The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 22 November 2026

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ․ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԸՆԹԵՐՑՈՒՄ

 


Նաիրա Համբարձումյանի «Սրբուհի Տյուսաբ. հոդվածներ, քերթվածներ, հրապարակումներ» (Երևան, «Էդիթ Պրինտ», 2026, 504 էջ, խմբագիրներ՝ Ալբերտ Խառատյան, Նաիրա Համբարձումյան, գրախոս՝ Գևորգ Ստեփանյան) աշխատությունը հայ գրականության և մշակույթի պատմության ուսումնասիրության բնագավառում ունի նշանակալի գիտական և աղբյուրագիտական արժեք։ Գիրքը նվիրված է հայ առաջին կին վիպասան և արձակագիր Սրբուհի Տյուսաբի (Վահանյան, 1840-1901) կյանքի, գրական-մշակութային, հրապարակախոսական, հասարակական և բարեգործական գործունեության համակողմանի քննությանը։

Աշխատության առանցքային առանձնահատկությունն այն է, որ հեղինակը Տյուսաբի ժառանգությունը ներկայացնում է ոչ միայն ստեղծագործական անհատականության ուսումնասիրության, այլև 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ մտավոր և հասարակական կյանքի լայն համատեքստում՝ բացահայտելով ժամանակաշրջանի մշակութային փոխազդեցությունների, գաղափարական առնչությունների և միջանձնային կապերի պատմական նշանակությունը։

Աշխատության հետազոտական հայեցակարգի հիմքում Սրբուհի Տյուսաբի անհատականության և նրան ձևավորած մշակութային միջավայրի փոխհարաբերությունն է։ Հեղինակը գրողին չի դիտարկում մեկուսացված կենսագրական կամ զուտ գրականագիտական հարթության վրա, այլ նրա կյանքի ու գործունեության տարբեր դրսևորումները ներկայացնում է ժամանակի կրթական, հասարակական, գրական ու թատերական գործընթացների փոխկապակցվածության մեջ։ Այս միջգիտակարգային մոտեցումը թույլ է տալիս Տյուսաբի ստեղծագործական ժառանգությունը դիտարկելու որպես պատմականորեն պայմանավորված մտավոր երևույթ, որի ձևավորման վրա ներգործել են ինչպես անձնական հարաբերություններն ու կենսափորձը, այնպես էլ ժամանակի գաղափարական շարժումներն ու հասարակական վերափոխումները։ Արդյունքում գիրքը դուրս է գալիս առանձին հեղինակի կենսագրության շրջանակներից՝ վերածվելով արևմտահայ իրականության առանցքային շերտերի վերակառուցմանն ուղղված համակողմանի հետազոտության։

Աշխատության գիտական նորույթը պայմանավորված է Սրբուհի Տյուսաբի ստեղծագործական կենսագրության, հասարակական-քաղաքական գործունեության, երաժշտական և թատերական նախասիրությունների, ինչպես նաև գրական-մշակութային միջավայրում ունեցած դերակատարության վերաբերյալ նորահայտ տվյալների ներկայացմամբ։ Առանձնահատուկ արժեք ունի այն հանգամանքը, որ հեղինակը քննության է առնում ոչ միայն գրողի հայտնի ստեղծագործություններն ու հրապարակային գործունեությունը, այլև նրա կենսագրության մինչ այժմ բավարար չափով չլուսաբանված դրվագները, ընտանեկան միջավայրը, անձնական հարաբերություններն ու մտավոր կապերը։ Այդ փաստերի համադրումը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմելու Տյուսաբի՝ որպես գրողի, հրապարակախոսի և հասարակական գործչի ձևավորման ընթացքի մասին։

Գրքի ընդարձակ առաջաբանը կառուցված է մի շարք փոխկապակցված հետազոտական հարցադրումների շուրջ։ «Սրբուհի Տյուսաբ. կենսագրությունը որպես կանացիության պատմություն» բաժինը կենսագրական նյութի ուսումնասիրությունը տեղափոխում է ավելի լայն սոցիալ-մշակութային հարթություն։ Այստեղ կնոջ անհատական կյանքի պատմությունը դիտարկվում է նաև որպես ժամանակաշրջանի կանացիության ընկալումների, հասարակական դերերի և մտավոր ինքնուրույնության ձևավորման պատմություն։ Նման դիտակետն էական է հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ միջավայրի ուսումնասիրության համար, երբ կնոջ կրթության, աշխատանքի, ինքնուրույնության և հասարակական մասնակցության հարցերն աստիճանաբար դառնում էին մտավոր բանավեճերի առարկա։ Տյուսաբի կենսագրությունն այս համատեքստում ներկայանում է ոչ միայն որպես անհատական ճակատագրի պատմություն, այլև որպես կնոջ հասարակական դիրքի վերաիմաստավորման գործընթացի արտահայտություն։

Ուշադրության է արժանի «Սրբուհի Տյուսաբ-Մկրտիչ Պեշիկթաշլյան. անձնականությունից գեղարվեստ՝ ուղիղ ճանապարհը» ուսումնասիրական հատվածը։ Այն ընդգծում է գրողի անձնական և գրական փորձառությունների փոխկապակցվածության խնդիրը՝ շեշտադրելով մտավոր ու մարդկային հարաբերությունների դերը ստեղծագործական անհատականության ձևավորման գործընթացում։ Սա թույլ է տալիս գրական կենսագրությունը դիտարկելու ոչ թե որպես իրադարձությունների պարզ ժամանակագրական շարադրանք, այլ որպես գաղափարների, ապրումների և գեղարվեստական ինքնարտահայտման փոխազդեցության պատմություն։ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ առնչությունների քննությունը նշանակալի է նաև 19-րդ դարի արևմտահայ գրական միջավայրի ներքին կապերն ու ստեղծագործական ազդեցությունների ուղիները հասկանալու տեսանկյունից։

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում «Սրբուհի Վահանյանից՝ Սրբուհի Տյուսաբ» բաժինը, որն անդրադառնում է գրողի անվան և ինքնության ձևավորման խնդրին։ Անձնական և գրական անունների հարաբերությունը կենսագրական ուսումնասիրության մեջ ունի ոչ միայն փաստագրական, այլև խորհրդանշական նշանակություն՝ արտահայտելով անհատի ինքնաներկայացման, հանրային ճանաչելիության և ստեղծագործական ինքնության հաստատման գործընթացները։ Այս հարցադրումը լիովին համահունչ է գրքի ընդհանուր հայեցակարգին, որի շրջանակում Տյուսաբի անհատականությունը բացահայտվում է նրա կյանքի, հասարակական դիրքի և գրական գործունեության փոխկապակցված քննությամբ։

Գրքի հիմնարար ուղղություններից է Սրբուհի Տյուսաբի բարեգործական գործունեության ուսումնասիրությունը։ «Սրբուհի Տյուսաբը և Կ. Պոլսի հայ բարեգործական ընկերությունները» բաժնում ուշադրության կենտրոնում են այն կազմակերպություններն ու կրթական հաստատությունները, որոնց գործունեությանն աջակցել և որոնց հովանավորել է գրողը։ Այս նյութը հարստացնում է Տյուսաբի հասարակական գործունեության մասին պատկերացումները՝ ցույց տալով, որ նրա հետաքրքրությունները չեն սահմանափակվել գրական և հրապարակախոսական աշխատանքով։ Բարեգործական նախաձեռնություններին մասնակցությունը վկայում է հասարակական պատասխանատվության և ազգային կրթական կյանքի նկատմամբ նրա ունեցած խոր մտահոգության մասին։ Սա էական է նաև կանանց հասարակական գործունեության պատմության ուսումնասիրության տեսանկյունից, քանի որ բարեգործությունը տվյալ ժամանակաշրջանում հասարակական կյանքում ներգրավվելու և հանրային ազդեցություն ունենալու կարևոր ուղիներից էր։

Աշխատության առանցքային բաժիններից է Տյուսաբի հրապարակախոսական և սոցիալ-հասարակական հայացքների քննությունը։ «Սրբուհի Տյուսաբի հրապարակախոսությունը, սոցիալ-հասարակական հայացքները» խորագրի ներքո ներկայացվող նյութերը բացահայտում են գրողի մտավոր գործունեության այն կողմը, որտեղ գրական ինքնարտահայտումը միահյուսվում է հասարակական քննադատության և գաղափարական հստակ դիրքորոշման հետ։ Հատկապես ուշագրավ է «Հրապարակախոսությունը որպես սոցիալական բողոքի միջոց» հարցադրումը, որը հնարավորություն է տալիս Տյուսաբի հոդվածները դիտարկելու ոչ միայն որպես իր ժամանակի հասարակական իրողությունների արձագանք, այլև որպես այդ իրողությունների քննադատական իմաստավորման և փոփոխության անհրաժեշտության գիտակցման դրսևորում։

Այս համատեքստում նշանակալի է նաև «Հայերուն մտական հառաջադիմության վրա քանի մը խոսք» բանախոսության ուսումնասիրությունը։ Դրա ընդգրկումը գրքի առաջաբանում վկայում է Տյուսաբի մտավոր հետաքրքրությունների և հանրային խոսքի նշանակության նկատմամբ հեղինակի հատուկ ուշադրության մասին՝ հնարավորություն տալով անդրադառնալու կրթության, ազգային մտավոր առաջընթացի և հասարակական զարգացման փոխհարաբերություններին։ Հրապարակախոսական ժառանգության այս շերտը կարևոր է հատկապես այն առումով, որ Տյուսաբը ներկայանում է ոչ միայն որպես գեղարվեստական երկերի հեղինակ, այլև որպես հասարակական մտածող, ով ձգտում էր իր ժամանակի խնդիրները ձևակերպել ու բերել հանրային քննարկման դաշտ։

