The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 21 February 2020

Եվրոպական շունչը ԵՊՀ-ում



21.02.2020 Երևան/ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ/Նիդ.օրագիր

Համահարթեցման ընդհանուր միտումներն ու զարգացումները լայն հնարավորություններ են ստեղծում հայաստանցի դասավանդողի և ուսանողի համար։ Մասնագիտական գիտելիքներն ընդլայնելու և հարստացնելու գործով զբաղված են Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում։ Երևանի պետական համալսարանում ուսումնական գործընթացն արագացված տեմպերով համապատասխանեցվում է գործող համաշխարհային չափանիշներին։
ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտության կենտրոնը իր ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայով, որի ղեկավարն է տ.գ.թ. Արթուր Արամայիսի Ավագյանը, ստեղծվել է 2007 թ.-ին` ՏՏ ոլորտում կրթական, մասնագիտական մարզման, շարունակական կրթության ծրագրերի և առանձին դասընթացների իրականացման, գիտահետազոտական աշխատանքների կատարման, համալսարանի կրթության կառավարման և որակի ապահովման, տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման նպատակով: Բացի ավանդական ձևերից` կենտրոնի դասավանդման փորձառությունը ընդգրկում է նաև առցանց և հեռավար եղանակները, ինչպես նաև ուսուցման զուգակցված ձևերը: Դիտարկվում են առցանց ուսուցման տեխնոլոգիաները, որոնք լրացական միջոց դասական լսարանային ուսուցման տարբերակին դասավանդման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար։ "Ուսուցման և ուսումնառության կառավարման" համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները դասախոսին թույլ են տալիս մշտադիտարկելու ուսանողների գործառույթները, հաղորդակցվելու, ըստ պահանջի կառավարելու նյութերի մատուցման հոսքերը, առանձին ուսանողի կամ ուսանողների խմբի տվյալներ փոխանցելու, փոփոխելու, ավելացնելու կամ հեռացնելու դասընթացի նյութերը։ Դասընթացի տվյալների կառուցվածքի մշակման գործիքները կիրառելի են տարրական, միջնակարգ, բարձրագույն կրթության և կորպորատիվ ընդլայնված դասավանդման համար։
Դասընթացի շրջանակներում դիտարկվում է դասավանդման գործառույթների կառավարման բոլոր փուլերը, այդ թվում՝ ուսանողների գրանցման, ընդգրկման, նյութերի մշակման, մատուցման, հարցերի և քննությունների մշակման, գնահատման, առաջադրանքների, քննարկումների և համատեղ խմբակային աշխատանքների կատարման խնդիրները և դրանց իրականացման միջոցները։ Դիտարկումներում շեշտը դրվում է խնդիրների լուծման իրավիճակային փոխգործուն/ ինտերակտիվ եղանակի վրա: Քննարկվում են իրավիճակային խնդիրների վերլուծություններն իրենց լուծումներով: Դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ որոշակի փորձառություն ունեցող դասախոսների համար։ Որպես բազային միջավայր՝ դիտարկվում է Moodle հարթակը։ ԵՊՀ-ն այս համատեքստում արդեն փորձ է անում ուսուցման ընթացքում լայնորեն կիրառելու միջազգային Moodle ծրագիրը, որն ապահովում է ուսումնական ծրագրի արդյունավետություն դասընթացում ընդգրկված բոլոր ուսանողների մասնակցությամբ, ամրապնդում է դասավանդող-ուսանող հարաբերությունները, նպաստում է բազմաբովանդակ նյութերի կիրառմամբ ուսուցմանը։ Վերջին երեք տարում ավելի քան ԵՊՀ 200 դասախոսներ այս դասընթացի միջոցով ծանոթացան արդիական դասավանդման նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին և սկսեցին կիրառել դրանք :
2020 թ․ հունվարին Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի մի քանի ամբիոնների 19 դասախոսներ և դոցենտներ Արթուր Ավագյանի շնորհիվ և օգնությամբ որոշակի դասաժամերի ընթացքում հաղթահարեցին ծրագրի նրբությունները։ Արթուրի բարձր արհեստավարժությունն ու հմտությունները օգնեցին, որ բանասեր-լեզվաբանների հիշատակված խումբը քննությունը հանձնի բարձրագույն ցուցանիշներով և ծրագրի սահմաններում աշխատանքն ընկալի իբրև հաճույք։ Դասավանդողները ոչ միայն սովորեցին ինչպես հաղորդակցվել և դասավանդել ծրագրի շրջանակներում, այլև եկան այն եզրակացութան, որ նշված ծրագիրն ընձեռում է ուսանողի հետ աշխատելու լավագույն հնարավորութուններ։ Գաղտնիք չէ, որ flip classroom-ի դերն այս առումով անգնագատելի է։ ԵՊՀ դասախոսներից և դոցենտներից ոմանք flip classroom-ի գաղափարը մինչ նոր ծրագրի ներմուծումն իրականացնում էին Facebook սոցիալական հարթակի միջոցով։ Ծրագրի աշխատանքի մեկնարկը տրված է և հաջողութամբ սկսված է նոր մեթոդաբանության կիրառումը։



Thursday, 20 February 2020

Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը

Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

  1. Ամստերդամի հանրային գրադարանում կայացավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը
  • Եվրոպայի խոշորագույն գրադարանը համալրվեց հայալեզու գրականությամբ



Փետրվարի 19-ին Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին նիդերլանդացի գրողներ և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառումը վարում էր նիդերլանդացի անվանի հաղորդավար Դիյվետյե Բլոկը։

Իր խոսքում դեսպան( Tigran Balayan)Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց նախագծի նախաձեռնող և թարգմանիչ ( Anna Maria Mattaar ) Աննա-Մարիա Մատառին՝ հայկական մշակույթը Նիդերլանդներում հասանելի դարձնելու շարունակական ջանքերի համար, բարձր գնահատեց հրատարակությունը նկարազարդած Հարմեն ֆան Ստրատենի իրականացրած աշխատանքը։ Դեսպան Բալայանը երախտագիտություն հայտնեց Rubinstein հրատարակչությանը գիրքը լույս ընծայելու և նախագծի հովանավոր Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկին։

«Շուրջ մեկ տասնամյակ ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձը Հայաստանում նաև գիրք նվիրելու օրն է, ուստի մենք մի քանի նվեր ունենք հանձնելու։ Հայաստանի ազգային գրադարանի կողմից Ամստերդամի հանրային գրադարանի հայ ժամանակակից գրողների գրքերը, որոնք կհանձնի Աննա-Մարիա Մատառը, և Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի կողմից 100 հատոր հայկական դասականների ստեղծագործություններ և հանրագիտարաններ, որոնք կհանձնի տնօրեն Սվետլանա Անդրեասյանը։ Համոզված եմ, որ այս գրքերն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Ամստերդամի հանրային գրադարանի «Բոլոր լեզուների տանը,» - ասաց դեսպան Բալայանը։
Ամստերդամի հանրային գրադարանի տնօրինությունն՝ իր հերթին Հայաստանի հանրային գրադարանին փոխանցելու նպատակով նվիրաբերեց շուրջ 30 հատոր անգլերեն և նիդերլանդերեն գրքեր։

