The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 24 May 2026

Ինչու՞ էր Ղարաբաղը կարևոր ոչ միայն ռազմավարական, այլև տնտեսական տեսանկյունից

 Արցախի ընդերքը և պատերազմի տնտեսական ստվերը


Փորձագետ Գեորգի Անտոնով-Միրզախանյան

Ինչու՞ էր Ղարաբաղը կարևոր ոչ միայն ռազմավարական, այլև տնտեսական տեսանկյունից

Տարիներ շարունակ Արցախի շուրջ հակամարտությունը ներկայացվել է որպես պատմական արդարության, ինքնորոշման իրավունքի և անվտանգության պայքար։ Սակայն տարածաշրջանային զարգացումների խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակամարտության հիմքում կարող էին լինել նաև լուրջ տնտեսական շահեր։ Հարուստ ընդերքը, ռազմավարական հանքավայրերը և դրանց նկատմամբ վերահսկողությունը վաղուց դարձել էին Հարավային Կովկասի մեծ քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը։

Այսօր, երբ պատերազմից անցել են տարիներ, ավելի ակնհայտ է դառնում, որ Արցախը միայն աշխարհաքաղաքական տարածք չէր։ Այն նաև տնտեսական մեծ ներուժ ունեցող տարածաշրջան էր, որի բնական պաշարները կարող էին փոխել ուժերի հավասարակշռությունը ողջ տարածաշրջանում։

Ոսկու և պղնձի համար պայքա՞ր

Հանքարդյունաբերության ոլորտի մասնագետները բազմիցս նշել են, որ Արցախն առանձնանում էր օգտակար հանածոների հարուստ պաշարներով։ Տարածքում առկա էին ոսկու, պղնձի, մոլիբդենի, ցինկի և այլ մետաղների խոշոր հանքավայրեր, որոնցից մի քանիսը տարածաշրջանային նշանակության էին համարվում։

Փորձագետ Գեորգի Անտոնով-Միրզախանյանի գնահատմամբ՝ 2020 թվականի պատերազմը միայն տարածքային վերահսկողության համար չէր։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների խորքային նպատակներից մեկը հենց Արցախի ընդերքի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր։

Նա նշում է, որ պատերազմից հետո Ադրբեջանի պետական հաշվեկշռում գրանցվել են հսկայական տնտեսական արժեք ներկայացնող ռեսուրսներ, որոնց գնահատականները հասնում են տրիլիոնների։ Թեև այս թվերը պաշտոնապես ամբողջությամբ չեն հաստատվել միջազգային կառույցների կողմից, այնուամենայնիվ, մասնագետների շրջանում վաղուց գոյություն ունի համոզմունք, որ Արցախի բնական պաշարները տարածաշրջանի ամենաթանկ ակտիվներից էին։

Պատերազմից առաջ կնքված պայմանագրերը

Հատկանշական է մեկ այլ հանգամանք ևս։ Դեռևս 2020 թվականի փետրվարին՝ պատերազմից ամիսներ առաջ, Ադրբեջանի իշխանությունները միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան ընկերությունների հետ քննարկում էին Արցախի տարածքում հանքավայրերի շահագործման ծրագրեր։

Քաղաքական վերլուծաբանների մի մասը սա պատահական չի համարում։ Նրանց կարծիքով՝ տնտեսական ծրագրերի նախապատրաստումը դեռ պատերազմից առաջ կարող է վկայել, որ տարածաշրջանի վերահսկողության հարցը դիտարկվում էր ոչ միայն ռազմական, այլև տնտեսական հաշվարկների շրջանակում։

Հատկապես մեծ հետաքրքրություն էին ներկայացնում ոսկու և պղնձի հանքավայրերը, որոնց շուկայական արժեքը վերջին տարիներին զգալիորեն աճել էր համաշխարհային շուկայում։

Ո՞ւմ էին պատկանում Արցախի հանքերը

Տասնամյակներ շարունակ Արցախի հանքավայրերի շահագործումը եղել է բարդ և հաճախ փակ գործընթաց։ Տարբեր ժամանակներում ոլորտում ներգրավված են եղել հիմնականում արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական կապիտալ ունեցող ընկերություններ։

Հայ փորձագետների մի մասը տարիներ շարունակ բարձրաձայնում էր, որ բնական պաշարներից ստացվող եկամուտների զգալի մասը չի մնում հայկական պետական համակարգում։ Ըստ նրանց՝ անհրաժեշտ էր, որպեսզի ռազմավարական հանքավայրերի շահագործման մեջ պետությունն ունենար վերահսկիչ մասնակցություն և ստանար եկամուտների ավելի մեծ բաժին։

Սակայն այդ առաջարկները հիմնականում մնացին չիրականացված։ Արդյունքում՝ Արցախի բյուջեն հիմնականում ստանում էր սահմանափակ ռոյալթի վճարներ, մինչդեռ հիմնական շահույթը կենտրոնանում էր մասնավոր կառույցների ձեռքում։

Տնտեսական պատերազմների դարաշրջանը

21-րդ դարում պատերազմները  պայմանավորված են ոչ միայն սահմաններով, այլև տնտեսական ռեսուրսներով։ Նավթը, գազը, հազվագյուտ մետաղները և ջրային պաշարները դարձել են գլոբալ քաղաքականության կարևորագույն գործոններից մեկը։

Աշխարհում բազմաթիվ հակամարտություններ ունեն տնտեսական ենթատեքստ․

  • Մերձավոր Արևելքում նավթային վերահսկողության համար պայքարը,
  • Աֆրիկայում հանքային ռեսուրսների շուրջ պատերազմները,
  • էներգետիկ միջանցքների վերահսկողության համար աշխարհաքաղաքական մրցակցությունը։

Այս համատեքստում Արցախի շուրջ զարգացումները ևս շատ փորձագետներ դիտարկում են որպես ռեսուրսային հակամարտության տարրեր ունեցող պատերազմ։

Բնական պաշարները՝ ուժ և վտանգ

Բնական պաշարները ցանկացած պետության համար կարող են դառնալ տնտեսական զարգացման հզոր աղբյուր։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ հարուստ ընդերքը հաճախ նաև մեծացնում է արտաքին ճնշումների և հակամարտությունների հավանականությունը։

Արցախի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ռազմավարական նշանակության ռեսուրսները միայն տնտեսական հարց չեն։ Դրանք վերածվում են քաղաքական ազդեցության, անվտանգության և միջազգային շահերի բախման կենտրոնի։

