The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 25 May 2026

Պոլսի հայադրոշմ հոգին և արվեստի դիվանագիտությունը Երևանում. Լևոն Լաճիկյանի «Բանաստեղծական Պոլիսը»


Նաիրա Գասպարյան բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ 

ՆիդՕրագրի համար

Արդի հայ մտավոր-մշակութային կյանքի երևելի դեմքերից մեկի՝ անվանի գեղագետ, արվեստաբան և նկարիչ Լևոն Լաճիկյանի արվեստը հերթական անգամ կամրջեց պատմական անցյալն ու ներկան, այս անգամ՝ Մայր Հայաստանի սրտում։ 

Մայիսի 19-ից 22-ը ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Երևան, Մելիք-Ադամյան փ., 2/2) տեղի ունեցավ արվեստագետի «Պոլիսն իմ աչքերով» խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Ցուցահանդեսում ներկայացված էին հին ու նոր Պոլիսը և վերջինիս հայկական հարուստ ժառանգությունը՝ հեղինակի նուրբ ու բացառիկ գծանկարներով ու գեղանկարներով։ Դրանք ցոլանքն էին Պոլսո հնամենի թաղամասերի, եկեղեցիների, Պալյանների ճարտարապետական հանճարի և Բոսֆորի նեղուցը զարդարող հոյակերտ ու հայակերտ կառույցների։

Այս ձեռնարկը պատահական չէր ընտրել իր հարկը. Լևոն Լաճիկյանի և ՀԲԸՄ-ի (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն) համագործակցությունն ունի խորքային, գաղափարական արմատներ։ Ինչպես հայտնի է, ՀԲԸՄ-ն, ստեղծված լինելով 1906-ին Կահիրեում, իր առաջին առաքելությունն իրականացրել է Թուրքիայում՝ սատար կանգնելով Աբդուլհամիդյան ջարդերին ենթարկվածներին։  

Պոլիսը՝ որպես արվեստի քրիստոնեական գոբելեն

Ցուցահանդեսի բացումն ուղեկցվեց հեղինակի «Պոլիսը և հայերը» բովանդակալից բանախոսությամբ, որն այցելուներին ասես ոգեղեն մի մեքենայով տեղափոխեց Պոլսի և այդ կայսերական քաղաքում հայոց ներկայության պատմական ակունքներ։ Պարոն Լաճիկյանն իր ելույթում հմտորեն հյուսեց հայոց արվեստի պատմությունը՝ ընդգծելով, որ դեռևս Կոստանդինոս մեծ կայսեր օրոք ստեղծվել էին նպաստավոր պայմաններ ստեղծագործական կյանքի ծաղկման համար։ 

Իսկ ինչո՞ւ ընտրվեց հենց Պոլիսը. որովհետև այդ քաղաքի ողջ ճարտարապետությունն ու մյուս արվեստները կարծես մեկ ամբողջական, շքեղ պատկերի համար «գոբելենի» դեր էին կատարում։ Պոլիսը հենց այն յուրօրինակ կենսատու միջավայրն էր, որն էական եղավ քրիստոնեության տարածման և քրիստոնեական արվեստի վիթխարի կոթողների ստեղծման համար։

Բանախոսի և արվեստագետի համար, սակայն, «Բանաստեղծական Պոլիսը» հստակորեն առանձնանում է շոշափելի, նյութական Պոլիսից։ Դա մի տեսիլք է, հոգեվիճակ, որը նկարիչը ձերբազատել է ժամանակի ավերումներից։ Ներկայացնելով արվեստը որպես «դիվանագիտության» ուրույն դրսևորում՝ Լաճիկյանը շեշտեց, որ հենց պոլսահայ մշակութային էլիտայի շնորհիվ էր, որ հայկական ներկայությունն ու դիվանագիտությունը բարձրացան գիտական ու մշակութային մակարդակի։

«Պոլսի իսկական ոգին մտավորական, շնորհաշատ և ստեղծարար հայերն էին, ովքեր կայսերական կյանքի բոլոր բնագավառներում աչքի ընկան իրենց վիթխարի,  մնայուն գործունեությամբ»,— նշեց հեղինակը։

Նա բազմաթիվ օրինակներով ընդգծեց պոլսահայության էական դերը Թուրքիո տպագրության պատմության, թատրոնի, գրականության, լուսանկարչական արվեստի, բժշկության, գիտության ամենատարբեր բնագավառների մեջ։

Լևոն Լաճիկյանը հայտնի ու սիրված անուն է հատկապես քաղաքային բնանկարչության ոլորտում։ Շուրջ 20 անհատական ցուցահանդես է կազմակերպել Հայաստանում և արտերկրում։ Նա իր վրձնով ու գրչով անդրադարձել է թե՛ իր հարազատ ծննդավայր Գյումրուն, և թե՛ աշխարհի հայադրոշմ, հայակերտ շատ քաղաքների։ Միաժամանակ 10 արժեքավոր գրքերի հեղինակ է՝ տպագրված Երևանում, Նյու Յորքում և Ստամբուլում։ նրա գիտական հոդվածները լույս են տեսել հայագիտական նշանավոր հանդեսներում ու հանրագիտարաններում։ 

Ներկայացվող ցուցահանդեսում նկարչի սևեռուն ուշադրության կենտրոնում պատմական Պոլիսն էր, որին նվիրված 100-ից ավելի բացառիկ գծանկարները 2024 թվականին տեղ գտան Ստամբուլում լույս տեսած «Պոլիսը՝ հին եւ նոր» մեծարժեք պատկերագրքում։ Հայ արդի արվեստին և պատմամշակութային ժառանգության վավերագրմանը բերած զգալի նպաստի համար Լևոն Լաճիկյանը պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ոսկե մեդալներով։