Միջոցառմանը` Թումանյանի հեքիաթների, իրենց կատարած աշխատանքի, և ստացած տպավորությունների մասին խոսեցին թարգմանչուհի Աննա-Մարիա Մատառը և նկարիրչ Հարմեն ֆան Ստրատենը, Դիյվետյե Բլոկը ընթերցեց «Անհաթղ աքլորը», «Շունն ու կատուն» և «Անխելք մարդը» հեքիաթները։

Շնորհանդեսը ուղեկցվում էր հայկական երաշտությամբ, իսկ եզրափակիչ մասում հանդիսատեսը դիտեց «Կիկոսի մահը» մուլտֆիլմը, ապա Թումանյանի տարեդարձը նշվեց հայկական գինիով։




Tuesday, 18 February 2020

Կայացավ Սարիկ Սևադայի «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը





Երիտասարդ լրագրող, միջազգայանգետ Սարիկ Սևադան վերջերս ներկայացրեց իր առաջին ժողովածուն, որտեղ ընդգրկված են 30 հարենադարձների կյանքի պատմությունները`  դժվարություններով ու մտահոգություններով, որոնցով անցել են նրա հերոսները: Այս գիրքն իր տեսակի մեջ առաջինն է, իսկ հայրենադարձության թեմատիկայի առումով` եզակի: Հայրենադարձները շուրջ 18 երկրներից են` Արգենտինայից, Ավստրալիայից, Քուվեյթից, Կանադայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Լիբանանից և այլ երկրներից: Շնորհանդեսին ներկա էին նաև գրքի պատմության հերոսները` հայրենադարձները, ովքեր եկել էին շնորհավորելու գրքի հեղինակին: Սարիկ Սևադան հատուկ մակագրությամբ  գրքի օրինակներ նվիրեց նրանց:
 Հեղինակին  շնորհավորելու էին  եկել  նաև Սփյուռքի նախկին նախարարության աշխատակազմը, որոնց թվում էին 2010-2018թթ. ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Համահայկական, միջազգային և  եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը, Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը և այլք, ինչպես նաև հասարակական և մշակությային գործիչներ Կարինե Ավագյանը, ով նաև գրքի խմբագիրն է, Արման Ղարիբյանը, Արթուր Իսպիրյանը, Հանրային խորհրդի սփյուռքի, կրոնի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Մկրտչյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Երևանում Ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկան, նաև գրքի հերոսներից, հայրենադարձ Կարին Հովսեփյանը և այլք:
Վերջում` Սարիկ Սևադան իր հատուկ շնորհակալությունը հայտնեց գրքի հովանավոր «Սահակյան-Բագրամյան» հիմնադրամին և Բրուքլինի հայ համայնքի ղեկավար Տիգրան Սահակյանին, ամեն հարցում իրեն աջակցելու համար:
Հեղինակը տեղեկացրեց, որ 2020թ. պատրաստվում է շուրջ 50 հայրենադարձների կյանքի հաջողված պատմությունները ներկայացնել սփյուռքում:
Առաջիկայում «Հայրենադարձի աչքերով» գիրքը կթարգմանվի արևմտահայերենով: Սփյուռքի շուրջ 12 հայ համայնքների հետ կա պայմանավորվածություն`  գրքերն այնտեղ առաքելու :



  • Լուսանկարում` Սարիկ Սևադան (կենտրոնում) շնորհանդեսի մասնակիցների հետ.

  •  Սարիկ Սևադան իր հեղինակած գրքի օրինակներ է նվիրում շնորհանդեսին մասնակցած գրքի հերոսներին:

Iammedia TV-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Tuesday, 11 February 2020

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻՑ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՎՏԱՆԳԵԼ ԿՅԱՆՔԴ ՀԱՆՈՒՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻԴ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ



11.02.2020/@Marisha Shik(anyan)/@Նիդ.օրագիր /: Ինչպես արդեն տեղեկացրել  ենք  այս կիրակի, փետրվարի 9-ին, Նիդերլանդներում տեղի ունեցավ հետաքրքիր և յուրօրինակ իրադարձություն-տոն: Այն կոչվում էր «Gluren by buren» (թարգմանվում է` «հայացք դեպի հարևաններդ»): Տարբեր քաղաքներում եկեղեցիները, սոցիալական և շահույթ չհետապնդող ընկերությունները, նույնիսկ՝ ուղղակի հարևանները բացել էին իրենց դռները հյուրերի ու արվեստասեր հարևանների համար։ Միջոցառումը կազմակերպվել էր «Gluren by the buren» կազմակերպության կողմից, և օրվա ընթացքում ցանկացած մեկը կարող էր այդ կազմակերպության կայքում նշված հասցեներով պտտվել հարևանների տներով ու անվճար դիտել տարբեր թատերական ներկայացումներ, լսել ջազ կամ այլ երաժշտություն, և այլ։
Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ անհատ կամավորներ և ընկերություններ։ Նրանցից մեկը “Toneelenzo” ընկերությունն էր, որը Հաառլեմ քաղաքում ներկայացրեց իր «Լուկը և Սառան» թատերական մանկական բեմադրությունը։ Սակայն այս իրադարձության ամենահետաքրքիրը ոչ թե հոլանդացիների կրեատիվ լինելն ու կամավորական աշխատանքին այդքան պատրաստ լինելն էր, այլ այն, որ միջոցառման օրը Նիդերլանդերում հայտարարված էր նարնջագույն կատեգորիայի վտանգավոր փոթորկի օր (120կմ/ժ): Մենք նույնիսկ տանից դուրս չենք եկել, քանի որ տեսնում էինք մեր տանը հարակից այգում ինչպես էին ծառերը մեկը մյուսի ետևից ընկնում (անցած վերջին փոթորիկին մարդիկ էին մահացել ճանապարհներին)…
Սակայն այս փաստը ընդհանրապես չվախեցրեց միջոցառման մասնակիցներին։ «Լուկը և Սառան» թատերական բեմադրության դերասանուհի Իլոնա Բրուգմանը բնակվում է Ալսմեր քաղաքում, և փոթորկի օրը գնացել էր Հաառլեմ՝  խաղալու երեխաների համար իրենց ներկայացումը (քաղաքներն իրարից մոտ 24կմ. հեռավորության վրա են գտնվում): Իլոնայի հավաստմամբ, խոստումն ու պատասխանատվությունը կյանքից էլ առավել կարևոր են իրենց համար։ «Ինչպե՞ս մենք կարող էինք հուսախաբ անել մեզ այնտեղ սպասող 3-ից-11 տարեկան փոքրիներին։ Իհարկե, այդ օրը սովորականից ավելի երկար ու բավական դժվար ենք հասել Հաառլեմ Ալսմերից, բայց մենք արել ենք այն, ինչ պարտավոր էինք անել. ոչ մի արտառոց բան չկա էդտեղ, ըստ իս։ Փոքրիկների երջանիկ ժպիտներն ու ուրախությունը մեզ համար ցանկացած փոթորկից առավել են ու կարևոր», - վստահեցնում է նա։