Այսօր արդեն ակնհայտ է՝ ժամանակակից աշխարհում պատերազմները հաճախ սկսվում են ոչ միայն քարտեզների, այլև ընդերքի համար։ Եվ որքան մեծ է որևէ տարածքի տնտեսական արժեքը, այնքան ավելի կոշտ է դառնում դրա նկատմամբ վերահսկողության պայքարը։

Չպատասխանված հարցերը

Արցախի թեմայի շուրջ դեռ բազմաթիվ հարցեր մնում են բաց․

  • Որքա՞ն էին իրականում տարածաշրջանի հանքային պաշարները,
  • Ինչպիսի՞ տնտեսական ծրագրեր կային պատերազմի նախօրեին,
  • Ինչու՞ հայկական կողմը տարիներ շարունակ ամբողջությամբ չօգտվեց այդ ռազմավարական ներուժից,
  • և վերջապես՝ արդյո՞ք հնարավոր էր տնտեսական գործոնը ժամանակին վերածել ազգային անվտանգության բաղադրիչի։

Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն անցյալը հասկանալու, այլև ապագայի համար հետևություններ անելու տեսանկյունից։ Որովհետև 21-րդ դարի աշխարհում տնտեսությունը վաղուց դարձել է նույնքան կարևոր, որքան բանակն ու դիվանագիտությունը։

Hay Azian

Saturday, 23 May 2026

Մարդ, որ չի սիրում խոսել իր մասին. քանդակագործ Էդուարդ Բրոն Հարությունյան

Այսօր քանդակագործ Էդուարդ Բրոն Հարությունյանի ծննդյան օրն է

23.05.2026/Նիդ.օրագիր/Hay Azian

Կան արվեստագետներ, որոնք մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են՝ հարցազրույցներ են տալիս, պատմում իրենց կյանքի մասին, բացատրում յուրաքանչյուր ստեղծագործության գաղափարը։ Իսկ կան մարդիկ, որոնք նախընտրում են լռել ու խոսել միայն իրենց գործերով։ Այդ մարդկանցից է քանդակագործ Eduard Bron Harutunyan-ը, մեր լավ ընկերն ու բարեկամը։

Նիդերլանդների խաղաղ քաղաքներում, որտեղ քամիները պատմում են ծովի ու հողմաղացների հնագույն երգը մի կաթիլ միախառնվել են Հարությունյանի կերտած գործերին։ Էդուարդ Բրոն Հարությունյանը՝ արվեստագետ, որը հայ ավանդական խորհրդանիշները տեղափոխել է արևմտաեվրոպական միջավայր՝ տալով նոր կենսունակություն ու աուրա, Հայ մշակույթի արմատները սերմանել եվրոպական հողին: 

Էդուարդ Հարությունյանը ծնվել և կրթվել է Հայաստանում՝ ձեռք բերելով դասական քանդակագործի հմտություններ։ Արվեստի հանդեպ հետաքրքրությունը վաղ տարիքից է ձևավորվել․ նրա աշխատանքներում զգացվում է ոչ միայն նյութի՝ քարի և բրոնզի լեզվի հանդեպ խոր հարգանքը, այլև հայկական հոգևոր ավանդույթների շարունակությունը։

Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո նա շարունակել է ստեղծագործել՝ իր արվեստով կամրջելով երկու մշակույթներ։

Նիդերլանդներում բնակվող հայ քանդակագործը տարիներ շարունակ ստեղծագործում է քարի ու բրոնզի լեզվով՝ հեռու աղմկոտ հանրայնությունից։ Նրա մասին շատերը գիտեն ոչ թե կենսագրական պատմություններից, այլ այն աշխատանքներից, որոնք արդեն դարձել են հիշողության, հավատքի և հայկական ներկայության խորհրդանիշներ եվրոպական քաղաքներում։ Նրա ստեղծագործություններից մի քանիսը տեղադրված են Նիդերլանդների տարբեր հատվածներում, այդ թվում՝ Կապելլե քաղաքում, որտեղ նրա արվեստը հանդիպում է հոլանդական լանդշաֆտին։

Էդուարդ Բրոն Հարությունյանը պատկանում է այն արվեստագետների շարքին, որոնց համար քարը պարզապես նյութ չէ։ Նրա աշխատանքներում քարն ունի հիշողություն, իսկ բրոնզը՝ ժամանակի ձայն։ Հաճախ նրա ստեղծագործություններում կարելի է տեսնել հայկական մշակութային խորհրդանիշների ու եվրոպական ժամանակակից ձևերի համադրություն։ Այդ միաձուլումը նրա արվեստին տալիս է յուրահատուկ ինքնություն։

 Նրա քանդակները հաճախ համատեղում են հայկական խաչքարի բարդ հորինվածքները և եվրոպական մինիմալիստական ձևերը։

Այս մոտեցումը նրան առանձնացնում է ժամանակակից հայ քանդակագործների աշխատանքներից։

Նիդերլանդահայ համայնքում նրա անունը հաճախ կապվում է խաչքարերի ու հոգևոր նշանակություն ունեցող քանդակների հետ։ Ամստերդամում տեղադրված հայկական խաչքարը, որի ստեղծման մեջ նա մասնակցություն է ունեցել, դարձավ ոչ միայն հիշատակի վայր, այլ նաև մշակութային ներկայության նշան։

Էդուարդ Բրոն Հարությունյանը ոչ միայն արվեստագետ է, այլև մշակութային դեսպան։ Նրա աշխատանքները մշտապես ներկայացվել են համայնքային նախաձեռնությունների, եկեղեցական միջոցառումների ու բարեգործական ցուցադրությունների շրջանակում։ Հայ համայնքի համար նա դարձել է կենդանի օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է պահպանել արմատները՝ միաժամանակ ինտեգրվելով նոր միջավայրին։

Նրա մասին շատ են գրել ու խոսել նիդերլանդական լրատվականները:

Սակայն, որքան էլ խոսեն նրա գործերը, ինքը՝ արվեստագետը, մնում է համեստ ու զուսպ մարդ։ Նրան ճանաչողները հաճախ ասում են՝ նա չի սիրում խոսել իր մասին։ Երևի հենց այդ պատճառով նրա ստեղծագործությունները երբեմն ավելի շատ են պատմում, քան ցանկացած հարցազրույց։

