The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 23 November 2026

 ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ



Գագիկ Անտոնյանի այս երկու գործերը կարելի է դիտարկել որպես հայկական հասարակական-քաղաքական երգիծանքի ավանդույթը շարունակող ստեղծագործություններ։ Դրանցում նկատելի է երգիծաբանի կարևոր հատկանիշը՝ առօրյա, երբեմն նույնիսկ աննշան թվացող երևույթների հետևում տեսնել հասարակական մեծ արատները։

Հեղինակը ծիծաղեցնում է, բայց այդ ծիծաղի տակ անհանգստություն կա։ Նրա հերոսները հորինված  են, սակայն նրանց վարքագծում ընթերցողը կարող է ճանաչել իրական կյանքից իրեն ծանոթ երևույթներ։

Հատկանշական է է երկու ստեղծագործությունների միջև եղած գաղափարական կապը։ «Լուրը» և «Ոչինչը» պարզապես երկու առանձին երգիծական կերպարներ չեն։ Դրանք միևնույն հասարակական հիվանդության երկու տարբեր արտահայտություններն են՝ մեկը սնվում է տեղեկությամբ, մյուսը՝ իշխանությամբ, բայց երկուսն էլ գոյատևում են նույն միջավայրում։

Եվ թերևս այս երկու գործերի ամենակարևոր հարցը հետևյալն է. ինչո՞ւ է հասարակության մեջ հաճախ ոչնչությունը հնարավորություն ստանում դառնալու ազդեցիկ, իսկ արժանավորությունը ստիպված է մնում դիտորդի դերում։

ԼՈՒՐԸ

Գագիկ Անտոնյան

Նախարարության գործերը տրճիկ էին տալիս: Ահա թե ինչու Օգոստոսափառ հիմնարկում ոչ ոք չիմացավ, թե երբ և որ պատի տակ ծնվեց Լուրը՝ հազարբե՛րան, հազարաչք… Շան լակոտի պես ինչ ասես լափեց, լափեց ու խժռեց, կամաց-կամաց կազմն ընկավ և մի օր էլ անառիկ նախարարությունում հայտնի դեմք դարձավ:

Թնկթնկալով՝ ամենուր չափչփում էր, քարշ գալիս մութ անկյուններում, միջանցքներում, սուսիկ-փուսիկ ծիկրակում ճեղքերից, տեղեկություններ որսում: Ում հանդիպում՝ վախից կուչ էր գալիս, երկտակվում:

Շատ մեջքատվեց, մինչև հասկացավ, թե ումից կարելի է վախենալ, ումից՝ ոչ, ով է խաղաղ, ով՝ խոժոռ: Խաղաղները հին աշխատողներն էին, որոնք իրենց բանուգործին՝ Լուրի անմեղ գոյությունը չէին էլ զգում: Խոժոռները հենց ասես Լուրին էին փնտրում, գտնում ու բամփում: Նախարարության պարապ-սարապներն էին սրանք՝ նոր նախարարի «Պայքարի» ընկերները:

Սարսափում էր խոժոռ տեղակալից. դանդալոշ արջի թաթերի ուժը զգացել էր: Ալարկոտն էր, ահա թե ինչու տուն չէր գնում: Տանն ի՞նչ աներ. պաշտոնը… նախարարությունում էր: Գերագույնի հետ ժամանակին շվի էր նվագել «Պայքար» համույթում: Գերագույնն էլ վարժ ջութակահար էր: Մի օր Քամոտ հրապարակում միասին հայրենաբաղձ երգեր ծլնգացրին ու նկատվեցին:

Համառ ցլիկ էր Բամփիչ օգնականը, որ նախարարի մոտ հեզ էր, ինչպես եզը: Հայտնի մատ թափ տվող էր, և մի օր էլ այդ մատը նրան հանրահավաքի առաջին շարքերն էր տարել: Լուրի կողերը ալյուր-աղցան շատ արեց այդ մատի տերը…

Սարսափելի էր մեկուսարանի պետը: Ասում են՝ եթե նախարարն անձամբ մեկուսարան իջներ, դուռն անվերադարձ կփակվեր նրա առջև:

Հրազենի շիլ վարիչն էլ արյունարբուի մեկն էր, որ Գերագույնի պատվին ստեղծել էր ջութակի տեսք ունեցող նոր փամփուշտներ ու առաջինը Լուրի վրա փորձարկել:

Գիտեր, որ Առանձնահատուկ բաժին էլ կա ու վարիչ էլ ունի, որն Իտալիա է գործուղվել՝ իբր թե մաֆիայի դեմ պայքարի փորձն ուսումնասիրելու: Եվ ուսումնասիրում էր… Ստրադիվարիուսի ժառանգներից մեկի հետքին էր ընկել ու երկու ջութակ պատվիրել՝ մեկը նախարարին նվիրելու, մյուսը՝ ծախսածածկման նպատակով մի աշխատակցի վաճառելու համար, որը ճգնում էր Համակարգիչների բաժնի վարիչ դառնալ, թեև կյանքում դեռ ոչ ոքի վրա մատ թափ տված չկար:

Բոլոր Խոժոռներն էլ բազմազբաղ տեսք ունեին, որ գլուխ-գլխի, քիթ-քթի՝ վեր էին լուծում ամեն փռշտոցի բուն պատճառը: Սրանց տեսնելիս Լուրը ճանապարհը շեղում էր:

Չէր շփվում նաև հին աշխատողների հետ. նրանք իսկի ժամանակ էլ չունեին: Լուրը սիրում էր ասող-խոսողների, զվարթների, անբանների դասը: Սրանք էլ նախարարի կոհորտայից էին՝ համույթի անդամներ, մանր ու միջին մատ թափ տվողներ…

Մի անգամ մի դռան մոտով անցնելիս նախարարի անունը լսեց: Ականջ դրեց, լարվեց: Եվ որ ավելի լավ լսի, դուռը ճեղքեց: Նկատեցին: Ծեծի բաժնի աշխատակցուհին թաթիկով ականջը բռնեց ու ներս խոթեց: Սրածայր կոշիկի տակ գցեցին, մարմինը ծվատեցին և արնաթաթախ դուրս շպրտեցին:

Գնաց-ընկավ ծեր բարապանի փափուկ փափախի մեջ: Սողաց-տեղավորվեց մազմզոտության մեջ: Մինչև գարուն ապաքինվեց:

Տեղեկությունների պակաս չզգաց. բարապանը մտերիմ էր նախարարի մտերիմների հետ: Անգամ Խոժոռները ծերի մոտ կանգնում, մեկ-երկու բառ էին փոխանակում: Մի օր կադրերի և կրճատումների վարիչները, որոնք բոլորին ձևացնում էին, թե իրար չեն սիրում, կանգնեցրին ծերին:

– Գլխիդ ճարը տես, ա՛յ հալիվոր, գալիս է…

– Ո՞վ,- շփոթվեց ծերը:

– Նոր նախարարը:

Լուրն էլ կարծեց, թե վախեցնում կամ կատակ են անում:

– Էլ չասեք,- գույնը գցեց ծերը,- ես չլսեցի…

Ծիծաղեցին, տրտինգ տալով հեռացան:

Լուրը հետևեց Խոժոռներին, լսեց խոսակցությունը.

– Ձեռքերդ յուղի՛ր, խուզն ընկնում է,- հռնդում էր կադրերի վարիչը,- կրճատելու եմ:

Ամեն ինչ հասկանալի էր. նախորդ կրճատումներից հետո նախարարության աշխատողների թիվը հազարից հասել էր… հազար հինգ հարյուրի:

Լուրն այլևս առաջվա պես նվազ ու վախկոտ չէր: Ամեն ինչ առաջինն էր իմանում, տարածում: Բոլորի սիրելին դարձավ: Արդեն ռեստորաններում էին պատվում: Խոժոռներն էլ զենքերը վայր դրին: Փակ սենյակների ամուր դռները բացվում էին կարճատև պաշարումից հետո: Գիտեր ու բոլորին ասել էր, որ ՆՈՐՆ է գալիս: Տեղյակ էր, որ նախարարի մերձավորներն անգամ երես էին թեքում նրանից: Տեսել էր, որ նոր ստեղծվող փամփուշտներն այլևս ջութակի տեսք չունեն: Ճշտել էր, որ համակարգիչները տարվել են տները, դրանց փոխարեն նկարակալներ են բերվել… Հանցագործների դեմքերը վրձիններով էլ կվերականգնվեն: Ապացույցներ ուներ, որ Իտալիա գործուղվածը մաֆիայի դեմ պայքարելու փոխարեն նոր նախարարի համար Վան Գոգի կտավներ է փնտրում և չի մոռացել ծախսածածկումը: Լավատեղյակ էր, որ աշխատակիցները նկարչական դասեր են առնում: Զգացել էր, որ թռչնակ քարտուղարուհիներն էլ դեմքերի մազուզը չեն փետում…

Լուրը՝ հազարաբերան, հազարաչք, ամեն ինչ գիտեր: Նախարարի հասցեին անթաքույց խոսում էին, թե՝ ամեն նախարարություն իր թյուրիմացությունն ունի, բայց ոչ մի նախարարություն նմանը չունի: Տրտնջում էին, որ Գերագույնն անսխալականության ներքին համոզվածություն ունի, դժգոհում էին, որ իրենք հանդուրժում են ոչնչությունը, խոնարհվում ապիկարության առջև: Համոզված էին, որ Բարձրյալը երկրպագում է այն, ինչ երեկ քննադատում էր, և քննադատում է երեկվա երկրպագածը:

Նախարարը խորհրդակցություն էր անում: Բոլորի հետ Լուրն էլ ներս սողոսկեց:

Խռով էր Գերագույնը, խռով էլ խոսեց.

– Ասում են՝ նորն է գալիս… Դե, որ ասում են, ուրեմն գալիս է…

– Գուցե սո՞ւտ է,- քծնեց մեկը,- ղեկավարություն, բան կա, չէ՞…

– Նրանք էլ մեզ պես մարդիկ են՝ լուրերի գերի… Ես կասեմ՝ բարով վայելեք ձեր նկարչին…

Այդ պահին ուժեղ բղավոց լսվեց.

– Սո՛ւտ է, նորը նկարիչ չէ, անտառահատ է… Գալիս է, որ հատի, հա՛, հա՛, հա՛… հա-տի՛…

Սատանայական քրքիջ բարձրացավ:

Լուրը, բոլորի հետ, նայեց խոսողի կողմը՝ կատվային դեմքով, քստմնելի ու համարձակ արարածին, որն էլ, Լուրի պես, մի օր աննկատ ծնվել էր Օգոստոսափառ հիմնարկի միջանցքների լաբիրինթոսում…

Լուրը հայացքը հառեց աշխատակիցներին. թռչնակները պայուսակներից ունելիներ հանեցին, ուրիշները՝ կացիններ:

Իսկ ո՞վ է կենտրոնի շարքում փռված հաստափորը. ձեռքին թե՛ կացին կար, թե՛ շարժիչով սղոց, վրան դրոշմված՝ «Պատրաստված է Իտալիայում…»:

Խորամանկն է՝ ինչ տիպի նախարար էլ որ պարտադրեն, ինքը հաստատ «նրա սիրելին» կդառնա: Լուրը սարսափով հասկացավ, որ այս անգամ ոչ թե ինքն է տիրելու բոլորին, այլ այս նոր, ավելի լպրծուն հրեշն է իրեն շահագործելու, քամելու ու դեն նետելու: Հիշեց պատառոտված շրթունքները, ալյուր-աղցան կողերը: Հին ցավերը միտն ընկան:

Աննկատ լուսամուտագոգին թռավ. գլուխն ազատելու ժամանակն էր:

– Հրե՛ն, հա՜, իգիթը… մինչև անգամ Իտալիա է հասել…

ԼՈՒՐԸ պատուհանից դուրս նետվեց: Ներքևից օճառափրփուրի պայթյուն լսվեց:

ՈՉԻՆՉԸ ՈՉՆՉԻ ԱՌԱՋ ՉԻ ԿԱՆԳՆԻ

Գագիկ Անտոնյան

Կարելի է կռահել, թե ինչով կավարտվեր հանցագործի կատաղության նոպան, եթե եկեղեցի խուժելիս շեմքին չբախվեր պատարագը նոր ավարտած Հայր Սուրբին։

– Կներես, որդյա՛կս, շտապում էի,- քթի արյունը մաքրելով՝ փորձեց անհարմար դրությունը հարթել Հայր Սուրբը։

– Ես քեզանի՛ց վռազ եմ,- նետեց «վռազողը» և մի կողմ հրեց եկեղեցու համեստ սպասավորին։

– Տերը քեզ հետ,- համակերպված ետ քաշվեց վերջինս։

– Ո՞վ…

– Տերը։

– Ու՞մ տերը…

– Քո տերը։

Այս խոսքի վրա հանցագործն այնպես փրփրեց, որ կատաղության աստիճանն այլևս ոչ մի սարքով հնարավոր չէր չափել։

– Էշն էլ, վրի վե՛շն էլ,- նետեց նա, բռնեց Հայր Սուրբի մորուքից ու կոպտորեն քարշ տվեց եկեղեցու բակ։ Այստեղ կատարվեց անդառնալին. թիկնոցի տակից հանեց կարճափող հրացանը և ուրիշի համար նախատեսված պարունակությունը հրապարակայնորեն ուղղեց անմեղ եկեղեցականի վրա։ Ապա հապճեպ անհայտացավ դեպքի վայրից։

Մեկ-մեկուկես ժամ անց ժամանած ոստիկանության քննիչին ականատեսները տվեցին հանցագործի անունը՝ ՈՉԻՆՉ էր։

Մինչ իրավապահները կհայտնաբերեին նրան և կպարզեին դեպքի մանրամասները, ականատեսներից շատերը չճանաչողներին ներկայացրին Ոչինչի հանցագործ նկարագիրը։ Նմանների աննպատակ գոյությունն է, որ մեր շրջապատում հաճախակի է դարձնում նման անհեթեթ ու դաժան անակնկալների հնարավորությունը։

Նրա «ուսանելի» կերպարը ներկայացնենք մանկությունից։

Լույս աշխարհ ընկավ յոթ միանման քույրիկների ծննդից հետո։ Իրենց միակ տղայի գոյության փաստից ծնողների հույսերն օրեցօր մեծանում էին, մինչև որ օրեցօր մեծացան նաև հոգսերը։ Տեղի-անտեղի սիրում էին հարցնել.

– Որ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու։

Մզզալով պատասխանում էր՝ ոչինչ։

Մանկությունն անհոգ կոչենք, պատանեկությունն ու երիտասարդությունը՝ հերոսական, որոնք իմաստ էին ստանում ծեծկռտուքների, գողությունների, ծնողներին «մլիցու դուռը» տանելու-բերելու շնորհիվ։ Մինչև որ բանակ զորակոչվելու ղոչ տղա դարձավ։

Հայրը գյուղի վերջին հույս կոմբայնն ու ունեցած «մոզի-մզուլակը» վաճառքի հանեց, վերջին հույս տղայի զորակոչին մատաղեց, որ միակ որդին թուրք գնդակին չմատաղվեր։

Աննկատ եկավ ժամանակը, երբ այլևս չգիտեր, թե ինչ ծախեին, որ անառակին սխալ ճանապարհից ետ պահեին։ Ծնողների ունեցվածքը ծտին էր բարձել, էլ հնար չունեին։

Մեկ-մեկ բախտը մարդու խելքից առաջ է ընկնում։

Այդ հնարն անառակին ապագա աներ գտավ։ Նրա ուշադրությունն անմիջապես գրավեց աննպատակ թափառող, կերած-խմած, բոյով-բուսաթով երիտասարդը։ Երբ առավել ուշադիր նայեց նրա հայացքի ուղղությամբ և իր տան բաց պատուհանից կախ տեսավ իր աղջկան, հասկացավ, որ թափառումները բնավ աննպատակ չեն։

Երեկոյան աղջկան հարցրեց.

– Էդ ավարային հավա՞ն ես։

Լռությունն էլ պատասխան է, մանավանդ՝ դեմքի շառագույնը։

Հաջորդ օրը ձեռքը դրեց ապագա փեսայի ուսին.

– Հավա՞ն ես աղջկաս։

Նա, որպես պատասխան, աղմուկով քթի պարունակությունը դատարկեց թաշկինակի մեջ։ Բայց երբ զգաց ուսի ցավը, անմիջապես խոստովանեց.

– Առանց իրա չեմ կարա ապրեմ։

Եռանդուն հայրը շղթան վիզը գցեց։ Եվ որպեսզի շղթան ամուր ձգի, մի օր դիտավորյալ քաղաքից բացակայեց։ Սիրահար զույգը տեղը-տեղին օգտվեց բացակայությունից և մի ամբողջ գիշեր միասին անցկացրեց։

Այդպիսով շղթան այնքան ամուր ձգվեց, որ մեր հերոսը սկսեց խռխռալ։

Հոր հարցն այս անգամ խիստ էր ու պահանջկոտ.

– Ի՞նչ ես մտածում, ա՛յ լակոտ…

«Լակոտը» մզզաց.

– Ոչինչ։

– Ո՞նց ոչինչ, ա՛յ Ոչինչ։ Ձերոնց ասա՝ գան, իրանց հարսին տիրանան։

Որոշ ժամանակ անցավ՝ տիրություն չարեցին։

Բայց սիրասուն հայրն իր անելիքը լավ գիտեր. ապագա թոռնիկի հորը մի օր առջևը գցեց ու գյուղ տարավ։ Տղայի հայրը կոնծած էր։ Նրան թվաց, թե գործ ունի ապրանքափոխանակության համար գյուղ եկած հերթական առևտրականի հետ։ Նրա փոխարեն մայրն էր լուրջ։ Բայց քանի որ հնոց ադաթով չխոսկան էր, գլուխն անընդհատ թափահարում էր։ Ու քանի որ թափահարում էր ոչ թե աջ ու ձախ, այլ վերև ու ներքև, այդ թափահարումները դիտվեցին որպես համաձայնության նշան։

Իհարկե, հարսանիք արեցին։ Հարսանիքի հաջորդ օրը նորապսակ փեսային աներն առաջարկեց տեղափոխվել քաղաք, ապրել իր տանը՝ որպես տնփեսա։

Բայց Ոչինչն էդ տղե՞ն էր, որ համաձայներ։ Նա աներոջը վճռական հայտարարեց, որ չի պատրաստվում լքել հարազատ գյուղը, սիրում է գյուղի հովերգական կյանքը (պետք է հասկանալ՝ հովվերգական կյանքը), անասուն կպահի, անասնաբուծությունը կզարգացնի, երեխա կունենա ու կմեծացնի անասունների հետ միասին։

Աները գումար հատկացրեց անասնաբուծությունը զարգացնելու նպատակով։

Փեսան նպատակ ուներ զարգացնելու այծաբուծական ճյուղը։ Աների տված գումարով այծեր գնեց։ Դե, գնացեք ու իմացեք՝ ում հետ գործ ունեք։

Այծերին դաշտ տարան, երեկոյան բերեցին։ Առաջին օրը կթեցին։ Ոչինչ։ Առաջին օրվա համար բավարար էր։ Երկրորդ օրը քիչ եղավ։ Երրորդ օրը՝ ավելի քիչ։ Հաջորդ օրերին՝ ոչինչ։

Ոչինչը հոտն անասնաբույժի մոտ տարավ, թե՝ էսպես ու էսպես, անտերները էլ կաթ չեն տալիս։ Անասնաբույժը զննեց ու ապուշ կտրեց։ Բավական ժամանակ անց, երբ խոսելու ընդունակությունը վերականգնվեց, տիրոջ ականջից բռնեց ու փսփսաց.

– Տղա՛ ջան, այծերի հպարտությունից որ էլ չքաշքշեք, գուցե և ապրեն։

Ծիծաղելի լուրը ծտի թևով քաղաք հասավ։

Աները գյուղ եկավ, նորաստեղծ ընտանիքին քաղաք տարավ։

Հետո խորհեց, երկար միտք արեց՝ ինչպես վարվի ավարա փեսայի հետ։

Ելքը գտավ։

Գնաց ու ինստիտուտում ուրիշի համար նախատեսված մի աթոռ գնեց՝ հարմար գնով։ Երբ դիպլոմն էլ ձեռք գցեց, գնաց քաղաքապետից մի հարմար պաշտոն խնդրեց։ Փողին «մուննաթ»՝ տվեց ու հավելեց, որ կաշխատի, կվճարի, առաջ կգնա. ապագան ջահելներինն է։

Տարիներ անցան։ Էս կյանքից աներն անցավ։ Ինքը չաճեց, առաջ չգնաց։ Նույն պաշտոնում նույն մանր չինովնիկը մնաց։ Ամեն դեպքում, շարունակեց այցելուներից փող կորզել։ Գործն առաջ չէր գնում, եթե փող չէին առաջարկում։ Իսկ եթե դժգոհում էին, մերժումը գունագեղ էր դարձնում.

– Ես իմն ասի, ում կուզես՝ հակասի։

Ո՞վ կատակեց, ով չկատակեց, մի օր Ոչինչն ինքն իրեն մտածեց.

«Ոչինչը՝ ոչինչ եմ, բայց ումի՞ց պակաս ոչինչ եմ, բեր ավագանի դառնամ, հետո, թե՝ ԱՍՏՎԱԾ հաջողի՝ ԱԺ պատգամավոր կդառնամ»։

Էսպես՝ հանպատրաստից, նետվեց ընտրապայքարի ոլորտ։

Սկսեց բնակիչների հետ հանդիպումների գնալ։ Մարդիկ նրանից իմացան, որ «բոլորն էլ մինչև ընտրվելը հույս են տալիս, ընտրվելուց հետո խույս են տալիս», մինչդեռ ինքն այդպիսիներից չէ, ինքը… լույս է տալիս։ Վստահեցնում էր.

«Ընտրվելուց հետո զարկ եմ տալու էծաբուծությանը։ Էծերը կարելի է ավելացնել մեր երկրում՝ մարդագլուխ 160–180 հազար»։

Նախընտրական իր այս ծրագրով թերթոն լույս ընծայեց, ամեն բակում հազարներով սփռեց։ Լրագրող հրավիրեց ու հարցազրույց տվեց՝ ներկայացնելով իր ապագա ծրագրերն ու գունագեղ անելիքները։ Սկսեց գիշերները տուն չգնալ՝ պատճառաբանելով.

– Ընտրողներիս հետ հանդիպման եմ։

Կամ՝

– Կնիկ, ժողով ունենք, նրա հետ էլ կքնեմ։

Այդ հանդիպումներն ավելի հաճախակի դարձան ճակատագրական կրակոցից օրեր առաջ, երբ կինը վերջնականապես լքեց նրան։

Եղավ այսպես. երբ զոքանչը տուն մտավ, մորը կարոտած աղջիկը հարցրեց.

– Մա՛մ, ինչքա՞ն կմնաս մեր տանը։

Զոքանչը պատասխանեց.

– Մինչև որ հոգնեք։

Փեսան հարցրեց.