Մեկ այլ հետաքրքիր փաստն այն է, որ Իլոնային և իր գործընկերներին «բեմահարթակ» էր տրամադրել Հաառլեմում բնակվող մի երիտասարդ ընտանիք' Յաուկան և Սոֆին: Դերասանները խաղացել են  իրենց ներկայացումը այդ ընտանիքի տան  ճաշասենյակում։ «Մենք  տանտերերին նախապես չէինք հանդիպել , բայց շատ սիրեցինք նրանց։ Նրանք այնքան հիանալի ու պատրաստակամ էին. Ճաշասենյակի ողջ կահույքը տեղափոխել էին, դրել այգում կամ բարձրացրել երկրորդ հարկ։ Երբ մտանք իրենց տուն, նրանք ասացին, որ այսօր` այս տունը մերն է և կարող ենք անել այն, ինչ մեզ պետք է։ Նրանք նույնիսկ սեղան գցեցին ներկայացումների ընմիջումների ընթացքում ու հյուրասիրեցին մեզ համեղ ճաշատեսակներով»։
Իմ այն հարցին, թե արդյոք ընտանիքը շատ ժամանակ ունի, Իլոնան պատասխանեց. «Ո՛չ, նրանք զբաղված մարդիկ են, ունեն երկու փոքր երեխա։ Ուղղակի մենք՝ հոլանդացիներս, սիրում ենք ուրախացնել փոքրիկներին»։

Իլոնան և իր թիմը այդ օրվա ընթացքում հասցրեցին խաղալ իրեց ներկայացումը երեք անգամ՝ այդ տան ճաշասենյակում հավաքված տանտերերին ծանոթ ու անծանոթ փոքրիկների ու նրանց ծնողների համար…

…Դե ինչ, կարծում եմ, մարդկանց նման անհավատալի նվիրումն ու մոտեցումն է, որ ստիպում է ինձ օր-օրի սիրահարվել Նիդերլանդներին, էստեղի ապրելակերպին ու մարդկանց մտածելակերպին….
Շարունակելի...
սկիզբը` Նիդ.օրագիր
(https://www.nidoragir.com/2020/01/blog-post_31.html)

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԿՈՂՄԻՑ











Sunday, 9 February 2020

Ciara փոթորիկն արդեն մոլեգնում է Նիդերլանդներում

ԹԱՐՄԱՑՎՈՂ

ՀՐԱՏԱՊ . STORM Ciara
Ciara փոթորիկն արդեն մոլեգնում է Նիդերլանդներում .ժամեր հետո այն սաստկանալու է. խորհուրդ չի տրվում երթևեկել, մեքենաները կանգնեցնել ծառերի տակ, կամ պարզապես լինել դրսում: Քամու արագությունը կազմելու է ժամում 130-150կմ.
Եվրոպայում այս փոթորիկին առաջին անգամ անվանում են տվել: Այն կանխատեսվածից ուժեղ է լինելու, մինչև 11 բալ ուժգնությամբ.գունային գամայով նարնջագույն (ուժեղից ` կարմրից հետո). Մարդկանց խորհուրդ է տրվել օրվա 2 կեսից հետո մնալ տներում.





ԱՅՍ ՊԱՀԻՆ. STORM Ciara
09.02.2020 ժ.17.35/ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր/
Նիդերլանդներում #Ciara փոթորիկը դեռ ուժգնանալու միտումներ ունի: Ռեկորդային 5 ժամվա ընթացքում այն Նյու Յորքից հասել է Լոնդոն: Այս պահին Նիդերլանդներում շարունակում է տհաճություններ ու անհարմարություններ պատճառել:Այս պահին Անգլիայում տեղումներին զուգնթաց փոթորիկը դեռ չի դադարել: Նիդերլանդներում Քամու ուժգնությունը այժմ երբեմն անցնում է ժ/120կմ արագությունը: Երկրի նահանգներում օգնության համար ստեղծվել են լրացուցիչ արագ արձագանքման խմբեր, հրշեջ ծառայությունները ևս բերվել են պատրաստ վիճակի: Փոթորիկը երկրի տարբեր վայրերում վնասներ է հասցնում: Արդեն լուրեր կան բազմաթիվ շրջված ծառերի մասին: Խափանումներ կան երթևեկությունում: Wierden-ում շուռ եկած ծառերի պատճառով դադարեցվել է Apeldoorn-ի և Enschede-ի երկաթուղային կապը , Zwolle-Enschede երկաթգիծը ևս չի աշխատում: Գնացքներ չեն աշխատում նաև Breda-Tilburg ուղղությամբ, իսկ Zaandam-Enkhuizen գագաթային հատվածում վեր է բարձրացվել դրոշ, որը նշանակում է, որ այս ուղղությամբ էլ է դադարեցված երթևեկությունը: Փլուզվել են շենքեր և շինություններ, գովազդային վահանակներ, օրինակ`Sappemeer- ում ավտոտնակի ֆասադը 6-ից 13 մետր փուլ է եկել: Գովազդային տախտակը գրեթե պոկվել ու կախվել է է A15 ճանապարահատվածի Hardinxveld-Giesendam հատվածում: Կեսօրից հետո Բարենդրեխտ քաղաքի IKEA խանութից տարհանվել են մարդիկ` շրջակայքում եղած մեծ քանակի գովազդային վահանակների պատճառով: Ամստերդամում ինքնաթիռին հաջողվել է հարկադիր վայրեջք կատարել 3-րդ փորձից հետո: Ցուցում է տրված սահմանափակել անձնական ավտոմեքենաների երթևեկությունը, փրկարարական 112 ծառայություն զանգահարել խիստ անհրաժեշտ պայմաններում: Մեր նիդերլանդացի, բելգիացի հայրենակիցներին խնդրում ենք հանգիստ նստեն տներում, իսկ նրանք, ովքեր աշխատում են, կամ ճանապարհին են լինեն ծայրահեղ զգույշ:Հիշեցնենք, որ Ciara-ն ավելի կուժգնանա ժամը 18.00-ից 23.00-ի սահմաններում:
Բարեբախտաբար մինչ այս պահը ոչ մի մարդ չի տուժել:











Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Բաքվի հայերի ջարդերի մասին միջոցառում


