The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 19 November 2026

Սոցցանցային մեկնաբանություններից՝ 9,5 տարվա ազատազրկում․ Գևորգ Գրիգորյանի գործը Ռուսաստանում

 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐ ԶԳՈՒՇԱՑԵՔ

Մեկնաբանություն գրելու համար սկզբում երկու մեղադրանք ու տնային կալանք, մեղադրանքներն ավելացվեցին մինչև 4 ու այնուհետև մինչև 9,5 տարվա բանտ․ Գևորգ Գրիգորյանի գործը բռնապետական Ռուսաստանի նոր քրեական պրակտիկայի համատեքստում: Ինչ է մտածում այնտեղ գործող հայերի միությունը:

Հայաստանում ծնված 23-ամյա հայ-ռուս երկքաղաքացին դատապարտվել է Ռուսաստանի զինվորական դատարանի կողմից

Հայաստանում ծնված 23-ամյա Գևորգ Գրիգորյանը Ռուսաստանի դատարանի կողմից դատապարտվել է 9 տարի 6 ամիս ազատազրկման։ Նրա նկատմամբ քրեական հետապնդման առիթը, ըստ ռուսական և անկախ լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայկական ինտերնետային հարթակներում արված մեկնաբանություններն են։

Գրիգորյանը ծնվել է 2003 թվականի հունիսին Հայաստանում, բնակվել է Անդրբայկալյան երկրամասի Չիտա քաղաքում և ունեցել է Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիություն։ Նա ձերբակալվել է 2025 թվականի հունիսին և սկզբում գտնվել է տնային կալանքի տակ։

Ինչի՞ համար են նրան դատել

Ռուսաստանի քննչական մարմնի վարկածով՝ Գրիգորյանը 2023 թվականից Telegram-ում «համակարգված» կերպով հրապարակել է ռուսների ազգային արժանապատվությունը նվաստացնող մեկնաբանություններ, աջակցել նացիզմին և օգտագործել նացիստական կարգախոսներ։ ՖՍԲ-ի կողմից նկարահանված տեսանյութում, ըստ «Медиазона»-ի, նա նաև ասել է, որ ցանկացել է ռուսաստանցիների և երեխաների մահը։

Միևնույն ժամանակ, նրա ծանոթը «Медиазона»-ին պատմել է, որ երիտասարդը նման գրառումներ էր կատարել՝ զայրացած լինելով Ռուսաստանի դիրքորոշումից 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։ Նրա մեկնաբանություններից մեկը, ըստ հրապարակումների, վերաբերում էր այն մտքին, որ «Հիտլերը պետք է բոլորին ոչնչացներ», մյուսը՝ այն ենթադրությանը, որ Ուկրաինայից հետո ռուսական զորքերը կարող են մտնել Հայաստան։

Երկու մեղադրանքից՝ չորս

Սա գործի ամենաուշագրավ հանգամանքներից է։

Սկզբում Գրիգորյանին մեղադրում էին նացիզմի արդարացման և ազգային ատելություն հրահրելու մեջ։ Գործը հետագայում ընդլայնվեց, և նրան առաջադրվեցին արդեն չորս մեղադրանքներ՝

  • ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկությունների» տարածում,

  • նացիզմի արդարացում,

  • ահաբեկչական գործունեության կոչեր,

  • ծայրահեղական գործունեության կոչեր։

Թե ինչու է մեղադրանքը ընթացքում փոխվել և ծանրացել, հրապարակային աղբյուրները հստակ չեն բացատրում։

Գործը փոխանցվել է Ռուսաստանի Երկրորդ արևելյան օկրուգային զինվորական դատարան, որը Գրիգորյանին դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում։ Պետական մեղադրողը պահանջել էր 10 տարի։

Գրիգորյանը, ըստ նրա ծանոթի փոխանցած տեղեկության, ընդունել է մեղքը և զղջացել։

Երիտասարդի մեկնաբանությունը՝ գրեթե մեկ տասնամյակ բանտ

Այս գործի փաստական կողմում կա մի կարևոր տարբերություն, որը չպետք է անտեսել։

Ռուսաստանի իրավապահ մարմինները Գրիգորյանի հրապարակումները ներկայացնում են որպես նացիզմի արդարացում, ահաբեկչության և ծայրահեղականության կոչեր։

Իսկ նրա ծանոթը դրանք կապում է 2023 թվականի իրադարձություններից հետո Ռուսաստանի նկատմամբ երիտասարդի ունեցած զայրույթի հետ։

Այս երկու հանգամանքները միասին կազմում են գործի ամբողջ պատկերը։ Սակայն անկախ աղբյուրներում հրապարակված տեղեկություններից չի երևում դատավճռի ամբողջական հիմնավորումը և այն ապացույցների ամբողջ ծավալը, որոնց հիման վրա դատարանը նշանակել է 9,5 տարվա ազատազրկում։

Փաստը մնում է․ 23-ամյա երիտասարդը սոցիալական ցանցերում արված հրապարակումների համար ստացել է գրեթե մեկ տասնամյակ ազատազրկում։

Իրավապաշտպան «Мемориал»-ի «Քաղաքական բանտարկյալների աջակցություն» նախագիծը Գևորգ Գրիգորյանի հետապնդումը դասակարգում է որպես քաղաքական շարժառիթների նշաններ ունեցող հետապնդում։ Միաժամանակ նախագիծը հատուկ նշում է, որ նման գնահատականը իր դիրքորոշումն է և չի նշանակում տվյալ անձի կամ նրա ներկայացուցիչների կողմից այդ գնահատականի ընդունում։

Նիդերլանդական օրագիրը հետևելու է գործի հետագա զարգացումներին։

Աղբյուրներ՝ «Медиазона», «ОВД-Инфо», «Настоящее время», «СОВА», «Мемориал»։

No comments:

Post a Comment