ՝ նպաստելով համագործակցության մշակույթի ձևավորմանը, փոխադարձ աջակցությանն ու վստահության ամրապնդմանը։

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ձեռներեցության զարգացման արդիական հարցեր, միջազգային համագործակցության հնարավորություններ, ինչպես նաև ներկայացվեցին հաջողված բիզնես փորձառություններ։

«21-րդ դար՝ երկխոսություն առանց սահմանների» համաժողովը դարձավ կարևոր հարթակ նոր կապերի հաստատման, գաղափարների ձևավորման և ապագա համատեղ նախաձեռնությունների մեկնարկի համար՝ նպաստելով տարբեր երկրների գործարար կանանց միջև արդյունավետ համագործակցության ընդլայնմանը։

Նիդերլանդներից համաժողովին մասնակցում էր Svetlana Andresian-ը։ Տիկին Անդրեսյանը Նիդերլանդների հայ համայնքի ակտիվ հասարակական գործիչներից է, ով զբաղվում է կրթությամբ, համայնքային կազմակերպմամբ, Հայաստան–Սփյուռք կապերի պահպանմամբ։
Նա Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն լինելուց զատ «Հոլլանդ–Արմենիա» կազմակերպության հիմնադիր նախագահն է։


Կանանց միջազգային օրվա  առիթով ցանկանում եմ սիրով ու խոր հարգանքով խոնարհվել բոլոր կանանց առաջ

Մեր ուժի, մեր նրբության, մեր քաջության և մեր անսահման համբերության համար։

Մենք կյանք ենք, ինտուիցիա, իմաստություն և սեր։

Մենք կապում ենք մարդկանց, բուժում ենք սրտեր, կառուցում ենք ընտանիքներ, պաշտպանում ենք և լուսավորում աշխարհը՝ հաճախ լուռ, բայց միշտ մեծ սիրով ու իմաստով։

Թող երբեք չմոռանանք, թե որքան արժեքավոր է կնոջ ներկայությունը այս աշխարհում։

Կինը իր մեջ կրում է ոչ միայն իրեն, այլ նաև սերունդներ, երազանքներ, հույս և ապագա։

Այսօր մենք տոնում ենք ոչ միայն այն, ինչ անում ենք, այլ ամենակարևորը՝ այն, թե ովքեր ենք մենք։

Շնորհավոր այս գեղեցիկ օրը բոլոր նուրբ, ուժեղ և հրաշալի կանանց։ 🌹❤️

Karinè Klyan 

Nederland

Նիդերլանդներում բենզինի գները վերջերս զգալիորեն բարձրացել են ՝ հասնելով 2.5 տարվա ամենաբարձր մակարդակին, սակայն դրանք չեն գերազանցել բոլոր ժամանակների ռեկորդը, որը եղել է 2022 թվականին՝ 2.67 դոլար մեկ լիտրի համար։

2026 թվականի մարտի սկզբի դրությամբ Euro95 բենզինի խորհրդատվական գինը կազմում է 2.319 եվրո մեկ լիտրի համար՝ բարձրանալով փետրվարի սկզբի 2.25 եվրոյից: Այս բարձրացումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմի պատճառով։

Նիդերլանդները Եվրոպայում ունի ամենաբարձր վառելիքի գներից մեկը, հիմնականում հարկերի և հավելյալ վճարների պատճառով։ Համացանցում նման տեսահոլովակներ են  հայտնվում:

https://www.facebook.com/share/r/193gkZs3jN/

ՄԱՀԱԶԴ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խոր վշտով հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանի մահվան մասին։


Վահան Բայբուրդյանը երկար տարիներ նշանակալի դեր է ունեցել Հայաստանի դիվանագիտության, գիտության և կրթության ոլորտներում։ 1992 թվականին նա նշանակվել էր Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում։ Դիվանագիտական ծառայությունից հետո նա շարունակել է իր գործունեությունը որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական՝ միաժամանակ ակտիվորեն զբաղվելով գիտական և մանկավարժական աշխատանքով։

Վահան Բայբուրդյանը բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ էր և իր գործունեության համար արժանացել էր մի շարք պետական ու մասնագիտական պարգևների։ ՀՀ ԱԳՆ-ն խորին ցավակցություն է հայտնել նրա հարազատներին, մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր սգում են անվանի գործչի մահը։


Nederlands-հայերեն🇦🇲🇳🇱💐

Concert – Tsirani Tsar in Assen

Om onze fans in de noordelijke Nederlanden tegemoet te komen, geeft het Armeense koor Tsirani Tsar op 15 maart een concert in Assen.

In het programma “Naar het hart van Armenië” neemt Tsirani Tsar het publiek mee op een muzikale reis door het Armenië van toen en nu. Van het koninkrijk Cilicië aan de Middellandse Zee tot de huidige hoofdstad Jerevan, van de vlaktes van Muš tot de top van de heilige berg Ararat.

Liederen over het dierbare vaderland en de liefde worden uitgevoerd door het volledige koor, kleine ensembles en solisten.


Tickets:

https://www.ticketkantoor.nl/shop/20260315⁠

Հայերեն

Համերգ Ասենում – «Ծիրանի Ծառ»

Հյուսիսային Նիդերլանդների մեր հանդիսատեսին ընդառաջ՝ հայկական «Ծիրանի Ծառ» երգչախումբը մարտի 15-ին համերգով հանդես կգա Ասենում։

«Դեպի Հայաստանի սիրտը» ծրագրով երգչախումբը հանդիսատեսին կտանի երաժշտական ճանապարհորդության՝ անցյալ և ներկա Հայաստանով․ Կիլիկիայի թագավորությունից՝ Միջերկրական ծովի ափին, մինչև ներկայիս մայրաքաղաք Երևան, Մուշի դաշտերից մինչև սուրբ Արարատի գագաթ։

Հայրենիքի և սիրո մասին երգերը կհնչեն ամբողջ երգչախմբի, փոքր խմբերի և մեներգիչների կատարմամբ։

Տոմսեր՝

https://www.ticketkantoor.nl/shop/20260315

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՖԻԼՄ> ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ


🎬 «The Winning Generation» – պատմություն, որը ոգեշնչում է

Շահեն Հարությունյանը՝ երիտասարդ ակտիվիստից մինչև Կապանի հաղթող քաղաքապետ, հիմա նպատակ ունի դառնալ Հայաստանի  տարիքով ամենակրտսեր նախագահը։ 10 տարի պայքար, հեղափոխություն, պատերազմ և քաղաքականություն մեկ ֆիլմում։

📅 Համաշխարհային պրեմիերա – 22 maart, 17:30, Theater aan het Spui, Spui 187, Den Haag

💬 Շահեն Հարությունյանը ներկա կլինի, ֆիլմի վերջում հնարավորություն կլինի զրուցել ու բարի ժամանցի համար խմիչք-հացիկներ։

Մեկնարկիր ուղիղ հիմա և գրանցվիր!

https://bindfilm.com/nieuws/

06.03.2026

Փետրվարի 28-ից սկսված ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը (հարձակումներ, հրթիռներ, պատասխան հարվածներ) ամբողջությամբ խառնել է Մերձավոր Արևելքի օդային տարածքը։ Փակ են կամ սահմանափակված օդային միջանցքները Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, ՕԱԷ-ում, Բահրեյնում, Կուվեյթում և այլն։ Հազարավոր թռիչքներ չեղարկվել են, իսկ մնացածները շրջանցում են հյուսիսով՝ ավելի երկար և թանկ։

https://www.facebook.com/share/r/19i8Gcdio6/

ՆԱՄԱԿԱՆԻ

05.03.2026/Աշոտ Ավագյան/Նիդ.օրագիր

Հայաստանում «պերաշկի ուտող վարչապետի» թեման ավելի շատ սիմվոլիկ ու քաղաքական ենթատեքստ ունի, քան հենց սննդի հարց։ Երբ ղեկավարի ամենօրյա, «սովորական» պահվածքը հանրային դաշտում դառնում է քննարկման առարկա, դա սովորաբար կապված է հասարակության բևեռացվածության, քաղաքական անվստահության կամ սոցիալական լարվածության հետ, ոչ թե հենց պերաշկիի հետ։

Մինչդեռ շատ երկրներում ղեկավարների՝ «սովորական մարդու» կերպարով երևալը դիտվում է դրական։ Օրինակ՝

Joe Biden հաճախ հրապարակավ գնում է պաղպաղակ ուտելու,

Emmanuel Macron երբեմն երևում է փողոցային սրճարաններում,

Volodymyr Zelenskyy պատերազմի ընթացքում անգամ տեսանյութերում երևում է զինվորների հետ պարզ պայմաններում սնվելիս։

Այսպիսի դրվագները շատ երկրներում աշխատում են որպես «մարդկայնացման» գործիք՝ ցույց տալու, որ ղեկավարը նույն հասարակության մի մասն է։

Հայաստանում, սակայն, երբ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ցանկացած առօրյա քայլ հաճախ ընկալվում է քաղաքական պրիզմայով։ Նրա կողմնակիցները դա կարող են ներկայացնել որպես համեստություն ու ժողովրդականություն, իսկ ընդդիմախոսները՝ որպես «ցուցադրական պարզություն» կամ PR քայլ։

Այսինքն՝ խնդիրը ոչ թե պերաշկին է, այլ քաղաքական վստահության մակարդակը։

Հակադիր քայլով ընդիմությունը որակազրկում է իրեն։ Այնտեղ, որտեղ հասարակական վստահությունը բարձր է, նման պահերը բնական են ընկալվում։ Այնտեղ, որտեղ բևեռացվածություն կա, նույնիսկ ամենասովորական պահվածքը դառնում է քաղաքական բանավեճի թեմա։

Ա.ԱՎԱԳՅԱՆ

Մոնակո

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 2026 թվականի ապրիլի 15-ից շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի թղթադրամները։ Որոշումը պայմանավորված է տվյալ թողարկումների բարձր մաշվածությամբ, ինչպես նաև 3-րդ սերնդի թղթադրամների գերակշռությամբ դրամաշրջանառության մեջ։

Շրջանառությունից դուրս կգան հետևյալ անվանական արժեքների թղթադրամները՝ 500 դրամ (1999թ. թողարկում), 1000 դրամ (1999, 2001, 2011, 2015թթ.), 5000 դրամ (1999, 2003, 2009, 2012թթ.), 10 000 դրամ (2003, 2006, 2008, 2012թթ.) և 20 000 դրամ (1999, 2007, 2009, 2012թթ.)։

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը նշված թղթադրամները կմնան օրինական վճարամիջոց և կշարունակեն ընդունվել առանց սահմանափակումների։ Նշված ամսաթվից հետո դրանք այլևս չեն համարվի օրինական վճարամիջոց, սակայն չեն կորցնի իրենց արժեքը․ քաղաքացիները կկարողանան անժամկետ, անվճար և առանց քանակական սահմանափակումների փոխանակել դրանք հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում։

Հիշեցվում է, որ 3-րդ սերնդի թղթադրամները մշակված են ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ օժտված լինելով բարելավված պաշտպանական տարրերով և բարձր դիմացկունությամբ, ինչը նպաստում է դրամաշրջանառության անվտանգության և արդյունավետության բարձրացմանը։

Որոշումը չի վերաբերում շրջանառության մեջ գտնվող մետաղադրամներին։

Հոլանդական կակաչները Հայաստանում 🇦🇲🌷🇳🇱

03.03.2026/Նիդ.օրագիր

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է (Marieke Monroy-Winter, the Ambassador of the Netherlands to Armenia)  Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան տիկին Մարիեկե Մոնրոյ Վինթերը՝ անդրադառնալով Սպայկա ընկերության ջերմոցային համալիր կատարած այցին։

Նա նշել է, որ ջերմոցային համալիրում կիրառվում է հոլանդական փորձն ու գիտելիքը՝ կակաչների աճեցման գործընթացում։ «Սպայկա»-ն համագործակցում է հոլանդական Roneco ընկերության հետ, որի շնորհիվ սոխուկները Հայաստան են բերվում անմիջապես Նիդերլանդներից։

Դեսպանը ընդգծել է, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է հոլանդական փորձը գործնականում արդյունք տալիս Հայաստանում՝ սա համարելով երկկողմ համագործակցության լավագույն օրինակներից մեկը։


Երբեք ուշ չէ ներողություն հայտնել։

 Տեսանյութ` Anahit Aghabekyan


Երևանում ձյուն է եկել 09.03.2026

foto Aida Kniazian

Փետրվարի 25-ին Վանաձոր քաղաքում հանդիսավորությամբ նշվել է ազգային հերոս, զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 161-ամյակը։

Միջոցառումը կազմակերպվել էր՝ ընդգծելու Զորավարի դերը հայ ազգային-ազատագրական պայքարում, ինչպես նաև նրա միջազգային ճանաչումը՝ որպես հայ և բուլղար ժողովուրդների ազգային հերոսի և Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանակրի։

Փետրվարի 25֊ի մեկնարկած հիշատակի միջոցառմանը ներկա էին տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, երիտասարդներ և քաղաքացիներ։ Կազմակերպիչներն էին՝

INTERKAP ԲՀԿ` նախագահ  Նորայր Զուլոյան

ԵՐԿԱՊԱՀ Լոռու մարզային միությունը

ՈՄԱ-Վանաձոր

Միջոցառումը նկարահանել է ԼՈՌԻ TV-ն (ներկայացնում ենք)։։

Ինչպես միշտ, Անդրանիկի մասին իր խորքային և վերլուծական խոսքն ասաց գրականագետ, Անդրանիկի գիտակ, մշակույթի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը   (  Karo Vardanyan ) ։ Նա անդրադարձավ Զորավարի մարդկային և գաղափարական կերպարին, նրա պատմական առաքելությանը, ազգային արժանապատվության և պետական մտածողության նրա ընկալումներին՝ ընդգծելով, որ Անդրանիկը այսօր էլ միայն անցյալի հերոս չէ, այլ կենդանի օրինակ։

Միջոցառումից հետո Սուրբ Նարեկացի եկեղեցի եկեղեցու դահլիճում ցուցադրվել է Անդրանիկին նվիրված ֆիլմը, որը ներկաներին հնարավորություն տվեց ևս մեկ անգամ վերարժևորելու նրա կյանքն ու պայքարը։

Հիշատակի օրը դարձավ ոչ միայն տոնական, այլև կրթական ու խորհրդանշական հանդիպում՝ միավորելով տարբեր սերունդների շուրջ Զորավարի անունը և նրա թողած ազգային արժեհամակարգը, պայքարի ոգին, արժանապատվության ու հայրենասիրության պատգամը, որոնք շարունակում են ուղենիշ լինել մեր ժամանակների համար։

Նիդ.օրագիր

https://youtu.be/nRKJuAp4gTk?si=J_rEAqGevUEWnjVT&sfnsn=mo

Norayr Zuloyan

Wednesday, 11 March 2026

Bert-Jan Ruissen bezoekt Armeense gemeenschap in Almelo \ Բերտ-Յան Ռույսենը այցելել է Ալմելոյի հայկական համայնք

 


11.03.2026/Նիդ.օրագիր

Նիդերլանդական Պետական բարեփոխված կուսակցության (SGP) պատգամավոր, Եվրոպական խորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռույսենը օրերս այցելել է Ալմելոյի հայ համայնք։ Նա հանդիպել է համայնքի ատենապետ Օնիկ Գելեջիի և հայ ակտիվիստների հետ, այցելել է տեղի Հայոց ցեղասպանության հուշարձանը։

Այցից հետո քաղաքական գործիչը սոցիալական ցանցերում գրել է. «Լավ հանդիպում ուրբաթ օրը Ալմելոյի հայ համայնքի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Ի միջի այլոց խոսվել է Հայաստանում, Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ կրոնի ազատության մասին։ Շատ շնորհակալ եմ ընդունելության համար»։

Հոլանդերենով (Nederlands)

Bert-Jan Ruissen  bezoekt Armeense gemeenschap in Almelo

SGP-Europarlementariër Bert-Jan Ruissen (lid van het Europees Parlement sinds 2019) heeft onlangs een bezoek gebracht aan de Armeense gemeenschap in Almelo. Hij sprak met voorzitter Onik Gelegi en andere Armeense activisten en legde een krans bij het plaatselijke monument ter herdenking van de Armeense genocide.

Na afloop schreef hij op sociale media:

«Goede ontmoeting vrijdag met de Armeense gemeenschap in Almelo bij het monument ter herdenking van de Armeense genocide. O.a. gesproken over de situatie in Armenië, het Midden-Oosten, Nagorno-Karabach en geloofsvrijheid. Hartelijk dank voor de ontvangst!»



Ամստերդամի հայկական տպագրատան մասին դասախոսություն

 

Mateos Tsaretsi bibliotheek

ՀՐԱՎԵՐՔ

Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու Ամստերդամի հայկական տպագրատան մասին դասախոսությանը՝ առաջին տպագիր հայերեն Աստվածաշնչի 360-ամյակի առթիվ:

Կլինի նաև երաժշտական ներկայացում Մերի Այգեցիի կատարմամբ, իսկ ավարտից հետո կարելի է նախուտեստներ և խմիչք:

Այս միջոցառումը տեղի կունենա շաբաթ 11 ապրիլի 2026 ժամը 15:00-ին, Mateos Tsaretsi bibliotheek aan de Krom Boomssloot 22 in Amsterdam.

UITNODIGING

Hierbij nodigen wij iedereen uit voor het bijwonen van een lezing over de Armeense drukkerijen in Amsterdam, naar aanleiding van het 360-jarig bestaan van de eerste gedrukte Armeense Bijbel.

Er zal ook een muzikaal optreden zijn door Mary Aygetsi, en na afloop kan worden nagepraat met een hapje en drankje.

Dit evenement zal plaatsvinden op zaterdag 11 april 2026 om 15 uur, in de Mateos Tsaretsi bibliotheek aan de Krom Boomssloot 22 in Amsterdam.