 
Բրյուսել, 6 փետրվար 2020 -  Չորեքշաբթի, փետրվարի 5-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը (Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցություն, Կիպրոս) հյուրընկալել է «Մոռացված փախստականները. ի՞նչ պատահեց Բաքվի հայերի հետ» խորհրդաժողովը: Միջոցառումը համակազմակերպել էին ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակը և ԵՄ-ում ՀՀ առաքելությունը:

Խորհրդաժողովի բանախոսներն էին Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, իր մարդասիրական գործունեությամբ հայտնի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ամերիկահայ գրող, իրավաբան և իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան Թուրքոթը և Բրյուսելի բաց համալսարանի դասախոս, թարգմանիչ Դավիթ Բաբաևը: Վերջին երկու բանախոսները վերապրել են Բաքվի հայերի ջարդերը:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, պատգամավորների խորհրդականներ, ուսանողներ, քաղաքացիական հասարակության և ԵՄ-ում մի շարք երկրների առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բաքվի հայերի ջարդերը վերապրած Բելգիայի քաղաքացիներ:

Խորհրդաժողովի բացման իր խոսքում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը ողջունել է ներկաներին՝ մեծապես կարևորելով Բաքվի հայերի ջարդերին նվիրված միջոցառման կազմակերպումը եվրոպական ժողովրդավարության կենտրոնում. «Եվրոպական խորհրդարանը 1990 թվականի իր բանաձևերում միանշանակորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայերի ջարդերը»,- հիշեցրել է Կարապետեանը:

Եվրոպական խորհրդարանի անդամ Կոստաս Մավրիդեսը հայտարարել է, որ որոշել է հյուրընկալել միջոցառումը նաև այն պատճառով, որ ինքն էլ կիսում է փախստականների ճակատագիրը. մանուկ հասակում իր ընտանիքն էլ ստիպված է եղել փախուստի դիմել՝ 1974 թվականի Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավման ժամանակ: Պատգամավորը շեշտել է. «Հիշատակելը վրեժխնդրություն չի նշանակում, բայց միևնույն ժամանակ մոռացության մատնելն էլ աններելի է, քանի որ այն նոր հանցագործությունների է բերում»:

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Ն.Գ. դեսպան Թաթուլ Մարգարյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում հայերի կոտորածները հետսառըպատերազմյան Եվրոպայում առաջին զանգվածային սպանություններն ու էթնիկ զտումներն էին:

Իրենց վկայություններում Աստվածատուրյանն ու Բաբաևը ներկայացրել են ողբերգական օրերի իրենց հիշողությունները. «Մենք ամիսներով թաքնվել էինք մեր բնակարանում՝ հուսալով, որ հայերի դեմ բռնությունը կդադարի: Բայց այն չդադարեց: Մենք ամեն ինչ թողեցինք ու փախուստի դիմեցինք: Մի կերպ փրկվեցինք ու կենդանի մնացինք: Մեր հարևաններից ու բարեկամներից շատերը մեզ նման բախտավոր չգտնվեցին»: Բաբաևը շեշտել է, որ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի համար պարարտ հող էր նախապատրաստված. «Այդ վայրագությունները՝ բռնությունը, ահաբեկումը, բռնաբարությունները, սպանությունները, մարդկանց կենդանի այրելը, չպիտի անպատիժ մնան»:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվել է Բաքվում, Սումգայիթում և Արցախում, և այն պետք է ճանաչվի՝ անպատժելիությանը վերջ դնելու համար»:

Բանախոսները նաև նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները երկրում որպես պետական քաղաքականություն շարունակում են համակարգված կերպով հայատյացություն սերմանել և տարածել, որի ականատեսն են եղել նաև Բաքվի ջարդերի զոհերը: Եզրափակելով՝ բանախոսները շեշտել են Եվրոպական միության կարևոր դերը որպես երկխորոսությունը, խաղաղությունը և մարդու իրավունքները խթանող կարևոր «փափուկ ուժ»:

Բանախոսություններին հաջորդել է հարց ու պատասխան, և խորհրդաժողովի մասնակիցները, այդ թվում ադրբեջանցիները, հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղել բանախոսներին:
 
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ
Questions & Contact
Harout Chirinian
Communication and PR Officer 

Saturday, 8 February 2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակության այցը Նիդերլանդներ


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում է: Աշխատանքային այցի առաջին հանդիպումը Քրեական արդարադատության հարցերով համագործակցության ԵՄ գործակալության (Եվրաջասթի) նախագահ Լադիսլավ Համրանի հետ կայացել է փետրվարի 4-ին, այդ մասին հայտնում է ՀՀ արդարադատության կայքը:

Նախարարը գործընկերոջը տեղեկացրել է արդարադատության ոլորտում վերջին զարգացումների և բարեփոխումների օրակարգի վերաբերյալ, որոնք հիմնականում վերաբերել են դատական ​​և հակակոռուպցիոն ռազմավարությունների ուղղություններին:

Եվրաջասթի նախագահը ներկայացրել է կառույցի գործառույթները և նախարար Բադասյանի հետ քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող կոնկրետ հարցեր՝ հատկապես ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի նպատակով: Միաժամանակ, կողմերն ընդգծել են նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի կարևորությունը և անդրադարձել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման նախապատրաստմանը:

Արդարադատության նախարարը Եվրաջասթի նախագահին հրավիրել է Հայաստան:     




Ռուստամ Բադասյանը Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 5-ին հանդիպել է Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ:







Նախարարը գործընկերոջը հակիրճ տեղեկացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների, այդ թվում` ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունների մասին և Ֆիլիպ Գոտյեի հետ քննարկել Հայաստանի և Արդարադատության միջազգային դատարանի միջև համագործակցության ընդլայնման ուղիները:



Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ փետրվարի 6-ին, նախարար Բադասյանն այցելել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե և քննարկում ունեցել դատաիրավական և իրավապահ ոլորտների բարեփոխումների հարցերով փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի գործունեությունը, այնուհետև Ռուստամ Բադասյանն անդրադարձել է դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարություններին,  բարեփոխումների ծրագրերին, որոնք շատ բարձր են գնահատվել փորձագետների կողմից։ Նախարարն ընդգծել է, որ ռազմավարությունների մշակման գործընթացում հաջող համագործակցություն է տեղի ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

 Փորձագետների հետ քննարկման ընթացքում կարևորվել է նաև իրավունքի գերակայության ապահովումը:

Հայաստանի և Նիդերլանդների արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել երկու կառույցների միջև համագործակցությունը



Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 6-ին հանդիպել է Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Գրապպերհաուսին։

Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը և պայմանավորվել են ավելի խորացնել երկու գերատեսչությունների միջև հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն և քրեակատարողական ռազմավարությունները, ինչպես նաև Նիդերլանդների արդյունավետ փորձը պրոբացիոն ոլորտում։