Տյուսաբի գաղափարական ժառանգության կենտրոնական բաղադրիչներից է կանանց կրթության, աշխատանքի և ազատագրության խնդիրը։ Գրքի համապատասխան բաժիններում առանձնացվում են կանանց աշխատանքի իրավունքների պաշտպանության և ազատագրության գաղափարները՝ որպես նրա հրապարակախոսության հիմնարար ուղղություններ։ Այս հարցադրումները Տյուսաբի մտավոր ժառանգությունը կապում են 19-րդ դարի կանանց իրավունքների պաշտպանության և հասարակական վերափոխումների ավելի լայն միջազգային ու ազգային համատեքստին։

Կնոջ կրթության ու աշխատանքի իրավունքի պաշտպանությունը նրա համար միայն անհատական բարեկեցության խնդիր չէր, այլ հասարակության մտավոր և բարոյական առաջընթացի անհրաժեշտ պայման։ Այստեղ առանձնահատուկ կշիռ ունի «Տղամարդ գրողը կարող է միջակ լինել, կին գրողը՝ երբեք» ձևակերպումը, որն ընդգծում է գրական գործունեության և կնոջ հասարակական դիրքի միջև առկա գաղափարական լարվածությունը։ Այն արտահայտում է այն իրողությունը, որ կին գրողի ստեղծագործական ներկայությունը հասարակության մեջ հաճախ ենթարկվում է անհամեմատ ավելի խիստ գնահատման և պահանջների, քան տղամարդ գրողի գործունեությունը։

Աշխատության գիտական արժեքը մեծապես պայմանավորված է նաև Սրբուհի Տյուսաբի և ժամանակի այլ մշակութային գործիչների փոխհարաբերությունների քննությամբ։ «Սրբուհի Տյուսաբ-Պետրոս Ադամյան-Գևորգ Ապտուլլահյան փոխառնչությունները» բաժինը գրքի առավել ինքնատիպ հետազոտական ուղղություններից է։ Այստեղ ուշադրության կենտրոնում են գրականության, թատրոնի և լուսանկարչական արվեստի ներկայացուցիչների միջև ձևավորված մարդկային ու մշակութային կապերը։ Պետրոս Ադամյանի և Գևորգ Ապտուլլահյանի հետ Տյուսաբի առնչությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս ընդլայնելու 19-րդ դարի արևմտահայ մշակութային կյանքի ընկալումը՝ այն ներկայացնելով ոչ միայն առանձին արվեստագետների և մտավորականների գործունեության, այլև նրանց միջև ձևավորված ստեղծագործական փոխազդեցությունների ամբողջության մեջ։

Գրքում այդ հարաբերությունները դիտարկվում են առանձին ենթաբաժիններով՝ «Սրբուհի Տյուսաբ-Պետրոս Ադամյան ներազդեցությունների տիրույթը» և «Սրբուհի Տյուսաբ-Գևորգ Ապտուլլահյան ներազդեցությունների տիրույթը»։ Նման կառուցվածքը հնարավորություն է տալիս հստակ տարբերակելու փոխառնչությունների բնույթը և դրանց դերը գրողի մտավոր ու գեղագիտական աշխարհընկալման ձևավորման գործում։ Այս հետազոտական մոտեցումը կարևոր է նաև մշակութային պատմության մեթոդաբանության տեսանկյունից, քանի որ անհատական կենսագրությունները դիտարկվում են միջանձնային հարաբերությունների և ստեղծագործական միջավայրի փոխկապակցվածության մեջ։ Արդյունքում մշակութային գործիչների անձնական կապերը ձեռք են բերում պատմամշակութային նշանակություն՝ դառնալով ժամանակաշրջանի մտավոր կյանքի վերակառուցման վստահելի աղբյուր։

Գրքի աղբյուրագիտական նշանակությունն առավել ամբողջականորեն դրսևորվում է նրա երկրորդ և երրորդ հիմնական բաժիններում, որտեղ մեկտեղված են Սրբուհի Տյուսաբի՝ ժամանակի մամուլում ցրված հոդվածները, քերթվածները և ստեղծագործության վերաբերյալ տարբեր հեղինակների հրապարակումները։ Այս կառուցվածքն ընթերցողին և ապագա հետազոտողներին հնարավորություն է տալիս միաժամանակ ծանոթանալու ինչպես գրողի ինքնուրույն մտավոր ու գեղարվեստական խոսքին, այնպես էլ նրա ժառանգության շուրջ ձևավորված ժամանակակիցների և հետագա ուսումնասիրողների գնահատականներին։ Այսպիսով, աշխատությունը ներդաշնակորեն համադրում է կենսագրական-մշակութաբանական ուսումնասիրությունը, բնագրային ժառանգության գիտական հրատարակությունը և գրական-քննադատական ընդունելության պատմությունը՝ լրացնելով հայ գրականագիտության կարևոր բացերից մեկը։

No comments:

Post a Comment