Քանդակագործի արվեստում առանձնահատուկ տեղ ունեն լռությունն ու ներքին խաղաղությունը։ Նրա գործերին նայելիս թվում է՝ դրանք ոչ թե պարզապես քանդակներ են, այլ ամբողջական մտքեր, երբեմն՝ աղոթքներ։ «Արվեստը աղոթք է: Քարը խոսում է, եթե նրան լսես», - այս արտահայտությունը, որ հաճախ է հնչում Հարությունյանի խոսքերում, կարծես արտացոլում է նրա ստեղծագործական փիլիսոփայությունը։ Նրա յուրաքանչյուր գործ  փոքրիկ աղոթք է՝ փորագրված նյութի մեջ` ուղղված մարդկանց։

Էդուարդ Բրոն Հարությունյանի արվեստը հիշեցնում է, որ հայ մշակույթը չի սահմանափակվում աշխարհագրությամբ։ Այն ապրում է այնտեղ, որտեղ կա հիշողություն, հավատ։

Այսօր, նրա ծննդյան օրը, կարելի է պարզապես շնորհակալություն հայտնել մի արվեստագետի, որը հայկական մշակույթի մի մասն իր հետ բերեց Եվրոպա և այն վերածեց քարե ու բրոնզե ներկայության։

Ծնունդդ շնորհավոր, Վարպետ։























Friday, 22 May 2026

Ռուսական ապատեղեկատվական արշավը Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների շուրջ

 ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ

22.052026/Նիդ.օրագիր/ Գր. Հովսեփյան

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը դարձել է ռուսական տեղեկատվական ազդեցության  ես կասեի ամենաակտիվ թիրախներից մեկը։ Միջազգային հետազոտական կենտրոնները, եվրոպական կառույցները և մեդիա մոնիթորինգի կազմակերպությունները վերջին ամիսներին արձանագրում են համակարգված ապատեղեկատվական արշավ, որի հիմնական նպատակը Հայաստանի ներքաղաքական դաշտի ապակայունացումն ու հանրային վստահության քայքայումն է։ 

Ընտրությունները այս պայմաններում վերածվել են ոչ միայն քաղաքական մրցակցության, այլ նաև աշխարհաքաղաքական բախման հարթակի։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները փորձում են խորացնել հարաբերությունները Եվրոպական միության և Արևմուտքի հետ, մյուս կողմից՝ Կրեմլը ձգտում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ օգտագործելով տեղեկատվական պատերազմը որպես հիմնական գործիք։ 

Ապատեղեկատվության նոր ճարտարապետությունը

Վերջին տարիներին ռուսական տեղեկատվական գործողությունները զգալիորեն փոխվել են։ Եթե նախկինում քարոզչությունը հիմնականում իրականացվում էր պետական հեռուստաալիքների կամ պաշտոնական մեդիայի միջոցով, ապա այժմ կիրառվում են ավելի բարդ և դժվար հայտնաբերվող մեխանիզմներ՝

Telegram-ի անանուն ցանցեր,

Facebook/X համակարգված էջեր,

TikTok-ի վիրուսային կարճ տեսանյութեր,

AI-ով ստեղծված deepfake բովանդակություն,

և կեղծ լրատվական կայքեր, որոնք նմանակում են վստահելի մեդիա հարթակներին։ 

Հետազոտողները նշում են, որ Հայաստանում արձանագրված տեղեկատվական արշավները կառուցվածքով նման են Մոլդովայում, Վրաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում նախկինում կիրառված ռուսական ազդեցության մեթոդներին։ 

Եվրոպական մեդիա մոնիթորինգի տվյալներով՝ Հայաստանի դեմ իրականացվող գործողությունները «վերջին տարիների ամենածավալուններից» են։ 

Գլխավոր նարատիվները

Ռուսական և ռուսամետ տեղեկատվական ցանցերը Հայաստանում տարածում են մի քանի առանցքային թեզեր, որոնք կառուցված են վախի, անվստահության և բևեռացման վրա։

«Արևմուտքը Հայաստանը տանում է պատերազմի»

Այս նարատիվը ներկայացնում է Հայաստանի եվրոպական ինտեգրացիան որպես ուղղակի սպառնալիք ազգային անվտանգությանը։ Հանրությանը համոզում են, թե ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի Ռուսաստանի հետ կամ Հայաստանի ներքաշմանը գլոբալ հակամարտությունների մեջ։ 

Տարածվում են պնդումներ, թե արևմտյան կառույցները վերահսկում են Հայաստանի քաղաքական որոշումները, ընտրությունները և խաղաղության գործընթացը։ Այս թեզի նպատակը պետական ինստիտուտների նկատմամբ անվստահության խորացումն է։

«300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում»

Վերջին ամիսների ամենաագրեսիվ տեղեկատվական նարատիվներից մեկը վերաբերում է «300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխելու ծրագրին»։ Թեման լայնորեն շրջանառվում է ռուսամետ մեդիայի, Telegram ալիքների և որոշ քաղաքական շրջանակների կողմից՝ առանց փաստական ապացույցների կամ պետական հաստատումների։

Այս քարոզչական մեխանիզմը կառուցված է ժողովրդագրական վախի վրա․ մեծ թիվ → հուզական արձագանք → հանրային խուճապ → քաղաքական բևեռացում։

Փաստերի ստուգմամբ զբաղվող հայկական հարթակները բազմիցս նշել են, որ նման ծրագրի գոյությունը չի հաստատվել որևէ պաշտոնական աղբյուրով։ 

Ինչու է Հայաստանը դարձել առաջնային թիրախ

Ռուսաստանի համար Հայաստանը միայն դաշնակից պետություն չէ։ Այն Հարավային Կովկասում ռազմավարական հենակետ է՝ ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցության տեսանկյունից։

Սակայն վերջին տարիներին Երևանը սկսել է աստիճանաբար վերանայել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հատկապես 2023 թվականի Արցախյան իրադարձություններից հետո, երբ հայկական հասարակության զգալի հատվածում ձևավորվեց համոզմունք, որ Ռուսաստանը չի ապահովել Հայաստանի անվտանգությունը։ 

Այս ֆոնին Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը Եվրոպական միության հետ, քննարկվում են տնտեսական, էներգետիկ և նույնիսկ վիզային ազատականացման ծրագրեր։ 

Հենց այս աշխարհաքաղաքական վերադասավորումն է, ըստ փորձագետների, դարձել ռուսական տեղեկատվական հարձակումների հիմնական պատճառը։

Տեղական ռուսամետ ցանցերի դերը

Ռուսական ազդեցությունը Հայաստանում գործում է ոչ միայն արտաքին աղբյուրների միջոցով, այլ նաև տեղական մեդիա և քաղաքական ենթակառուցվածքների օգնությամբ։