Քննարկման արդյունքում Ֆ. Գրապպերհաուսը պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական ծառայությունում ենթակառուցվածքների զարգացմանը։



Հայաստանը Եվրապոլի հետ համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կկնքի
07/02/2020




Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում, փետրվարի 7-ին Եվրապոլի կենտրոնակայանում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլի հետ։
Տիկին   դե Բոլն ուրախությամբ նշել է, որ, նկատի ունենալով կարճ ժամանակում Հայաստանի գրանցած նշանակալի առաջընթացը, Եվրոպական միության անդամ պետություններն իրենց համաձայնությունն են արտահայտել Հայաստանի հետ Եվրապոլի մանդատի շրջանակում համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կնքելու առաջարկի վերաբերյալ։
Այնուհետև, նախարարին ներկայացվել են Եվրապոլի գործունեությունը և գործառույթները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում կառույցի կողմից օգտագործվող տեխնիկական միջոցները։ 
Նախարար Բադասյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը՝ կենտրոնանալով հակակոռուպցիոն պայքարի թվերի, մասնագիտացված ինստիտուտների ստեղծման, քրեական արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ Կառավարության տեսլականի և կոնկրետ քայլերի վրա։  
Եվրապոլի գործընկերները ողջունել են ոլորտային բարեփոխումների ընթացքում ԵՄ կառույցների ակտիվ ներգրավվածությունը։  Այցի ընթացքում Ռուստամ Բադասյանին ներկայացվել է նաև Եվրապոլի գործառույթներն ու դերը կառույցի անդամ երկրներից քրեական գործերով ապացույցների ձեռքբերման գործընթացում, ինչպես նաև փողերի լվացման, ֆինանսական քննությունների և ակտիվների վերադարձի ոլորտներում։ Քննարկվել են Հայաստանի իրավասու մարմինների հետ նշված յուրաքանչյուր ուղղությամբ համագործակցության կոնկրետ քայլերը։
Արդարադատության նախարարի և Եվրապոլի գործադիր տնօրենի կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Եվրապոլի միջև համագործակցության իրավական շրջանակի կնքման մոտավոր ժամկետների վերաբերյալ։ 
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը Եվրապոլի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլին հրավիրել է Հայաստան՝ հետագա համագործակցության ուղղությամբ նոր  համաձայնություններ քննարկելու նպատակով։




Thursday, 6 February 2020

Եթե արվեստ ես սիրում թակիր հարևանի դուռը



Marisha Shik-anyan/Նիդ.օրագիր-Այս կիրակի, փետրվարի 9-ին, Հոլանդիայում կլինի հետաքրքիր և յուրօրինակ իրադարձություն-տոն: Այն կոչվում է «Gluren by buren» (թարգմանվում է` «հայացք դեպի հարևաններ»): Տարբեր քաղաքներում և տարբեր վայրերում կարող եք գտնել անվճար թատերական, երաժշտական, մշակութային միջոցառումներ: Դա կարող է լինել եկեղեցում, համայնքային կենտրոններում, նույնիսկ մասնավոր տներում (հարևանների մոտ):
Քաղաքի շատ բնակիչներ բացում են իրենց տների դռները և տարածք են տրամադրում նրանց, ովքեր արվեստով են զբաղվում, հնարավորություն ունեն ինքնադրսևորվելու, ցուցադրելու իրենց  հնարավորությունները, դրսևորելու  իրենց կարողությունները (Օրինակ` իմ հոլանդացի ընկերը ելույթ է ունենալու նման մի տան  մեջ,  ինքը երբևէ  չի էլ  տեսել այս տան տերերին):
Այնպես որ  կարող եք պարզապես նշված ժամանակահատվածում լինել  նախօրոք հայտագրված մի քանի հասցեներում և անձամբ մասնակցել մշակութային միջոցառումներին  (անձամբ դրանք ինձ շատ հետաքրքիր են թվում, ուստի որոշել ենք լինել  միջոցառման մի  քանի վայրերում ու  դառնալ դրա  մասնակիցն ու  ականատեսը:
Կոնկրետ Amstelwein- ի համար ծրագիրը փնտրեք այստեղ ՝ https://glurenbijdeburen.nl/amstelveen

Եթե ​​այս տարածաշրջանի այլ քաղաքում եք, ապա «Gluren by buren» որոնողական հասցեին ավելացրեք ձեր քաղաքի անունը, կամ էլ մեծացրեք կայքում գտնվող քարտեզը, որտեղ  կերևան այլ բնակավայրեր: Միջոցառումներ տեղի կունենան Alphen aan den Rijn, Amersfoort, Amstelveen, Assen, Baarn, Bloemendaal, Delft Den Haag, Emmen, Haarlem, Haarlemmermeer, Helmond, Hilversum, Leiden, Nieuwegein,  Nijkerk, Nissewaard, Soest, Utrecht, Venlo, Zeist, Zoetermeer, Zutphen քաղաքներում:
Նրանց, ովքեր այդ օրը կցանկանան լինել կայքում նախանշված հասցեներով` բարի զբոսանք ու  հաճելի ժամանց:

Ձեզ հետ`Marisha Shik-anyan

Tuesday, 4 February 2020

Հայ երիտասարդները հաջողությամբ են վերապատրաստվում Նիդերլանդներում




Հայ երիտասարդները, ովքեր հայտնվել են հայրենիքից հեռու` օտար ափերում, մեծ ձգտում ունեն կատարարելագործելու, զարգացնելու  իրենց մտավոր  կարողությունները ,  մասնագիտական հմտությունները, ուսանել և կրթվել այն երկրներում` որտեղ բնակվում են: Նրանցից  մեկը Ամստերդամում բնակվող մեր հայրենակից Էդգար Ղարիբյանն է, ով վերջերս հաջողությամբ ավարտեց Վորմերվֆերի ( Wormerveer ) Հիպնոզի ինստիտուտը ( Hypnose Instituut Nederland ) մագիստրոս հիպնոթերապևտի մասնագիտությամբ: ՈՒնի  նեյրոլեզվաբանական ( Neuro-Linguistic Programming / NLP Practic ) ծրագրավորման աշխատանքային հմտություններ: 36-ամյա հայ մասնագետը մինչ այդ ուսանել և ավարտել է Երևանի «ՈՒՐԱՐՏՈՒ» գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարանը` ձեռք  բերելով հոգեբանության գիտությունների կրթության մագիստրոսի աստիճան:
Էդգար Ղարիբյանը Նիդերլանդներում իր ընկերությունն ունի` ''Psycholoog en Hypnotherapeut Gharibian'' անվանմամբ: Նա հոգեբան և հիպնոթերապևտ է և պատրաստ է իր գիտելիքներով օգնել ոչ միայն ազգությամբ հայ հաճախորդներին:  Նա շարունակաբար   զբաղվում  է ինքնակրթությամբ (մարմնի լեզվի և ոչ բանավոր հաղորդակցություն, առողջ սնունդ և ապրելակերպ), բարձրացնում մասնագիտական կարողություններն ու  հմտությունները, հետաքրքրություններ է դրսևորում աստվածաբանություն, աստղաբաշխություն, պատմություն,  ֆիզիկա և այլ գիտությունների նկատմամբ, հրապուրվում է սպորտով:
Հայ մասնագետը պատրաստ է իր այցելողներին ընդունել Burgemeester Jur. Visserlaan 72 A , 1411 BT Naarden  հասցեում:


