The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 21 April 2023

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Նիդերլանդներում

Նիդերլանդներում առաջինը FAON-ը դեսպանության հովանու ներքո  կազմակերպեց Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: 

Ապրիլի 19-ին  Ամստերդամի Eye կինոթանգարանի ցուցասրահում ռեժիսորը Իննա Սահակյանի «Ավրորայի արևածագը» անիմացիոն ֆիլմով սկսվեց անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողողությունը` Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում Հայաստանի Հանրպետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի բացման խոսքով:

Ապրիլի 23-ին հիշյալ ֆիլմը ցուցադրվելու է ՈՒտրեխտում:

Նույն ֆիլմը ցուցադրվելու է նաև Մաստրիխտում: Տեղի Անի Հայ Համայնքը և Սուրբ Կարապետ եկեղեցու վարչությունը  1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակը նշելու են ապրիլի 23 ին ժամը 13-30-ին Սուրբ Կարապետ Եկեղեցիում։

Ծրագրում նախատեսված է Կոմիտաս վարդապետի ստեղծագործություններից` լարային քառյակի հնչողությամբ, Արմեն Նազարյանի ղեկավարությամբ, նույն խորագրով կլինեն նաև ընթերցանություններ։

Ոգեկոչման արարողությունը կավարտվի երեկոյան` ֆիլմի ցուցադրությունով:

Ասենում և Ալմելոյում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշարձաններին Հայկական համայնքներից ժամանած պատվիրակները ծաղիկներ ու ծաղկեպսակներ կխոնարհեն ապրիլի 24-ին: Ալմելոյում ծրագիրը կսկսվի ժամը 18:00-ին` Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում Հայոց եկեղեցու ներկայացուցիցչ, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքով ու աղոթքով: 

Ապրիլի 25-ին Ալմելոյի հայ Առաքելական եկեղեցին ՀԲԸՄ հիմնադրամի և «Երևան» կազմակերպության հետ ցեղասպանության թեմայով կազմակերպում է  «Թաքնված քարտեզը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որին ներկա է լինելու ֆիլմի ռեժիսոր Անի Հովհաննիսյանը: Ֆիլմի սցենարն այսպես է զարգանում. Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ թոռնուհին գնում է իր կորսված նախնիների հայրենիք՝ բացահայտելու վաղուց թաղված ճշմարտությունները: Իր ճանապարհորդության ընթացքում  հանդիպում է  շոտլանդացի հետախույզի, որի հետ շատ գաղտնիքներ են բացահայտում...


Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման ընդարձակ արարողակարգ է նախատեսված Ամստերդամում: Այն կազմակերպել են «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը  «Սուրբ Հոգի» եկեղեցու հետ համատեղ, ամենամյա ոգեկոչումը տեղի կունենա կիրակի օրը՝ ապրիլի 23-ին, ժամը 12:00-13:00-ը Ամստերդամի Krom Boomssloot 22 հասցեում,  Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու արտաքին պատին տեղադրված հուշաքար-խաչքարի մոտ։

Ծրագիրը կսկսվի կարճ աղոթքով, որին կհաջորդեն մի շարք ելույթներ, հուշարձանին կդրվեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ: Եկեղեցու հարևանությամբ «Հայկական կամրջի» վրա Black Swan  կվինտետի երաժշտական կատարումներին կհաջորդի  լռության րոպեն։ Արարողությանը ելույթ կունենա դեսպան Տիգրան Բալայանը: Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը կմասնակցեն և հավանաբար ելույթներ կունենան Ամստերդամի փոխքաղաքապետ  Ռուտգեր Խրոտ Վասինկը, խորհրդարանի ու քաղաքային խորհրդի պատգամավորները:

Հիշատակի արարողությանը կմասնակցեն  նաև Նիդերլանդների քաղաքացիական հասարակության, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև  Նիդերլանդների հունական, ասորի և եզդի համայնքների անդամներ։

Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ տեղի կունենան Նիդերլանդների հայկական համայնք ունեցող մյուս քաղաքներում:

«Նիդերլանդական օրագիր»




Wednesday, 19 April 2023

Ձեր երեխաների համար

 

Լույս է տեսել Երազիկ Գրիգորյանի հեքիաթների ժողովածուն` «Գնա ապրիր հեքիաթում»: Այս գրքում տասնյոթ հեքիաթներ են` մանկական տարբեր տարիքի երեխաների համար: Բարի, զվարճալի և ուսուցողական այս հեքիաթներն` իրենց ինքնատիպ ձևավորմամբ /նկարիչ` Նաիրա Մուրադյան/, գեղեցիկ նվեր են մեր փոքրիկներին: «Երազիկ Գրիգորյանի հեքիաթների այս ժողովածուն շահեկանորեն առանձնանում է մանկական գրականության նորօրյա ստեղծագործությունների շարքում` իր մի քանի յուրահատկություններով: Իբրև գլխավոր հատկանիշ, առաջին հերթին պետք է մատնանշել այն համարձակությունը, որով հեղինակը կարողանում է միահյուսել դասական բանահյուսական ժանրի տարրերը արդիական թեմաների հետ` արդյունքում ստանալով ոչ թե կեղծ ինքնատիպության պատրանքը, այլև գրավոր պատումի այն թարմությունը, ինչը հիմնարար նախապայման է այսօրվա պատանի ընթերցողին գրավելու և նրա ձևավորվող աշխարհընկալման վրա դրականորեն ներազդելու համար»,-գրում է ժողովածուի խմբագիր գրականագետ Հովիկ Չարխչյանը:

Գիրքը լույս է ընծայել  «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:


https://niderlandakan.livejournal.com/566289.html



Tuesday, 18 April 2023

Վերմերյան շունչը Հաագայի փողոցներով. Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը


Որտեղ նկարիչ-արվեստաբան Ալիկ Ասատրյանն է լինում` այնտեղ  տոնական շունչ է ու բարձր տրամադրությունը, դա  լինի մայր հայրենիքում, Եվրոպական որևէ երկրում, թե այստեղ` Նիդերլանդներում, որտեղ նա բնակվում է: Իր ներկայությունից հետո՝  ինչպես այս օրերին Հայաստանում Մաչանենց այգում նրա տարած կակաչի  սերմերն են ծաղկել, կամ  նրա կախարդական բառերից հյուսված հրաշք հեքիաթի գիրքն է ծնվել, անպայման այս աշխարհում մի բարի հետք է մնում: Ահա կրկին մեկ նախաձեռնություն` ոգեշնչված Վերմերի «Մարգարտե ականջողով աղջիկը» նկարով, Ալիկը արդեն տարիներ ի վեր ստեղծագործում է այդ թեմայով ևս, կերտել է մի քանի տասնյակ դիմանկարներ: Կերպարներն ընտրել է պատահական, սրտի թելադրանքով: Վերջին  «ականջողով աղջկա» նկարի մտահաղացումը ծնվել է ցուցահանդեսի բացման նախօրեին` «Այս աշխատանքը ծնվեց մեկ գիշերում, երբ իմացա որ Լյուդմիլա Կարապետյանը գերմանիաից հոլանդիա պետք է գա  հատուկ Վերմերի շարքի ցուցահանդեսին ներկա լինելու համար: Մտածեցի, բա այս աղջիկը գա հասնի հոլանդիա,մի կտոր Վերմեր չտանի՞ հետը... Եվ տարավ»:- ժպտալով ասում  է վարպետը:

Թեև «Վերմեր եվ ավելին» խորագիրն ունեցող Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը  իր դռները բացել է դեռ ապրիլի 5-ից, այնուհանդերձ  նրա  մասնակցությամբ բացման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 16-ին, որն էլ կրկին տոնի վերածվեց:  Արվեստի սիրահարները, նրա ընկերներն ու բարեկամները հենց Հաագայի փողոցներով, ոտքով  քայլելով, ինչպես Ալիկն է պատկերավոր նկարագրում «Ահա այսպես..., Վերմերյան կապույտով պատված, մարգարտյա ականջողով աղջկա հետ և մի խումբ մարգարտյա սրտերով մարդկանց հետ, շեփոր փչելով,  հասանք ցուցասրահ, որտեղ և կայցավ Վերմերյան շարքի ցուցահանդեսի բացումը»:

Մթնոլորտը ջերմ ու տոնական էր, հայ այցելուներից շատ Հաագայի LOFT-ի  ցուցասրահում ավելի շատ նիդերլանդացի այցելուներ էին: «Շատ սիրուն օր էր, շնորհակալ եմ, մարգարտյա աղջիկների շարքը հանճարեղ մտահաղացում է ... ժամանակը արագ թռավ, բայց հասցրեցի ծանոթանալ հրաշալի մարդկանց հետ: Այնպես կուզեի պահը ձգվեր, երկարեր, հուսով եմ  շուտով նորից հանդիպել»-Ասում է Եվան։

Իսկական տոներն հենց այսպիսին են լինում` մշակույթ, որ միավորում է մարդկանց:

ՈՒզում ենք մեր ընթերցողներին հորդորել, որ բաց չթողնեն ցուցահանդեսը դիտելու հաճույքը: Կարող եք այցելել մինչև հունիսի 4-ը՝ Հաագայի LOFT  սրահ` Pomonaplein 49 2564XS Den- Haag հասցեով:

 Չորեքշաբթի և կիրակի օրերին  բաց է` առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան 18:00-ը, հինգշաբթի ուրբաթ և շաբաթ օրերին առավոտյան` ժամը 10:00 ից մինչև երեկոյան 21:00-ը:

Հայ Ազիան


Այս աշխատանքը ծնվեց մեկ գիշերում Լյուդմիլա Կարապետյանը























Friday, 14 April 2023

Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորը իր և Հայ Եկեղեցու բարեփոխումների մասին

Մեր հայրենակիցը՝ Խաչիկ Հովհաննիսյանը, անցած ամսվա վերջին Եվրոպայի ամենահեղինակավոր և հայտնի համալսարաններից մեկում՝  Բելգիական Լուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում (Université catholique de Louvain) հաջողությամբ պաշտպանեց աստվածաբանության դոկտորի գիտական աստիճանը: Թերևս  պատմության մեջ ունեցանք այս հնամենի ուսումնական հաստատության  դոկտորի կոչում  ստացած միակ հայ գիտնականը: Խաչիկ Հովհաննիսյանն այժմ գիտական աշխատանքին զուգընթաց դասավանդում է կաթոլիկ քոլեջում  կրոն, էթիկա և փիլիսոփայություն: Հետաքրքիր ծրագրեր ունի կապված  Հայ Եկեղեցու բարեկարգման և առհասարհակ  Հայ աստվածաբանությանն առնչվող հարցերին: Կարծում ենք մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի մեր թղթակցի զրույցը՝   աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ:

- Նախ շնորհավորում եմ բարձր գիտական աստիճան ստանալու կապակցությամբ: Որպեսզի ընթերցողին էլ ավելի հասկանալի լինի, շատ կարճ ասացեք. ի՞նչ է իր մեջ ներառում Աստվածաբանությունը,  Աստվածաշնչի ուսումնասիրությու՞ն, վերլուծությու՞ն,   թե  սրանց միասնական տրամաբանական եզրահանգումը։

-Աստվածաբանությունը գիտություն է Աստծու մասին, որի հիմքը Ս. Գրքային հիմնավորումներն են։ Աստվածաբանը հավատքի շրջանականերում խոսում է Մեկի մասին, ով խաչվել և հարություն է առել հանուն մարդկության փրկության։  Աստվածաբանության չափանիշն է Աստծու Խոսքը, կամ Աստվածաշունչը, որը կենդանի Խոսք է հաղորդակցվելու մարդկանց հետ։ Աստված կենդանի Աստված է և աստվածաբանության նպատակն է մարդկային ամբողջ իրականությունը ուղղորդել դեպի Աստծո իրականություն։ 

Աստվածաբանությունն իր մեջ ներառում է Հին և Նոր կտակարանի իմացություն և քրիստոնեական մտքի պատմություն։ Այս ամենի վրա աստվածաբանը սիստեմատիկ կերպով մեկնաբանում է քրիստոնեական հավատքի պարունակություն, հասկանալի և մատչելի ժամանակակից մարդուն։ 

Աստվածաբանությունը կարող է երկխոսության մեջ մտնել ցանկացած գիտության հետ, իհարկե պահպանելով իր գերագույն նպատակը կամ հավատարմություն իր թեմային, որն է Աստված։ 



-Երկու խոսք ձեր անցած ուղու մասին:

-Ծնվել եմ Հայաստանում,  աստվածաբանական կրթույունս շարունակել եմ Բելգիայում` Լյուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում:

Մագիստրատուրան ավարտել եմ «Աստծո զավակների վիճակը և արդարացումը Վ. Պանենբերգի մոտ և բանավեճ Լյութերի աստվածաբանության շուրջ» թեմայով, պրոֆեսոր Օլիվյե Ռիոդելի ղեկավարությամբ։  Այս աշխատանքը թույլ տվեց ինձ խորացնել բողոքական աստվածաբանության մասին  գիտելիքներս՝ գերմանական աստվածաբանության հետ կապված հատուկ հետաքրքրություններով: Մաստեր աշխատանքս ավարտելուց հետո  պրոֆեսորի կողմից առաջարկություն ստացա դոկտորական ատենախոսություն գրելու։

-ի՞նչ թեմայով  պաշտպանեցիք դոկտորական թեզը:

-Դոկտորականս  գրել եմ ֆրանսերենով՝ կարդալով ու ուսումնասիրելով բազմաթիվ գերմաներեն աղբյուրներ: Վերնագիրն է՝  «Ինչպես մտածել աստվածաբանական մարդաբանություն, Գերհարդ Էբիլինգի և Վոլֆհարթ Պաննենբերգի վիճաբանությունից»։     

Երկու աստվածաբաններն էլ պատկանել են լյութերական ավանդույթին, բայց նրանք առաջարկում են քրիստոնեական մարդաբանության երկու տարբեր մոտեցումներ: Նրանց ունեցած բացահայտ քննարկում-բանավեճը վերաբերում էր բարոյականության և աստվածաբանության փոխհարաբերություններին։  Ես այս երկուսի հարաբերությունից փորձել եմ ճշգրտել, թէ ինչ տեսակի աստվածաբանական մարդաբանություն կարող ենք ձեռք բերել։Որովհետև աստվածաբանական մարդաբանությունը նույնը չէ, երբ մարդը աստվածաբանությունը սկսում է բարոյականությունից (Sittlichkeit) և Աստծո իրականությունից (die Wirklichkeit Gottes):

Այս իմ աշխատությամբ փորձել եմ պաշտպանել աստվածաբանական մարդաբանություն, որը որոշվում է Աստծո վարդապետությամբ, կամ ավելի պարզ ասած՝ քրիստոնեական մտորում մարդու մասին, որն ավելի շատ կախված է Աստծուց, քան մարդու բարոյական իրավիճակից: Քրիստոնեական մարդաբանության գլխավոր նպատակը  մարդու գիտակցությունն է առ Աստված՝  նրա պատկերով և նմանությամբ,  ուղղորդելով հոգևոր ոլորտներ: 


-Հարցն այն է, թե ինչպե՞ս ենք մենք կապում մեր մարդկային գոյությունը, մեր լինելը և Աստծո իրականությունը: Ինչպե՞ս ենք մենք խոսում մեր գոյության և Աստծո հետ մեր ներկա իրավիճակի մասին:

-Այո, Աստծո և մարդու փոխհարաբերությունների մասին դատելով  ավելի լավ է չսկսել մտածել մարդու գործողությունների, տվյալ իրավիճակի մասին մտորումներով, այսինքն փնտրելով ու գտնելով մեր մեջ մեղավոր մարդուն, մանավանդ, երբ մարդու մտավոր սահմանները պարփակվում են բարոյական գիտակցության մեջ։  Մենք պետք է առաջին հերթին սկսենք մտածել Աստծո, մասնավորապես նրա սիրո մասին, և հետո ինքներս մեզ հարցնենք, թե ով է  մարդը նրա համար։   Աստված է համարվում մարդաբանության սկիզբը, ով բացահայտում է մարդուն և նրան դարձնում նոր արարած։ Սա ընդամենը մի օրինակ է։ Իմ աշխատանքով առաջարկել եմ նաև, թէ ինչպես կարող է դրական փոխազդեցություն ունենալ Աստծո խոսքը մարդկային հարաբերությունների վրա։ 