Տեղական ռուսամետ կայքերը, քաղաքական մեկնաբանները և որոշ ընդդիմադիր շրջանակներ հաճախ վերարտադրում են նույն նարատիվները, որոնք ավելի վաղ հայտնվում են ռուսական մեդիա դաշտում։ Այդ մեխանիզմը ստեղծում է «ներքին օրակարգի» պատրանք, մինչդեռ տեղեկատվական ուղերձների աղբյուրը հաճախ արտաքին է։

Միաժամանակ ակտիվացել են նաև քաղաքական ուժերը, որոնք բացահայտորեն պաշտպանում են Ռուսաստանի հետ սերտ ինտեգրացիան և քննադատում Հայաստանի արևմտյան ուղղությունը։ 

Եվրոպայի արձագանքը

Եվրոպական միությունը վերջին ամիսներին սկսել է ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Բրյուսելը հայտարարել է հատուկ թիմերի ստեղծման մասին, որոնք պետք է աջակցեն Հայաստանին՝ հակազդելու կիբերհարձակումներին, արտաքին միջամտությանը և ապատեղեկատվությանը։ 

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Kaja Kallas-ը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է «իրենց ապագան ընտրեն առանց արտաքին միջամտության»։ 

Այս հայտարարությունները փաստում են, որ Հայաստանի ընտրությունները միջազգային մակարդակում արդեն դիտարկվում են ոչ միայն ներքին քաղաքական գործընթաց, այլ նաև ժողովրդավարական դիմակայության փորձություն ռուսական ազդեցության դեմ։

Տեղեկատվական պատերազմի իրական նպատակը

Փորձագետների կարծիքով՝ նման արշավների նպատակը միշտ չէ, որ կոնկրետ թեկնածուի հաղթանակն է։ Ավելի կարևոր է հասարակության ներսում մշտական անվստահության և քաոսի մթնոլորտ ստեղծելը։

Երբ մարդիկ սկսում են կասկածել․

ընտրությունների արդարությանը,

պետական ինստիտուտներին,

մեդիային,

դիվանագիտական գործընթացներին,

նույնիսկ փաստերի գոյությանը,

տեղեկատվական պատերազմը արդեն հասել է իր նպատակին։

Հայաստանը այսօր կանգնած է ոչ միայն քաղաքական ընտրության, այլ նաև տեղեկատվական ինքնիշխանության պաշտպանության խնդրի առաջ։ Եվ որքան ավելի բևեռացված է դառնում հանրային դաշտը, այնքան ավելի արդյունավետ են աշխատում արտաքին ազդեցության մեխանիզմները։ Հայ մարդը դա պետք է գիտակցի և չտրվի ռուսական շահերին,  որը Թուրքիայի հետ իրականացրեց  44 օրյա պատերազմի օրակարգը։

Wednesday, 20 May 2026

Ամատունիներից` Պապիկս


 Նիդ.օրագիրը նախագիծ է վարում` նվիրված Ամատունիների ազնվական տոհմին։ Նախագիծը նամակ է ստացել ԵԼԵՆ ԱՄԱՏՈւՆՈւՑ։ Նա գրում է` Ամատունիներից Պապիկս… 🖤🧬 

Հայաստանի ջրամբարների հիմքը....

Մարտուն Ամատունին ծնվել է 1929թ. հոկտեմբերի 10-ին Աշտարակի շրջանի Օշական գյուղում: 1948թ.ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորատիվ ֆակուլտետը, որն ավարտել է 1953թ.:

  1954 թվից Մ. Ամատունին աշխատել է Հայաստանի Հանրապետության մելիորացիայի և ջրային տնտեսության նախարարության «Հայպետջրնախագիծ» ինստիտուտում, որտեղ կատարել է նախագծող-ինժեների , գլխավոր մասնագետի,  բաժնի պետի տեղակալի պարտականություններ, իսկ 1965-89թթ մեխանիկական ոռոգման բաժնում վարում էր  նախագծի գլխավոր ինժեների պաշտոնը:

 ✨Աշխատանքային  գործունեության առաջին տարիներին նա մասնակցել է Արտաշատի ջրանցքի երեսպատման, Նոյեմբերյանի շրջանի Զեյթունի տնտեսության հողերի ոռոգման պոմպակայանի, հանրապետության հեռանկարային ոռոգման սխեմայի նախագծի կազմման, իսկ այնուհետև՝ հանրապետությունում նոր սկսված բարձր լեռնային շրջանների՝ Արագածի և Գեղամա լեռների արոտավայրերի ջրարբիացման համակարգերի նախագծման աշխատանքներին:

 💧Մ.Ամատունին ղեկավարել է Ապարանի, Մանթաշի, Վարդաքարի ջրամբարների նախագծման աշխատանքները, միաժամանակ մինչև շինարարության ավարտը կատարելով հեղինակային վերահսկողության պարտականությունները: Նրա ղեկավարությամբ են կազմվել Ազատի ջրամբարի տեխնիկական նապագծի և աշխատանքային գծագրերի կազմման առաջին փուլի նախագծման աշխատանքները:

 💧Մ. Ամատունին է հանդիսանում Գուգարքի շրջանում Վահագնիի, Սիսիանում յոթ պոմպակայանների, Կապսի և Հոկտեմբերյանի ջրամբարների պոմպակայանների համակարգի նախագծային աշխատանքների հեղինակը:

 Նա է Մյասնիկյանի ջրամբարի տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի գլխավոր ինժեները:

 🇨🇺1975-77թթ. Մ. Ամատունին գտնվել է աշխատանքային գործուղման մեջ՝ Կուբայի Հանրապետությունում, որտեղ նրա կողմից իրականացվել են երեք ոռոգիչ համակարգերի տեխնիկատնտեսական  հիմնավորման և աշխատանքային գծագրերի կազմման աշխատանքները 84465 հեկտար հողատարածությունների համար: Նա մասնակցություն է ունեցել տեղական պայմաններում կիրառելի ոռոգման և չորացման ցանցի նախագծման համար հրահանգի կազմման աշխատանքներին:

 🎖️Մ. Ամատունին բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերի և պարգևատրվել երկու մեդալով, ինչպես նաև ընթացիկ ճշգրիտ աշխատանքների և ժամկետից շուտ հանձնված աշխատանքների  համար բազմաթիվ շնորհակալագրերի:

 Նա մահացել է Երևանում 1989թ. մայիսի 16-ին

Monday, 18 May 2026

Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են մասնակցել ընտրություններին

