The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 19 November 2026

Տիգրան Բալայանը հրաժեշտ կտա Բրյուսելին. բարեկամություն, որը կշարունակվի պաշտոնական առաքելությունից հետո

 

ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելից հեռանալու և Երևան վերադառնալու նախաշեմին երախտագիտության խոսք է հղել Եվրոպական հանձնաժողովի անդամ, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսին։

«Մեծ պատիվ և հաճույք էր միասին աշխատել՝ Հայաստանն ավելի մոտեցնելու Եվրոպական միությանը։ Ես անկեղծորեն երախտապարտ եմ Ձեզ՝ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների զարգացման գործում Ձեր առաջնորդության, անձնական նվիրումի և հետևողական ջանքերի համար», – գրել է Բալայանը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով նաև իրենց տարիների բարեկամության և աջակցության համար։

Տիգրան Բալայանի դիվանագիտական ուղին Բենելյուքսում սկսվել է 2018 թվականին՝ որպես Հայաստանի դեսպան Նիդերլանդներում և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (OPCW) Հայաստանի մշտական ներկայացուցիչ։ 2023 թվականի սեպտեմբերին նա ստանձնել է դեսպանի պաշտոնը Բելգիայում և Հայաստանի ներկայացուցչության ղեկավարի պարտականությունները Եվրոպական միությունում։

Նիդերլանդներում նրա հնգամյա առաքելությունն առանձնացավ հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններով։ Դրանցից կարևոր էին Հայաստանում Նիդերլանդների մշտական դեսպանության բացման ուղղությամբ աշխատանքները, Դրենտեի թանգարանում «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի կազմակերպումը, Հաագայի Խաղաղության պալատի այգում հայկական խաչքարի տեղադրումը, ինչպես նաև Europol-ի և Eurojust-ի հետ համագործակցության համաձայնագրերի կնքումը։

2023 թվականի հուլիսի 27-ին՝ Նիդերլանդներում իր առաքելության ավարտին նվիրված ընդունելության ժամանակ, Բալայանը հատուկ երախտագիտություն էր հայտնել հոլանդացի գործընկերներին և հայ համայնքին՝ ընդգծելով, որ դիվանագետի առաջնային խնդիրներից մեկը հյուրընկալ երկրում իր պետության բարեկամների թիվն ավելացնելն է։

Բրյուսելում նրա հետագա գործունեությունը շարունակեց այդ աշխատանքը եվրոպական ավելի լայն հարթակում։ Այժմ, ութ տարի Բենելյուքսում անցկացնելուց հետո, նա վերադառնում է Երևան։

Սակայն, ինչպես ինքն է ընդգծել Եվրախորհրդարանում իր հրաժեշտի խոսքում, դիվանագիտական առաքելության ավարտը չի նշանակում ձևավորված գործընկերության և բարեկամության ավարտ։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցել Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ անկախ իր հետագա պաշտոնից։

«Նիդերլանդական Օրագիրը» մաղթում է Տիգրան Բալայանին հաջողություն հետագա գործունեության մեջ՝ գնահատելով Նիդերլանդներում նրա դիվանագիտական տարիների ընթացքում հայ-նիդերլանդական կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքը։

No comments:

Post a Comment