- Ասացիք, որ հետաքրքրված եք Հայ Եկեղեցու և առհասարհակ  հայ աստվածաբանությանն առնչվող հարցերով: Ինչպիսի՞ն եք տեսնում վիճակն այժմ և այդ ուղղությամբ ի՞նչ ծրագրեր ունեք, բացեք փակագծերը: 

-Կցանկանայի, որ մեր եկեղեցին կանոնավոր կերպով ներկայացներ  Հայ աստվածաբանությունը, նրա ուսմունքը, նոր մարտարհրավերները, որոնց այսօր հայ աստվածաբանությունն առնչվում է և պատասխան չի տվել, հստակ չի պարզաբանել  նույնիսկ շատ պարզ և հասարակ թվացող` «ի՞նչ է հավատքը»  հարցին։ 

Կցանկանայի, որ Հայ եկեղեցու բարեկարգության հարցերը բարձրացվեն միայն ու միայն աստվածաբանական շրջանակներում։ Աստվածաբանություն է այն միակ օղակը և հիմքը, որի վրա պետք է վերակարգվի, բարեկարգվի Հայ Եկեղեցին։   

Իհարկե պատրաստ եմ իմ գիտելիքներով օգտակար լինել մեր Եկեղեցուն: 

-Կարող եք ասել ինչպե՞ս :   

-Ահավասիկ մի քանի կարևոր դիտարկումներ Հայ Եկեղեցու աստվածաբանության և  բարեկարգության մասին:

Ըստ իս՝ ամենից կարևորագույնն այսօր այն է, որ հայ աստվածաբանությունը վերադառնա  իր ակունքին, այսինքն՝ ինչպե՞ս կարող է Աստված լինել աստվածաբանության թեմա։ Այսօր հայ աստվածաբանությունը ձուլվել է պատմության, կամ էլ մատենագրության մեջ, ինչի հետևանքով աստվածաբանությունը կորցրել է իր ինքնությունը։ Այ սա է պատճառներից մեկը, որ հարկավոր է Աստծո հեղափոխություն: Հիսուս Քրիստոսը, ով մեր մեջ է, եկեղեցու հիմքն է, պետք է հանդիսանա աստվածաբանության նպատակը: Այս հստակ թեզը պետք է բացատրել  և մեկնաբանել նորովի՝ յուրաքանչյուր  սերնդի համար, հասկանալի ու ըմբռնելի ժամանակակից մարդուն։ 

Նաև աստվածաբանությունը պետք է կենտրոնանա Աստծո ուսմունքի վրա, որպես պատասխան մարդու գոյաբանական հարցերի, լինի ոչ թէ պատմություն, այլ պատմություն սահմանված Աստծով։ Աստված պետք է լինի մարդու ամեն հարցերի վերջնական պատասխանը։ Աստված ստուգելով մարդու գոյությունը, նրան տալիս է ճշմարիտ ինքնություն։ Այս ամենը կարող ենք սահմանել, նոր լինել Քրիստոսի մեջ։ Ահա այսպես պետք է տեղի ունենա Աստծո հեղափոխությունը  և այս ամենը պետք է եկեղեցու ամբողջական գործունեության հիմքը լինի, քանի որ եկեղեցին իր  առաքելությունը գտնում է Քրիստոսի բերած նոր պատգամի մեջ։  Եկեղեցին անկախ չէ, այլ այն Ս. Հոգու գործի հետևանք է: և ահա այսպես  եկեղեցին դառնում է Քրիստոսի մարմին։ 

Աստված հայտնվել է Քրիստոսի մեջ, ինչի շնորհիվ մարդիկ հավատքով դառնում են Աստծո որդիներ և որդեգրվում Աստծո կողմից։ Այս որդեգրման գործընթացում բոլոր քրիստոնյաները դառնում են մեկ և հավասար Քրիստոսի մեջ, այս էլ այն հարցին է գալիս պատասխանելու, որ եկեղեցու ցանակացած հոգևոր գործունեություն հավասարության և հոգևոր ծառայության է միտված։


-Այս դիտանկյունով, որքանո՞վ է հայ Առաքելական Եկեղեցին համահունչ Աստվածաշնչի նորմերին։ Թվում է հակասություններն առկա են։ Ձեր մեկնաբանությունն այս կապակցությամբ։

-Իհարկե, Հայ եկեղեցին հեթանոսական ավանդություներով է ողողված, այն լուրջ մաքրման կարիք ունի հեթանոսական տարրերից։ Ավետարանը զգեստավորվել է հեթանոսական սովորություներով, խորքում Ավետարանը ձուլվել է հեթանոսության մեջ։ Ոսկորների պաշտում, անձերի պաշտամունք, հազարավոր տոներ, խաչափայտի բազում և զանազան տոներ, իրականը Խաչը կենդանի և հարուցյալ Քրիստոսն է, ով կենդանի խոսք է և որի միջոցով Ս. Հոգու կողմից մարդ հիացական հարաբերության մեջ է մտնում Աստծու հետ։ Կենդանի Աստված ավելի մեծ է, քանի որ որևէ նյութական առարկա, լինի փայտ, լինի Գրիգոր Լուսավորչի աջ... չի կարող փոխարինել Կենդանի Աստծուն։  Նյութապաշտությունը տեղ չունի քրիստոնեության մեջ: Ինչպես գերմանացի նշանավոր աստվածաբան Ադոլֆ ֆոն Հառնակն է նշում` դիվային «միաձուլում» է  տեղի է ունեցել հելլենիզմի և առաքելական ժառանգության միջև։ 

 Այս ամենից ելնելով եկեղեցին պետք է առաջնային տեղ հատկացնի և գերապատվություն տա այն փաստին, որ իր հոտի ամեն անդամին ուղղորդի դեպի Աստծու ներկայությունն ու Քրիստոսի սիրո պատգամը, որպես աշխարհի փոփոխման հիմք։   Աստծու իրական ներկայությունը, Քրիստոսի պատգամը և Աստծո Թագավորությունը հոմանիշներ են, որոնք սահմանում են եկեղեցու կյանքը։ Այս ամենի շուրջ պետք է միտված լինի Հայ Եկեղեցին և հրաժարվի անիմաստ և ոչինչ չտվող ծիսական կյանքից: Ավելին ասեմ՝ Ավետարանում նման ծիսական կյանք չկա։ Քրիստոս կենդանի խոսք է քարոզել, առաքյալները հավատարին լինելով իր խոստմանը, նույն այդ խոսքն են փոխանցել հաջորդ սերունդներին։ Ահա այստեղ է դրսևորվում հավատրմություն Քրիստոսի պատգամին ։ Ճշմարիտ եկեղեցին հավատարմություն է պահանջում Քրիստոսի խոսքերին և որի վրա էլ Ս.Հոգին հիմնում է, քանի որ եկեղեցին Ս. Հոգու գործողության հետևանք է։ Ահա այս ամենի հիման վրա պետք է Եկեղեցին կառուցվի, իսկ արդյո՞ք այսպես է Հայ Եկեղեցում։ Պատասխանը միանշանակ է` ոչ ։ Ժամանակն է, որպեսզի լուրջ կերպով Հայ Եկեղեցու ավանդույթները Ս.Գրքի լույսի ներքո վերանայել և դարձնել  եկեղեցու  գործունեության չափանիշ։ Ավանդությունը ինքնին վատ բան չէ, սակայն «Մեր Եկեղեցու ավանդությունը, որ ունենք Աստվածաշնչի վկայությունից է հաստատված»` ասել է Ս. Ներսես Շնորհալին։  Շնորհալին հստակ է ընդգծում, որ մեր եկեղեցու ավանդությունը բխում է Ս. Գրքից, ահա այստեղ է գտնվում եկեղեցու մշտական բարեկարգման գործընթացը։ Ինչպես հայ եկեղեցու աստվածաբան Արշակ Տեր Միքայելյան է ասում` Հայ եկեղեցին սրբազան ավանդությունը բարձր չի դասում Ս.Գրքից:

-Ըստ որոշ ընդդիմախոսների, Հայ Առաքելական Եկեղեցու արարողակարգերում ընդգրկված են տոներ, որոնք դուրս են  քրիստոնեական ընկալումներից, այլ խոսքով  հեթանոսական ծիսակարգեր են։  Ասենք` մատաղ անելը, վարդավառը,  Տրնդեզը, ծննդյան արարողակարգեր նշելը և այլը։ Սրանք որքանո՞վ են Աստվածաբանության մեջ ուսումնասիրվող նյութ։