Բրյուսելից գրառում 


18.05.2026/ Նիդ օրագիր/Լիանա Բալյան

Նիդերլանդներում և Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայերի համար յուրաքանչյուր ընտրությունից առաջ կրկին արդիական է դառնում նույն հարցը՝ արդյո՞ք արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները կարող են մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ առանց Հայաստան մեկնելու։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել փաստաբան Լիանա Բալյանը, (Liana Balyan )   ով մեր հարթակում հաճախ է հանդես գալիս իրավական և հանրային կարևոր հարցերի մեկնաբանություններով։

Ըստ գործող օրենսդրության՝ եթե դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք և մշտապես կամ ժամանակավորապես բնակվում եք արտերկրում, ապա ներկայումս չեք կարող մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին դեսպանատներում կամ արտերկրում գործող ընտրատեղամասերում։

Հայաստանում ընտրական գործընթացը հիմնականում կազմակերպվում է միայն ՀՀ տարածքում, ինչը նշանակում է, որ ընտրությանը մասնակցելու համար քաղաքացին պետք է անձամբ գտնվի Հայաստանում և քվեարկի համապատասխան ընտրատեղամասում։

Օրենքով նախատեսված են միայն որոշ բացառություններ։ Հատուկ կարգով քվեարկելու իրավունք ունեն՝

դիվանագիտական ծառայողները,

արտերկրում ծառայություն իրականացնող զինվորականները,

որոշ պետական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները։

Այս խմբերի համար գործում է առանձնացված ընթացակարգ։

Մյուս բոլոր դեպքերում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները, անկախ բնակության երկրից, ընտրությանը մասնակցելու համար պետք է մեկնեն Հայաստան։

Իրավական հիմքը՝

ՀՀ Ընտրական օրենսգիրք (ընդունվել է 2011 թվականին, ուժի մեջ է մտել 2012-ից՝ հետագա փոփոխություններով)։


Մաստրիխտում ամեն տարի մայիսին մեծ հանդիսավորությամբ նշվում է քաղաքի հովանավոր հայազգի սրբի՝ Saint Servatius-ի հիշատակը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ

Մաստրիխտում (Maastricht) ամեն տարի մայիսին մեծ հանդիսավորությամբ նշվում է քաղաքի հովանավոր հայազգի սրբի՝ Saint Servatius-ի հիշատակը։ Այս օրերին տեղի են ունենում պատարագներ, ուխտագնացություններ և հանդիսավոր քայլերթեր, որոնք դարավոր ավանդույթ ունեն և կարևոր տեղ են զբաղեցնում Նիդերլանդների կաթոլիկ հոգևոր կյանքում։

Այս տարվա՝ 2026 թվականի մայիսի 17-ին, Սուրբ Սերվատիուսի տաճարում՝ Basilica of Saint Servatius, առավոտյան ժամը 10:30-ին սկսվել է հանդիսավոր պատարագը, որն ավարտվել է մոտավորապես 11:30-ին։ Այնուհետև սկսվել է ավանդական քաղաքային քայլերթը (Stadsprocessie), որի ընթացքում սրբի մասունքները՝ պահված միջնադարյան ոսկեզօծ մասունքատուփում («Noodkist»), դուրս են բերվել տաճարից և հանդիսավոր երթով տարվել քաղաքի միջով դեպի Basilica of Our Lady

Քայլերթը տևել է մոտ մեկ ժամ և անցել է Մաստրիխտի պատմական կենտրոնով։ Սրբի մասունքները հավատացյալները կրում են ուսերի վրա՝ ի նշան հարգանքի և նվիրումի։ Ըստ տեղական ավանդության՝ այս մասունքատուփը դարեր շարունակ քաղաքով անցկացվել է պատերազմի, ժանտախտի կամ այլ փորձությունների ժամանակ՝ աղոթելով քաղաքի պաշտպանության համար։

https://youtu.be/SavWlOnA2vw

Մարիամ Աստվածածնի տաճարում կատարվում է կարճ աղոթք և օրհնության արարողություն, որից հետո սրբի մասունքները որոշ ժամանակ մնում են այնտեղ, ապա մի քանի օր անց կրկին վերադարձվում են Սուրբ Սերվատիուսի տաճար։

Հատկանշական է, որ այս արարողակարգին արդեն շուրջ 28 տարի մասնակցում է նաև Մաստրիխտի հայկական համայնքը և Armenian Church of Surp Karapet եկեղեցին։ Տեղի հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսի խոսքով՝ հայ համայնքի անդամները մասնակցում են սրբի մասունքների տեղափոխությանը՝ ուսերի վրա կրելով այն մոտ 2.5 կմ ճանապարհի ընթացքում։ Սա դարձել է հայ համայնքի և Մաստրիխտի կաթոլիկ համայնքի բարեկամության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ։

Սուրբ Սերվատիուսը համարվում է Մաստրիխտի առաջին եպիսկոպոսը։ Ավանդության համաձայն՝ նա ծնվել է Հայաստանում կամ Հայաստանի հետ կապված տարածաշրջանում և 4-րդ դարում քրիստոնեությունը տարածել է ներկայիս Նիդերլանդների ու Բելգիայի տարածքներում։ Նրա գերեզմանը գտնվում է Սուրբ Սերվատիուսի տաճարի ներքնահարկում, որն այսօր էլ կարևոր ուխտատեղի է հազարավոր հավատացյալների համար։ Հիշատակի միջոցառումներին մասնակցում են նաև Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու դպիրները՝ իրենց ներկայությամբ արժևորելով հայ համայնքի հոգևոր կապը Սուրբ Սերվատիուսի ժառանգության հետ:

Այս տարի մի հետաքրքիր բացահայտում էլ արեցինք: Իտալական Անկոնա քաղաքի սուրբը , որի անունը Կիրակոս է, նույնպես եկել է արևելքից և հավանաբար հայ է: Ցավոք Անկոնայում հայեր գրեթե չեն ապրում: Նրա ու Անկոնա քաղաքի մասին ֆեյսբուքյան էջում ռեպորտաժ ենք  պատրաստել



Sunday, 17 May 2026

Մեր ֆեյսբուքյան 2026թ. մայիս ամսվա լրատու


                                           

Մայիսի 17-ին իր ծննդյան տարեդարձն է նշում Նիդերլանդների Թագուհի Máxima-ն։
Նիդերլանդահայ համայնքը միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով Թագուհուն առողջություն, երջանկություն և հաջողություններ։

Vandaag viert Koningin Máxima haar verjaardag.
De Armeense gemeenschap in Nederland sluit zich aan bij de felicitaties en wenst Hare Majesteit gezondheid, geluk en veel succes toe.
Լուս.` Թագավորական տան կայքից

Ամստերդամում․ Shushiki Band-ը և Սուրբ Հոգի երգչախումբը համատեղ մայիսի 31-ին, ժամը 15:00-ին, հանդես կգան համատեղ համերգով, այդ մասին հայտնում է Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam  կայքը։  Հայկական հոգևոր ու մշակութային կյանքում սպասվում է յուրահատուկ երաժշտական իրադարձություն։  հայկական ժողովրդական և էթնո երաժշտությամբ հայտնի Shushiki Band-ը և Surp Hoki Choir երգչախումբը ներկայացնելու են հայկական մեղեդիներով, ժողովրդական երգերով և հայրենիքի ջերմությամբ լի համերգային ծրագիր։





Ցավալի է, բայց Eurovision Song Contest 2026-ում Հայաստանը ներկայացնող Սիմոն Հովհաննիսյանը չկարողացավ անցնել մեծ եզրափակիչ՝ չնայած «Paloma Rumba»-ի էներգետիկ ու հիշվող ելույթին։

Սակայն սա արդեն մեծ քայլ էր․ Սիմոնը կարողացավ միջազգային բեմում ներկայացնել հայկական երաժշտությունն ու հայկական ներկայությունը՝ համադրելով լատինական ռիթմերը և հայկական խարիզման։ Սփյուռքի ու Հայաստանի աջակցությունը նույնպես զգացվեց ամբողջ քարոզարշավի ընթացքում։

Եվրատեսիլը հաճախ անկանխատեսելի մրցույթ է․ երբեմն նույնիսկ ամենաուժեղ բեմադրություններն ու սիրված երգերը չեն անցնում եզրափակիչ։ Բայց նման ելույթները մնում են մարդկանց հիշողության մեջ և նոր հնարավորություններ են բացում արտիստի համար։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին, տարածեցին ու աջակցեցին Հայաստանին։ 

15 մայիսի

Ցավալի լուր է։

Կյանքից հեռացել է Նիկոլայ Ծատուրյանը՝ հայ թատրոնի և մշակույթի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։

Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնել է նրա մահվան մասին՝ ցավակցություն հայտնելով ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Նիկոլայ Ծատուրյանը մեծ ներդրում ուներ հայկական թատրոնի զարգացման գործում՝ որպես ռեժիսոր, բեմադրիչ և արվեստագետ։ Նրա բեմադրությունները և գործունեությունը կարևոր հետք են թողել հայկական մշակութային կյանքում։

Խորին ցավակցություններ նրա ընտանիքին, հարազատներին և արվեստասեր հանրությանը։

Մայիսի 14-ը Ռոտտերդամի պատմության ամենածանր օրերից մեկն է։

14.05.2026/ Anahit Aghabekyan/Nid.oragir

Ռոտտերդամի ռմբակոծությունը Նիդեռլանդների պատմության ամենածանր իրադարձություններից մեկն էր Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ։ 1940 թվականի մայիսի 14-ին Ռոտտերդամ քաղաքի կենտրոնը ծանր ռմբակոծության ենթարկվեց գերմանական օդուժի կողմից՝ 

Մոտավորապես ժամը 13:27-ից մինչև 13:40-ը գերմանական ռմբակոծիչ ինքնաթիռները հարյուրավոր ռումբեր նետեցին քաղաքի վրա։ Ընդամենը 15 րոպեի ընթացող պայթյունների և դրանց հետևանքով առաջացած հրդեհների պատճառով քաղաքի պատմական կենտրոնը գրեթե ամբողջությամբ ավերվեց։ Շատ տներ, խանութներ, եկեղեցիներ և պատմական շենքեր ոչնչացվեցին։

Հետևանքները աղետալի էին․

711 մարդ զոհվեց։

Մոտ 80,000 բնակիչ մնաց անտուն։

Հին պատմական քաղաքի մեծ մասը ամբողջությամբ վերացավ։

Ռմբակոծությունից հետո Նիդեռլանդները շուտով կապիտուլացվեց, քանի որ վախ կար, որ մյուս քաղաքներն էլ կարող էին նույն ճակատագրին արժանանալ։

Այսօր Ամայացած քաղաք հուշարձանը (De verwoeste stad), և Ռոտերդամը 1940-1945թթ. և հիմա թանգարանը հիշեցնում են այդ ողբերգության և Ռոտտերդամի վերածննդի մասին։ 

Հայկական տոնավաճառը վերադառնում է Բրյուսել

Մայիսի 31-ին Բրյուսելում կրկին տեղի կունենա հայկական մշակույթին նվիրված ամենասիրված միջոցառումներից մեկը՝ Հայկական տոնավաճառը։ Անցյալ տարվա ջերմ և անմոռանալի մթնոլորտից հետո կազմակերպիչները նորից հրավիրում են բոլորին միասին բացահայտելու հայկական մշակույթի բազմազանությունն ու գեղեցկությունը։

Հոլանդացի երիտասարդ դիվանագետները եղել են Հայաստանում:

 Այդ մասին հայտնում է ( Embassy of the Netherlands in Armenia ) Հայաստանում Նիդերլանդների դեսպանության կայքը :

Մայիսի 12-ին ՔԶԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը և ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև կամավոր ֆինանսական հատկացման մասին համաձայնագիրը։  

Հայաստանի հատկացրած ֆինանսական աջակցությունը կուղղվի Սիրիայում ՔԶԱԿ առաքելությունների հավատարմագրային հիմնադրամին և ՔԶԱԿ Քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը

Բոնեյրե, 12 մայիսի, 2026 — Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը Կարիբյան ծովի Բոնեյրե կղզում կատարած պաշտոնական այցի ընթացքում հանկարծակի հոսպիտալացվել է՝ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով, որը, ըստ նախնական տվյալների, կարող էր առաջանալ ծովում լողալու ժամանակ անհայտ կենդանու խայթոցից։

Միջադեպը տեղի է ունեցել հանգստի ընթացքում, երբ վարչապետը գտնվել է ջրում։ Կարճ ժամանակ անց նա սկսել է զգալ սուր ալերգիկ ախտանշաններ և անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։

ԻՆՉ ԿԱ ՉԿԱ ԱՇԽԱՐՀՈւՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈւՄ` ԱՅՍՕՐ

12.05.2026

Ահա 2026թ. մայիսի 12-ի ամենակարևոր միջազգային լուրերից մի քանիսը, որ զետեղվել են մեր ֆեյսբուքյան էջում: Հղումը`