Պոլսահայության ջերմ արձագանքը

Ցուցահանդեսի ինչպես բացման, այնպես էլ հաջորդող օրերին դահլիճը միշտ բազմամարդ էր։ Առաջին և սպասված այցելուների թվում էին պոլսահայ մշակույթի այսօրվա նշանավոր դեմքերը և նրանց թվում Ստամբուլից ժամանած հանրահայտ երգչուհի Սիպիլը (Sibil Pektorosoglu), «Մարմարա» օրաթերթի խմբագիր Նաիրա Սյուզմեն, Նյու Յորքից ժամանած պոլսահայ ճանաչված լուսանկարիչ Վարդան Էշէնեանը, ականավոր պոլսահայ բանաստեղծ Զարեհ Խրախունու դուստրը՝ Նորա Ճյումյուշյանը Փարիզից և այլն։

Պոլսահայ մամուլն իր առաջին էջերում լայնորեն արձագանքեց մշակութային այս նշանակալի իրադարձությանը՝ շեշտելով, որ Լաճիկյանի գծանկարները սոսկ պատկերներ չեն, այլ Պոլսի հայկականության վավերագրեր ու «ազգային հիշողությունը վերապրեցնող ճշմարիտ արվեստ»։ 

Լաճիկյանի կերտած «Բանաստեղծական Պոլիսը» Երևանի սրտում դարձավ հոգևոր հայրենիքի և մշակութային տոկունության տոնախմբություն՝ ապացուցելով, որ աշխարհագրական հեռավորությունն անզոր է, երբ խոսում է արվեստի վեհ դիվանագիտությունը։


The Armenian-Stamped Soul of Polis and Art Diplomacy in Yerevan: Levon Lachikyan’s “Poetic Polis”

Naira Gasparyan, PhD, Associate Professor, YSU

For NidOragir

The art of Levon Lachikyan—renowned esthete, art historian, and painter, and one of the prominent figures of contemporary Armenian intellectual and cultural life—has once again bridged the historical past and present, this time in the very heart of Mother Armenia.

From May 19 to 22, the grand opening of the artist's solo exhibition, titled "Polis through My Eyes," took place in the AGBU Armenia Hall (Yerevan, 2/2 Melik-Adamyan St.). The exhibition showcased both ancient and modern Polis and its rich Armenian heritage through the author's delicate and exceptional drawings and paintings. These works were a radiant reflection of the ancient quarters of Polis, its churches, the architectural genius of the Balyan family, and the magnificent, Armenian-built structures adorning the Bosphorus Strait.

This venue was not chosen by chance; the cooperation between Levon Lachikyan and the AGBU (Armenian General Benevolent Union) has deep, ideological roots. As is well-known, the AGBU, founded in 1906 in Cairo, carried out its first historic mission in Turkey by providing vital support to the survivors of the Hamidian massacres.

Polis: A Christian Tapestry of Art

The opening of the exhibition was accompanied by the author’s profound and meaningful lecture, "Polis and the Armenians," which transported visitors, as if by a spiritual time machine, to the historical roots of the Armenian presence in this imperial city. In his speech, Mr. Lachikyan skillfully wove together the history of Armenian art, emphasizing that as early as the reign of Emperor Constantine the Great, favorable conditions had been established for the flourishing of creative life.

Why was Polis chosen? Because all the architecture and other arts of that city served as a "tapestry" for one complete, magnificent image. Polis was precisely that unique, life-giving environment essential for the spread of Christianity and the creation of monumental masterpieces of Christian art.

For the speaker and artist, however, the "Poetic Polis" clearly stands apart from the tangible, physical Polis. It is a vision, a state of mind, which the painter has liberated from the ruins of time. Presenting art as a unique manifestation of "diplomacy," Lachikyan emphasized that it was precisely due to the Istanbul-Armenian cultural elite that the Armenian presence and diplomacy rose to a profound scientific and cultural level.

"The true soul of Polis consisted of the intellectual, gifted, and creative Armenians who stood out for their monumental and enduring contributions in all spheres of imperial life," the author noted.

With numerous examples, he highlighted the essential role of the Armenian community of Istanbul in the history of Turkish printing, theater, literature, the art of photography, medicine, and diverse scientific fields.

The Intent Gaze of a City-Praising Painter

Levon Lachikyan is a well-known and beloved name, particularly in the field of urban landscape painting. He has organized around 20 solo exhibitions in Armenia and abroad. With his brush and pen, he has captured both his native birthplace of Gyumri and many Armenian-stamped, Armenian-built cities around the world. Concurrently, he is the author of 10 valuable books published in Yerevan, New York, and Istanbul. His scientific articles have appeared in prominent Armenological journals and encyclopedias.

In this current exhibition, the artist’s intent focus was on historical Polis. More than 100 exceptional drawings dedicated to the city were featured in his highly valuable 2024 art album, “Polis: Old and New,” published in Istanbul. For his significant contribution to contemporary Armenian art and the documentation of historical-cultural heritage, Levon Lachikyan has been awarded the Gold Medals of the Ministry of Culture of the Republic of Armenia, the Gyumri Municipality, and Yerevan State University (YSU).

The Warm Resonance of the Istanbul-Armenian Community

Both on the opening night and the following days of the exhibition, the hall was consistently crowded. Among the first and highly anticipated visitors were prominent figures of contemporary Istanbul-Armenian culture, including the world-famous Istanbul-born singer Sibil (Sibil Pektorosoglu), the editor of the Marmara daily newspaper Naira Syuzme, the renowned Istanbul-Armenian photographer from New York Vardan Eşenli, and Nora Cümbüşyan from Paris, the daughter of the prominent Istanbul-Armenian poet Zareh Khrakhuni, among others.

The Istanbul-Armenian press widely covered this significant cultural event on its front pages, emphasizing that Lachikyan’s drawings are not merely images, but historical chronicles of Polis Armenian character and "true art that revives national memory."

The "Poetic Polis" crafted by Lachikyan became a celebration of spiritual homeland and cultural resilience in the heart of Yerevan, proving that geographical distance is powerless when the noble diplomacy of art speaks.


























Sunday, 24 May 2026

Ինչու՞ էր Ղարաբաղը կարևոր ոչ միայն ռազմավարական, այլև տնտեսական տեսանկյունից

 Արցախի ընդերքը և պատերազմի տնտեսական ստվերը


Փորձագետ Գեորգի Անտոնով-Միրզախանյան

Ինչու՞ էր Ղարաբաղը կարևոր ոչ միայն ռազմավարական, այլև տնտեսական տեսանկյունից

Տարիներ շարունակ Արցախի շուրջ հակամարտությունը ներկայացվել է որպես պատմական արդարության, ինքնորոշման իրավունքի և անվտանգության պայքար։ Սակայն տարածաշրջանային զարգացումների խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակամարտության հիմքում կարող էին լինել նաև լուրջ տնտեսական շահեր։ Հարուստ ընդերքը, ռազմավարական հանքավայրերը և դրանց նկատմամբ վերահսկողությունը վաղուց դարձել էին Հարավային Կովկասի մեծ քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը։

Այսօր, երբ պատերազմից անցել են տարիներ, ավելի ակնհայտ է դառնում, որ Արցախը միայն աշխարհաքաղաքական տարածք չէր։ Այն նաև տնտեսական մեծ ներուժ ունեցող տարածաշրջան էր, որի բնական պաշարները կարող էին փոխել ուժերի հավասարակշռությունը ողջ տարածաշրջանում։

Ոսկու և պղնձի համար պայքա՞ր

Հանքարդյունաբերության ոլորտի մասնագետները բազմիցս նշել են, որ Արցախն առանձնանում էր օգտակար հանածոների հարուստ պաշարներով։ Տարածքում առկա էին ոսկու, պղնձի, մոլիբդենի, ցինկի և այլ մետաղների խոշոր հանքավայրեր, որոնցից մի քանիսը տարածաշրջանային նշանակության էին համարվում։

Փորձագետ Գեորգի Անտոնով-Միրզախանյանի գնահատմամբ՝ 2020 թվականի պատերազմը միայն տարածքային վերահսկողության համար չէր։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների խորքային նպատակներից մեկը հենց Արցախի ընդերքի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր։

Նա նշում է, որ պատերազմից հետո Ադրբեջանի պետական հաշվեկշռում գրանցվել են հսկայական տնտեսական արժեք ներկայացնող ռեսուրսներ, որոնց գնահատականները հասնում են տրիլիոնների։ Թեև այս թվերը պաշտոնապես ամբողջությամբ չեն հաստատվել միջազգային կառույցների կողմից, այնուամենայնիվ, մասնագետների շրջանում վաղուց գոյություն ունի համոզմունք, որ Արցախի բնական պաշարները տարածաշրջանի ամենաթանկ ակտիվներից էին։

Պատերազմից առաջ կնքված պայմանագրերը

Հատկանշական է մեկ այլ հանգամանք ևս։ Դեռևս 2020 թվականի փետրվարին՝ պատերազմից ամիսներ առաջ, Ադրբեջանի իշխանությունները միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան ընկերությունների հետ քննարկում էին Արցախի տարածքում հանքավայրերի շահագործման ծրագրեր։

Քաղաքական վերլուծաբանների մի մասը սա պատահական չի համարում։ Նրանց կարծիքով՝ տնտեսական ծրագրերի նախապատրաստումը դեռ պատերազմից առաջ կարող է վկայել, որ տարածաշրջանի վերահսկողության հարցը դիտարկվում էր ոչ միայն ռազմական, այլև տնտեսական հաշվարկների շրջանակում։

Հատկապես մեծ հետաքրքրություն էին ներկայացնում ոսկու և պղնձի հանքավայրերը, որոնց շուկայական արժեքը վերջին տարիներին զգալիորեն աճել էր համաշխարհային շուկայում։

Ո՞ւմ էին պատկանում Արցախի հանքերը

Տասնամյակներ շարունակ Արցախի հանքավայրերի շահագործումը եղել է բարդ և հաճախ փակ գործընթաց։ Տարբեր ժամանակներում ոլորտում ներգրավված են եղել հիմնականում արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական կապիտալ ունեցող ընկերություններ։

Հայ փորձագետների մի մասը տարիներ շարունակ բարձրաձայնում էր, որ բնական պաշարներից ստացվող եկամուտների զգալի մասը չի մնում հայկական պետական համակարգում։ Ըստ նրանց՝ անհրաժեշտ էր, որպեսզի ռազմավարական հանքավայրերի շահագործման մեջ պետությունն ունենար վերահսկիչ մասնակցություն և ստանար եկամուտների ավելի մեծ բաժին։

Սակայն այդ առաջարկները հիմնականում մնացին չիրականացված։ Արդյունքում՝ Արցախի բյուջեն հիմնականում ստանում էր սահմանափակ ռոյալթի վճարներ, մինչդեռ հիմնական շահույթը կենտրոնանում էր մասնավոր կառույցների ձեռքում։

Տնտեսական պատերազմների դարաշրջանը

21-րդ դարում պատերազմները  պայմանավորված են ոչ միայն սահմաններով, այլև տնտեսական ռեսուրսներով։ Նավթը, գազը, հազվագյուտ մետաղները և ջրային պաշարները դարձել են գլոբալ քաղաքականության կարևորագույն գործոններից մեկը։

Աշխարհում բազմաթիվ հակամարտություններ ունեն տնտեսական ենթատեքստ․

  • Մերձավոր Արևելքում նավթային վերահսկողության համար պայքարը,
  • Աֆրիկայում հանքային ռեսուրսների շուրջ պատերազմները,
  • էներգետիկ միջանցքների վերահսկողության համար աշխարհաքաղաքական մրցակցությունը։

Այս համատեքստում Արցախի շուրջ զարգացումները ևս շատ փորձագետներ դիտարկում են որպես ռեսուրսային հակամարտության տարրեր ունեցող պատերազմ։

Բնական պաշարները՝ ուժ և վտանգ

Բնական պաշարները ցանկացած պետության համար կարող են դառնալ տնտեսական զարգացման հզոր աղբյուր։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ հարուստ ընդերքը հաճախ նաև մեծացնում է արտաքին ճնշումների և հակամարտությունների հավանականությունը։

Արցախի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ռազմավարական նշանակության ռեսուրսները միայն տնտեսական հարց չեն։ Դրանք վերածվում են քաղաքական ազդեցության, անվտանգության և միջազգային շահերի բախման կենտրոնի։

Այսօր արդեն ակնհայտ է՝ ժամանակակից աշխարհում պատերազմները հաճախ սկսվում են ոչ միայն քարտեզների, այլև ընդերքի համար։ Եվ որքան մեծ է որևէ տարածքի տնտեսական արժեքը, այնքան ավելի կոշտ է դառնում դրա նկատմամբ վերահսկողության պայքարը։

Չպատասխանված հարցերը

Արցախի թեմայի շուրջ դեռ բազմաթիվ հարցեր մնում են բաց․

  • Որքա՞ն էին իրականում տարածաշրջանի հանքային պաշարները,
  • Ինչպիսի՞ տնտեսական ծրագրեր կային պատերազմի նախօրեին,
  • Ինչու՞ հայկական կողմը տարիներ շարունակ ամբողջությամբ չօգտվեց այդ ռազմավարական ներուժից,
  • և վերջապես՝ արդյո՞ք հնարավոր էր տնտեսական գործոնը ժամանակին վերածել ազգային անվտանգության բաղադրիչի։

Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն անցյալը հասկանալու, այլև ապագայի համար հետևություններ անելու տեսանկյունից։ Որովհետև 21-րդ դարի աշխարհում տնտեսությունը վաղուց դարձել է նույնքան կարևոր, որքան բանակն ու դիվանագիտությունը։

Hay Azian

Saturday, 23 May 2026

Մարդ, որ չի սիրում խոսել իր մասին. քանդակագործ Էդուարդ Բրոն Հարությունյան

Այսօր քանդակագործ Էդուարդ Բրոն Հարությունյանի ծննդյան օրն է

23.05.2026/Նիդ.օրագիր/Hay Azian

Կան արվեստագետներ, որոնք մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են՝ հարցազրույցներ են տալիս, պատմում իրենց կյանքի մասին, բացատրում յուրաքանչյուր ստեղծագործության գաղափարը։ Իսկ կան մարդիկ, որոնք նախընտրում են լռել ու խոսել միայն իրենց գործերով։ Այդ մարդկանցից է քանդակագործ Eduard Bron Harutunyan-ը, մեր լավ ընկերն ու բարեկամը։

Նիդերլանդների խաղաղ քաղաքներում, որտեղ քամիները պատմում են ծովի ու հողմաղացների հնագույն երգը մի կաթիլ միախառնվել են Հարությունյանի կերտած գործերին։ Էդուարդ Բրոն Հարությունյանը՝ արվեստագետ, որը հայ ավանդական խորհրդանիշները տեղափոխել է արևմտաեվրոպական միջավայր՝ տալով նոր կենսունակություն ու աուրա, Հայ մշակույթի արմատները սերմանել եվրոպական հողին: 

Էդուարդ Հարությունյանը ծնվել և կրթվել է Հայաստանում՝ ձեռք բերելով դասական քանդակագործի հմտություններ։ Արվեստի հանդեպ հետաքրքրությունը վաղ տարիքից է ձևավորվել․ նրա աշխատանքներում զգացվում է ոչ միայն նյութի՝ քարի և բրոնզի լեզվի հանդեպ խոր հարգանքը, այլև հայկական հոգևոր ավանդույթների շարունակությունը։

Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո նա շարունակել է ստեղծագործել՝ իր արվեստով կամրջելով երկու մշակույթներ։

Նիդերլանդներում բնակվող հայ քանդակագործը տարիներ շարունակ ստեղծագործում է քարի ու բրոնզի լեզվով՝ հեռու աղմկոտ հանրայնությունից։ Նրա մասին շատերը գիտեն ոչ թե կենսագրական պատմություններից, այլ այն աշխատանքներից, որոնք արդեն դարձել են հիշողության, հավատքի և հայկական ներկայության խորհրդանիշներ եվրոպական քաղաքներում։ Նրա ստեղծագործություններից մի քանիսը տեղադրված են Նիդերլանդների տարբեր հատվածներում, այդ թվում՝ Կապելլե քաղաքում, որտեղ նրա արվեստը հանդիպում է հոլանդական լանդշաֆտին։

Էդուարդ Բրոն Հարությունյանը պատկանում է այն արվեստագետների շարքին, որոնց համար քարը պարզապես նյութ չէ։ Նրա աշխատանքներում քարն ունի հիշողություն, իսկ բրոնզը՝ ժամանակի ձայն։ Հաճախ նրա ստեղծագործություններում կարելի է տեսնել հայկական մշակութային խորհրդանիշների ու եվրոպական ժամանակակից ձևերի համադրություն։ Այդ միաձուլումը նրա արվեստին տալիս է յուրահատուկ ինքնություն։

 Նրա քանդակները հաճախ համատեղում են հայկական խաչքարի բարդ հորինվածքները և եվրոպական մինիմալիստական ձևերը։

Այս մոտեցումը նրան առանձնացնում է ժամանակակից հայ քանդակագործների աշխատանքներից։

Նիդերլանդահայ համայնքում նրա անունը հաճախ կապվում է խաչքարերի ու հոգևոր նշանակություն ունեցող քանդակների հետ։ Ամստերդամում տեղադրված հայկական խաչքարը, որի ստեղծման մեջ նա մասնակցություն է ունեցել, դարձավ ոչ միայն հիշատակի վայր, այլ նաև մշակութային ներկայության նշան։

Էդուարդ Բրոն Հարությունյանը ոչ միայն արվեստագետ է, այլև մշակութային դեսպան։ Նրա աշխատանքները մշտապես ներկայացվել են համայնքային նախաձեռնությունների, եկեղեցական միջոցառումների ու բարեգործական ցուցադրությունների շրջանակում։ Հայ համայնքի համար նա դարձել է կենդանի օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է պահպանել արմատները՝ միաժամանակ ինտեգրվելով նոր միջավայրին։

Նրա մասին շատ են գրել ու խոսել նիդերլանդական լրատվականները:

Սակայն, որքան էլ խոսեն նրա գործերը, ինքը՝ արվեստագետը, մնում է համեստ ու զուսպ մարդ։ Նրան ճանաչողները հաճախ ասում են՝ նա չի սիրում խոսել իր մասին։ Երևի հենց այդ պատճառով նրա ստեղծագործությունները երբեմն ավելի շատ են պատմում, քան ցանկացած հարցազրույց։

Քանդակագործի արվեստում առանձնահատուկ տեղ ունեն լռությունն ու ներքին խաղաղությունը։ Նրա գործերին նայելիս թվում է՝ դրանք ոչ թե պարզապես քանդակներ են, այլ ամբողջական մտքեր, երբեմն՝ աղոթքներ։ «Արվեստը աղոթք է: Քարը խոսում է, եթե նրան լսես», - այս արտահայտությունը, որ հաճախ է հնչում Հարությունյանի խոսքերում, կարծես արտացոլում է նրա ստեղծագործական փիլիսոփայությունը։ Նրա յուրաքանչյուր գործ  փոքրիկ աղոթք է՝ փորագրված նյութի մեջ` ուղղված մարդկանց։

Էդուարդ Բրոն Հարությունյանի արվեստը հիշեցնում է, որ հայ մշակույթը չի սահմանափակվում աշխարհագրությամբ։ Այն ապրում է այնտեղ, որտեղ կա հիշողություն, հավատ։

Այսօր, նրա ծննդյան օրը, կարելի է պարզապես շնորհակալություն հայտնել մի արվեստագետի, որը հայկական մշակույթի մի մասն իր հետ բերեց Եվրոպա և այն վերածեց քարե ու բրոնզե ներկայության։

Ծնունդդ շնորհավոր, Վարպետ։























Friday, 22 May 2026

Ռուսական ապատեղեկատվական արշավը Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների շուրջ

 ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ

22.052026/Նիդ.օրագիր/ Գր. Հովսեփյան

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը դարձել է ռուսական տեղեկատվական ազդեցության  ես կասեի ամենաակտիվ թիրախներից մեկը։ Միջազգային հետազոտական կենտրոնները, եվրոպական կառույցները և մեդիա մոնիթորինգի կազմակերպությունները վերջին ամիսներին արձանագրում են համակարգված ապատեղեկատվական արշավ, որի հիմնական նպատակը Հայաստանի ներքաղաքական դաշտի ապակայունացումն ու հանրային վստահության քայքայումն է։ 

Ընտրությունները այս պայմաններում վերածվել են ոչ միայն քաղաքական մրցակցության, այլ նաև աշխարհաքաղաքական բախման հարթակի։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները փորձում են խորացնել հարաբերությունները Եվրոպական միության և Արևմուտքի հետ, մյուս կողմից՝ Կրեմլը ձգտում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ օգտագործելով տեղեկատվական պատերազմը որպես հիմնական գործիք։ 

Ապատեղեկատվության նոր ճարտարապետությունը

Վերջին տարիներին ռուսական տեղեկատվական գործողությունները զգալիորեն փոխվել են։ Եթե նախկինում քարոզչությունը հիմնականում իրականացվում էր պետական հեռուստաալիքների կամ պաշտոնական մեդիայի միջոցով, ապա այժմ կիրառվում են ավելի բարդ և դժվար հայտնաբերվող մեխանիզմներ՝

Telegram-ի անանուն ցանցեր,

Facebook/X համակարգված էջեր,

TikTok-ի վիրուսային կարճ տեսանյութեր,

AI-ով ստեղծված deepfake բովանդակություն,

և կեղծ լրատվական կայքեր, որոնք նմանակում են վստահելի մեդիա հարթակներին։ 

Հետազոտողները նշում են, որ Հայաստանում արձանագրված տեղեկատվական արշավները կառուցվածքով նման են Մոլդովայում, Վրաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում նախկինում կիրառված ռուսական ազդեցության մեթոդներին։ 

Եվրոպական մեդիա մոնիթորինգի տվյալներով՝ Հայաստանի դեմ իրականացվող գործողությունները «վերջին տարիների ամենածավալուններից» են։ 

Գլխավոր նարատիվները

Ռուսական և ռուսամետ տեղեկատվական ցանցերը Հայաստանում տարածում են մի քանի առանցքային թեզեր, որոնք կառուցված են վախի, անվստահության և բևեռացման վրա։

«Արևմուտքը Հայաստանը տանում է պատերազմի»

Այս նարատիվը ներկայացնում է Հայաստանի եվրոպական ինտեգրացիան որպես ուղղակի սպառնալիք ազգային անվտանգությանը։ Հանրությանը համոզում են, թե ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի Ռուսաստանի հետ կամ Հայաստանի ներքաշմանը գլոբալ հակամարտությունների մեջ։ 

Տարածվում են պնդումներ, թե արևմտյան կառույցները վերահսկում են Հայաստանի քաղաքական որոշումները, ընտրությունները և խաղաղության գործընթացը։ Այս թեզի նպատակը պետական ինստիտուտների նկատմամբ անվստահության խորացումն է։

«300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում»

Վերջին ամիսների ամենաագրեսիվ տեղեկատվական նարատիվներից մեկը վերաբերում է «300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխելու ծրագրին»։ Թեման լայնորեն շրջանառվում է ռուսամետ մեդիայի, Telegram ալիքների և որոշ քաղաքական շրջանակների կողմից՝ առանց փաստական ապացույցների կամ պետական հաստատումների։

Այս քարոզչական մեխանիզմը կառուցված է ժողովրդագրական վախի վրա․ մեծ թիվ → հուզական արձագանք → հանրային խուճապ → քաղաքական բևեռացում։

Փաստերի ստուգմամբ զբաղվող հայկական հարթակները բազմիցս նշել են, որ նման ծրագրի գոյությունը չի հաստատվել որևէ պաշտոնական աղբյուրով։ 

Ինչու է Հայաստանը դարձել առաջնային թիրախ

Ռուսաստանի համար Հայաստանը միայն դաշնակից պետություն չէ։ Այն Հարավային Կովկասում ռազմավարական հենակետ է՝ ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցության տեսանկյունից։

Սակայն վերջին տարիներին Երևանը սկսել է աստիճանաբար վերանայել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հատկապես 2023 թվականի Արցախյան իրադարձություններից հետո, երբ հայկական հասարակության զգալի հատվածում ձևավորվեց համոզմունք, որ Ռուսաստանը չի ապահովել Հայաստանի անվտանգությունը։ 

Այս ֆոնին Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը Եվրոպական միության հետ, քննարկվում են տնտեսական, էներգետիկ և նույնիսկ վիզային ազատականացման ծրագրեր։ 

Հենց այս աշխարհաքաղաքական վերադասավորումն է, ըստ փորձագետների, դարձել ռուսական տեղեկատվական հարձակումների հիմնական պատճառը։

Տեղական ռուսամետ ցանցերի դերը

Ռուսական ազդեցությունը Հայաստանում գործում է ոչ միայն արտաքին աղբյուրների միջոցով, այլ նաև տեղական մեդիա և քաղաքական ենթակառուցվածքների օգնությամբ։

Տեղական ռուսամետ կայքերը, քաղաքական մեկնաբանները և որոշ ընդդիմադիր շրջանակներ հաճախ վերարտադրում են նույն նարատիվները, որոնք ավելի վաղ հայտնվում են ռուսական մեդիա դաշտում։ Այդ մեխանիզմը ստեղծում է «ներքին օրակարգի» պատրանք, մինչդեռ տեղեկատվական ուղերձների աղբյուրը հաճախ արտաքին է։

Միաժամանակ ակտիվացել են նաև քաղաքական ուժերը, որոնք բացահայտորեն պաշտպանում են Ռուսաստանի հետ սերտ ինտեգրացիան և քննադատում Հայաստանի արևմտյան ուղղությունը։ 

Եվրոպայի արձագանքը

Եվրոպական միությունը վերջին ամիսներին սկսել է ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Բրյուսելը հայտարարել է հատուկ թիմերի ստեղծման մասին, որոնք պետք է աջակցեն Հայաստանին՝ հակազդելու կիբերհարձակումներին, արտաքին միջամտությանը և ապատեղեկատվությանը։ 

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Kaja Kallas-ը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է «իրենց ապագան ընտրեն առանց արտաքին միջամտության»։ 

Այս հայտարարությունները փաստում են, որ Հայաստանի ընտրությունները միջազգային մակարդակում արդեն դիտարկվում են ոչ միայն ներքին քաղաքական գործընթաց, այլ նաև ժողովրդավարական դիմակայության փորձություն ռուսական ազդեցության դեմ։

Տեղեկատվական պատերազմի իրական նպատակը

Փորձագետների կարծիքով՝ նման արշավների նպատակը միշտ չէ, որ կոնկրետ թեկնածուի հաղթանակն է։ Ավելի կարևոր է հասարակության ներսում մշտական անվստահության և քաոսի մթնոլորտ ստեղծելը։

Երբ մարդիկ սկսում են կասկածել․

ընտրությունների արդարությանը,

պետական ինստիտուտներին,

մեդիային,

դիվանագիտական գործընթացներին,

նույնիսկ փաստերի գոյությանը,

տեղեկատվական պատերազմը արդեն հասել է իր նպատակին։

Հայաստանը այսօր կանգնած է ոչ միայն քաղաքական ընտրության, այլ նաև տեղեկատվական ինքնիշխանության պաշտպանության խնդրի առաջ։ Եվ որքան ավելի բևեռացված է դառնում հանրային դաշտը, այնքան ավելի արդյունավետ են աշխատում արտաքին ազդեցության մեխանիզմները։ Հայ մարդը դա պետք է գիտակցի և չտրվի ռուսական շահերին,  որը Թուրքիայի հետ իրականացրեց  44 օրյա պատերազմի օրակարգը։

Wednesday, 20 May 2026

Ամատունիներից` Պապիկս


 Նիդ.օրագիրը նախագիծ է վարում` նվիրված Ամատունիների ազնվական տոհմին։ Նախագիծը նամակ է ստացել ԵԼԵՆ ԱՄԱՏՈւՆՈւՑ։ Նա գրում է` Ամատունիներից Պապիկս… 🖤🧬 

Հայաստանի ջրամբարների հիմքը....

Մարտուն Ամատունին ծնվել է 1929թ. հոկտեմբերի 10-ին Աշտարակի շրջանի Օշական գյուղում: 1948թ.ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորատիվ ֆակուլտետը, որն ավարտել է 1953թ.:

  1954 թվից Մ. Ամատունին աշխատել է Հայաստանի Հանրապետության մելիորացիայի և ջրային տնտեսության նախարարության «Հայպետջրնախագիծ» ինստիտուտում, որտեղ կատարել է նախագծող-ինժեների , գլխավոր մասնագետի,  բաժնի պետի տեղակալի պարտականություններ, իսկ 1965-89թթ մեխանիկական ոռոգման բաժնում վարում էր  նախագծի գլխավոր ինժեների պաշտոնը:

 ✨Աշխատանքային  գործունեության առաջին տարիներին նա մասնակցել է Արտաշատի ջրանցքի երեսպատման, Նոյեմբերյանի շրջանի Զեյթունի տնտեսության հողերի ոռոգման պոմպակայանի, հանրապետության հեռանկարային ոռոգման սխեմայի նախագծի կազմման, իսկ այնուհետև՝ հանրապետությունում նոր սկսված բարձր լեռնային շրջանների՝ Արագածի և Գեղամա լեռների արոտավայրերի ջրարբիացման համակարգերի նախագծման աշխատանքներին:

 💧Մ.Ամատունին ղեկավարել է Ապարանի, Մանթաշի, Վարդաքարի ջրամբարների նախագծման աշխատանքները, միաժամանակ մինչև շինարարության ավարտը կատարելով հեղինակային վերահսկողության պարտականությունները: Նրա ղեկավարությամբ են կազմվել Ազատի ջրամբարի տեխնիկական նապագծի և աշխատանքային գծագրերի կազմման առաջին փուլի նախագծման աշխատանքները:

 💧Մ. Ամատունին է հանդիսանում Գուգարքի շրջանում Վահագնիի, Սիսիանում յոթ պոմպակայանների, Կապսի և Հոկտեմբերյանի ջրամբարների պոմպակայանների համակարգի նախագծային աշխատանքների հեղինակը:

 Նա է Մյասնիկյանի ջրամբարի տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի գլխավոր ինժեները:

 🇨🇺1975-77թթ. Մ. Ամատունին գտնվել է աշխատանքային գործուղման մեջ՝ Կուբայի Հանրապետությունում, որտեղ նրա կողմից իրականացվել են երեք ոռոգիչ համակարգերի տեխնիկատնտեսական  հիմնավորման և աշխատանքային գծագրերի կազմման աշխատանքները 84465 հեկտար հողատարածությունների համար: Նա մասնակցություն է ունեցել տեղական պայմաններում կիրառելի ոռոգման և չորացման ցանցի նախագծման համար հրահանգի կազմման աշխատանքներին:

 🎖️Մ. Ամատունին բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերի և պարգևատրվել երկու մեդալով, ինչպես նաև ընթացիկ ճշգրիտ աշխատանքների և ժամկետից շուտ հանձնված աշխատանքների  համար բազմաթիվ շնորհակալագրերի:

 Նա մահացել է Երևանում 1989թ. մայիսի 16-ին

Monday, 18 May 2026

Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են մասնակցել ընտրություններին

Բրյուսելից գրառում 


18.05.2026/ Նիդ օրագիր/Լիանա Բալյան

Նիդերլանդներում և Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայերի համար յուրաքանչյուր ընտրությունից առաջ կրկին արդիական է դառնում նույն հարցը՝ արդյո՞ք արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները կարող են մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ առանց Հայաստան մեկնելու։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել փաստաբան Լիանա Բալյանը, (Liana Balyan )   ով մեր հարթակում հաճախ է հանդես գալիս իրավական և հանրային կարևոր հարցերի մեկնաբանություններով։

Ըստ գործող օրենսդրության՝ եթե դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք և մշտապես կամ ժամանակավորապես բնակվում եք արտերկրում, ապա ներկայումս չեք կարող մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին դեսպանատներում կամ արտերկրում գործող ընտրատեղամասերում։

Հայաստանում ընտրական գործընթացը հիմնականում կազմակերպվում է միայն ՀՀ տարածքում, ինչը նշանակում է, որ ընտրությանը մասնակցելու համար քաղաքացին պետք է անձամբ գտնվի Հայաստանում և քվեարկի համապատասխան ընտրատեղամասում։

Օրենքով նախատեսված են միայն որոշ բացառություններ։ Հատուկ կարգով քվեարկելու իրավունք ունեն՝

դիվանագիտական ծառայողները,

արտերկրում ծառայություն իրականացնող զինվորականները,

որոշ պետական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները։

Այս խմբերի համար գործում է առանձնացված ընթացակարգ։

Մյուս բոլոր դեպքերում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները, անկախ բնակության երկրից, ընտրությանը մասնակցելու համար պետք է մեկնեն Հայաստան։

Իրավական հիմքը՝

ՀՀ Ընտրական օրենսգիրք (ընդունվել է 2011 թվականին, ուժի մեջ է մտել 2012-ից՝ հետագա փոփոխություններով)։


Մաստրիխտում ամեն տարի մայիսին մեծ հանդիսավորությամբ նշվում է քաղաքի հովանավոր հայազգի սրբի՝ Saint Servatius-ի հիշատակը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ

Մաստրիխտում (Maastricht) ամեն տարի մայիսին մեծ հանդիսավորությամբ նշվում է քաղաքի հովանավոր հայազգի սրբի՝ Saint Servatius-ի հիշատակը։ Այս օրերին տեղի են ունենում պատարագներ, ուխտագնացություններ և հանդիսավոր քայլերթեր, որոնք դարավոր ավանդույթ ունեն և կարևոր տեղ են զբաղեցնում Նիդերլանդների կաթոլիկ հոգևոր կյանքում։

Այս տարվա՝ 2026 թվականի մայիսի 17-ին, Սուրբ Սերվատիուսի տաճարում՝ Basilica of Saint Servatius, առավոտյան ժամը 10:30-ին սկսվել է հանդիսավոր պատարագը, որն ավարտվել է մոտավորապես 11:30-ին։ Այնուհետև սկսվել է ավանդական քաղաքային քայլերթը (Stadsprocessie), որի ընթացքում սրբի մասունքները՝ պահված միջնադարյան ոսկեզօծ մասունքատուփում («Noodkist»), դուրս են բերվել տաճարից և հանդիսավոր երթով տարվել քաղաքի միջով դեպի Basilica of Our Lady

Քայլերթը տևել է մոտ մեկ ժամ և անցել է Մաստրիխտի պատմական կենտրոնով։ Սրբի մասունքները հավատացյալները կրում են ուսերի վրա՝ ի նշան հարգանքի և նվիրումի։ Ըստ տեղական ավանդության՝ այս մասունքատուփը դարեր շարունակ քաղաքով անցկացվել է պատերազմի, ժանտախտի կամ այլ փորձությունների ժամանակ՝ աղոթելով քաղաքի պաշտպանության համար։

https://youtu.be/SavWlOnA2vw

Մարիամ Աստվածածնի տաճարում կատարվում է կարճ աղոթք և օրհնության արարողություն, որից հետո սրբի մասունքները որոշ ժամանակ մնում են այնտեղ, ապա մի քանի օր անց կրկին վերադարձվում են Սուրբ Սերվատիուսի տաճար։

Հատկանշական է, որ այս արարողակարգին արդեն շուրջ 28 տարի մասնակցում է նաև Մաստրիխտի հայկական համայնքը և Armenian Church of Surp Karapet եկեղեցին։ Տեղի հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսի խոսքով՝ հայ համայնքի անդամները մասնակցում են սրբի մասունքների տեղափոխությանը՝ ուսերի վրա կրելով այն մոտ 2.5 կմ ճանապարհի ընթացքում։ Սա դարձել է հայ համայնքի և Մաստրիխտի կաթոլիկ համայնքի բարեկամության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ։

Սուրբ Սերվատիուսը համարվում է Մաստրիխտի առաջին եպիսկոպոսը։ Ավանդության համաձայն՝ նա ծնվել է Հայաստանում կամ Հայաստանի հետ կապված տարածաշրջանում և 4-րդ դարում քրիստոնեությունը տարածել է ներկայիս Նիդերլանդների ու Բելգիայի տարածքներում։ Նրա գերեզմանը գտնվում է Սուրբ Սերվատիուսի տաճարի ներքնահարկում, որն այսօր էլ կարևոր ուխտատեղի է հազարավոր հավատացյալների համար։ Հիշատակի միջոցառումներին մասնակցում են նաև Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու դպիրները՝ իրենց ներկայությամբ արժևորելով հայ համայնքի հոգևոր կապը Սուրբ Սերվատիուսի ժառանգության հետ:

Այս տարի մի հետաքրքիր բացահայտում էլ արեցինք: Իտալական Անկոնա քաղաքի սուրբը , որի անունը Կիրակոս է, նույնպես եկել է արևելքից և հավանաբար հայ է: Ցավոք Անկոնայում հայեր գրեթե չեն ապրում: Նրա ու Անկոնա քաղաքի մասին ֆեյսբուքյան էջում ռեպորտաժ ենք  պատրաստել