-Ես մասամբ արդեն պատասխանեցի այս հարցերին, կարող եմ շարունակել միտքս, իրոք Եկեղեցու մի շարք տոներ հստակեցման և մեկնաբանության կարքի ունեն։ Եկեղեցի են թափանցել հեթանոսական տոներ, սակայն եկեղեցու հայրերը փորձել են իրենց ժամանակի ոգուն համապատասխան հարմարեցնեն քրիստոնեական ոգուն։ Դարերի ընթացքում մի շարք տոներ շեղվել է իրենց իրական նշանակությունից։ Մատաղը շատ հաճախ որոշ հոգևորակաների կողմից նույնացվել է Քրիստոսի զոհաբերության հետ, սակայն այն իրականում բարի գործողություն է ուղղված դեպի ընկածը, չքավորը։ Այս մատաղը նաև ազգային տոնի բնույթ է կրում և ամենից հետաքրքիրն այն է, որ մատաղի գառը օրհնվում է հոգևորականի կողմից։ Այս ամենը պետք է մերժվի և եկեղեցին ձեռնպահ մնա և այն համարի միայն ազգային սովորություն։ Վարդավառը նույնպես ազգային տոն է, իսկ Քրիստոնեական իրական տոնը Քրիստոսի Պայծառակերպություն է: Տրնդեզը նույնպես ազգային տոների շարքին կարելի է դասել, իսկ Տեառնընդառաջը Ավետարանի պատմություն է, Տիրոջը ընդառաջ գնալը։ Շեշտադրել նման տարաբնույթ տոները Հայ Եկեղեցու տեսանկյունով` հեռանում ենք Աստծու իրական ներկայությունից, ահա այստեղից է պետք սկսել Եկեղեցու քարոզչությունը։ Եկեղեցին ունի մի նպատակ` կապ ստեղծել մարդու կյանքի և Աստծու իրականության միջև, սա է համարվում Քրիստոնեության հավատքի հիմքը։  Ինչպես Ս. Գրիգոր Նարեկացին է ասում` «Քոնն է բժշկությունը, Քոնն է առատությունը, Քոնն է քավությունը (ԺԶ, Ա)… Ասա Խոսքովդ, և ես կբժշկվեմ»(ԺԷ, Բ)… Այս խոսքերի հիման վրա պետք է վերականգնվի Հայ եկեղեցին` ավելորդություներից դեպի Աստծու բժշկող իրականություն։ Բացարձակն ավելին է, քան հարաբերականը:

Հայ Եկեղեցին  շատ բանի ոչ թէ պետք է հարմարվի, ներմուծի մարդկային ավանդությունները, այլ  պետք է բարեփոխվի Աստվածային Հայտնության լույսի ներքո:

 Զրուցեց՝  Հայ Ազյանը

«Նիդերլանդական օրագիր»






Sunday, 2 April 2023

Ապրիլի 2-ը Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է

 

Ապրիլի 2-ը Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է
Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896թ.` Արևմտյան Հայաստանի Էրզրում վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա` ավարտել Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը:
Հայոց ցեղասպանության ընթացքում Ս. Թեհլիրյանն ականատես է եղել իր քույրերի բռնաբարությանն ու ընտանիքի անդամների դաժան սպանությանը թուրքական հրոսակախմբերի կողմից: Տարագրության ընթացքում ծանր վիրավորվելով` Թեհլիրյանը երկար ժամանակ համարվել է մահացած: Ավելի ուշ նա տեղափոխվել է Կովկաս` անդամագրվելով Անդրանիկի գլխավորած կամավորական ջոկատին:
1921 թ. Սողոմոն Թեհլիրյանը ներգրավվեց «Նեմեսիս» օպերացիային` Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների մահապատժի իրականացման գործողություններին: Նրա հիմնական խնդիրն էր գտնել և վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչից` Թալեաթ փաշայից: Երկար որոնումներից հետո, վերջապես, Բեռլինում գտնելով Թալեաթին` 1921 թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում, 25-ամյա Սողոմոն Թեհլիրյանը բազմաթիվ ականատեսների աչքի առջև գնդակահարում է ոճրագործին:
Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվեց Թալեաթ փաշայի սպանության մեղադրանքով. 1921թ. հունիսի 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության ընթացում Ս. Թեհլիրյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության իրողությունն ու իր ընտանիքի սպանության պատմությունը` հիմնավորելով իր կատարած սպանության պատճառները: Գերմանական դատարանը (նախագահ` դոկտոր Լեմբերգ) անմեղսունակ ճանաչեց Սողոմոն Թեհլիրյանին և արդարացրեց նրան:
Սողոմոն Թեհլիրյանի գործը Ռափայել Լեմկինի համար, ով 1944թ. Առաջին անգամ շրջանառության մեջ դրեց ցեղասպանություն եզրը, զայրացնող հանգամանք էր, հետաքննելու համար այն պարադոքսը, թե ինչպես Ս. Թեհլիրյանը կարող էր մեղադրվել մարդասպանության համար, այն դեպքում, երբ սպանվածը` Թալեաթը ավելի քան մեկ միլիոն մարդու բնաջնջման ծրագիրը հաջողությամբ իրագործելուց հետո, կարողացել էր խուսափել պատասխանատվությունից:
Սողոմոն Թեհլիրյանը մինչև 1945 թ. բնակվեց Բելգիայում, ապա` մեկնեց Սան-Ֆրանցիսկո, ուր և մահացավ 1960թ.:
Նկարներում՝ Թեհլիրյանը կնոջ, քույրերի հետ։



Все р

Արցախում Թալիշի համար մղվող մարտերում զոհված հերոսը

 


Վարդինե Իսահակյան

2016 թ. ապրիլի 2-ին Արցախում Թալիշի համար մղվող մարտերում զոհվեց հետախուզական դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանը

Գյումրիի Մուշ թաղամասում՝ հինավուրց շենքի բակում, եռագույնով ծածկված մի պատշգամբ կա վերտառությամբ՝ «Հավերժ փառք հայոց անմահ հերոսներին»: Շենքի բակում ցայտաղբյուր է, գյումրեցի հերոսների անվամբ քարակերտ մի ծառ, որի կտրված ճյուղերից մեկի վրա կարդում եմ իմ սիրելի հերոսի անունը՝ Մերուժան Ստեփանյան: Ես այցելում եմ 2016 թվականի ապրիլի 2-ին Թալիշում զոհված հետախուզական դասակի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Մերուժան Ստեփանյանի ծնողներին։
Տան շեմքին ինձ դիմավորում է տիկին Նունեն: Ես համբուրում եմ հերոսածին մորն ու մտնելով հյուրասենյակ՝ անշարժացած կանգ առնում. ես կարծես թանգարանում լինեի, ամենուր հերոսի նկարներն էին, կիսանդրին և նշանածի համար նրա պատրաստած մանրակերտ տնակը, որում լույս էր վառվում՝ հավետ վառ պահվող նրա հիշատակի անմար լույսը…

   Սպայի համազգեստով բարձրահասակ երիտասարդը տան շեմքին հրաժեշտ տվեց մորն ու ասաց.
  -15 օրից կգամ մամ ջան, արձակուրդ եմ վերցնելու…
  -Զգույշ կլինես Մերուժ ջան,-ասաց մայրն ու ակամայից սկսեց հեկեկալ…Առաջին անգամը չէր որդուն ճանապարհում, բայց անբացատրելի հուզմունքը խեղդում էր…
   Մարտի 30-ն էր, գարնան տաք մի օր, մեքենան սլանում էր ազատագրված Արցախի ողորկ ճանապարհով, Մերուժանը նայում էր ամպերի արանքից  շողացող արևին ու ժպիտով երազում: «Երկու ամսից ամուսնանում եմ, հարսանիքս պետք է այս հրաշալի  բնության գրկում լինի»- մտածում էր ու ինքնամոռաց ժպտում: Արցախ աշխարհը գեղեցիկ էր՝ նոր նոր երևացող  կանաչով ծածկված: «Մարդկային բյուրավոր կյանքեր է խլում այս հողի համար մղվող պատերազմը, անավարտ թողնում երազանքները, սպասելով թողնում սիրելիներին»,-խորհում էր նա ու քթի տակ մրմնջում իր սիրած երգը.
   -Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս՝ ինձ,
    Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
    Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ
    Բիբլիական Մասիսի պես դուք միշտ հպարտ հայոց սպաներ
    Պատիվ ունեմ…
      Կուրսանտական միջոցառումների ժամանակ միշտ այս երգն էր երգում: Հայրը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում էր աշխատում, ինքն էլ, սիրելով զինվորականի մասնագիտությունը, որոշեց ընդունվել ռազմական ինստիտուտ՝ ընտրելով մոտոհրաձիգի մասնագիտությունը…
   Նա վերադառնում էր Թալիշ, որտեղ, ռուհն ավարտելուց հետո, ծառայության էր անցել վիճակահանությամբ… Սակայն  Արցախում նրան սպասվում էր ևս մեկ՝ բախտի վիճականությամբ հենց այդ օրը այդ վայրում հայտնված աղջիկը: Սիրահարվեց հենց առաջին հայացքից: Նրա պարզ բարի աչքերին նայելով հասկացավ, որ շուշեցի այս աղջկա հետ է ուզում կյանքը կապել, երկու երեխա ունենալ ու անվանակոչել նրանց հոր և մոր անուններով՝ Արթուր և Նունե:  Սպայի հաստատակամությամբ սկսեց քայլեր ձեռնարկել…
   Գյումրիում՝ հորական տանը, դեռ պահպանվել է լուցկու հատիկներով իր երազանքի մանրակերտ տնակը.. Եթե միայն կարողանար այդպիսի տուն  կառուցել Արցախում՝ գեղեցիկ այգիով, ծաղկաշատ բակով: Նա շատ էր սիրում այս հողը: Որքան էր երազում.. Ու շտապում էր ամեն բան հասցնելու մոլուցքով.. Մայրը հաճախ հորդորում էր, թե ամեն բան իր ժամանակին կլինի Մերուժ ջան, բայց ինքն ուզում էր ամեն ինչ միանգամից լինի…Կանխազգում էր կարծես, որ շատ ժամանակ  չունի… Այդպես, ձմռան մի օր, ծնողների հետ բռնեց ազատագրված բերդաքաղաքի ճանապարհը… Գնում էր նշանելու այն աղջկան՝ արցախյան ազատամարտի հրամանատար, Քարինտակի ինքնապաշտպանական մարտերի և Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Կուբաթլուի,  Մարտակերտի   ազատագրական մարտերի մասնակից, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռոմիկ Բաղդասարայանի դստերը՝ Զարինեին: Առատ ձյուն էր տեղացել ու նրանց տան ճանապարհը դարձրել գրեթե անանցանելի… Նա, ծաղիկները ձեռքին, շտապելով հաղթահարեց ձյունածածկ բարձրունքն ու տեղ հասնելուն պես սկսեց ծանոթանալ հյուրերի հետ, լուսանկարվել հարսնացուի հետ: Խիզախ հրամանատարի դուստրը կյանքի ուղեկից էր ընտրել իր հոր արժանի հետնորդին, ում առաքինի կերպարը մշտապես թագավորել էր Զարինեի երազանքներում: Մերուժանն այնքան էր ուզում ամուսնանալ՝ գիտակցելով, որ ամուսնական կյանքը պատերազմող երկրում ծառայող հայ սպայի՝ հետախուզական դասակի հրամանատարի համար բարդ է լինելու... Բայց նա երկնչողներից չէր: Նշանածին մի օր ասաց.
   -Դու ծնողներիս հետ կապրես Մատաղիսում՝ ապահով վայրում, ես կմնամ Թալիշում, այնտեղ վտանգավոր է,- ու մի փոքր լռելուց հետո ինքնաբերաբար ավելացրեց,- ես կմեռնեմ Թալիշում, դուք գոնե ողջ կմնաք…
  Արձակուրդից վերադառնալով՝ Մերուժանն ապրիլի առաջին օրն իր դասակի հետ բարձրացավ դիրքեր՝ մարտական հերթապահության տասնչորս օրերն անցկացնելու ու կրկին արձակուրդ մեկնելու հաստատակամությամբ: Հարկավոր էր հարսանիքի նախապատրաստվել…
   Արշալույսը դեռ չէր բացվել Թալիշի բարձրունքներում։ Հերթապահության առաջին գիշերն անհանգիստ էր, հակառակորդի ներթափանցման մի քանի փորձ կանխեցին: Բայց իրավիճակը շարունակում էր լարված մնալ… Մերուժանը, խորաթափանց հայացքը հեռուն հառած, բացվող առավոտի ձայներն էր ունկնդրում։
  Մտքում շարունակ արցախյան ազատամարտի հերոսների սխրանքների մասին պատմություններն էին: «Նրանք ընկան, որ մենք շարունակենք անառիկ պահել մեր պապերի վաղեմի բնօրրանը՝ Արցախը: Ուտիք գավառի Թարիջ իշխանի կողմից մ.թ. 401 թ. հիմնադրված Թալիշը հարկավոր էր զերծ պահել ադրբեջանական զինուժի  ներթափանցումից»:
  Հետախուզական իր դասակում գումարտակի լավագույն զինվորներն էին ընդգրկված՝ համարձակ, ամրակազմ, լավ հետախույզներ ու լավ դիպուկահար: Զինվորները սիրում էին իրենց հրամանատարին ու հասուն զգոնությամբ հերթափոխն իրականացնում դարանակալած գիշերվա թանձր մշուշում։
  Պատմական իրողությունը մի օր վերականգնելու, Մեծ Հայքի Արցախ նահանգի ամբողջական տարածքը հայ ժողովրդին վերադարձնելու հաստատակամությամբ էր Մերուժանն  ընտրել սպայի պատվաբեր մասնագիտությունը, հրաձիգի անխոնջ ուղեկիցը՝ զենքը։ Ու եկել Արցախի հյուսիս-արևելյան դարպաս: Պատմական Արցախ-Ուտիքի սահմաններն  ամբողջական տեսնելը նրա երազանքն էր: Հաճախ էր  խորհում հայ ժողովրդի դեմ իրագործված պատմական անարդարության, այսօրվա սահմաններն անառիկ պահելու և դեռևս չազատագրված տարածքները վերադարձնելու մասին։
    Լույսը բացվեց Արցախի բարձրունքներում, մինչդեռ թշնամու նախահարձակ գործողությունները չէին դադարում: Տեսասարքի էկրանին դեպի իր դիրքը շարժվող մարդիկ երևացին: Նա կազմակերպեց շրջանաձև պաշտպանություն ու հմտորեն ղեկավարեց մարտը` իր և իր զինվորների ցուցաբերած խիզախության շնորհիվ կասեցնելով թշնամու գրոհը: Դիվերսանտ հատուկ ջոկատայինները անակնկալի գալով հետ մղվեցին՝ մարտի դաշտում թողնելով զոհեր։ Տեղեկատվություն ստացան,  որ դիվերսանտների մեկ այլ խումբ մտել է Թալիշ։
   Թալիշի անդորրը խաթարվեց:  Գյուղից կրակոցի ձայներ լսվեցին: Քիչ անց հրետանու ռմբակոծման թիրախը դարձան նաև դիրքերը,  գետնատնակի մի պատն ամբողջովին փլվեց, կապը խափանվեց, հակառակորդի ուղղաթիռները հայտնվեցին Մերուժանի և իր զինվորների գլխավերևում… Ջերմադիտակով մոտ տարածությունում հակառակորդի մեծաքանակ ուժերի կուտակումներ նկատվեցին: Եկողները զինվորականներ չէին, չսափրված, հնամաշ շորերով, փորձառու արյունախումներ էին՝ վայրագ ու կատաղի… Իսկ իրենք` ութ զինվոր և մեկ հրամանատար: Փամփուշտները քիչ էին մնացել: Ռազմամթերքը պետք է դիրք հասցնեին դեռևս կեսօրին, սակայն թշնամու դիվերսիոն ջոկատի դարանն ընկան  մայոր Հայկ Թորոյանը և մեքենայի վարորդ, շարքային Հրանտ Ղարիբյանը: Նրանք, Թալիշ գյուղի մերձակայքում մարտի բռնվեցին ադրբեջանցի գրոհայինների հետ և դաժանաբար մորթվեցին անհավասար մարտում։ Մերուժանի դիրքը, կտրված լինելով թիկունքից, այդպես էլ ռազմամթերք չստացավ…
   Ինտենսիվ կրակ վարելով հարակից անտառից և խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ նահանջած հակառակորդը  մեծաքանակ ուժերով փորձում էր  մարտը վերսկսել: Դիրքի հերոս տղաները՝ Մերուժան Ստեփանյանի հրամանատարությամբ,  ժամեր շարունակ պայքարեցին՝ Արցախի հյուսիս-արևելյան կարևորագույն դարպասը  չհանձնելու հաստատակամությամբ… Զինվորներից մի քանիսը վիրավոր էին: Մերուժանը հանեց իր զրահաբաճկոնն ու հագցրեց վիրավոր զինվորին, որպեսզի բեկորները չվնասեն նրան:
   Մոր անհանգիստ զանգերին մի անգամ պատասխանեց. «Մամ, ես լավ եմ, էլ չզանգես ինձ... Մա՛մ, գնա եկեղեցի իմ և իմ տղերքի համար մոմ վառի, մա՛մ, լսում ես, չմոռանաս, չուշացնես… Մամ, քեզ լավ կնայես…»։
   Զինվորների հարցին, թե ինչ ենք անելու, փամփուշտը  վերջանում է, Մերուժանը պատասխանեց. «Ձեռնամարտի ենք բռնվելու տղերք, դուխներդ չգցեք, բոյ ենք տալու մինչև վերջ, բայց դիրքը չենք հանձնելու…»։ Ասաց ու զգաց, որ կյանքի գնով են պահելու դիրքը: Բայց չվարանեց, չմտածեց անգամ նահանջի մասին… Վերցրեց հեռախոսն ու գրեց նշանածին. «Սիրում եմ քեզ, անչաաափ»… Ու ափսոսանք զգաց չվայելած երջանկության համար…
    Քիչ անց թշնամու հատուկ ջոկատայիններիը շրջապատեցին դիրքը բոլոր կողմերից: Հետախույզները պաշտպանվում էին վերջին փամփուշտներով: «Դուխո՛վ տղերք ջան, կրակե՛ք, հեսա հետ ենք տալու, չենք թողելու պոստը»,- խրամախորշից մարտը գլխավորում էր Մերուժանը։ Նույն խրամախորշից մինչև վերջին փամփուշտը կրակեց բռնցքամարտիկ Վիկտոր Յուզիխովիչը և միայն հակառակորդի նետած նռնակի պայթյունից զոհվեց քաջ մարզիկը։ Նրա կողքին զոհվեց գնդացրորդ Ռաֆիկ Հակոբյանը։ Հերոսների արյամբ ներկվեցին թիվ 170 դիրքի խրամուղիները։ Զոհվեց նաև ավագ հետախույզ-դիպուկահար Աղասի Ասատրյանը։ Մերուժան Ստեփանյանը խրամախորշի մոտ ողջ հասակով կանգնած մարտնչում էր իր վերջին մարտում։  Անպարտելի հերոսն, ի վերջո,   խոցվեց թիկունքից: Վերջին բառերն ասաց զինվորին. «Հրո, ինձ տար մեր դիտորդական կետ…»։ Բայց Հրոն չհասցրեց… 2016թ. ապրիլի 2-ին ժամը 17։00-ին կյանքի գնով պահած իր բարձրունքում հայազգի անմահ հերոսը փակեց աչքերը հավերժի քնով…
     Տիկին Նունեն ժամեր շարունակ զինվորական հոսպիտալի բակում սպասում էր, որպեսզի հայ ազգի համար համատարած վշտի օրերին մի լուր իմանա առաջապահ ստորաբաժանման հրամանատար որդուց: Հարցուփորձ էր անում, փնտրում որդուն հոսպիտալ տեղափոխվող բոլոր վիրավորների մեջ, բայց ապարդյուն…Կրկին  փորձեց զանգել զորամասի  բուժքրոջը.
-Որդիս ո՞նց է, ասում են ուժեղ կռիվներ են եղել այդտեղ..
Լռություն է տիրում, բուժքույրը պատասխանում է.
-Դուք հերոսի մայր եք, հպարտացեք…
Երեկոյան լրահոսով տիկին Նունեն լսեց. «Մերուժան Ստեփանյանի դիրքը հենց առաջիններից էր, որի վրա հարձակվեցին թշնամու հատուկ ջոկատայինները: Հետախուզական դասակի հրամանատարը և իր զինվորները կռվեցին հակառակորդի հարյուրավոր գրոհայինների դեմ՝ ցույց տալով թշնամուն, թե ինչպես են կարողանում մարտնչել հայ հետախույզները: Դիրքի մարտիկներն ունեին ամեն ինչ թշնամու ցանկացած գրոհ հետ մղելու համար՝ բարձր ոգի, մարտական գերազանց պատրաստականություն, նրանց գլխավորում էր խելացի ու խիզախ հրամանատարը, միայն չբավարարեց զինամթերքը... Թշնամու մեծաքանակ ուժերի դեմ անհավասար մարտում արիաբար զոհվեցին ավագ լեյտենանտ, գումարտակի հետախուզության պետ Մերուժան Ստեփանյանը, հետախույզ գնդացրորդներ Վիկտոր Յուզիխովիչը, Ռաֆիկ Հակոբյանը, հետախույզ դիպուկահար Աղասի Ասատրյանը… Հավերժ փառք մեր հերոսներին»:
      Հատուկ նշանակության ջոկատը մարտական առաջադրանք ստացավ` վերադարձնել հակառակորդի կողմից գրավված N170 մարտական դիրքը: Հատուկ նշանակության երկու խմբեր  լուսաբացին, ծածուկ առաջանալով դեպի նշված դիրքը, հրետանու և տանկերի կրակի  ներքո կատարեցին դիրքի թևանցում: Ներխուժելով դիրք և  մերձամարտի բռնվելով՝ հակառակորդին մատնեցին  փախուստի: Նրանց հաջողվեց հակագրոհով վերադարձնել Մերուժանի դիրքը: Խրամաբջջի մոտ գտան թշնամուն մեծաքանակ կորուստներ պատճառած անվրեպ հրաձիգի դին՝ խոշտանգված, կողքին՝ մի բահ...
   Հերոսի դին՝ պարանոցին ու գլխին ասկյարի անմարդկային դաժանության հետքերը քողարկված, տեղափոխվեց հայրենի Գյումրի:
     Մերուժան Ստեփանյանի մարմինն ամփոփվեց Գյումրու ազատամարտիկների պանթեոնում, մարտերում ընկած այն հերոսների  կողքին, ում արյան գնով ձեռք բերվեց Հայոց եզերքի խաղաղությունը: Օրեր անց սառը գորշ քարին պետք է սպիտակով գրվեր.
Մերուժան Արթուրի Ստեփանյան, 23 տարեկան,
Ծննդավայրը՝ Գյումրի, մահվան վայրը՝ Թալիշ…
  Մերուժան Ստեփանյանը  հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով… Նույն շքանշանի արժանացան նաև նրա հերոս  զինվորները՝ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանն ու Վիկտոր Յուզիխովիչը։ Թիվ 170 դիրքի ինը հետախույզներից չորսն ընկան մարտում, մյուս հինգ հետախույզները վիրավոր էին, երեքը՝ ծանր վիրավոր: Նրանք, կորցնելով իրենց հրամանատարին, սպառելով վերջին փամփուշտները, նահանջեցին, հասնելով  յուրայինների մոտ՝ ապրեցին… Անխուսափելի մահից փրկվեց մի քանի անգամ վիրավորված գնդացրորդ Հրայր Բաղդասարյանը, ով, կլինիկական մահ տանելով, օրեր անց, ի վերջո, բացեց աչքերը զինվորական հոսպիտալի հիվանդասենյակում.
    -Երբ դու սահմանին ես, ու թշնամին զենքով մտնում է քո տուն… հողդ պահելու, դիրքդ չհանձնելու համար պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել…
    Ապաքինվեց նաև ծանր վիրավորում ստացած Նարեկ Նիկողոսյանը: Նա ողջ կյանքում չի մոռանա արյունոտ այդ օրն ու նրա հետեւանքները.
  -Մեր վրա գրոհի եկածները կանոնավոր բանակի զինծառայողներ չէին, տարիքով մեծ մարդիկ էին, երկուսի դեմքն ու մորուքը մոտս տպավորվել են… Պատերազմը մեզ դաս տվեց` իրականում հասկանալ, թե ով է մեր թշնամին ու ինչ է կռիվը… իսկ էդ դասը մոռանալ չի լինի…
  Մյուս երեք զինվորները, ապաքինվելով, վերադարձան ծառայության…
   Մերուժանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը որդու զոհվելուց մեկ ամիս անց ազատվեց աշխատանքից: Նրա համար անասելի դժվար էր աշխատել մի վայրում, որտեղ չորս տարի ուսանել Մերուժանը՝ ռուհի լավագույն կուրսանտներից մեկը, ով ակտիվորեն մասնակցում էր կազմակերպվող  միջոցառումներին՝ երգելով իր սիրած երգը. «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս՝ ինձ…»:
   Զարուհին՝ Մերուժանի նշանածը, չի հավատում, թե Մերուժանը զոհվել է, մտածում է՝ դեռ պոստերում է ու մի օր էլի՝ ծաղիկները ձեռքին, գալու է Շուշիի ինստիտուտ և  միջանցքում իրեն տեսնելով՝ ժպտալու է իր ապրեցնող, լուսե ժպիտով…
     Մայրը մի օր երազում տեսնում է որդուն։ Մերուժս ասաց. «Մամ, ես հետ եմ գալու»... Նրա զոհվելուց մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 23֊ին ծնվում է քրոջ որդին, ում անվանակոչում են Մերուժան… Մորեղբորն այնքան նման է վերածնված Մերուժանը…
    Հայոց նորօրյա պատմության էջերում ոսկետառ գրվեց հետախուզական դասակի քաջ հրամանատարի՝ Մերուժան Ստեփանյանի անունը:
           «Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահութիւն» (Ս. Եղիշե, 5-րդ դար)… Մերուժանն անմահության իրական ուղին ընտրած մարտիկն է: Նրա մասին պատմում են զինվոր թե կամավոր հետևյալ նախադասությամբ. «Թալիշում 170-ի ռազվետկի կամանդիրը ուժեղ բոյ է տվել, ասում են մոտ 60 թուրք է խփել ու մինչև վերջ դիրքը չի թողել …»:
   Թիվ 170 մարտական դիրքը կրում էր իր անմահ հերոսի՝ Մերուժան Ստեփանյանի անունը: Ասում են՝ երբ ոտք էիր դնում այնտեղ՝ հերոսների արյամբ ներկված հողի վրա, սպիտակ քարերով շարված հիշատակի խաչն ասես լուռ պատմում էր լեգենդար հրամանատարի և նրա քաջ մարտիկների հերոսապատումը…
Ցավոք Թալիշն այսօր կրկին թշնամու տիրապետության տակ է...

Վեր կացէք քաջեր, սիրոյ ձէն տըւէք,
Հայոց աշխարհին վրէժի զէն տըւէք...

Պատմվածքը Վարդինե Իսահակյանի «Ցնորքից մինչև իրականություն» գրքից
      


Friday, 31 March 2023

Մարիաննա Շահպարոնյան. Երազանքի իրականացման ու Հայրենիքի կանչով՝ դեպի Հայաստան

Կայացավ հայրենադարձ Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսը:

Կայացավ հայրենադարձ Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսը: Բնաստեղծությունների ժողովածուն արտացոլում է հեղինակի մեծ սերն ու կարոտը հայրենիքի հանդեպ:

«Հայրենիքին նվիրված ժողովածու գրելու նպատակը հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ միավորելն է: Ես ինձ վրա վերցրել եմ բարձր առաքելություն՝ մշակույթի միջոցով միավորել հայ ազգը իմ հնարավորության սահմաններում»,- ասաց գրքի հեղինակը:
Մարիաննայի բանաստեղծություններից երկուսը թարգմանվել են 7 լեզվով: Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն հեղինակն է թարգմանել, հունարեն, նիդերլանդերեն, գերմաներեն, իտալերեն` թարգմանվել է աջակցությամբ։ Նիդերլանդերեն թարգմանության համար նա հատուկ շնորհակալություն հայտնեց Եղիշե Չարենցի ծոռնուհուն՝ Նանե Ջերրահյանին:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը:







 
Հավելենք, որ Մարիաննա Շահպարոնյանը ծնվել է Երեւանում, երկու տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա, որտեղ հաճախել է դպրոց եւ համալսարան, ավարտել է Պատրիս Լումումբայի անվան Ժողովուրդների բարեկամության համալսարանը, մասնագիտությամբ հասարակության հետ կապերի մասնագետ է: Մարիաննան այնուհետեւ կրթությունը շարունակել է Բելգիայում՝ նույն մասնագիտությամբ: Ասում է՝ հայրենասիրությունն իր մեջ սերմանել են մանկուց, հայրը միշտ պահանջում էր, որ տանը խոսենք միայն հայերեն, ընտանիքում մշտապես քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
«Հպարտությամբ ուզում եմ նշել, որ ավելի քան 10 տարի է, վերադարձել ենք Հայաստան եւ ապրում եմ հայրենիքում, այս կարեւոր որոշման համար գեթ մի վայրկյան չեմ զղջացել»-ասում  է բանաստեղծուհին:
 
Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գիրքը հասանելի է «Amazon» կայքում` հետևյալ հղումով.

Ներկայացնում ենք Մարիաննա Շահպարոնյանի ԹԱԼԱՆՎԱԾ ԵՐԱԶԱՆՔ բանաստեղծությունը, որը թարգմանվել է նաև Նիդերլանդերեն:

ԹԱԼԱՆՎԱԾ ԵՐԱԶԱՆՔ
Ա՜խ... երանի շտափույթ տուն հետ գաս,
Հայի մեծագույն սերը մոտիկից զգաս,
Քո մասին գրված է Աստվածաշնչում, Նվիրված տողերը խորոտ են եւ հնչուն:
Լե՛ռ իմ աննման, Արարա՛տ,
Ձնով ծածկված ես առատ,
Ինչքան մոտենում եմ, հեռանում ես ավելի,
Սա դաժան պատիժ է, դե լա՛վ, է՛լի,
Չեմ թողնի թշնամու աչքերը քեզ վայելի,
Ա՜խ... իմ թալանված դու երազանք,
Երանի հասնեմ քեզ եւ Կուսանաց վանք,
Այցելեմ Հայաստան Արեւմտյան,
Այդ պատկերը հոգումս պահեմ հավիտյան, Թալանված երազանք...լեռ իմ Արարատ,
Տուն վերադառնալդ նվեր կդառնա ճարատ:

Marianna Shahparonyan

BEROOFDE DROOM
Oh... ik wou dat je snel naar huis zou keren,
De grootste Armeense liefde van dichtbij te waarderen,
Er staat over jou in de Bijbel geschreven,
De zinnen zo diep en bedreven,
Mijn berg Ararat, zo buitengewoon,
Je bent overvloedig bedekt met sneeuw, zo wonderschoon,
Woorden schieten tekort,
Hoe dichterbij ik kom, hoe groter onze afstand wordt, Dit is een zware straf,
Maar ons verhaal is nog niet af,
Ik zal niet toestaan dat de vijand van je geniet zonder schroom,
Ah... mijn beroofde droom,
Ik hoop u en Kusanats klooster ooit te bereiken,
Op een dag zal ik in West-Armenië neerstrijken,
Dat beeld voor altijd in mijn gedachten koesteren als een schat,
Beroofde droom... mijn berg Ararat,
Het zal een geschenk zijn om naar huis terug te keren,
En ik zal het voor altijd eren.