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0z11imk7Vask8fSoADS87C3AEyHGNacLgs5KAU58pNyYDe4Ku1dn7zVRFvMz8ssStl

                                   

Այսօր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը մասնակցեց Եվրոպայի օրվա տոնակատարությանը Ազատության հրապարակում։ 

🧡 Դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը մեր տաղավարում ջերմ զրույցներ ունեցավ մասնակիցների հետ՝ ներկայացնելով Նիդերլանդների ավանդույթները և Հայաստանում իրականացրած ծրագրերը։ 

Ուրախ ենք, որ այս հատուկ օրը կիսել ենք ձեզ հետ՝ միասին հաստատելով մեր հավատարմությունը ընդհանուր եվրոպական արժեքներին։

Հռոմի հայ համայնքին մէջ՝ երիտասարդներու մկրտութիւն եւ տօնական համախմբում

 Մայիս 9-ին, Հռոմի Սուրբ Վլաս եկեղեցւոյ մէջ, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան՝ Վատիկանի մօտ ներկայացուցիչ Գերաշնորհ Տէր Խաժակ Արք. Պարսամեանի օրհնութեամբ եւ ձեռամբ, Մկրտութեան խորհուրդին արժանացան Հայաստանէն Հռոմ եկած եւ բարձրագոյն ուսում ստացող հինգ ուսանողուհիներ։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0rWaJYJ8vh7nf5ZZ17wdo7K4UtzkMw8rADQEf28YMzgTrGT97saLXULkA1NErK8Fwl




Լեուսդենի Խորհրդային պատվո գերեզմանատանը հարգանքի տուրք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակին

10.05.2026/Նիդ օրագիր

Այս շաբաթ աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձը։ Այդ առիթով մայիսի 9-ի առավոտյան Նիդերլանդների Լեուսդեն քաղաքում գտնվող Sovjet Ereveld խորհրդային պատվո գերեզմանատանը տեղի ունեցավ հիշատակի հանդիսավոր արարողություն՝ ծաղկեպսակների և ծաղիկների զետեղմամբ։

Գերեզմանատանը ամփոփված են Կարմիր բանակի 860 զինվորներ, որոնք զոհվել կամ մահացել են Նիդերլանդներում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանցից 28-ը հայ զինվորներ են, որոնց հիշատակը տարիներ շարունակ առանձնահատուկ խնամքով պահպանվում է տեղի հայկական համայնքի և մի շարք կազմակերպությունների կողմից։

2020 թվականից ի վեր  Stichting Sint Grigor Narekatsi   և   Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam կազմակերպությունները որդեգրել են հայ զինվորների յոթ գերեզմաններ՝ ստանձնելով դրանց պահպանության և հիշատակի միջոցառումների կազմակերպման պատասխանատվությունը։

Տարիներ շարունակ զոհված զինվորների հարազատների որոնմամբ զբաղվում է Stichting Sovjet Ereveld հիմնադրամը, որի գործունեությունը կարևոր դեր ունի պատմական հիշողության պահպանման և սերունդներին պատերազմի ողբերգական էջերը փոխանցելու գործում։

Այրարողության ընթացքում հուշակոթողի մոտ ծաղկեպսակ զետեղեց նաև Ամստերդամի հայկական համայնքի ներկայացուցիչը։ Հայ զինվորների շիրիմներին դրվեցին ծաղիկներ՝ ի նշան երախտագիտության և հավերժ հիշատակի։

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ում

Մեր թղթակից, նույն համալսարանի դոցենտ  ԲԳ թեկնածու Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հայտնում է.

2026 թվականի մայիսի 8-ին Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ լիբանանցի գործարար և գրող Նիկոլաս Աբու Ֆեյսալի «Հայաստան... մահ և վերածնված կյանք» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը համախմբել էր դիվանագիտական, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների՝ դառնալով հայ-լիբանանյան բարեկամության և մշակութային համագործակցության կարևոր հարթակ։

Գիրքը ներկայացնում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմական հիշողությունը, ազգային դիմակայունությունն ու քրիստոնեական ինքնությունը՝ անդրադառնալով նաև հայ ժողովրդի համաշխարհային ներդրմանը տարբեր ոլորտներում։


ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց գրքի դերը՝ որպես Հայաստանի և Լիբանանի միջև մշակութային կամուրջ։ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ խորհրդանշական է՝ Լիբանանի դեսպանի առաջին այցը ֆակուլտետ համընկել է հենց այս գրքի շնորհանդեսի հետ։

ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադդադը վերահաստատեց կրթական և մշակութային համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ընդգծելով կրթաթոշակային ծրագրերի և ակադեմիական փոխանակումների կարևորությունը։

Հեղինակ Նիկոլաս Աբու Ֆեյսալը, որն արդեն շուրջ մեկ տասնամյակ բնակվում է Հայաստանում, նշեց, որ գիրքը գրվել է սիրով և նվիրված է արաբ ընթերցողներին՝ նպատակ ունենալով ներկայացնել հայկական քաղաքակրթության արժեքներն ու հոգևոր ուժը։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված մի շարք արաբական երկրների դեսպաններ և լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ։

09.05.2026/Նիդ.օրագիր

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովն ահազանգում է՝ Արցախի խորհրդանիշներից մեկը՝ Մենք ենք մեր սարերը, կանգնած է հիմնահատակ ոչնչացման վտանգի առաջ։

Հայտնի նաև որպես «Տատիկ-պապիկ» կամ արևմտահայերեն տարբերակով՝ «Մամիկ և Պապիկ», հուշարձանը հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության ամենաճանաչված խորհրդանիշներից է։ Այն ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից

Հղում` https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0ZCppcp1RtVqSocNjKm3dTGWAicn8dhT535SFGR2brgPiCZzaWUWjJCswoGSaV47sl

Ֆիլմ Շուշիի մասին

08.05.2026/Նիդ.օրագիր

Այս պահին Երևանում կինոտան լեփ-լեցուն դահլիճում հանրությունը սրտատրոփ սպասում է Շուշիին նվիրված ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը։ Ֆիլմի հովանավոր՝ Մոսկվայի «ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունը, դրա ղեկավար Յուրի Նավոյանը, ինչպես նաև ֆիլմի ստեղծմանը մասնակցած ու այն կյանքի կոչած անձինք արժանացան ջերմ ընդունելության։

Մեր թղթ Նաիրա Գասպարյանը լուսանկարներ է ուղարկել:




Նիդերլանդական օրագրի https://www.nidoragir.com/  կայքը  հատեց մեկ մլն ընթերցողների թիվը:

Հավելենք, որ նույնանուն ֆեյսբուքյան էջը ևս բավականին  լսարան ունի, որի բաժանորդների թիվն անցնում է 50 հազարը:

Նիդ.օրագիրը այն եզակի լրատվամիջոցներից է, որ համապարփակ ու հանգամանալի արդեն 14 տարի լուսաբանում Նիդերլանդահայ համայնքի կյանքը:

Ընդհանուր առմամբ, ըստ անկախ աղբյուրների գնահատականի` այն համարվում է անկախ և նվիրված հոլանդահայ համայնքի ձայնը, որն օգնում է պահպանել հայկական ինքնությունը սփյուռքում և կապը Հայաստանի հետ։

------                    

Հրավիրում ենք  Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ուշադրությանը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 5-ին ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Նիդերլանդների իշխող կուսակցության կենտրոնակայանում պայթյուն է տեղի ունեցել

2026 թվականի մայիսի 7-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել խորհրդարանում ներկայացված խոշորագույն քաղաքական ուժերից մեկի՝ Democrats 66 (D66) կուսակցության կենտրոնակայանում։ Դեպքի հետևանքով, նախնական տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան, սակայն շենքը ստացել է նյութական վնասներ։

Նիդերլանդների ոստիկանության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21:00-ին։ Իրավապահները դեպքից անմիջապես հետո ձերբակալել են մեկ կասկածյալի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ օգտագործվել է հրավառության նյութերից պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք, որը նետվել է շենքի մուտքի մոտ գտնվող փոստարկղի մեջ։

Նիդերլանդների վարչապետ և D66 կուսակցության առաջնորդ Rob Jetten-ը կատարվածը որակել է որպես «վախկոտ ահաբեկման գործողություն»՝ ընդգծելով, որ բռնությունն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։

Հիշեցնենք, որ կենտրոնամետ և պրոեվրոպական D66 կուսակցությունը վերջին ընտրություններում կարևոր հաղթանակ էր տարել՝ առաջ անցնելով Geert Wilders-ի գլխավորած աջակողմյան քաղաքական ուժերից։ Կուսակցության գրասենյակը նախկինում ևս ենթարկվել էր հարձակումների հակաիմիգրացիոն բողոքի ակցիաների ընթացքում։

Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է։

Աղբյուր՝ Reuters

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով (Grand Officier de la Legion D'honneur):«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի 2-րդ բարձրագույն շքանշանն է՝ Մեծ Խաչից հետո: Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով պարգևատրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը:

ՄԵՐ ՈւԺԵՂՆԵՐԸ

Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Աննա Ամրոյանը լարված պայքարում հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոնին և փոխչեմպիոնին՝ դառնալով երկամարտի ոսկե մեդալակիր

ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ 

«Սբ. Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը մայիսի 30-ին Ամստերդամի Pathé Noord կինոթատրոնում կազմակերպում է «Yerevan Blues 2: Yerevaniada» ֆիլմի ցուցադրությունը։ Ցուցադրությունից հետո տեղի կունենա հանդիպում ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանի հետ, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա հարցեր ուղղել հայտնի հայ արվեստագետին։

https://www.facebook.com/share/p/1J42ZXot6M/

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կայքի տեղեկացմամբ`  ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը մասնակցել է «Yerevan Dialogue 2026» միջազգային ֆորումին, որն անցկացվում է մայիսի 5-6-ը Երևանում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո։

Դեսպանը ներկա է գտնվել «Եվրոպան՝ իշխանության և գերիշխանության նոր ձևերի միջև. աշխարհաքաղաքական գործակալությունը մասնատվող աշխարհում» խորագրով քննարկմանը, որն անցկացվել է BSF-ի հետ համատեղ։

 Քննարկման կենտրոնում էր Եվրոպայի կարողությունը՝ պահպանելու իր արժեքները և աշխարհաքաղաքական դերակատարումը մի դարաշրջանում, երբ համաշխարհային գործընթացները մեծապես պայմանավորված են տեխնոլոգիական առաջընթացներով։ 

05 մայիսի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս տեսանյութը կիսվել է իր էջում՝ ընդամենը մեկ բառով. «Շնորհակալություն»։  Նա նաև հրապարակել է Գյումրիից մեկ այլ տեսանյութ, որին ուղեկցել է հետևյալ խոսքերը՝ «Ֆրանսիան սիրում է ձեզ»։ 🫶

Եվ մենք ցանկանում ենք պատասխանել նույն սիրով.

մենք նույնպես սիրում ենք Ֆրանսիան, երկիր, որը դարձել է հույսի և լույսի տուն, որը բաց ձեռքերով ընդունեց մեր մեծ Ազնավուրին և հնարավորություն տվեց նրան նվաճել աշխարհը իր արվեստով։

Այս սերը փոխադարձ է, խորը և անկեղծ. այն ապրում է մեր սրտերում և դեռ ապրելու է

https://youtube.com/shorts/7XW3HfoBm_Y?feature=share

Մայիսի 4-ին, Նիդերլանդներում նշվում է Ազգային հիշատակի օրը՝ Nationale Dodenherdenking

Սա շատ կարևոր և խորապես հարգված օր է երկրում։
Ինչ է տեղի ունենում այս օրը
Ժամը 20:00-ին ողջ երկրում հայտարարվում է երկու րոպե լռություն՝ ի հիշատակ բոլոր զոհերի։
Հանրային տրանսպորտը կանգ է առնում, մարդիկ դադարում են շարժվել-փողոցներում ամեն ինչ լռում է։
Դրանից հետո հնչում է Նիդերլանդների օրհներգը՝ Wilhelmus։
Կենտրոնական արարողություն Ամստերդամում
Հիմնական միջոցառումը տեղի է ունենում Dam Square հրապարակում։
Արարողությունը կենտրոնացած է National Monument on Dam Square հուշարձանի շուրջ։
Մասնակցում են Willem-Alexander թագավորը, Queen Máxima թագուհին և վարչապետը։
Տեղի է ունենում ծաղկեպսակների զետեղում և հիշատակի խոսքեր։
Ուղիղ հեռարձակում
Արարողությունը հեռարձակվում է ազգային հեռուստատեսությամբ և առցանց հարթակներով, որպեսզի ողջ երկիրը կարողանա միանալ հիշատակին։
Հատկանշական է
Այս օրը կենտրոնանում է ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի, այլ նաև հետագա բոլոր ռազմական հակամարտությունների ընթացքում զոհվածների հիշատակին։