– Զոքանչ խանում, էդքա՞ն քիչ։ Բա մի բաժակ կոֆե՞ էլ չես ուզում խմես։

Զոքանչը վիրավորված «թո՛ւ» արեց։

Փեսան՝

– Էլի՛, էլի՛, օձի թույնը առողջարար է։

Զոքանչի հետ կինն էլ հեռացավ։

Առանց կին տղամարդը նույնն է, ինչ յուղոտ գոճին՝ առանց խռխռոցի, ճանճը՝ առանց բզզոցի։ Նույն օրը նոր ծանոթուհուն ռեստորան հրավիրեց։

Նախասրահում ծանոթ լրագրողին հանդիպեց։ Վերջինս բարևեց զույգին, առողջությունից հարցրեց ու, կարծես, խորամանկորեն նկատեց.

– Զվարճանո՞ւմ ենք, վատ չէ, վատ չէ…

Ոչինչի օրը թունավորվեց։ Հաջորդ օրերին էլ կասկածելի մտքերը հանգիստ չտվեցին։

«Զվարճանո՞ւմ ենք… Վատ չէ… Որ ի՞նչ… Բա որ թերթի ռե՞խը գցի… Բա ընտրողն ի՞նչ կասի, իր դնչին ո՞վ կնայի… Հարկավոր է մի բան մտածել»։

Զանգահարեց լրագրողին, տեսակցություն խնդրեց ռեստորանում։

Վերջինս ռեստորանում հանդիպելուց հրաժարվեց, բայց հանդիպմանը դեմ չեղավ։

Ոչինչը փորձեց տնտղել, թե լրագրողն ինչ նպատակ ունի ռեստորանում անակնկալ հանդիպման հետ կապված։ Հո չի՞ պատրաստվում թերթի էջերում համապատասխան զետեղում անել ու իրեն պախարակելով խայտառակել։

Լրագրողը ծիծաղեց, ձեռքը մտերմիկ ուսին դրեց, հուսադրեց.

– Նման նպատակ՝ չիք, զետեղում՝ չիք։ Ամեն մարդ իր անձնական կյանքն ունի, ոնց ուզում է, թող դասավորի։

Ու էլ Ոչինչ։ Անմիջապես հեռացավ։ Ինչո՞ւ անմիջապես հեռացավ։ Եթե այլ նպատակ չունի, ինչո՞ւ մերժեց ռեստորանի հրավերը։ Ոչ ոք նման հրավերները չի մերժի, եթե միտքը ծուռ չէ։ Հարկավոր է զգույշ լինել, հարկավոր է դեմն առնել։ Լրագրողները վտանգավոր, անկանխատեսելի մարդիկ են։

Ոչինչը գտավ մեկին, ով ծանոթ էր լրագրողին և պատրաստակամություն հայտնեց նրա համեստ նվերը՝ ծրարով գումարը, հանձնել լրագրողին՝ ձկան նման լուռ մնալու դիմաց։

Միջնորդը գնաց և վերադարձավ պատասխանով.

– Էդ անգրագետին ասա՝ թող վերջացնի հիմարությունը։ Էլ բանուգործ չունե՞մ։ Տերն իր հետ…

Վերջին միտքը՝ «Տերն իր հետ», վերջնականապես հունից հանեց Ոչինչին։

Զանգահարեց լրագրողին.

– Ո՞վ ինձ հե՞տ…

– Տերը։

– Ու՞մ տերն, արա…

– Քո տերը։

– Արա, լրագրող ես՝ ինչ ես, կասե՞ս՝ որտե՞ղ ես…

– Եկեղեցում պատարագի եմ։ Մի՛ խանգարիր։

Ոչինչը հեռախոսն անջատեց։ Դուրս գալուց առաջ կարճափող հրացանը գոտկատեղը խրեց։

Իսկ եկեղեցու շեմին Հայր Սուրբին բախվեց…

Աստված առողջություն տա անմեղ եկեղեցականին։ Իսկ մեզ՝ «ոչինչներին», ոչ թե մի տասը տարով բանտում, այլ երբեք չունենալու բախտավորություն։

No comments:

Post a Comment