Vertaald door Nane Djerrahian

Հատված Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի ելույթից:



«Նիդերլանդական օրագիր»

Wednesday, 29 March 2023

Եվրամիության միջազգային երիտասարդական նախագիծը Հայաստանում



Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հիմնադրամը իր հերթական միջազգային երիտասարդների փոխանակման նախագիծը կիրականացնի Հայաստանում` Եվրամիության հետ համատեղ: 

 Թեման միջմշակութային հաղորդակցությունն ու ընկերությունն է ազգերի միջև՝   «Ավանդական պարերը և երաժշտությունը՝ հետքովիդային սթրեսը հաղթահարման լավագույն  միջոց»։

Այս մասշտաբային նախագծի շրջանակներում Եվրոպական, ինչպես նաև Արևելյան գործընկերության 7 տարբեր երկրներ ներկայացնող 18-30 տարեկան երիտասարդներ կհանդիպեն Հայաստանում (Բյուրականում) և միջմշակութային փորձի փոխանակում կիրականացնեն։ 

Մասնակից երկրներն են՝ Նիդերլանդներ, Հայաստան, Իտալիա, Ֆրանսիա, Վրաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Հունաստան։

Կարծում ենք, մեր տեղական լրատվամիջոցների կողմից Եվրամիության նախագծերի ակտիվ լուսաբանումը  շատ կարևոր է Հայաստանի հետ հետագա նմանատիպ համագործակցությունների խթանման համար: 

 Ծրագրի ընթացքում ունենալու ենք հատուկ հյուրեր (Guest Speakers): Նրանց շարքում է Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը և այլոք։ 

 Կարևոր ենք համարում նշել, որ նախագիծը շահույթ չի հետապնդում:

  Նախորդ տարի նիդերլանդահայ «Լուսավոր Ապագա» հիմնադրամը նմանատիպ երիտասարդական նախագիծ իրականացրել է Հայաստանում «Վաճառքներ և ձեռնարկատիրություն» թեմայով։ Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը հատուկ հյուրերից էր (տեսանյութը՝ ստորև)։ Ստորև նաև կգտնեք հղումներ մեր հայաստանյան հեռուստաեթերներից և ռադիոեթերներից, ինչպես նաև նախարարության պատրաստած տեսանյութերը։

1,3 միլիոն դիտում հավաքած նախագծի հումորային տեսանյութը՝

https://www.facebook.com/watch/?v=1704201089772814

Լրատվամիջոցների արձագանքը՝ նախորդ նախագծին՝ https://www.brightfuturenl.com/post/governmentreports 

 Նախագծի նկարագիրը մեր կայքում՝ 

https://www.brightfuturenl.com/post/new-call-a-new-youth-exchange-music-dance-2023 

Մեր ընկերության էջերը սոցհարթակներում՝ 

https://www.facebook.com/brightfuturenl 

https://www.instagram.com/brightfuturenl/ 

https://www.linkedin.com/company/77617121

Monday, 27 March 2023

Հայուհիներն՝ այսօր . Ներկայացնում ենք Գայանե Ափինյան-Վարդանանցին

Այսօր Հայաստանն ու հայությունն  առավել քան երբևէ կանգնած են լուրջ մարտահրավերների առջև: Շատերն են այսօր ելք որոնում, փորձում  լուծումներ գտնել՝  իրենց անձնական ջանքերով ու ստեղծագործ մտքով փորձում են ստեղծված իրավիճակից հայությանն ու հայրենիքը հանել: Ցավոք ոչ բոլոր դեպքերում են հնարավորություններն ու ցանկությունները համապատասխանում պահանջվող մակարդակին ու խնդրի լուծմանը:  Ի տարբերություն ոմանց  Գայանեն նպատակասլաց է և  տիրապետում է մասնագիտական այն լծակներին, որոնք, իրոք, կարող են ու պետք է անխափան աշխատեն։ Գայանեի ու իր ՀԱՎԱՏԱՄՔ հիմնադրամի մասին  առայժմ լայն լուսաբանումներ առարկա չեն մամուլում։ Նա գերադասում է աշխատել, քան խոսել՝ առաջնորդվելով այն նշանաբանով, որ գործերն ավելի խոսուն են ։ 1996 թ․-ից մինչև 2020թ պատերազմի վերջը, Գայանեն ապրել է Բեռլինում՝ փորձելով աշխատել իր այն որակների զարգացման վրա, որոնք կարող էին մեծապես նպաստել Հայաստան աշխարհի խնդիրների լուծմանը: 2008-2010 թթ․ Բեռլինում հիմնադրել է Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն և աշխատել իբրև այս այդ կառույցի մշտական ներկայացուցիչ։ 2010 թվից Բեռլինում AREG GmbH մասնավոր խորհրդատվական ընկերության հիմնադիրն ու ղեկավարն է եղել, իսկ 2016-2018 թվերին   դոցենտի կարգավիճակով աշխատել է պետական դասընթացների շրջանակում՝  մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել` օգնելով երիտասարդ միգրանտներին։ 2007-2011 թթ․ ընտրվել է Բեռլինի նահանգային սենատի ներքո գործող ինտեգրման և միգրացիայի հարցերով խորհրդի անդամ։ Գերմանիայի մի քանի քաղաքներում զբաղվել է իր՝ միջազգայնագետի որակավորման բարձրացման խնդիրներով՝ սովորելով գերմանական երեք պետական համալսարաններում և Գերմանիայի ԱԳ նախարարությանն առընթեր ասպիրանտուրայում`  պաշտպանելով երեք  «Միջազգային խաղաղության ապահովման սահմանափակումները հավաքական անվտանգության  շրջանակում»  թեմայով գիտական թեզ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օրինակով։ 

2020 թվին՝ վերադառնալով Հայաստան, Գայանեն հիմնադրել է «Հավատամք» հիմնադրամը և անցել ակտիվ աշխատանքի։ 2021թվին ՀԱՎԱՏԱՄՔ Հայ Քաղաքակրթական Շարժման և Երևանի Պետական Համալսարանի համատեղ ջանքերով իրականացվել է «Սյունիքը՝ Քաղաքակրթությունների Միջնաբերդ» ծրագրի անդրանիկ միջոցառումը, որին զեկուցումներով մասնակցել են ոչ միայն հայտնի հայեր այլև հայտնի օտարներ՝ պատմաբան, ցեղասպանագետ, Դր․ Պրոֆ․ Իսրայել Չարնին (Իսրայել) «Իսրայելի ձախողված արձագանքը Հայոց ցեղասպանությանը. Ժխտում, պետական խաբեություն, ճշմարտություն ընդդեմ պատմության քաղաքականացման» թեմայով, Պրոֆ․ Դր․ Միխայել Հեզեմանն իր «Հայաստանը՝ որպես բիբլիական դրախտավայր և քաղաքակրթության օրրան» թեմայով ելույթով, պատմաբան, մշակութաբան  Պրոֆ․ Դր․ Վոլֆգանգ Այխվեդեն (Գերմանիա) և շատ ուրիշներ։

Այսօր Գայանե Ափինյան-Վարդանանցը միջազգային հարթակում ակտիվ պայքար է  մղում Արցախի անկախության ճանաչման համար։

Գայանե Ափինյան-Վարդանանցի հետ զրուցեց և «Նիդերլանդական օրագրի» ընթերցողների համար հոդվածը պատրաստեց՝

  Նաիրա Գասպարյանը


Գայանե Ափինյան-Վարդանանցի գործունեությունը պարզաբանող էջերից․

Членство в общественных объединениях и организациях c

 2017 Учредитель форума «Наш Общий Европейский Дом» В поддержку развития добрососедских отношений между Германией/Европой и Россией/СНГ с

 2016 Член „Werte-Akademie“, Ost-West-Forum Gut Goedelitz, Германия http://gut-goedelitz.de/forum-2/ с 

2015 Член-учредитель Германо-Армянского форума, г. Берлин http://www.deutsch-armenisch-forum.de/ с 

2010 Член-учредитель Global Bridges e.V. (Глобальные мосты), Берлин http://globalbridges-forum.org/de/ueber-uns/ с 

2008 „Young Leader“, Atlantik-Brücke e.V. «Молодой лидер», Атлантический мост, г. Берлин https://www.atlantik-bruecke.org/ с

 2012 В тесном контакте и сотрудничестве с организацией INEA e.V. Институт по европейским вопросам, г. Эссен, Германия http://inea-online.com/ с 

2003 Член-учредитель и председатель правления Общество друзей Арцаха (Карабаха), Берлин (в настоящее время деятельность приостановлена) с

 2003 Член-учредитель, Всемирный конгресс армян (World Armenian Congress, WAC), Москва, Россия и Ереван, Армения https://en.wikipedia.org/wiki/World_Armenian_Congress