Լուսանկարներում`(վերևում) Էդգար Ղարիբյանը իր ընկերների ու մայրիկի հետ: 
Ներքևի լուսանկարում Էդգար Ղարիբյանը` ձախից:

Sunday, 2 February 2020

Հայ-նիդերլանդական հարաբերությունների շուրջ 1in.am կայքի թղթակիցը զրուցել է «Նիդերլանդական օրագրի» խմբագրի հետ

«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր-խմբագիր  Hay Azian-ը պատասխանել է 1in.am  լրատվական կայքի թղթակից Արամ Սարգսյանի հարցերին: 
Մեջբերում ենք ամբողջությամբ


Հայ-նիդեռլանդական հարաբերություններում հսկայական ներուժ կա. Նիդեռլանդները կարող է աջակցել Հայաստանին

Հայաստանի և Նիդեռլանդների հարաբերություններում շատ հետաքրքիր ակտիվություն է նկատվում։ Սրա վառ վկայությունը հյուսիսարևմտաեվրոպական այս երկրի որոշումն է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության (ՆԹ) դեսպանություն բացելու մասին և Նիդեռլանդների արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ստեֆ Բլոկի պաշտոնական այցը Երևան, որը տեղի ունեցավ նախորդ շաբաթ։ Հոլանդական կողմի այս քայլերին ընդառաջ գնալով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ այս տարի նախատեսվում է իր պաշտոնական այցը Նիդեռլանդներ։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ստեֆ Բլոկի հետ համատեղ ասուլիսին ասել է, որ վարչապետի այցը Նիդեռլանդներ ծրագրված է գարնանը։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Նիդեռլանդներում գործող, հոլանդահայ համայնքի կյանքի ու անցուդարձի մասին պատմող «Նիդերլանդական Օրագիր» էլեկտրոնային թերթի հիմնադիր և խմբագիր Աշոտ Կնյազյանը (Hay Azian)։
– Պարոն Կնյազյան, Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանություն բացելու որոշումը և Նիդեռլանդների արտգործնախարարի պաշտոնական այցը Երևան, Ձեր կարծիքով, ընդհանուր ի՞նչ նշանակություն ունեն և ի՞նչ գործոններով են պայմանավորված։ Այս վերջին ակտիվացումը կարո՞ղ ենք նոր շրջափուլի սկիզբ համարել հայ-նիդեռլանդական հարաբերություներում։
– Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատուն բացելու քայլը այլևս ողջունելի իրողություն է, որին երկար տարիներ ձգտել են հասնել թե՛ այստեղ գործող հայկական կազմակերպություններն ու կառույցները, մասնավորապես՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան՝ ի դեմս Մաթո Հախվերդյանի, և թե՛ հայկական դիվանագիտական կողմը: Չնայած այս ուղղությամբ տարիների համառ ջանքերին՝ Նիդեռլանդները միայն այս տարի որոշեց դեսպանություն ունենալ Երևանում: Ի դեպ, Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն էր, որտեղ չկար նիդեռլանդական դեսպանատուն: Այս քայլն անելիս նիդեռլանդական կողմը ծանրութեթև արեց դեսպանատուն բացելու հիմնավոր փաստարկները, հաշվի առավ տարածաշրջանային ընդհանուր զարգացումները և Թբիլիսիից ու Բաքվից հետո նպատակահարմար գտավ հաստատվել նաև Երևանում:
Միանշանակ հենց այս նկատառումներով էլ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, որն իր հայ գործընկերոջը` Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց Երևանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը:
Ընդհանրապես նախարարի մակարդակով սա նիդեռլանդական կողմի առաջին այցն էր Հայաստան: Դատելով մամուլի հրապարակումներից՝ հայաստանյան հանդիպումները ջերմ ու կառուցողական էին: Այդ իսկ պատճառով, իրոք, այն կարող ենք հայ-նիդեռլանդական հարաբերությունների նոր սկիզբ համարել:
Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացման որոշումը թելադրված է Հայաստանի նկատմամբ Նիդեռլանդների աճող հետաքրքրությամբ և փոխշահավետությամբ: Այն մեկ օրում չի ձևավորվել և հասունացման փուլ մտավ 2018 թվականի ապրիլին`Թավշյա հեղափոխությունից հետո:
Հետաքրքիր է, որ Նիդեռլանդների ԱԳՆ կայքը Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորումներից մեկը համարել է Հայաստանի ռազմավարական նշանակությունը Նիդեռլանդների համար։  Նաև այն, որ հեղափոխությունից հետո նոր կառավարությունը արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ:  Նիդեռլանդները գտնում է, որ տարբեր գործընթացներում կարող է աջակցել Հայաստանին: Արտգործնախարար Ստեֆ Բլոկը այդ մասին Երևանում էլ է արտահայտվել՝ նշելով, որ Հայաստանը գտնվում է Եվրոպայի ու Ասիայի միջև, բավական բարդ տարածաշրջանում: Երկրները կարող են բարգավաճել, եթե համագործակցեն։ Սա առանցքային դեր ունի: Հսկայական ներուժ կա, որ կարող է ձևավորվել Նիդեռլանդների ու Հայաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում: Սերտ դիվանագիտական հարաբերությունները հաստատված են։  Հաջորդ քայլը այդ կապերի խորացումն է:
– Ինչպե՞ս եք այս համատեքստում գնահատում Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատանքը։
– Ավելի, քան դրական: Բնականաբար, այս ուղղությամբ հայկական դեսպանության կողմից բազմաթիվ կազմակերպչական բնույթի ու մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, որոնց տեսանելի մասն աննշան է: Երևի դիվանագիտական աշխատանքի բնույթն է այդպիսին: Նշեմ, որ խորհրդարանականների հետ դեսպանի ունեցած ջերմ հարաբերությունները ևս նպաստեցին, որ Նիդեռլանդների կառավարությունը ընդառաջ գնաց Երևանում դեսպանություն բացելու խնդրին: Պատահական չէ, որ 2019 թ. դեկտեմբերի 5-ին Նիդեռլանդների խորհրդարանի բոլոր խմբակցությունները, բացի մեկից, կողմ եղան արտաքին գործերի նախարարության 2020 թ. բյուջեի լրացմանը, որով անհրաժեշտ միջոցներ` երկու մլն եվրո հատկացվեց Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացմանը: Որոշմանը դեմ եղան ընդամենը 3 հոգի, որից երկուսը ազգությամբ թուրք են, մեկը` մարոկացի: Այս խմբակցությունը` բաղկացած 3 մարդուց, ունի  DENK անունը և աննշան դերակատարություն ունի խորհրդարանում:
Երևանում դեսպանություն բացելու որոշումը հունվարի 16-ին նշվել է Նիդեռլանդների խորհրդարանում` դեսպան Տիգրան Բալայանի նախաձեռնությամբ: Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների և կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի, նույն կազմակերպության քարտուղար Ինգե Դրոստի մասնակցությամբ հայ-նիդեռլանդական  բարեկամությունը խորհրդանշող գեղեցիկ տորթով նշվել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանության բացման խորհրդարանական նախաձեռնության հաջողությունը։
ԱԳՆ բյուջեում լրացումը նախաձեռնած պատգամավորներին դեսպան Բալայանը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանում ընթացող գործընթացներին աջակցելու և հայ-նիդեռլանդական հարաբերությունների ընդլայնումը խթանող կարևոր քայլի համար։ Նա նշել է, որ դեսպանության հիմնումը խորհրդանշում է երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը և փոխգործակցությունը խորացնելու երկուստեք տրամադրվածությունը։
Դեսպան Տիգրան Բալայանի նախաձեռնությունն էր, որ 2019 թ. հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության` Նիդեռլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում ձևավորվեց Հայ-նիդեռլանդական միջխորհրդարանական բարեկամության խումբը: Այդ ժամանակ բարեկամական շրջանակի հոլանդական կողմի անդրանիկ նիստը համանախագահեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը: Ուրախությամբ տեղեկացա, որ  Երևանում օրեր առաջ`հունվարի 24-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի և Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամության շրջանակի արդեն հայկական կողմի անդրանիկ նիստը: Այս նիստերին մասնակցել են երկու կողմերի խորհրդարանների անդամներ, համայնքի ներկայացուցիչներ, մշակութային և կրթական գործիչներ:
Հավելեմ, որ Նիդեռլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի՝ հունվարի 22-ից 23-ը Հայաստան կատարած պաշտոնական այցի ողջ ընթացքում պատվիրակության դիմավորողների և ուղեկցողների խմբում է եղել Նիդեռլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
– Երկկողմ հարաբերությունների զարգացման ու ակտիվացման գործում ի՞նչ դեր են խաղում հայկական դեսպանությունն ու հոլանդահայ համայնքը։ Ի՞նչ կարող եք պատմել հայաստանյան ընթերցողներին Նիդեռլանդների հայ համայնքի անցուդարձի, հասարակական-քաղաքական ակտիվության մասին։ Ի՞նչ դեր են հայերը խաղում այդ երկրում, հետևո՞ւմ են արդյոք հայաստանյան զարգացումներին, որքանո՞վ են պահում կապը Հայաստանի հետ։
– Սրանք հենց այն թեմաներն են, որ փորձում է «Նիդեռլանդական օրագիրը» լուսաբանել, լինել հայ համայնքների ու դեսպանության կողքին, փոխլրացնել առանց այն էլ  լավ կապը:
Չմանրամասնենք դեսպանության ունեցած որոշիչ դերը․ նախորդ հարցի շուրջ այդ մասին փոքր-ինչ խոսեցինք: Երևի  բարեբախտություն է, որ Նիդեռլանդներում ունենք  ԱԳՆ երկու նախկին խոսնակներին` որպես դեսպան: Նախկինը Ձյունիկ Աղաջանյանն էր (2011-2018 թթ․), ներկայինս` Տիգրան  Բալայանը: Երկուսն էլ արժանավայել մեծ ներդրում ունեն  հայ-նիդեռլանդական անցյալի ու ներկայիս ձևավորվող հարաբերություններում, առավելագույնն են արել` ըստ արժանվույն ներկայացրել Հայաստանը: «Դիվանագիտությունը ստեղծագործ աշխատանք է և հնարավորի արվեստ» սա դեսպան Բալայանի ձևակերպումն է` որն այժմ կյանքի է կոչում:
Չնայած հայ համայնքների ու դեսպանության դերն ու խնդիրները, նպատակներն ու գործառնությունները բավական տարբեր են, այդուհանդերձ, նրանք նույն առաքելությունն են  իրականացնում` օգտակար լինել Հայաստանին, բարձր պահել հայրենիքի սուրբ անունն ու  պատիվը: Այստեղից էլ մեկ ընդհանրացում` «հայրենակիցներից յուրաքանչյուրը յուրատեսակ դեսպան է սփյուռքում»: Սա արդեն Նիդեռլանդներում ՀՀ դեսպանի մյուս ձևակերպումն է, որին պետք է համաձայն լինել:  Նիդեռլանդներում սփռված հայ համայնքը իր օրինակելի վարքով, ստեղծագործ աշխատանքով,  հասարակական-քաղաքական ակտիվությամբ տարեց տարի ավելի ազդեցիկ ու ծանրակշիռ է դառնում:
Կուզեի առանձնացնել Հաագայի Աբովյան մշակությային միության (Մաթո Հախվերդյան), Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի հիմնադրամի» (Վահան Ավագյան), Ալմելոյի (Օնիկ Գելիջի), Նայմեխենի «ՎԱՆ » միության (Սվետա Աբրահամյան),  Դեն-Բոսի «Ուրարտու» (Տոնի Բոգոսյան) և «Կոմիտաս» (Մարո Կարյան), Մաստրիխտի «Անի» (Լևոն Սարգիս) և 30-ից ավելի հայկական կազմակերպությունների ու  կառույցների աշխատանքները, որոնք հայապահպանությունից բացի՝ ամուր կամուրջ են հայ-նիդեռլանդական բարեկամական հարաբերություններում: Դեսպանությունը իր հերթին մշտապես համագործակցում է անխտիր բոլոր կառույցների, նաև որևիցե  կառույց չներկայացնող անհատների հետ` հաղորդակից լինում  նրանց խնդիրներին, լուծումներ առաջարկում:
Ավելի ու ավելի շատ հայ երիտասարդներ են ներգրավում երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին, իրենց տեղն են գտնում բարձր տեխնոլոգիայի, իրավաբանության, բժշկության, կրթության, սպորտի, բիզնեսի և այլ ոլորտներում: Նման ինտեգրումը չի  կարող դրական ազդեցություն չունենալ հայ-նիդեռլանդական գործող հարաբերություններում: Միառժամանակ ավելի հաճախակի են դառնում մեր երկու ժողովուրդների մշակութային շփումները, որը փոխադարձ ճանաչողության նոր մակարդակ է ապահովում: Սրա կողքին մեր հայրենակիցները բավական զգայուն են հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին: Օրինակ` Թավշյա հեղափոխության վճռական օրը` 2018 թ. ապրիլի 23-ին, Հաագայում`Արդարադատության միջազգային դատարանին հարակից հրապարակում, ինքնաբուխ բողոքի ցույց են արել: Այժմ ավելի է հաճախացել հայրենիք այցելողների թիվը:
Համայնքների մասին կարելի է առանձին-առանձին ու երկար խոսել` արտաքին մարտահրավերներից մինչև ներքին տարաձայնություններ: Ասեմ ամենակարևորի մասին. հայ համայնքը ակտիվ ձևավորման փուլում է, կարող սերունդ է մեծանում, կարծում եմ՝ զգալի աշխատանք կա, որպեսզի նոր սերունդը իր ուսերին վերցնի համայնքը վերակազմավորելու ու միավորելու խնդիրը:
– Իսկ ընդհանրապես ի՞նչ հեռանկարներ ունեն Հայաստանի և Նիդեռլանդների հարաբերությունները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ի՞նչ ոլորտներ, որոնց շուրջ երկու երկրները կարող են զարգացնել երկկողմ հարաբերությունները։
– Հայաստանը Նիդեռլանդների հետ հեռանկարային առումով ունի հնարավորության լայն սահմաններ: Առկա մեծ ներուժի լիարժեք կիրառման դեպքում Հայաստանը մեծ օգուտներ կքաղի: Հայաստանը եթե անգամ կիրառի այս երկրի  տարբեր բնագավառների կուտակած հարուստ փորձը, ապա լուրջ ձեռքբերումներ կունենա:   Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հայ-նիդեռլանդական առևտուրը կազմել է 178 միլիոն 10 հազար դոլար, ինչը 2018 թ. առաջին 11 ամիսների համեմատ ավելի է 6.1%-ով։  Հաջողություններն առկա են առևտրի ու տնտեսական ոլորտներում, որը կարել է խորացնել: Ակտիվանում են գործարար կապերը, մասնավորապես գյուղատնտեսության, կաթնարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Մշակույթի ու գիտության ասպարեզում կարելի է ևս առաջընթաց ապահովել: Որպես  հեռանկարային ուղղություններ, կարելի է առանձնացնել  կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդարադատության, բանկային ոլորտները: Համագործակցության հեռանկարներ կան նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հումանիտար բնագավառներում, նաև թափոնների վերամշակման և կառավարման, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների ու առողջապահության բնագավառներում:  Նիդեռլանդները երկրագործական և բանջարաբոստանային ապրանքների աշխարհի ամենախոշոր արտահանողներից է, բայց գյուղատնտեսության այս ոլորտում աշխատում է մասնագիտական բնակչության ընդամենը 4%-ը։ Սա շնորհիվ նրա է, որ գյուղատնտեսությունը ամբողջովին ավտոմատացված է: Ներդրումային գրավիչ ծրագրերը ևս օգուտներ կբերեն:
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր կարող է Ամստերդամը խաղալ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։
Նիդեռլանդները համարվում է Եվրամիության առաջատար երկրներից մեկը, որն այս կառույցին ավելի շատ ներդրումներ է անում, քան սպառում: Հետևաբար, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունում երկուստեք արժեքավոր  է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դերըՊայմանագրի կիրառումը կարևոր գործիք է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման համար, իսկ մյուս կողմից բարենպաստ պայմաններ կստեղծվեն ԵՄ անդամ երկրների հետ ուղիղ հարաբերություններ հաստատելու համար:
Նիդեռլանդներն իրապես շահագրգիռ է Հայաստանում բարեփոխումների ընթացքով: Այդ է պատճառը, որ տարվա վերջում սկզբում Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատը, այնուհետև՝ ընդամենը 5 օր հետո, Նիդեռլանդների Սենատը, առանց քննարկման և քվեարկության, միաձայն վավերացրեցին Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Եվրամիության բոլոր երկրների կողմից պայմանագիրը վավերացնելուց հետո Հայաստանի համար դուռ է բացվելու դեպի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցություններ:
Եվրամիության հետ գործընկերությունը կամրապնդի Հայաստանի հեղինակությունն ու դիրքերը միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ բանակցություններում, էլ չեմ ասում, որ կարժանանա այս երկրների աջակցությանն ու օժանդակությանը:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախատեսում է այս տարի պաշտոնական այցով մեկնել Նիդեռլանդներ։ Արդեն հայտնի է, որ այցը տեղի կունենա գարնանը։ Ի՞նչ նշանակություն ունի այս այցը Ձեր կարծիքով։ Այն կարո՞ղ է նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
– Անշուշտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդեռլանդներ շատ հարցերով դրական ազդեցություն է թողնելու ինչպես հայ-նիդեռլանդական երկկողմ, այնպես էլ Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերությունների վրա: Մեր վարչապետին այստեղ լավ են ճանաչում: Նիդեռլանդական մամուլն ու հեռուստատեսությունը բավարար լուսաբանել ու շարունակում են լուսաբանել նոր Հայաստանի իրողությունները: Անցյալ տարեվերջին Ազգային ժողովի նախագահի պատվիրակության այցին ընդառաջ հեղափոխությանը նվիրված ցուցահանդես էր բացվել: Մամուլով մեկ անգամ չէ, որ խոսվել է Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին: Այնպես որ` բարով գա, այստեղ նա լավ ընդունելության կարժանանա թե՛ երկրի քաղաքական ղեկավարության, և թե՛ հայ համայնքի կողմից: Չեմ կասկածում, որ նոր համագործակցության ուղիներ կհարթվեն, ձեռք կբերվեն արժեքավոր համաձայնություններ ու պայմանավորվածություններ:
– Փաշինյանն ասել էր, թե իր այցը կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցը Նիդեռլանդներ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Բայց ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախկինում Նիդեռլանդների Թագավորությունում եղել են նաև նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը։ Գուցե Նիկոլ Փաշինյանը նկատի ունի Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնակա՞ն այցը Նիդեռլանդներ։ Ի՞նչ տեղեկություններ ունեք այս հարցի վերաբերյալ։
– Դուք ճիշտ եք կռահել. սա Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցն է լինելու Նիդեռլանդներ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների այցը Նիդեռլանդներ այլ շրջանակներում է եղել: Օրինակ` 2014 թ. մարտին Սերժ Սարգսյանը Նիդեռլանդներ էր եկել աշխատանքային այցով` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Մեկ անգամ էլ Սերժ Սարգսյանը Նիդեռլանդներ է եկել 2016 թվականին՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Ես հենց նոր ճշտեցի Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանից` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը ևս պաշտոնական չի եղել:  Այնպես որ` Երևանում Նիդեռլանդների հետ ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շեմին մեր երկրի ղեկավարը գարնանը առաջին անգամ պաշտոնական այցով կլինի Նիդեռլանդներում: